Արաբական գարուն․ հայացք Իսրայելից
18 ր. | 2020-07-202 010-2011-ի Արաբական գարնան հեղափոխական ալիքը նոր տրամաբանություն հաղորդեց Մերձավոր Արևելքի տարածաշրջանային գործընթացներին։ Մեծ հաշվով, այդ իրադարձություններն ավելի շուտ նոր ռիսկեր ու մարտահրավերներ, քան` հնարավորություններ բերեցին Մերձավոր Արևելքի փխրուն կայունությանն ու անվտանգությանը։ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Russian institute for strategic studies) հրապարակած զեկույցի գնահատականով, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղի ունեցած արաբական հեղափոխությունները ոչ միայն ապակայունացրին տարածաշրջանը, այլև արմատապես փոխեցին ուժերի դասավորությունը[1]։
Արաբական գարունը մեկնարկեց 2011-ի սկզբին, սակայն, ըստ էության, հեղափոխական ալիքի առաջին նախանշաններն ի հայտ եկան արդեն 2010-ի վերջից։ Հեղափոխական իրադարձություններն ընդգրկեցին Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ։ Այդ երկրներում հասունացող հանրային դժգոհություններում կիրառվում էին քաղաքացիական դիմադրության ընդհանուր մեթոդները՝ ցույցեր, հացադուլներ ու գործադուլներ․ հեղափոխությունների իրականացման հաջողության գործում առանցքային դեր էին կատարում լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը։
Արաբական գարունը փոխկապակցված էր 2010-2011-ին աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տեղաշարժերով ու միտումներով։ Այդ քաղաքական գործընթացները որակապես նոր փոփոխություն առաջացրեցին տարածաշրջանի պետությունների քաղաքական վերնախավերի շրջանում, հանրային կյանքում։ Արտաքին ազդակներից բացի, հեղափոխական ալիքն ուներ նաև ներքին՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտության, սոցիալական արդարության հաստատման օբյեկտիվ հանրային պահանջներ։ Հետազոտող Հաիմ Բրեշիթը (Haim Bresheeth) գրում էր․ «Արաբական գարունը նոր դարաշրջանի ամենաբարդ ու զարմանալի քաղաքական գործընթացներից է․․․»[2]։
Արաբական գարնան հետևանքները, սակայն, չշրջանցեցին նաև տարածաշրջանի ոչ արաբական երկրները՝ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալով վերջիններիս ներքաղաքական, անվտանգային, հանրային ոլորտներում։ Ինչպես նկատում են մի շարք փորձագետներ, հեղափոխական ալիքը տարբեր դրսևորումներով հասավ Իսրայել, Թուրքիա, անգամ՝ Իրան, սակայն այս երկրներում այն ընթացավ համեմատաբար անցնցում և առանց խորքային տեղաշարժերի։
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի զեկույցում մասնավորապես նշվում էր, որ «ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ թեև արաբները տարածաշրջանում բնակչության մեծամասնությունն են, սակայն տարածաշրջանային ուժերի փոխդասավորվածությունում առանձնակի ազդեցություն ունեն ոչ արաբական պետությունները՝ Իրանը, Թուրքիան և Իսրայելը։ Այդ պատճառով արաբական հեղափոխությունների և տարածաշրջանում իրավիճակի վրա այդ իրադարձությունների վերլուծության ժամանակ առանձնակի ուշադրություն է պետք հատկացնել նշյալ երկրների քաղաքականությանը․ այդ պետություններից յուրաքանչյուրն ունի իր սեփական նկրտումներն ու արաբական երկրներից տարբերվող նպատակները»[3]։
Ըստ զեկույցի՝ Թուրքիան, ձգտելով ստանձնել մերձավորարևելյան առաջնորդի դերը, փորձեց օգտվել արաբական աշխարհում տեղի ունեցող ցնցումներից, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը՝ տարածելով իսլամական պետություններում ժողովրդավարացման ու ազատականացման «թուրքական փորձը»։ Համապատասխանաբար, Անկարան խաղադրույք արեց հակակառավարական շարժումների օգտին՝ վերջիններիս ներկայացնելով «ժողովրդավար», իսկ իր դիրքորոշումը դասեց «ժողովուրդների, այլ ոչ թե ռեժիմների կողքին»։ Նման մարտավարությամբ Թուրքիան ձգտում էր հանդես գալ որպես Մերձավոր Արևելքի «ժողովրդավարության հենակետ» և այդ երկրներում պահպանողական ռեժիմներին փոխարինման եկած առաջնորդների հետ հաստատել Անկարայի շահերից բխող շփումներ[4]։
