Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները Հայաստանում

12 ր.   |  2020-04-23

Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսությանը ցուցաբերելու է 150 մլրդ դրամի աջակցություն, մշակել ու գործարկում է կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված 14 միջոցառում, որոնք նախատեսվում է ավելացնել:

Թեպետ վիրուսի տարածումը գլխավորապես առողջապահական խնդիր է, սակայն տնտեսությունում առաջացած բացասական հետևանքներն արդեն հանգեցրել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի: Մի շարք երկրներ սկսել են մշակել ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական միջոցառումներ, որոնք թույլ կտան հաղթահարել կամ մեղմել տնտեսական բացասական հետևանքները: Միջոցառումները մշակվել են ըստ տվյալ երկրի տնտեսության զարգացման մակարդակից և կառուցվածքից։

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներ արել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, համաձայն որոնց 2020թ.-ին ՀՀ տնտեսական աճը տատանվելու է 1․5% տնտեսական անկումից մինչև 1․7% տնտեսական աճի միջակայքում, իսկ 2021թ.-ին տնտեսական աճը կարող է հասնել 4.5-7.2%-ի: Վերը նշյալ կանխատեսումներն իրականացվել են հաշվի առնելով մեր երկրի տնտեսության կառուցվածքը՝ ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին ունեցող ճյուղերն ու դրանց զարգացումը, կարևորվել տնտեսական քաղաքականությունը:

Տնտեսական աճը 2021թ.-ին կանխատեսված մակարդակին հասցնելու, ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, երկրի բիզնես միջավայրը բարվոք պահպանելու, տնտեսության ճյուղերի զարգացումը ապահովելու համար, մշակված միջոցառումների հիմքում ներառվել են զարգացման համար կարևոր ոլորտներում տնտեսվարողների գործունեության խթանումը: Ներկայում սոցիալական փաթեթների միջոցով փորձ է արվում հնարավորինս հասցեական աջակցություն ցուցաբերել բնակչության առավել խոցելի հատվածին և զսպել կենսամակարդակի անկումը:

Մշակված միջոցառումներն իրականացնելու համար օգտագործվելու են ոչ միայն կառավարության կողմից տրամադրված 150 մլրդ դրամը (300 մլն ԱՄՆ դոլար), այլև միջազգային օժանդակության ծրագրերով տրամադրված ֆինանսական աջակցությունը:

Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։ Գերմանիան նախատեսում է Հայաստանին տրամադրել 91 մլն դոլարի դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն: Այս միջոցների հաշվին կառավարությունը կկարողանա էապես ընդլայնել թե՛ տնտեսական, թե սոցիալական օժանդակության ծրագրերը։

Միջազգային փորձը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու ամենանպաստավոր գործիքներից է պահանջարկի խթանումը, ինչը ենթադրում է, որ պետությունը հավելյալ միջոցներ է հատկացնում վերջնական սպառողին՝ բնակչությանը, որպեսզի շուկան չլճանա։ Հայաստանի կառավարությունն, ի թիվս այլ գործիքների, կիրառում է նաև հենց այս միջոցը՝ գումար հատկացնելով կորոնավիրուսի հետևանքով առավել շատ տուժած խմբերին։ Լայնորեն կիրառվող երկրորդ գործիքը տնտեսվարողների արտոնյալ պայմաններով վարկավորումն է, որի դեպքում վարկի տոկոսադրույքը հիմնականում սուբսիդավորվում է։ Կիրառվել է նաև դրամաշնորհային մեխանիզմ, որն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, որից կարող են օգտվել այն տնտեսվարողները, ովքեր այս ընթացքում աշխատատեղ չեն կորցրել։ Միջազգային պրակտիկայում տարածված հարկային արձակուրդի մեխանիզմն այս պահին Հայաստանում կիրառված չէ, սակայն հետագայում, կախված ճգնաժամի տևողությունից, կարող է կիրառվել։

Տնտեսական միջոցառումներ

Տ նտեսական միջոցառումները մշակելիս պետությունը թիրախավորել է այն ոլորտները, որոնք առավել շատ են տուժել կորոնավիրուսից և որոնք հետագայում կարող են նպաստել տնտեսության վերականգնմանը՝ ապահովելով երկարաժամկետ ու կայուն աճ։

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժել է ՀՆԱ-ում տեսակարար մեծ կշիռ ունեցող ճյուղերը՝ զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, մանր և մեծածախ առևտուրը, գյուղատնտեսությունը, շինարարությունը: Այս ճյուղերի գործունեությունն ապահովելու համար 1-ին ծրագրով նախատեսվել է տնտեսվարողներին տրամադրել արտոնյալ նպատակային վարկեր, որոնք պետք է ուղղվեն աշխատակիցների աշխատավարձի, հարկերի և տուրքերի վճարմանը, հումք գնելուն, սարքեր և սարքավորումներ, սնունդ ներկրելուն և ծառայությունների վճարմանը։ Այժմ 1-ին միջոցառման մասով հաստատված է 13 մլրդ 159 մլն դրամի 249 վարկ: Ներկայում դիտարկվող վարկային հայտերի քանակն 691-ն է` մոտ 39 մլրդ դրամի:

Առաջին միջոցառման շրջանակում՝ տնտեսվարողներին նախատեսված աջակցությունը տրամադրվելու է ֆինանսական կառույցների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով՝ նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով։ Յուրաքանչյուր տնտեսվարողի համար կիրառելի է լինելու օժանդակության 3 ձևերից միայն մեկը։ Նշյալ ձևերից օգտվելու նպատակահարմարությունը որոշում է ֆինասական կառույցը՝ գնահատելով տնտեսվարողի վարկունակությունը:

Կարող ենք նշել, որ առաջին միջոցառման նպատակը բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող օրինակելի տնտեսվարողների համար ֆինանսական միջոցների արագ հասանելիության ապահովումն է, ինչպես նաև հարկային արձակուրդ չտրամադելու պատճառով առաջացող դժվարությունների զսպումը: 

2-րդ միջոցառումը միտված է գյուղատնտեսության աջակցությանը: 2015թ.-ից ի վեր այս ոլորտում անկում է նկատվել և 2019թ.-ին ՀՆԱ կազմում տեսակարար կշիռը նվազել է։ Սակայն նշենք, որ այն տնտեսության գերակա ճյուղ է համարվում, որի արտադրանքը ոչ միայն լուծելու է պարենային ապահովման հարցը, այլև արտահանվելու է:

Այսպես՝ գյուղատնտեսության աջակցության փաթեթն իրականացվելու է 2 տարբերակով՝ վարկավորման և փոխհատուցման բաղադրիչի կիրառման միջոցով: Վարկավորումն իրականացվելու է ֆինանսական կառույցների կողմից՝ նպատակային վարկերի համաֆինանսավորման և վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով։

Վարկավորման ծրագրի համար դիմելու համար մշակվել են հետևյալ քայլերը.

Փոխհատուցման բաղադրիչից օգտվելու համար նույնպես մշակվել են որոշակի քայլեր:

Ըստ էության գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերը մշտապես գործել են: Այս միջոցառումով փորձ է արվել որոշակի լրացումներ կատարել արդեն գործող փաթեթներում՝ նպատակ ունենալով, հատկապես, գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն իրենց գյուղատնտեսական գործունեությունը սպասարկելու համար:

Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության ծրագրերի շրջանում 2019թ.-ի ընթացքում եղել են ավելի քան 9,000 շահառուներ, որոնք պետական աջակցության եղանակով օգտվել են ավելի քան 53 մլրդ ՀՀ դրամ վարկային կամ լիզինգային միջոցներից: Ըստ կանխատեսումների 2020թ.-ի՝ վերոնշյալ միջոցառման փաթեթի արդյունքում 2020թ.-ի շահառուների թիվը գերազանցելու է 10.000, իսկ վարկային ռեսուրսները՝ 60 մլրդ ՀՀ դրամը, այս պահի դրությամբ 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի քանակը 2943-ն է, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն ուղղված միկրովարկերն են, 311-ը՝ գյուղատնտեսական այլ նպատակների համար տրամադրված վարկերը։ Ընդհանուր առմամբ 2-րդ միջոցառմամբ արդեն հատկացվել է 4 մլրդ 343 մլն դրամ։

Ճգնաժամային պայմաններում կարևորվում է փոքր և միջին ձեռնարկատիրության գործունեության բնականոն ընթացքը: Տնտեսությունում ՓՄՁ-ների շարժիչ ուժ լինելու գիտակցումը պետական մարմիններին ստիպում է աջակցության մեխանիզմներ կիրառել: ՀՀ-ում ոլորտին ուղղված աջակցությունը տեղ է գտել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ աջակցությունից օգտվելու հնարավորություն պետք է տրվի զբոսաշրջային ծառայությունների, կացության և հանրային սննդի կազմակերպման, առողջապահության, մշակող արդյունաբերություն, փոխադրումներ և պահեստային տնտեսության և սպասարկման այլ ծառայությունների ոլորտում գործող ՓՄՁ-ներին: Ընդ որում, այս ոլորտ ՓՄՁ-ների շրջանառությունը 2019թ.-ին պետք է կազմած լինի նվազագույնը 24 մլն դրամ, առավելագույնը՝ 500 մլն դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է տարեկան շրջանառության գումարի 10%-ից պակաս լինի և պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն: Վերոնշյալը առավել պարզ ներկայացրել ենք օրինակում:

Օրինակ. Մշակող արդյունաբերության ոլորտում գործող ՓՄՁ-ի շրջանառությունը 2019թ.-ին կազմել է 30 մլն ՀՀ դրամ:

Դեպք 1. Եթե տվյալ տնտեսվարողի շրջանառությունը 2019թ.-ի որևէ եռամսյակում, դիցուք՝ հունվար-մարտին կազմել է 2.7 մլն ՀՀ դրամ, ապա այդ տնտեսվարողը դուրս է մնում վերոնշյալ փաթեթի շահառուների ցանկից, քանի որ եռամսյակում շրջանառությունը քիչ է եղել տարեկան շրջանառության 10%-ից:

Դեպք 2. Վերոնշյալ տնտեսվարողը շահառու կհանդիսանա այն դեպքում եթե 2019թ.-ի յուրաքանչյուր եռամսյակում շրջանառությունը կազմել է նվազագույնը 3 մլն. ՀՀ դրամ:

3-րդ միջոցառումով տնտեսվարողներին աջակցությունը տրամադրվելու է ներդրումների աջակցման կենտրոնի (ՆԱԿ) միջոցով, իսկ ֆինանսական կառույցները հանդիսանալու են սպասարկող գործիքներ: Դիմումները ներկայացվելու են հետևյալ ընթացակարգով՝ միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները վարկավորման նպատակով դիմում են ՆԱԿ՝ http://isc.am/ կայքում լրացնելով առցանց դիմումը և ներկայացնելով նրանց ընտրության համար Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված տեղեկատվությունը։ ՆԱԿ-ը համապատասխան ուսունասիրություններ իրականացնելուց հետո պայմանագիր է կնքելու տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովելու է վարկի գումարի հասանելիությունը բանկի համար, որն էլ այն անկանխիկ կամ բանկային փոխանցումով տրամադրելու է տնտեսվարողին:

Ներկա պահին միջոցառման շրջանակում հաստատվել է 343 վարկային հայտ՝ 3 մլրդ 926 մլն դրամ ծավալով։

Կարելի է ասել որ, ներկայացված 3-րդ փաթեթով պետությունը փորձել է իրացվելիության բարձիկ տրամադրել տնտեսվարողին, որպեսզի տնտեսվարողը կարողանա դիմակայել ճգնաժամով պայմանավորված մարտահրավերներին և պարտաճանաչ կատարել իր պարտավորությունները՝ աշխատավարձի, հարկերի և այլ վճարումներ:

Կառավարությունը փորձել է խրախուսել նաև այն տնտեսվարողներին, ովքեր ստեղծված ճգնաժամային պայմաններում չեն կրճատել իրենց աշխատակիցների թիվը և աշխատավարձի ֆոնդը: Այդ նպատակով մշակվել է 5-րդ միջոցառումը, որի միջոցով  միանվագ դրամաշնորհ է նախատեսվել տրամադրել 2020թ.-ի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցած և նույն ժամանակահատվածում աշխատավարձի փաստացի ֆոնդը չկրճատած տնտեսվարողներին: Ընդհանրացնելով, կարող ենք ասել, որ 5-րդ միջոցառման արդյունքում շահառու տնտեսվարողների յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ ամսվա միջին աշխատավարձը վճարելու է կառավարությունը: Հետևաբար աջակցության չափը կազմելու է աշխատավարձային ֆոնդի 16-50 տոկոսի չափ՝ կախված աշխատողների թվից։ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 9.901 շահառուի վճարում՝ 1 մլրդ 597 մլն դրամ ծավալով։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով մշակված ծրագրերից օգտվելու հնարավորություն է ընձեռվել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին: Այդ նպատակով մշակվել է 10-րդ միջոցառումը, որով նախատեսվել է տնտեսվարողներին տրամադրել 68-136 հազար ՀՀ դրամի միանվագ օգնություն: Միջոցառման շահառուների թիվը կազմելու է մոտ 6000: Ներկա պահին 1485 փաստացի շահառուի տրամադրվել է 83.4 մլն դրամի աջակցություն։

Ըստ էության, ներկայացված միջոցառումները կարճաժամկետ են, սակայն դրանց նպատակային կիրարկման դեպքում հնարավոր կլինի երկարաժամկետ արդյունք ապահովել, քանի որ նշյալ այս աջակցություններով հնարավորություն է ստեղծվում  զարգացնել ենթակառուցվածքները: Հատկանշական է, որ դա մեծապես կախված է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունից, և տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ տրամադրվող աջակցությունը պետք է օգտագործել նպատակային ու կոնկրետ ծրագրերի շրջանակում:

Սոցիալական միջոցառումներ

Կ որոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով դժվարությունների են բախվել հասարակության որոշակի խմբեր, որոնք հաղթահարելու համար կառավարության մշակած սոցիալական աջակցության 4-րդ միջոցառման շրջանակում նախատեսվել է մինչև 14 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար 100,000-ական ՀՀ դրամ օժանդանդակություն տրամադրել այն ընտանիքներին, որտեղ ծնողները 2020թ.-ի մարտի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից: 4-րդ շրջանակում աջակցություն է տրամադրվել  շուրջ 18 հազար մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների:

2020թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը գրանցված աշխատող եղած, սակայն մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից զրկված անձանց աջակցություն է տրամադրվելու 6-րդ ծրագրով՝ 68 հազար ՀՀ դրամի չափով: Ներկայում նշյալ ծրագրի շահառուների թիվը 6,723 է:

Աջակցության փաթեթներում ներառվել են նաև հղի կանայք, ովքեր հղիության 12-33-րդ շաբաթում են և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հաշվառված են եղել բժշկական կազմակերպություններում, սակայն նրանք և նրանց ամուսինները վարձու աշխատող չեն եղել: Այս խմբին նախատեսվել է աջակցություն տրամդրել 7-րդ ծրագրի շրջանակում: Կառավարությունը այս ծրագրի համար հատկացրել է 875 մլն 300 հազար ՀՀ դրամ, որով շուրջ 8700 հղի կին ստանալու է մանվագ դրամական աջակցություն:

Նշել էինք, որ կառավարության տնտեսական միջոցառումները մեծամասամբ ուղղված են ճգնաժամից առավել տուժած ոլորտների տնտեսվարողներին: Մշակվել է 8-րդ միջոցառումը, որով նախատեսվել է 68-136 հազար ՀՀ դրամի միանվագ դրամական աջակցություն ցուցաբերել նաև տուժած ոլորտներում զբաղված անձանց՝ աշխատողներ և գործատուներ: 8-րդ ծրագրով արդեն 80 հազար 505 անձի՝ 5 մլրդ 571 մլն դրամի չափով, աջակցություն է տրամադրվել, իսկ 4.227 դիմում դեռևս մշակման փուլում է:

Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում առավել մեծ դժվարությունների են բախվել այն ընտանիքները, որոնք ունեն միչև 18 տարեկան երեխա, սակայն չունեն եկամտի աղբյուրներ՝ ընտանիքի ծնողները գրանցված աշխատող չեն եղել: Այս ընտանիքներին տրամադվող աջակցությունը կազմելու է յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 ՀՀ դրամ, որը նախատեսվել է կառավարության կողմից ներկայացված 9-րդ ծրագրով: Այս պահին փոխանցում է արվել 51 հազար 791 շահառուի, ծավալը՝ 1 մլրդ 398 մլն դրամ, ավելի քան 130 հազար դիմում դեռևս մշակվում է։

Սոցիալական միջոցառումների արդյունքում Կառավարությունն արդեն ծախսել է 12.5 մլրդ դրամ, որը վերաբերել է ավելի քան 466 հազար քաղաքացիների:

Հաշվի է առնվել նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող անձանց կոմունալ վճարումներն անելու դժվարությունը՝ մշակվել է 11-րդ միջոցառումը, որի շրջանակում նախատեսվել է ծախսերի 50%-ը տրամադրել այն անձանց, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել 10 հազար ՀՀ դրամը բնական գազի ծախսի և 5 հազար ՀՀ դրամը՝ էլեկտրաէներգիայի համար: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ ընդհանուր շահառուների թիվը կհասնի 600 հազարի, որից շուրջ 222 հազար բաժանորդ կստանա մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Կառավարության 12-րդ միջոցառման շրջանակում էլ ընդլայնվել է կոմունալ վճարների փոխհատուցման շրջանակը և փոխհատուցվելու է փետրվարին բնական գազի գծով 10.001-30.000 ՀՀ դրամ, իսկ էլեկտրաէներգիայի գծով 5.001-10.000 ՀՀ դրամ ծախսած բնակիչների  ծախսերի 30%-ը:

11-րդ և 12-րդ միջոցառումներն ավարտված են, նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարված են։

Կառավարության աջակցության ծրագրերից դուրս չեն մնացել նաև նպաստառուները: Այս խմբին աջակցություն ցուցաբերելու նպատակով մշակվել է 13-րդ միջոցառումը: Միջոցառումից օգտվելու հնարավորություն ունեն 2020թ.-ի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները, որոնց տրամադրվելու է նպաստի 50 տոկոսի չափով աջակցություն: Տրամադրված գումարի 30%-ը փոխանցվելու է որպես սպառած էլեկտրաէներգիայի և գազի սպասարկման վճար, իսկ 70%-ը տրամադրվելու է կանխիկ՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին: Այս ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 85.000 նպաստառու ընտանիք: Միջոցառման համար հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմելու է  1․2 միլիարդ դրամ: 13-րդ միջոցառումը իրականացման փուլում է։ 

Կառավարության աջակցության ծրագրերում ընդգրկվել են նաև ուսանողները, որոնց աջակցություն է տրամադրվելու 14-րդ միջոցառման շրջանակում: Աջակցությունը տրամադրվելու է ուղղակի՝ ուսման վարձի փոխհատուցման և անուղղակի՝ զրոյական կամ ցածր տոկոսներով ուսանողական վարկերի տրամադրման միջոցով: Ըստ էության այս միջոցառման իրականացումը ենթադրում է, որ լավ սովորող ուսանողերի համար ուսման վարձը կրթությունը կազմակերպելու խոչընդոտ չպետք է լինի:

Աջակցության այսպիսի միջոցառումները կարող են նախադեպ լինել ոչ ճգնաժամային իրավիճակների համար, քանի որ այն էապես կփոխի կրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքը. ուսանողները կփորձեն ցուցաբերել բարձր առաջադիմություն:

Սոցիալական աջակցության ծրագրերը հիմնականում վերաբերում են գրանցված աշխատողներին և շատ հաճախ այս ծրագրերի շահառուների ցանկից դուրս են մնում այն անձիք, ովքեր նախկինում գրանցված չեն եղել, սակայն աշխատել են՝ ստվերում են գործել: Սա պետության համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծել աշխատողների նույնականացման առումով:

Ներկայացված միջոցառումներում առկա են մի շարք բացեր և ներկայացված ծրագրերի շահառուների ցանկից դուրս են մնում աջակցության կարիք ունեցող մի շարք տնտեսվարողներ ու սոցիալական որոշակի խմբերում գտնվող անձիք: Այս հանգամանքը  կառավարությունը հաշվի առնելով, փոփոխությունն է անում ինչպես արդեն ներկայացված միջոցառումներում, այնպես էլ՝ նոր միջոցառումներ մշակում:

Ներկայացված միջոցառումների վերաբերյալ հնչել են տարբեր գնահատականներ և քննադատություններ: Մասնավորապես՝ շրջանառվել է այն թեզը, որ կառավարությունը պետք է տնտեսվարողներին տրամադրի հարկային արձակուրդ: Սակայն, ի հակադրություն նման մոտեցման կողմնակիցների, հարկ ենք համարում նշել, որ հարկային արձակուրդ կիրառելու գործիքը ներկայում աջակցություն ցուցաբերելու ամենարդյունավետ մեխանիզմ չէ, քանի որ կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների զգալի կրճատման, ինչի հետևանքով պետությունը չի կարողանալու իրականացնել մի շարք՝ օրինակ, կապիտալ ծախսերի միջոցառումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հետճգնաժամային իրավիճակում վերականգնել տնտեսությունը:

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակից ելնելով, կառավարությունը ներկայում մշակել և հավանաբար շարունակելու է մշակել տնտեսական և սոցիալական բնույթի միջոցառումներ, որոնք թույլ կտան հնարավորինս զսպել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Այս տեսանկյունից կարևոր է նաև, որ ֆինանսների նախարարությունը վերանայում է հաստատված բյուջեն և կազմում է նորը, հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածման արդյունքում ՀՀ-ում չեն ապահովելու ինչպես տնտեսական աճի, այնպես էլ բյուջեի կատարողականի վերաբերյալ նախկին կանխատեսումները: Պետք է ընդգծենք, որ ճգնաժամերը միշտ նոր հնարավորություններ են ստեղծում, և այս փուլում ի հայտ եկող նոր տնտեսական հնարավորություններից օգտվելու համար կառավարությունը պետք է մշակի ոչ միայն ֆինանսական աջակցության ծրագրեր, այլ պետք է սկսի կիրառել խորհրդատվական, ուսուցողական, դեպի նոր շուկաներ ուղղորդող միջոցառումներ: Սակայն, մինչ նոր տնտեսական հնարավորություններից օգտվելը, կարևոր է բնակչության առողջության պահպանումն ու հասարակության համար անվտանգ միջավայրի ստեղծումը: