Կողպված երկրներ

18 ր.   |  2020-05-07

«Մանուկ ժամանակ ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ գոյություն ունեն ժողովուրդներ, որոնք ծով չեն տեսել ու չգիտեն, թե դա ինչ է»:
Իվան Այվազովսկի (1817-1900), Նամակագրություն: Երևան, 2017թ.

Հարելով արդի քաղաքներին նվիրված հրապարակումներին (տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ), սույն հոդվածը կենտրոնանում է կողպված զարգացող երկրների հիմնախնդիրների վրա:

Նախաբան

Ե րկրների այն խումբը, որն անգլերեն կոչվում է Landlocked Countries, մեզանում սովորաբար անվանում են «Դեպի ծով ելք չունեցող երկրներ»: Կարծում ենք, որ այս բառակապակցությունը համահունչ չէ բնագրին, բովանդակային առումով սխալ է ու հետագա կիրառման դեպքում՝ ապակողմնորոշող:

Բնագիր սահմանումը ենթադրում է հատկապես դեպի «բաց ծով» ելք, իսկ «բաց ծովը» ծովային իրավունքի հատուկ տերմին է՝ High Seas: Մինչդեռ հայերենում կիրառվող վերոհիշյալ արտահայտությունը չի արտացոլում այս կարևոր նրբությունը: Օրինակ, Կասպից ծովը, լինելով փակ ջրավազան, միջազգային իրավունքի տեսանկյունից «բաց ծով» չէ:[1] Օգտագործելով հիշյալ արտահայտությունը՝ մենք կարծես թե վավերացնում ենք, որ, օրինակ, Ադրբեջանը, Ղազախստանը կամ Թուրքմենստանը նույնպես «դեպի ծով ելք չունեցող երկրներ» են, հավասարության նշան դնում և դեպի փակ կամ բաց ծով, ծովածոց, օվկիանոս կամ գոնե նավարկելի գետ իսկապես ելք չունեցող Մոնղոլիայի, Եթովպիայի կամ Հայաստանի միջև:

Բացի այդ, անգլերեն Landlocked Countries եզրն ունի բռնության կարևոր երանգ և շատ դեպքերում համարժեքորեն արտացոլում է այս երկրների ծովից զրկվելու աշխարհաքաղաքական բռնի գործընթացների փաստը: Վերոհիշյալ հայերեն կամ ռուսերեն նկարագրական բառակապակցություններում այս երանգը ամբողջովին բացակայում է: Ստորև «դեպի ծով ելք չունեցող երկրները» կանվանենք «կողպված երկներ» կարճ և բնագրին համարժեք եզրույթով, որը նաև օգտագործել ենք հարցին նվիրված մի քանի հրապարակումներում (տե՛ս այստեղ, այստեղ և այստեղ):

Կողպված զարգացող երկրներ

Ն երկայում ՄԱԿ անդամ 193 երկրից կողպված է համարվում 43-ը: 2019թ. վերջին այստեղ էին ապրում մոտ 592.3 մլն մարդ՝ մոլորակի բնակչության մոտ 8.0%: Բնակչության թվաքանակի տեսանկյունից ամենամեծ կողպված երկիրը Եթովպիան է (110 մլն), տարածական առումով՝ Ղազախստանը (մոտ 2.7 մլն քառ. կմ): Եվրոպայում են կողպված երկրներից 13-ը, Աֆրիկայում՝ 16-ը, Ասիայում՝ 12-ը, Հարավային Ամերիկայում՝ 2-ը:

1994-ին կողպված երկրների խմբից առանձնացվեցին կողպված զարգացած 11 երկրները (Landlocked developed countries)[2], իսկ մնացած 32-ը հավաքվեցին, այսպես կոչված, «կողպված զարգացող երկրների» խմբում (Landlocked developing countries, LLDC):[3] Դրանց թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոնղոլիան, Մոլդովան, Եթովպիան և այլն (նկ. 1, ամբողջական ցանկը տե՛ս այստեղ): ՄԱԿ շրջանակներում այս երկրների հարցերով զբաղվում են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսը (UN CTAD), նվազ զարգացած երկրների, կողպված զարգացող երկրների և փոքր կղզիների ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակը (UN OHRLLS), մասամբ նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP):


Նկար 1. ՄԱԿ անդամ կողպված զարգացող երկրները: Աղբյուրը՝ UN CTAD

2019թ. վերջին կողպված զարգացող երկրներում էր ապրում մոտ 529 մլն մարդ կամ մոլորակի բնակչության մոտ 7.0%, մինչդեռ գլոբալ առևտրում այս երկրների մասնաբաժինը 2019-ին կազմել էր 1.5%-ից էլ պակաս (1.17% 2012-ին): Այսինքն՝ 4.6 անգամ ավելի քիչ, քան դա ենթադրում է բնակչության ընդհանուր համամասնությունը: Միևնույն ժամանակ կողպված զարգացող երկրների ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի մասնաբաժինը միջինում մոտ 78% է, ինչը շոշափելիորեն ավելին է, քան համընդհանուր միջին ցուցանիշը (61%) ու մատնանշում է առևտրային կոմունիկացիաների բարդությամբ պայմանավորված այս երկրների գերխոցելիությունը: Կողպված զարգացող երկրներում տեսակարար ՀՆԱ-ն միջինը չի անցնում մեկ շնչին $1000 ցուցանիշը, իսկ «Մարդկային զարգացման ցուցիչի» (HDI) արժեքը միջինը 9 կետով ցածր է համընդհանուր միջին արժեքից:

Կողպված զարգացող երկրների խոցելիությունը և տնտեսական զարգացման դժվարությունները միջազգային հանրության կողմից ընդհանուր առմամբ գիտակցված են: Այս առումով հիմնարար նշանակություն ունի Կողպված տերությունների միջանցիկ առևտրի մասին 1965թ. համաձայնագիրը[4], որը ստորագրած 27 պետությունների շարքում էին ՄԱԿ հիմնադիր անդամներ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը՝ վերջինս կողպված երկիր է: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկրները ինքնաբերաբար պահպանել են համաձայնագրում իրենց կարգավիճակը: Ետխորհրդային շրջանում 1965թ. Համաձայնագրին միացել են. Վրաստանը՝ 1999թ. հունիսի 2-ին, Ղազախստանը՝ 2007թ. նոյեմբերի 1-ին և Հայաստանը՝ 2013թ. հունիսի 23-ին: Ադրբեջանը չի միացել և չի վավերացրել այն:

Համամասնությունների խախտումը

Կ ողպված զարգացող երկրների ցանկի համեմատությունը նախորդ հոդվածում քննարկվող առաջնային քաղաքներով երկրների ցանկի հետ թույլ է տալիս վերհանել կարևոր մի հանգամանք: 2018թ. տվյալներով ՄԱԿ անդամ 193 երկրներից առաջնային քաղաք ունեն 27 երկիր, այսինքն՝ 14%-ը: Իսկ ինչպես նշել էինք վերը, ՄԱԿ անդամ 193 երկրներից կողպված զարգացող երկիր են 32-ը, այսինքն՝ 16.5%-ը: Այսպիսով, առաջնային քաղաքներով պետությունները կամ կողպված զարգացող երկրները փոքրաթիվ բացառություններ են՝ մոտ 15%:

Մյուս կողմից, աշխարհի առաջնային քաղաքներով 27 երկրներից, միևնույն ժամանակ կողպված զարգացող երկիր են 7-ը[5], այսինքն՝ 25.9%-ը: Եվ հակառակը, աշխարհի 32 կողպված զարգացող երկրներից այս 7 երկրները (22%-ը) միևնույն ժամանակ նաև առաջնային քաղաքով երկիր է: Միանգամայն տարբեր պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական, ուրբանիզացիոն ու տնտեսական ենթատեքստ ունեցող երկրների այս երկու ցուցակների խաչվող համամասնությունները համադրելի են (մոտ 24%), և միևնույն ժամանակ շոշափելիորեն ավելի դրանց ուղիղ համամասնություններից (մոտ 15%): Ահա այս հանգամանքը մենք անվանում ենք «համամասնությունների խախտման երևույթ»:

Պատկերավոր ասած իրողությունը հետևյալն է. միջազգայնորեն ճանաչված պետականություն ունեցող երկրների շարքում[6] առաջնային քաղաքով երկիր կամ կողպված զարգացող երկիր կհանդիպեք հազվագյուտ՝ մոտ 15% դեպքերում: Բայց, այս երկու խմբերում մյուս տիպի երկրին կհանդիպենք շոշափելիորեն ավելի հաճախ՝ մոտ 24% դեպքերում: Այսպիսով, կարող ենք փաստել, որ առաջնային քաղաք ունենալն ավելի շատ է փոխկապակցված է կողպված զարգացող երկիր լինելու հանգամանքին, քան բխում է բոլոր երկրների հանդեպ այս տիպի երկրների համամասնությունից: Հանգամանք, որը կապում է երկրի կողպված լինելու պատմական, աշխարհագրական ու աշխարհաքաղաքական ընդհանրական գործոնը՝ երկրի ուրբանիզացիոն զարգացման ընդհանրական գործոնի հետ:

Մասնավորապես, Երևանի առաջնայնությունը, որի հիմքը դրվեց անցած դարի 50-60-ականներին հանրապետության տնտեսական և ուրբանիզացիոն զարգացման ընթացքում[7], Հայկական ԽՍՀ տարածաշրջանային մեկուսացվածության, յուրօրինակ «կողպվածության» արդյունք է: Դեռ այն ժամանակ ՀԽՍՀ էներգատրանսպորտային ենթակառուցվածքը և մայրուղիները փակուղային (deadend) էին:

Համադրելով քաղաքների առաջնայնության (primacy) և երկրի ուրբանիզացիայի ընդհանրական ցուցանիշները առաջարկվել էր մի մոտեցում, որը թույլ էր տալիս ուրվագծել այն երկրների շրջանակը, որոնց հետ Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրերի համեմատությունը տեղին է և համարժեք (տե՛ս այստեղ, նկ. 4): Հիշեցնենք, որ այս մոտեցմամբ Հայաստանի հետ միևնույն տիրույթում էին ընդամենը վեց երկիր:

Եթե այժմ դիտարկումների մեջ ներառենք նաև երկրների կողպվածության հանգամանքը ապա կտեսնենք, որ այս 6 երկրներից Հայաստանի պես կողպված երկիր են Մոնղոլիան, Պարագվայը և Կոնգոն: Այսինքն, ցուցանիշների այս տիրույթում հայտնված երկրների 50%-ը: Սա «համամասնությունների խախտման» վառ արտահայտություն է:

Կողպված լինելու անեծքը

«Կողպված լինելու ազդեցությունը երկրի զարգացման վրա չի սահմանափակվում առևտրական ու տնտեսական գործոններով: Առկա են նաև ներազդման այլ մեխանիզմներ, որոնց նյութական վնասը նույնիսկ ավելի զորեղ է ու համակարգային»:
Ֆաբրիցիո Կարմիջիանի, «Կողպված լինելու անեծքը», 2012թ.[8]

Ինչպես ասացինք, այսօր հաստատված է զարգացող երկրի կողպված լինելու կապը ՀՆԱ դանդաղ աճի և ընդհանուր տնտեսական թերզարգացման հետ:[9] Բայց երկրի կողպված լինելու աղետաբեր հետևանքները սրանով չեն սպառվում:

Ֆ. Կարմիջիանիի հայտնի «Կողպված լինելու անեծքը» ուսումնասիրության հրապարակումից հետո պարզ դարձավ, որ երկրի կողպվածության հետևանքով ՀՆԱ-ի դանդաղ աճը միակ բացասական մեխանիզմը չէ: Այն պարզապես ամենատեսանելին է: Համաձայն հիշյալ ուսումնասիրության՝ երկրների կողպվածությունն առաջացնում անուղղակի և ավելի զորեղ բացասական երևույթներ, քան ՀՆԱ-ի դանդաղ աճը:

Կողպվածությամբ առաջացած անուղղակի մեխանիզմները ձևախեղում են երկրի կառավարման համակարգը, բացասաբար ազդում ինստիտուտների որակի վրա, իջեցնում արդյունավետությունը, սահմանափակում կառավարման համակարգի մտահորիզոնը, անգամ՝ աղքատացնում ազգային արժեհամակարգը ու մշակույթը: Այս ամենի վնասները երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են անհամեմատելի մեծ վնասների, քան կողպվածության ուղղակի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա:

Շրջափակման հետևանքով Հայաստանի կրած կորուստներն ամբողջական առումով տակավին գնահատված չեն. Համաշխարհային Բանկի 90-ականների վերջի գնահատականով շրջափակման հետևանքով ՀՀ կրած ուղղիղ կորուստները կազմել էին տարեկան մոտ $1.0 մլրդ:[10] Կողպված լինելու պատճառով Հայաստանի ուղղակի և անուղղակի վնասները ոչ միայն գնահատված չեն, այլև, որքանով հայտնի է հեղինակին՝ այս խնդիրը փորձագիտական հանրության և մասնագիտական կառույցների առջև անցյալում դրված չի եղել:

Իրականում կողպված երկրներ

Ո չ բոլոր կողպված երկրներն են զարգացած և միջազգային մակարդակում այս գիտակցումն ամրագրվեց ՄԱԿ շրջանակներում կողպված զարգացող երկրների խմբի ստեղծումով: Բայց տակավին ստվերում է մեկ այլ հանգամանք. ամենևին ոչ բոլոր «կողպված երկրներն» են իրականում կողպված՝ Landlocked եզրի ամբողջական իմաստով: Այսպես, եվրոպական կողպված երկրների մեծ մասը (բացի Շվեյցարիայից և եվրոպական 4 թզուկ պետություններից երկուսի) գրեթե ողջ երկայնքով նավարկելի Դանուբ գետի շուրջ ձևավորված Ավստրո-հունգարական կայսրության նախկին տարրերն են:[11] Ներկայումս «կողպված» Ավստրիան, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Սերբիան և Մոլդովան 1998-ին ստեղծված Դանուբ գետի պաշտպանության միջազգային կոմիտեի (ICPDR) հիմնադիր անդամ են և ակտիվորեն օգտվում են[12] մինչև բաց Սև ծով նավարկելիությունից: Այնպես որ, այս 6 երկրները կարելի է համարել կողպված միայն պայմանականորեն: Ինչպես որ միայն մասնակիորեն կողպված կարելի է համարել իր հարևանների և սեփական ազգային տարածքների տարբեր հատվածների հետ ջրային կապ ունեցող Շվեյցարիան:

Բացի այդ, ինչպես նշել էինք ավելի վաղ, երկկողմ պայմանավորվածությունների հիմքով Չեխիային է պատկանում գերմանական Համբուրգ նավահանգստի առանձին տարածք, իսկ Ուկրաինայի համաձայնությամբ Մոլդովան ներկայում օգտագործում է Պրուտ և Դանուբ գետերի վրա Ջուրջուլեշտիի նավահանգիստը՝ բաց Սև ծով անմիջական ելքով: Այսպիսով, Եվրոպայում գտնվող 13 «կողպված» երկրներից իրականում կողպված կարելի համարել միայն Բելառուսը:

Դժվար է կողպված համարել սեփական նավատորմ ու տրանսպորտային տորմիղ ունեցող Պարագվայը: Բոլոր դեպքերում նավարկելի Ռիո դե լա Պլատա և Պառանա գետերի միջոցով Պարագվայը ակտիվ ջրային փոխադրումներ է իրականացնում ծովային մի շարք նավահանգիստներ[13]: Այս առումով ավելի բարդ է Բոլիվիայի վիճակը, բայց այստեղ իրականացվում են տարանցիկ փոխադրումներ:[14] Պարագվայի և Բոլիվիայի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և բաց ծով ելքի ապահովումը գտնվում է UN CTAD և MERCOSUR կազմակերպությունների ուշադրության ներքո:

Վերջապես, դժվար է իրապես կողպված համարել նաև Կասպից ծովում նշանակալի նավահանգստային ենթակառուցվածքներ ունեցող «կողպված» Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը: Հանգամանք, որը Ադրբեջանը և Ղազախստանը չեն զլանում խնամքով նշել Համաշխարհային Բանկի՝ Doing Business կամ Համաշխարհային տնտեսական ֆորումի World Competitiveness Report ամենամյա հաշվետվություններում: Հիշեցնենք նաև, որ Կասպիցով ներքին փոխադրումներից բացի իրականացվում է նաև դեպի Սև ծով նավարկումը՝ Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքներով: Այսինքն, բոլոր վերոհիշյալ երկրները նավարկելի ելք ունեն դեպի «բաց ծով»:

ՄԱԿ զարգացող կողպված երկրների խմբում նույնականացնել այս երկրները Ուզբեկստանի, Մոնղոլիայի կամ Հայաստանի հետ սխալ է թե՛ փաստական, թե՛ իրավական առումով: Հրատապ է ՄԱԿ շրջանակում և այլ միջազգային հարթակներում իրապես կողպված զարգացող երկրների ինքնակազմակերպման, հիմնախնդիրների բարձրաձայնման և լուծումների մշակման ու իրացման խնդիրը:

Կողպվածությունը և աշխարհաքաղաքականությունը

Ս տվերում է մնում երկրների կողպվածությանն առնչվող ևս մի գործոն՝ աշխարհաքաղաքական ակունքներն ու կողպվածությանը հանգեցրած քաղաքական գործոնները: Այս առումով նպատակահարմար է զուգահեռ անցկացնել կողպված զարգացող երկու երկրների՝ Եթովպիայի և Հայաստանի միջև:[15]

ԽՍՀՄ-Արևմուտք երկբևեռ գլոբալ հակամարտության ժամանակ Բաբ էլ Մանդեբի նեղուցում վերահսկողություն սահմանելու 70-ականների վերջի գործընթացների հետևանքով Սոմալիի, Էրիտրեայի և Ջիբութիի միջոցով Եթովպիան 1991-ից զրկվեց բաց ծով ելք ունենալուց ու դարձավ կողպված երկիր: Եթովպիայի միակ տրանսպորտային հաղորդակցման ուղին՝ Ադիս-Աբեբա – Ջիբութի երկաթուղային գիծը, Ջիբութիի (ու չինական ռազմաբազայի) վերահսկողության տակ է: Փլուզված երկրներ ճանաչված Էրիտրեայի և Սոմալիի ծովահենների գործունեության պատճառով էապես դժվարանում է Եթովպիա կրիտիկական նշանակության բեռների առաքումը: Այս ամենն էականորեն դժվարացնում է Եթովպիայի զարգացումը, կանխում նրա ՀՆԱ-ի աճը:

XX դարասկզբին Հայաստանը զրկվեց բաց ծով ելք ունենալու հնարավորությունից: Ջուլֆայի երկաթուղային հանգույցի և Նախիջևանի կորստից հետո Հայաստանը զրկվեց հարավի հետ իր միակ երկաթուղային գծից: ԽՍՀՄ փլուզումից հետո կողպված Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից 1993-ից ի վեր ենթարկվեց էներգատրանսպորտային շրջափակման: Գանմուխուրիի մոտակայքում գտնվող երկաթուղային կամրջի պայթեցումով Հայաստանը զրկվեց հյուսիսի հետ կապող իր միակ տրանսպորտային ուղուց՝ Հայաստան-ՌԴ-Եվրոպա երկաթուղուց: Այս ամենն էականորեն դժվարացնում է Հայաստանի զարգացումը:

Նկատենք, որ ԽՍՀՄ կազմում Հայաստանը երբևիցե չի օգտվել կողպված լինելու հանգամանքից՝ ոչ քաղաքական ու աշխարհաքաղաքական[16], ոչ էլ տնտեսական առումով։ Ախուրյանի ջրամբարի և ոռոգման հանգույցի կառուցումը կանոնակարգվել էր ԽՍՀՄ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների շրջանակում, իսկ Ջուլֆայի երկաթուղային հանգույցի շահագործումը և Նախիջևանի ջրամբարի կառուցումը դուրս էր ՀԽՍՀ քաղաքական ու գործադիր իրավասությունների տիրույթից:[17]

Ցավալի է, որ նույն մոտեցումը շարունակվեց և ետխորհրդային ժամանակներում՝ 3-րդ Հանրապետության գոյության առաջին տասնամյակների ընթացքում: Մասնավորապես, 2008-10թթ. Արաքս գ. վրա Խուդաֆերինի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ[18], որպես հիմնավորում օգտագործվեց բացառապես ԽՍՀՄ-Իրան երկկողմ հարաբերությունների շրջանակում ժամանակին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մինչդեռ կողպված այլ երկրները չեն վարանում բարձրացնել այս հարցը: Առավել ևս մեր օրերում, երբ աշխարհը կանգնած է համամոլորակային երկու խնդրի առջև. կորոնավիրուսի համավարակի և էներգետիկ շուկաների վերադասավորման ու նավթի և բնական գազի գնի աննախադեպ անկման: Լինի Նյու Յորք թայմսում 2020թ. ապրիլի 30-ին հրապարակված Եթովպիայի վարչապետի հոդվածը, որն «Արևմուտքի» և «գլոբալ Հյուսիսի» առջև բարձրացնում է կողպված և զարգացող երկրներին հատուկ օժանդակության անհրաժեշտության հարցը, թե կողպված Բելառուսի և Հայաստանի դիմումը ՌԴ-ին՝ մատակարարվող բնական գազի գնի իջեցնելու առաջարկը (տե՛ս այստեղ և այստեղ):

Ուշագրավ է նաև, որ 2019թ. սեպտեմբերին ՌԴ նախագահի Մոնղոլիա պաշտոնական այցի ժամանակ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ անժամկետ «Договор о дружественных отношениях и всеобъемлющем стратегическом партнерстве»: Ըստ որոշ հրապարակումների՝ այցի ժամանակ քննարկվել է «ռուսական նավահանգիստներից մեկում սեփական տերմինալի կառուցման Մոնղոլիայի մտադրությունը»:

Մեզ համար ուսանելի է Տարանցիկ առևտրի 1965թ. համաձայնագրի ստորագրման ժամանակ Բոլիվիայի պաշտոնական հայտարարությունը. «Բոլիվիան կողպված երկիր չէ, այլ տերություն է, որը ժամանակավոր հանգամանքների թելադրանքով զրկված է սեփական ծովափով բաց ծով ելք ունենալուց: Տարանցիկության ազատության իրավունքը, որպես կողպված երկրների անօտարելի իրավունք, պետք է ճանաչվի միջազգային իրավունքի ողջ ուժով՝ առանց սահմանափակումների և անվերապահ: Բոլիվիան երբեք չի հրաժարվի այս տեսակետից, որն ինքնիշխանության անքակտելի է մասն է»:

Կարծում ենք, որ 1965թ. Համաձայնագրին 2013թ. հունիսի 23-ին Հայաստանի միանալու պաշտոնական փաստաթղթերում նպատակահարմար է ավելացնել Բոլիվիայի հետ համերաշխության դրույթը:

Կորոնավիրուսը և կողպված զարգացող երկրները

Մ արդածին ու բնական աղետների պայմաններում ուրբանիզացիոն գործընթացների, առաջնային ու մեգաքաղաքների հիմնախնդիրներին մտադիր էինք անդրադառնալ առանձին հոդվածով: Սակայն COVID-19 համավարակը ստիպում է մեզ անել հետևյալ դիտարկումները:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բնական ու մարդածին միագործոն աղետները բացառություն են, և լինելու դեպքում՝ հաղթահարվում են համեմատաբար թեթև: Իսկ իսկապես մեծ աղետները համալիր են, հետևաբար՝ ավելի ծանր ու մահաբեր: Օրինակ, խոշոր երկրաշարժ՝ սոցիալ-քաղաքական սուր ընդվզումների ու աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին: Կամ պատերազմ՝ զուգորդված էներգատրանսպորտային շրջափակմամբ, ահաբեկչական գործողություններով: Երկուսն էլ մենք տեսել ենք 80-ականների վերջին և վաղ 90-ականներին: Վերապրել ու հաղթահարել ենք դրանք:

Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանի կողպված կարգավիճակն ու շրջափակումը նույնպես աղետ է: Այն պարզապես դարձել է սովորական թե՛ մեր, թե՛ աշխարհի համար: Իրապես կողպված ու շրջափակված Հայաստանում ցանկացած, անգամ՝ միագործոն բնական կամ մարդածին աղետը, կարող է վերածվել բազմագործոն աղետի:


Նկար 2. Համավարակի հետևանքով երկրների տնտեսական կորուստների GPMB 2019թ. կանխատեսումը (% 2018թ. ՀՆԱ-ից)։ Աղբյուրը՝ GPMB 2019

Դեռ մինչ COVID-19 համաճարակի բռնկումը Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՄԿ, WHO)[19] և Համաշխարհային Բանկի 2017-ին հիմնված Պատրաստվածության գլոբալ մշտադիտարկման խորհուրդը (ՊԳՄԽ, GPMB) 2019թ. սեպտեմբերին հրատարակեց «Աշխարհը վտանգի մեջ է» խոսուն վերնագրով մի զեկույց[20], ուր գնահատվում էին համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրների հնարավոր տնտեսական կորուստները: Արդյունքները GPMB փորձագետները ամբողջացրել էին քարտեզի տեսքով, որը արտապատկերում ենք նկար 2-ում: Երկրների գունավորումն այս քարտեզում արտացոլում է կանխատեսվող տնտեսական կորուստների չափը (% 2018թ. ՀՆԱ-ից): Այն կարևոր է երկու առումով:

Նախ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի դեպքում համավարակի տնտեսական կորուստները գնահատվել էր ՀՆԱ 1.0-1.5%-ի տիրույթում:[21] Քարտեզը հստակ ցույց է տալիս, որ համավարակի հետևանքով տնտեսական կորուստներն առավել մեծ են առաջին հերթին կողպված երկրների և նվազ զարգացած երկրների դեպքում։ Դրա համար բավարար է համադրել նկար 2-ը կողպված զարգացող երկրների քարտեզի հետ (տե՛ս նկ. 1):

Այս եզրահանգումը համահունչ է նաև 2020թ. մարտի 18-ին The Lancet ամսագրում տպագրված հոդվածի հետևյալ եզրահանգմանը. «Համավարակին արդյունավետ դիմակայելու համար էական են ոչ միայն լավ պատրաստված կադրերը և ֆինանսական միջոցները: Վճռորոշ նշանակություն ունի արտակարգ իրավիճակներում լոգիստիկան՝ ներառյալ կրիտիկական նշանակության ապրանքների մատակարարման ողջ շղթայի անխափան գործունեությունն ու կառավարումը»: Ի մի բերելով աշխարհի 182 երկրների փորձը՝ հոդվածն ընդգծում է. «համավարակների ժամանակ ցածր եկամուտով ու սահմանափակ լոգիստիկ հնարավորություններով շատ երկրներ [կողպված զարգացող երկրները – Ա.Մ.] կարիք կունենան հատուկ օժանդակության՝ իրենց օպերատիվ պատրաստվածության աստիճանը (operational preparedness capacities) բարձրացնելու համար»:

Հետևություններ Հայաստանի համար

Ի մի բերելով շարադրվածը՝ կարելի է հանգել հետևյալ եզրահանգումների.