Զեկույցում խոսվում էր նաև այդ իրադարձությունների առնչությամբ Իրանի ու Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության մտահոգությունների մասին․ եթե Իսրայելում սկզբնական շրջանում Արաբական գարունը դրական էր ընկալվում, ապա Իրանում այդ դեպքերի ողջ ընթացքում պահպանվեց խիստ զգուշավոր ու անվստահության դիրքորոշում։ Արաբական գարնան ազդեցության ներքո տարածաշրջանում իրադրության փոփոխման հարցում Իսրայելի արձագանքն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կանխատեսելի ու բազմավեկտոր․ Իսրայելի ռազմաքաղաքական հիմնական գիծը շարունակում է հիմնվել ուժի վրա[5]։
Արաբական գարնան իրադարձություններն Իսրայելի քաղաքական, վերլուծական հարթակներում նաև բարձրացրին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը․ հնչում էին կարծիքներ, որ հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը և Իսրայելի մեկուսացման ավելացման վտանգը, անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ․ վերջինս կարևոր ու կայուն գործոն ու խաղացող է տարածաշրջանում, երկու երկրների շահերը համընկնում են[6]։ Իսրայելի Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ավիվ Քոխավիի (Aviv Kochavi) կարծիքով, «տվյալ պայմաններում պետք է պատրաստ լինել, քանի որ Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններից եկող սպառնալիքները լրջանալու են»[7]։
Ե րբ Արաբական գարունը սկսեց տարածվել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իր երկիրը «կայունության կղզի է» և անվտանգ՝ հեղափոխությունների ալիքի պայմաններում[8]։ 2011-ի մայիսի վերջին ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուն իր ելույթում նշում էր․ «Անկայուն Մերձավոր Արևելքում Իսրայելը կայունության խարիսխ է։ Փոփոխվող դաշինքներ ունեցող տարածաշրջանում Իսրայելը Միացյալ Նահանգների անսասան դաշնակիցն է։ Մերձավոր Արևելքում այժմ ընթանում է խոշոր պայքար բռնապետության ու ազատության միջև։ Ցնցումները քանդել են պետություններ, տապալել կառավարություններ։ Եվ բոլորս տեսնում ենք, որ գետինը դեռևս շարժվում է։ Այժմ այս պատմական պահը ազատության ու հնարավորության նոր լուսաբաց է խոստանում․ միլիոնավոր երիտասարդներ վճռական են փոխելու իրենց ապագան։ ․․․Նրանք վտանգում են իրենց կյանքը, պահանջում են արժանապատվություն, երազում ազատության մասին։ Թունիսի ու Կահիրեի այդ անսովոր տեսարանները հիշեցնում են 1989-ին Բեռլինն ու Պրահան։ Մենք կիսում ենք նրանց հույսերը, սակայն մենք նաև պետք է հիշենք, որ այդ հույսերը կարող են խորտակվել, ինչպես դա տեղի ունեցավ Թեհրանում 1979-ին։ ...Այսօր Մերձավոր Արևելքը կանգնած է ճակատագրական խաչմերուկում։ ...Իսրայելն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեր տարածաշրջանի արաբ ժողովուրդների ազատ ապրելու երազանքին։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Իսրայելը կլինի Մերձավոր Արևելքի իրական ժողովրդավարական պետություններից մեկը»[9]։
2011-ի հոկտեմբերին Քնեսեթում Նեթանյահուն Արաբական գարնան իրադարձությունների վերաբերյալ իր երույթում նշում էր․ «Եթե ամփոփեմ, թե ինչ կարող ենք մենք սպասել տարածաշրջանում, ապա կօգտագործեմ երկու տերմին՝ անկայունություն և անվստահություն․․․։ Մեր առջև կանգնած անվստահության ու անկայունության դեմ մեզ երկու գործոն է անհրաժեշտ՝ ուժ և պատասխանատվություն»[10]։ Փորձագետները նկատում են, որ Արաբական գարնան վերաբերյալ Նեթանյահուի հայտարարություններն ու ուղերձները պաթետիկ էին՝ ուղղված ներքին լսարանին։ Արտաքին վեկտորում այդ իրադարձությունների հարցում Իսրայելի վարչապետի ելույթներում նկատվում էր լավատեսական երանգ[11]։
Ավելի ուշ՝ 2016-ի վերջին, ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների վերապատրաստման դասընթացի ավարտական արարողությանը, Նեթանյահուն հայտարարում էր. «փորձեք պատկերացնել արաբական աշխարհում 6 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն առանց Իսրայելի. հեղաշրջումների ալիքը և ցնցումները կարող էին ամայացնել այս տարածքները՝ մեր հարևանների հետ միասին, ներառյալ՝ պաղեստինցիներին։ Այսպիսով, Իսրայելը տարածաշրջանում անկայունության պատճառ չէ, հակառակը՝ Իսրայելը տարածաշրջանում կայունության, անվտանգության խարիսխն է, այն ուժը, որը կանխում է հետագա փլուզումը․ դա գիտակցում են աշխարհի շատ ժողովուրդներ և իհարկե Միացյալ Նահանգներում»[12]։
