Ռուս-գերմանական հարաբերություններ

28 ր.   |  2020-06-01

Ժ ամանակակից ռուս-գերմանական հարաբերությունների պատմությունը սկսվում է 1955թ. սեպտեմբերի 13-ից, երբ ԽՍՀՄ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Խորհդային Միության անկումից անմիջապես հետո՝ 1991թ. դեկտեմբերի 26-ին, Գերմանիան ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ[1]՝ դրանով իսկ շարունակականություն հաղորդելով նախորդ դարի հիսունականների կեսից սկսված ռուս-գերմանական հարաբերություններին։ Ռուս-գերմանական հարաբերություններն արդի փուլում ունեն երկու հարթություն՝ երկկողմ կապեր և անվտանգության ոլորտում միջազգային համագործակցություն։

Երկկողմ հարաբերություններ

Ն երկայում ռուս-գերմանական հարաբերություններում կան քաղաքական որոշ կնճիռներ, որոնք հիմնականում պայմանավորված են ուկրաինական ճգնաժամով։ Գերմանիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ այն համարելով բռնակցում (անեքսիա)։

Նախքան ուկրաինական ճգնաժամի առաջացումը 2014թ. ռուս-գերմանական հարաբերությունները զարգանում էին հիմնականում բնականոն։ 2000-ականների սկզբին դրանք անգամ բնութագրվում էին «ռազմավարական գործընկերություն» արտահայտությամբ։ Այժմ, ուկրաինական ճգնաժամի համատեքստում, ռուս-գերմանական հարաբերություններում առկա կնճիռները հանգում են հակառուսական պատժամիջոցներին։ Խնդրի ծագումից կարճ ժամանակ անց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց Եվրամիության կողմից 2014թ. մարտի 17-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին՝ ներառյալ «հասցեական գործողություններն իրավիճակի սրման համար պատասխանատու անձանց նկատմամբ»[2]։ Այդ պատժամիջոցները շարունակվում են մինչ օրս։ Գերմանիան, ինչպես նաև ԵՄ այլ երկրներ, օրինակ, Ֆրանսիան, թեև պարբերաբար հնչեցնում են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման հնարավորության մասին, այնուամենայնիվ, դա կապում են ուկրաինական (Դոնբասի) ճգնաժամի հաղթահարման շուրջ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունների[3] իրականացման հետ։

Պատժամիջոցների հետևանքով տուժեց ռուս-գերմանական համագործակցությունը նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Սառեցվեցին գերմանական Rheinmetall[4] ընկերության տեխնոլոգիաներով Մուլինոյում (Նիժեգորոդյան մարզ) Ցամաքային զորքերի պատրաստման մարտական կենտրոնի շինարարությունը (նախագծի արժեքը գնահատվում էր 120 մլն. եվրո) և Ռուսաստանին Airbus Group NV[5] ընկերության կողմից 700 մլն. եվրո ընդհանուր արժողությամբ պաշտպանական-տիեզերական, մասնավորապես՝ արբանյակային տեխնոլոգիաների վաճառքի գործարքը[6]։

Ստացվում է, որ կիրառվող պատժամիջոցները միտված են Ռուսաստանին տեխնոլոգիաների (հիմնականում՝ ռազմական) մատակարարման սահմանափակմանը։ Կարելի է ենթադրել, որ գերմանական կողմը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի սպառնալիք է տեսնում իր և բովանդակ Եվրոպայի անվտանգության համար, թեև Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը քանիցս փաստարկված հայտարարել է, որ նման սպառնալիքի վերաբերյալ խոսակցությունները մտացածին են։

Այսպես, 2016թ. հրապարակված Գերմանիայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գրքում»՝ նվիրված ազգային անվտանգության խնդիրներին, Ռուսաստանը զբաղեցնում է երրորդ տեղը տաս ամենամեծ սպառնալիքների թվում։ Նշվում է, որ այդ երկիրը գործընկերջից վերածվել է հակառակորդի, որը «մեծացնում է ռազմական ակտիվությունը ԵՄ արտաքին սահմաններին»[7]։

Բացի ուկրաինական ճգնաժամը, ռուս-գերմանական հարաբերություններում որոշակի խնդիրներ էլ կան Հյուսիս-ատլանտյան դաշինքի գործունեության հետ։ Խոսքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին է՝ նրա անմիջական մերձեցումը Ռուսաստանի սահմաններին, հաճախակի զորավարժությունները, Լեհաստանում, Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը և այլն։ 1990-ականների վերջին ռուս-գերմանական հարաբերությունների համար փորձություն դարձան դաշինքի իրականացրած ռազմական գործողությունները Հարավսլավիայի (Սերբիայի) դեմ։

Չնայած քաղաքական հարթության մեջ առկա վերոհիշյալ խնդիրներին, այնուամենայնիվ, ակտիվորեն զարգանում են երկու երկրների կապերը էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիաների, տնտեսական և այլ բնագավառներում, որոնք կարող են հիմք դառնալ նաև քաղաքական խնդիրների լուծման, այլ կերպ ասած՝ քաղաքական հարթության մեջ հարաբերությունների առողջացման համար, ինչին ձգտում են երկու կողմերն էլ։ 2020թ. հունվարի 11-ին ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում ՌԴ նախագահ Վ. Պուտինն ընդգծեց. «Ռուսաստանը ձգտում է կառուցել համագործակցությունը Դաշնային Հանրապետության հետ հարգանքի, իրավահավասարության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»[8]։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի բնորոշմամբ՝ չնայած որոշ բարդություններին, օրինակ, Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցներին, Գերմանիան և Ռուսաստանը ունեն շատ խտացյալ (ինտենսիվ) փոխհարաբերություններ տնտեսության, գիտության, բուհական համագործակցության ոլորտներում[9]։

Ռուս-գերմանական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է երկուստեք գործնապաշտական (պրագմատիկ) շահերով։ Գերմանիայի կարևորությունը Ռուսաստանի համար առաջին հերթին առևտրատնտեսական հարաբերություններն են՝ Չինաստանից հետո Գերմանիան Ռուսաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է $43.8 մլրդ.։ Ամենաթարմ տվյալներով՝ գերմանական ներդրումները Ռուսաստանի տնտեսության մեջ հասնում են $20 մլրդ.-ի, իսկ ռուսական ներդրումները Գերմանիայում՝ $9 մլրդ.-ի[10]։

Էներգետիկայի ոլորտում ռուս-գերմանական հարաբերություններն արժևորվում են, քանի որ Ռուսաստանը կարևոր դեր ունի էներգակիրների՝ հիմնականում նավթի և գազի գերմանական պահանջարկը բավարարելու հարցում։ Համաձայն «Ռոսնեֆթ» ընկերության տվյալների՝ 2016-2019թթ. Գերմանիային մատակարարվել է 83 մլն. տոննա նավթ, որը վերջինիս նավթի ներկրման 25%-ն է[11]։

Վերջին տասնամյակներին իրականացված ամենախոշոր ռուս-գերմանական նախագծերն են «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարերը։ Առաջինը շահագործման է հանձնվել դեռևս 2012թ.։ Երկրորդ նախագծի առյուծի բաժինն արդեն իրականացվել է։ Մոտ 1.2 հազ. կմ երկարությամբ գազատարի մեծ մասն արդեն կառուցվել է, մնացել է 160 կմ[12]։ «Հյուսիսային հոսք 1» գազատարով տարեկան Գերմանիա է արտահանվում 55 մլրդ. մ3 գազ։ «Հյուսիսային հոսք 2»-ն ունի նույնքան թողունակություն։ Այսպիսով, «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումից հետո Ռուսաստանը կունենա տարեկան 110 մլրդ. մ3 բնական գազ Գերմանիա արտահանելու հնարավորություն։

Հակառակ ԱՄՆ-ի խիստ հակազդեցությանը «Հյուսիսային հոսք 2» գազատարին, որի դրսևորումներից մեկն էլ պատժամիջոցներն են, Գերմանիան վճռական է նախագծի իրականացման հարցում՝ այն համարելով բացառապես տնտեսական ծրագիր։ Միացյալ Նահանգների կտրուկ հակազդեցությունն այդ նախագծին պայմանավորված է երկու հանգամանքով՝ տնտեսական և քաղաքական։

ԱՄՆ-ն ձգտում է իր հեղուկ գազի համար տեղ ապահովել գերմանական շուկայում։ Պարզ ասած՝ ցանկանում է, որ Գերմանիան ռուսական գազի փոխարեն գնի ամերիկյան հեղուկ գազ, չնայած ավելի բարձր գնին։

Քաղաքական առումով Միացյալ Նահանգները ձգտում է սահմանափակել ռուսական էներգակիրների մուտքը եվրոպական շուկա, ինչը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի տնտեսական մեկուսացմանը և զգալի հարված կհասցնի տնտեսությանը։ Ուստի, պատահական չեն նախագահ Թրամփի քննադատությունները Գերմանիայի և, մասնավորապես, կանցլեր Մերկելի հասցեին, առ այն, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից (ռուսական ագրեսիայից), մինչդեռ Գերմանիան ֆինանսավորում է ռուսական բանակը[13]։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի հակազդեցությունը «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի իրականացմանն ունի ավելի շատ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը նշանակում է, որ Գերմանիան հանուն իր գործնապաշտական շահերի պատրաստ է անտեսել աշխարհաքաղաքական գործընկերոջ և ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի հորդորները և անգամ դեմ գնալով նրա շահերին՝ Ռուսաստանի հետ իրականացնել փոխշահավետ նախագծեր։

Գերմանիան էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցում է, որովհետև նախ՝ ռուսական բնական գազն, ինչպես արդեն նշվեց, ավելի էժան է, և երկրորդը՝ Ռուսաստանն ապացուցել է էներգակիրների ոլորտում վստահելի գործընկերոջ, այն է՝ նավթի և գազի անխափան մատակարարի իր համբավը։ Անգամ քաղաքական և տնտեսական ծանրագույն ժամանականերում Ռուսաստանը չի դադարեցրել էներգակիրների մատակարարումը Եվրոպա։

Էներգակիրների ոլորտում ռուս-գերմանական համագործակցությունը նորություն չէ։ Այն սկիզբ է առել դեռևս նախորդ դարի երկրորդ կեսից՝ հետպատերազմյան շրջանում, իսկ ԱՄՆ-ն դեմ է եղել։ Խոսքը, հատկապես, Ռուսաստանից Գերմանիա խոշոր տրամաչափի գազամուղի անցկացման մասին է։ Եվ չնայած դրան, անգամ Սառը պատերազմի պայմաններում, երբ Ռուսաստանը և Գերմանիան (այն ժամանակ՝ Արևմտյան Գերմանիան) աշխարհաքաղաքական հակառակ ճամբարներում էին, Գերմանիային հաջողվեց հաղթահարել ԱՄՆ-ի ճնշումը և գազային ոլորտում գնալ Ռուսաստանի հետ համագործակցության՝ դրա համար տրամադրելով գերմանական տեխնոլոգիաներով պատրաստված խոշոր տրամաչափի խողովակներ։

Առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգանում են ոչ միայն համապետական՝ դաշնությունների, այլև ավելի ցածր՝ դաշնության սուբյեկտների մակարդակով։ Այս տեսակետից առավել նշանակալի է Գերմանիայի Բավարիա երկրամասի[14] գործունեությունը ՌԴ-ում։

Դեռևս 1995թ. Բավարիան բացել է իր ներկայացուցչությունը Ռուսաստանում։ Համաձայն նախագահ Վ. Պուտինի՝ Ռուսաստանում աշխատող գերմանական ընկերությունների 20%-ը բավարական ծագում ունի, իսկ ռուսական տնտեսության մեջ գերմանական խոշոր ներդրումների կեսից ավելին իրականացրել են այդ երկրամասում գրանցված ընկերությունները[15]։ Չնայած առևտրատնտեսական ոլորտում Բավարիայի թիվ մեկ գործընկերը Մոսկվայի մարզն է, այնուամենայնիվ, այն համագործակցում է նաև ՌԴ այլ սուբյեկտների հետ։

Դաշնության սուբյեկտների մակարդակով հարաբերությունների զարգացումը թույլ է տալիս դրանք որոշակիորեն զերծ պահել քաղաքական ազդեցությունից, այսինքն՝ երկու երկրները կարող են ունենալ անգամ սուր քաղաքական հակասություններ, սակայն դրանք մեծ հաշվով չեն ազդում ավելի ցածր՝ դաշնային սուբյեկտների մակարդակով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Այս մասին բաց տեքստով ասել է Գերմանիայի Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը՝ նշելով, որ անցած 25 տարիներին «անկախ քաղաքական եղանակից՝ այդ հարաբերությունները կայուն են»[16]։

Ռուսաստանի համար Գերմանիայի նման գիտատեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ գերմանական կապիտալ ներդրումները, կարևոր են ոչ միայն տնտեսական աճի, այլև արդիականացման տեսանկյունից՝ հատկապես, ենթակառուցվածքների զարգացման, արհեստական բանականության, տիեզերագնացության, կանաչ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Այսպիսով, ռուս-գերմանական տնտեսական համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա։ Ռուսաստանին անհրաժեշտ են գերմանական տեխնոլոգիաները և ֆինանսական ներդրումները, իսկ Գերմանիայի համար կարևոր են ռուսական էներգակիրները (նավթը և գազը), ինչպես նաև ռուսական շուկան։

Տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև այն փաստը, որ Ռուսաստանը և Գերմանիան ավելի մեծ տնտեսական միությունների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի առանցքային անդամներ են։ Համարկումը (ինտեգրացիա) երկու երկրներին էլ ավելի մեծ շուկա մուտքի հնարավորություն է ընձեռում։ Գերմանիայի համար բացվում են ԵԱՏՄ շուկայի դռները, իսկ Ռուսաստանի համար՝ ԵՄ-ինը։

Ինչ վերաբերում է երկկողմ քաղաքական խնդիրներին, ապա դրանց լուծման բանալին փոխմերձեցումն է։ Նման մոտեցում է որդեգրել Գերմանիան դեռևս խորհրդային ժամանակներից, որի արդարացված լինելու լավագույն ապացույցը Գերմանիայի վերամիավորումն էր 1990թ.[17], որը տեղի ունեցավ ոչ թե ուժով, այլ ռուս-գերմանական փոխադարձ մերձեցման շնորհիվ։ Խորհրդային Միությունը միակ տերությունն էր, որը կողմ էր Գերմանիայի վերամիավորմանը և իր աջակցությունն էր ցուցաբերում այդ գործընթացին։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի գծով Գերմանիայի ռազմաքաղաքական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, մեղմ ասած, չէին ողջունում այդ գաղափարը։ Եվ եթե չլիներ ԽՍՀՄ-ի աջակցությունը, մեծ է հավանականությունը, որ Գերմանիայի վերամիավորումը կարող էր և տեղի չունենալ։ Այսպիսով, երկկողմ հարաբերությունների ջերմացման արդյունքում Խորհրդային Միությունը ոչ միայն չխոչընդոտեց, այլև աջակցեց այդ գործընթացին[18]։

2020թ. փետրվարի 5-ին Գերմանիայի դեսպանի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը ռուս-գերմանական հարաբերությունների մասին ասաց հետևյալը. «Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կառուցողական գործակցությանը։ Տիկին կանցլեր Անգելա Մերկելի հետ կանոնավոր կերպով քննարկում ենք միջազգային և երկկողմ օրակարգի հրատապ խնդիրները։ Մենք սատարեցինք Բեռլինում լիբիական կարգավորման շուրջ համաժողովի անցկացմանը և ակտիվորեն մասնակցեցինք։ Ռուսաստանը և ԳԴՀ-ն խորացնում են փոխշահավետ համագործակցությունն առևտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտում, տրամադրված են նաև հետագա համատեղ դրական աշխատանքի»[19]։

Ռուսաստանի հանդեպ այսպիսի արտաքին քաղաքական ռազմավարությունը Գերմանիայում ձևավորվել է 1970-ական թվականների սկզբից՝ կանցլեր Վիլլի Բրանդտի[20] (1969-1974թթ.) արևելյան քաղաքականության համատեքստում։ Ըստ այդ մոտեցման՝ Գերմանիան, ունենալով քաղաքական տարաձայնություններ ԽՍՀՄ-ի, այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնության հետ, միաժամանակ ձգտում է սերտացնել տնտեսական համագործակցությունը, ինչն առավել վառ արտահայտվեց կանցլեր Գերհարդ Շրյոդերի կառավարման շրջանում (1998-2005թթ.)։ Եվ չնայած կանցլեր Անգելա Մերկելի օրոք քաղաքական տարաձայնությունների սրմանը, այնուամենայնիվ, Գերմանիան շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման նախորդ դարի 70-ականներից եկող փորձին։

Գերմանիայի քաղաքականությունը հիմնված է նաև այն տրամաբանության վրա, որ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման դեպքում Գերմանիան Ռուսաստանի վրա տնտեսական ազեցության ավելի շատ և գործուն լծակներ կունենա, ինչը կմեծացնի նաև քաղաքական ազդեցությունը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ Գերմանիան տեսնում է իր փափուկ ուժը։ Եվ թեկուզ միայն Գերմանիայի վերամիավորումը 1990թ. ցույց է տալիս այս քաղաքականության արդարացվածությունը։

Գերմանիային և Ռուսաստանին որոշակիորեն միավորում է նաև հոգեբանական գործոնը՝ պատմական ճակատագրերի որոշակի ընդհանրությունը կամ նմանությունը։ Խնդիրն առնչվում է երկու երկրների կրած խոշորագույն պարտություններին և դրանց հետևանքով Արևմուտքի ազդեցության և անգամ՝ թելադրանքի ներքո հայտնվելուն։ Գերմանիան պարտվել է Երկրորդ աշխարհամարտում, ինչի հետևանքով մինչ օրս այնտեղ է գտնվում ամերիկյան ամենամեծ ռազմական քանակակազմը (կոնտինգենտ) Եվրոպայում[21]։ Իսկ Սառը պատերազմում կրած պարտությունը և դրա հետևանք Խորհրդային Միության փլուզումը հավասարազոր էր կապիտուլյացիայի Ռուսաստանի համար։ Հատկապես 1990-ական թթ., թերևս չափազանցություն չի լինի ասել, երկիրը կառավարվում էր Արևմուտքի և նրա կողմից ղեկավարվող միջազգային կազմակերպությունների թելադրանքով։ Այսպիսով, երկու երկրները, հայտնվելով Արևմուտքի բիրտ ազդեցության ներքո, ձգտում են թոթափել այն, ինչը հոգեբանական գործոն է նրանց փոխըմբռնման համար։

Միջազգային համագործակցություն։

Ռուսաստանի և Գերմանիայի միջազգային դերի բարձրացումը

Մ իջազգային ճգնաժամերի շուրջ ռուս-գերմանական համագործակցությունը հիմնված է վերջին շրջանում աշխարհակարգի և միջազգային հարաբերություններում Ռուսաստանի ու Գերմանիայի դերակատարության փոփոխության հետ։ Սառը պատերազմի ավարտով ու ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած միաբևեռ աշխարհն աստիճանաբար վերափոխվում է բազմաբևեռի, երբ նախկինում ուժի միակ կենտրոնի (ԱՄՆ) կողքին հայտնվում են այլ ուժի կենտրոններ (ԵՄ, Ռուսաստան, Չինաստան և այլն)։

Այս համատեքստում վերջին տասնամյակի Ռուսաստանի պատմությունը տարածաշրջանային տերությունից համաշխարհային ուժի կենտրոնի վերածման գործընթաց է։ Առհասարակ՝ Խորհրդային Միության անկումից հետո Ռուսաստանի պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի.

Առաջինն ընդգրկում է 1990-2000թթ., որը կարելի է բնորոշել որպես պետության քայքայման, մասնատման փուլ։

Երկրորդն ընդգրկում է մոտավորապես հաջորդ տասնամյակը՝ 2000-2010թթ., որը բնորոշվում է որպես քայքայման ու մասնատման գործընթացի կասեցման և կայունացման փուլ։

Երրորդ փուլը ժամանակագրորեն սկսվում է պայմանականորեն՝ 2010թ.-ից և շարունակվում մինչ օրս։ Այն բնորոշվում է Ռուսաստանի վերադարձով մեծ աշխարհաքաղաքականություն և նրա կարևոր դերակատարությամբ գլոբալ ռազմաքաղաքական գործընթացներում։

Հետխորհրդային առաջին երկու տասնամյակներին, որոնք ժամանակագրորեն համընկնում են վերոհիշյալ երեք փուլերից առաջին երկուսի հետ, Ռուսաստանը հանդես էր գալիս որպես տարածաշրջանային տերություն, որի ազդեցությունը սահմանափակվում էր հիմնականում հետխորհրդային տարածքով՝ այն էլ լուրջ վերապահումներով։ Այդ տարիներին Ռուսաստանը գրեթե դերակատարություն չուներ այնպիսի լուրջ աշխարհաքաղաքական հարցերում, ինչպիսիք էին Իրաքի հակամարտությունը, Հարավսլավիայի մասնատումը և այլն։ Լավագույն դեպքում այն միայն խոսքով էր դատապարտում արտաքին հարձակումները այդ երկրների վրա՝ հատկապես, ՆԱՏՕ-ի կողմից 1999թ. Հարավսլավիայի ռմբակոծությունների[22] դեպքում, որոնք վերջնարդյունքում հանգեցրին ոչ միայն այդ պետության, այլև նրա առանցքը կազմող Սերբիայի[23] մասնատմանը։

Այս ժամանակահատվածում թերևս միակ հակամարտությունը, որտեղ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունեցավ, 2008թ. օգոստոսին բռնկված վրաց-օսական կամ ռուս-վրացական 5-օրյա պատերազմն էր։ Սակայն այդ հակամարտությունը, որքան էլ աշխարհաքաղաքական առումով կարևոր լիներ[24], այնուամենայնիվ, հետխորհրդային տարածքում էր, որտեղ, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանը շարունակում էր պահպանել զգալի ազդեցություն։

Ռուսաստանի դերակատարությունը նկատելի էր նաև 2006թ. լիբանանա-իսրայելական (ավելի ստույգ՝ Իսրայել-Հիզբալլահ) մեկամսյա պատերազմի ընթացքում։

Քանի որ և՛ վրաց-օսական հնգօրյա, և՛ լիբանանա-իսրայելական մեկամսյա պատերազմը ժամանակագրական առումով գտնվում են վերոհիշյալ փուլերից երկրորդի վերջում, ապա դրանք կարելի է դիտել որպես երրորդ փուլի, այն է՝ մեծ աշխարհաքաղաքականություն Ռուսաստանի վերադարձի նշաններ։

Հետխորհրդային ժամանակաշրջանի երրորդ տասնամյակից սկսած Ռուսաստանը սկսում է դերակատարություն ստանձնել միջազգային կարևոր ռազմաքաղաքական գործընթացներում՝ ավելի ու ավելի ամրապնդելով համաշխարհային ուժի կենտրոնի իր կարգավիճակը։ Դրա գործնական դրսևորումներն են.

Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ստանձնեց սիրիական ճգնաժամում։ Նրա անմիջական և գործուն ջանքերի շնորհիվ սկզբում կանխվեց ամերիկյան ներխուժումը Սիրիա 2013թ.՝ Բաշար ալ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման պատրվակով։ Այդ կերպ փաստորեն կանխվեց իրաքյան սցենարի կրկնությունը։ Խնդիրը հանգուցալուծվեց Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերմամբ։ Այնուհետև, 2015թ. սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը կտրուկ փոխեց ռազմական գործողությունների ընթացքը՝ ոչ միայն կանխելով Սիրիայի կործանումը, այլև հանգեցնելով երկրի տարածքի մեծագույն մասի ազատագրմանը։ Նախքան ռուսական միջամտությունը մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ԻՊ ահաբեկչական խմբավորումների միջև ընթանում էին արդեն մայրաքաղաք Դամասկոսի մատույցներում, և թվում էր, թե Ասադի վարչակարգի տապալումը ընդամենը ժամանակի հարց է։ Նշենք, որ Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտությանը կատարվում է հիմնականում օդատիեզերական զորքերի գործողությունների միջոցով։

Երկրորդը Ռուսաստանի ակտիվ դերակատարությունն է ուկրաինական ճգնաժամում։ Ճիշտ է, Ուկրաինան հետխորհրդային տարածքում է, սակայն գործընթացները և ներքին ու արտաքին հակասություններն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Այդ մասին է վկայում համաշխարհային ուժի կենտրոնների ներգրավվածությունն այդ երկրում և նրա շուրջ ծավալվող գործընթացներին։ Խոսքը, մասնավորապես, Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ) և Ռուսաստանի մասին է։ Հետևաբար, ուկրաինական ճգնաժամը նույնպես կարելի է դասել համաշխարհային աշխարհաքաղաքական խնդիրների շարքին։

Երրորդը Ռուսաստանի դերակատարության ակտիվացումն է Լիբիայի հարցում։ Չունենալով որևէ մասնակցություն հակամարտության վաղ փուլում՝ Ռուսաստանը հատկապես վերջին տարիներին էապես մեծացրել է իր ազդեցությունը[25]։ Այն դրսևորվեց ինչպես թուրքական նորօսմանական նկրտումները չեզոքացնելու գործում (2019թ. վերջ – 2020թ. սկիզբ)՝ ռազմական և դիվանագիտական միջոցներով, այնպես էլ Լիբիայի խնդրով բեռլինյան միջազգային գագաթաժողովի (2020թ. հունվարի 19) շրջանակներում։

Վերջապես, Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը համաշխարհային գործընթացներում ակնհայտ երևաց վենեսուելական հարցում։ Կարծում ենք, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը, այդ երկրի նախագահ Ն. Մադուրոն հազիվ թե կարողանար պահպանել իր պաշտոնը։ Չմոռանանք, որ Վենեսուելայում ամեն կերպ իշխանափոխության ձգտող ԱՄՆ-ն պատրաստ էր անգամ ռազմական ուժ կիրառել (միջամտություն)։

Այսպիսով, վերջին տասնամյակի աշխարհաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ եթե նախկինում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակվում էր միայն կենսական շահերի գոտի հռչակված հետխորհրդային տարածքով, ապա այժմ այդ ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է։

Վերջին տասնամյակների աշխարհաքաղաքկան փոփոխություններն առնչվում են նաև Գերմանիային՝ հանգեցնելով նրա դերի մեծացմանն ու ազդեցության ոլորտների ընդլայնմանը. եթե նախկինում Գերմանիան ներկայանում էր որպես տնտեսական հսկա՝ չունենալով որևէ աշխարհաքաղաքական դերակատարություն, ապա ներկայում այն գնալով ավելի ու ավելի է ընկալվում որպես համաշխարհային ուժի կենտրոն։

Պատահական չէ, որ 1990թ. վերամիավորումից հետո Գերմանիան աստիճանաբար դիրքավորվում է որպես ոչ թե Արևմուտքի մի մասնիկը, այլ նրանից անկախ միավոր։ Այս նոր դերի մեջ այն իրեն տեսնում է Արևմուտքի և Արևելքի կենտրոնում՝ որպես «կամուրջ» նրանց միջև[26]։ ԵՄ առանցքային այդ երկիրը չի կարող անտարբեր լինել աշխարհի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացների հանդեպ։

Գերմանիայի՝ որպես համաշխարհային մակարդակով քաղաքական դերակատարի և Արևելքի ու Արևմուտքի միջև «կամուրջի» դերն առկա է ինչպես գերմանացիների, այնպես էլ աշխարհի այլ պետությունների ու ժողովուրդների ընկալումներում։ Ժամանակին նախագահ Բաշար ալ Ասադի առաջարկությունը Գերմանիային միջնորդ լինել սիրիական հակամարտությունում[27] դրա վկայությունն է։

Միջազգային խնդիրները, որոնց շուրջ ընթանում է ռուս-գերմանական համագործակցությունը, ընդգրկում են համաշխարհային անվտանգությանն առնչվող հետևյալ ճգնաժամերը.

Ուկրաինական (Դոնբասի),

Սիրիական,

Իրանի միջուկային ծրագրի շուրջ,

Լիբիական

Համագործակցությունը տեղի է ունենում տարբեր ձևաչափերով, որոնք են.

Նորմանդական քառյակը. ընդգրկված են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան։

Վեցակողմ ձևաչափը. ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, և Գերմանիան։ Ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի ճգնաժամի հաղթահարման համար[28]։

Ուկրաինական (Դոնբասի) ճգնաժամ

Ու կրաինական ճգնաժամը ծագեց 2014թ. սկզբին՝ իշխանափոխությունից հետո[29]։ Այն ունի երկու ուղղություն՝ Ղրիմի և Դոնբասի։

Ղրիմի խնդիրը կապված է թերակղզին Ռուսաստանին միացնելու հետ, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում իշխանափոխությունից անմիջապես հետո։ Չնայած Եվրոպական Միությունը, այդ թվում՝ Գերմանիան, չի ճանաչում վերամիավորումը, ներկայում Ղրիմի հարցը Ռուսաստանի համար փակված է, որը չի պատրաստվում բանակցել որևէ պետության կամ միջազգային կազմակերպության հետ՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը ճանաչի թերակղզու ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հարգի նրա ընդունած որոշումը։

Երկրորդ ուղղությամբ Ռուսաստանն ու Գերմանիան ակտիվորեն ներգրավված են Դոնեցկի և Լուգանսկի ճգնաժամի հաղթահարման գործում։ Այդ նպատակով նրանք համատեղ աշխատում են Նորմանդական քառյակի ձևաչափով՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի հետ միասին։ Քառյակը ձևավորվել է 2014թ. Նորմանդիայում, որտեղից էլ գալիս է նրա անվանումը, և մինչ օրս անցկացրել է մի շարք հանդիպումներ[30]։

Քառյակի ամենամեծ ձեռքբերումը 2015թ. մինսկյան համաձայնություններն[31] են, որոնք գործողությունների ծրագիր են՝ ուղղված Ուկրաինայի արևելքում առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Այդ համաձայնությունները ձեռք բերվեցին Բելառուսի մայրաքաղաքում քառյակի երկրների առաջնորդների՝ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունների արդյունքում։ Չնայած պայմանավորվածությունների մեծ մասն այդպես էլ մնում է չիրականացված[32], այնուամենայնիվ, հենց դրանց շնորհիվ դադարեց պատերազմը Դոնբասում։

Թեև Նորմանդական քառյակը չի կարողացել հասնել խնդրի վերջնական լուծմանը, այնուամենայնիվ, գերմանական Deutsche Welle-ի բնորոշմամբ՝ այն ներկայում միակ կենսունակ ձևաչափն է, որի աշխատանքների շնորհիվ «հաջողվեց թույլ չտալ իրավիճակի լուրջ սրացում, ինչպես նաև թուլացնել լարվածությունը տարածաշրջանում»[33]։

Քառյակի գրանցած վերջին մասնակի հաջողություններից կարելի է համարել գերիների փոխանակումը, որի շուրջ համաձայնությունը ձեռք բերվեց 2019թ. վերջին՝ քառյակի երկրների առաջնորդների՝ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի, Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման արդյունքում։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամ

Ի րանի միջուկային ծրագրի հարցում Ռուսաստանն ու Գերմանիան ունեն համահունչ մոտեցումներ, որոնք կարճ ձևակերպմամբ հանգում են հետևյալին.

ա) Իրանը չպետք է ունենա միջուկային զենք,

բ) Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

2013թ. Իրանում Հասան Ռոհանիի նախագահ ընտրվելուց հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին միջուկային ծրագրի խնդրով միջազգային քաղաքական գործընթաց սկսելու համար։ Իսլամական Հանրապետության հետ բանակցելու համար ստեղծվեց 5+1 ձևաչափը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Չինաստան)՝ գումարած Գերմանիա։ Այս ձևաչափը կարելի է անվանել նաև 3+3 ձևաչափ. եվրաեռյակ (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա)[34]՝ գումարած ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան։

Վեցյակի և Իրանի բանակցությունների արդյունքը եղավ 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի[35] ստորագրումը, համաձայն որի՝

Իրանը սահմանափակում է ուրանի հարստացումը այնքան, որ հնարավոր չլինի զենք ստանալ (մինչև 5%),

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իրավունք է ստանում ստուգումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում,

Չեղարկվում են Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

Թեև ԱՄՆ-ն 2016թ. Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո հրաժարվեց Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից, սակայն մյուս կողմերը, այդ թվում՝ Իրանը, շարունակում են հավատարիմ մնալ դրան։ Ռուսաստանը և Գերմանիան նույնպես կողմնակից են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Խնդրի շուրջ երկու երկրների մոտեցումը լավագույնս է արտահայտել կանցլեր Ա. Մերկելը. «Մենք միասնական ենք այն դիրքորոշման մեջ, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ ԳՀՀԾ-ն[36] պահպանելու համար»[37]։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան համոզված է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ուստի կգործադրի «բոլոր դիվանագիտական միջոցները, որպեսզի այդ համաձայնությունը, որը, իհարկե՛, կատարյալ չէ, բայց ...պարունակում է պարտականություններ»[38] պահպանվի։

Սիրիական ճգնաժամ

Ս իրիական խնդրում Ռուսաստանի և Գերմանիայի միջև առկա են ինչպես հակասություններ, այնպես էլ դիրքորոշումների ներդաշնակություն։ Հակասություններն առաջին հերթին Սիրիայի, մասնավորապես, Բաշար ալ Ասադի վարչակարգի ապագայի վերաբերյալ են։ Գերմանիան, մնալով ընդհանուր արևմտյան գծի շրջանակներում, Բաշար ալ Ասադի հեռացմամբ Սիրիայի համար տեսնում է նոր ապագա[39], մինչդեռ Ռուսաստանը ճանաչում է նրա վարչակարգը որպես Սիրիայի օրինական իշխանություն։

Այնուամենայնիվ, Գերմանիայի դիրքորոշումն ավելի չափավոր է և տարբերվում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մոտեցումներից[40]։ Նաև դա է պատճառը, որ Գերմանիան ռազմական մասնակցություն չունի սիրիական հակամարտությանը։ Ավելին, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ճնշման ներքո զենքի էմբարգոյի վերացումից[41] հետո կանցլեր Ա. Մերկելը կտրուկ մերժեց Սիրիայի հակաասադական ուժերին զենք մատակարարել՝ այն հիմնավորմամբ, որ նախ՝ չկան իրավական հիմքեր, ապա՝ Գերմանիան հավատում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հավատարիմ է այդ գործընթացին[42]։

Սիրիական հարցում Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումների համընկնումը պայմանավորված է ընդհանուր շահերով և մոտեցումներով։

Փոխադարձ շահերը երկու երկրներին էլ թելադրում են նպաստել Սիրիայում խաղաղության հաստատմանը, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչն առաջին հերթին ունի անվտանգային նշանակություն՝ անօրինական միգրացիայի և ահաբեկչության տարածման դեմ պայքարը։

Սիրիական ճգնաժամն առնչվում է Գերմանիային առաջին հերթին միգրանտների խնդրով։ «Արաբական գարնան» հետևանքով միլիոնավար մարդիկ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից գաղթում են Եվրոպա, ինչը մարտահրավեր է ԵՄ-ի և մասնավորապես՝ Գերմանիայի համար։ Չմոռանանք, որ Եվրոպա մուտք գործող միգրանտները ձգտում են հաստատվել հիմնականում Գերմանիայում՝ որպես առավել բարեկեցիկ և սոցիալական երկիր։

Այնպես որ, Եվրոպական Միության այս կամ այն երկրում հայտնվելը միգրանտների համար ընդամենը ժամանակավոր հանգրվան է այնուհետև Գերմանիա թափանցելու համար։ Հետևաբար, Միջերկրականի ավազանի երկիր չլինելը բնավ չի պաշտպանում Գերմանիային ապօրինի միգրացիայից։ Սրանով է պայմանավորված նրա շահագրգռվածությունը խաղաղության և կայունության հաստատմամբ ինչպես բովանդակ Միջին Արևելքում, այնպես էլ Սիրիայում։

Ռուսաստանի համար սիրիական խնդիրը, բացի Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելուց, ունի նախ և առաջ՝ անվտանգային ենթատեքստ։ Ռուսական քաղաքական (իշխանական) ընտրախավում գերիշխում է այն տեսակետը, որ լիբիական սցենարի (նախագահ Մ. Քադաֆիի տապալման) կրկնության դեպքում Սիրիան կարող է վերածվել մերձավորարևելյան մեծ պատերազմի թատերաբեմի, որը կապակայունացնի ողջ Եվրասիան[43]։ Ռուսաստանի համար նման սցենարը Սիրիայից ահաբեկչության՝ Միջին Ասիայով Ռուսաստան ներթափանցման սպառնալիք է։ Այս առումով պատահական չէր ՌԴ նախագահ Պուտինի այն խոսքը՝ ուղղված Սիրիայում ծառայող ռուս զինվորականներին, ըստ որի՝ այնտեղ կռվող ռուս զինվորականը պաշտպանում է նաև իր տունը[44]։

Նման խնդիր ունի նաև Գերմանիան։ Միջին Արևելքում ակտիվ գործունեություն ծավալող ահաբեկիչները կարող են ներթափանցել  ոչ միայն Կենտրոնական Ասիա և Ռուսաստան (նաև՝ Հարավային Կովկաս), այլև Եվրոպա. տարածաշրջանն աշխարհագրորեն Եվրոպայից բաժանում է միայն Միջերկրական ծովը։

Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումները սիրիական հարցում համընկնում են նաև կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերում, թեև խնդիրը երկու կողմերի համար ունի տարբեր ենթատեքստ։

Ռուսաստանի համար այն առավելապես կրոնական է։ Վերջինս հանդես է գալիս Մերձավոր Արևելքի պետականազուրկ քրիստոնյա ժողովուրդների պաշտպանի և հովանավորի դերում։ Դա ոչ միայն Ռուսաստանի ինքնաընկալումն է, իրեն այդպիսի դերի վերագրումը, այլև Ռուսաստանի վերաբերյալ այդ ժողովուրդների պատկերացումը։ Խոսքն առավելապես ուղղափառ քրիստոնյաների մասին է[45]։ Ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդները Ռուսաստանից են ակնկալում իրենց անվտանգության երաշխավորումը՝ փոթորկահույզ և քաոսային մեր ժամանակներում[46]։ Բացի կրոնականից, Ռուսաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին հովանավորելու համար ունի նաև ազգային պատճառ. այս տարածաշրջանում առկա են նաև ռուսական համայնքներ։

Գերմանիան խնդիրը առավելապես դիտարկում է մարդու իրավունքների ու խղճի ազատության համատեքստում։ Արևմուտքում անգամ ամենամոլի հակաասադականներն ընդունում են, որ նախքան «արաբական գարունը» Սիրիայում կրոնական (քրիստոնեական) փոքրամասնությունների դրությունը շատ ավելի բարվոք էր, քան հիմա։ Նախ և առաջ՝ քաղաքական կայունությունը լուրջ հիմք էր նրանց ֆիզիկական անվտանգության համար, բացի այդ, պետության աշխարհիկ մոդելը երաշխավորում էր բոլոր կրոնական խմբերի՝ իրենց հավատքը ազատորեն դավանելու իրավունքը։ Այժմ պատերազմը սպառնալիք է քրիստոնյա փոքրամասնությունների ֆիզիկական գոյությանը[47], իսկ մյուս կողմից՝ վերջիններս անհանգստանում են, որ Ասադի տապալմամբ արմատական իսլամի հետևորդների իշխանության գալը կարող է զրկել նրանց իրենց հավատը ազատորեն դավանելու նվազագույն իրավունքից[48]։

Սիրիական հակամարտության կրոնական ենթատեքստի բնորոշ գծերից մեկը ներիսլամական՝ սուննի-շիա խնդիրն է. նախագահ Բաշար ալ Ասադը փոքրամասնություն կազմող շիայական մի ճյուղի՝ ալավիական համայնքի ներկայացուցիչ է։ Եվ չնայած պետության աշխարհիկ բնույթին, որի դեպքում կրանադավանական տարբերությունները և պատկանելությունը դեր չեն խաղում պետական, այդ թվում՝ բարձրագույն պաշտոններ զբաղեցնելիս, սուննի արմատականներն այս իրավիճակն ընկալում են որպես փոքրամասնության՝ ալավիների իշխանություն, հետևաբար՝ իրենց իրավունքների ոտնահարում։ Նման ընկալումը պատճառ է դարձել հակամարտության ընթացքում ալավիների զանգվածային կոտորածների իրենց իսկ համախումբ բնակության վայրերում[49]։

Նման պայմաններում Գերմանիան հայտնվել է ծանր երկընտրանքի առջև։ Մի կողմից՝ այն կողմնակից է Ասադի հեռացմանն իշխանությունից, իսկ մյուս կողմից՝ գիտակցում է, որ նրա հակառակորդների մեծ մասը՝ 50%-ից ավելին, արմատական իսլամիստներ են[50]։

Սիրիական հարցում Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումների որոշակի ներդաշնակություն է նկատվում նաև «ընդդիմության»[51] հանդեպ վերաբերմունքի հարցում։ Գերմանիան, թեև բարոյապես աջակցում է Բաշար ալ Ասադի դեմ կռվողներին, սակայն, միևնույն ժամանակ, չի ճանաչում այդ ուժերին որպես սիրիացի ժողովրդի ներկայացուցիչ։ Այդ պատճառով էլ զերծ է մնում նրանց ռազմական աջակցություն ցուցաբերելուց։ Նրա բարոյական աջակցությունը հակաասադական ուժերին սահմանափակվում է միայն դիվանագիտական և խորհրդատվական միջոցներով։

Ռուսաստանը նույնպես չի ճանաչում հակաասադական կազմակերպություններին՝ որպես սիրիացի ժողովրդին ներկայացնող քաղաքական ուժ, չնայած միջնորդական առաքելություն է իրականացնում նրանց և սիրիական գործող վարչակարգի միջև։ Առհասարակ՝ Ռուսաստանի նախաձեռնած սիրիական խաղաղ գործընթացը, որը կոչվում է Աստանայի գործընթաց, աչքի է ընկնում լայն ներկայացուցչականությամբ, որտեղ ընդգրկված են սիրիական գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Այսպիսով, Ռուսաստանի և Գերմանիայի դիրքորոշումների ընդհանրությունը կարելի է ձևակերպել որպես՝ առանց պաշտոնական ճանաչման աշխատելու պատրաստակամություն[52]։

Շահերի ընդհանրությունը և շատ դեպքերում դիրքորոշումների համընկնումը նպաստավոր պայմաններ են ստեղծում Գերմանիայի և Ռուսաստանի համագործակցության համար։ Նրանք փորձում են համատեղ նպաստել սիրիական սահմանադրական գործընթացին։

Երկու երկրների համագործակցությունն ակնառու դրսևորվեց Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործում։ Կողմնակից լինելով հումանիտար աղետի հնարավորինս շուտ ավարտին՝ Գերմանիան և Ռուսաստանը համակարծիք են նաև հակամարտող կողմերի զինաթափման հարցում։

Խոսքն առավելապես վերաբերում է քիմիական զենքին, որի վերացման ուղղությամբ աշխատանքները ռուս-գերմանական բազմակողմ համագործակցության լավ օրինակ են։ Երբ 2013թ. Ռուսաստանը հանդես եկավ Բաշար ալ Ասադի վարչակարգի ունեցած քիմիական զենքի ոչնչացման նախաձեռնությամբ, Գերմանիան ողջունեց այն և պատրաստակամություն հայտնեց գործնականում՝ տեխնիկապես և ֆինանսապես, աջակցել այդ գործընթացին[53], ինչն էլ շուտով կյանքի կոչվեց։

Լիբիական ճգնաժամ

Լ իբիական ճգնաժամի հաղթահարման խնդրում ռուս-գերմանական համագործակցության այժմեականությունը Գերմանիայի համար մեծանում է, քանի որ Եվրոպական Միության երկրների միջև չկա միասնական դիրքորոշում։ Ավելին՝ հակասություններն ու շահերի բախումն ավելի ակնհայտ են, քան համագործակցության ոգին։

Օրինակ՝ Լիբիայում փաստացի ստեղծված երկիշխանական իրավիճակում գործող երկու իշխանություններին աջակցելու, նրանց հետ շփումներ հաստատելու և պահպանելու հարցում հակոտնյա դիրքորոշումներ ունեն Ֆրանսիան և Իտալիան։ Մինչ Իտալիան աջակցում է Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությանը՝ վարչապետ Ֆ. Սարաջի գլխավորությամբ, Ֆրանսիան աջակցում է Թոբրուկ քաղաքում հիմնավորված Լիբիական ազգային բանակ ռազմաքաղաքական կառույցին՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որը ներկա պահին վերահսկում է երկրի մոտ 95%-ը[54], այդ թվում՝ նավթի պաշարների մեծագույն մասը։

Եվրամիության անդամ երկրների միջև նման խորքային հակասությունները թույլ չեն տալիս միասնական քաղաքականություն որդեգրել լիբիական հարցում։ Մինչդեռ այդ երկիրը ԵՄ-ի համար կարևոր է ոչ միայն էներգակիրների պաշարներով, աշխարհագրական դիրքով, որը հնարավորություն է տալիս դիրքերն ամրապնդել Միջերկրական ծովում, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, այլև Եվրոպա անօրինական միգրացիայի խնդրով։ Լիբիան կարևոր հանգույց է անօրինական միգրացիայի ճանապարհին։ Այնտեղից Եվրոպա են մեկնում ոչ միայն լիբիացիներ, այլև ապօրինի միգրանտներ այլ երկրներից։

Լիբիական հարցում Գերմանիայի համար Ռուսաստանի հետ համագործակցությունն այժմեական է հատկապես վերջին տարիներին Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրական ծովում այդ երկրի հեղինակության ու ազդեցության մեծացման պայմաններում, ինչի դրսևորումներն են սիրիական խնդրում Ռուսաստանի ակտիվ և արդյունավետ քաղաքականությունը՝ այդ երկրի կործանման կանխումը, նրա զարգացող հարաբերությունները տարածաշրջանի այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրանը, Իսրայելը և այլն։ Ի դեմս Լիբիայում աստիճանաբար իր ներկայությունն ամրապնդող Ռուսաստանի՝ Գերմանիան տեսնում է գործընկերոջ, ում հետ համագործակցելով կարող է կանխել կամ գոնե կառավարելի դարձնել այդ երկրից ապօրինի գաղթականների հոսքը Եվրոպա։

Այսպիսով, և՛ Ռուսաստանի, և՛ Գերմանիայի շահերից է բխում Լիբիայում կայունության հաստատումը և հեռանկարում՝ խաղաղության ու ազգային միասնության վերականգնումը։ Ռուսաստանի շահերը պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով, ինչպես նաև տնտեսական հետաքրքրություններով՝ նախկին տնտեսական կապերը վերականգնելու հեռանկարով։ Ռուսաստանն անտարբեր չէ նաև լիբիական էներգակիրներով։ Իսկ Գերմանիայի շահերը Լիբիայում կայունության ու խաղաղության վերականգնման տեսանկյունից թելադրված են ապօրինի միգրացիայի գործոնով։ Որքան արագ վերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը Լիբիայում, այնքան շուտ կդադարի այնտեղից ապօրինի միգրանտների հոսքը Եվրոպա։

Լիբիական խնդրում բազմակողմ ձևաչափով ռուս-գերմանական համագործակցության վերջին հանգրվանը Գերմանիայի նախաձեռնությամբ գումարված Լիբիայի հարցով բեռլինյան միջազգային գագաթաժողովն էր 2020թ. հունվարի 19-ին։ Ռուսաստանը ողջունեց համաժողովի գաղափարը և ակտիվորեն մասնակցեց թե՛ նախապատրաստական աշխատանքներին[55], թե՛ բուն համաժողովին։

Լայն ներկայացուցչականությամբ աչքի ընկած բեռլինյան գագաթաժողովը, որը տևեց հինգ ժամ, կարող է դառնալ լիբիական հակամարտության կարգավորման կարևոր հանգրվան։ Դրա գլխավոր ձեռքբերումը դեռևս հունվարի 12-ին հաստատված հրադադարի ամրապնդման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և միջազգային համագործակցության հարցերի շուրջ պայմանավորվածություններն են, որոնք ամփոփվեցին գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։

Այսպիսով, բեռլինյան գագաթաժողովի արդյունքներով Լիբիայում խաղաղության վերահաստատման առաջին քայլն արված է՝ զինադադար է հաստատված հակամարտող կողմերի միջև։ Ու թեև ճգնաժամի քաղաքական հանգուցալուծման հեռանկարն այս պահին խիստ մշուշոտ է՝ նկատի ունենալով մի կողմից՝ հակամարտող կողմերի բևեռային դիրքորոշումները, մյուս կողմից՝ բազմաթիվ միջազգային դերակատարների ներգրավվածությունը, այնուամենայնիվ, կայուն հրադադարն արդեն իսկ լուրջ հիմք է քաոսից կանխատեսելիության անցնելու համար։ Իսկ դա առաջին հերթին նշանակում է միգրացիոն հոսքերի վերահսկելիություն և կառավարելիություն։ Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական կարգավորմանը, ապա, թեև, ինչպես նշվեց, այս պահին դրա հեռանկարն անորոշ է, այնուամենայնիվ, տևական կայունությունը կարող է հիմք դառնալ նաև քաղաքական գործընթացի առաջ մղման համար։


[1] Российско-германские политические отношения. Досье

[2] Նույն տեղում։

[3] Полный текст Минских соглашений

[4] https://www.rheinmetall-defence.com

[5] https://www.airbus.com/

[6] Российско-германские политические отношения. Досье

[7] Նույն տեղում։

[8] Пресс-конференция по итогам российско-германских переговоров

[9] Նույն տեղում։

[10] Նույն տեղում։

[11] Տե՛ս Встреча с главой компании «Роснефть» Игорем Сечиным

[12] Մկրտչյան Ջ., «Հյուսիսային հոսք-2»-ը կհասնի՞ Գերմանիա

[13] Այս մեղադրանքով նախագահն ամենայն հավանականությամբ նկատի ունի այն, որ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտների մի մասն էլ Ռուսաստանն ուղղում է իր զինված ուժերի զարգացմանը։

[14] Բավարիան Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած երկրամասն է։ Այն առաջատար է նաև գիտատեխնոլոգիական զարգացման առումով, մասնավորապես, արհեստական բանականության, օդատիեզերագնացության, մաքուր կամ կանաչ տեխնոլոգիաների ասպարեզում։

[15] Встреча с премьер-министром Баварии Маркусом Зёдером

[16] Նույն տեղում։

[17] Բազմաթիվ փորձագետների գնահատականով՝ իրականում տեղի է ունեցել ոչ թե երկու հանրապետությունների փոխադարձ միավորում, այլ պարզապես նախկին սոցիալիստական ճամբարի երկիր Արևելյան Գերմանիան՝ Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը, միացել է կապիտալիստական Արևմտյան Գերմանիային՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։

[18] Սա լավ օրինակ է ոչ միայն ռուսների և գերմանացիների համար, թե ինչպես պետք է լուծել երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրները, այլև առհասարակ՝ հակամարտությունների և քաղաքական սուր խնդիրների հաղթահարման մեթոդաբանության առումով։

[19] Церемония вручения верительных грамот

[20] Вилли Брандт – великий канцлер

[21] Бен Найт, Александра Елкина, Что нужно знать о военных базах США в Германии

[22] Տե՛ս Деян Анастасиевич, Бомбардировки Югославии двадцать лет спустя: последний рейс в Белград

[23] Սերբերը եղել են Ռուսաստանի ավանդական և պատմական դաշնակիցը Բալկաններում։

[24] Հակամարտության աշխարհաքաղաքական կարևորության մասին է վկայում միջազգային դերակատարների ակտիվ դիվանագիտական գործունեությունը վրաց-օսական հնգօրյա պատերազմի ժամանակ։ Կարծում ենք՝ Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ երկրներ) դիվանագիտական ջանքերի շնորհիվ էր, որ պատերազմից հետո Ռուսաստանն իր զորքերը հետ քաշեց Վրաստանի տարածքներից՝ Գորիից և այլն։

[25] Լիբիական ճգնաժամի վաղ փուլում Ռուսաստանը գրեթե որևէ մասնակցություն չուներ։

[26] Claus Christian Malzahn, Die gefährlichen deutschen Befindlichkeiten

[27] С. В. Арапина, Г. А. Яковлев, Германо-российские отношения и сирийский кризис, Вестник Кемеровского государственного университета 2014 № 3 (59) Т. 2, с. 260.

[28] Սույն վեցակողմ ձևաչափը հուշում է, որ Գերմանիան, թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ չէ, սակայն նրա քաղաքական կշիռն ու ազդեցությունն աշխարհում համազոր են այդ կարգավիճակին։

[29] Ուկրաինայի ներքաղաքական ցնցումները սկիզբ առան այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին հետաձգել Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Զանգվածային ցույցերի ու անկարգությունների ճնշման ներքո երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացավ Ռուսաստան։ Նրան հետագայում փոխարինեց խոշոր գործարար Պետրո Պորոշենկոն։

[30] Նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումներն ու բանակցությունները տեղի են ունենում ինչպես պետությունների բարձրագույն ղեկավարների, այնպես էլ արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով։

[31] Полный текст Минских соглашений

[32] Ինչի համար Ռուսաստանը և Ուկրաինան շարունակաբար մեղադրում են միմյանց։

[33] «Нормандская четверка»

[34] Եվրոպական Միության երեք առանցքային երկրները։

[35] Ծրագրի տեքսն ամբողջությամբ տե՛ս Совместный всеобъемлющий план действий по иранской ядерной программе

[36] Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր (ռուսերեն՝ Совместный всеобъемлющий план действий – СВПД; անգլերեն՝ Joint Comprehensive Plan of Action – JCPOA)

[37] Пресс-конференция по итогам российско-германских переговоров

[38] Նույն տեղում։

[39] Տե՛ս Rede von Außenminister Guido Westerwelle vor der 68. Generalversammlung der Vereinten Nationen am 28. September 2013, New York

[40] С. В. Арапина, Г. А. Яковлев, նշվ. աշխ., էջ 260։

[41] Treffen der EU-Außenminister: Kein Waffenembargo mehr gegen Syrien

[42] Merkel: Keine Waffen für Syriens Rebellen

[43] С. В. Арапина, Г. А. Яковлев, նշվ. աշխ., էջ 261։

[44] Владимир Путин: российские военные в Сирии защищают, в том числе, и свой дом - Россия 24

[45] Տե՛ս Императорское православное палестинское общество просит ООН защитить сирийских христиан

[46] Տե՛ս Об обращении сирийских христиан: Сообщение для СМИ пресс–службы МИД России

[47] Ասվածի լավագույն ապացույցն է վերջին տասնամյակներում քրիստոնյաների թվի շեշտակի նվազումը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրը հայ համայնքների օրինակով բազմիցս լուսաբանել է նաև հեղինակը։ Տե՛ս Հովյան Վ., Հայկական սփյուռքի անվտանգության մարտահրավերները, 21-րդ դար, 2017, թիվ 3, էջ 107-125; Հովյան Վ., Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն արդի փուլում. հայրենադարձության խնդիրը, 21-րդ դար, 2017, թիվ 4, էջ 97-115։

[48] С. В. Арапина, Г. А. Яковлев, նշվ. աշխ., էջ 261։

[49] Տե՛ս Dachverbände der Aleviten, Armenier und Aramäer verurteilen Massaker an Alawiten in Syrien

[50] Ben Farmer, Ruth Sherlock, Syria: nearly half rebel fighters are jihadists or hardline Islamists, says IHS Jane’s report

[51] Այստեղ ընդդիմություն հասկացությունը կիրառում ենք մեծ վերապահումով, քանի որ զուտ քաղաքագիտական և իրավագիտական տեսանկյուններից սիրիական հակամարտության մեջ ներքաշված ուժերին այդ եզրով բնորոշելը ճիշտ չէ։ Ընդդիմությունն առհասարակ քաղաքական համակարգի կարևորագույն հաստատություններից է։ Նրա կարևորագույն հատկություններից է օրինական գործունեությունը։ Մինչդեռ զինված պայքարը որևէ կերպ չի տեղավորվում օրինական քաղաքական գործունեության շրջանակներում։ Հետևաբար, զինված պայքար մղող ուժը չի կարող ընդդիմություն համարվել։ Ավելի ճիշտ կլինի այդ ուժերին որակելիս օգտագործել «ապստամբ» եզրը։

[52] С. В. Арапина, Г. А. Яковлев, նշվ. աշխ., էջ 262։

[53] Տե՛ս Germany agrees to help destroy Syria’s chemical weapons

[54] Ազգային համաձայնության կառավարության վերահսկողությունը ներկա պահին փաստացի սահմանափակվում է մայրաքաղաք Տրիպոլիով։

[55] Համաժողովի նախապատրաստական շրջանը տևել է մոտ չորս ամիս և անցել հինգ փուլով։ Заявление для СМИ и.о. Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова по итогам Международной конференции по Ливии, Берлин, 19 января 2020 года