Արցախի ընտրությունները

30 ր.   |  2020-05-04

Միջազգային արձագանքն ու Ադրբեջանի քարոզչությունը

1 991 թ․-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումից մինչ օրս անցկացվել է նախագահի 6 ընտրություն՝ 1996, 1997 (արտահերթ) 2002, 2007, 2012 և 2020 թթ․: 2017 թ․ Արցախի նախագահն ընտրվել է խորհրդարանի քվեարկությամբ՝ 3 տարի ժամկետով։ 1991 թ․-ից մինչ օրս անցկացվել է խորհրդարանական 12 (Գերագույն խորհրդի, իսկ 1995 թ․-ից Ազգային ժողովի), տեղական ինքնակառավարման մարմինների՝ 7 ընտրություն, վերջինը՝ 2019 թ․ սեպտեմբերի 8-ին։ Բացի այդ, անկախությունից հետո անցկացվել է 3 հանրաքվե՝ 1991, 2006 և 2017 թթ․ [1]։ Ընդհանուր առմամբ համապետական ընտրական բոլոր միջոցառումները 29-ն են, եթե ներառենք նաև 2020 թ․ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախորդ երկու տասնամյակում ընտրություններին ներկա են եղել նաև միջազգային դիտորդներ, լրատվամիջոցներ, ընտրությունների արդյունքները մեկնաբանել են տարբեր պետություններ և միջազգային կառույցներ։

2020 թ․, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի (SARS-CoV-2) համավարակը, ընտրություններն անցկացվել են առանց միջազգային դիտորդների և լրատվամիջոցների։ Ընտրությունների առաջին և երկրորդ փուլին, ինչպես և նախկինում, անդրադարձել են մի շարք պետություններ և միջազգային կառույցներ։ Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական, և ապրիլի 14-ի նախագահականի երկրորդ փուլի ընտրությունները պաշտոնական կայքում կամ պաշտոնական ներկայացուցչությունների սոցցանցային հաշիվներում մեկնաբանել է 17 պետություն՝ ներառյալ Ադրբեջանը, ինչպես նաև միջազգային 6 կառույց, ևս 2 միջազգային կառույցի և 5 պետության մեկնաբանության մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն և ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն պաշտոնական հաղորդագրություններ չկան։

Բոլոր հայտարարությունների ընդհանրությունը այն է, որ նշված պետությունները և կառույցները չեն ճանաչում Արցախի անկախությունը և ընտրությունների արդյունքները՝ որպես Արցախի վերջնական կարգավիճակի վրա ազդող գործոն։ Բովանդակության և ներդրված ուղերձների մասով, սակայն, կան էական տարբերություններ, ինչպես տարբեր պետությունների և կառույցների հայտարարությունների, այնպես էլ՝ որոշ պետությունների և կառույցների այս և նախորդ տարիների հաղորդագրությունների միջև։

Ընտրությունները մեկնաբանած 10 պետության և 3 միջազգային կառույցի հաղորդագրություններում և մեկնաբանություններում «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» կամ դրան հավասարեցվող արտահայտություն չի կիրառվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանի Դաշնության հաղորդագրություններում նշվում է Արցախի բնակչության՝ սեփական ապագան որոշելու և ընտրությունների՝ բնակչության բնական կենսագործունեությունն ապահովելու կարևորությունը։

Պետություններից 5-ը՝ Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը, հաղորդագրությունը տեղադրել են պաշտոնական կայքերում՝ նշելով, որ «սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի դեպքում հայտարարության բնույթն ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրի՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բնույթին։ Մյուս պետություններն իրենք ունեն տարածքային ամբողջականության խնդիր․ Ուկրաինան՝ Ղրիմի և Լուգանսկի, Վրաստանը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, Մոլդովան՝ Մերձդնեստրի։ Թեև «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրը Ռումինիայի ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանությունում չկա, սակայն Լեռնային Ղարաբաղի համար կիրառվել է «անջատողական շրջան» ձևակերպումը։ Ռումինիան նույնպես հարևան երկրների հետ տարածքային որոշ խնդիրներ ունի․ Ուկրաինայի հետ Սև Ծովում խնդիրները կարգավորելուց հետո Ռումինիան տարածքային պահանջներ ունի Բուլղարիայից։

Թուրքիայում Կանադայի և Ավստրալիայի դեսպանությունները (երկուսն էլ հավատարմագրված են նաև Ադրբեջանում) հաղորդագրություն են հրապարակել Թվիթերում՝ նշելով, որ «սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չեն ճանաչում ընտրությունների արդյունքը»։

Պաշտոնական կայքում

Պաշտոնական սոցցանցային հաշվում կամ ներկայացուցչի հաշվում

Ադրբեջան․

կայքեր կամ ԱԳՆ

Նշումներ

Երկրներ և կառույցներ, որոնց հայտարարությունը պարունակում է միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրը՝ առանց Ժողովուրդների ինքնորոշման իրավունքին հղում անելու

Ուկրաինայի ԱԳՆ

 

 

 

Թուրքիայի ԱԳՆ

 

 

 

Վրաստանի ԱԳՆ (31.03.2020, 15.04.2020)

 

 

 

Մոլդովայի ԱԳՆ (01.04.2020, 17.04.2020)

 

 

 

 

Անկարայում Կանադայի դեսպանություն (ակրեդիտացված նաև Ադրբեջանում)

 

 

 

 

Սաուդյան Արաբիա

 

 

 

Պակիստան

 

Ռումինիայի ԱԳՆ

 

 

Ռումինիայի ԱԳՆ-ն չի նշել «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրը, սակայն Ղարաբաղի համար կիրառել է «անջատողական» մակդիրը

 

 

 

 

 

Անկարայում Ավստրալիայի դեսպան (հավատարմագրված նաև Ադրբեջանում)

 

 

 

 

ՎՈւԱՄ

 

Իսլամական համագործակցություն կազմակերպություն

 

 

 

 

 

Չմիացած երկրների շարժում

 

Թյուրքական խորհուրդ

 

 

 

 

 

Եվրոպայի խորհուրդ (Report.az)*

Կասկածելի մեկնաբանությունը՝ ստորև

 

 

Շվեյցարիա **

Կասկածելի մեկնաբանությունը՝ ստորև

 

 

Նորվեգիայի ԱԳՆ (Trend.az)**

Կասկածելի մեկնաբանությունը՝ ստորև

Երկրներ և կառույցներ, որոնց հայտարարություններում չկա «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» կամ դրան հավասարեցվող արտահայտություն

ԵԱՀԿ Մինսկի խումբ

 

 

 

 

 

ԱՄՆ Պետքարտուղարություն (Azertag.az)

 

ՌԴ ԱԳՆ

 

 

 

Եվրամիություն

 

 

 

 

ՆԱՏՕ

 

 

Իրանի ԱԳՆ

 

 

 

Չինաստանի ԱԳՆ

 

 

 

 

Գերմանիա

 

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Միխայել Զիբերտը «Թվիթեր»-ում կիսվել է ԵՄ մամուլի խոսնակի գրառմամբ (ԵՄ խոսնակն իր գրառումը հետո հեռացրել է)

 

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն

 

 

 

Իտալիա

 

 

 

Էստոնիայի ԱԳՆ

 

 

 

Մոնտենեգրո

 

 

Չեխիայի ԱԳՆ

 

 

 

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից Ֆրանսիան այս տարի չի անդրադարձել, իսկ ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանությունը ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը ներկայացրել է ոչ ուղիղ տեքստով, և չի բացառվում, որ այն կրճատվել է։

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընտրությունների անցկացումը չի մեկնաբանել, ինչն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը։ Այդ մասին անձամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այս հանգամանքն օգտագործելով ԵԽԽՎ ԽՎ-ի հանդեպ Ադրբեջանի դժգոհությունն արտահայտելու նպատակով։ Ադրբեջանի նախագահը եվրոպական այս կառույցն ու Ադրբեջանի հարցով համազեկուցողներին անվանել է «հայամետ» և «հակաադրբեջանական»։ ԵԽԽՎ-ի հետ Ադրբեջանի հիմնական հակասությունները պայմանավորված են ԵԽԽՎ ԽՎ կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մի շարք զեկույցներով և հայտարարություններով և Ադրբեջանի ընտրությունների քննադատությամբ։

* Եվրոպայի խորհուրդը նույնպես չէր մեկնաբանել, ինչին ևս առանձին անդրադարձել էր Ադրբեջանի նախագահը։ Ավելի ուշ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ԵԽ ուղարկած հարցման պատասխանը, որտեղ նշվում է, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչում։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասով, ըստ այդ կայքի մեկնաբանության, նշվել է, որ ԵԽ-ն ճանաչում է անդամ և գործընկեր բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Նշվածից, սակայն, չի բխում, որ ԵԽ-ն Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է այդ շրջանակներում։ Պատասխանի ուղիղ տեքստն ամբողջությամբ ադրբեջանական կայքում տեղադրված չէ։

* Շվեյցարիայի ԱԳՆ-ն, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի, Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղարկած բանավոր նոտայում նշել է, որ «վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը», սակայն նշված չէ, թե այդ պետությունն ինչ սկզբունքների հիման վրա է պատկերացնում հակամարտության կարգավորումը։ Այս մասով տեղեկատվությունը հավելյալ ստուգման կարիք ունի, քանի որ կա Ադրբեջանի ԱԳՆ կողմից կասկածելի տեղեկատվության տարածման նախադեպ։ 2012 թ․ հուլիսին Շվեյցարիայի ԱԳՆ-ին հղումով նույն ձևակերպումով հայտարարություն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարածել էր Ադրբեջանի ԱԳՆ նախկին խոսնակ Է․ Աբդուլաևը՝ հերքելով «Արմենպրես» լրատվական գործակալության տարածած լուրը, թե Շվեյցարիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել առհասարակ։ Ըստ էության, Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր եղել երկրորդ անգամ հաղորդագրություն տարածելու, քանի որ առաջինից հետո «Արմենպրես»-ը, հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, հայտնել էր, որ այդ երկիրը «նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չի արել և հիմա էլ չի անի»։ Չի բացառվում, որ նոտա առհասարակ չի ուղարկվել, սակայն, եթե անգամ բանավոր նոտա եղել է, այն կարող է լինել ի պատասխան Ադրբեջանի ուղարկած բանավոր նոտայի, հետևաբար՝ մեծապես պայմանավորված է Ադրբեջանի նոտայի բովանդակությունից և ձևակերպումներից, և օբյեկտիվ գնահատական տալու համար կարիք կա տեսնելու երկու նոտաների ամբողջական տեքստը։ Նույնը վերաբերում է նաև Նորվեգիային, որը ևս, ըստ ադրբեջանական տեղեկության, բանավոր նոտայով է «իր դիրքորոշումն արտահայտել»։ Այս դեպքում ևս հստակեցման կարիք կա։