Ընդհանրապես նկատենք, որ Իսրայելում իսկզբանե խուսափում էին շրջանառության մեջ դնել «Արաբական գարուն» եզրը։ Ռազմավարական պլանավորման հարցերով նախկին նախարար Մոշե Յաալոնը (Moshe Yaalon) նշում էր․ «Դրանք ողբերգական ու պատմական իրադարձություններ են, սակայն չպետք է անվանել Արաբական գարուն»։ Իսրայելի Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ամոս Յադլինը (Amos Yadlin) նկատում էր․ «Մենք հասկանում ենք, որ Արաբական գարուն եզրը ճիշտ չի նկարագրում այն երևույթը, որը ցնցեց Մերձավոր Արևելքը 2011-ին»[13]։
Ըստ որոշ փորձագետների, արաբական հեղափոխական իրադարձությունների բնութագրման հարցում Իսրայելում ծավալված քաղաքական-փորձագիտական դիսկուրսի նպատակն էր իրադարձություններին տալ բացասական պիտակներ․ հաճախ կիրառության մեջ էին դրվում «արաբական ձմեռ» կամ «իսլամական ձմեռ» եզրերը[14]։
Նշենք նաև, որ Արաբական գարնան սկզբնական փուլում Իսրայելում և այլ երկրներում կար այն համոզմունքը, որ իրադարձությունները գլխավորապես ընթանում են Մերձավոր Արևելքի երկու առանցքների՝ Իրանի և մյուս կողմից՝ Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ պրագմատիկ արաբական պետությունների մրցապայքարով։ Ենթադրվում էր, որ Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումը կթուլացներ պրագմատիկ առանցքը և կուժեղացներ արմատական բևեռը՝ Իրանը[15]։ Բացի այդ, նախքան Արաբական գարունը այս երկու բևեռների պայքարին զուգահեռ, տարածաշրջանում խորանում էր ոչ արաբական երկրների՝ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը․ Արաբական գարունը պարզապես այդ մրցակցությունն ակնհայտ դարձրեց[16]։
Արաբական իրադարձությունների համատեքստում Իսրայելի համար սկզբունքային էր նաև Սիրիայի հարցը, որն Իրանի հենարանն է Մերձավոր Արևելքում․ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը մտահոգում էր, թե Արաբական գարնան հեղափոխական ալիքը ինչ հետևանքներ կունենա այդ երկրի ներքաղաքական դաշտում, արդյո՞ք կտապալվի Ասադի իշխանությունը և եթե այո, ապա ինչ ուժեր կարող են նրան փոխարինել․ սրանք հարցեր էին, որոնք ուղղակիորեն առնչվում էին Իսրայելի ազգային անվտանգությանը։
Արաբական հեղափոխությունների վերաբերյալ Իսրայելի քաղաքական-իշխանական դաշտում մոտեցումները միանշանակ չէին․ իրադարձությունների նկատմամբ լավատեսական տրամադրված քաղաքական թևի տեսանկյունից, Արաբական գարունը հնարավորություն էր, որից պետք է Իսրայելն օգտվեր։ Այդ ճամբարի առաջատարներից էր նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ 2011-ի ապրիլին Guardian պարբերականում հրապարակած «Մենք Իսրայելում ողջունում ենք արաբական գարունը» հոդվածում Պերեսը նշում էր, որ «Իսրայելը ողջունում է փոփոխության քամին»[17],[18]։
Փ որձագետների մի մասի կարծիքով, 2011-ի ամռանն Իսրայելում սկիզբ առած հանրային սոցիալական դժգոհությունների ալիքն ուղղակի կամ անուղղակի կապ ուներ Արաբական գարնան հետ և այդ իրադարձությունների շղթայական հետևանքն էր։ 2011-ի ամռանն Իսրայելի երիտասարդության շրջանում բողոքի բավական մեծ ալիք բարձրացավ՝ պայմանավորված երկրում խորացող սոցիալական խնդիրներով․ մասնավորապես հանրությունը դժգոհում էր բնակարանային բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և այլ հարցերից։
Հանրային դիմադրությունը մեկնարկեց Facebook սոցիալական ցանցում գործող խմբի՝ Թել Ավիվում վրաններ հիմնելու կոչերով․ արդյունքում հանրային դժգոհությունների ալիքը ստացավ «վրանային» դիմադրություն անվանումը[19]։
Ցուցարարը, 2011, Իսրայել
Աղբյուրը՝ https://theconversation.com/israel
Սոցիալական դժգոհությունները կարճ ժամակահատվածում բավական լայն հանրային ու միջազգային հնչեղություն ստացան։ Ցույցերն աստիճանաբար ընդգրկեցին Իսրայելի խոշոր քաղաքները, որտեղ նույնպես վրանային ճամբարներ հիմնվեցին[20]։ Բողոքի ակցիաներում ներգրավվեցին սոցիալ-տնտեսական ու կրոնական տարբեր հայացքների ցուցարարներ, նրանց կոչերը վերածվեցին սոցիալական անարդարության դեմ պայքարի, կառավարության հրաժարականի պահանջի[21]։ Որոշ սոցհարցումների արդյունքներով, Իսրայելի բնակչության շուրջ 87%-ն աջակցում էր Իսրայելի ցուցարարներին[22],[23]։
Սոցիալական շարժումների հարցերով փորձագետ Թամիր Շիֆերի (Tamir Sheafer) կարծիքով, «մարդիկ տարիներ շարունակ կարծում էին, որ այս սերունդը հետաքրրքված չէ քաղաքականությամբ, որ նրանք անհատապաշտներ են։ Այս բողոքները որևէ առնչություն չունեն խաղաղության գործընթացի կամ պատերազմի հետ, սա տնտեսական բողոք է, և մենք իսկապես նման մակարդակի ակցիաներ Իսրայելում երբևէ չենք տեսել»[24]։ Ըստ նրա, «սա հեղափոխություն էր այն սերնդի կողմից, որի կարծիքով, իրենք ի վիճակի չէին հեղափոխություն իրականացնել»[25]։
2011-ի օգոստոսի սկզբին բողոքի ակցիաներն ընդգրկեցին ավելի լայն շրջանակներ, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված էր գնալ փոխզիջման․ հայտարարվեց, որ ցուցարարների առաջ քաշած խնդիրները լուծվելու էին։ Իրավիճակն այնքան լարված էր, որ վարչապետ Նեթանյահուն ստիպված էր հետաձգել այցը Լեհաստան[26]։ Ձևավորվեց կառավարության անդամներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ցուցարարների հետ բանակցություններ համար։ 2011-ի օգոստոսի 8-ին վարչապետի հանձնարարականով ձևավորվեց Իսրայելի սոցիալ-տնտեսական խնդիրների քննարկման, կառավարությանը լուծման առաջարկներ ներկայացնելու հանձնաժողով (Trajtenberg Committee)[27]։
Ըստ Նեթանյահուի՝ հանձնաժողովը պետք է աշխատանքները կենտրոնացներ 5 գլխավոր ուղղությունների շուրջ՝
- փոխել երկրի գերակայությունները՝ թեթևացնելու բնակչության տնտեսական բեռը,
- նախաձեռնել փոփոխություններ հարկային համակարգում,
- ընդլայնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը,
- բարձրացնել մրցունակությունը՝ գների նվազեցման նպատակով,
- կյանքի կոչել կառավարության նախաձեռնած բնակարանային ծրագիրը, որով նախատեսվում էր նվազեցնել բնակարանային ծախսերն ու վճարները[28]։
Հանձնաժողովը բողոքի ակցիաների մասնակիցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հանրության տարբեր խմբերի հետ մեկամսյա քննարկումներ անցկացնելուց հետո կառավարությանը ներկայացրեց սոցիալ-տնտեսական բարեփոխումների փաթեթը։ 2011-ի դեկտեմբերին Քնեսեթը որոշ փոփոխություններ կատարեց երկրի հարկային օրենսգրքում՝ նվազեցնելով հարկային բեռը։
Որոշ փորձագետներ կապ են տեսնում Արաբական գարնան բողոքի ակցիաների ու Իսրայելի ցույցերի միջև[29],[30]․ այդ գնահատականի հիմնավորումներից մեկն այն էր, որ երկու դեպքում էլ բողոքի ակցիաների մեկնարկն ուղեկցվում էր սոցիալական ցանցերում հանրային դժգոհությամբ։ Բացի այդ, հարևան արաբական երկրներում բնակչության դիմադրության արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու գործում իշխանությունների պատրաստակամությունը ոգևորել էր այդ թվում Իսրայելի հանրությանը[31]։
Արաբական գարնան և Իսրայելում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ խմբագիր, հրապարակախոս Փիթեր Գելինգը (Peter Gelling) 2011-ի հուլիսի վերջին գրում էր․ «Տնտեսական վատ պայմանները, դրանց լուծման ուղղությամբ կառավարությունների գործելաոճը հանրային հիասթափություն ու զայրույթ էր առաջացրել տարբեր արաբական երկրների բնակչության շրջանում, ինչն էլ դարձավ Արաբական գարնան բողոքի ակցիաների հիմքը։ Ցուցարարների պահանջները, սակայն, արագորեն ընդլայնվեցին՝ ներառելով ավելի շատ իրավունքներ, ինչպես օրինակ՝ կոռումպացված առաջնորդների հետապնդում, հանրության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու հետապնդումների դադարեցում։ Նման տեսարանի ականատես էինք լինում Թունիսից մինչև Եգիպտոս, Եմեն և այլուր։ Եվ այդ ակցիաները բոլորն էլ, համենայն դեպս սկզբնական շրջանում, առաջնորդում էր երիտասարդությունը։ Եվ այդ իրավիճակը բավական նման է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Իսրայելում»[32]։ «Իհարկե, Իսրայելի համար նորություն չեն քաղաքական ցնցումները և այլ պետությունների համեմատ, Իսրայելն առավել ունակ է ու պատրաստ հաղթահարելու ճգնաժամերը։ Սակայն այդ ժամանակ որևէ մեկը չէր հավատա, որ հունվարին Եգիպտոսում տեղի ունեցած բողոքի ակցիաները հանգեցնելու են փետրվարին Հոսնի Մուբարաքի տապալմանը»[33]։
