Ռուսական նորագույն սպառազինությունների կիրառումը Սիրիայում
15 ր. | 2020-05-20Պ ատերազմը ոչ միայն քաղաքականության իրականացումն է ռազմական միջոցներով, այլև բանակի անձնակազմի և սպառազինությունների ստուգատես։ Բոլոր զինված ուժերի մարտունակությունը երևում է իրական ռազմական գործողությունների ժամանակ։ Լավագույն զորավարժություններում անգամ հնարավոր չէ ստուգել բանակի անձնակազմի և սպառազինությունների արդյունավետությունն այնպես, ինչպես իրական ռազմական գործողությունների պայմաններում։
Պատահական չէ, որ պետությունները պատերազմներից հետո, ձեռք բերված փորձը հաշվի առնելով, իրականացնում են զինված ուժերի վերափոխումներ՝ սկսած անձնակազմի պատրաստման ծրագրերից մինչև սպառազինությունների կատարելագործում և նոր սպառազինությունների մշակում ու արտադրություն։ Երբեմն պատերազմում փորձարկելուց հետո են պետություններն անցնում որոշ զինատեսակների սերիական արտադրության։ Իսկ իրական մարտերում իրենց արդարացրած սպառազինությունները տնտեսական լուրջ հնարավորություններ են ապահովում արտադրող երկրներին՝ ընդլայնելով զենքի մատակարարման շուկաները՝ թե՛ վաճառքի ծավալների մեծացման, թե՛ աշխարհագրության ընդլայնման և թե՛ նոր սպառազինությունների վաճառքի իմաստով։
2011թ. սիրիական ներքաղաքական ճգնաժամն արագ վերաճեց պատերազմի։ Սիրիական բանակն ի սկզբանե զինված էր ռուսական արտադրության սպառազինություններով։ Պատերազմի ավելի քան ինը տարում Ռուսաստանը նրան մատակարարել է նոր սպառազինություններ։ Իսկ 2015թ. սեպտեմբերի 30-ից այն անմիջականորեն ներքաշվեց պատերազմի մեջ՝ օդային հարվածներ հասցնելով ահաբեկիչներին, ինչի արդյունքում էլ բեկվեց պատերազմի ընթացքը՝ հօգուտ սիրիական կառավարական զորքերի։
Չնայած Ռուսատանի միջամտությունը սիրիական պատերազմին հիմնականում հանգեցվում է օդատիեզերական ուժերի հարվածներին, իրականում այն շատ ավելին է և դրսևորվում է.
- Սիրիական բանակին սպառազինությունների մատակարարմամբ, որոնց մի մասը նորագույն մշակումներ են,
- Հետախուզական տվյալների տրամադրմամբ,
- Հրամանատարական կադրերի տրամադրմամբ,
- Սիրիական բանակի կադրերի (անձնակազմի) ուսուցմամբ և պատրաստմամբ
Սիրիական պատերազմին Ռուսաստանն անմիջականորեն մասնակցում է որոշակիորեն նաև ցամաքային զորքերով՝ ի դեմս ռազմական ոստիկանության, որոնք հիմնականում իրականացնում են պարեկային ծառայություն։ Օրինակ, համաձայն այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածության՝ Իդլիբ նահանգում M4 ռազմավարական նշանակության ավտոմայրուղու երկայնքով Ռուսաստանը և Թուրքիան իրականացնում են համատեղ պարեկություն[1]։ Ռուսական կողմից պարեկությունն իրականացնում են ռազմական ոստիկանության ուժերը։
Ռուսաստանը սիրիական պատերազմին մասնակցում է չորս զորատեսակների գրեթե լիակատար ներգրավվածությամբ՝ օդատիեզերական ուժեր, ռազմածովային նավատորմ, հատուկ գործողությունների ուժեր և ռազմական ոստիկանություն։ Ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների[2] գործունեությանը Սիրիայում առանձին թեմա է։
