Ղրիմի թաթարների խնդիրը ռուս-թուրքական հարաբերություններում

13 ր.   |  2020-04-29

2 014թ. մարտին Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից հետո ռուս-թուրքական հարաբերություններում ակտիվացավ թերակղզու թաթարական բնակչության հարցը։ Ճիշտ է՝ Թուրքիան պաշտոնապես նման հարց չի բարձրացնում Ռուսաստանի իշխանությունների հետ բանակցություններում, սակայն խնդիրն առկա է հասարակական-քաղաքական և տեղեկատվական դաշտում։ Օրինակ՝ թուրքական Յենի Ակիթ (Yeni Akit) հրատարակության 2019թ. նոյեմբերի մի հրապարակման մեջ նշվում է, որ այդ տարվա առաջին ինը ամիսներին Ղրիմում ձերբակալվել է 126 մարդ, որից 113-ը՝ թաթար։ Ձերբակալություններն առավել հաճախ եղել են Ռուսաստանում արգելված Հիզբ աթ-Թահրիր կազմակերպությանը մասնակցելու կասկածանքով[1]։

2019թ. օգոստոսին Անկարայում Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու հետ համատեղ ասուլիսում Ռ. Էրդողանը հայտարարեց. «Ղրիմի թաթարները մեր եղբայրներն են... Մենք շարունակում ենք մեր առաջնահերթությունը համարել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազգային ինքնության պահպանումը»[2]։ 2020թ. փետրվարի 3-ին Ուկրաինա մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիային անհանգստացնում է Ղրիմի թաթարների հարցը, որոնց դրությանը թուրքական իշխանություններն ուշադիր հետևում են[3]։

Պաշտոնական մակարդակով Ռուսաստանի հետ հարաբերություններում այդ հարցի բարձրացումից խուսափելը, ինչը պայմանավորված է առաջին հերթին զարգացող ռուս-թուրքական առևտրատնտեսական հարաբերություններով, բնավ չի նշանակում, որ խնդիրը Թուրքիայի ներկա իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականության օրակարգում չէ։

Թյուրքական ծագում ունեցող թաթարների թիվը Ղրիմում, համաձայն թուրքական աղբյուրների, մոտ 350 հազ. է[4]։

Թ ուրքիայի համար Ղրիմի թաթարների խնդիրն այժմեականություն ձեռք բերեց դեռևս Խորհրդային Միության անկումից հետո։ Սակայն, քանի որ մինչ 2014թ. թերակղզին Ուկրաինայի կազմում էր, այդ խնդիրն այնքան էլ չէր առնչվում ռուս-թուրքական հարաբերություններին, թեև համաթյուրքական ցանկացած նկրտում մեծ հաշվով առնչվում է Ռուսաստանին և շոշափում նրա անվտանգային շահերը։ Համաձայն մասնագիտական գնահատականի՝ «Սուննի իսլամական աշխարհում առաջնորդության թուրքական հայեցակարգը հավանական սպառնալիք է Ռուսաստանի ամբողջականությանը»[5]։

Հաշվի առնելով, որ մինչև 1774թ. Ղրիմի խանությունը Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո էր[6], իսկ նորօսմանականության գաղափարախոսությունը ենթադրում է Թուրքիայի ազդեցության տարածում նախկին կայսրության տիրութների վրա, Ղրիմի թաթարների խնդիրը կարելի է որոշակիորեն դիտարկել նաև այս գաղափարախոսության համատեքստում։ Այնուամենայնիվ, խնդիրն առավելապես համաթյուրքականության գաղափարախոսության տիրույթում է՝ նկատի ունենալով թաթարների թյուրքական ծագումը, ինչպես նաև Թուրքիայում մեծաթիվ Ղրիմի թաթարների առկայությունը։

Չնայած համաթյուրքականության գաղափարախոսությունը նորություն չէ Թուրքիայում, այնուամենայնիվ, այն նոր այժմեականություն ձեռք բերեց Խորհրդային Միության անկումից հետո, երբ վերջինիս տարածքի վրա ձևավորվեցին թյուքալեզու բնակչությամբ ինքնիշխան պետություններ։ Դա Թուրքիան ընկալեց ազդեցությունը տարածելու հնարավորություն, ինչն արտացոլվեց 1993թ. հունիսի 30-ին խորհրդարանի հաստատած կառավարության ծրագրում. «Խորհրդային Միության փլուզման արդյունքում նորանկախ պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և թյուրքական հանրապետությունների ի հայտ գալը սկիզբ դրեց Թուրքիայի համար արտակարգ կարևոր զարգացման։ 2000-ական թթ. Թուրքիան պետք է դառնա ձգողության կենտրոն այդ ընդարձակ տարածաշրջանում»[7]։

Առհասարակ, թուրքական իշխանությունների համաթյուրքականության արդի ընկալումը հանգում է Թուրքիայի գլխավորությամբ թյուրքական աշխարհի տիրապետող դերին ողջ Եվրասիայում։ Այս թեզը դեռևս 1992թ. բանաձևել է նախագահ Թուրգութ Օզալը. «Թյուրքական աշխարհը կդառնա տիրապետող գործոն եվրասիական տարածությունում՝ Բալկաններից մինչև Չինական պատ»[8]։ Իսկ 2000թ. մայիսին Բաքվում տեղի ունեցած թյուրքական հանրապետությունների առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ս. Դեմիրելը հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած թյուրքական կոնգլոմերատը ոչ այլ ինչ է, քան պատմական շանս, որից անհրաժեշտ է օգտվել, և Թուրքիան պատրաստ է դառնալ թյուրքական հանրության շարժիչ ուժը[9]։ Այս համատեքստում «Թուրքական ազդեցության տարածման քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն գերազանցապես թյուրքական բնակչությամբ պետություններ, այլև առանձին տարածքներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարավում»[10]։

Ղրիմի թաթարների խնդիրը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում է, և գաղափարախոսական տարբերություններն ու նրբերանգներն էական դեր չեն խաղում. Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը թերակղզում։

Ի նչպես առհասարակ համաթյուրքականության քաղաքականության իրականացման, այնպես էլ Ղրիմի թաթարների խնդրում Թուրքիան ստիպված է ապավինել հիմնականում «փափուկ ուժին»։ Կոշտ ուժի, այն է՝ ռազմական ճանապարհով համաթյուրքականության քաղաքականության իրականացումը ներկա պահին իրատեսական չէ, ինչն ընդունում են անգամ թուրք փորձագետները։ Պրոֆեսոր Հասան Քոնիի (Хасан Кони) գնահատմամբ՝ Հանրապետությունը պետք է խուսափի միաժամանակյա մասնակցությունից երկու և կես պատերազմի՝ Հունաստանի, Սիրիայի և պետության ներսում քրդերի հետ[11]։ Այս տարվա սկզբին սիրիական Իդլիբի շուրջ ծավալված մարտերը, ինչպես նաև Թուրքիայի ռազմական քաղաքականության փաստացի ձախողումը լիբիական հարցում (2019թ. վերջ – 2020թ. սկիզբ) գործնականում ապացուցում են այս թեզը։

Դեռևս Խորհրդային Միության անկումից սկսած Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը Ղրիմի թաթարական բնակչության հանդեպ դրսևորվել է սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, կրոնական և քաղաքական բնագավառներում։

Թուրքական կապիտալը ներդրումներ է անում գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի տնտեսական հնարավորությունները թույլ չեն տալիս ներդրումներով «ողողել» համաթյուքականության տիրույթում ներառված տարածքները։ Հետևաբար, տնտեսապես այդ տարածքները «նվաճելու» և իր ազդեցության տակ առնելու համաթյուրքական նկրտումները նույնպես պատրանքային են։

Այդ է պատճառը, որ սոցիալ-տնտեսական ոլորտում Թուրքիան «փափուկ ուժի» քաղաքականությունը կառուցում է հիմնականում բարեգործության վրա. Ղրիմում կառուցվել ու վերանորոգվել են կրթական, մշակութային հաստատություններ, օժանդակություն է ցուցաբերվել կարիքավոր ընտանիքներին։ Նման միջոցառումների նպատակն է, բացի թաթարական տարրը թերակղզում ուժեղացնելուց, բարձրացնել Թուրքիայի գրավչությունը։

Կրթամշակութային ասպարեզում Թուրիքայի քաղաքականությունը հետապնդում է երկու առանցքային նպատակ.

  1. Թաթարական ազգային ինքնության պահպանում, ազգային ինքնագիտակացության վերելք՝ ազգայնական տրամադրությունների սերմանմամբ,
  2. Թուրքամետ ընտրախավի (քաղաքական, մշակութային և այլն) ձևավորում։

Այս նպատակներին են ծառայում կրթական և մշակութային հաստատությունների հիմնումն ու ֆինանսավորումը, կրթական ծրագրերի իրականացումը և թուրքական համալսարաններում թաթար երիտասարդների բարձրագույն կրթության կազմակերպումը։

Ազգայնական տրամադրությունների սերմանումը Ղրիմի թաթարների շրջանում ունի նաև հակառուսական ենթատեքստ, քանի որ մեծ հաշվով ուղղված է Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում հաճախակի շահարկման առարկա է դառնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1944թ. մայիսին, թերակղզուց թաթարների արտաքսման փաստը՝ ֆաշիստների հետ համագործակցության մեղադրանքով։

Կրոնական առումով Թուրքիան ձգտում է տարածել և ամրապնդել սուննի իսլամը Ղրիմի թաթարների շրջանում, ինչպես նաև ձևավորել թուրքամետ կրոնական վերնախավ։ Այդ նպատակով կառուցվում ու վերանորոգվում են մզկիթներ, պատրաստվում հոգևորականներ, ինչպես նաև Թուրքիայից իսլամ հոգևորականներ են գործուղվում՝ թաթարների կրոնական կյանքը կազմակերպելու համար։

Քաղաքական ասպարեզում Թուրքիայի գլխավոր գործիքը երկար ժամանակ «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպությունն էր, որի առաջնորդները թուրքական իշխանությունների ազդեցության գործակալներն էին[12]։ Այս կազմակերպության միջոցով էին բարձրացվում և լուծվում թաթարներին առնչվող քաղաքական հարցերը։ 2016թ. համացանց սպրդած Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցներից երևում է, որ նախքան թերակղզու միացումը Ռուսաստանին Մեջլիսը Թուրքիայից ստացել է ավելի քան $1 մլն.՝ հավաքելով տեղեկություններ հատուկ ծառայությունների համար և զբաղվելով Անկարային ձեռնտու որոշումների լոբբինգով[13]։ Ռուսաստանին թերակղզու միավորումից հետո կազմակերպության գործունեությունն այնտեղ արգելվեց։


Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը և Ղրիմի թաթարների ազգային շարժման առաջնորդներից Մուսթաֆա Ջեմիլյովը

Կարևոր է նաև տեղեկատվական ոլորտը, որտեղ Թուրքիայի գլխավոր խնդիրը ընդհանուր տեղեկատվական տարածություն ստեղծելն է։ Այդ նպատակով այն աջակցում է Ղրիմի թաթարական լրատվամիջոցներին, ինչպիսիք են ATR հեռուստաալիքը և QHA (Qırım Haber Ajansı) գործակալությունը[14]։

Թուրքիան իր «փափուկ ուժի» քաղաքականությունն իրականացնում է Համագործակցության և համակարգման թուրքական գործակալության (TIKA)[15] միջոցով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են անում նաև պետական գերատեսչական կառույցները, գործարար շրջանակները, Ղրիմի թաթարական սփյուռքը, տարբեր կրոնական կազմակերպություններ և հիմնադրամներ, ինչպիսիք են Հազրեթ Աքշեմսեթդինի անվան հիմնադրամը, Ազիզ Մահմուդ Հյուդայիի անվան հիմնադրամը, Թուրքիայի կրոնական հիմնադրամը[16]։

Այնուամենայնիվ, Ղրիմի թաթարների հարցում Թուրքիայի հնարավորություններն անսահմանափակ չեն։ «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության փակվելուց հետո քաղաքական ազդեցության լծակները թուլացել են։ Բացի այդ, թաթարները փոքր տեսակարար կշիռ ունեն թերակղզու ընդհանուր բնակչության կազմում՝ մոտ 15%[17], ինչը Թուրքիայի համար զգալի ժողովրդագրական գործոն չի կարող լինել։

Մյուս կողմից, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի համար՝ հետևյալ հիմնական պատճառներով.

  1. Ռուսաստանը Թուրքիայի գազի թիվ մեկ մատակարարն է։
  2. Հսկայական շուկա է թուրքական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար։ Հարկ է ընդգծել, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՏՄ առանցքային անդամ, կարևոր դարպաս է միության շուկա դուրս գալու համար։
  3. Թուրքիայի համար իրականացնում է նաև ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծեր։ Դրանցից երկուսն արդեն իրականություն են։ Խոսքը «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարերի մասին է։ Երրորդ նախագծի՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցումն ընթացքի մեջ է։
  4. Վերջապես, Թուրքիային մեծաթիվ զբոսաշրջիկներ «մատակարարող» երկիր է։ Վերջին երկու տարիներին ռուս զբոսաշրջիկների ամենամյա հոսքը Թուրքիա եղել է 7-8 մլն.[18]։