Ըստ 2011-ի մարտին անցկացված սոցհարցման արդյունքների՝ իսրայելցիների 48%-ը արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններն Իսրայելի համար դրական է գնահատել, 30%-ը՝ բացասական։ Հարցվածների 55%-ը պատասխանել է, որ այդ իրադարձությունները դրական զարգացումներ են տարածաշրջանի ժողովուրդների համար, 29%-ը՝ բացասական։ Իսրայելի արաբ բնակչության շրջանում հարցվածների 55%-ը իրադարձություններն Իսրայելի համար դրական է գնահատել, 65%-ը դրական է գնահատել տարածաշրջանի ժողովուրդների համար։ Միաժամանակ, իսրայելցիների 46%-ը գտնում էր, որ Եգիպտոսի հեղափոխությունը բացասաբար է անդրադառնալու Իսրայելի հետ հարաբերությունների վրա․ հարցվածների 44%-ի կարծիքով, արաբական աշխարհում ռեժիմների փոփոխություններից հետո Իսրայելի կարգավիճակը տարածաշրջանում վատթարացել է․ 41%-ի կարծիքով՝ կարգավիճակը չի փոխվել և միայն 10%-ն էր գտնում, որ կարգավիճակը բարելավվել է[34]։
Իսրայելի կառավարությունը, սակայն, հերքում էր Մերձավոր Արևելքի արաբական հեղափոխությունների հետ ուղիղ համեմատությունները Իսրայելում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ։ Այդ առիթով Նեթանյահուի մամուլի խոսնակ Մարկ Ռեգևը (Mark Regev) գրում էր․ «Ի տարբերություն հարևան պետությունների, մենք սովոր ենք ցույցերի։ Միշտ չէ, որ դրանք այնքան խոշոր ծավալների են հասնում, որքան ներկայիս բնակարանային հարցերի հետևանքով առաջացած բողոքի ալիքը․ դա նաև Իսրայելի ժողովրդավարության բաղադրիչներից է»։ Ըստ նրա, ի տարբերություն Սիրիայի և Եգիպտոսի, «Իսրայելում ոչ ոք չի ձերբակալվելու՝ բողոքի ակցիաներ անելու համար»[35]։
Փորձագետների մի մասն էլ գտնում էր, որ Իսրայելի երիտասարդության շրջանում բողոքի ակցիաները բացառապես ներքին, սոցիալական գործընթացներ էին․ ցույցերը չէին վերաբերում անվտանգությանը, պաղեստինա-իսրայելական հակամարտությանը[36]։
Արաբական գարնան և Իսրայելի ցույցերի միջև տարբերությունների մասին կարծիքներ հնչում էին նաև Իսրայելում բողոքի ակցիաների մասնակիցների կողմից․ «Սա միջին խավի բողոքի ակցիաներ են։ Եգիպտոսում հասարակությունը շատ բան չուներ կորցնելու․ նրանք չունեին քաղաքացիական իրավունքներ, վստահություն իրենց կառավարության նկատմամբ։ Հավանաբար սա է պատճառը, որ Իսրայելի խռովությունները չանվանեցին «գարուն», այլ՝ ավելի շուտ սոցիալական արդարության շարժում»[37]։
Միջազգայնագետ Ֆիլիպ Ամուրի (Philipp O. Amour) հեղինակած հոդվածում կարդում ենք․ «Արաբական գարունը սկիզբ դրեց Մերձավոր Արևելքի տարածաշրջանային արմատացած համակարգի վերափոխմանը և ավարտվեց իսլամիզմի, երկբևեռ մրցակցության ու հակահեղափոխական ալիքի վերականգնմամբ։ Բացի այդ, Արաբական գարնան շարժումն ուժեղացրեց առանց այդ էլ տարածաշրջանային անարխիկ պատկերը, սրեց անվստահությունը ու դիմադրությունն Իսրայելում։ Արաբական գարնան հեղափոխական ալիքի հետևանքով ի հայտ եկող նոր անվտանգային միջավայրի ու համակարգի հիմնական առանձնահատկություններն առայսօր դեռևս այնքան էլ հստակ չեն սահմանված, այդուհանդերձ, կարելի է արդեն ասել, դրան հաջորդած տարածաշրջանային միտումներն ու գործընթացների ընդհանուր տրամաբանությունը ռազմավարական և հոգեբանական հետևանքներ է ունեցել Իսրայելի վրա՝ առաջին հերթին պաղեստինա-իսրայելական հակամարտության թեմատիկան դարձրեց առաջնային, և հակամարտության կարգավորման հարցն անխուսափելիորեն կրկին վերականգնվեց»[38]։
Ըստ հեղինակի, «Իսրայելի կառավարության առջև կարևոր հարց էր, թե ինչպես պետք է գնահատել և արձագանքել Արաբական գարնանը՝ իր բոլոր հնարավոր ու պոտենցիալ մարտահրավերներով ու հետևանքներով։ Փորձագետները նկատում են, որ չնայած Արաբական գարնան հեղափոխական ալիքից բխող տարածաշրջանային քաղաքական, անվտանգային հարցերում առկա անորոշությանն ու անվտանգության պոտենցիալ հնարավոր սպառնալիքներին, ինչպես օրինակ, իսլամիզմի վերածնունդը կամ արաբական ազգայնականության ակտիվացումը, Իսրայելի կառավարությունը ողջունեց Արաբական գարնան շարժումը՝ ոչ թե որպես հնարավորություն, այլ որպես իր անվտանգության սպառնալիք[39]։ Ստեղծված անորոշ իրավիճակը և աշխարհաքաղաքական անկայունությունը Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության ռազմավարությունը դարձրին առավել զգայուն՝ է՛լ ավելի կարևորելով Մերձավոր Արևելքի ուժային հավասարակշռությունում Իսրայելի առաջատարության անհրաժեշտությունը։ Արդյունքում, Իսրայելի կառավարությունը կոշտացրեց իր դիրքորոշումը՝ համարելով, որ պաղեստինցիների կամ արաբների հետ խաղաղասիրական ու երկխոսության կոչերն ու քայլերը կարող են այս փուլում ընկալվել որպես թուլություն և նպաստել սպառնալիքների ակտիվացմանը՝ ընդհուպ մինչև հարձակումներ Իսրայելի վրա»[40]։
Քաղաքագետ Մենախեմ Քլեյնը (Menachem Klein) նշում էր․ «Անկհայտ է, որ Իսրայելը ողջունում է Արաբական գարունը՝ սառը թիկունքով․ Իսրայելը ավանդաբար գերադասել է սերտ հարաբերություններ հաստատել միապետների ու դիկտատորների հետ, քան հաղորդակցվել ժողովրդի հետ։ Համաձայն այս տեսակետի՝ Իսրայելի անվտանգությունն առաջին հերթին ապահովվում է իր սեփական ուժերով, ապա միայն՝ արաբ ազդեցիկ առաջնորդների միջոցով, որոնք համաձայնել են գաղտնի կամ անթաքույց համագործակցել Իսրայելի հետ»[41]։ Այդունադերձ, Իսրայելի կառավարությունը որոշեց ավելացնել երկրի ռազմական բյուջեն, ինչը խոսում էր Արաբական գարնան հեղափոխական ալիքի հետևանքների հետ կապված հստակ մտահոգության մասին․ մասնավորապես շատ էր հնչում այն տեսակետը, որ դա իհարկե Արաբական գարուն է, սակայն կարող է վերածվել իսլամական «արմատական ձմռան»[42]։
Ըստ Մենախեմ Քլեյնի, «թեև Իսրայելի հանրությունը հիմնականում հերքում էր Արաբական գարնան ազդեցությունը իրենց բողոքի ակցիաների ուղությամբ,․․․այդուհանդերձ, անաչառ հետազոտողները կապ էին տեսնում այդ զանգվածային ցույցերի և Արաբական գարնան միջև։ Եվ կարելի է արդարացիորեն հաստատել, որ Իսրայելում տեղի ունեցած ցույցերը հաջորդեցին Եգիպտոսում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում տեղի ունեցած դեպքերին։ Դրանք շատ նման են իրար, չնայած աննշան տեղային տարբերությունների, և դրանք բոլորն էլ պահանջում էին համապարփակ փոփոխություններ։ Երիտասարդ սերունդը նախաձեռնեց բողոքի շարժումները նոր մեդիայի միջոցով, և նրանք հաջողեցին համընդհանուր նպատակի շուրջ համախմբել տարիքային ու սոցիալական խմբերի լայն շրջանակ։ Թեև ցուցարարները հաջողության հասան, սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես է գարունն ավարտվելու այդ երկրներից յուրաքանչյուրում»[43]։
Ըստ որոշ փորձագետների, Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի խաղաղության պայմանագրերի ստորագրումից հետո Թել Ավիվի համար արաբական աշխարհի հետ հարաբերությունները դարձել են առավել հաշվարկելի ու կանխատեսելի։ 2011-ից ի վեր մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած տարածաշրջանային գործընթացները խորքային վերադասավորումներ ու տեղաշարժեր բերեցին արաբական աշխարհ՝ Իսրայելի ուղղությամբ թողնելով միջնաժամկետ, խորքային ազդեցություն[44]։
Իսրայելի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Քսենիա Սվետլովան (Ksenia Svetlova) այդ առիթով նշում էր․ «Վերջին տասնամյակներում Իսրայելը սովոր էր գործ ունենալ տարածաշրջանի հայտնի և գլխավորապես կանխատեսելի խաղացողների հետ։ Հասկանալի է, թե ինչու են Իսրայելի քաղաքական վերնախավերն այդքան անհանգստացած սահմանից այն կողմ տեղի ունեցող փոփոխություններով։ Իսրայելը պատրաստ էր գործ ունենալ թշնամանքի մթնոլորտի, հակասեմականության դրսևորումների հետ, որոնք հաճախ էին հնչում տարածաշրջանային խաղաղության գործընթացում Իսրայելի գործընկերներ համարվող Հորդանանում ու Եգիպտոսում․ միաժամանակ կայուն հարաբերություններ էին պահպանվում հայտնի առաջնորդների հետ, որոնք չեն փոխվել տարիներ շարունակ։ Մյուս կողմից, կենտրոնանալով ներքին խնդիրների վրա, արաբական հասարակությունները ավելի քիչ են հետաքրքրված Իսրայելով և արաբա-իսրայելական հակամարտությամբ։ Վերջին 6 ամիսների ընթացքում արաբական ԶԼՄ-երում միտումների նույնիսկ մակերեսային հետազոտությունը ցույց է տալիս, որ հակամարտության կամ Իսրայելի և պաղեստինցիների վերաբերյալ հարցերի լուսաբանումը կտրուկ նվազել է։ Սակայն կարևոր է հիշել, որ արաբական ռեժիմների կողմից մասնակիորեն աջակցություն ստացած հակաիսրայելական, արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների բարելավման դեմ ուժեղ տրամադրությունները դեռևս ակտիվ են և արագ չեն անհետանալու։ Արաբական համակարգն անցնում է արմատական և երկարաժամկետ փոփոխություներով՝ ազդեցություն ունենալով այդ երկրների յուրաքանչյուր ոլորտում։ Ամենից շատ իսրայելցիները վախենում են հեղափոխական իրադարձություններից, անկայունությունից և այդ երկրներում հետագա զարգացումների նկատմամբ հոռետեսական կանխատեսումներից։ Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, որ ներկայիս փոփոխությունների ժամանակաշրջանը մեզ համար հնարավորության պատուհան է մի շարք առումներով»[45]։
Երբ Արաբական գարնան հեղափոխական ալիքը հասավ Եգիպտոս, Թել Ավիվում մտահոգությունը խորացավ․ արաբական աշխարհի հետ դիմակայությունում Եգիպտոսն Իսրայելի համար ռազմավարական գործոն է։ Մտահոգությունն ավելանում էր այն առումով, որ դա կարող էր անդրադառնալ նաև երկրորդ ռազմավարական գործընկերոջ՝ Հորդանանի ներքին կայունության վրա։ Այդ ամենը, ի վերջո, կարող էր հանգեցնել արաբական այդ երկրների հետ Իսրայելի ստորագրած խաղաղության համաձայնագրերի չեղարկմանը[46]․ Եգիպտոսի ու Հորդանանի առաջնորդներն այդ համաձայնագրերի պահպանման երաշխավորողներն էին[47]։ Ուստի հասկանալի է, որ այդ փոփոխությունները սկզբունքային նշանակություն ունեին Իսրայելի անվտանգության ռազմավարության տեսանկյունից։ Ավելին, Իսրայելի կառավարությունում կար մտավախություն, որ Արաբական գարնան հեղափոխական ալիքի ազդեցությամբ Հորդանանի «կորուստը» ավելացնելու է Իսրայելի մեկուսացումը տարածաշրջանում [48]։
Ռազմական փորձագետ Ամոս Հարելը (Amos Harel) գրում էր․ «Կահիրեի հին ռեժիմի փլուզումը էական, գլխավորապես՝ բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում Իսրայելի դիրքերի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է վտանգել Եգիպտոսի ու Հորդանանի հետ ստորագրված խաղաղության պայմանագրերը»[49]։ Այդ շրջանում իսրայելական ԶԼՄ-երում քննադատություններ էին հնչում, որ Իսրայելի արտաքին հետախուզությունը չի կարողացել կանխատեսել Արաբական գարնան շարժումը, ինչի արդյունքում Իսրայելը կարող է կորցնել իր գործընկերներին տարածաշրջանում։ Հատկապես շրջանառվում էին Իսրայելի Մոսադ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Մեիր Դագանի (Meir Dagan), Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ավիվ Քոխավիի (Aviv Kochavi) անունները, որոնց հավաստիացմամբ, որ Եգիպտոսում ռեժիմը կայուն էր[50]։
Փ որձագետները համակարծիք են, որ Արաբական գարունը ու դրա հետևանքները զգալիորեն բարդացրին Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության համակարգը։ Իսրայելի ուղղությամբ Արաբական գարնան հետևանքների ու հետհեղափոխական իրավիճակում ստեղծված ուժային նոր վերադասավորվածության հարցում այդ գնահատականները, սակայն, որոշ դեպքերում էլ՝ հակասական են։
Փորձագետների մի մասը գտնում է, որ post factum, Իսրայելը շարունակում է թելադրել տարածաշրջանում իր ռազմական ու ռազմավարական գերակայությունը։ 2013-ի կեսերից տարածաշրջանային զարգացումները նվազեցրին Իսրայելի անհանգստությունը․ Հորդանանը հաղթահարեց Արաբական գարնան շարժումը, Եգիպտոսում տեղի ունեցավ հակահեղափոխություն, Սիրիան դարձավ միջնորդավորված պատերազմի թատերաբեմ․ Մերձավոր Արևելքի համակարգը կար և շարունակում է մնալ ավտորիտար՝ տարբեր երկրներում ժողովրդավարացման ցածր մակարդակով[51]։
Փորձագիտական հակադիր ճամբարում շրջանառվում է այն տեսակետը, որ մեծ հաշվով, հեղափոխական ալիքի հետևանքով Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Եմենում ռեժիմների տապալումն իր ազդեցությունը թողեց տարածաշրջանի ավանդական դաշինքների վրա․ այդ ամենը պայմաններ առաջացան՝ տարածաշրջանում Իսրայելին հակակշիռ նոր ուժերի ձևավորման համար․ արաբական հեղափոխությունները կարևոր նախադրյալ են ստեղծում հեռանկարում այդ պետություններում գիտելիքահեն և տեխնոլոգիական ուղղվածությամբ տնտեսությունների զարգացման համար։ Սա իվերջո կարող է տարածաշրջանում ձևավորել արաբական ազդեցիկ մի նոր բևեռ, որն իվիճակի կլինի մարտահրավեր նետել Մերձավոր Արևելքում Իսրայելի տեխնոլոգիական, ռազմական գերակայությանը։
WikiLeaks-ի տվյալներով, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին զգուշացրել էր արաբ առաջնորդներին, որ Արաբական գարնանից ամենաշատը շահելու է Իսրայելը․ «Կասկած չկա, որ կա պետություն, որը սպասում է արաբական երկրների մասնատմանն ու ներքին կոռոզիային․ այս ամբողջ գործընթացում սիոնիստներն ու Իսրայելը առաջին ու ամենախոշոր շահող կողմն են»[52]։
[1] https://riss.ru/images/pdf/journal/2014/4/04_.pdf
[2] https://www.researchgate.net/publication/23401
[3] https://riss.ru/images/pdf/journal/2014/4/04_.pdf
[4] https://riss.ru/images/pdf/journal/2014/4/04_.pdf
[5] https://riss.ru/images/pdf/journal/2014/4/04_.pdf
[6] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[7] https://riss.ru/images/pdf/journal/2014/4/04_.pdf
[8] https://theconversation.com/israel-escaped-an
[9] https://mfa.gov.il/MFA/PressRoom/2011/Pages
[10] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[11] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[12] https://vosizneias.com/2016/12/29/jerusalem
[13] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[14] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[15] https://reliefweb.int/sites/reliefweb.int/files/
[16] https://reliefweb.int/sites/reliefweb.int/files
[17] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[18] https://www.theguardian.com/commentisfree
[19] https://theconversation.com/israel-escaped
[20] https://www.haaretz.com/opinion/1.5201857
[21] https://www.jpost.com/National-News/Scale
[22] https://www.pri.org/stories/2011-07-26/has-arab
[23] https://jewishjournal.com/israel/94486/
[24] https://www.jpost.com/National-News/Scale
[25] https://www.jpost.com/National-News/Scale
[26] https://www.pri.org/stories/2011-07-26/has-arab
[27] https://www.jpost.com/Diplomacy-and-Politics
[28] https://www.jpost.com/Diplomacy-and-Politics
[29] https://latimesblogs.latimes.com/babylonbey
[30] https://www.aljazeera.com/indepth/features
[31] https://latimesblogs.latimes.com/babylonbeyond
[32] https://www.pri.org/stories/2011-07-26/has-arab
[33] https://www.pri.org/stories/2011-07-26/has-arab
[34] http://www.mitvim.org.il/en/israel-and-the-arab
[35] https://www.aljazeera.com/indepth/features
[36] https://icsr.info/wp-content/uploads/2013/09
[37] https://theconversation.com/israel-escaped
[38]https://www.researchgate.net/publication/3035
[39]https://www.researchgate.net/publication/3035
[40]https://www.researchgate.net/publication/3035
[41] https://pij.org/articles/1408
[42] https://pij.org/articles/1408
[43] https://pij.org/articles/1408
[44]https://www.researchgate.net/publication/3035
[45] http://www.mitvim.org.il/en/2013-10-01-08-42
[46] https://www.theguardian.com/world/2011/jan/
[47]https://www.researchgate.net/publication/3035
[48]https://www.researchgate.net/publication/3035
[49] https://www.theguardian.com/world/2011/jan/31
[50] https://www.theguardian.com/world/2011/jan/31
[51]https://www.researchgate.net/publication/3035
[52] https://wikileaks.org/gifiles/docs/40/4057871