Նման լայն զորատեսակային մասնակցությունը և պատերազմի տևականությունը նշանակում են նաև սպառազինությունների լայն տեսականու կիրառում։ Հետևաբար,սիրիական պատերազմին մասնակցությունը ռուսական բանակի և Պաշտպանական արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) համար դարձավ լուրջ ստուգատես, որտեղ մարտական «մկրտությունն» անցան ոչ միայն նորագույն, այլև այնպիսի սպառազինություններ, որոնք նույնիսկ տասնամյակներով եղել էին բանակի զինանոցում, սակայն մինչ այդ չէին կիրառվել իրական մարտական գործողություններում։
Համաձայն Российская Газета-ի 2019թ. հրապարակման՝ սիրիական պատերազմում փորձարկվել է ավելի քան 600 նորագույն նմուշի սպառազինություն[3]։ Անդրադառնանք առավել կարևորներին, որոնք կարելի է դասակարգել հետևյալ խմբերի՝ ա) օդուժ (ռազմական ավիացիա), բ) նավատորմ, գ) հակաօդային պաշտպանության միջոցներ, դ) ցամաքային մարտական միջոցներ։
Oդուժ
Ա յս զորատեսակը սիրիական պատերազմում ռուսական հիմնական հարավածային ուժն է։ Կիրառվել է ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական նշանակության օդուժ։
Ռազմավարականը ներկայացնում են Ту մակնիշի օդանավերը՝ իրենց տարատեսակներով։ Հատկապես նշանակալի է «Սպիտակ կարապ» («Белый лебедь») անունով հայտնի Ту-160 ինքնաթիռը։ Այս գերձայնային թռչող մեքենան թեև շահագործման է հանձնվել դեռևս նախորդ դարի 80-ականների երկրորդ կեսին (1987թ.), այնուամենայնիվ, իրական ռազմական գործողություններում առաջին անգամ կիրառվեց հենց սիրիական պատերազմում 2015թ.[4]։
Ту-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը
Ինքնաթիռն ունակ է կրելու ինչպես միջուկային, այնպես էլ սովորական մարտապաշարով խոցման միջոցներ։ Սիրիական պատերազմում կիրառվել է սովորական ռազմամթերք՝ КАБ-500 ավիառումբեր և 5.5 հազ. կմ հեռահարությամբ X-101 թևավոր հրթիռներ։ Նոր սերնդի այս թևավոր հրթիռը, որը նույնպես կիրառվել է առաջին անգամ, ունի հետևյալ որակական բնութագրիչները[5].
- Թռիչքի բարձրությունը՝ 30 մետրից մինչև 10 կիլոմետր
- Անտեսանելիություն ռադիոտեղորոշիչների (ռադար) համար
- Գերճշգրտություն. ամենամեծ հեռավորությունից արձակվելու դեպքում թիրախից առավելագույն շեղումը` 5 մ
- Բեկորաականառմբային (осколочно-фугасный) մարտապաշարը՝ 400 կգ
Հրթիռի կողմնորոշումը տարածության մեջ՝ օդագնացությունը (նավիգացիա), հիմնված է ներքին ուժի վրա հիմնված (իներցիալ) համակարգի[6] և Համաշխարհային օդագնացության արբանյակային համակարգի (ՀՕԱՀ, ռուսերեն՝ ГЛОНАСС[7]) համադրման վրա, ինչի շնորհիվ ունակ է ոչնչացնել ոչ միայն անշարժ, այլև շարժվող թիրախներ։
Ամերիկյան ռազմական փորձագետ Ռայան Ֆայթի գնահատմամբ՝ ռազմավարական օդուժի կիրառմամբ Ռուսաստանը սիրիական պատերազմում փորձարկեց նոր՝ հեղափոխական ռազմավարություն[8]։
Մարտավարական օդուժը բաղկացած է ինչպես ինքնաթիռներից, այնպես էլ ուղղաթիռներից։ Ինքնաթիռներից կիրառվել են տարբեր նշանակության Су մակնիշի թռչող սարքեր՝ գրոհայիններ (штурмовик), ճակատային ռմբակոծիչներ, կործանիչներ, բազմագործառույթ օդանավեր, այդ թվում՝ Су-57 5-րդ սերնդի նորագույն կործանիչներ։