Մյուս երկու պետությունները՝ Սաուդյան Արաբիան և Պակիստանը, որոնք ըստ Լ․ Աբդուլաևայի բանավոր նոտա են հղել, նախկինում ևս ադրբեջանամետ դիրքորոշում են ունեցել։

Ցուցակում նշված երկրներից միայն Իտալիան և Մոնտենեգրոն են դիտարկվող ժամանակահատվածում (2007-2020 թթ․) առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել ընտրություններին։ Մյուս երկրները և կառույցները նախկինում առնվազն մեկ և ավելի անգամ մեկնաբանել են Արցախի նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընդ որում՝ Իտալիայի ԱԳՆ-ի թվիթերի էջում հրապարակվել է ԵՄ հայտարարությունը՝ «Իտալիան չի ճանաչում ԼՂ-ում, այսպես կոչված, «նախագահական ու խորհրդարանական ընտրությունները» մեկնաբանությամբ։ Մոնտոնեգրոյի ԱԳՆ թվիթում նույնպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» կամ հավասարազոր այլ արտահայտություն չկա։

Կան նաև երկրներ, որոնք Արցախի ընտրությունները նախկինում մեկնաբանել են, սակայն 2020 թ․ չեն անդրադարձել։ Այդ երկրներից են Նոր Զելանդիան, Լատվիան և Իսրայելը, որոնք 2012 թ․-ին հայտարարել էին, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ 2010 թ․ նախագահական ընտրության արդյունքները չճանաչելու մասին, ըստ ադրբեջանական կայքերի, հայտարարել էր նաև Նիդերլանդների ԱԳՆ-ն։ Ըստ իրանական Iran Diplomacy կայքում 2010 թ․ Արցախի ընտրությունների մասին վերլուծության՝ դրանց արդյունքը չճանաչելու մասին հայտարարել են նաև Նորվեգիան և Եգիպտոսը։ Նշվածներից միայն Նորվեգիան է 2020 թ․ ևս մեկնաբանել ընտրությունները։

Միջազգային արձագանքը նախորդ տարիներին․ համեմատական վերլուծություն

Թ ուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների դեպքում դիրքորոշման ակնհայտ փոփոխություն չի նկատվում։ Առաջին երկուսի դիրքորոշումը բացատրվում է Ադրբեջանի հետ հարաբերություններով, նշված պետությունների շահերով և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինչպես արդեն նշել ենք, ունեն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ, ըստ այդմ, որպես կանոն դեմ են արտահայտվում ազգերի ինքնորոշման իրավունքին։

Առանձնահատուկ դիտարկման կարիք ունեն մասնավորապես որպես միջնորդ ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, եվրոպական կառույցների և միջազգային այլ խաղացողների դիրքորոշումը։ Արցախի վերջին 4 համապետական և ՏԻՄ ընտրությունների դեպքում նկատվում է որոշակի դրական դինամիկա, որն արտահայտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եզրույթը չկիրառելու և խնդիրը երկխոսությամբ կարգավորելու անհրաժեշտության ընդգծմամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Ե ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2020 թ․ մարտի 31-ի հայտարարությունն էականորեն առանձնանում է․ «․․․Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ սեփական ապագան 2019 թ․ մարտի 9-ին համանախագահների հայտարարությունում նշված սկզբունքների և տարրերի հիման վրա որոշելու դերը»։ Չնայած հայտարարության հաջորդ մասում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները չեն ընդունում ԼՂ անկախությունը, ինչը տրամաբանական է միջնորդ կառույցի դեպքում, սակայն առաջին մասը հստակ ընդգծում է, որ դե ֆակտո իշխանությունների ձևավորման գործընթացն ընդունելի է։ Ինչպես տեսնում եք ստորև բերված աղյուսակում՝ նախորդ տարիների հաղորդագրություններում ևս նմանատիպ հայտարարություններ եղել են։

Հարկ է հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թ․-ի մարտի 9-ի հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր․ «․․․ արդարացի և վերջնական կարգավորումը պետք է հենված լինի Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը»։

 

2007

2010

2012

2015

2017

2020

Չի ճանաչում ԼՂ անկախությունը

+

+

+

+

+

+

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն

-

-*

-

-

-

-

Փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ

-

-

-

-

-

-

Խաղաղ բանակցություններով ԼՂ կարգավիճակի որոշում

+

+

+

+

+

+

Ընտրությունները չեն կարող ազդել ԼՂ խաղաղ կարգավորման վրա / կանխակալել ԼՂ ապագա կարգավիճակի որոշումը

+

+

+

+

+

+

 

* 2010 թ․-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից բացի ԵԱՀԿ կայքում տեղադրվել է նաև կառույցի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդբաբաևի հայտարարությունը, որը, ի թիվս վերը նշված դրույթների, նաև շեշտել է, որ «ԵԱՀԿ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Դիտարկված մյուս տարիներին Արցախի ընտրությունների վերաբերյալ նման հայտարարություն ԵԱՀԿ ՄԽ կայքում չի եղել։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները

Մ ինսկի Խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի պաշտոնական արձագանքները դիտարկվող ժամանակահատվածում գրեթե չեն տարբերվում համանախագահների հայտարարություններից․ բոլոր երկրները չեն ճանաչում Արցախի անկախությունը, ինչպես նաև ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման վրա ազդող գործոն, և կողմ են խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը։ Նշված երկրների պաշտոնական հայտարարությունները հիմնականում հավասարակշռված են, խնդրի կարգավորումը դիտարկվում է միջազգային իրավունքի բոլոր նորմերի, այլ ոչ թե միայն տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն։

2002 և 2005 թթ․-երին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես, ինչպես միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմերը և սկզբունքները»։ Ընդգծվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համագործակցությամբ՝ խաղաղ ճանապարհով։ Նույն հայտարարությունը տեսնում ենք նաև 2010 թ․ Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։ 2012 թ․-ին Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ խոսնակը, հղում անելով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, ավելացրել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի բոլոր նորմերի հիման վրա, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման։ 2020 թ․-ի ապրիլի 9-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ․ Զախարովայի մեկնաբանությունն, ըստ էության, կրկնում է նախորդ տարիների հայտարարությունները, մեկ բացառությամբ, որ այստեղ արդեն ուղիղ տեքստով է նշվում այն միտքը, որ «ընտրություններն անհրաժեշտ են բնակչության [Լեռնային Ղարաբաղի] նորմալ կենսագործունեության ապահովման համար»։

Ի տարբերություն ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՄՆ Պետքարտուղարության առանձին մեկնաբանությունների միայն փոքր մասն է հրապարակվել պաշտոնական կայքում։ Մյուս դեպքերում այն արտացոլված է ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերում, որտեղ հղում է արվում պետքարտուղարությանն ուղղված հարցումների պատասխանին, կամ առհասարակ չի նշվում, թե ինչպես է հայտարարությունը ձեռք բերվել։ 2020 թ․ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության կայքում կամ սոցցանցային հաշիվներում առանձին արձագանք չի հրապարակվել։ Ապրիլի 7-ին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հրապարակել է «ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն» վերնագրով նյութ։ Հոդվածում նշվում է, որ, ըստ պետքարտուղարության մեկնաբանության, ԱՄՆ-ն ընդգծում է, որ «անօրինական ընտրությունները չեն ազդում [ԼՂ] կարգավիճակի վրա»։ Քանի որ հիշատակվող հայտարարությունն ուղիղ խոսքով մեջբերված չէ և նշված չէ աղբյուրը, դժվար է ասել, թե այս արտահայտության ո՞ր մասն է ԱՄՆ պետքարտուղարությանը, իսկ ո՞րը՝ «Ազերթաջ»-ի սեփական հավելումը։

Այնուհետև հղում է արվում ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ որևէ տող չկա այս հայտարարության մեջ, իսկ բովանդակությունը ցույց է տալիս, որ, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության դեպքում, պետքարտուղարությունը դրանք չի ընդունում որպես ԼՂ ապագա կարգավիճակը որոշող։ Քանի որ նշված հայտարարությունն անգամ անուղղակի խոսքով փոխանցելիս չի համապատասխանում ադրբեջանական պետական քարոզչության հիմնական դրույթներին՝ «Ազերթաջ»-ը որպես հավելում ներկայացնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը և ընդհանուր տեքստը ներկայացնում իբրև ևս մեկ «ապացույց», որ «միջազգային կառույցները, պետությունները պահանջում են Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելուն»։

2017 թ․ Արցախի ՏԻՄ ընտրություններից հետո ևս ադրբեջանական լրատվամիջոցներում հանդիպում ենք ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանության. «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում պետքարտուղարությունից նշել են, որ «հակամարտության համապարփակ կարգավորման» տեսանկյունից ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իր ապագան որոշելու հարցում», սակայն ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂ-ն՝ որպես անկախ երկիր և ընտրությունների արդյունքները։

2015 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջ․ Քիրբիի մեկնաբանության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքները որպես «շրջանի իրավական կարգավիճակի վրա ազդող [գործոն]։ Հայտարարության սկզբում Պետքարտուղարության խոսնակը նշել է․ «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու հարցում»։ Ավելի վաղ՝ 2015 թ․ մայիսի 1-ին, Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները գրեթե նույն շեշտադրումներով մեկնաբանել էր պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոզեֆ Ռատկեն։ Որոշակի տարբերություն կա տերմինների միջև․ Ջ․ Ռատկեն նշում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի», իսկ Ջ․ Քիրբին՝ «շրջանի բնակչության»՝ սեփական ապագան որոշելու գործում ունեցած դերի մասին։

Ընկալումների տեսանկյունից տարբերությունը հստակ կերպով ընդգծվում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում 2015 թ-ի հայտարարությունների ներկայացման տեսանկյունից։ Ադրբեջանական լրատվամիջոցները շեշտադրել են ԱՄՆ կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու, իսկ հայկական լրատվամիջոցների մի մասը՝ «դե ֆակտո» ճանաչելու վրա։

2007 թ․-ի ընտրություններին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի մամուլի խոսնակ Չեյզ Բիմերը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի հարցերով կցորդ Ջ․ Հենիքը։ Չ․ Բիմերը նշել է, որ «ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և «չի ճանաչում ընտրությունների արդյունքները», իսկ Ջ․ Հենիքը, ըստ ադրբեջանական պետական լրատվական գործակալության, ասել է, որ «ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը և մյուս բռնազավթված շրջանները ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք»։ Նմանատիպ հայտարարություն Ջ․ Հենիքին հղումով ադրբեջանական մամուլը տարածել էր նաև 2006 թ․-ին՝ Արցախի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Պատկերն ավելի պարզ դարձնելու համար ավելացնենք, որ 2001 թ․-ին, արդեն ըստ «Արմենպրեսի», ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն Արցախի ՏԻՄ ընտրությունները մեկնաբանելիս նշել է, որ «մենք [ԱՄՆ-ն] պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը»։

Այսպիսով, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններում առնվազն մինչև 2007 թ Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարություններում առկա է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ հիշատակում։ 2015-2020 թթ հայտարարությունների ընթացքում նշված եզրույթը կամ դրան հավասարեցվող այլ հայտարարություն չի արվել։

Դիտարկված ժամանակահատվածում Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը Արցախի ընտրություններն առանձին մեկնաբանել է միայն 2010 թ․-ին։ Ֆրանսիայի ԱԳՆ կայքում մեկնաբանությունը տեղադրվել է 2010 թ․ երրորդ եռամսյակի պաշտոնական տեղեկագրում՝ թվագրված օգոստոսի 3-ով։ Մինչ այդ՝ մայիսի 25-26-ին, ադրբեջանական և հայկական որոշ կայքեր տեղադրել էին ֆրանսիական կողմի մեկնաբանությունը։ «Ազերթաջ»-ի նյութում նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն «քննադատում է» Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները և նշում, որ ինչպես ողջ Եվրամիությունն ու նաև Հայաստանը, Ֆրանսիան ևս չի ճանաչում ԼՂ անկախությունը։ Հայկական կայքերում տեղադրվածն (Azatutyun.amA1plus.am,  Lragir.am) ավելի ամբողջական է և մասամբ համապատասխանում է ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակվածին։ Հայտարարությունն իր բովանդակությամբ նման է ԵԱՀԿ ՄԽ հաղորդագրությանը. բացի ԼՂ անկախությունը չճանաչելու հայտարարությունից, նշվում է, որ ընտրությունները չեն կարող որևէ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև կանխորոշել ԼՂ կարգավիճակը։ Հայկական կայքերում Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով տարածված նյութերում նշվում է, որ Ֆրանսիան կարևորում է Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորումը։ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական տեղեկագրում հրապարակված նյութում (էջ 105) որպես կարգավորման հիմք հղում է արված «Մադրիդյան» սկզբունքներին։

Եվրոպական Միություն

Ու սումնասիրության շրջանակներում դիտարկվել է ԵՄ և ԵՄ համապատասխան պաշտոնյաների կողմից Արցախ ընտրությունների վերաբերյալ 7 հայտարարություն՝ սկսած 2007 թ․-ից։

 

2007

2010

2012

2015

2017

2020

Չի ճանաչում ԼՂ անկախությունը

+

+

+

+

+

+

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն

-

-

-

-

-

-

Փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ

+

-

-*

-

-

-

ԼՂ կարգավիճակի որոշում երկխոսության միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակներում

+

+

+

+

+

+

Ընտրությունները չեն կարող ազդել ԼՂ խաղաղ կարգավորման վրա / կանխակալել ԼՂ ապագա կարգավիճակի որոշումը

+

+

+

+

+

+


Ինչպես տեսնում եք, միայն 2007 թ․-ի հայտարարությունում է նշվել «փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անհրաժեշտությունը»՝ ընտրական գործընթացին լիարժեք մասնակցելու նպատակով։ 2012 թ․ հայտարարությամբ ԵՄ-ն կոչ է արել հակամարտությունը կարգավորել «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձևակերպումը դիտարկված հայտարարություններից որևէ մեկում չկա։ Բոլոր հայտարարություններում նշվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը տրամաբանական է այդ կառույցի դիրքորոշման շրջանակներում, սակայն ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջնորդությամբ՝ խաղաղ ճանապարհով։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչվել որպես ԼՂ ապագա կարգավիճակը կանխորոշող գործողություն։ 2020 թ․ հայտարարությունն այս առումով չի տարբերվում։

Վրաստանի ԱԳՆ

Վ րաստանի դեպքում դիտարկվել են այդ երկրի արտգործնախարարության հայտարարությունները՝ սկսած 2012 թ․-ից։ Բոլոր հայտարարություններում, բացառությամբ 2017 թ․-ին Արցախի հանրաքվեի վերաբերյալ մեկնաբանության, նշվում է, որ «Վրաստանն (անվերապահորեն՝ 2012) աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը (և ինքնիշխանությանը՝ 201520192020 (ապրիլի 15)» և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները կամ հանրաքվեն։ 2015 թ․-ի հայտարարությունում կիրառվել է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջան», իսկ 2012 թ․-ին՝ «անջատողական շրջան» եզրը։ 2020 թ․-ի երկրորդ՝ ապրիլի 15-ի հաղորդագրությունում, Վրաստանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի համար օգտագործել է «այսպես կոչված» մակդիրը։ Վրաստանի այս դիրքորոշումը, ինչպես արդեն նշել ենք, պայմանավորված է տարածքային ամբողջականության հետ առնչվող խնդիրներով, ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով։ Հաշվի առնելով նշված հակամարտությունների բնույթը՝ ինչպես նաև առհասարակ Վրաստանի տարածքում ազգային և էթնիկ հանրույթների բազմազանությունը, պաշտոնական Թբիլիսին վտանգավոր է համարում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, ըստ այդմ, նշված միջազգային սկզբունքը ստորադասում է տարածքային ամբողջականության սկզբունքին։