  1. Համաճարակների, անգամ՝ համավարակների դեպքում առավել խոցելի են այն կողպված զարգացող երկրները, որոնք իրապես կողպված են (Հայաստան, Մոնղոլիա, Եթովպիա և այլն): Իրավիճակը ավելի սուր է այն կողպված երկրներում, որոնք տասնամյակներ ի վեր ցամաքային էներգատրանսպորտային շրջափակման մեջ են (Հայաստան, Եթովպիա):
  2. Անցած տասնամյակներին Հայաստանի մասնակցությունը «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» Ալմաթիի (2004-2014թթ.) և Վիեննայի (2014-2024թթ.) գործընթացներին ձևական էր: Կարծում ենք, որ մոտ ապագայում Հայաստանը Մոնղոլիայի, Եթովպիայի և Բոլիվիայի հետ միասին պետք է նախաձեռնի «իրապես կողպված երկրների» խմբի ստեղծման ու ՄԱԿ-ում դրա գրանցման գործընթացը՝ հատուկ ուշադրություն դարձնելով շրջափակված երկրների հիմնահարցերին:
  3. Այս ուղղությամբ կարևոր նշանակություն ունի ՄԱԿ համակարգում գործող UNCTAD, UNOHRLLS, UNDESA, UNECE UNDP կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումը և քառակողմ (Մոնղոլիա, Եթովպիա, Բելառուս, Բոլիվիա) համադրված աշխատանքների իրականացումը:
  4. Հատուկ կարևորություն ունի ԱՄԿ և ՊԳՄԽ հետ Հայաստանի համագործակցության խորացումը համավարակի դեպքում կողպված զարգացող երկրների օպերատիվ պատրաստվածության աստիճանի բարձրացման և պատրաստվածության ունակությունների ամրապնդման ուղղություններով:
  5. Հայաստանը ԵՄ գործընկերների և Վրաստանի հետ պետք է ձեռնամուխ լինի դեպի բաց ծով ելքի դյուրինացմանն ուղղված միջոցառումների մշակմանը: Հեռանկարային է ԵՄ-ի Արևելյան Գործընկերություն և Համաշխարհային Բանկի ենթակառուցվածքային TEN-T ծրագրերի հնարավորությունների ուղղորդումը նշված նպատակին:
  6. ԵԱՏՄ-Իրան, ԵԱՏՄ-Մոնղոլիա ձևաչափերում նպատակահարմար է նախաձեռնել կողպված երկրների համար նավահանգիստներ և բաց ծով անարգել ելքի հնարավորության իրավական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարցերի քննարկումների կազմակերպումն ու անցկացումը: ԵԱՏՄ-Իրան-Մոնղոլիա ձևաչափում նպատակահարմար է Հայաստանի նախաձեռնությամբ «շրջափակման մեջ և պատժամիջոցների տակ գտնվող կողպված երկրների» հատուկ կարգավիճակի հարցի սահմանումն ու առաջխաղացումը՝ օգտվելով «կրկնակի կողպված երկրի» (double landlocked country) կարգավիճակի օրինակից:
  7. Հայաստան–Բելառուս միջպետական և այլ հարաբերությունների օրակարգ նպատակահարմար է բերել կողպված երկրների էներգատրանսպորտային կոմունիկացիաների և բեռների տեղափոխման իրավական, միջազգային, տարիֆային հարցերի քննարկումը:
  8. Հայաստանում հիմնել ԵԱՏՄ-ի «ծովազուրկ երկրների» զարգացման կենտրոն:
  9. Հիմնել և զարգացնել այս ուղղությամբ համագործակցությունը Մոնղոլիայի հետ, ուր տեղակայված է ՄԱԿ-ի «ծովազուրկ երկրների» ինստիտուտը։
  10. Զարգացնել համագործակցությունը.
  • ՄԱԿ-ի ՆԿՓԲՆ-ի (UN-OHRLLS), ՄԱԿ-ի ՆԿՓԲՆ-ի Կողպված զարգացող երկրների խմբի բյուրոյի (Bureau of the Group of Landlocked Developing Countries, BGLDC), հատկապես, Բյուրոյի անդամ Մոնղոլիայի և Եթովպիայի ներկայացուցիչների հետ,
  • Բյուրոյի կողմից 2018-2021թթ. իրականացվող «Strengthening the capacity of Landlocked Developing Countries under the «Belt and Road Initiative» to design and implement policies that promote transport connectivity for the achievement of the SDGs» ծրագրի հետ:

[1] Կասպիցը որպես բաց ծով դիտարկելու Ադրբեջանի, Ղազախստան և Թուրքմենիայի ջանքերն առայժմ հանդիպում են Ռուսաստանի և Իրանի դիմադրությանը (տես այստեղ, Հավելված 3):

[2] Ավստրիան, Հունգարիան, Սերբիան, Չեխիան, Սլովակիան, Շվեյցարիան, եվրոպական 4 թզուկ պետությունները (Լյուքսեմբուրգ, Անդորրա, Լիխտենշտեյն, Սան Մարինո) և Բելառուսը: Կողպված զարգացած այս երկրները ՄԱԿ-ում ներկայումս առանձին խումբ չեն կազմում:

[3] Հակված ենք կարծելու, որ այս գործընթացը պետք է դիտարկել «1994թ. Մեծ Սակարկության» (“Grand Bargain of 1994”) համատեքստում՝ Բուդապեշտյան հուշագրերից և ադրբեջանական «Դարի գործարքից» մինչև հրադադարի մասին Բիշկեկյան համաձայնագիր և «Վասենաարյան պայմանավորվածությունները»։

[4] Convention on Transit Trade of Land-locked States. New York, 8 July 1965. Թուրքիան այս համաձայնագրին միացել է դեռ 1969թ. մարտի 25-ին, Մոնղոլիան՝ 1966թ. հուլիսի 26-ին:

[5] Հայաստան, Ադրբեջան, Աֆղանստան, Մոնղոլիա, Բուրկինա Ֆասո, Ռուանդա, Պարագվայ։

[6] Մեր հոդվածներից մեկում նշել էինք, որ այսօր աշխարհում կա մոտ 6000 հստակ տարանջատված լեզու, մինչդեռ միջազգայնորեն ճանաչված երկրների թիվը 193-ն է: Այսինքն՝ լեզվական ինքնագիտակցությունից մինչև միջազգայնորեն ճանաչված պետականություն անցել է լեզվական ընդհանրություն ունեցող հանրությունների ընդամենը 3.2%-ը:

[7] Ճարտարապետները և քաղաքաշինարարները հավանաբար սա կանվանեն թամանյանական գենպլանից Երևանի զարգացման շեղում:

[8] Carmignani, Fabrizio, The Curse of Being Landlocked: Institutions Rather than Trade. Griffith Business School, No. 2012-04, March, 2012. Griffith University, Australia.

[9] Տե՛ս UN CTAD և UN OHRLLS կայքերում բերվող գրականությունը և հաշվետվությունները։

[10] http://www.jamestown.org/programs

[11] Ավստրո-հունգարական կայսրության ձևավորման գործում նավարկելի Դանուբ գետի դերակատարման մասին տե՛ս այստեղ և այստեղ:

[12] Գերմանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի հետ միասին: Դրանք բոլորը բաց ծով ելք ունեցող երկրներ են, որոնք միևնույն ժամանակ մերձդանուբյան երկրներ են:

[13] Ընդհանրապես Պարագվայը Բրազիլիայում ունի երեք ազատ նավահանգիստ (free port):

[14] մասնավորապես, չիլիական Արիկա (Arica) և Իքուիքե (Iquique) նավահանգիստներ: Օգտագործվում է նաև ներքին գետային ցանցով տրանսպորտային նավարկումը Լա Պասից պարագվայական Ասունսիոն:

[15] Հայաստանի և Եթովպիայի փոխհարաբերությունների կարևորության հարցին առիթ ունեցել ենք անդրադառնալ 2018-19թթ. մեր հոդվածներում (տե՛ս օրինակ այստեղ): Եթովպիայի նախագահ Մ. Խ. Մարիամի (Менгисту Хайле Мариам) 1978թ. նոյեմբերին ՀԽՍՀ նախատեսված այցը վերջին պահին չեղարկվեց ու փոխարինվեց Վրաստան «ճանաչողական» այցով: Ցավոք, միայն այսօր կարելի է հստակ արձանագրել, որ այս միջադեպը ՀԽՍՀ դիվանագիտական մեկուսացման, յուրօրինակ «կողպման» քաղաքականության հետևանք է: Այս տեսանկյունից արժեքավոր է, որ 2019թ. ապրիլի 2-ից 4-ը կայացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի առաջին պաշտոնական այցը Եթովպիա:

[16] Այս առնչությամբ տե՛ս. Сафрастян Р. «Советский Союз и Армянский вопрос (1945-47гг.)». Республика Армения, 14 декабря 1990. «Армения и советско-турецкие отношения в дипломатических документах 1945-1946гг.»: Под ред. А.Киракосяна. Ер.: Тигран Мец, 2010.

[17] Հեղինակին հայտնի միակ բացառությունը, թերևս, Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման հիմնավորման ժամանակ ԽՍՀՄ Պետպլանի դիրքորոշումն էր, որտեղ անուղղակի օգտագործվում էր Հայաստանի «կողպվածության» հանգամանքը (տե՛ս այստեղ և այստեղ):

[18] Ինչն, ի դեպ, անիմաստ դարձրեց Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման բազմիցս քննարկված ծրագիրը:

[19] ԱՄԿ-ին Հայաստանը անդամակցել է 1994-ին: ԱՄԿ-ի տարածաշրջանային ենթակայությունը՝ ԱՄԿ Եվրոպական դիրեկտորատ, նստավայրը՝ Կոպենհագեն, Դանիա:

[20] A WORLD AT RISK: Annual report on global preparedness for health emergencies. Global Preparedness Monitoring Board. September, 2019.

[21] Այսօր արդեն պարզ է, որ 2019թ. աշնանը GPMB-ի կողմից համաշխարհային մասշտաբով արված այս կանխատեսումները էականորեն թերագնահատել են իրական կորուստների ծավալները, տե՛ս, օրինակ, այստեղ և այստեղ: