Չինական հատուկ տնտեսական գոտիները ԱՊՀ տարածքում
15 ր. | 2020-05-23Հ ատուկ տնտեսական գոտիները (ՀՏԳ, Special economic zones, SEZ) սկսեցին ձևավորվել դեռ նախորդ դարի 50-60-ականներին գլխավորապես արևմուտքում։ Հաջորդ տասնամյակներում ՀՏԳ-ներ ստեղծվեցին արդեն ասիական մայրցամաքում։ Պետք է նկատել, որ թեև ՀՏԳ-ները գործունեության շուրջ կեսդարյա պատմություն ունեն, այդուհանդերձ, բավական արագ ինտեգրվեցին համաշխարհային շուկայական տնտեսության զարգացման ողջ տրամաբանությունում։
Տարբեր հաշվարկներով, 1990-ականներին աշխարհում գործում էր ավելի քան 1000 ՀՏԳ։ Համաշխարհային տնտեսությունում ՀՏԳ-երի ստեղծման ու գործունեության անհրաժեշտությունը, սակայն, ընդգծվեց հատկապես վերջին երկու տասնամյակում։
ՀՏԳ-ն տվյալ պետության կողմից հատկացված տնտեսական նշանակությամբ առևտրատնտեսական տարածք է, որտեղ գործում են դրամավարկային, հարկային, մաքսային և այլ ոլորտային արտոնյալ իրավակարգավորումներ ու գործառույթներ։ ՀՏԳ-ն տնտեսական ինտեգրացիոն հարթակ է, որը տվյալ ազգային տնտեսությունը, համագործակցելով տարբեր երկրների պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, մեկ պատուհանի սկզբունքով աշխարհի տարբեր անկյուններից կուտակում է օտարերկրյա ֆինանսական ու ներդրումային հոսքեր՝ տնտեսության գործունեության լայն ընտրության հնարավորությամբ։
ՀՏԳ-ները կարևոր նշանակություն ունեն երկրի ազգային տնտեսությունը համաշխարհային շուկային ինտեգրելու տեսանկյունից։ Այն կարող է էական դերակատարություն ունենալ ինչպես երկրի տնտեսության աճի ապահովման, այնպես էլ առաջատար կամ թույլ զարգացած ճյուղերի զարգացման համար։ ՀՏԳ-ները մեծապես նպաստում են նաև տվյալ գոտու հարակից շրջանների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների զարգացմանը։ ՀՏԳ-ն լայն հնարավորություններ է ընձեռում տեղական արտադրողներին՝ օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցությամբ արտաքին շուկա մուտք գործելու համար։ Մյուս կողմից, ՀՏԳ-ը մեծ կարևորություն ունի նաև արտերկրի ներդրումային ընկերությունների համար՝ իրենց ֆինանսատնտեսական կապիտալի միջազգայնացման առումով։
ՀՏԳ-ների գործունեությունն ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը՝
- օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում,
- աշխատատեղերի ստեղծում,
- տնտեսական բարեփոխումների խթանում,
- նորարարական տնտեսական-ներդրումային նախագծերի մշակում և իրականացում[1]։
Շուրջ 1000 ՀՏԳ ձևավորվել է միայն վերջին 5 տարում[2]։ Վերջին շրջանում ՀՏԳ-երը լայնորեն կիրառություն են գտնում հատկապես զարգացող երկրներում։ Ներկայում 147 երկրներում գործում են շուրջ 5400 ՀՏԳ-եր[3]։
Շուրջ 5400 ՀՏԳ-երի մեծ մասը՝ 4772-ը, զարգացող երկրներում է. 2645 ՀՏԳ Արևելյան Ասիայում է, որից 2543-ը՝ Չինաստանում։ Զարգացող երկրների շարքից Հնդկաստանում է տեղակայվում 373 ՀՏԳ։ Նկատենք, որ նշված 4772 ՀՏԳ-երի թվաքանակում 451-ը գտնվում է զարգացման փուլում։ Զարգացած երկրներում կա 374 ՀՏԳ, որից 105-ը՝ Եվրոպայում, 262-ը՝ Հյուսիսային Ամերիկայում։ 2019-ի դրությամբ Ասիական մայրցամաքի զարգացող երկրների շարքում ՀՏԳ-երի թվով առաջատար են Չինաստանը, Ֆիլիպինները, Հնդկաստանն ու Թուրքիան։
2019-ի դրությամբ, անցումային երկրներից ՀՏԳ-երի թվով առանձնանում են Ռուսաստանը (130), Հյուսիսային Մակեդոնիան (15), Սերբիան (14), Ղազախստանը (10) և Կոսովոն (9)։ 2019-ին զարգացած երկրների շարքում ՀՏԳ-երի քանակով առաջատար են եղել ԱՄՆ-ն (262), Լեհաստանը (21), Լիտվան (16), Խորվաթիան (11) և Բուլղարիան (9)։
ՀՏԳ-ների հիմնական գործառույթներից կարելի է առանձնացնել արդյունաբերական-արտադրական, առևտրային, ծառայությունների (զբոսաշրջային, բանկային և այլն) ոլորտները։ Վերջին տարիներին նկատելի է հատկապես գիտատեխնոլոգիական, նորարարական ՀՏԳ-ների ստեղծման պահանջարկը։ Մեծ տարածում ունեն մասնավորապես նորարարական կենտրոնները, տեխնոպարկերն ու տեխնոպոլիսները։
Տեխնոպարկը գիտատեխնոլոգիական ինտեգրացիոն հարթակ է, որտեղ նորարարական, տեխնոլոգիական նախագծերով ներկայանում են գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր, գործարար կենտրոններ և այլն։ Տեխնոպարկերն առաջին անգամ սկսել են ձևավորվել Միացյալ Նահանգներում 1950-ականներին։ 1951-ին ստեղծվեց Սթենֆորդի հետազոտական պարկը, որը համալսարանական կրթական հարթակում ձևավորված ամերիկյան առաջին տեխնոլոգիական պարկն է։ Առաջին տեխնոպոլիսներից է հայտնի Սիլիկոնային հովիտը։ 2000-ականների կեսերի դրությամբ, ԱՄՆ-ում գործում էր ավելի քան 200 տեխնոպարկ` աշխարհի տեխնոպարկերի ավելի քան 30%-ը։ Որոշ տվյալներով, ներկայում աշխարհում գործում է ավելի քան 700 տեխնոլոգիական պարկ, որոնց մեծ մասը (շուրջ 87%)՝ ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և Չինաստանում[4]։
Եվրոպայում տեխնոլոգիական պարկեր սկսեցին զարգանալ 1980-ականներից, 1990-ականներից՝ նաև Ռուսաստանում։ 1995-2015թթ. Ռուսաստանում ստեղծվեց շուրջ 180 տեխնոպարկ։
1988թ. Չինաստանում սկսեց գործել առաջին տեխնոպարկը, իսկ 2000-ականների կեսերին ուներ արդեն շուրջ 120։ ՉԺՀ ղեկավարությունը վերջին տասնամյակներում մեծ կարևորություն է տալիս ՀՏԳ-ների ձևավորմանը՝ դիտարկելով դրանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության շրջանակում։ Չինաստանը ակտիվ աշխատանք է տանում ՀՏԳ-ների ձևավորման ուղղությամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։
2017-ի տարեվերջի տվյալներով, Պեկինը կառուցել է 99 արդյունաբերական պարկ 44 երկրում և տարածաշրջանում, որոնցից 75-ը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ներառված 24 երկրում։ Արդյունքում՝ իրականացվել է $25 մլրդ ներդրում, ստեղծվել 219 հազ. աշխատատեղ, ներգրավվել 3879 ձեռնարկություն[5]։
2 010-ի հոկտեմբերին Բելառուսի կառավարությունը և «Chinese CAMC Engineering Corporation (CAMCE)»[6] ընկերությունը ստորագրեցին Բելառուսի տարածքում չին-բելառուսական արդյունաբերական պարկի[7], [8] կառուցման համաձայնագիրը։
«Մեծ քար» արդյունաբերական պարկ (Great Stone Industrial Park)-ազատ տնտեսական գոտու կառուցման աշխատանքները մեկնարկել են 2015-ին։
«Մեծ քար» արդյունաբերական պարկը (ԱՊ) կառուցվել է Բելառուսի Մինսկի մարզում (մայրաքաղաք Մինսկից 25 կմ հեռավորությամբ), զբաղեցնում է 112.5 կմ 2 տարածք։ ԱՊ-ը միջազգային օդանավակայանի, երկաթուղային ճանապարհների, Բեռլին-Մոսկվա միջազգային ավտոմայրուղու անմիջական հարևանությամբ է[9]։ ԱՊ-ում կառուցվել են արտադրական և բնակելի գոտիներ, գրասենյակային ու առևտրային, զվարճանքների համալիրներ, ֆինանսական ու գիտահետազոտական կենտրոններ։
ԱՊ արտադրական ռեսուրսներն ուղղված են էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցությունների, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, մեքենաշինության, լոգիստիկայի, տվյալների պահպանման ու մշակման, ինչպես նաև գիտահետազոտական, փորաձարարական, տեխնոլոգիական ոլորտին։
Նախագծով ԱՊ-ում կարող է ներկայացուցչություն ունենալ ցանկացած ընկերություն՝ անկախ երկրի ու տնտեսական կապիտալի պատկանելիության։ Բելառուսի կառավարությունը ԱՊ-ում գործունեություն իրականացնել ցանկացող ընկերություններին տրամադրում է արտոնյալ պայմաններ, գրավիչ ներդրումային միջավայր։ Աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով ստեղծվել է պետական կառավարման մարմին, որը մեկ պատուհանի սկզբունքով իրականացնում է համալիր վարչարարական ծառայությունները։
«Մեծ քար» ԱՊ-ի կառուցման նախագծի իրականացման նպատակով կողմերը հիմնեցին չինական-բելառուսական արդյունաբերական պարկի զարգացման ընկերությունը («Industrial Park Development Company»)՝ 10 մլն ԱՄՆ դոլար ներդրումային կապիտալով։
Նշենք, որ Մինսկը մեծ ակնկալիքներ ուներ նախագծի ներդրումային հնարավորությունից, որի ուղիղ ներդրումները գնահատվել են շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ 2018-ի տարեվերջի տվյալներով, սակայն, ներդրումները կազմել են 430 մլն ԱՄՆ դոլար, որից 200 մլն-ն ուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը. ռեզիդենտ ընկերությունների ներդրումները $225 մլն են[11]։ 2019-ի տարեսկզբին ԱՊ-ում ներգրավված ընկերությունների պայմանագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար էր[12]։ Ըստ կանխատեսումների՝ 2020-ի տարեվերջին ԱՊ-ում գործելու է 70-100 ներկայացուցչություն՝ $2-2.5 մլրդ ներդրումային ծավալով։ 2018-ի տարեվերջին ռեզիդենտները 41 էին, իսկ չինական կապիտալով կար 24 նախագիծ[13]։
2018-ի դեկտեմբերին Բելառուսի նախագահի հրամանագրով, ԱՊ-ը ստացավ հատուկ տնտեսական տարածքային գոտու կարգավիճակ[14], որով ԱՊ-ի ռեզիդենտ ընկերությունները ԵԱՏՄ շրջանակներում ստանում են մաքսային արտոնություն թե՛ լոգիստիկայի, և թե՛ արտադրական գործունեության համար։
Դ եռևս բանակցությունների փուլում է Ուկրաինայի «Innovation Forpost» արդյունաբերական պարկում[15] (Industrial Park. Dnipro city) Չինաստանից ներդրումների ներգրավման հարցը։ Այդ ուղղությամբ վերջերս հետաքրքրություն է ցուցաբերում ցինկապատ պողպատի խոշոր արտադրող չինական «Donge Yike Panel CO., LTD» ընկերությունը։
ԱՊ-ի գործունեությունն ուղղված է էլեկտրական մեքենաների, սարքավորումների արտադրության, մետալուրգիական, ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրության և այլ ոլորտներին։ ԱՊ-ը զբաղեցնելու է 60 հա տարածք։ Ներդրումները գնահատվում են շուրջ 200$ մլն։ Նախագծի ժամկետներն են 2017-2027թթ.[16]։
ՀՏԳ-երի և ՀՏԳ-ով երկրների թվաքանակը
2019-ի սեպտեմբերին Չինաստանի Շենսի նահանգի ղեկավարությունը հյուրընկալել էր Մոդովայի խորհրդարանականներին։ Հանդիպմանը մոլդովական կողմն առաջարկեց Մոլդովայում հիմնել արդյունաբերական պարկ[17]։ Հիշեցնենք, որ Մոլդովայում համատեղ արդյունաբերական պարկի կառուցման նախագծի շուրջ խոսակցությունները նոր չեն. 2017-ին չինական Sinomec ընկերությունը նախատեսում էր հետխորհրդային հանրապետությունում կառուցել արևային մարտկոցների արտադրության ԱՊ[18]։ Ներկայում Մոլդովայի ՏՏ պարկերի նկատմամբ հետաքրքություն է ցուցաբերում Huawei ընկերությունը[19]։
Ռ ուսաստանի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցությունում նույնպես մեծ տեղ է հատկացվում համատեղ ՀՏԳ-երի ստեղծմանն ու զարգացմանը։ 2019-ի հունիսին երկու երկրների ղեկավարների բանակցություններով 2020-2021թթ. հռչակվեցին ռուս-չինական գիտատեխնիկական ու նորարարական ոլորտներում համագործակցության տարի[20]։
2010-ից գործում է ռուս-չինական առևտրատնտեսական համագործակցության Ուսուրիսյկի գոտին (Պրիմորիե երկրամաս), որի շինարարությունը մեկնարկել էր 2006-ին։ Այն Չինաստանի ու ՌԴ Հեռավոր Արևելքի միջև խոշոր երկկողմ ոչ էներգետիկ նախագծերից մեկն է, և նախատեսում է կոշիկի, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի, շինանյութի, սարքավորումների, ավտոպահեստամասերի արտադրություն։
2018-ի սեպտեմբերին ստորագրվեց նաև 2018-2024թթ. ՌԴ Հեռավոր Արևելքի առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում ռուս-չինական համագործակցության զարգացման ծրագիրը[21]։ Ծրագրի[22] 1.4 կետում նշվում է. «Քանի որ Հեռավոր Արևելքի զարգացումը հռչակվել է Ռուսաստանի Դաշնության ազգային գերակայություն 21-րդ դարի համար, Ռուսաստանն ու Չինաստանը ընդունում են ՌԴ Հեռավոր Արևելքում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն»[23]։ «Հեռավոր Արևելքի շրջանների հետ ապրանքաշրջանառության և ներդրումային համագործակցության ծավալներով զբաղեցնելով առաջին տեղը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է ՌԴ առանցքային գործընկերը՝ Հեռավոր Արևելքի տնտեսական արագ զարգացման գործում»[24]։
Ռուսական կողմն առանձնակի կարևորություն է տալիս հեռավորարևելյան Վլադիվոստոկի ազատ նավահանգստային գոտու ներդրումային հնարավորությունների զարգացմանը[25]։ Վլադիվոստոկի տնտեսական գոտում[26] չին ներդրողների մասնակցությամբ իրականացվում է 45 նախագիծ՝ 2.6 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով՝ կազմելով ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանի օտարերկրյա ներդրումների 63%-ը[27]։ Կողմերը համագործակցում են ներդրումային ևս 35 նախագծերի շուրջ՝ 17.8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։
2018-ի մայիսին ստորագրվեց Տոմսկի ռուս-չինական փայտարդյունաբերության և առևտրի համագործակցության գոտու (China-Russia Tomsk State Wood Industry and Trade Cooperation Zone) կառուցման նախագծի համաձայնագիրը։ Ծրագիրն իրականացվում է 2001-ին Ռուսաստանի ու Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված անտառային ռեսուրսների համատեղ շահագործման համագործակցության մասին համաձայնագրով[28]։ Գոտու կառուցման աշխատանքներն իրականացնում է փայտամշակման ոլորտում առաջատար չինական խոշոր AVIC Forestry ընկերությունը։ Ծրագրվում է առաջին փուլով ներգրավել $530մլն ներդրում, որից $177 մլն-ն 2018-ի կեսին արդեն ներդրվել էր։ Գոտին մշակելու է տարեկան 4.5 մլն մ3 փայտ[29]։
2018-ի սեպտեմբերին կայացած Ձեռներեցների ռուս-չինական խորհրդատվական հանձնաժողովի տարեկան նիստում Ռուս-չինական ներդրումային հիմնադրամը (ՌՉՆՀ) և Tus-Holdings-ը ստորագրեցին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ Տուշինո նախկին օդանավակայանի տարածքում գիտատեխնոլոգիական պարկի ստեղծման համաձայնագիրը։ Ներդրումների ընդհանուր ծավալը ավելի քան 90 մլրդ ռուբլի է։ Տեխնոպարկի կառուցմանը մասնակցում են նաև սաուդական Public Investment Fund (PIF) հիմնադրամը, Mubadala Investment Company-ը (ԱՄԷ), Silk road fund-ը և այլ միջազգային ներդրումային ընկերություններ։ Նախագծով ստեղծվելու է առաջատար բազմաֆունկցիոնալ տեխնոպարկ, որի կազմում լինելու են Ռուսաստանում խոշորագույն նորարարական հարթակ և սպորտային, հանրային, գիտակրթական, բնակելի ենթակառուցվածքներ։
Զարգացող Ասիա. ՀՏԳ-երի քանակով առաջատար երկրները, 2019թ.
ՌՉՆՀ-ը և Tus-Holdings ընկերությունը դիտարկում են նաև մեկ այլ համատեղ նախագծի՝ Skolkovo Innovation Centre-ի[30] տարածքում նորարարական պարկի կառուցումը, որը ենթադրում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնում՝ ավելի քան 70 հազ. մ 2 մակերեսով։ Ծրագրի ներդրումային արժեքն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է[31]։ Այս բարձր տեխնոլոգիական կենտրոնը կոչված է դառնալու նոր start-up-երի ստեղծման ու զարգացման հարթակ[32]։
Ռուսաստանյան ներդրումային շուկայում China Chengtong International Investment ընկերության գործունեությունն ունի շուրջ 2 տասնամյակի փորձ։ Համատեղ խոշոր ներդրումային նախագծերից առանձնացնենք Greenwood 1 և Greenwood 2-ը, որով նախատեսվում էր ստեղծել միջազգային բիզնես-կենտրոններ։ Greenwood 1 միջազգային առևտրային-ցուցահանդեսային համալիրի ստեղծման նախագիծը ավարտվեց 2010-ին։ 2017-ին մեկնարկած Greenwood 2 բիզնես պարկը շահագործման կհանձնվի 2020-ին [33], [34], [35], [36]։ Նախագծերի ընհանուր արժեքը 220 մլն ԱՄՆ դոլար է։
2019-ի հունիսին արդյունաբերական ու տեխնոլոգիական զարգացման մասնագիտացված Технополис «Москва» ՀՏԳ-ի ներկայացուցիչների, ՇՀԿ տնտեսական զարգացման գոտու, ATEMHealthcarePartners (ԱՄՆ) և ThePharmaPartners (ՉԺՀ) ընկերությունները ստորագրեցին համաձայնագիր, որով նախատեսվում էր ռուսաստանյան տեխնոպոլիսի տարածքում հիմնել Կոնֆուցիուս բարձր տեխնոլոգիական տեխնոպարկը։ Ստորագրված համաձայնագրով կողմերը որոշեցին ստեղծել ուղիղ ներդրումների հիմնադրամ, որին կմասնակցեն Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ գործընկերները[37]։
Համաձայնագրով Կոնֆուցիուս բարձրտեխնոլոգիական պարկը մասնագիտանալու է բիոտեխնոլոգիաների, դեղագործության, բժշկական տեխնիկայի և ՏՏ ոլորտում։ Ծրագրվում է նաև ստեղծել չինական ավանդական բժշկության կենտրոն, որի ծառայությունները հասանելի կլինեն Մոսկվայի բնակչությանը։ Технополис «Москва» ՀՏԳ-ի տարածքում այժմ տեղակայվում է ավելի քան 180 բարձր տեխնոլոգիական ընկերություն։
2019-ի ապրիլին Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) և ՌՉՆՀ-ը չինական Tus-Holdings ընկերության հետ պայմանավորվեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տարածքում գիտատեխնոլոգիական պարկ կառուցել[38]։ Պարկի գործունեությունն ուղղվելու է գիտության ու բարձր տեխնոլոգիական ոլորտներում ռուս-չինական համագործակցության աջակցման հարցերին[39]։
Տ աշքենդից 70կմ հեռավորության վրա է գտնվում Pengsheng Industrial Park-ը, որը Չինաստանի և Ուզբեկստանի ոչ էներգետիկ ոլորտում համագործակցության ամենախոշոր նախագիծն է։ Արդյունաբերական պարկը զբաղեցնում է 1.02 կմ2 տարածք, կառուցվել է 2009-ին՝ չինական Wenzhou Jinsheng Trading Company Ltd ընկերության կողմից՝ $99.4 մլն ընդհանուր ներդրումային միջոցներով։ Արդյունաբերական պարկը ներառում է ավելի քան 1 տասնյակ արտադրական ձեռնարկություններ՝ կոշիկի, արհեստական կաշվի, սանտեխնիկայի և այլ ոլորտներում[40]։ ԱՊ-ում ստեղծվել է 1500 աշխատատեղ։ ԱՊ-ի տարածքում կան պահեստներ, գրասենյակային տարածքներ, հանրակացարան։
2013-ին արդյունաբերական պարկը պատրաստել է ավելի քան $56 մլն-ի արտադրանք, որից $32 մլն-ն արտահանվել է[41]։
2018-ի տարեվերջին մեկնարկեցին Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության հետ համագործակցությամբ Տաշքենդի Յունուսաբադի շրջանում երկկողմ գիտատեխնոլոգիական պարկի կառուցման աշխատանքները։ Պարկում գործելու են չինական բժշկական կենտրոն ու դեղագործական գործարան։ Չինական բժշկական կենտրոնի կառուցման ներդրումները $20 մլն են, և մատուցվելու են ինչպես չինական ավանդական մեթոդներով բուժման ծառայություններ, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներով բուժում։ Արդեն ավարտվել է դեղագործական գործարանի կառուցումը, որտեղ կարտադրվի 8 տեսակի դեղորայք [42], [43]։
2019-ի կեսերին Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարությունը և Չինաստանի գիտութունների ակադեմիան Ուզբեկստանի «Նավոյի» Ազատ տնտեսական գոտում[44] համատեղ բժշկական տեխնոպարկ ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին, որով նախատեսվում է հիմնել դեղորագործական նյութերի սինթեզի տեխնոլոգիական հարթակ։ Տեխնոպարկի կառուցումն անհրաժեշտություն է, քանի որ մինչ օրս Ուզբեկստանը դեղորագործական նյութերը ներկրում է, և այժմ հնարավորություն կլինի նյութերի սինթեզն իրականացնել տեղում[45]։ Տեխնոպարկը ստեղծվելու է չինական Topharman&VigoVita&CADDDC-CAS կոնսորցիումի հետ համատեղ։
2018 սեպտեմբերին Տաշքենդում ղազախական կողմը հյուրընկալեց չինական Holley Group արտադրական ընկերության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Holly Tashkent արդյունաբերական տեխնոպարկի կառուցման նախագիծը, որի ներդրումային արժեքը $200 մլն է: Չինական ընկերությունը պատրաստակամություն հայտնեց ներգրավել չինական խոշոր ընկերություններին, որոնք մասնագիտացած են տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում։ Նախագիծը հնարավորություն կտա ստեղծել 10 հազ. նոր աշխատատեղ[46], իսկ արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալները կկազմեն տարեկան $1.5-2 մլրդ[47]։
2016-ին մեկնարկեց կապարացինկային հանքերի վերամշակման կոմբինատի կառուցման աշխատանքը։ Ծրագրվում էր կոմբինատը շահագործման հանձնվել 2017-ի հունիսին։ Նախնական փուլում կոմբինատը վերամշակելու է տարեկան շուրջ 100 հազ. տոննա հանքաքար[49]։2014-ի սեպտեմբերին կողմերը ստորագրեցին Տաջիկստանի Իստիկլոլ քաղաքում Տաջիկստանի և Չինաստանի արդյունաբերական գոտու կառուցման հուշագիր։ Արդյունաբերական պարկի ընդհանուր մակերեսը 690 հազ. մ2 է։ Չինական կողմը նախատեսում էր իրականացնել $400 մլն ներդրում։ Արդյունաբերական գոտում ծրագրվում էր կառուցել 5 արդյունաբերական ձեռնարկություն, այդ թվում՝ կապարացինկային կոմբինատ, քիմիական արդյունաբերության, ցեմենտի, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ[48]։
2 014-ի դեկտեմբերին մեկնարկեց Տաջիկստանի կառավարության և չինական China’s Zhongtai Group և Xinjiang Production and Construction Corps ընկերությունների Տեքստիլի արդյունաբերական պարկի (Textile Industrial Park) կառուցման նախագիծը, որով պարկի արտադրական նախնական հզորությունը տարեկան 15 հազ. տոննա բամբակյա մանրաթել է, ամբողջ արտադրական հզորությունը՝ 52 հազ. տոննա։ 2019-ի 10 ամսում արդյունաբերական պարկում արտադրվել է ընդհանուր առմամբ 12 հազ. տոննա մանրաթել[50]։
2017-ի մայիսին Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակում KTZE-Khorgos Gateway ընկերությունը չինական COSCO Shipping Lines Co. Ltd կորպորացիայի և Lianyungang Port Holding Group Co. Ltd. ընկերության հետ ստորագրեց Ղազախստանի «Խորգոս-Արևելյան դարպասներ» ազատ տնտեսական գոտու համատեղ զարգացման ներդրումային համաձայնագիրը, որով չինական ներդրող ընկերությունները համատեղությամբ ձեռք բերեցին ԱՏԳ-ի տարածքում գործող չոր բեռների նավահանգստի բաժնետոմսերի 49%-ը։ Ֆինանսական ծավալների մասին տվյալներ չեն հրապարակվել։ Համաձայնագիրը հնարավորություն կտա «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ն վերածել Ասիայի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների կուտակման ու բաշխման միջազգային տարանցիկ միջանցքի[52]։2019-ի կեսերին Ղազախստանի և չինական Kazakhstan CHN-KZ electric industrial park group ընկերությունը ստորագրեց Ղազախստանի Թուրքեստանի շրջանում «Թուրքեստան» ղազախա-չինական արդյունաբերական պարկի կառուցման հուշագիր։ Նախագծով նախատեսվում է ներգրավել $524 մլն ներդրում։ Արդյունաբերական պարկը բաղկացած է լինելու մի շարք գործարաններից, որտեղ արտադրվելու են գեներատորներ, տրանսֆորմատորներ, էլեկտրաբաշխիչ համակարգեր, մարտկոցներ, կենղացային սարքեր, վերականգնվող էներգետիկ աղբյուրների սարքավորումներ։ Ղազախստանից բացի արտադրանքը արտահանվելու է Կենտրոնական Ասիա, Մաքսային միություն, Չինաստան ու Եվրոպա։ Արդյունաբերական պարկի լիարժեք գործարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել 8 հազ. աշխատատեղ։ Նախագիծը ֆինանսավորում է Silk road fund-ը, և իրականացման ժամկետը 2019-2022թթ. են[51]։
Ղազախական Кэлишэн, Сахаман, TEA Company և չինական Yichang KELISON Industrial Co., Ltd ընկերությունների միջև ստորագրված մեկ այլ համաձայնագրով մինչև 2025թ. ծրագրվում է «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ի տարածքում կառուցել տեխնոպարկ[53]։
2017-ին Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրեցին Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանի բազայի հիման վրա «Ասիական աստղ» («Азиатская звезда») գյուղատնտեսական նորարարական տեխնոպարկի ստեղծման համաձայնագիրը։ Բիշկեքից 60կմ հեռու տեղակայված տեխնոպարկը հնարավորություն կտա բարձրացնել մրգերի ու բանջարեղենի բերքատվությունն ու որակը[54]։
Տեխնոպարկի ստեղծման խոսակցություններն կային դեռ 2013-ից։ Պարկը զբաղեցնելու է 5.67 կմ2, կառուցվելու են ջերմոցներ, լոգիստիկ կենտրոն, բանջարեղենի վերամշակման գործարաններ։ Ծրագրվում է ներգրավել ավելի քան 20 ընկերություն՝ $1 մլրդ ընդհանուր կապիտալով։ Նախագծի մեկնարկից հետո առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում է պարկը դարձնել մսամթերքի արտադրության և մատակարարման տարածաշրջանային խոշոր կենտրոն։ Նախագծի գլխավոր նախաձեռնող և ներդրողը Henan Guiyou group-ն է [55], [56]։ Պարկի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ին։
[1] https://pdfs.semanticscholar.org/420c/
[2] https://unctad.org/en/PublicationsLibrary
[3] https://unctad.org/en/PublicationsLibrary
[4] https://www.researchgate.net/publication
[5] http://www.xinhuanet.com/english
[6] http://www.camce.com.cn/ru/
[7] https://www.youtube.com/watch?v=dIBnr6bVV9k
[8] https://www.youtube.com/watch?v=svzqqHholVo
[9] https://industrialpark.by/o-parke/obshh
[10] https://nn.by/?c=ar&i=113085&lang=ru
[11] https://news.tut.by/economics/620624.html
[12] https://news.tut.by/economics/577055.html
[13] https://news.tut.by/economics/620624.html
[14] http://www.belmarket.by/velikiy-kamen
[15] https://www.youtube.com/watch?v=
[17] https://noi.md/ru/jekonomika/investory-iz
[18] https://mybusiness.md/ru/novosti-biznes
[19] https://point.md/ru/novosti/ekonomika
[20] http://raspp.ru/business_news/Russia
[21] https://minvr.ru/press-center/news/21868/
[22] http://russian.mofcom.gov.cn/article
[23] http://russian.mofcom.gov.cn/article
[24] http://russian.mofcom.gov.cn/article
[25] http://russian.mofcom.gov.cn/article
[26] http://kremlin.ru/acts/news/47349
[27] https://minvr.ru/press-center/news/21868/
[28] http://docs.cntd.ru/document/901785657
[29] http://shandong.chinadaily.com.cn
[30] https://sk.ru/news/b/press/archive/2012
[31] https://rdif.ru/fullNews/3411/
[32] https://wtcmoscow.ru/services/international
[33] https://www.greenwoodpark.ru/greenwood2/
[34] https://roscongress.org/materials/god
[35] https://www.youtube.com/watch?v=gMvhUFlD84g
[36] https://www.greenwoodpark.ru/
[37] https://ria.ru/20190628/1556024149.html
[38] https://rdif.ru/fullNews/4049/
[39] https://rdif.ru/fullNews/4062/
[40] http://en.ccpit.org/info/info_40288117
[41] https://china-uz-friendship.com/?p=2001
[42] https://kun.uz/ru/news/2018/11/19/
[43] https://www.spot.uz/ru/2018/11/19/
[45] https://podrobno.uz/cat/uzbekistan
[46] https://regnum.ru/news/2483467.htm
[47] https://kun.uz/ru/news/2018/09/17/v
[48] https://www.dialog.tj/news/tajikistan
[49] https://www.fergananews.com/news/24905
[50] http://avesta.tj/2019/12/05/predpriyati
[51] https://kursiv.kz/news/otraslevye-te
[52] https://www.nur.kz/1493173-cosco
[53] https://inbusiness.kz/ru/news/opublikovana
[54] https://ru.sputnik.kg/economy/20180
[55] http://refportal.com/news/sklady/kitay
[56] http://www.asiasatar.com/index.php/en/culture.html