Իրան

2020 թ մարտի 31-ին Արցախի ընտրություններին պաշտոնական կայքում անդրադարձել է Իրանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային օրենքների և սկզբունքների շրջանակում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ որևէ հիշատակում չկա։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարիներին Իրանի ԱԳՆ կայքում պաշտոնական հաղորդագրություն գտնել չի հաջողվել։ Իրանական կողմի արձագանքները հրապարակվել են ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։ 2015 թ․ ապրիլի 4-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը, իսկ մայիսի 12-ին՝ Իրանի ԱԳՆ մամուլի վարչության ղեկավարը, ըստ ադրբեջանական կայքերի, հայտարարել են, որ «Իրանը սատարում է/ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։ 20102012 և 2015 թթ․ նշված արտահայտությունը չի կիրառվել։ 2015 թ․-ին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Իրանի ԱԳՆ մեկնաբանությունում նշվել է, որ ընտրությունների անցկացումը «կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»։ Այս առումով 2020 թ․ մեկնաբանությունը անհամեմատ ավելի չեզոք է։

ՆԱՏՕ

2 020 թ․-ին կայացած ընտրությունները մեկնաբանել է նաև Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Նա տարածել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ ըստ էության վերաշարադրելով այն։ Ջ․ Ապատուրայի հայտարարությունում նույնպես նշվում է, որ «ՆԱՏՕ-ն չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող [գործոն]» և վերահաստատել, որ Հյուսիսատլանտյան Դաշինքն այս հարցում աջակցում է խաղաղ բանակցություններով խնդիրը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն Արցախի ընտրությունները մեկնաբանել են նաև 200720102012 և 2015 թթ․-երին։ 2012 թ․-ին, ըստ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության, Ջ․ Ապատուրայը նշել է, որ «այդպիսի ընտրությունների անցկացումը հակասում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»։ 2010 թ․-ին ՀՀ նախկին նախագահ Ս․ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կառույցը ընտրությունները գնահատելու որևէ դեր չունի և առաջնորդությունը ԵԱՀԿ ՄԽ-ինն է։ 2007 թ․-ին Ջ․ Ապատուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները, իսկ արդեն 2015 թ․-ին ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությունը, ըստ էության, նման է 2020 թ․-ի հայտարարությանը․ «ՆԱՏՕ-ն չի ճանաչում ընտրությունները որպես ԼՂ վերջնական կարգավիճակի վրա ազդող [գործոն]։

Չինաստան 2020 թ․ ընտրությունների մեկնաբանության հարցում էական տարբերություն է նկատվում Չինաստանի արտգործնախարարության անդրադարձում. ԱԳՆ մամուլի խոսնակը, պատասխանելով չինական լրատվամիջոցի հարցին, նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ է և հետևողական: Չինաստանը հուսով է, որ կողմերը կլուծեն տարաձայնությունները քաղաքական երկխոսությամբ և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանում կայունությանը և զարգացմանը»։ Այս դեպքում ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նյութը տարածելիս դիմել են մանիպուլյացիոն մեթոդների․ Լ․ Աբդուլլաևան «Թվիթեր»-ի իր հաշվում տեղադրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանի միայն առաջին նախադասություն՝ «Չինաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ անփոփոխ է և հետևողական», իր կողմից հավելելով, թե «Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու հարցում Չինաստանի դիրքորոշումն արտահայտվել է բազմաթիվ երկկողմ համաձայնագրերում»: Իրականում Չինաստանի ԱԳՆ մեկնաբանությունում որևէ անդրադարձ չկա «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Գրեթե նույն բնույթի մանիպուլյացիայի դիմել է նաև «Ազերթաջը»։

Չինաստանի արտգործնախարարության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում, դատելով ընտրությունների վերաբերյալ տարբեր տարիների արձագանքներից, զգալիորեն փոխվել է։ 2000 թ․-ի հայտարարությունն ամբողջությամբ ադրբեջանական դիրքորոշումն էր ներկայացում․ ԼՂ համար կիրառվում է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ուղիղ տեքստով նշվում էր, որ Չինաստանը «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», հիմնախնդրի կարգավորման հարցում հղում է արվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թ․ հայտնի 4 բանաձևերին։ 2012 և 2015 թթ․ մեկնաբանություններն անհամեմատ ավելի կառուցողական են, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ նշում չկա, սակայն երկու մեկնաբանություններում էլ որպես խնդրի կարգավորում հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին։ 2020 թ․ անդրադարձում բանաձևերը նույնպես չեն հիշատակվում։ Չինաստանի ԱԳՆ այս մեկնաբանությունների դիտարկումը ցույց է տալիս ԼՂ հիմնախնդրի ընկալման և ներկայացման հարցում դրական դինամիկա՝ հօգուտ ավելի չեզոք և կառուցողական դիրքորոշման։ Նման հավասարակշռված մոտեցումն արտահայտվում է այն դեպքում, երբ Չինաստանն ունի տարածքային ամբողջականության խնդիր՝ պայմանավորված «Չինաստանի Հանրապետության (Թայվան)» հետ, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ Տիբեթի, Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի հետ։

Չեխիայի արտգործնախարարության մեկնաբանությունների դեպքում 2007 թ․-ից հետո նկատվել է էական դրական տեղաշարժ՝ հօգուտ ավելի կառուցողական դիրքորոշման։ Այսպես, 2007 թ․-ին մեկնաբանելով Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունները, Չեխիայի ԱԳՆ-ն նշել էր, որ «Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարող են ճանաչվել լեգիտիմ միայն այն դեպքում, երբ փախստականներին թույլատրվի վերադառնալ և մասնակցել ընտրություններին»։ Կարևոր է նշել, որ նույն թվականին, համանման հայտարարություն արել էր նաև Եվրամիությունը։ 2012 թ․-ի հայտարարությունն առավել հավասարակշռված էր, սակայն ուներ այսպիսի պարբերություն․ «Չեխիայի Հանրապետությունը կարծում է, որ այս ընտրությունները չեն խթանում սառեցված հակամարտության համար ավելի դրական մթնոլորտի ձևավորմանը»։

2015 թ․-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների արձագանքը ևս նմանատիպ հայտարարություն է պարունակում․ «Չեխիայի Հանրապետությունը գտնում է, որ այսպիսի միակողմանի գործողությունները չեն նպաստում փոխադարձ վստահության ամրապնդմանն ու դրական մթնոլորտի ձևավորմանը ԼՂ հակամարտության լուծման համար։ Չեխիան աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»։ Նույն թվականի սեպտեմբերին արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արձագանքն արդեն ավելի հավասարակշռված է։ Իսկ 2020 թ․-ի մեկնաբանությունում Չեխիայի ԱԳՆ-ն միայն նշում է, որ «Չեխիան չի ճանաչում, այսպես կոչված, նախագահական և խորհրդարանական ընտրությունները» Լեռնային Ղարաբաղում և «ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին և համանախագահներին, բոլոր կողմերին հետագա խաղաղ գործընթացի կոչ է անում և աջակցում է 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադարի կոչ էր արվում»։

Այլ պետությունների և կառույցների արձագանքները

Թուրքիայի (201720152012), Ուկրաինայի (20192015), Պակիստանի դիրքորոշումներում նախորդ տարիների հայտարարությունների համեմատ որևէ փոփոխություն չի նկատվել։ Բոլոր երեք պետությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում շարունակում են սատարել ադրբեջանական դիրքորոշումը։

Միջազգային այլ, այդ թվում՝ տարածաշրջանային կառույցների դեպքում մեկնաբանությունները և Արցախյան հիմնախնդրի հարցում արտահայտած տեսակետը կրկին առանձին քննարկելու կարիք ունի։ ՎՈւԱՄ-ի դեպքում, որի անդամներն են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը, դիրքորոշումն ադրբեջանամետ է և համապատասխանում է անդամ պետությունների դիրքորոշմանը։ 2015 թ․ այս կառույցը իր կայքում հրապարակել էր Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը։ Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղարությունը (կառույցի անդամ է նաև Ադրբեջանը, ընդհանուր առմամբ ներառում է 57 պետություն) մարտի 31-ի անդրադարձում Լեռնային Ղարաբաղն անվանել է «Ադրբեջանի բռնազավթված շրջան»։ Դիտարկված ժամանակահատվածում՝ 201520122011 և 2007 թթ․, ԻՀԿ մեկնաբանությունները միանման են։

Թյուրքական խորհուրդը, որին անդամակցում է Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ղազախստանը և Ուզբեկստանը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ կայքի, 2015 թ․-ին Աստանայում (ներկայում՝ Նուր-Սուլթան) անցկացված 5-րդ գագաթնաժողովի համատեղ հայտարարությունում նշել է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է լուծվի «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»։ Ուշագրավ է, որ կառույցի կայքում նման հայտարարություն չկա, այլ նմանատիպ հայտարարություններ մամուլում ևս չեն նկատվել։ 2020 թ․-ին Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ կառույցի կայքում առաջին անգամ տեղադրվել է Համագործակցության խորհրդի հաղորդագրությունը, որն ամբողջությամբ ադրբեջանական դիրքորոշումն է արտահայտում։ Չի բացառվում, որ սա պայմանավորված է մասամբ նաև այն հանգամանքով, որ ներկայումս կառույցում նախագահում է Ադրբեջանը։ Ադրբեջանից և Թուրքիայից բացի կառույցի անդամ մյուս պետություններն ընտրություններին առանձին անդրադարձ չեն արել։

2020 թ․-ի ընտրություններին առաջին անգամ անդրադարձել է նաև Չմիացած երկրների շարժումը, որի լիիրավ անդամ 2011 թ․-ից նաև Ադրբեջանն է (ՀՀ-ն ունի դիտորդի կարգավիճակ)։ Հարկ է նշել, որ Չմիացած երկրների շարժման կայքը, ինչպես նաև սոցցանցային հաշիվներն այս պահին հասանելի չեն։ ՉՇ համակարգող բյուրոյի հայտարարության տեքստը (կոմյունիկե) տեղադրված է ՉՇ՝ Ադրբեջանի նախագահության կայքում (2019-2022 թթ․), որի աշխատանքը համակարգում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախորդ տարիներին ՉՇ կողմից նմանատիպ հայտարարություն չի դիտարկվել, սակայն այս կառույցն իր դիրքորոշումն արտահայտել է մի շարք հայտարարություններում, ինչպես նաև, որպես օրինակ, 2012 թ․ Թեհրանում կայացած 16-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ «Պետության կամ կառավարությունների ղեկավարները [Չմիացած երկրների շարժման անդամ] իրենց ափսոսանքն են հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնում է չկարգավորված  և շարունակում է սպառնալ միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։ Նրանք․․․ կոչ են անում կողմերին շարունակել փնտրել հակամարտության բանակցային կարգավորումը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում» [2]։

