Սիրիայի խորհրդարանական ընտրությունները և հայ համայնքը
6 ր. | 2020-07-24Ընտրությունների ընդհանուր արդյունքները
Թ ագավարակի պատճառով երկու անգամ հետաձգվելուց հետո 2020թ. հուլիսի 19-ին Սիրիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք երրորդն էին սիրիական ճգնաժամից ի վեր (2011թ.)։ Քվեարկությունն անցկացվեց ոչ ամբողջ երկրի տարածքում, այլ միայն այն մասում, որը գտնվում է սիրիական իշխանությունների վերահսկողության տակ՝ երկրի մոտ 70%-ը[1]։ Մասնակցության աստիճանն այս ընտրություններում եղել է բավական ցածր՝ 33%։ Նախորդ՝ 2016թ. խորհրդարանական ընտրություններում այն 57% էր։ Իշխող քաղաքական ուժը՝ Բաաս կուսակցությունը, այս ընտրություններին մասնակցում էր դաշինքով, որը կոչվում էր Ազգային միասնություն։
Արմատական կամ հակահամակարգային քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին արգելված էր։ Նկատի ունենալով, որ արևմտյան մամուլն այդ ուժերին անվանում է «վտարանդի ընդդիմութուն», կարելի է ասել, որ վերջիններիս գործունեությունն առհասարակ արգելված է Սիրիայում։ Այդ ուժերը սույն ընտրություններն անվանեցին «զավեշտախաղ» («ֆարս»)[2]։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը տիկնոջ՝ Ասմա Ասադի հետ մասնակցում է քվերակությանը
Ընտրություններն անցկացվեցին երկարատև պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետևանքով ստեղծված բարդ ընկերային-տնտեսական պայմաններում՝ քայքայված արդյունաբերություն, ավերված ենթակառուցվածքներ, արժեզրկված դրամ, պարենային ճգնաժամ[3] և այլն։ Չնայած բարդ իրավիճակին, ընտրությունները մրցակցային էին. 250 խորհրդարանական աթոռների համար պայքարում էր 1658 թեկնածու։
Հուլիսի 21-ին հայտարարված պաշտոնական տվյալներով՝ իշխանական դաշինքը ստացել է 250 խորհրդարանական մանդատներից 177-ը։ Թեև այս ցուցանիշը 23-ով պակաս է նախորդ ընտրություններում գրանցված արդյունքներից, այնուամենայնիվ, նախագահ Բաշար ալ Ասադի քաղաքական ուժը կպահպանի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում։
Միջազգային արձագանքը
Մ իջազգային դերակատարներից առավել կարևոր է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի վերաբերմունքն այս ընտրություններին՝ որպես սիրիական ճգնաժամում առավելագույնս ներգրավված երկրներ։
Պաշտոնական Վաշինգտոնը՝ ի դեմս Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի, խիստ քննադատական կեցվածք է որդեգրել սիրիական խորհրդարանական ընտրությունների նկատմամբ՝ դրանք համարելով ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար[4]։
Ի տարբերություն Վաշինգտոնի՝ պաշտոնական Մոսկվան դրական է վերաբերվում սիրիական խորհրդարանական ընտրություններին՝ դրանք դիտարկելով երկրի պետականության պահպանման, կայունության և կառավարելիության տեսանկյունից։ Նախքան քվերարկությունը՝ հուլիսի 16-ին, արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր. «Կարևոր ենք համարում, որ ՍԱՀ-ում[5] բնականոն կերպով գործառնեն բոլոր իշխանական կառույցները՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր։ Դա կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը, տեղի չունենա, օրինակ, լիբիական սցենարը»[6]։ Այս տեսակետից, ըստ Զախարովայի, Մոսկվայի համար կարևոր է ընտրությունների անցկացումը գործող սահմանադրությանը համաձայն։
Ռուսատանի դիրքորոշմանը համահունչ մոտեցում ունի նաև պաշտոնական Թեհրանը։ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, ընդգծելով, որ խորհրդարանական ընտրություններն անցել են բարդ պայմաններում, երբ սիրիացի ժողովուրդը մեծ տառապանք է կրել ահաբեկչական խմբավորումների գործողությունների, բախումների ու ավերածությունների, օտարերկրյա ուժերի ներկայության և միակողմանի պատժամիջոցների պատճառով, միաժամանակ հույս է հայտնել, որ դրանք դրական քայլ կլինեն երկրի խաղաղության, կայունության, ներսիրիական երկխոսության և ժողովրդի տառապանքների մեղմացման ուղղությամբ[7]։
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը քննադատել է ընտրությունները՝ կասկածի տակ դնելով դրանց օրինականությունը, ժողովրդավարությունը և մրցակցայնությունը։ «Այդ ի՞նչ ընտրություն է։ Ո՞ւր են այն երկրները, որոնք շարունակաբար արտասանում են ժողովրդավարություն բառը, ո՞ւր է ՄԱԿ-ը։ Այժմ նրանք որևէ բառ ասո՞ւմ են և հարց տալի՞ս են՝ ինչ է կատարվում Սիրիայում։ Քաղաքացիներն ընտրության հնարավորություն չունեն, նրանք ստիպված են գնալ և քվերակել մեկ մարդու համար։ Այժմ նրանք կհռչակեն այսպես կոչված` հաղթանակ և կտոնեն այն»[8]։
Մի կողմ թողնենք ընտրությունների մրցակցայնության վերաբերյալ Էրդողանի կողմնակալ վերաբերմունքը, որը ժխտվում է թեկուզ նրանով, որ թեկնածուները 6-7 անգամ ավելի շատ էին, քան պատգամավորական տեղերը, ասել է թե՝ մեկ պատգամավորական մանդատի համար պայքարում էր 6-7 թեկնածու։ Մի կողմ թողնենք նաև այն հարցը, թե արդյո՞ք Ռ. Էրդողանը որևէ, այդ թվում՝ բարոյական իրավունք ունի ժողովրդավարության և օրինականության դասեր տալ որևէ պետության։
Ուշագրավն այն է, որ սիրիական ընտրությունները քննադատում է մի երկրի նախագահ, որը Ռուսատանի և Իրանի հետ սիրիական հակամարտության կարգավորմանը միտված Աստանայի գործընթացի երաշխավոր է և այդ կարգավիճակից ելնելով՝ առերևույթ համագործակցում է կամ նվազագույնը՝ պարտավոր է համագործակցել Սիրիայի ներկա իշխանությունների հետ։
Առհասարակ՝ սիրական խնդրում ռուս-թուրքական հակասությունները մեկ անգամ չէ, որ բացահայտորեն դրսևորվել են։ Վերջին ամենավառ դրսևորումը իդլիբյան սրացումն էր այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Սիրիական ընտրությունների առնչությամբ պաշտոնական Մոսկվայի և Անկարայի իրարամերժ դիրքորոշումները ևս մեկ ապացույց են սիրիական խնդրում և ընդհանրապես՝ մերձավորարևելյան տարածաշրջանային հարցերում ռուս-թուրքական խորքային հակասությունների, ինչը կասկածի տակ է դնում Աստանայի ձևաչափում Թուրքիայի կառուցողական դերակատարությունը։
Հայ համայնքի մասնակցությունը
Ա յս ընտրություններին մասնակցեց նաև հայ համայնքը։ Վերջինիս համար ընտրությունների բացառիկությունն այն էր, որ առաջին անգամ սիրիական խորհրդարանի պատգամավոր ընտրվեց ազգությամբ երեք հայ՝ Ժիրայր Ռեիսյանը, Լյուսի Իսկենյանը (Հալեպից) և Նորա Արիսյանը (Դամասկոսից)[9]։ Նախորդ խորդրդարանում հայ համայնքի ներկայացուցիչները երկուսն էին։
Ընտրված պատգամավորներից Ժիրայր Ռեիսյանը և Նորա Արիսյանը սիրիահայ համայնքի քաջածանոթ դեմքեր են։ Նախորդ գումարման խորհրդարանում էլ նրանք են ներկայացրել սիրիահայությունը, իրականացրել ակտիվ աշխատանք՝ մասնավորապես, նպաստելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Ժիրայր Ռեիսյանը եղել է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամլո բանբեր։ Իսկ Նորա Արիսյանը մասնագիտությամբ պատմաբան-արևելագետ է և բանասեր-թարգմանիչ։ Սիրիայի արաբ գրողների միության անդամ է։ Ղեկավարում է Դամասկոսի համալսարանի Հայկական բաժինը։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության իսնտիտուտում։
2020թ. մարտի 8-ին պարգևատրվել է Սիրիայի մշակույթի նախարարության կողմից (ձեռամբ նախարար Մոհամեդ Ահմադի)՝ սիրիական մշակույթի մեջ ունեցած կարևոր ներդրման համար[10]։
Նորա Արիսյանը Սիրիայի մշակույթի նախարարության պարգևատրման արարողությանը
Վաստակաշատ հայուհին նախորդ խորհրդարանում եղել է Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը[11]։ Ամենայն հավանականությամբ այս պաշտոնը կշարունակի զբաղեցնել նաև նոր խորհրդարանում։
Լյուսի Իսկենյանը հայ համայնքի համեմատաբար նորահայտ դեմքերից է։ Մասնագիտությամբ իրավաբան է։
Անկախ ամեն ինչից՝ երրորդ հայազգի պատգամավորի ներակայությունը սիրիական խորհրդարանում ինքնին դրական է. այն մեծացնում է հայերի կշիռը երկրի օրենսդիր մարմնում՝ միաժամանակ վկայելով սիրիական հասարակության մեջ և, մասնավորապես, քաղաքական ընտրանիում հայերի ներգրավվածության մասին։
[1] Syria: Assad's Baath party wins majority in parliamentary polls, https://www.aljazeera.com/news/2020/07/syria-assad-baath-party-wins-majority-parliamentary-polls-200722065257820.html
[2] Տե՛ս Syria: Assad's party wins expected majority in parliamentary polls, https://www.dw.com/en/syria-assads-party-wins-expected-majority-in-parliamentary-polls/a-54259180
[3] Տե՛ս Syria: Assad's Baath party wins majority in parliamentary polls, https://www.aljazeera.com/news/2020/07/syria-assad-baath-party-wins-majority-parliamentary-polls-200722065257820.html
[4] Տե՛ս Syria: Assad's party wins expected majority in parliamentary polls, https://www.dw.com/en/syria-assads-party-wins-expected-majority-in-parliamentary-polls/a-54259180
[5] Սիրիայի Արաբական Հանրապետություն
[6] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 16 июля 2020 года, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4234569#4
[7] Մուսավի. «Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ են խաղաղության և կայունության ուղղությամբ», https://parstoday.com/hy/news/iran-i123224
[8] Ruling Baath party wins Syria parliamentary elections, https://www.trtworld.com/middle-east/ruling-baath-party-wins-syria-parliamentary-elections-38296
[9] Սուրիոյ խորհրդարանին մաս կը կազմեն երեք հայ երեսփոխաններ, http://www.kantsasar.com/news/19702-2/; Երեք հայ երեսփոխան՝ Սուրիոյ խորհրդարանին մէջ, Նոր Մարմարա, 21.07.2020, http://www.normarmara.com/arsiv2020-2/210720lu.html
[10] Երեսփոխան դոկտ. Նորա Արիսեան պարգեւատրուեցաւ Սուրիոյ մշակոյթի նախարարին ձեռամբ, https://alikonline.ir/news/diaspora/item/60431-երեսփոխան-դոկտ-նորա-արիսեան-պարգեւատրուեցաւ-սուրիոյ-մշակոյթի-նախարարին-ձեռամբ
[11] Նորա Արիսյանն առաջադրվել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում, https://armeniasputnik.am/society/20200701/23572189/Nora-Arisyann-arajadrvel-e-Siriayi-xorhrdaranakan-yntrutyunnerum.html