Թբիլիսիի փափուկ ուժը աբխազական հարցում

14 ր.   |  2020-04-27

2 008-ի օգոստոսյան վրաց-հարավօսեթական պատերազմը և Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, ըստ էության, ևս մեկ քայլով օտարեց հակամարտության կողմերին։ Խորացան հակասությունները Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններում, որոնք պայմանավորված են առաջին հերթին տարածաշրջանային ու միջազգային անվտանգային հիմնահարցերով։ Հասկանալի էր, որ ռազմական գործողությունների հետևանքով կողմերի միջև լարվածության թուլացման, փոխվստահության մթնոլորտի վերահաստատման համար սպասվելու է դիվանագիտական, քաղաքական բարդ ու երկարատև գործընթաց։

Հակամարտության կարգավորմանն էր ուղղված 2008-ի հոկտեմբերին ձևավորված Ժնևյան բանակցային հարթակը, որի ստեղծումից թեև անցել է ավելի քան մեկ տասնամյակ, սական կողմերն այդպես էլ չեն կարողացել սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալ։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է արձանագրել, որ Ժնևյան բանակցությունները կարևոր նշանակություն ունեն կողմերի միջև քննարկումները շարունակելու տեսանկյունից։ Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցություններին մասնակցում են Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ դիտորդները։

Օգոստոսյան ռազմական գործողություններից հետո Աբխազիայի (Հարավային Օսեթիա) հետ հարաբերություններում Վրաստանի ներքաղաքական դաշտում սկսեցին ավելի շատ խոսել կոշտ դիրքորոշման (hard power) վերանայման անհրաժեշտության մասին։ Արդյունքում, Վրաստանի արտաքին քաղաքականությունում նկատելի դարձան փափուկ ուժի  (soft power) մեթոդաբանության կիրառման քայլերը։

Անհրաժեշտ է նկատել, որ Աբխազիայի (Հարավային Օսեթիա) նկատմամբ Թբիլիսիի արտաքին քաղաքական փափուկ ուժի կիրառման անհրաժեշտությունը կար նաև նախքան օգոստոսյան պատերազմը։

Աբխազիայի (Հարավային Օսեթիա) հետ հարաբերությունները Վրաստանում համակարգում էր Հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարությունը (2004-2008թթ․): 2008-ի հունվարից, նախքան ռազմական գործողությունները, կառույցը վերանվանվեց Վերաինտեգրման հարցերով պետնախարարի գրասենյակի (2008-2014թթ․)։ Անվանափոխությունը խորհրդանշում էր հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի նախկին դիրքորոշման մեղմացման մասին։ Ավելին՝ 2014-ի հունվարից գրասենյակը վերանվանվեց Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի (The Office of the State Minister of Georgia for Reconciliation and Civic Equality)։  

Վրաստանի փորձագիտական շրջանակները քննարկում էին, որ «վերաինտեգրում» տերմինն օտարում է աբխազներին ու օսերին և խոչընդոտում ուղիղ բանակցություներին ու շփումներին։

Գրասենյակի նախկին պետնախարար Պատա Զաքարաեիշվիլիի խոսքով, վրացական կողմը ձգտում է հակամարտությունների կարգավորման հարցում ազգայնականության պարադիգմայից դուրս գալ, հիմնվել քաղաքացիական արժեքների վրա՝ այդպիսով ճանաչելով բոլոր կողմերի շահերը»[1]։

Հակամարտությունների հարցերով փորձագետ Գեորգի Կանաշվիլին ողջունում է նախարարության անվանման փոփոխությունը՝ «նախարարության անվանումը այն պատճառներից մեկն էր, որ աբխազական ու օսեթական կողմերը հրաժարվում էին պետնախարարության աշխատակիցների հետ քննարկումներից[2]։  

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ երկխոսության վրացական կողմի նախաձեռնությունները ներկայում համակարգում է Վրաստանի Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը, որն իր գործունեության հիմնական շեշտադրումը դնում է կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ամրապնդման, ներգրավվածության, վերաինտեգրման և հաշտեցման ուղղությամբ՝ հիմնվելով նախևառաջ մարդու իրավունքների, քաղաքացիական արժեքների պաշտպանության սկզբունքների վրա[3]։ Գրասենյակի գործունեությունում առանձնակի ուշադրություն է դարձվում Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական, առողջապահական այն ծրագրերին, որոնք կարող են նպաստել Աբխազիայի (Հարավային Օսեթիա) հետ երկխոսության հաստատմանը։

Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի «Activity report 2018» զեկույցում մասնավորապես ասվում է․ «Խաղաղության տարբեր նախաձեռնությունների, հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության միջոցով, ինչպես նաև մարդասիրական միջոցների կիրառմամբ, նշանակալի քայլեր արվեցին վստահության ամրապնդման, բաժանարար գծերի հակառակ կողմերում բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և մի շարք հնարավորությունների հասանելիության արդյունավետության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, Վրաստանի կառավարությունը կանաչ լույս է տալիս կառուցողական համագործակցության, հասարակությունների լայն շրջանակների հետ  երկխոսության համար, հոգում բնակչության բարօրության մասին՝ մինչև հակամարտությունը կգտնի լիարժեք կարգավորում»[4]։

Գրասենյակի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ կողմերի միջև ձևավորել կանոնավոր երկխոսության մեխանիզմ, ինչի արդյունքում 2018-2020թթ․ Վրաստանում հակամարտության կողմերի միջև կայացավ ճանաչողական, մտքերի փոխանակման 5 հանդիպում-քննարկում։ Հանդիպումներին ներկայացված էին Ժնևյան բանակցային ձևաչափի և «Միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմ» ձևաչափի (Incident Prevention and Response Mechanism-IPRM) մասնակիցները, հակամարտությունից տուժած համայնքների ներկայացուցիչները, կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներ և փորձագետներ։

2018-ին գրասենյակի նախաձեռնությամբ մեկնարկեցին մի շարք նախագծեր՝ հակամարտությունից տուժած կանանց տնտեսական գործունեության պաշտպանության ու խթանման նպատակով։ Արդյունքում, Վրաստանի Զուգդիդի շրջանի 17 կին բնակիչ հնարավորություն ստացավ խորացնել տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ իրենց գործարար նախագծերը սկսելու նպատակով[5]։

Վրաստանի Պետական ուղղորդման ծրագրի շրջանակում (State Referral Program) Աբխազիայի (Հարավային Օսեթիա) բնակիչները հնարավորություն են ստանում օգտվել Վրաստանի տարածքում բուժսպասարկման ծառայություններից։ Գրասենյակի 2018-ի (ոչ ամբողջական տվյալներ) տվյալներով, ծրագրի շրջանակում Վրաստանի բուժսպասարկման ծառայություններից օգտվել է շուրջ 1504 քաղաքացի (Աբխազիայից՝ 1162, Հարավային Օսեթիայից՝ 342 բնակիչ)[6]։  

Միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ Վրաստանի կառավարությունը Աբխազիայի բնակչությանը մատակարարում է մի շարք հիվանդությունների կանխարգելման պատվաստանյութեր, որոնց տարեկան ընդհանուր արժեքը շուրջ 500 հազ․ լարի է։ Աբխազիայի բնակչությանը պարբերաբար մատակարարվում են շտապօգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ․ 2018-ին աբխազական կողմին տրամադրվեց շտապօգնության 1 մեքենա։ Գրասենյակի տվյալներով, 2018-ին Աբխազիային տրամադրված բժշկական սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1 մլն լարի է։ 2018-ին աբխազական և հարավօսեթական կողմերի առողջապահական կարիքների հոգալու համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 7 մլն լարի։

Գրասենյակն իրականացնում է նաև հակամարտող կողմերի բնակչության սոցիալական, կրթական ծրագրեր։ Մասնավորապես, կառավարության 1+4 ծրագրով Աբխազիայի (Հարավային Օսեթիա) երիտասարդությունը հնարավորություն է ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում՝ մայրենի լեզվով հանձնելով ընդամենը 1 քննություն։

Վրաստանի կառավարությունն իրականացնում է հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի վերականգնման, ինչպես նաև հանրային դիվանագիտություն տարբեր նախագծեր։ Այդ ուղղությամբ գրասենյակն ակտիվ աշխատանքներ է տանում նշյալ նախագծերին միջազգային շահագրգիռ կազմակերպությունների մասնակցության ապահովման համար․ 2018-ին գրասենյակի աշխատակիցները մասնակցել են վրաց-աբխազական 14 հանդիպման[7]։

2018-ի ընթացքում փոխվստահության մթնոլորտի ձևավորման նախագծեր (confidence building projects) իրականացվել են կրթության, աբխազերեն լեզվի զարգացման, առողջապահության, երիտասարդության միջև կապերի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, արխիվների համագործակցության, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։

ԵՄ-ն քանիցս պաշտոնական դրական գնահատական ու աջակցությունն է հայտնել Վրաստանի նախաձեռնություններին։ 2018-ին գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ Եվրոպայի խորհուրդն իրականացրել է մի շարք երկկողմանի փոխվստահության կառուցման նախագծեր՝

  • Վրաստանի և Աբխազիայի արխիվային նյութերի հարցերով փորձագետների հանդիպումներ (Բուդապեշտ, Հռոմ, Փարիզ, Վենետիկ)
  • Վրաստանի և Աբխազիայի բժիշկների հանդիպում (Վենետիկ)՝ թմրամոլության կանխարգելման ու բուժման հարցերի շուրջ
  • Վրաստանի և Աբխազիայի բժիշկների համատեղ դասընթաց (Լիսաբոն)
  • Վրաստանի և Աբխազիայի հոգեբանների ու հոգեբույժների դասընթաց (Ստամբուլ)՝ բռնության զոհ դարձած երեխաների հետ հարցազրույցների անցկացման մեթոդաբանության հարցերի շուրջ
  • Վրացի, աբխազ և օսեթ երիտասարդության մասնակցություն խաղաղության ճամբարում, Ստրասբուրգ
  • ԵՄ փորձագետների դասախոսություններ (Սուխում)՝ ճարտարապետական ժառանգության պահպանման հարցերի շուրջ և այլն[8]։

Ոչ ֆորմալ շփումների արդյունքում Թբիլիսին աբխազական կողմին մատակարարում է գյուղատնտեսական տարբեր տեսակի սարքավորումներ։ 2018-ին գյուղատնտեսական աշխատանքների աջակցման նապատակով Թբիլիսին տրամադրել է անասնաբուժական պատվաստանյութեր, գյուղատնտեսական սարքավորումներ՝ 600 հազ․ լարի ընդհանուր արժեքով։ Ֆինանսավորվեց նաև Աբխազիայի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական սարքավորումների մատակարարման ծրագիրը, կազմակերպվեց հակամարտությունների թեմայի շրջանակում զգայուն հիմնահարցերի շուրջ լրագրողների թրեյնինգ[9]։

2013-ից սկսած Պետնախարարի գրասենյակը Վրաստանի կառավարության այլ գերատեսչությունների հետ համակարգում է կառավարության, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ջանքերը բաժանարար գծերի հարակից շրջաններում ու գյուղերում աջակցման ծրագրերի կյանքի կոչմանը՝ սոցիալական, ենթակառուցվածքային, առողջապահության, գյուղատնտեսական, կրթական և այլ սեկտորներում[10]։ Առանձնացնենք 2018-ին իրականացված ծրագրերից մի քանիսը․ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ձմեռանը բաժանարար գծերի հարակից գյուղերի բնակիչների ջեռուցման նպատակով հատկացրել է ընդհանուր առմամբ 2․423 մլն լարի․ բնական գազի սպառող յուրաքանչյուր ընտանիքի հաշվին փոխանցվել է 200 լարի։ Ասֆալտապատվել է 133 կմ ճանապարհ։

Engagement Through Cooperation նախաձեռնությունը

2 010-ի հունվարին Վրաստանի կառավարությունը ներկայացրեց Աբխազիայի (Հարավային Օսեթիա) հետ շփումների վերականգնման ռազմավարությունը։ «Ներգրավվածություն հանուն համագործակցության» ռազմավարական ծրագրով նախատեսվում էր խաղաղ ճանապարհով Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում հակամարտության գոտիների տարածքների ու բնակչության վերաինտեգրման գործընթաց։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «Վրաստանի պետական նպատակն է այնպիսի ապագայի ապահովումը, երբ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կօգտվի գլոբալ ինտեգրված տնտեսությամբ և ժողովրդավարական կառավարմամբ պետության ընձեռած արտոնություններից, և կապրի հանդուրժող, բազմաէթնիկ, ու բազմամշակութային հասարակությունում։ Վրաստանի կառավարությունը ձգտում է Աբխազիայի (Հարավային Օսեթիա) բնակչության համար հասանելի դարձնել պետությունում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-ին, եվրաատլանտյան կառույցներին ու ինստիտուտներին երկրի ինտեգրման արդյունքները։ Փաստաթղթում նշվում է այն գործողությունների ցանկը, որը կհանգեցնի ռազմավարության նպատակի իրագործմանը՝ 

  • բաժանարար գծերի շրջանների բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, Աբխազիայի (Հարավային Oսեթիա) ներգրավվածություն Վրաստանի միջազգային տնտեսական հարաբերությոններում։
  • ենթակառուցվածքների վերականգնում ու զարգացում, որոնք հնարավոր կդարձնեն բաժանարար գծերի միջով բնակչության ազատ տեղաշարժը և ապրանքների փոխադրումը։
  • առկա մեխանիզմների ամրապնդում և նոր հնարավորությունների մշակում՝ Աբխազիայում (Հարավային Օսեթիա) մարդու իրավունքների, մայրենի լեզվով կրթության ստացման իրավունքի պաշտպանության նպատակով։
  • պատերազմի հետևանքով տուժած բնակչության համար առողջապահության որակի բարձրացում և հասանելիության ապահովում, կրթության ապահովման համար լայն հնարավորությունների ստեղծում և այլք։

Փաստաթղթում նշվում է․ «․․․Վրաստանի կառավարությունը կարևորում է իրականացնել մարդասիրական, անհատին ուղղված ակտիվ քաղաքականություն, որը կբխի պատերազմից տուժած բնակչության կարիքներից. գործողությունների պլանը նախատեսում է ստեղծել բարենպաստ միջավայր` բաժանարար գծերի բնակչության միջև համագործակցության ակտիվացման համար․․․»[11]։ Փաստաթղթով ծրագրվում էր բաժանարար գծերի շրջաններում աջակցել առևտրային հարաբերությունների ակտիվացմանը, ձևավորել հատուկ տնտեսական գոտիներ, խթանել կողմերի միջև գործարար կապերը[12]։

            Գործողությունների պլանով Վրաստանի կառավարությունը ձգտում է  առաջարկվող նախագծերի իրականացմամբ բարելավել Աբխազիայի (Հարավային Օսեթիա) բնակչության դրությունը, որպեսզի վերջիններս հավասարապես կարողանան օգտվել Վրաստանի տնտեսության առաջընթացից ու հնարավորություններից։ Կառավարությունն առաջարկում էր ծրագրերն իրականացնել 4 հիմնական հարթություններում՝

  1. մարդասիրական ոլորտ,
  2. մարդու իրավունքներ,
  3. սոցիալական ոլորտ (կրթություն, առողջապահություն),
  4. տնտեսական (առևտուր, ենթակառուցվածքներ)[13]։

A Step to a Better Future նախաձեռնությունը

2 018-ին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես եկավ «Քայլ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնությամբ, որն ուղղված էր Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրության բարելավմանը, շփումների ու համագործակցության հաստատմանը[14]։ Նախաձեռնությունում Վրաստանի իշխանությունները կարևորում են կողմերի միջև փոխվստահության վերականգնումը, հաշտեցման ակտիվացումը։ Խաղաղ նախաձեռնությունը ենթադրում է 3 հիմնական ուղղություն՝

  1. բաժանարար գծերի հակառակ կողմերում առևտրի ընդլայնում ու դյուրացում,
  2. որակյալ կրթության ապահովման հավելյալ հնարավորությունների ստեղծում,
  3. մեխանիզմի ստեղծում՝ Վրաստանի տնտեսական առաջընթացի արդյունքների հավասարապես բաշխման նպատակով, որից կօգտվի նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բնակչությունը[15]։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «այս նախաձեռնության նպատակն է խթանել, պարզեցնել և ընդլայնել առևտուրը բաժանարար գծերի կողմերի միջև: Այն հնարավորություն է ստեղծում, որպեսզի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի արտադրանքը մուտք ունենա Վրաստանի ներքին ու արտաքին շուկա՝ արտահանման արտոնյալ հնարավորություններով, այդ թվում՝ ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում[16]։ Նախաձեռնությունը թույլ կտա նաև Աբխազիա (Հարավային Օսեթիա) մատարակարել Վրաստանում արտադրված կամ ներմուծված ապրանքները, ինչպես նաև կյանքի կոչել համատեղ ձեռնարկատիրական ծրագրեր: Նախաձեռնությունով ծրագրվում է իրականացնել հետևյալ 5 հիմնական գործառույթները՝

  1. ծառայություններ․ գործարարների համար դյուրացված գրանցման ընթացակարգ, մուտք դեպի տարբեր ծառայություններ,
  2. ենթակառուցվածքներ (հատուկ տնտեսական տարածքի ձևավորում),
  3. հարկային արտոնություններ․ հատուկ հարկ վճարողի կարգավիճակի սահմանում,
  4. առևտրային գործունեություն․ ապրանքների տեղափոխում բաժանարար գծերի միջով, մուտք դեպի ներքին ու արտաքին շուկա,
  5. ֆինանսական և օրենսդրական կարգավորումներ․ բաժանարար գծերի կողմերում առևտրի ու տնտեսական հարաբերությունների խթանում[17]։

Հատուկ տնտեսական տարածքն ընդգրկում է բաժանարար գծերի հակադիր կողմերը․ հատվածներից մեկը Վրաստանի տարածքում է, մյուսը՝ Աբխազիայի սահմանակից շրջաններում, մասնավորապես՝ Ռուխ (Rukhi) գյուղի շրջակայքում։ Հատուկ տնտեսական տարածքը (ՀՏՏ) ներառում է ենթակառուցվածքներ ու ծառայություններ, որոնք կխթանեն ու կդյուրացնեն բաժանարար գծերի միջով առևտուրը ու տնտեսական գործունեությունը։ Այս գոտում տեղակայվելու են տարբեր սպասարկող ինստիտուտներ, առևտրային բանկեր, փոստային բաժանմունքներ, տարադրամի փոխանակման կետեր, նոտարական ծառայություններ, նորարարական ուսումնական, խորհրդատվական կենտրոններ։ Ելնելով անհրաժեշտությունից՝ որոշակի փուլում Ռուխ գյուղի մերձակայքում հնարավոր է ձևավորել Ազատ արդյունաբերական գոտի, ինչպես նաև հիմնել ուսումնական կենտրոն։

ՀՏՏ-ում գործարարության զարգացման, գործարար նախաձեռնությունների ու գաղափարների աջակցման նպատակով կձևավորվի գործարարության խրախուսման կենտրոն, որն աջակցություն կցուցաբերի ձեռնարկատերերին ֆինանսավորման աղբյուրների և գործընկերների որոնման, բիզնես-ծրագրերի մշակման ու զարգացման հարցերում, տեղական և արտերկրի շուկաների վերաբերյալ կտրամադրի համապատասխան տեղեկատվություն ու խորհրդատվություն[18]։

Նշենք նաև, որ «Քայլ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնության շրջանակում նախատեսվում էր իրականացնել դրամաշնորհային ծրագիր, որին կարող են մասնակցել Աբխազիայի (Հարավային Օսեթիա) բնակիչները։ Դրամաշնորհները 2․5-13 հազ․ են՝ համատեղ կամ անհատական սկզբունքով։ Դրամաշնորհային ծրագրի իրականացման համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ $190 հազ․։

Հ ակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման հարցում կարևոր նշանակությունի ունի Վրաստանի Զուգդիդի շրջանի Ռուխ գյուղի բնակավայրի բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը, որը բժշկական ծառայությունները հասանելի պետք է դարձնի ինչպես Վրաստանի արևմտյան շրջանների, այնպես էլ Աբխազիայի բնակիչների համար։ Հիվանդանոցը նախատեսված է շուրջ 70 հիվանդի համար։


Աղբյուրը՝ https://www.livepress.ge/ru/

Ռուխի հիվանդանոցը

Վրացական կողմի գնահատականով, այն կնպաստի երկու ժողովուրդների միջև երկխոսության ընդլայնմանը, թշնամանքի հաղթահարմանը։ Աբխազիայի բնակիչները քանիցս դիմել են վրացի բժիշկներին և բուժսպասարկում ստացել Թբիլիսիի և Վրաստանի այլ քաղաքների հիվանդանոցներում։ Դա հաստատում են նաև ռուս փորձագետները[19]։

Որոշ տվյալներով, Աբխազիայի բնակչության համար բուժսպասարկումը մտնում է Վրաստանի պետպատվերի ծրագրի շրջանակում[20]։

Հատկանշական է, որ Ռուխի հիվանդանոցի մոտ կառուցվել է նաև 90 հոգու համար նախատեսված հյուրանոց, որը նախատեսված է հիվանդների ազգականների սպասարկման համար։

Հ ակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման, լարվածության թուլացման Թբիլիսիի խաղաղ նախաձեռնություններին թերահավատությամբ են մոտենում հատկապես Մոսկվայում։ Ռուսական փորձագիտական որոշ շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ Վրաստանի նախաձեռնությունները քաղաքականացված են և մշակվում են հարցերը միայն Վրաստանի տարածքային ամբողջականության կազմում լուծելու տրամաբանության համատեքստում։ Հնչում են նաև գնահատականներ, որ Թբիլիսիի փափուկ ուժի դիվանագիտության հասցեատերը ոչ այնքան Աբխազիան կամ Հարավային Օսեթիան է, որքան Բրյուսելը։ Փորձագիտական այդ հիմնավորումը թերևս ելնում է նրանից, որ Վրաստանի նախաձեռնություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԵՄ-ն, փորձագիտական խորհրդատվությամբ մասնակցում նշյալ փաստաթղթերի մշակմանը[21]։

Ա բխազիայի ներքաղաքական դաշտում զգուշավորությամբ են վերաբերվում Թբիլիսիի խաղաղասիրական նախաձեռնություններին․ առավել թերահավատ են Հարավային Օսեթիայում։ Այդուհանդերձ, Աբխազիայի ներքաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ խոսում են Թբիլիսիի հետ ուղիղ երկխոսության ձևաչափի ձևավորման անհրաժեշտության մասին[22]։  

Աբխազիայի նորընտիր առաջնորդ Ասլան Բժանիայի կարծիքով, «բացի ժնևյան բանակցություններից, կա երկկողմ բանակցային հարթակի անհրաժեշտություն։ Վրացիները և Վրաստանի հանրապետությունը մեր հարևաններն են, Վրաստանի և Աբխազիայի քաղաքացիների միջև շփումները բավականաչափ են։ Այդ քաղաքացիները հատում են սահմանը[23]։ Պատահում է, որ Աբխազիայի տարածքում տեղի ունեցած հանցագործության հեղինակները թաքնվում են Վրաստանում, լինում է նաև հակառակը»։ Բժանիայի խոսքով, «աբխազական կողմը Վրաստանի տարբեր հասարակական ինստիտուտներից ազդակներ է ստանում, որոնք խոսում են Վրաստանի քաղաքական որոշակի ուժերի՝ Աբխազիայի հետ առավել ինտենսիվ երկխոսության պատրաստակամության մասին։ Անհրաժեշտ է նշել, որ Վրաստանն ու Աբխազիան համատեղ շահագործում են Ինգուրի ՀԷԿ էներգետիկ համալիրը, ինչը խոսում է շփումների որոշակի մակարդակի առկայության մասին»։

Բժանիայի մեկնաբանության առիթով սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ վերջինս ուղիղ բանակցություններ է սկսել Թբիլիսիի հետ, ինչը սակայն հերքվեց։ Բժանիայի ղեկավարած հիմնադրամի հայտարարությունում նշվում էր, որ «Աբխազիայի պետական կարգավիճակը չի կարող դառնալ քննարկման առարկա, սակայն կան հարցեր, որոնք անհնար է լուծել առանց Վրաստանի հետ ուղիղ բանակցությունների»[24]։

Միևնույն ժամանակ նշենք, որ աբխազական կողմի համար Վրաստանի հետ ուղիղ բանակցային հարթակի ձևավորումը, ինչպես նաև երկկողմ շփումների ներկայիս մակարդակը կարող է դիտվել որպես Ռուսաստանից Աբխազիայի քաղաքական, տնտեսական կախվածության նվազեցման հնարավորություն։

Անհամեմատ ավելի կոշտ է Հարավային Օսեթիայի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ վերջինս օգոստոսյան պատերազմի անմիջական կողմերից էր։ Դա է հաստատում նաև այն, որ վրաց-հարավօսեթական սահմանային իրավիճակը, ի տարբերություն վրաց-աբխազականի, պահպանում է որոշակի լարվածություն։

Ի նչպես նկատում են որոշ փորձագետներ, հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման գործընթացը բարդացավ, երբ 2008-ի հոկտեմբերին Թբիլիսին ընդունեց «Գրավյալ տարածքների մասին» օրենքը[25]։ Օրենքի ընդունումը բացասական հետևանք ունեցավ նախևառաջ Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններում, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև հակամարտության անմիջական կողմերի հարաբերությունների վրա։ Վրաստանի ներքաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, որ անհրաժեշտ է օրենքում փոփոխություններ կատարել և դրանով նվազեցնել կողմերի միջև լարվածությունը. Երկրի ղեկավարությունը նույնպես փորձեց քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Փոփոխություններից մեկով առաջարկվում էր առանց վրացական կողմի իմացության Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածք մուտքի համար քրեական հետապնդումը փոխել վարչական իրավախախտմամբ[26],[27]։  

Մոսկվան իր հերթին է կոչ անում չեղյալ հայտարարել օրենքը, և ուղիղ երկխոսություն սկսել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ[28]։

Վրաստանում օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեցին 2013-ից, սակայն դրանք այդպես էլ չընդունվեցին։

Ընդհանուր առմամբ նշենք, որ Թբիլիսիի փափուկ ուժի քաղաքականությունը էական արդյունք չի ապահովել բանակցային գործընթացում։ Միևնույն ժամանակ, չենք կարող թերագնահատել Վրաստանի վարած փափուկ ուժի քայլերը, որոնք ընդհանուր առմամբ դրական ազդեցություն ունեն պատերազմի հետևանքների հաղթահարման, կողմերի միջև փոխվստահության վերականգնման և առհասարակ հաշտեցման գործընթացի ուղղությամբ։    


[1] https://www.dw.com/ru/министерство-реинтеграции

[2] https://www.dw.com/ru/министерство-реинтеграции

[3] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[4] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[5] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[6] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[7] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[8] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[9] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[10] https://smr.gov.ge/uploads/prev/Report_201_771641a4.pdf

[11] https://smr.gov.ge/uploads/prev/action_pla_3395c13d.pdf

[12] http://gov.ge/files/225_31228_851158_15.07.20

[13] https://smr.gov.ge/uploads/prev/action_pla_3395c13d.pdf

[14] https://smr.gov.ge/uploads/prev/Concept_EN_0eaaac2e.pdf

[15] https://sputnik-georgia.ru/georgia/20180404

[16] https://smr.gov.ge/uploads/prev/Concept_EN_0eaaac2e.pdf

[17] https://smr.gov.ge/uploads/prev/Concept_EN_0eaaac2e.pdf

[18] https://smr.gov.ge/uploads/prev/Concept_EN_0eaaac2e.pdf

[19] https://eadaily.com/ru/news/2020/03/18/koronavirus

[20] https://www.golos-ameriki.ru/a/georgia-finances-medical

[21] https://civil.ge/ru/archives/220149

[22] https://lenta.ru/news/2020/03/23/abagruz/

[23] https://lenta.ru/news/2020/03/23/abagruz/

[24] https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/7546545

[25] https://smr.gov.ge/uploads/prev/The_Law_of_928ef0d7.pdf

[26] https://www.bbc.com/russian/features-45119933

[27] https://regnum.ru/news/polit/2211400.html

[28] https://ria.ru/20180328/1517489891.html