Որոշ երկրների մեկնաբանությունները խստորեն քննադատել են այդ երկրներում Հայ Դատի հանժնաժողովի գրասենյակները։ Մասնավորապես Կանադայում Հայ Դատի գրասենյակը նաև նամակ է ուղարկել արտգործնախարարին՝ քննադատելով Անկարայի դեսպանության հայտարարությունը և հայկական համայնքի անունից պահանջելով հերքել։ Մինչ օրս որևէ մեկնաբանություն չի եղել։ Կանադայի դեսպանության հայտարարությունը քննադատել է խորհրդարանում ներկայացված Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը։ Ավստրալիայի դեսպանի հայտարարությունը նույնպես խստորեն քննադատել էր Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը՝ արտգործնախարարին կոչ անելով հերքել դեսպանի հայտարարությունը։ Ինչ վերաբերում է այս երկրների նախորդ արձագանքներին, ապա, ըստ ռուսական «Ռեգնում» գործակալության, 2012 թ․ ընտրությունների անցկացումը քննադատել էին Անկարայում Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Կանադայի դեսպանությունները՝ նշելով, որ այն «չի ծառայում խաղաղ և ամուր կարգավորմանը»։

Ա յսպիսով, ընտրությունները մեկնաբանած միջազգային կառույցներից միակողմանի՝ հակահայկական, դիրքորոշում են արտահայտել նրանք, որոնց անդամակցում է միայն Ադրբեջանը, այդ թվում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, Չմիացած երկրների շարժումը, ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա․ կազմակերպության անվանումը երկրների անվանումներից ստեղծված հապավում է) և Թյուրքական խորհուրդը։ Ադրբեջանամետ դիրքորոշում արտահայտած երկրների թվում գերակշռում են նրանք, որոնք կամ չունեն դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ և համագործակցում են Ադրբեջանի հետ, կամ իրենք ունեն տարածքային ամբողջականության խնդիր, և այլ հակամարտությունների դեպքում դեմ են արտահայտվում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին։

Պետությունների և կառույցների մյուս մասը՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, չեն ճանաչում ընտրությունների անցկացումը որպես Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վրա ազդող գործոն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սակայն կողմ են խաղաղ կարգավորմանը՝ միջազգային բոլոր սկզբունքների հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նաև ընդունում են Արցախում բնակչության դերը սեփական ապագան որոշելու հարցում, իսկ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ հասկանում է ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ ԼՂ բնակչության բնական կենսագործունեության ապահովման տեսանկյունից։

2020 թ․ ընտրությունների միջազգային արձագանքը որոշ պետությունների և կառույցների դեպքում գրանցել է դրական առաջընթաց։ Մասնավորապես, դա վերաբերում է Չինաստանին արտգործնախարարությանը, որի դիրքորոշումը նախորդ երկու տասնամյակում աստիճանաբար մեղմացել է՝ հօգուտ ավելի կառուցողականի։ Նմանապես կարևոր է նաև Իրանի արտգործնախարարության հնարավորինս չեզոք հայտարարության տարածումը։ Որոշ երկրների և կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ, Եվրամիության, Չեխիայի դեպքում, դիրքորոշման կառուցողական փոփոխությունը նկատվել էր 2007 և 2010 թթ․ ընտրությունների միջակայքում։ 2010-2020 թթ․ նշված և մյուս պետությունների դիրքորոշման էական փոփոխություն չի նկատվել։

Որոշ երկրների դեպքում մեկնաբանությունը տեղադրվել է միայն ադրբեջանական կայքերում և ԱԳՆ խոսնակի Թվիթերի միկրոբլոգի հաշվում, ինչը, հաշվի առնելով ենթադրյալ տեքստի անուղղակի փոխանցումը, օբյեկտիվ կասկածներ է առաջացնում այդ մեկնաբանությունների գոյության և բնույթի վերաբերյալ։

Չնայած ադրբեջանական կողմն այդ երկրի նախագահի և արտգործնախարարության մակարդակով փորձում է Արցախում կայացած ընտրությունների միջազգային արձագանքը ներկայացնել որպես «միջազգային հանրության և պետությունների կողմից Ադրբեջանի դիրքորոշման սատարում», սակայն վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ հակամարտության կարգավորմանը ներգրավված, տարածաշրջանում ազդեցություն ունեցող հիմնական խաղացողները այս պարագայում պահպանել են հնարավորինս չեզոք դիրքորոշում։ Մասնավորապես կարևոր է ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից նման բնույթի հայտարարության տարածումը՝ որպես միջնորդ կառույցի։ Որոշ երկրների մեկնաբանությունների դեպքում ադրբեջանական կողմը դիմել է մեդիամանիպուլյացիայի՝ իր համար ցանկալի «հայտարարությունը» ստանալու նպատակով բուն հայտարարությանն ավելացնելով սեփական մեկնաբանությունները։


Աղբյուրներ

[1] Մինչև 1996 թ․-ը ԼՂՀ գործադիր իշխանությունը ղեկավարել են․ մինչև 1992 թ․-ի օգոստոսի 15-ը՝ Գերագույն խորհրդի նախագահը, 1992 թ․ օգոստոսի 15-ից 1994 թ․ դեկտեմբերի 22-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը։ 1994 թ․ օգոստոսի 22-ից մինչև առաջին համապետական ընտրությունների անցկացումը ղեկավարել է խորհրդարանի կողմից ընտրված նախագահը։ Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ տես Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համապատասխան բաժինը:

[2] J. E. Strakes, Azerbaijan and the Non-Aligned Movement: Institutionalizing the “Balanced Foreign Policy” Doctrine, Istituto Affari Internazionali (IAI) (2015).,  Final Document (NAM 2012/Doc.1/Rev.2), XVI Summit, Tehran, 26-31 August 2012, p. 104,