Ռուսաստանը դեռևս չի անցել Су-57 կործանիչների սերիական արտադրության[9]։ Ստացվում է, որ կործանիչն արդեն իսկ անցել է մարտական «մկրտություն» նախքան սերիական արտադրությունը։ Կամ գուցե իրական մարտական գործողությունների ժամանակ դրա հնարավորությունները փորձարկելուց հետո է Ռուսաստանը որոշել անցնել սերիական արտադրության։ Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանից հակաօդային պաշտպանության С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու ընթացքում, երբ լարվածություն առաջացավ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և կասկածի տակ դրվեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը[10], ակտիվացան խոսակցությունները դրանց փոխարեն այդ երկրին ռուսական Су-57 կործանիչների մատակարարման մասին։
Ուղղաթիռներից կիրառվել են Ми և Ка մակնիշի մեքենաները, որոնք, մարտական գործողությունների փորձի հաշվառմամբ համալրվել են ավելի հեռահար օպտիկական նշանառության սարքերով, ռադիոէլեկտրոնային պայքարի և խոցման ավելի արդյունավետ միջոցներով։
Ուշադրության է արժանի, մասնավորապես, Ми-28Н ուղղաթիռը, որը դեռևս 1982թ. առաջին թռիչքը կատարած Ми-28 հարվածային ուղղաթիռի արդիականացված տարբերակն է և հայտնի է նաև «Գիշերային որսորդ» («Ночной охотник») անվամբ։ Մեքենայի բնութագրիչներից են բարձր մանևրունակությունը (իր առանցքի շուրջը շարժվելու ունակությունը), օրվա ցանկացած ժամի կիրառվելու հնարավորությունը։ Ուղղաթիռը զրահապատ է, ինչը հնարավորություն է տալիս պաշտպանել անձնակազմը և ամենակարևոր համակարգերը 20 մմ-անոց արկերից և զրահահար գնդակներից։ Զինված է ռադիոտեղորոշիչ համակարգով, ինչը թույլ է տալիս արդյունավետ կերպով որոնել, հայատնաբերել, նույնականացնել և խոցել ցամաքային և օդային թիրախներ։ Ունի 30 մմ-անոց ինքնաձիգ հրանոթ։ Կարող է կրել «օդ-ցամաք» տեսակի կառավարվող՝ հակատանկային և չկառավարվող՝ հետևակի ու թեթև սպառազինությունների խոցման հրթիռներ։
Նախատեսված է նաև ուղղաթիռը «օդ-օդ» հրթիռներով համալրելու հնարավորությունը, ինչի դեպքում այն կկարողանա խոցել գործնականում ցանկացած օդային թիրախ՝ ինքնաթիռ, ուղղաթիռ, ԱԹՍ և նույնիսկ թևավոր հրթիռներ[11]։
Ка-52К «Կատրան» («Катран») ուղղաթիռը Ка-52 «Ալիգատորի» («Аллигатор») նավային տարբերակն է։ Նախատեսված է պարեկության, ափհանման (դեսանտի) ժամանակ զորքի կրակային աջակցության, առաջնագծում և մարտավարական խորության վրա հակադեսանտային պայքարի համար։ Կիրառելի է օրվա ցանկացած ժամանակ։
Չնայած իր համեմատաբար փոքր չափերին, ուղղաթիռը կրում է ինքնաշարժ ջրային ականներ (տորպեդ), խորքային ռումբեր և թևավոր հականավային հրթիռներ, նշանառության լազերաճառագայթային համակարգ, «Օխոտնիկ» («Охотник») շարժապատկերների մշակման համակարգ և Վիտեբսկ («Витебск») օպտիկա-էլեկտրոնային համակարգ, որը պաշտպանում է ուղղաթիռն ինքնագնացության ինֆրակարմիր գլխիկներով հրթիռներից։
Հրթիռներ
Ս իրիական պատերազմում կիրառվել են ծովային տեղակայման բարձր և միջին հեռահարության «Կալիբր» («Калибр») հրթիռներ։
Բարձր՝ մինչև 4.5 կմ հեռահարությամբ ռազմավարական թևավոր հրթիռներն արձակվել են Կասպից ծովի ռուսական ռազմական նավատորմից, որի ընթացքում իրական մարտական պայմաններում փորձարկվել է ՀՕԱՀ (ГЛОНАСС) նշանառության համակարգը։
Միջին հեռահարության հրթիռները, որոնք կիրառվել են Միջերկարկանի ռուսական նավատորմից, ունեն հետևյալ որակական բնութագրիչները.
- Թռիչքի արագությունը՝ մինչձայնայինից մինչև ձայնի արագությունը երեք անգամ գերազանցող արագություն
- Բարձրությունը՝ 50-150 մ
- Հեռահարությունը՝ 300 կմ
- Հարվածային շեղումը՝ 1-2 մետր
Հրթիռն ընթանում է բարդ հետագծով՝ բարձրության և շարժման ուղղության փոփոխություններով, ինչի շնորհիվ հարվածի նշանակետը հակառակորդի համար դառնում է անկանխատեսելի։ Թիրախին մոտենալիս իջնում է մինչև 20 մ։ Այդ հատվածում ընթանում է ինքնագնացության՝ խոչընդոտներից պաշտպանող գործուն (ակտիվ) ռադիոտեղորոշիչ գլխիկների օգնությամբ, ինչի արդյունքում էապես բարձրանում է հարվածի ճշգրտությունը։
«Կալիբր» հրթիռի արձակումը Կասպից ծովի ավազանից
Բարձր արագությունն ու օդաշարժունությունը (աերոդինամիկա) հրթիռն անորսալի են դարձնում ցանկացած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար։ Որակական բնութագրիչների շնորհիվ այն համաշխարհային հռչակ ձեռք բերեց՝ դառնալով Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի այցեքարտերից մեկը։
Նավատորմ
Ռ ազմածովային նավատորմը սիրիական պատերազմում կիրառվել է ոչ թե ծովային մարտերի, այլ ծովից ցամաքային մարտեր մղելու և/կամ դրանց աջակցելու համար։
Միջին և հեռահար հրթիռային հարվածների համար կիրառվել են Կասպից և Միջերկրական ծովերի ռուսական ռազմածովային ուժերի հրթիռակիր նավերը։
Փոքր հրթիռակիր նավերից նշանակալի է «գետ-ծով» դասի բազմագործառույթ «Բույան-Մ»-ը («Буян-М»)՝ А-190 հրետանային կայանով, 14,5 մմ և 7,62 մմ տրամաչափի գնդացրային կայաններով, «Դուետ» («Дуэт») զենիթային հրետանային համալիրով և «Կալիբր-ՆԿ» («Калибр-НК») ու «Օնիկս» («Оникс») հականավային թևավոր հրթիռներով։
Սիրիական պատերազմում կիրառվել են նաև «Ուգլիչ» («Углич»), «Գրադ Սվիյաժսկ» («Град Свияжск»), «Վելիկիյ Ուստյուգ» («Великий Устюг»), «Զելյոնիյ Դոլ» («Зеленый Дол») և «Սերպուխով» («Серпухов») փոքր հրթիռակիր նավերը։
Այնուամենայնիվ, քանի որ սիրիական պատերազմում ռուսական հարվածային ուժը հիմնականում օդուժն է, ապա կարևորվում է առաջին հերթին «Ադմիրալ Կուզնեցով» («Адмирал Кузнецов») ծանր ավիակիր հածանավի դերը։ Այն ռազմավարական նշանակության ծովային ուժերի միավոր է, որն իր տեսակի մեջ միակն է ՌԴ բանակում։ Պաշտոնապես լինելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմում դեռևս 1991թ. փետրվարի 20-ից՝ հածանավն իրական ռազմական գործողությունների առաջին անգամ մասնակցել է սիրիական պատերազմում[12]։
Նախքան արդիականացումը (2016թ.) հածանավն ունակ էր կրելու МиГ-29 և Су-33 տախտակամածային կործանիչներ, Су-25УТГ գրոհայինի ուսումնամարզական տարբերակը, Ка-27 ուղղաթիռ։ Արդիականացումից հետո այն կարող է կրել նաև МиГ-29-ի նորագույն նավային տարբերակը և Ка-52К ուղղաթիռ։
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը
Հածանավն ունի «Գրանիտ» («Гранит») հականավային թևավոր հրթիռների տասներկու արձակման կայան, «Կորտիկ» («Кортик») և Կինժալ («Кинжал») զենիթային համալիրներ, հականավային ռմբանետիչներ։ Ունի հետևյալ որակական հատկանիշները.
- Ավիատարողությունը՝ ունակ է կրելու մինչև հիսուն ինքնաթիռ և ուղղաթիռ
- Առավելագույն արագությունը՝ ժամում 29 հանգույց[13]
- Լողալու հեռավորությունը՝ 8417 մղոն,
- Անձնակազմը՝ 1980 մարդ
Հակաօդային պաշտպանության միջոցներ
Հ ակաօդային պաշտպանության համար սկզբում կիրառվել են С-300 զենիթահրթիռային համակարգեր՝ Տարտուսի ծովային ռազմակայանը և Հմեյմիմի ավիակայանը պաշտպանելու համար։ 2015թ. նոյեմբերին թուրքական օդային ուժերի կողմից ռուսական կործանիչի խոցումից հետո Սիրիա բերվեցին և մարտական հերթապահության դրվեցին ավելի արդիական С-400 համակարգեր[14]։ Դրանց շնորհիվ Ռուսաստանը վերահսկողություն հաստատեց Սիրիայի գրեթե ողջ օդային տարածքի նկատմամբ։ С-400 համակարգերի արդյունավետ գործառնությունը թերևս հիմք դարձավ, որ Թուրքիան Ռուսաստանից գնի հակաօդային պաշտպանության այդ միջոցներից[15]։ Այս համակարգերն արտադրում է ռուսական հայտնի «Ալմազ Անտեյ» («Алмаз Антей») զինագործական ընկերությունը[16]։
С-400 զենիթահրթիռային համակարգը
Կիրառվել են նաև «Պանցիր-Ս1» («Панцирь-С1»), «Պանցիր-Ս2» («Панцирь-С2») և «Տոր-Մ2ՈՒ» («Тор-М2У») զենիթահրթիռային համակարգեր։ Այս միջոցները նախատեսված են ավելի մոտ տարածությունից ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները օդային, ինչպես նաև ծովային ու ցամաքային հարվածներից պաշտպանելու համար։
Մասնավորապես, Հմեյմիմի օդային ռազմակայանում տեղակայված «Տոր-Մ2ՈՒ» համակարգերն ապացուցել են իրենց բարձր ճշգրտությունը, օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակային պայմաններում և ռադիոէլեկտրոնային իրավիճակում արդյունավետ գործառնելու ունակությունը՝ հաջողությամբ պաշտպանելով ռազմակայանն անօդաչուներից և հրթիռներից։
Ցամաքային մարտական միջոցներ
Ց ամաքային մարտերի համար նախատեսված միջոցներից նշանակալի է Т-90 տանկը, որը սիրիական կառավարական զորքերն առաջին անգամ կիրառել են 2016թ. Հալեպ նահանգում։ Ունի բազմաշերտ զրահ։ Տանկի կմախքի և աշտարակի դիմային բազմաշերտ զրահը համարժեք է կես մետրանոց միաշերտ զրահի։ Իսկ ընդհանուր զրահի ամրությունը համարժեք է գրեթե մեկ մետրանոց (850 մմ) պողպատե զրահի ամրության։ Ամուր զրահի շնորհիվ այն դիմանում է անգամ հակատանկային հրթիռների հարվածներին[17]։
Հրասայլն ունի նաև ակտիվ պաշտպանության «Շտորա» («Штора») էլեկտրոնային-օպտիկական ճնշման համակարգ։ Մասնավորապես, «Շտորա 1» համակարգը, որը նախատեսված է հակատանկային հարվածային հրթիռներից տանկի պաշտպանության համար, նույնպես առաջին անգամ փորձարկվեց Սիրիայում։ Այն գերլուսային ազդեցության շնորհիվ տանկն անտեսանելի է դարձնում հակառակորդի նշանառության համար[18]։
Т-90-ի հարձակողական միջոցը 125 մմ-անոց հարթափող թնդանոթն է, որի առավելագույն հեռահարությունը, կախված կիրառվող ռազմամթերքից, 4-10 կմ է։ Սիրիական պատերազմը ցույց տվեց, որ Т-90-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարդուժն ու սպառազինությունը ոչնչացնելու գործում։
Որպես թերություն սիրիացի զինվորները մատնանշել են օդորակիչի բացակայութունը[19], ինչը թերևս անհրաժեշտություն է անապատային պայմաններում մարտեր վարելիս։ Սիրիական պատերազմի փորձի հիման վրա Т-90-ը նույնպես արդիականացվել է։
Սիրիական պատերազմում նշանակալի էր նաև «Տերմինատոր» («Терминатор») տանկերի աջակցման մարտական մեքենայի կիրառումը։ Տանկերի պաշտպանության համար նախատեսված այս ծանր զրահամեքենայի առաջին նմուշն արտադրվել է դեռևս 2000թ., սակայն մինչ սիրիական պատերազմը Ռուսաստանը զերծ էր մնում սերիական արտադրությունից։ Սիրիական պատերազմում արդյունավետ կիրառումից հետո Պաշտպանության նախարարությունը «Տրանսպորտային մեքենաշինության ուրալյան կոնստրուկտորական բյուրո» բաց բաժնետիրական ընկերությանը[20] պատվիրել է այդպիսի մեքենաներ։ Իսրայելը և Սիրիան նույնպես հետաքրքրված են դրանով։
Հրետանային միջոցներից կիրառվել են համազարկային կրակի «Տորնադո-Գ» («Торнадо-Г») և «Սմերչ» («Смерч») ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև «Սոլնցեպյոկ» («Солнцепек») ծանր հրանետային համակարգեր։ Դրանց կիրառումն այնքան արդյունավետ է եղել, որ հակառակորդը գրեթե լիովին կորցրել է մարտունակությունը։ Այս համակարգերի կիրառումից հետո սիրիական կառավարական բանակն առանց կրակոցի ազատագրել է նախատեսված տարածքները։
«Սոլնցեպյոկ» («Солнцепёк») ծանր հրանետային համակարգը
Սիրիայում առաջին անգամ կիրառվել են նաև 30 կմ հեռահարությամբ և 6,5-11 կգ պայթուցիկ նյութ պարունակող «Կրասնոպոլ» («Краснополь») ղեկավարվող հրետանային արկեր, որոնց նշանառությունն իրականացվում է անօդաչու սարքերի վրա տեղակայված լազերային հեռաչափ-թիրախացույցի (дальномер-целеуказател) միջոցով[21]։ Թռիչքի վերջնամասում ինքնագնացության գլխիկն ուղղորդվում է լազերային բծով և կառավարվում աերոդինամիկական ղեկով, ինչի շնորհիվ թիրախի խոցման հավանականությունը հասնում է 90%-ի։ Աերոդինամիկայի և ճշգրտության շնորհիվ արկն արդյունավետ կիրառվում է քաղաքային պայմաններում՝ փոքր հեռավորությունից կետային հարվածներ հասցնելու համար։
Պատերազմներում երկրորդական չէ նաև ականազերծման և հետախուզության դերը։ Այդ նպատակներով օգտագործվել են հեռակառավարվող հատուկ սարքեր։ Հիշատակելի է, մասնավորապես, «Ուրան» («Уран») արհեստական բանականությամբ օժտված հեռակառավարվող զրահապատ սարքը (ռոբոտ), որի առանձին տարատեսակներ ունեն իրենց հատուկ նշանակությունը։ «Ուրան 6»-ն, օրինակ, կիրառվում է ականազերծման համար։ Կառավարվում է մինչև 1 կմ հեռավորությունից։ Ունակ է հայտնաբերելու, նույնականացնելու և ըստ հրամանի՝ ոչնչացնելու մինչև 60 կգ տրոտիլային համարժեքի հզորությամբ ցանկացած պայթուցիկ։ «Ուրան 6»-ն օգտագործվել է Պալմիրայի ականազերծման ժամանակ։
«Ուրան 9»-ը ավելի բազմագործառույթ է։ Օգտագործվում է հետախուզական և զորքերի կրակային աջակցության նպատակով։ Ունի 30 մմ-անոց թնդանոթ, խոշոր տրամաչափի գնդացիր, հակատանկային հրթիռներ և հակաօդային պաշտպանության «Իգլա» («Игла») համակարգ։
Պատերազմի ժամանակ կարևոր է նաև ռազմական փոխադրամիջոցների դերը, որոնք կիրառվում են ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զենք-զինամթերքի տեղափոխման, այսինքն՝ զորքերի անխափան մատակարարման և համալրման համար։ Սիրիական պատերազմում կիրառվել են «Թայֆուն-Կ» («Тайфун-К») տեսակի զրահապատ ավտոմեքենաներ։ Վերջիններս բազմագործառույթ փոխադրամիջոցներ են՝ նախատեսված մարդուժի և զենք-զինամթերքի տեղափոխման համար։ Իր չափերի շնորհիվ՝ մոտ 9 մ երկարություն և ավելի քան 2.5 մետր լայնություն, ավտոմեքենան ունակ է տեղափոխել մինչև 16 զինվոր։
Մեքենայի խցիկը զրահապատ է, ունի նաև դիմապակու վրա զրահավահանի տեղադրման հնարավորություն։ Անիվները արկակայուն են, ունեն հակապայթյունային միջոցներ։ Շարժիչի 450 ձիաուժ հզորությունը թույլ է տալիս զարգացնել 110 կմ/ժ արագություն։ 6х6 անվային բանաձևի շնորհիվ մեքենան հեշտությամբ հաղթահարում է անբարենպաստ ճանապարհները։
Ը նդհանուր առմամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական պատերազմին, բացի աշխարհաքաղաքական նշանակությունից, այն է՝ պատերազմի ընթացքի բեկումից, այդ երկրի փաստացի կործանման կանխումից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Միջերկարկանի ավազանում Ռուսատանի դիրքի ամրապնդումից, ունեցավ նաև ռազմական և տնտեսական նշանակություն։ Ռազմականն այն է, որ ռուսական բանակը ձեռք բերեց պատերազմելու զգալի՝ նվազագույնը 5 տարվա փորձ։ Տնտեսականն այն է, որ սիրիական պատերազմին մասնակցությունը հնարավորություն տվեց իրական մարտական գործողություններում տեսնել ռուսական նորագույն սպառազինությունների արդյունավետությունը, ինչը մեծացրեց ռուսական զենքի արտահանման շուկան՝ ապահովելով տնտեսական օգուտներ։ ՌԴ Պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հավաստմամբ՝ Ռուսաստանի մասնակցությունը սիրիական պատերազմին մեծացրել է ռուսական զենքի հանդեպ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում[22]։ Նորագույն տվյալներով՝ զենքի արտահանումից ՌԴ բյուջեն ստանում է մոտ $ 50 մլրդ. եկամուտ, ինչը կարևոր է նավթի միջազգային գների տատանումներից երկրի տնտեսության կախվածությունը նվազեցնելու համատեքստում։
Ս իրիայում կիրառված ռուսական սպառազինությունների որոշ տեսականեր առկա են հայկական և ադրբեջանական բանակներում։ Մասնավորապես, երկու երկրների զինված ուժերն էլ ունեն հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգեր, համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր։ Թեև գրեթե զրոյական արդյունավետությամբ, արդբեջանական բանակը կիրառել է «Սմերչ» համակարգը ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Կան նաև սպառազինություններ, որոնք առկա են միայն հայկական կամ միայն ադրբեջանական բանակում։ Մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել կործանիչ օդուժ՝ ի դեմս Су30МС ինքնաթիռների։ ՌԴ փոխվարչապետ, պաշտպանական-արդյունաբերական համալիրի պատասխանատու Յուրի Բորիսովի գնահատմամբ՝ Սիրիայում կիրառված այդ ինքնաթիռի հուսալիության ցուցիչները մի քանի անգամ գերազանցել են ակնկալվող արդյունքները։ Դրանք ապացուցել են իրենց բազմագործառութայնությունը՝ կրելով և գործարկելով գրոհային ինքնաթիռներին բնորոշ սպառազինություններ[23]։ Այսինքն՝ այդ թռչող մեքենաները միաժամանակ և՛ կործանիչ են, և՛ գրոհային։
Հայկական բանակում առկա են նաև հակաօդային պաշտպանության Тор-М2У զենիթահրթիռային համակարգեր։ Ի տարբերություն С-300-ների, որոնք հեռահար միջոցներ են, Тор-М2У-ները, ինչպես արդեն նշվեց, նախատեսված են մոտակա օդային թիրախների խոցման համար։ Դրանք ձեռք են բերվել 2019թ.՝ թերևս հաշվի առնելով 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի փորձը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
Իսկ ադրբեջանական բանակը զինված է «Սոլնցեպյոկ» («Солнцепёк») համակարգերով, որոնք նույնպես կիրառվել են ապրիլյան քառօրյայի ընթացքում։
[1] Заявления для прессы по итогам российско-турецких переговоров
[2] Մկրտչյան Ջ., Ռուսական մասնավոր ռազմական ընկերությունները
[3] Степанов А., Проверка боем: в Сирии апробировано более 600 современных образцов вооружения и техники
[4] Максимов И., Боевое крещение: какое российское оружие впервые применялось в Сирии
[5] Նույն տեղում։
[6] Մանրամասն տե՛ս Инерциальная навигационная система: как это работает
[7] Глобальная Навигационная Спутниковая Система (ГЛОНАСС). Մանրամասն տե՛ս
[8] Տե՛ս Россия совершила революцию в военном деле
[9] Տե՛ս Су-57 будет превосходить всех
[10] U.S. stops sale of F-35 fighter jets to Turkey over use of Russian defense system
[11] Максимов И., նշվ. աշխ.։
[12] Նույն տեղում։
[13] Ծովային մղոն, որը հավասար է 1852 մետրի (ավելի քան 1,85 կմ)։ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 2 (գլխավոր խմբագիր՝ Գ. Բ. Ջահուկյան), Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1974, էջ 290։
[14] «Триумф» С-400 проверят в Сирии ; Появились подробности работы С-400 в Сирии
[15] Տե՛ս Турция рассказала о покупке новых С-400
[16] http://www.almaz-antey.ru/
[17] Տե՛ս Неуязвимый Т-90: боевики ИГ трижды попали в танк, но не смогли его подбить
[18] В Сирии воюющие Т-90А "слепят" врагов "супер-фарами"
[19] Сирийские танкисты назвали недостаток Т-90
[20] Уральское конструкторское бюро транспортного машиностроения
[21] Видео: Новый российский дрон наводит артудары по террористам в Сирии
[22] А.Фомин: операция в Сирии способствовала популяризации российского оружия
[23] Степанов А., նշվ. աշխ։