Արևմուտքի գործոնը ռուս-բելառուսական հարաբերություններում

15 ր.   |  2020-07-08

Հ ետխորհրդային շրջանում Բելառուս-Արևմուտք հարաբերություններն անցել են վերելքների ու վայրէջքների շրջաններ, որոնք կարելի է բաժանել երեք փուլի։

Առաջին փուլն սկսվում է Բելառուսի անկախության հռչակումից և տևում մինչև 1990-ականների կեսը։ Այս փուլում ԵՄ-ն և ԱՄՆ-ն հիմնականում չեզոք վերաբերմունք ունեին Բելառուսի և նրա իշխանությունների նկատմամբ։ Մինչև 1990-ական թթ. կեսը Արևմուտք-Բելառուս հարաբերությունները զարգանում էին բնականոն՝ առանց լուրջ բարդությունների։

Խորհրդային Միության կործանումից հետո պաշտոնական Մինսկը վարում էր Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները պահպանելու և զարգացնելու քաղաքականություն։ Դրա վկայությունն է այն, որ Ռուսաստանը և Բելառուսը հետխորհրդային տարածքի առաջին իսկ համարկման կառույցի՝ ԱՊՀ-ի հիմնադիր անդամներ են։ Միևնույն ժամանակ, ինչպես Արևելյան Եվրոպայի մյուս երկրները, Բելառուսն էլ իրեն ընկալում է որպես Եվրոպայի մաս, աշխարհաքաղաքական կարևոր նշանակությամբ երկիր։

Ուստի, լինելով Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից՝ բելառուսական իշխանությունները դեմ չէին նաև Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը։

Այս շրջանում Վաշինգթոն-Մինսկ հարաբերությունների որակի մասին պատկերացում են տալիս ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը։ 1991թ. Բելառուս այցելեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, իսկ 1994թ. հունվարին՝ նախագահ Բիլ Քլինթոնը։

Բելառուսի և Եվրոպական Միության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 1992թ. օգոստոսին։ 1995թ. մարտին ստորագրվեց համաձայնագիր Գործընկերության և համագործակցության մասին։

Երկրորդ փուլը տևեց 1990-ական թթ. կեսից մինչև 2000-ականների վերջը, որը բնորոշվում էր Արևմուտքի և Բելառուսի հարաբերությունների սառնությամբ, ինչպես նաև փոխադարձ սուր հռետորաբանությամբ։

1994թ. ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն գնաց իր իշխանությունն աստիճանաբար ամրապնդելու ճանապարհով, որի ուղիներից մեկն էլ նախագահի լիազորությունների ընդլայնումն էր։ Նման քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց ինչպես դրսում՝ արևմտյան երկրների ու կառույցների, այնպես էլ ներսում՝ արևմտամետ ընդդիմության շրջանում։ Արևմուտքն ի դեմս Ալ. Լուկաշենկոյի սկսեց տեսնել «Եվրոպայի վերջին բռնապետին»։

Հարաբերությունների վատթարացման մյուս պատճառը նախագահ Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի հետ իր երկրի համարկումը խորացնելու քաղաքականությունն էր։ Ռուսաստանից էժան էներգակիրներ և այլ արտոնություներ ստանալով՝ նրան հաջողվեց կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում։

Բացի հռետորաբանությունից, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը դրսևորվեց նաև գործնական հարթության մեջ։ Կասեցվեց 1995թ. Մինսկի և Բրյուսելի միջև ստորագրված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը։ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառեց մի շարք բելառուս պաշտոնյաների ու ձեռնարկությունների նկատմամբ, սահմանափակվեց հաղորդակցությունը, չեղարկվեցին համագործակցության մի շարք ուղղություններ։ Իսկ Վաշինգտոնի հետ հարաբերություններն այնքան սրվեցին, որ 2008թ. Մինսկի պահանջով ԱՄՆ դեսպանը լքեց Բելառուսի տարածքը, և մինչ օրս երկու երկրների  դիվանագիտական ներկայացուցչությունները ղեկավարում են գործերի ժամանակավոր հավատարմատարները։

Այնուամենայնիվ, այս փուլում ևս եղել են համարկմանն ուղղված երկուստեք քայլեր։ 1996թ. հունիսին Բելառուսը դարձավ Կենտրոնաեվրոպական նախաձեռնության (ԿԵՆ) լիիրավ անդամ։ Այս կազմակերպության նպատակը  ԵՄ հետ համարկման գործընթացում անցումային տնտեսությամբ երկրներին աջակցելն է։ Չնայած Բելառուսը հիշյալ կառույցի անդամ 18 երկրներից միակն է, որ ԵՄ-ին անդամակցության ցանկություն պաշտոնապես չի հայտնել[1], այնուամենայնիվ, կազմակերպությանն անդամակցության փաստն ինքնին ԵՄ-ի հետ համարկման ձգտելու և այդպիսի գործընթացի մեջ ներգրավվածության վկայություն է։

Երրորդ փուլը սկսվեց 2000-ականների վերջից և որոշ վայրիվերումներով շարունակվում է մինչ օրս։ Այս փուլում սառույցը սկսեց հալվել երկուստեք։

ԵՄ-Բելառուս հարաբերությունների ջերմացման մեկնակետը կարելի է համարել 2006թ. նոյեմբերը։ Եվրոպական Միությունը, «գիտակցելով մեկուսացման քաղաքականության անարդյունավետությունը և օգտվելով ռուս-բելառուսական հարաբերությունների բարդացման շրջանից»[2], համագործակցության խորացման առաջարկ արեց Մինսկին։ Այն նախատեսում էր Բելառուսին հատկացվող տնտեսական, սոցիալական, ֆինանսական, ենթակառուցվածքների զարգացման, բնապահպանական, կրթական, առողջապահական և այլ օգնության ծավալը հասցնել հարևան երկրներին տրվող աջակցության ծավալին։ Փոխարենը Մինսկը պետք է ապահովեր ազատ և արդար ընտրություններ, մամուլի, խոսքի և խղճի ազատություն, ընդդիմության ազատ գործունեություն, անկախ դատական համակարգ և այլն[3]։

2008թ. Բրյուսելը չեղարկեց մի շարք պատժամիջոցներ։ Նույն թվականին Մինսկում բացվեց Եվրոպական Միության դիվանագիտական ներկայացուցչությունը։ Բելառուսը 2009թ. ընդգրկվեց ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրում։

2010թ. սկսած Բելառուսի տարածքն սկսեց օգտագործվել Աֆղանստան ամերիկյան ռազմական և ոչ ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը Բելառուսի նկատմամբ մեծացավ 2014թ. ուկրաինական ճգնաժամից հետո, երբ սրվեց աշխարհաքաղաքական պայքարը Արևելյան Եվրոպայում։ Բելառուսը սկսեց դիտվել ոչ միայն որպես Աֆղանստան բեռներ տեղափոխելու տարանցիկ երկիր, այլև սկսեց բարձր գնահատվել նրա նշանակությունը աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում։

Այսպիսով, ուկրաինական ճգնաժամից հետո Մինսկը ձեռք բերեց երկակի կարևորություն Արևմուտքի համար։ «Բելառուսը հետաքրքիր դարձավ և՛ որպես անվտանգ տարանցման տարածք, և՛ որպես Ռուսաստանին զսպելու և Ուկրաինայի անվտանգության (հյուսիսային սահմանի պաշտպանություն) ռազմավարության կարևոր տարր»,- գրում է Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտի[4] հրատարակությունը[5]։

2020թ. փետրվարի 1-ին Բելառուս այցելեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ 1994թ.-ից հետո սա ամերիկյան ամենաբարձր պետական պաշտոնյայի այցելությունն էր։

2019թ. դեկտեմբերին Մինսկը նույնիսկ պատրաստակամություն էր հայտնել մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ սկզբում դիտորդի կարգավիճակով, ինչն արժանացել էր դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի դրական արձագանքին[6]։ 2020թ. հունիսի 5-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ դառնում են ավելի ու ավելի փոխվստահելի[7]։

Ներկայում Վաշինգտոն-Մինսկ հարաբերություններն այն աստիճանի են ջերմացել, որ վերականգնվում է արտակարգ և լիազոր դեսպանների մակարդակով դիվանագիտական ներկայացվածությունը։ 2020թ. մայիսի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մինսկում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրեց կադրային դիվանագետ, Արևմտյան Եվրոպայի և ԵՄ-ի գծով պետքարտուղարի տեղակալի օգնական Ջուլի Ֆիշերի թեկնածությունը[8]։ Վերջինս դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում։

Ինչպես նշվեց, այս փուլում հարաբերությունները կարգավորելու տրամադրվածությունը փոխադարձ էր։ Արևմուտքը փոխեց քաղաքականությունը Լուկաշենկոյի վարչակարգի նկատմամբ՝ այն տապալելու ռազմավարական նպատակից անցում կատարելով ավելի եվրոպամետ, արևմտամետ դարձնելու ռազմավարությանը։ Այլ կերպ ասած՝ որդեգրվեց «Եվրոպայի վերջին բռնապետից» բարեփոխիչ կերտելու գիծը։

Մյուս կողմից՝ բելառուսական իշխանություններն եկան այն գիտակցության, որ առանց արևմտյան ներդրումների և տեխնոլոգիաների, որոնց հասանելիությունը սահմանափակ է տնտեսական պատժամիջոցների պատճառով, երկիրը դատապարտված է հետամնացության։ Բացի այդ, բելառուսական վերնախավին անհանգստացնում է նաև երկրի տնտեսական կախվածության մեծացումը Ռուսաստանից, որը կհանգեցնի նաև քաղաքական կախվածության մեծացման։

Բելառուսական քաղաքական վերնախավում՝ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության շրջանում, առկա է որոշակի վախ, որ Ռուսաստանը կարող է իրեն միացնել Բելառուսը կամ նրա մի մասը, թեև Ռուսաստանի կողմից նման ազդակներ երբեք չեն եղել։ Ղրիմի վերամիավորումից հետո այս տագնապն ավելի մեծացավ։ Միացյալ Նահանգներն էլ իրենց հերթին են սնուցում այն. «2018թ. Բելառուսը հռչակվեց հուսալի ամրոց (բաստիոն) ընդդեմ ռուսական նորկայսերապաշտության (նեոիմպերիալիզմ)»[9]։

Բելառուսական իշխանություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում են որպես Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու կամ հակակշռելու հնարավորություն, ինչի մասին 2020թ. սկզբին անթաքույց հայտարարել է նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ Ռուսաստանի հետ նոր խնդիրների դեպքում ինքը կապավինի ԱՄՆ-ի օգնությանը[10]։ Բելառուսի նախագահի նման հայտարարության համար հիմք է ծառայել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններում վերջինիս հավաստիացումը, որ Մոսկվայի հետ խնդիրների դեպքում ԱՄՆ-ն կօգնի Մինսկին։

Համաձայն ռուսական փորձագիտական շրջանակների՝ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմամբ Լուկաշենկոն փորձում է լուծել նաև իր իշխանության պահպանման խնդիրը։ Ինչպես գրում է ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալ. Գրոնսկին, «Տարփողումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև անհրաժեշտ է Բելառուսի նախագահին իր իշխանությունը պահպանելու համար»[11]։

Հաջորդ կարևոր գործոնը Մինսկի համար, որը հիմք եղավ բարելավելու հարաբերություններն Արևմուտքի հետ, այն գիտակցությունն էր, որ վերջինիս նման հզոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ուժի կենտրոնի հետ առճակատումը վնասակար, եթե ոչ՝ կործանարար կարող է լինել նույնիսկ Ռուսաստանի նման դաշնակից ունենալու դեպքում։ Արևմուտքն ունի ազդեցության տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ռազմական, տեղեկատվական բազում լծակներ, որոնցով ունակ է նույնիսկ կոշտ ուժի քաղաքականություն վարելու։ Վերջապես, այլ երկրների փորձը ցույց տվեց, որ Արևմուտքը կարող է մի օր էլ գունավոր հեղափոխություններ արտահանել Բելառուս։ Նաև նման սցենարների կանխման ձգտումն է ընկած բելառուսական իշխանությունների՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության հիմքում։

Դ իտարկումը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Բելառուս և Արևմուտք-Բելառուս հարաբերությունները հակադարձ համեմատական են. Արևմուտքի հետ Բելառուսի հարաբերությունները սրվում են, երբ Մինսկը խորացնում է համարկման քաղաքականությունը Մոսկվայի հետ։ Վկան՝ Արևմուտք-Բելառուս հարաբերությունների վերոհիշյալ երկրորդ փուլը, որն աչքի էր ընկնում լարվածությամբ։ Եվ հակառակը՝ երբ լարվածություն է առաջանում Մոսկվայի և Մինսկի հարաբերություններում, նկատվում են Արևմուտք-Բելառուս ջերմացման միտումներ։

Այս առումով հատկանշական է, որ Արևմուտք-Բելառուս հարաբերությունների ջերմացման փուլի սկիզբը 2000-ականների կեսին ժամանակագրորեն համընկավ Ռուսաստան-Բելառուս ակնհայտ խնդիրների, մասնավորապես՝ «նավթային պատերազմի» հետ։ Օգտագործելով պահը՝ Արևմուտքը սկսեց գնալ ոչ թե Լուկաշենկոյի վարչակարգի տապալման, այլ «վերադաստիարակման» ճանապարհով՝ հաշվարկելով, որ դա անելն ավելի հեշտ է[12]։


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլ. Մակեյը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

2020թ. մարտին Վաշինգտոն-Մինսկ հարաբերությունների ջերմացման ետնապատկերին Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլ. Մակեյը հայտարարեց, որ Մինսկը իմաստ չի տեսնում համարկման խորացման շուրջ Ռուսաստանի հետ աշխատելու մեջ, քանի դեռ լուծված չէ նավթի գնի հարցը[13]։

Արևմուտքի և Բելառուսի հարաբերությունների ջերմացման ետնապատկերին ավելի ու ավելի սուր են դրսևորվում Մոսկվայի և Մինսկի տնտեսական և ռազմաքաղաքական հակասությունները, որոնք շատ են, օրինակ՝

  1. 2008-2009թթ. Բելառուսն այդպես էլ չճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ չցանկանալով լարվածություն առաջացնել արևմտյան երկրների հետ հարաբերություններում, հատկապես, որ Մոսկվան համարժեք փոխհատուցում չէր առաջարկում։ 2009թ. հուլիսի 22-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կոչ արեց իր քաղաքացիներին Աբխազիա և Հարավային Օսիա մեկնելիս առաջնորդվել վրացական օրենսդրությամբ, ինչը նշանակում էր վերջնական հրաժարում այդ երկրների անկախության ճանաչումից[14]։
  2. 2014թ. Ղրիմի և Դոնբասի ճգնաժամից հետո Մինսկն ուկրաինական հարցում չպաշտպանեց Մոսկվայի քաղաքականությունը։ Ավելին, Բելառուսի դիրքորոշումն ավելի շատ հակառուսական էր. նա ճանաչեց Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դատապարտեց անկախական շարժումները՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, հանդես եկավ նաև ճգնաժամի լուծման գործում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվման ջատագովությամբ։
  3. 2015-2016թթ. Մոսկվան այդպես էլ չկարողացավ հասնել Բելառուսի տարածքում ռուսական ռազմակայան հիմնելու համաձայնությանը, ինչը բարձր գնահատվեց Արևմուտքի կողմից՝ որպես երկրի ինքնիշխանության պահպանմանն ուղղված լուրջ քայլ։ 2020թ. նախագահ Լուկաշենկոն հայտարարեց, որ Մոսկվան Բելառուսի տարածքում տեղակայված իր ռազմական կառույցների (օբյեկտների)[15] համար վճարում է «զրո ռուբլի և զրո կոպեկ»[16]։

Ինքնիշխանության հաճախակի հիշատակմամբ խաղարկվում է հոգեբանական-զգացմունքային խաղաքարտը։ Համեմատաբար նորանկախ հետխորհրդային երկրների համար ազգային-պետական ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։ Այս առնչությամբ Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Կրավչենկոն 2020թ. մարտի սկզբին նշել է. «Ինքնիշխանությունը, որպես պետականության կենտրոնական բնութագիր, հատուկ տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքական խոսույթում։ Ինքնիշխանությունն անսասանելի արժեք է նաև Բելառուսի համար»[17]։ Եվ քանի որ հետխորհրդային երկրները եղել են սկզբում ցարական Ռուսաստանի, ապա Խորհրդային Միության կազմում, ապա պատմական հիշողության ուժով ինքնիշխանության համար պայքարը նրանցից շատերի դեպքում ունենում է հակախորհրդային և հակառուսական երանգավորում, այսինքն՝ ընկալվում է որպես պայքար ընդդեմ Ռուսաստանի։

Վերոհիշյալ դեպքերն ակնհայտ ցույց են տալիս, որ, հակառակ Միասնական պետության շրջանակներում նախատեսված արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համաձայնեցմանը[18], ռազմաքաղաքական դաշինքին, այնուամենայնիվ, թե՛ արտաքին և թե՛ ռազմական ոլորտներում երկու երկրների քաղաքականությունը միշտ չէ, որ համադրելի է։

Ո րքան էլ Արևմուտքը ձգտի Լուկաշենկոյի վարչակարգին սիրաշահելով Մինսկին հեռացնել Ռուսաստանից, այնուամենայնիվ, հնարավորություններն անսահմանափակ չեն։ Իրականում Բելառուսին շատ բան է կապում Ռուսաստանի հետ, ինչը հնարավոր չէ անտեսել և ինչը քաջ գիտակցում են երկրի ներկա իշխանությունները։

Դեռևս 2006թ., երբ ԵՄ-ն համագործակցության խորացում էր առաջարկում Մինսկին, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերի և ԱՊՀ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Վադիմ Պոպովը քննադատաբար հայտարարեց. «Դա հերթական թելադրանքի քաղաքականությունն է. դուք արեք սա, իսկ մենք հետո կտեսնենք։ ...Ընդառաջ քայլերը պետք է լինեն համանման և համաժամանակյա։ Երկկողմ երթևեկությամբ փողոց։ Իսկ առայժմ մեզ առաջարկում են միակողմանի երթևեկությամբ փողոց»[19]։

Հաշվի առնելով, որ պատգամավորները, փորձագետները, լրագրողները հաճախ գործադիր իշխանությունների խոսափող են, և նրանց բերանով վերջիններս ասում են այն, ինչն իրենք պաշտոնի բերումով չեն կարող ասել, չի բացառվում, որ հիշյալ պատգամավորի մտքերն արտահայտում էին պաշտոնական Մինսկի վերաբերմունքը։

Բելառուսին Ռուսաստանի հետ կապող առարկայական պատճառները, ինչպես նշվեց, շատ են։ Առաջինը երկրի տնտեսության խիստ կախվածությունն է ռուսական նավթից և գազից։ Արևմուտքն, անշուշտ, կարող է Բելառուսին մատակարարել էներգակիրներ, սակայն ոչ այն գնով, որով Ռուսաստանը։

Թեև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «մրցունակ գներով»[20] բավարարել Բելառուսի նավթի ողջ պահանջարկը, այնուամենայնիվ, որոշ հարցեր հստակության կարիք ունեն։ Հստակ չէ, թե ում համար մրցունակ գներով է ԱՄՆ-ն նավթ վաճառելու Բելառուսին՝ գնորդի, թե՞ վաճառողի։ Եթե անգամ գնորդի, ապա հստակ չէ, թե ո՞րն է այդ գինը։ Հետևաբար, նման հայտարարությունը դեռևս հիմք չէ հրաժարվելու ռուսական էներգակիրներից։ Չմոռանանք, որ նավթն ու գազն ունեն միջազգային շուկայական գին, իսկ արևմտյան տերությունների համար քաղաքականից բացի ոչ պակաս կարևոր է գործարար շահը։

Իսկ միջազգային գնով նավթի և գազի մատակարարումը կործանարար կարող է լինել Բելառուսի տնտեսության համար։ Եթե Գերմանիայի նման հզորագույն տնտեսությունը հրաժարվում է ամերիկյան հեղուկ գազից՝ թանկ լինելու պատճառով, և նախընտրում է համեմատաբար էժան ռուսական բնական գազը ( և ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների կառուցում է «Հյուսիսային հոսք 2» գազատարը[21]), ապա ինչպե՞ս կարող է Բելառուսը նման «շքեղություն» իրեն թույլ տալ։

Երկրորդ պատճառն այն է, որ բելառուսական, ինչպես և հետխորհրդային այլ երկրների արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ չէ։ Եվրոպական խիստ չափանիշներն առայժմ բելառուսական արտադրանքի համար անմատչելի են դարձնում ԵՄ-ի շուկան։ Մինչդեռ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն բավականին մեծ շուկա են ապահովում բելառուսական արտահանման համար։ Հետևաբար, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն այն «թթվածինն» է, որը կենսական նշանակություն ունի Բելառուսի՝ որպես արտահանող տնտեսությամբ երկրի կերպարի պահպանման համար։ Որքան էլ նախագահ Լուկաշենկոն 2020թ. հունիսին երկրի նոր վարչապետի առջև խնդիր է դրել բազմազանեցնել (դիվերսիֆիկացնել) արտահանման շուկաները՝ Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման նպատակով[22], այնուամենայնիվ, այդ խնդրի լուծումն այնքան էլ հեշտ չէ և տեսանելի ապագայում հազիվ թե իրականություն դառնա։

Երրորդ պատճառն այն է, որ Բելառուսի տնտեսական համակարգում կարևոր տեղ ունի ռազմարդյունաբերական համալիրը, որը դեռևս խորհրդային ժամանակներից Ռուսաստանի հետ սերտ համագործակցում է։ Արևմուտքի հետ համարկումը՝ ի հաշիվ Ռուսաստանի, հղի է ռազմարդյունաբերական համալիրի փլուզմամբ, թեկուզ այն պատճառով, որ կա բելառուսական ռազմական արտադրանքի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանության խնդիր։ Իսկ ռազմարդյունաբերական համալիրի փլուզումը կնշանակի գիտատար արդյունաբերության էական մասը կազմող և բելառուսական արտահանման զգալի հատվածն ապահովող մի կարևոր ճյուղի կորուստ։

Վերջապես, եթե անգամ հետագայում այս բոլոր վնասները փոխհատուցվեն, ապա, միևնույն է, անցումային փուլը կարող է շատ ցավոտ լինել ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար։

Պատահական չէ, որ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով հանգիստ են վերաբերվում Բելառուսի հարաբերություններին Արևմուտքի երկրների հետ։ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Բելառուս այցելության առնչությամբ նշել է. «Մենք չենք կարող և չենք ցանկանում մեկնաբանել մեր գործընկերների շփումները երրորդ երկրների հետ, դա բացարձակ ինքնիշխան իրավունք է»[23]։

Պաշտոնական Մինսկն էլ, իր հերթին, ձգտում է ցույց տալ, որ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Ռուսաստանի և Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների դեմ։ Այս գործն իրենց վրա են վերցնում բելառուս դիվանագետները, ովքեր փորձում են նախագահ Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններից հետո համապատասխան պարզաբանումներով թոթափել առաջացող լարվածությունը։ Այսպես, 2020թ. մարտի սկզբին խոսելով Վաշինգտոն-Մինսկ հարաբերությունների ջերմացման մասին՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն ասել է. «Ես կտրականապես դեմ եմ ԱՄՆ-ի հետ բնականոն հարաբերությունների հակադրմանը Ռուսաստանի հետ Բելառուսի ռազմավարական դաշնակցային հարաբերություններին։ Դրանցում հակառուսական ոչինչ չկա և չի կարող լինել։ Առաջին հերթին՝ որովհետև մենք այդպիսի ծրագրեր չունենք, երկրորդը՝ որովհետև ամերիկացիները ոչ միայն մեզնից չեն պահանջում, այլև չեն էլ առաջարկում թիկունք դարձնել Ռուսաստանին»[24]։ Ապա դիվանագետը շարունակում է. «ԱՄՆ-ի հետ շփումների ընդլայնման տրամաբանությունը՝ ի հաշիվ կամ ի վնաս Ռուսաստանի հետ համալիր, բազմամակարդակ[25], մեզ համար շահեկան կապերի, սխալ է, անիմաստ և անընդունելի մեզ համար»[26]։

Որքան էլ ջերմացման միտումներ նկատվեն Արևմուտք-Բելառուս հարաբերություններում, ներկա պահին դրանք դեռևս հեռու են բարձր մակարդակի լինելուց. հակառակ տարեսկզբին նկատվող հարաբերությունների բարելավմանը՝ 2020թ. հունիսի 11-ին Միացյալ Նահանգները մեկ տարով երկարացրին Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ այն հիմնավորմամբ, որ վերջինիս կառավարության որոշ անդամների գործողությունները շարունակում են հատուկ և արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը[27]։ Պատժամիջոցները շարունակում են տարածվել նաև նախագահ Լուկաշենկոյի վրա, որի մուտքն ԱՄՆ արգելված է։

Բացի այդ, կա նաև ընկերահոգեբանական գործոնը. Բելառուսական հասարակությունը չի տառապում այնպիսի ռուսատյացությամբ (ռուսաֆոբիա), ինչը բնորոշ է հետխորհրդային որոշ երկրներին։ Առկա է ռուս և բելառուս ժողովուրդների ազգակցության և քաղաքակրթական մեծ ընդհանրությունների գործոնը։ Թերևս սա էր ակնարկում Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլ. Մակեյը՝ նշելով. «Դժվար թե կարելի է պատկերացնել հասարակություն, որն ընդունակ է վերափոխվելու մեկ գիշերվա ընթացքում՝ միայն իր ընտրանու քաղաքական ձգտումների հիման վրա»[28]։ Նախարարի ուղերձը եվրոպացիներին այն էր, որ, չնայած բելառուսական ընտրանին պատրաստ է ընդունել եվրոպական նորմերը, բայց հասարակությունն ունակ չէ նույն արագությամբ փոխելու ավանդական աշխարհայացքը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու ցանկությունը։

Այս հանգամանքը գիտակցում է նաև Արևմուտքը։ Այդ պատճառով էլ բելառուսական ուղղությամբ իր քաղաքականությունն իրականացնում է՝ աշխատելով ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ։ Նման գործառույթ ունի, օրինակ, Մինսկում ԵՄ-ի ներկայացուցչությունը։ Մեծ աշխատանք է տարվում հատկապես երիտասարդության շրջանում։

Հետևաբար, որքան էլ իշխանությունները փորձեն հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերություններն Արևմուտքով, բելառուսական քաղաքական վերնախավում արևմտամետ քաղաքական կողմնորոշման կրողն, այնուամենայնիվ, ընդդիմությունն է։ Վերջինիս էլ պատկանում է հակառուսական հռետորաբանության «առաջին ջութակի» դերը։


[1] 9 երկիր ԵՄ-ի անդամ է, 8-ը՝ պաշտոնապես հայտարարել է նրան անդամակցելու քաղաքական կուրսի մասին։ Гронский, Ал., Отношения Белоруссии с Европейским Союзом и США (1992–2018 гг.): от дистанцирования к дрейфу на Запад, Контуры глобальных трансформаций, т. 12, № 2, 2019, с. 74.

[2] Кириллов П. Запад хочет демократизировать Беларусь одним махом

[3] Տե՛ս Что Европейский Союз может дать Беларуси

[4] Belarusian Institute for Strategic Studies

[5] Мельянцов Д., Отношения Беларуси и США: возможна ли перезагрузка? Внешнеполитический
акцент, №22, сентябрь–октябрь 2014 г., с. 2.

[6] Фаляхов Р., С НАТО –  на равных: как Лукашенко строит отношения с Европой

[7] Նույն տեղում։

[8] Трамп выдвинул Джули Фишер на пост посла в Белоруссии

[9] Гронский, Ал., նշվ. աշխ., էջ 71-72։

[10] Кривошеев К., Коваленко М., Александр Лукашенко предался американской мечте: 
Президент Белоруссии продолжает поворот на Запад

[11] Гронский, Ал., նշվ. աշխ., էջ 72։

[12] Кириллов П., նշվ. աշխ.։

[13] Фаляхов Р., նշվ. աշխ.։

[14] Неменский О., «Последний союзник: Российско-белорусские отношения на современном этапе», Контуры глобальных трансформаций, выпуск 5, том 9, 2016, с. 34.

[15] Բելառուսի տարածքում գտնվում է ռուսական երկու ռազմական կառույց՝ «Վոլգա» ռադիոտեղորոշիչ կայանը Բարանովիչիում և Ռազմածովային նավատորմի 43-րդ կապի հանգույցը Վիլեյկայում։

[16] Фаляхов Р., նշվ. աշխ.։

[17] Минск не увидел "ничего антироссийского" в улучшении отношений Белоруссии и США

[18] Տե՛ս Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел Республики Беларусь В.В.Макеем, Минск, 19 июня 2020 года

[19] Кириллов П., նշվ. աշխ.։

[20] Помпео заявил о готовности США обеспечить Белоруссию нефтью по рыночным ценам

[21] Տե՛ս Вести в 20:00 от 01.07.20

[22] Տե՛ս Фаляхов Р., նշվ. աշխ.։

[23] Кривошеев К., Коваленко М., նշվ. աշխ.։

[24] Минск не увидел "ничего антироссийского" в улучшении отношений Белоруссии и США

[25] Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական հարաբերությունները, օրինակ, զարգանում են ոչ միայն համապետական, այլև տարածաշրջանների՝ երկրների առանձին վարչական միավորների մակարդակով։ Տե՛ս VI Форум регионов России и Белоруссии

[26] Минск не увидел "ничего антироссийского" в улучшении отношений Белоруссии и США

[27] Американские санкции в отношении Белоруссии снова продлены

[28] Выступление Министра иностранных дел Республики Беларусь В.В. Макея в ходе пленарного заседания на встрече министров иностранных дел стран Центрально-Европейской Инициативы (2017) // Министерство иностранных дел Республики Беларусь. с. 2. Հղումը ըստ՝ Гронский, Ал., նշվ. աշխ., էջ 75։