Ադրբեջանական տեղեկատվական հարձակումները Տավուշի մարտերի օրերին
3 ր. | 2020-07-23Անցնող օրերին Տավուշի մարզում ադրբեջանական բանակի սադրանքները զուգորդվեցին վիրտուալ մի շարք արշավներով, որոնք հիմնականում դրսևորվեցին ապատեղեկատվությամբ և հաքերային հարձակումներով։
Թեև դեռևս վաղ է համապարփակ վերլուծություն անելու, սակայն ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ թե՛ հայկական լրատվադաշտը և թե՛ հասարակությունը պատշաճ դիմագրավեցին ադրբեջանական վիրտուալ գրոհներին. կեղծ լուրերը, մեծամասամբ, չներթափանցեցին հայկական տիրույթ, իսկ ներթափանցելու դեպքում էլ՝ օպերատիվ հերքվեցին։
Այսպես՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հուլիսի 13-ին հրապարակեց «Անվտանգությունը սոցիալական ցանցերում» ուղեցույցը, որով քաղաքացիներին առաջարկվում էր մի քանի պարզ գործողությամբ ապահովել սեփական օգտահաշիվների անվտանգությունը։ Ուղեցույցը կարևոր էր հատկապես ադրբեջանական ցանցահեններից պաշտպանվելու համար։ Ինչպես տեսանք ընթացիկ օրերին՝ հակառակորդը հիմնական կեղծիքը տարածում էր կոտրված հայկական օգտահաշիվերի անունից՝ հայերեն, ինչը բարձրացնում էր դրանց արժանահավատությունը։
Նմանօրինակ կեղծիքներից էին ֆեյսբուքյան խմբերում տարածվող գրառումները հայկական բանակի՝ 37 զինծառայողների կորստի մասին ապատեղեկատվությունը, որն արագորեն հերքվեց։
Նույն օրը հրապարակվեց մեկ այլ ուղեցույց, որով ընթերցողին առաջարկվում էր ադրբեջանական ապատեղեկատվությունն իրական փաստերից տարբերակելու մի քանի հմտություն։
Ադրբեջանական քարոզչության առավել հաճախ օգտագործվող գործիքներից են կեղծ կամ հին լուսանկարների և տեսանյութերի տարածումը։ Մարտական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց ականատես եղանք, թե ինչպես է «haqqin.az» լրատվակայքը տարածում տեսանյութ, որտեղ, իբրև թե, հայ զինվորականներին տեղափոխող մեքենան խոցվում է։ Այն ձևակերպվեց որպես ադրբեջանական զինված ուժերի հաջողության օրինակ։ Այնինչ՝ տեսանյութը նկարված էր Աֆղանստանում, իսկ համացանցում հայտնվել էր դեռևս 2019 թվականին։
Հուլիսի 14-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեղեկատվական արշավը շարունակվեց նույն ոգով։ Այս անգամ համացանցում տարածվեցին ապրիլյան պատերազմի օրերի լուսանկարներ և զոհված հայ զինվորների անվանացանկը, որը ներկայացվում էր որպես Տավուշի ուղղությամբ արձանագրված «ադրբեջանական հաջողություն»։ Այս ամենը կրկին տարածվեց հայ օգտատերերի կոտրած հաշիվներով՝ հայերեն և ռուսերեն։
Հուլիսի 15-ին հայկական մեդիադաշտում շարունակում էին հայտնվել կեղծ լուրեր՝ հայկական կողմի կորուստների մասին։ Եթե սկզբնապես շրջանառվում էր 37 զինվորականների մահվան լուրը, ապա այս անգամ հակառակորդը խոսում էր 100 կորստի մասին։
Բացվեց նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով կեղծ էջ, որտեղից ևս հայերեն կեղծիք էր տարածվում։ Կարևոր է նշել, որ համակարգված աշխատանքի արդյունքում հաջողվեց շատ արագ չեզոքացնել և արգելափակել կեղծ օգտահաշիվը։
Նույն օրը գործի անցան նաև ադրբեջանական քարոզիչներն ու բլոգերները։ Այսպես, բլոգեր Ֆուադ Աբբասովը հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայից մի տեսանյութ՝ ներկայացնելով այն իբրև հայ մայրերի բողքի ակցիա, որոնց որդիներին ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։
Հայկական կողմի զոհերի մասին ապատեղեկատվություն տարածեցին նաև ռուսական «Rosbalt» և «Gazeta» լրատվական կայքերը, որոնց հետ կապ հաստատելուց հետո հրապարակումները շտկվեցին, իսկ հայկական կողմի կորուստների մասին հատվածը՝ հեռացվեց։
Հուլիսի 16-ին ադրբեջանական քարոզչամեքենան տարածեց մի ձայնագրություն, որտեղ, իբրև թե, հայ զինվորը խոսում է տասնյակ զոհերի մասին։ Ձայնագրության կեղծ լինելու փաստն ակնհայտ էր, ինչի արդյուքնում կեղծիքի հնարավոր ազդեցությունն արագորեն չեզոքացվեց։
Արձանագրվեց նաև զավեշտալի միջադեպ։ Բաքվի քարոզչական գործիք համարվող «haqqin.az»-ը հրապարակեց հայ զինվորի լուսանկար և անուն-ազգանուն՝ ներկայացնելով նրան որպես զոհված։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց այդ զինվորի հետ, որն էլ հայտնեց, որ ողջ առողջ է և վերջերս է զորացրվել։
Ֆեյսբուքի հայկական տիրույթում հայտնաբերվեց նաև «Tavush bot» անունով օգտահաշիվ, որը հայերենով տարածում էր ադրբեջանական ապատեղեկատվություն։
Ադրբեջանական հաքերներին հաջողվել էր նաև Պաշտպանության նախարարության անունից կեղծ հաղորդագրություններ ուղարկել քաղաքացիների բջջային հեռախոսներին, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի։ Այս լուրերը ևս հերքվեցին։
Ամփոփելով ադրբեջանական տեղեկատվական արշավի այս փուլը կարող ենք առանձնացնել երկու հիմնական խնդիր, որոնք փորձել են լուծել հակառակորդի հատուկ ծառայությունները՝
- Տարածել խուճապ հայ հասարակության շրջանում
Խոսվել մեծաթիվ զոհերի և կորուստների մասին, տարածել կեղծ լուսանկարներ և տեսանյութեր, օգտագործել հայկական օգտահաշիվներ և հայերեն գրառումներ անել մեծ լսարան ունեցող խմբերում։
- Սերմանել անվստահություն պետական մարմինների նկատմամբ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի անունից ստեղծվեց ֆեյսբուքյան և թվիթերյան կեղծ էջ, բջջային sms-ների միջոցով կեղծ լուրեր տարածվեցին ՊՆ-ի և այլ պետական գերատեսչությունների անունից։