Այնպես որ, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը լուրջ տնտեսական վնասներ է խոստանում Թուրքիային, ինչը գործնականում արտահայտվեց 2015թ. նոյեմբերին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում ռուսական կործանիչի խոցումից հետո, որի հետևանքով կտրուկ վատթարացան ռուս-թուրքական հարաբերություննները։ Այս միջադեպը շոշափելի ազդեցություն թողեց Թուրքիայի տնտեսության վրա՝ փակվեց ռուսական շուկան թուրքական գյուղատնտեսական արտադրանքի համար, կասեցվեց զբոսաշրջիկների հոսքը և այլն, ինչը հարկադրեց նախագահ Ռ. Էրդողանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով կատարել վերջինիս նախապայմանները։

Թուրքական իշխանությունները գիտակցում են, որ թաթարների միջոցով Ղրիմն իրենց ազդեցության տակ վերցնելու նկրտումներն իրատեսական չեն, ուստի չարժե վտանգել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։

2019թ. օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու հետ հանդիպմանը նախագահ Ռ. Էրդողանի հայտարարությանը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, անմիջապես արձագանքեց Ղրիմի Հանրապետությունում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը՝ ասելով, որ նման հայտարարությունները վնասում են ռուս-թուրքական հարաբերություններին[19]։ Այսինքն՝ ռուսական կողմն ուղղակի կամ անուղղակի հասկացնում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ռուս քաղաքագետ, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր Մաքսիմ Վասկովի բնորոշմամբ՝ ունեն նախագծային-իրավիճակային, այլ ոչ երկարաժամկետ-ռազմավարական բնույթ[20], չափազանց զգայուն են նման հայտարարությունների հանդեպ։

Հետևաբար, Թուրքիային մնում է.

  • Տարբեր առիթներով հիշեցնել, որ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին,
  • Պարբերաբար բարձրացնել թերակղզու թաթարների իրավունքների հարցը[21], ինչին Ռուսաստանի իշխանությունները նախագահի մամուլի խոսնակի[22], ԱԳ նախարարի[23] և այլ մակարդակներով բարեկիրթ պատասխանում են, որ այդ առնչությամբ անհանգստությունները հիմնազուրկ են,
  • ՄԱԿ-ում կողմ քվերակել Ղրիմում մարդու իրավունքների վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևերին,
  • Երբեմն էլ տոն տալ Անկարայում (ռուսական դեսպանատան մոտ) և Թուրքիայի այլ քաղաքներում ի նշան Ղրիմի թաթարների հետ համերաշխության անցկացվող բողոքի ակցիաներին։

Այնուամենայնիվ, կա մի գործոն, որն ի նպաստ Թուրքիայի է. Ղրիմի խնդիրը միջազգային հիմնահարց է, որքան էլ Ռուսաստանն այն փակված համարի։ Աշխարհի որևէ երկիր չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին, իսկ Ղրիմի խնդիրը ուկրաինական ճգնաժամի ներկա պահին Արևմուտք-Ռուսաստան հակասությունների հիմնական աղբյուրներից է, որոնք ԱՄՆ-ի և ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների պատճառն են[24]։

Ի տարբերություն համաթյուրքական այլ նկրտումների, Ղրիմի թաթարների իրավունքների մասին Թուրքիայի հայտարարությունները որոշակի աջակցություն են ստանում Արևմուտքի կողմից։ Սրանով էլ պայմանավորված՝ Թուրքիան իր քաղաքականությունը Ղրիմի հարցում տեղավորում է Արևմուտքի քաղաքականության շրջանակներում։ 2014թ. մարտի հանրաքվեից հետո Թուրքիայի վարչապետ, ներկայում՝ նախագահ Էրդողանը հայտարարեց. «Եթե ՆԱՏՕ-ի շրջանակներում ընդունվի որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ, Թուրքիան, անշուշտ, կմիանա դրան»[25]։

Ղրիմի թաթարների խնդիրը թուրքական իշխանությունները շահարկում են նաև այլ նկատառումներով։ Առաջինը ներքաղաքական է։ Թուրքիայում կա Ղրիմի թաթարների խոշոր՝ որոշ տվյալներով մոտ հինգ մլն. համայնք[26], որը լուրջ ներքաղաքական գործոն է։ Նրա դերը մեծանում է հատկապես ընտրությունների շրջանում։ Տարբեր քաղաքական ուժեր բարձրացնում են ինչպես Ղրիմի, այնպես էլ թերակղզու թաթարների իրավունքների խնդիրը՝ քաղաքական շահաբաժին ապահովելով[27]։

Մյուսն Ուկրաինայի հետ հարաբերություններն են։ Քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Ժիլցովը գտնում է, որ, խաղարկելով Ղրիմի թաթարների գործոնը, Թուրքիան ընդլայնել է համագործակցությունը Կիևի հետ[28]։

Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմի թաթարների հարցում հիմնված է երկու հենակետային նպատակի վրա.

  1. Արտաքին ազդեցության բացառում,
  2. Թաթարների իրավունքների ոտնահարման վերաբերյալ հայտարարությունների առիթների բացառում։

Առաջին խնդիրը էապես լուծվել է թերակղզու տարածքում «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության գործունեության արգելմամբ։

Երկրոդ խնդիրը Ռուսաստանը փորձում է լուծել Ղրիմի թաթարական բնակչության, ինչպես և մյուս փոքրամասնությունների համար կենսապայմանների ապահովմամբ և նրանց ազգային, կրոնական, կրթամշակութային խնդիրների լուծմամբ։ Այս նպատակով դեռևս 2014թ. ապրիլի 21-ին նախագահ Վ. Պուտինը ստորագրեց «Հայ, բուլղար, հույն, իտալացի, Ղրիմի թաթար և գերմանացի ժողովուրդների իրավունքների վերականգնման միջոցառումների և նրանց վերածննդի ու զարգացման պետական աջակցության մասին» հրամանագիրը[29]։

Ղրիմի թաթարների համար իրականացված միջոցառումներից ամենաառանցքայիններն են[30].

  • Թաթարերենին թերակղզում երկրորդ պետական լեզվի կարգավիճակի երաշխավորումը՝ ռուսերենի հետ միասին,
  • Իշխանության մարմիններում թաթարների 20% ներկայացվածության ապահովումը,
  • Թաթարներին իրենց կրոնն ազատորեն դավանելու հնարավորության և նպաստավոր պայմանների ընձեռումը, ինչը դրսևորվում է մուսուլմանական սրբազան ամիս Ռամադանի ավարտը՝ Ուրազա-Բայրամի տոնը պաշտոնապես նշելու հնարավորությամբ։

2020թ. նախատեսված է Սիմֆերոպոլի մայր մզկիթի բացումը, որն Արևելյան Եվրոպայում ամենամեծ մուսուլմանական պաշտամունքային վայրն է։ Բացման արարողությանը ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանին[31]։

Այս միջոցառումները դրական արդյունք ունեցել են. թուրքական իշխանությունների մտահոգություններին ի պատասխան՝ Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը 2020թ. փետրվարի 3-ին նշել է, որ իրենց համար ավելի լավ է Ռուսաստանի, քան Ուկրաինայի կազմում։ Ումերովը միաժամանակ առաջարկել է Էրդողանին այցելել Ղրիմ և համոզվել, որ այնտեղ ստեղծվում են պայմաններ թաթարների մշակույթի, կրոնի և ժառանգության զարգացման համար[32]։

Ռ ուսաստանն առայժմ հաջողությամբ չեզոքացնում է Ղրիմի թաթարների առնչությամբ Թուրքիայի համաթյուրքական նկրտումները։ Այնուամենայնիվ, խնդիրը վերջնականապես լուծված համարելը ճիշտ չէ։ «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության գործունեության արգելումից հետո Թուրքիայի զինանոցում շարունակում են մնալ կրոնական, տեղեկատվական, կրթամշակութային և այլ խողովակները։

Վտանգավոր է հատկապես Թուրքիայից սուննի հոգևորականների գործունեությունը Ղրիմում։ Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է հանգեցնել ազգայնական երանգավորմամբ կրոնական (իսլամական) ծայրահեղականության ձևավորմանը։

Այս խնդիրը ենթադրությունների կամ տեսական դատողությունների ոլորտից չէ, ինչի վկայությունն է եվրոպական երկրների օրինակը. Ֆրանսիան, անվտանգային նկատառումներից ելնելով, արգելել է Թուրքիայից իսլամ հոգևորականների գործունեությունն իր տարածքում՝ հիմնավորելով, որ վերջիններս կրոնական ծայրահեղականություն ու անհանդուրժողականություն են սերմանում Ֆրանսիայի մուսուլմանների շրջանում։

Ներկայում, քանի դեռ ռուսական իշխանությունները վերահսկում են իրավիճակը, կրոնական գործոնը կարող է չզգացվել, սակայն այդ վերահսկողության թուլացման դեպքում այն կակտիվանա և կարող է անգամ դառնալ անվերահսկելի։

Ա. Իրխինի և Ն. Դեմեշկոյի գնահատմամբ՝ Թուրքիայի քաղաքականությունը Ղրիմի թաթարների հարցում նախագծված է երկարաժամկետ հեռանկարի համար, որի արդյունքները, թեև ներկա պահին շոշոփելի չեն, սակայն հետագայում՝ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, կարող են զգացվել։ «Ձևավորվել է թուրքամետ Ղրիմի թաթարական վերնախավ, որն այժմ սոցիալ-քաղաքական գործընթացների ստվերում է, բայց կարող է սեղմ ժամկետներում գործարկվել Թուրքական Հանրապետության կողմից՝ ի նպաստ իր շահերի»,- գրում են հեղինակները[33]։


[1] О. Аталай, Нельзя забывать о Крыме в турецко-российских отношениях (հոդվածի բնագիրը՝ https://www.yeniakit.com.tr/yazarlar/osman)

[2] Президент Турции заявил, что не признает воссоединение Крыма с Россией

[3] Турция не признает воссоединение России и Крыма — Эрдоган

[4] О. Аталай, նշվ. աշխ.։

[5] А. Ирхин, Н. Демешко, Крымский аспект российско-турецких отношений: факторы «мягкой и жесткой силы», с. 38

[6] Հայկական սովետական հանրագիտարան, հ. 7, Եր., 1981, էջ 45։

[7] Е. Уразова, Экономическая активность Турции в Кавказско-Центральноазиатском регионе //

Турция в условиях новых внутренних и внешних реалий: сборник статей. М. 2010, с 157.

[8] А. Ирхин, Н. Демешко, նշվ. աշխ., էջ 41։

[9] Նույն տեղում, էջ 42։

[10] Նույն տեղում, էջ 41։

[11] И., Мишуков, Зона перехвата, Новое время, Июль, 1998, сс. 28–30. Հղումը՝ ըստ А. Ирхин, Н. Демешко, նշվ. աշխ., էջ 39։

[12] А. Гончаров, Усидеть на двух стульях: крымский вектор турецкой политики

[13] Նույն տեղում։

[14] И. Тогрул, Политика по отношению к Крыму: мост дружбы между Турцией и Украиной (1991– 2011 гг.)/Аналитический доклад, Анкара, 2011, с. 21

[15] Գործակալությունը հիմնվել է 1990-ականների սկզբին՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմին առընթեր։

[16] А. Ирхин, Н. Демешко, նշվ. աշխ., էջ 44։

[17] Н. Белякова, Крым и российско-турецкие отношения, с. 39

[18] 2019 թուականին քանի՞ ռուս զբօսաշրջիկ մահացաւ Թուրքիոյ մէջ, Նոր Մարմարա, 08.02.2020

[19] Заявление Эрдогана по Крыму может сказаться на российско-турецких отношениях

[20] Политолог: ''Русско-турецкие отношения не носят долгосрочный-стратегический характер"

[21] Թուրքիայի իշխանությունների համար Ղրիմի կարգավիճակի և թաթարների իրավունքների հարցերը փոխկապակցված մեկ ամբողջություն են։ Նրանք գրեթե միշտ զուգահեռաբար են խոսում այդ երկու հարցի մասին։

[22] Տե՛ս В Кремле прокомментировали слова Эрдогана о Крыме

[23] Տե՛ս Лавров о словах Эрдогана по Крыму: Анкаре не следует подыгрывать Киеву

[24] Այս համատեքստում ընդգծենք, որ Թուրքիան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։ Պատճառը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կարևորությունն է։

[25] Н. Белякова, նշվ. աշխ., էջ 38։

[26] А. Гончаров, նշվ. աշխ.։

[27] Տե՛ս Н. Белякова, նշվ. աշխ., էջ 39։

[28] С. Жильцов, Киев нашел поддержку у Анкары: южный вектор украинской политики

[29] http://pravo.gov.ru/proxy/ips/?doc_itself

[30] Н. Белякова, նշվ. աշխ., էջ 41։

[31] А. Гончаров, նշվ. աշխ.։

[32] В Крыму отреагировали на слова Эрдогана о положении крымских татар

[33] А. Ирхин, Н. Демешко, նշվ. աշխ., էջ 48։