Ժողովրդի իշխանությունը և ուզուրպացիայի վտանգները
31 ր. | 2020-04-20Ներածական խոսակցություն սահմանադրական բարեփոխումների որևէ ապագա նախագծի մասին
Ի՞նչ է սահմանադրությունը
Ս ահմանդրություն ասելով՝ նկատի ունենք թե՛ գրավոր ձևակերպված և պաշտոնապես ընդունված գերագույն օրենք, թե՛ այդ օրենքով սահմանված պետական և հասարակական կարգ:
Երկուսի տարբերակումը որոշ իմաստ ունի, քանի որ սահմանադրություն եզրի լատինաբառ համարժեք «constitutio»-ն իր սկզբնական իմաստով նշանակում է հենց պետական և հանրային կարգ (ավելի բառացի՝ կազմակերպում, հաստատություն, կարգ), որը կարող է նաև սահմանված չլինել գրավոր պաշտոնական միասնական տեքստով, և այդ իմաստը հաճախ օգտագործվում է գիտական գրականության մեջ: Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ այսօր էլ ցանկացած տերություն կարող է ունենալ արդյունավետ գործող պետական և հանրային կարգ՝ փաստացի սահամանադրություն, առանց դրա հատուկ արձանագրման պաշտոնապես ընդունված միասնական տեքստում:
Մեր հետագա շարադրանքն ավելի ստույգ հասկանալու համար, կարևոր է մտքի մեջ պահել բառի այս երկու իմաստները, մանավանդ, որ դրանց միջև կա և կարող է լինել նաև որոշակի հակադրություն: Իդեալական տարբերակում՝ «գրավոր սահմանադրությունը» պետք է արտահայտությունը լինի տվյալ երկրի, հանրության պատմաքաղաքական փորձից բխած պետական և հանրային կարգի: Իրավական ձևակերպումները պետք է ոչ թե թելադրեն իրականությանը, թե ինչպիսի՛ն այն պետք է լինի, այլ բացատրեն, իմաստավորեն կայացած և կայացող քաղաքական իրականությունը (ինչպես հենց բրիտանական օրինակում է, ուր բրիտանական պետական կարգը ոչ թե սահմանվում է, այլ բացատրվում և մեկնաբանվում է համապատասխան իրավական գրականության մեջ): Իրականության մեջ, սակայն, գերակայում է այս իդեալական պատկերին հակադիր միտումը:
Թղթե սահմանադրությունն ու կենդանի իրականությունը
Ա րդի աշխարհում սահմանադրությունները փաստացի այլ բան չեն, քան թղթե փոխառություններ, որոնց նպատակը ոչ թե տվյալ երկրի և ժողովրդի քաղաքական կենդանի փորձի և պայքարի խտացված ձևակերպումն և մարմնավորումն է՝ որպես այդ եզակի փորձից բխած հանրային կարգ, այլ համապատասխանությունը էտալոնային միջազգային նորմերին: Վերջիններն իրենք իրենցով կարող են լավ ու վատ, ճիշտ ու սխալ լինել, բայց մնալու են թղթի վրա, եթե միջնորդված ու վերապրված չեն տվյալ հանրության մեջ կենդանի քաղաքական գործընթացով՝ հաստատվելու կամ հերքվելու համար այդ փորձի կողմից:
Սահմանադրությունները գրվում են, կամ ավելի ստույգ՝ պատճենվում են իրավաբանների կողմից, իսկ եղած քաղաքական պատվերը սահմանափակվում է որպես կանոն զուտ այսրոպեական, կուսակացական, խմբային կամ նույնիսկ առաջնորդների նեղ աձնական շահերով և ծրագրերով, բայց երբեք կամ հազվադեպ՝ մեծ քաղաքական հեռանկարով և նպատակադրմամբ:
Երկրի իրական մեծ քաղաքական գործընթացների, օրինակ՝ զանգվածային հզոր շարժումների շունչը, դրանցից բխող մեծ քաղաքական հեռանկարների թելադրանքը, որոնք պետք է նախորդեն և առաջնորդեն իրավական ձևակերպմանը, կենդանություն տան դրանց՝ բացակայում են այս փաստաթղթերում:
Հենց միայն այն փաստը, որ սահմանադրությունը համարվում է իրավաբանների նեղ մասնագիտական գործ, վկայում է, որ գործ ունենք ըստ էության ձևական, թղթային երևույթի հետ, որը չի կարող դառնալ երկրի կյանքի կենդանի, բաբախող սիրտը:
Իրավունքը կոչված է ձևակերպելու, սահմանելու մեծ քաղաքական կամքը, և ոչ հակառակը՝ նախորդելու քաղաքական տեսիլքին ու կամքին: Ցանկացած զուտ իրավական ձևակերպում ինքնին մեռյալ է, եթե արտահայտություն ու դրսևորում չէ մեծ քաղաքականի:
Բայց ինչպես ասեցինք, իրականում տեղի է ունենում վատթարը՝ իրավականն այսպես թե այնպես կատարում է քաղաքական պատվեր, բայց այս անգամ խոսքը ոչ թե մեծ քաղաքականության մասին է, այլ իրավական «ճիշտ», էտալոնային ձևի մեջ նեղ կուսակցական շահը մաքսանենգությամբ տեղադրելու «նուրբ» արվեստի:
Նորմալ է համարվում, որ տարբեր երկրների սահմանադրություններն իրարից էականորեն չտարբերվեն, չունենան շեշտված անհատականություն, այլ լինեն մեկը մյուսի պատճենի պատճենը՝ երանգային և քմահաճույքային զանազանությամբ:
Այստեղ արտացոլվում է ինքնիշխանություն հասկացության ձևականացման շեշտակի միտումն այսօրվա աշխարհում, երբ անվանապես տարբեր պետությունները «լցոնվում են» միևնույն բովանդակությամբ, միևնույն «կրոնի» են բերվում, իսկ տարբերությունն, այսինքն՝ ինքնությունն ու ինքնիշխանությունը մնում են միայն տուրիստական ազգագրական էկզոտիկայի և «հին մշակույթի» համար: Խրախուսելի է համարվում մուլտիկուլտուրալիզմը, բայց ոչ «մուլտիպոլիտիկան», ինչպես որ դա, ի դեպ, է՛ր նաև սովետական համակարգում: Բայց մշակութային ինքնությունը, մշակութային բազմազանությունը սոսկ լուսանցքային էկզոտիկա են առանց քաղաքական ինքնության. քաղաքականությունն է ազգերի ինքնիշխանության հիմքը:
Արդյունքում՝ սահմանադրության և երկրի իրական քաղաքական կյանքի մեջ մշտապես ճեղքվածք կա, որը կարող է հանգամանքների բերումով արդիական դառնալ կամ մնալ միայն որպես հնարավորություն, սակայն նույնիսկ վերջին դեպքում անտեսանելի լարում է առաջ բերում երկրի կյանքում:
Երկրի քաղաքական կյանքի, պետական և իրավական կարգի վերին հարկը զբաղեցված է մնում բուն «հողին» անհաղորդ, չվերապրյալ, չյուրացված փոխառությամբ:
Երկրի և ժողովորդի կենդանի քաղաքական փորձը, գործընթացը ինքն իրեն չի բերում գիտակցության, տեսության, ինքնաճանաչման, ինքնամարմանավորման, այլ մշտապես մնում է բնազդի և տարերքի մակարդակում: Սա պետության և կյանքի, հասարակարգի և ժողովրդի օտարացման առաջին աստիճանն է, որը լայնանալու և իր մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու մշտական սպառնալիք է ստեղծում:
Երկրի ինքնիշխանությունը (ոչ թե դրա իրավական հռչակյալ կողմը, այլ բուն բովանդակությունը)` կենդանի քաղաքական գործթընացներն են և դրանց հիմամբ ձևավորվող հաստատություններն են: Ինքնիշխանության ամբողջացման գերխնդիրը՝ կենդանի քաղաքական գործընթացների հիմամբ սեփական պետական և հասարակական կարգի՝ սահմանադրության ստեղծումն է:
Ներկայիս իրավիճակը (ոչ միայն Հայաստանում, իհարկե) այս իդեալի հակառակն է՝ իրարից անջատ, առանձին են «ապրում» երկրի կենդանի քաղաքական գործընթացը և պետության «վերին հարկը»՝ սահմանադրությունը, պետական կարգը:
Սահմանադրությունները երկրների մեծ մասում, այդ թվում Հայաստանում չեն արտահայտում կենդանի իրականությունը, չեն գոյանում «ներքևից վերև» և ընդհանրապես որևէ ներքին պրոցեսով, այլ պարտադրվում են իրականությանը «օդից», վերացական դրսից՝ մնալով հռչակյալ իրականություն:
Մյուս կողմից՝ քաղաքական կյանքը չի վերածվում սահմանադրական կարգի, որով ձեռք չի բերում իր բարձրագույն մարմնավորումը, իր բաձրագույն ինքնագիտակցությունը, ինքնակազմակերպումը: Քաղաքական գործընթացն, այդու, մշտապես անավարտ է մնում, իսկ երկրի ինքնիշխանությունը՝ կիսատ իրագործված:
Հատկապես հեղափոխական քաղաքական գործթընացը, որի գերխնդիրն ու իմաստը հենց օտարացման հաղթահարումն է հանրային կյանքի բոլոր մակարդակներում՝ ժողովուրդ-պետական կառավարում, իրավունք-քաղաքականությոն և այլն, առավել ևս անավարտ է մնում, եթե չի պսակվում սեփական փորձից իմաստավորված կարգի հաստատմամբ:
Ծիծաղելի է բոլորիս սահմանադրական ֆետիշիզմը, սահմանադրությունն ամենից վեր է մեր կարգախոսը, քանի դեռ չենք ձևակերպել մի այնպիսի սահմանադրություն, որը բխում է մեր իսկ քաղաքական պայքարից, քանի դեռ հենց այդ քաղաքական պայքարն ինքը չի վերածվել իրավական թղթե ձևակերպման, քանի դեռ ա՛յն, ինչ կոչվում է սահմանադրություն, մեծ հաշվով այլ բան չէ, քան ծույլ աշակերտի արտագրածը գերազանցիկի տետրից:
Ցանկացած հեղափոխական շարժում Հայաստանում մնալու է անավարտ, կիսատ և ի վերջո՝ ինքն իրենից օտարացած, եթե այն չի մարմնավորվելու որպես հայկական պետական կարգ, որպես հայկական սահմանադրություն: Որևէ ժողովորդական մեծ շարժում մնալու է անավարտ, կիսատ, եթե դրանից չի բխելու ՀՀ ինքնիշխանության ամբողջացումը որպես հայկական քաղաքական փորձից բխած հայկական սահմանադրության հաստատում:
Հայ ժողովորդի իշխանությունը
Ե թե պատկերացնենք, որ մի օր նպատակ ենք դնելու ունենալ ոչ թե թղթե, այլ «կենդանի» Սահմանադրություն, ապա ո՞րը պետք է լինի այդ նախագծի սկզբունքային, ելակետային նպատակը:
Սահմադրությամբ ամրագրված կառուցվածքները, հաստատությունները պետք է միս ու արյուն տան, նյութականացնեն «հայ ժողովրդի իշխանություն» հիմնարար հասկացությունը, ապահովեն դրա իրական, այլ ոչ թե հռչակյալ բնույթը, պաշտպանեն թե՛ ներքին, թե՛ արտաքին ուզուրպացիայի վտանգներից:
Հայ ժողովորդի իշխանությունը նեղ իմաստով հասկացվում է որպես յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունք, սակայն, իրականում ընտրելու իրավունքը ոչ թե բուն իշխանությունն է, այլ դրա մեխանիզմներից մեկն է միայն:
Հայ ժողովորդի իշխանության հիմքում նախ այն կամքն է որը հայ ժողովուրդը դրսևորել է մի կողմից հանուն ազգային անկախության, մյուս կողմից՝ հանուն արդարության վարած քաղաքական պայքարում, թե՛ օտար տիրապետությունների դեմ, թե՛ իր սեփական պետության ներսում:
Սա կարող է թվալ իշխանություն եզրի ոչ այնքան սովորական և չափից ավելի լայն իմաստավորում: Իրականում իշխանություն եզրի հենց սովորական դարձած ընկալումն է չափից ավելի նեղ և մեխանիկական: Իշխանությունը նյութական, շոշափելի երևույթ չէ, առավել ևս մեխանիզմ չէ: Իշխանությունը հոգևոր երևույթ է, որը սերտորեն կապված է կարողություն, ազդեցություն, կամք, ուժ, զորություն և նման հոգևոր որակների հետ, և կարող է սահմանվել միայն սրանց հետ իր սերտ կապում: Ըստ այդմ՝ իշխանությունը նաև ոչ թե ստատիկ, այլ դինամիկ երևույթ է, ինչը ենթադրում է դրա հետ կապված պայքար, կամքի լարում, այլև դրա՝ լայնացում և նեղացում, ծավալում և կորուստ, զարգացում և պահպանում և այլն:
Իշխել բայի հնագույն իմաստը, որն առկա է ոչ միայն գրաբարում, այլև պահպանվել է որոշ հայկական բարբառներում (օրինակ, Մշո բարբառում) այսօրվա գրական հայերենում օգտագործվող իմաստից շատ ավելի լայն է, բացատրում և բացահայտում է իշխանություն հասկացության հիմքը: Իշխել, ըստ այդմ, նշանակում է կարողություն, ներքին ազատություն և համարձակություն ունենալ որևէ գործողություն անելու: Օրինակ, Ագաթանգեղոսի պատմության մեջ Տրդատ արքան Գրիգորին հարցնում է՝ «ինչպե՞ս ես իշխում այսինչ բանն ասել թագավորին», այսինքն՝ ինչպե՞ս ես համարձակվում, քեզ կարողություն և իրավունք վերագրում ասել այսինչը:
Իշխել բայի հենց այս սուբյեկտիվ, անձի ներաշխարհին վերաբերող իմաստը՝ ներքին կարողությունը, համարձակությունը, ինքնաբուխ իրավունքը սկզբնականն է: Դա վերածվում է իշխելու օբյեկտիվ իմաստի՝ երբ այս կամ այն իրավունքը, գործելու ազատությունը այսինչ սահմաններում տրված է համարվում որևէ սուբյեկտի՝ ժառանգական իրավունքով, գերիշխող մեկի շնորհով կամ էլ սեփական կամքի գործադրամբ («սահման քաջանց սուր իւրեանց»): Օրինակ՝ նույն Ագաթանգեղոսի պատմության մեջ ասվում է «իշխան սպարապետության իշխանության», այսինքն՝ մեկը, ով գործելու ազատություն և իրավունք ունի սպարապետության գործառույթների սահմաններում, այդ գործառույթների իշխանն է, որով և հենց այդ գործառույթների ոլորտն առանձին իշխանություն:
Իշխանությունը կարող է ունենալ նաև տարածքային սահմաններ՝ այդպիսին է թագավորների և իշխանների իշխանությունն իրենց երկրներում և գավառներում: Իշխանություն ունենալ այս ինչ սահմաններում՝ տարածքային թե ոլորտային նշանակում է ազատություն և իրավունք ունենալ գործել ըստ սեփական կամքի, հայեցողության, համարձակություն այդ նույն սահմաններում:
Բայց հիմքում մնում է սուբյեկտիվ, հոգեբանական, սպոնտան որակը՝ եթե այսինչ երկրի կամ գավառի կամ գործակալության իշխանն իր իշխանությունը ժառանգում է նախններից կամ ստանում է թագավորից, այսինք սա սահմանված, կարգավորված իշխանոթյուն է, ապա մյուս կողմից ցանկացած անձ կամ խումբ կարող է դրսևորել իր ինքնաբուխ իշխանությունը՝ համարձակությունը, կամքը, կարողությունը, իրավունքը ինչպես վերոբերյալ օրինակում, երբ Գրիգորը «իշխում է խոսել թագավորի հետ» այնպես ինչպես ինքն է ճիշտ կամ ինքն իրեն կարող համարում՝ անկախ օբյետիվորեն սահմանված որևէ կարգից:
Եթե այս սպոնտան, ինքնաբուխ իշխանության հասկացությունը թարգմանենք արդի հասկացությունների լեզվի, ապա հայ ժողովորդի իշխանության հիմքում պետք է անշուշտ տեսնենք հենց նրա դրսևորած «համարձակությունը»՝ կամքը, պայքարը, «նվաճումը»՝ սեփական իրավունքների և ազատությունների:
Երկրորդ՝ հայ ժողովորդի իշխանություն հասկացությունը ենթադրում է ոչ միայն ժողովուրդը որպես ներկայում ապրող անհատ-քաղաքացիների հավաքածո, այլև հայ ժողովուրդը որպես պատմական անհատականություն՝ սերունդների ամբողջություն, որոնք կազմել են և դեռ կազմելու են հայ ժողովուրդը, և որոնց դարավոր ջանքի, ստեղծագործության, պայքարի արդյունքն է հայոց պետությունը և հայոց ուրույն քաղաքակրթությունը:
Ձևակերպումը, որ հայ ժողովորդի իշխանություն հասկացությունը ենթադրում է հայ ժողովուրդը որպես պատմական անհատականություն նույնպես կարող է թվալ չափից ավելի լայնացված և անտեղի, այլև՝ գործնական իմաստից զուրկ: Իրականում այն չափազնց կարևոր է, քանի որ ժողովուրդ հասկացությունը դուրս է բերում զուտ քանակական-մեխանիկական իմաստավորման դաշտից, և սահմանում է այն որպես ուրույն անհատականություն ունեցող պատմական սուբյետ, կենդանի ամբողջություն: Միայն որպես այդպիսին՝ որպես անհատականություն ժողովուրդը՝ ամբողջությունը, այլ ոչ թե միայն նրա մասը՝ առանձին անհատները կարող է ունենալ իրավունքներ և իշխանություն: Որպես միայն տվյալ պահին և տվյալ տարածքում ապրող անհատների պատահական և կամայական համագումար ժողովուրդը չի կարող լրջորեն ընկալվել որպես սուբյեկտ և իշխանության կրող՝ այդ դեպքում ժողովուրդը մաքուր քանակ է, այսինքն՝ ընդհանրություն, որի ներքին կապերը չափազանց թույլ են կազմելու համար որևէ սուբյեկտություն, կենդանի միասնություն, էլ չասած՝ իշխանության՝ ուժի առավելագույն կուտակման մասին: Ժողովորդի պատմական (այսինքն՝ ժամանակի մեջ՝ անցյալում, ներկայում և ապագայում շարունակական) անհատականությունն է միայն սերունդների պայքարների և ստեղծագործության կուտակային ներուժը, որ բավականաչափ ուժային լիցք է ստեղծում, որպեսզի կարողնանք խոսել իշխանության մասին: Հենց սա է պատճառը, որ ցանկացած քաղաքական առաջնորդ ճգնաժամային պահերին վկայակոչում է ժողովրդի անցյալը, նրա հերոսներին, որովհետև քաղաքական բնազդը հուշում է, որ ինքնիշխանության կարևորագույն աղբյուրն այդտեղ է: Ինքնիշխանություն բառի կազմությունը հենց հուշում է, որ պետք է լինի մի «Ինքն», այսինքն՝ ինքնություն՝ սուբյեկտ, անհատականություն: Իշխանությունը որակ է, որը բնորոշ է անհատականությանը, կենդանի ամբողջականությանը, ինքնությանը, բայց ոչ պատահական և մեխանիկական համագումարին:
Ի դեպ, այսքանով, ոչ թե նորարարություն ենք անում, ոչ թե նոր մեկնաբանություն ենք տալիս, այլ ընդամենը վերականգնում ենք պատմականորեն հայտնին և տրամաբանորեն իմաստալիցը: Իրոք, պատմականորեն ժողովրդի իշխանություն հասկացության կայացումն արդի իմաստով սերտորեն կապված է ժողովրդի՝ որպես օրգանական միասնության հղացքի կայացման հետ: Բնական է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի դժվար է պատերացնել, որ որևէ սուբյեկտ հռչակվեր իշխանության կրող՝ առանց իմաստավորվելու որպես կենդանի միասնություն, ուրույն անհատականություն: Ժողովրդի՝ որպես կենդանի միասնության, որպես անհատականության մասին պատկերացումը ոչ թե վերագրում ենք սահմանադրական ձևակերպմանը, այլ դա հենց բխում է այդ ձևակերպման ներքին տրամաբանությունից, ինքնին ենթադրելի է՝ կազմելով դրա միակ հնարավոր հիմնավորումը: Այսինքն՝ մենք այսպես թե այնպես ընդունում ենք այդ մեկնաբանությունը՝ սահմանադրորեն ամրագրելով ժողովրդի իշխանություն հասկացությունը, հարցը պարզապես դա ընդունելն է, գիտակցելը: Եվ հենց այն փաստը, որ գիտակցությունը չկա, ինքնին վկայում է, որ սահմանադրության բուն քաղաքական փիլիսոփայությունն օտարված է մեզանից, և ինքը սահմանադրությունը վերածված է իր քաղաքական հոգուց զուրկ, զուտ իրավական, ձևական «թղթի»:
Հայ ժողովորդի անհատականության պահպանումն ու զարգացումն էլ ՀՀ գերագույն նպատակն է, եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետություն ձևակերպման մեջ ոչ միայն Հանրապետություն, այլև Հայաստան անունը մեզ համար որևէ իմաստ ունի՝ բացի միայն անվանական հիշատակումից:
Իրոք, եթե հռչակել ենք Հայաստանի, այլ ոչ թե, ասենք, Զիմբաբվեի Հանրապետություն, ապա հավասարապես կարևոր և իմաստալից պետք է լինի մեզ համար ոչ միայն Հանրապետությունը, այլև Հայաստանը: Որևէ իմաստ չկա այս մեծ աշխարհում հռչակել առանձին անկախ Հայաստան, եթե Հայաստան հասկացությունը չի ենթադրում ուրույն անհատականություն, նպատակ, առաքելություն: Բոլոր խնդիրները և նպատակները, որոնք ենթադրվում են Հանրապետություն հասկացությամբ, օրինակ՝ ազատություն, օրինականություն, բարեկեցություն և այլն, հնարավոր է լուծել և առանց Հայաստանի, ասենք՝ մաս կազմելով մի որևէ այլ պետության: Ընդ որում՝ դրանք ավելի հեշտ հասանելի են հենց որևէ այլ՝ ավելի մեծ և հարուստ պետության կազմում: Ծիծաղելի է հռչակել հենց Հայաստանի Հանրապետություն, եթե խնդիրներն ու նպատակները, որոնք պետք է լուծվեն այդ Հանրապետության հռչակմամբ միայն «հանրապետական են», այսինքն՝ միայն ոչ յուրահատուկ համամարդկային են: Միակ հնարավոր իմաստը Հայաստանի Հանրապետության այն է, որ դրա հռչակմամբ լռելյայն ենթադրվում է, բացի հանրապետականից, նաև յուրահատուկ հայկական, կամ եթե կուզեք՝ հայաստանյան նպատակ և խնդիր: Ասել կուզի, որ հենց հռչակման իսկ փաստով մենք արդեն ընդունել և հաստատել ենք այս տրամաբանությունը: Անշուշտ, կարող են լինել մարդիկ, որոնք կվիճարկեն որևէ առանձին՝ յուրահատուկ հայկական նպատակի առկայությունը և նույնիսկ գոյություւնը: Դա այդ մարդկանց իրավունքն է, բայց մի պայմանով՝ նրանք չեն կարող միաժամանակ հիմնավոր, իմաստալից և տրամաբանական համարել Հայաստանի Հանրապետության գոյությունը, ինչը, բնականաբար, նույնպես իրենց իրավունքն է: Բայց որևէ մեկը չի կարող ընդունել ՀՀ լեգիտիմությունը, և միաժամանակ, առանց տրամաբանության տարրական կանոնների կոպտագույն ոտնահարման համարել, որ որևէ յուրահատուկ հայաստանյան նպատակ լինել չի կարող, և ՀՀ միակ իմաստը միայն համամարդկային արժեքների հաստատումն է:
Սահմանելով մոտավորապես ժողովրդի իշխանությունը, այժմ, տեսնենք, թե որո՞նք են այն հիմնական մարտահրավերնեը, որոնք սպառնում են այդ իշխանությանը:
Ժողովրդի իշխանության յուրացման (ուզուրպացիայի) վտանգները
Կուսակցապետությունը
Ժողովրդի իշխանության ուզուրպացիայի վտանգներն ունեն երկու աղբյուր՝ ներքին և արտաքին:
Ժողովրդի իշխանության ուզուրպացիայի ներքին վտանգներից մի քանիսի մասին խոսվում է ավելի շատ, և համապատասխանաբար ավելի ուժեղ է դրանց գիտակցումը, իսկ մյուսների մասին կամ քիչ է խոսվում կամ առհասարակ չի խոսվում, և համապատասխանաբար նվազ է կամ բացակայում է դրանց գիտակցումը:
Առաջին շարքից է, օրինակ՝ ընտրակեղծիք, կոռուպցիա, «օլիգարխիա» անսուրբ եռյակը և սրանց առնչվողները։ Դրանց այստեղ չենք անդրադառնա հենց այն պատճառով, որ այս թեմաների մասին շատ է խոսվել: Իհարկե, դա չի նշանակում, որ չկա թարմացված ասելիքի կարիք, սակայն, տվյալ դեպքում մեզ ավելի կարևոր է նոր թեմաների ներմուծումը հանրային խոսքի մեջ: Առավել ևս, որ վերոնշյալ անսուրբ եռյակի դեմ պայքարով կամ նույնիսկ հաղթահարմամբ ոչ միայն չեն սպառվում ներքին ուզուրպացիայի վտանգները, այլև առավել խորքային, նուրբ և բարդ լուծում պահանջող խնդիրները դեռ նոր են սկսվում:
Արդի քաղաքական համակարգերի ուզուրպացիոն առավել կարևոր մարտահրավերներից է կուսակցապետությունը:
Նկատի չունենք այստեղ մեկ կուսակցության կողմից իշխանության յուրացումը՝ միակուսակցականությունը, այլ հենց բազմակուսակցական մրցակից համակարգում այդ նույն կուսակցական համակարգի կողմից իշխանության փաստացի յուրացումը՝ ընդ որում, այնպիսի հանգամանքներում, երբ կուսակցություների միջև ազատ մրցակցության պայմաններն ապահովված են, այսինքն՝ ըստ ձևի խախտված չեն ժողովրդավարության օրենքները: Ոչ թե մեկ կամ մի քանի կուսակցություն յուրացնում են իշխանությունը, այլ կուսակցական համակարգը, որպես ամբողջություն, փոխարինում է ինքն իրենով ժողովրդական ինքնիշխանությունը, այլև՝ նույնացնում է ինքն իրեն քաղաքականության հետ:
Տեսականորեն կուսակցությունները կոչված են ներկայացնելու և միջնորդելու հանրության տարբեր շերտերի շահերը: Ի հակադրություն տեսական նպատակների, սակայն, գործնականում կուսակցական համակարգը միտում ունի վերածվելու ոչ թե լայն հանրային, այլ առավել հզոր խմբերի շահերի ներկայացուցչության: Մեծամասնական շահերի ներկայացուցչականությունը փոխակերպվում է ազդեցիկ փոքրամասնությունների շահերի ներկայացուցչականությամբ: Սա օրինաչափ միտում է, այլ ոչ թե գիտակցված դավադրություն, որը զարգանում է, եթե կուսակցականությունը չունի լուրջ հակակշիռ քաղաքական և պետական կյանքում:
Ինքնին ներկայացուցչական սկզբունքը չափազանց կարևոր է պետության համար, սակայն, ի սկզբանե, իր էությամբ իսկ ունի օտարացման՝ իր հիմքից կտրվելու, և ինքնանպատակ ու ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելու վտանգ: Նույնիսկ կարելի է ասել, որ եթե ներկայացուցչականությունը կամ միջնորդավորումը չունեն արդյունավետ հակակշիռներ, ապա գրեթե անխուսափելիորեն զարգանում են օտարացման և իշխանության յուրացման ճանապարհով:
Եթե նույնիսկ ընդունենք, որ ընդհանուր կուսակցական համակարգում ժամանակ առ ժամանակ գոյանում են բացառություններ, ապա դա չի փոխում օրինաչափությունը, քանի որ խոսքն այստեղ ոչ թե այս կամ այն առանձին կուսակցության, այլ կուսակցականության երևույթի մասին է ընդհանրապես: Իրականում, սակայն, բացառություններ այստեղ չկան էլ, որովհետև դրանք ձևավորվում են միայն ժամանակավորապես՝ հզոր ժողովորդական շարժումների հիմամբ, և երբ կորցնում են իրենց կապն այդ շարժումների հետ, ինչն ուշ թե շուտ տեղի է ունենում, եթե ժողովորդական շարժումը մարում է առանց ինստիտուցիոնալ ձևակերպման, ապա կուսակցական սկզբունքը վերադառնում է իր «հայրենի» օրինաչափության «բնօրրան»:
Հզոր ժողովրդական շարժումներից դուրս, կուսակցությունների միակ իրական կախվածությունը հանրության լայն շերտերից ընտրություններն են, և հակառակը՝ իշխանության կրող հռչակված ժողովրդի միակ իրական իշխանական լծակն էլ ընտրություններն են: Իսկ ընտրություններից դուրս՝ կուսակցություններն ունեն հազար ու մի այլ կախվածության մեխանիզմներ և շահեր բացի ժողովրդականից և ավելի հզոր, քան ժողովորդականը:
Ժողովուրդն արդի դեմոկրատիաներում նման է «անգլիական թագահուն»՝ գահակալում է, բայց չի կառավարում, հռչակյալ, բայց ոչ իրական իշխանության կրող է: Ընտրությունների ինստիտուտը, հատկապես միջնորդավորված նախընտրական «փիառ» և քարոզչական տեխնոլոգիաներով, ի զորու չէ կատարելու ժողովրդի իշխանության լիարժեք լծակի դերը՝ առանց հավելյալ մեխանիզմների: Ներքին և արտաքին կյանքի բազմաթիվ այլ գործոններ, հարաբերություններ, կապեր միասին կամ էլ առանձին-առանձին ավելի ուժեղ են քան ընտրելու իրավունքի ազդեցությունը քաղաքական դաշտի վրա, իսկ որտեղ ուժն է, այնտեղ էլ իրական իշխանությունն է:
Միայն հզոր ժողովրդական շարժումներն են կարողանում մի պահ նյութական և շոշափելի դարձնել ժողովրդական իշխանությունը, ինչպես նաև դրանց ընթացքում սովորաբար գոյացող ժողովուրդ-ժողովրդական առաջնորդ կապը:
Պատահական չէ, որ վերնախավային խմբերն առանձնահատուկ թշնամանքով վերաբերվում են հենց առաջնորդությանը, քանի որ ժողովրդական զանգվածներ-առաջնորդ անմիջական կապը կարևոր, թեև ոչ հուսալի և ժամանակավոր այլընտրանքներից է՝ փոքրմասնական միջնորդավորման ուզուրպացիայի:
Ի հակադրություն ընտրությունների, որտեղ ժողովուրդը հանդես է գալիս որպես անհատ ընտրող և անհատ ընտրողների համագումար, ժողովրդական շարժումների ժամանակ ժողովուրդը հանդես է գալիս որպես զանգված, որպես միասնություն, որպես իրական ուժ, և հենց այդ ժամանակ է առավելագույնս բացահայտվում որպես իշխանություն: Անհատ ընտրողի՝ որպես ժողովրդի մասի իշխանությունը, ըստ էության, զուտ իրավական է, ձևական և ակնթարթային: Ժողովրդական շարժման իշխանությունը փաստացի է, նույնիսկ՝ ամենակարող, իսկ ինստիտուտի վերածվելու դեպքում կարող է նաև տևական արդյունք տալ:
Շատ է գրվել ու խոսվել «ամբոխի» անմտության մասին՝ ի հակադրություն անհատի խելամտության: Անհատի և զանգվածի հարաբերությունն, իհարկե, բարդ և բազմաշերտ թեմա է, որի մեջ այստեղ խորանալու իմաստ չկա: Բայց խնդիրն այն է, որ «ամբոխի» անմտության հղացքն աշխատում է միայն այն ընդհանուր փիլիսոփայական դիրքի դեպքում, համաձայն որի բանականության բարձրագույն և միակ դրսևորումը հենց անհատի գիտակցությունն է: Սակայն այդ փիլիսոփայական մոտեցումը միակ հնարավորը չէ: Բանականությունը շատ ավելին է, քան անհատական գիտակցությունը: Գերմանական դասական փիլիսոփայությունն ի դեմս Հեգելի՝ սահմանում է բանականությունը որպես մարդու հոգևոր կարողությունների ամբողջություն՝ սկսած զգացմունքներից մինչև դատողություն (դատողության կարողություն), ընդ որում, բանականության բարձրագույն ձևն էլ տարբերում է և նույնիսկ հակադրում զուտ դատողականությանը՝ այն կարողությանը, որին սովորաբար վերագրում ենք ռացիոնալը:
Բանականությունը բարձրագույն իմաստով, ըստ այդմ, սինթեզն է և «վերին հարկը» դատողականության՝ ռացիոնալի և հոգևոր մյուս բոլոր կարողությունների: Այս մեկնաբանությամբ արդեն անհատական գիտակցությունը չի կարող նույնանալ բանականության հետ, այլև համարվել դրա միակ դրսևորումը: Կա ոչ թե անհատական գիտակցություն – զանգվածային բնազդ պարզունակ հակադրություն, ուր երկրորդը միանշանակ ստորադասված է առաջինին՝ որպես միակ ռացիոնալն իռացիոնալին, այլ երկուսի՝ գիտակցության և բնազդի շատ ավելի բարդ ու բազմակողմանի փոխհարաբերություն, որտեղ, ըստ իրավիճակի, ժողովրդական բնազդը կարող է ավելի բանական լինել, քան անհատի գիտակցությունը: Եվ մյուս կողմից էլ՝ անհատն ինքը կարող է լինել արտահայտիչը ոչ թե ինքնամեկուսի գիտակցության, այլ հենց ժողովրդական բնազդի իմաստավորողը, մարմնավորողը և կյանքի կոչողը: Բանականությունն այստեղ իրականության արտահայտողն է, բարձրագույն սինթեզը, այլ ոչ թե իրականությունից կտրված և իրականությանը թելադրող վերացական դատողությունը: Իրականությունն ինքը բանական է՝ և վերլուծության և իմաստավորման խնդիրը իրականության հենց այդ բանականության ձևակերպումն է: Մինչդեռ «ռացիոնալ-իռացիոնալ» երկբևեռ սխեմայում իրականությունն ինքնին զուրկ է իմաստից, և ստանում է այն միայն դրսից՝ օդում սավառնող ինքնամփոփ «ռացիոնալ» դատողականությունից:
Պառլամենտարիզմը, «ոչ պոպուլյար բարեփոխումները», «պոպուլիզմը»
Կ ուսակցականությունն իր գագաթնակետին է հասնում պառլամենտական համակարգում, որտեղ ներկայացուցչական մարմինը հռչակվում է գերագույն իշխանության կրող: Արտաքուստ սա առավել ժողովրդավարական կառավարման ձևն է, քանի որ տեսականորեն պառլամենտը ներկայացնում է ամբողջ ժողովորդին: Նախորդ շարադրանքից, սակայն, արդեն պետք է պարզ լինի, որ հարցն ավելի բարդ է՝ հաշվի առնելով ներկայացուցչական սկզբունքի խնդիրները:
Հասնելով գերիշխանության՝ կուսակցականությունն ու իր առավել կատարյալ մարմնավորում պառլամենտական համակարգն, ինքն՝ իրեն հռչակում է դեմոկրատիայի վերջնական և գրեթե միակ իրական դրսևորում, էտալոնային դեմոկրատիա, ավելին՝ հենց ինքը դեմոկրատիան: Մյուս կողմից, այդ ինքնահռչակ թագավորության ինքնապաշտպանական բնազդը պիտակավորում է անմիջական ժողովրդականության տարրերային դրսևորումները որպես պոպուլիզմ, որպես քաղաքական գործընթացի ոչ ցիվիլ, ոչ ինստիտուցիոնալ, ցածր ոճի, ամբոխային ձև:
Պոպուլիզմը, այսինքն՝ ժողովրդականությունը, դառնում է իր ամբողջությանը հասած կուսակցապետական համակարգի առավել ուժեղ և շեշտված քաղաքական հայհոյանքը, որով միաժամանակ նրա ինքնամատնությունը, խոստովանությունը՝ առանց անհրաժեշտ հակակշիռների կուսակցապետությունը վերածվում է ժողովրդական հիմքից օտարացած, այլև՝ դրան հակադրված փոքրամասնական՝ օլիգարխիկ, նարցիսիստական ինքնանպատակ համակարգի:
Այս համակարգը բացահայտում է իր իրական գաղափարախոսությունը՝ գրեթե նույնացնելով ցանկալի քաղաքականությունն ու ցանկալի բարեփոխումը «ոչ պոպուլյար», այսինքն՝ ոչ ժողովրդական քաղաքականության հետ: «Ոչ պոպուլյար բարեափոխումներ» արտահայտությունը դառնում է յուրահատուկ կոդային բառ, անցաթուղթ, որով հաստատվում կամ հերքվում է որևէ քաղաքականության լեգիտիմությունը, լոյալությունն ու ադեկվատությունը: Ժողովրդավարական ճանաչվելու համար, պետք է լինել... ոչ ժողովրդական, ոչ պոպուլյար: Թերևս նույնիսկ ամեն ինչ տեսած համաշխարհային պատմությունը հազվադեպ է ականատես եղել այսպիսի զարմանալի ինքնահակասության, որի հետ մրցել կարող է գուցե միայն սովետական ընտրական համակարգը՝ ընտրություններ առանց մրցակից թեկնածուների:
Մեդիադաշտը՝ ուզուրպացիայի օջախ
Ու զուրպացիոն վտանգի մյուս կարևոր օջախը մեդիադաշտն է, որը սերտորեն կապված է կուսակցականության հետ և կրկնում է դրա հիմնական միտումները:
Տեսականորեն մեդիա դաշտի բազմազանությունը և բազմակարծությունը, ինչպես և կուսակցությունների դեպքում, պետք է արտացոլի հանրության բազմազանության և բազմաշերտության ամբողջությունը՝ քիչ թե շատ հավասարաչափ կերպով: Իհարկե, սա շատ սխեմատիկ, պարզունակ պատկեր է, բայց, այդքանով հանդերձ, արդարության զգացողությանը և տրամաբանությանը համապատասխանող: Իրականությունն, անշուշտ, ավելի բարդ է:
Հենց այսօրվա Հայաստանում տեսնում ենք մի իրավիճակ, երբ մեդիայի մեծամասնությունն արտահայտում է տեսակետներ, որոնց իրական կրողն է հանրության փոքրամասնությունը, իսկ մեծամասնության աջակցությունը վայելող իշխող ուժի տեսակետները փոքրամասնություն են ԶԼՄ դաշտում: Սա միայն ամենապարզ, տեսանելի օրինակն է, բայց, եթե ուշադիր լինենք, նման օրինակներ շատ ավելի կարող ենք գտնել: Փաստն այն է, որ մեդիադաշտը, ինչպես և կուսակցական համակարգը, տեսականորեն կոչված լինելով համաչափ արտահայտել հանրային տարբեր շերտերի շահերը, իրականում, որպես կանոն, հակված են արտահայտելու ռեսուրսներին տիրապետող փոքրամասնական խմբերի շահերը: Եվ սա ոչ միայն Հայաստանում է:
Օրինակ, նույն ԱՄՆ-ում՝ մինչ ամերիկացի ժողովրդի մեծամասնությունը նախագահ է ընտրե Դոնալդ Թրամփին, նույն մեդիա դաշտի գերիշխող միտումը շեշտված հակադրությունն է Թրամպի քաղաքականությանը, որը մատնում է մեդիադաշտի փոքրամասնական, վերնախավային բնույթը: Մեդիադաշտի այս հիմնախնդիրն օգնում է նաև ավելի լավ ընկալել կուսակցականության հիմնախնդիրը՝ իրենց էությամբ դրանք նույնն են, սակայն, մեդիադաշտի օրինակով ավելի ակնհայտ են և հեշտ ընկալելի:
Ըստ ձևի՝ խոսքի ազատությունն այս պատկերում չի խախտվում, քանի որ կա կարծիքների բազմազանություն և քննադատություն, նույնիսկ, ինչպես տեսանք, մեր օրինակներում՝ իշխող ուժի կամ անհատի քննադատության գերակայություն: Բայց, եթե խոսքի ազատություն հասկացությունը բացի ձևից, պետք է ունենա նաև բովանդակություն, ապա մեր բերած պատկերում խոսքի ազատության սկզբունքը խախտված է՝ գերակշիռ արտահայտություն են ստանում փոքրամասնության տեսակետներն ու անտեսվում կամ ստորադասվում մեծամասնությանը: Չի կարող խոսքի ազատությունը նշանակել փոքրամասնության տեսակետների արտահայտության գերակայություն մեծամասնության նկատմամբ, եթե տարրական արդարության զգացումն ու տրամաբանությունը չենք պատրաստվում զոհել սքոլաստիկական ֆորմալիզմին: Մամուլի ներկայացուցչականությունը համաչափ չէ, ավելին՝ կեղծ է, քանի որ, ի վերջո, մամուլը, ճիշտ ինչպես կուսակցությունները, սկսում է ներկայացնել ոչ թե հանրության իրական լայն համապատկերը, այլ միայն դրա մի փոքր հատվածը: Ինչպես և կուսակցությունները, ԶԼՄ-ները վերածվում են «քաղաքական» շուկայի միջնորդների՝ բրոկերների, որոնք պատրաստ են ներկայացնել ուժեղների շահերը՝ «մատչելի գներով»:
Նման դեպքերում, հաճախ առարկում են, թե դեմոկրատիայի ժամանակակից սահմանումներն ավելի բարդ են, տարբերվում են նախնական սահմանումներից: Սա հենց տիպիկ սքոլաստիկ աճպարարության օրինակ է: Տրամաբանությունը չի լինում ժամանակակից կամ ոչ ժամանակակից: Ժամանակից էլ ինքնին չի նշանակում ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ: Որևէ երևույթի մասին եզրահանգումներ անելիս կարևոր է ոչ թե եզրահանգման ժամանակային թարմությունը, այլ համապատասխանությունը պարզ տրամաբանությանը և զգացողությանը:
Մեդիաների խմբային շահը ստեղծում և զարգացնում է նաև զանգվածների հիմարության, ցածր մակարդակի, անճաշակության մասին, ըստ էության, հակաժողովրդավարական առասպելաբանությունը: Սա մի պնդում է, որը թվում է աքսիոմատիկ, և մանավանդ շոյում է իրենց ընտրյալ ագացող շատերի ինքնասիրությունը: «Անճաշակ և հիմար զանգվածների» մասին առասպելաբանությունն ընդհանուր է այսօրվա մեծ բիզնեսի այն հատվածներին, որոնք գործում են, այսպես ասած, «հոգևոր դաշտում», օրինակ, բացի ԶԼՄ-ներից նաև երաժշտական բիզնեսին և այլն:
Այս թեմայի մեջ խորանալը մեզ շատ հեռուն կտանի, բայց մի երկու խոսքով էությունը հետևյալն է:
Որակյալ արդյունք ստեղծելն ու տարածելը թանկ և ջանքատար է: Արդարացելու համար անորակ, բայց քիչ ծախսատար պրոդուկտի տարածումը, ստեղծվում և տարածվում է այն պատկերացումը, թե բիզնեսը ստիպված է տարածել անորակ արտադրանք, որովհետև այդպիսին է զանգվածների պահանջը: Մինչդեռ իրականությունը հակառական է՝ ոչ թե այդպիսին է զանգվածների պահանջարկը, այլ հենց այդ պահանջարկն է ձևավորվում, պարտադրվում և ներշնչվում բոլորիս՝ որպես, իբրև թե, մերը: Այս պնդումը, որը կարող է թվալ վիճելի, իրականում այնքան էլ բարդ չէ ապացուցել:
Բավական է համեմատել, օրինակ, գրեթե ցանկացած ժողովրդական, ֆոլկլորային երաժշտության, բանաստեղծության և այլն բարձրորակությունը այն ցածրորակ նմուշների հետ, որոնք, որպես զանգվածային ճաշակի իբր արտահայտություն պարտադրվում են սպառողներին, որպեսզի պարզ դառնա խնդրի էությունը՝ եթե որևէ ժողովուրդ ինքնին ստեղծող է բարձրորակ արվեստի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդական ճաշակին համարժեք են համարվում զանգվածային մշակույթի ցածրորակ պրոդուկտները, որոնք ստեղծվում են ոչ թե բուն ժողովորդի, այլ ինդուստրիայի կողմից:
Ի դեպ, «անճաշակ զանգվածների» կամ «անգրագետ պողոսների» մասին այս պարզունակ խաղի զոհն են հաճախ դառնում նաև այն անհատներն ու խմբերը, որոնք ընդդիմադիր դիրքորոշում են փնտրում ժամանակակից միտումներին: Քանի որ ժամանակակից աշխարհում ընդունված է պաշտոնապես «երդվել» դեմոկրատիայի և ժողովրդի իշխանության անունով, ապա ընդդիմադիրները յուրացնում են սրան հակադիր՝ հակադեմոկրատիկ և հակաժողովրդական հայացքներ: Նրանք, սակայն, բաց են թողնում այն կարևոր իրողությունը, որ քաղաքականությունը, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե իր զգալի մասով էզոտերիկ երևույթ է, և նա, ով հաշվի է առնում միայն պաշտոնական խոսքը, հաճախ չի նկատում գործընթացների բուն էությունը, ինչպես, օրինակ, մեկը, ով կփորձեր լուրջ ընդունել սովետական պաշտոնական խոսքի պնդումներն առ այն, որ սովետական կարգերն աշխարհի ամենաազատ և ժողովրդավարական կարգերն են կամ էլ ենթադրեր, որ բրեժնևյան շրջանի սովետական ղեկավարությունն իրոք հավատում է կոմունիզմի կառուցման հեռանկարին:
Ընդդիմանալով ժողովրդի իշխանության սկզբունքին՝ ընդդիմացողները ոչ միայն բաց են թողնում կարևոր նրբությունները, այլև հենց իրենք են դառնում փաստացի գերիշխող «հակապոպուլյար», հակամեծամասնական, իմա՝ հակադեմոկրատական խոսափողներից մեկը, բարձրաձայնելով այն, ինչ պաշտոնականը, ելնելով ավանդույթի արգելքներից, չի կարող ուղղակիորեն բարձրաձայնել, և արտահայտում է միայն անուղղակիորեն, թեև բավականին թափանցիկ «ականջ ունեցողի» համար (քաղաքական խոսքը միշտ էլ ականջ ունեցողի համար է, չունեցողին օգնելը ոչ միայն դժվար է, այլև՝ անիմաստ):
Ճիշտ նույն կերպ սովետական այլախոհներից շատերը կամա թե ակամա բարձրաձայնում էին այն տեսակետները, որոնք պաշտոնական սովետական իշխանությունն ինքը չէր կարող բարձրաձայնել, բայց որոնց փաստացի կրողն էր, օրինակ, ռուսական մեծապետական գաղափարը: Այլախոհներին թվում էր, որ իրենք դրանով հակադրվում են սովետական քաղաքականությանը, քանի որ նրանք պաշտոնական գաղափարախոսությունը նույնացնում էին քաղաքականության հետ, բայց իրականում նրանք հիմնավորում էին հե՛նց իրական սովետական քաղաքականությունը:
Քաղաքական իդեոլոգիաներն՝ ուզուրպացիայի գործիք
Վ երն արդեն նշեցինք, որ կուսակցականության միտումներից է՝ դրա վերածումն արտաքին շահերի ներկայացուցչության: Սա բխում է չզսպված կուսակցականության ներքին տրամաբանությունից՝ քաղաքական միջնորդի, բրոկերի դիրքը հեշտությամբ հանգեցնում է նրան, որ կուսակցական համակարգը սկսում է ներկայացնել ոչ միայն ներքին, այլև արտաքին հզորների շահերն` ի հաշիվ երկրի մեծամասնության շահերի և տեսակետների: Եթե երկիրն աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում է, ապա այս միտումը կարող է հասնել իր վատագույն դրսևորման, երբ ամբողջ կուսակցական դաշտը բաժանվում է հակամետ արտաքին ազդեցությունների միջև, և ներքին քաղաքական պայքարը փաստացի վերածվում է արտաքին ազդեցության գործակալների բախման: Ավելին` հենց բաժանումն ըստ արտաքին կողմնորոշումների սկսում է դիտվել որպես հիմնարար ներքաղաքական բաժանում:
Պակաս ակնհայտ է թվում իդեոլոգիկ քաղաքականության վտանգը: Սրա բնույթը, որպես մարտահրավեր երկրի ինքնիշխանությանը, դիտարկել ենք առանձին հոդվածով, որը դեռ կունենա իր շարունակությունը: Այստեղ չենք ուզում կրկնել արդեն ձևակերպվածը, միայն մի քանի կարևոր կետ նշենք: Քաղաքական իդեոլոգիաները, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան աշխարհիկ կրոններ, ինքնին դոգմատիկ և ավտորիտար են իրենց ներքին միտմամբ՝ նույնիսկ, եթե խոսքով հակառակ են ավտորիտարիզմին: Նրանց ձգտումը ոչ թե իրավիճակին և տեղանքին համարժեք լինելն է, այլ իրավիճակ թելադրելն է, թե ինչպիսին այն պետք է լինի: Սա հակադրում է իդեոլոգիկ դոգմատիզմը կենդանի քաղաքական գործընթացին:
Ժողովրդի իշխանության հիմքում ընկած են հզոր զանգվածային շարժումները: Այս կենդանի գործընթացները, որպես կանոն, թելադրված ու ձևավորված չեն որևէ կոնկրետ իդեոլոգիայով, հատվածական չեն, այլ համաժողովրդական են և միավորող: Իդեոլոգիաները, հակադիր են իրենց էությամբ այս կենդանի շարժումներին, սակայն որպես կանոն փորձում են յուրացնել վերջինների ընթացքն ու արդյունքը, հատկապես շարժումների մարման փուլում, մեկնաբանելով շարժումների էությունն իրենց դոգմատիկ եզրաբանությամբ, պարտադրելով սեփական օրակարգը, և փորձելով տեղավորել կենդանի քաղաքականն ու ժողովրդականը նեղ և դոգմատիկ սահմանների մեջ:
Իդեոլոգիաներն անհրաժեշտաբար սնոբիստական են, եթե նույնիսկ խոսում են ժողովրդականությունից, քանի որ գիտակցում են իրենք իրենց որպես «ի վերուստ» սահմանված, ինքնամփոփ ու ինքնարժեք գաղափարական համակարգեր, որոնք ապրիորի ավելի բարձր են, քան ժողովրդական քաղաքական պայքարի կենդանի տարերքը: Իդեոլոգիզմի տեսակետից, ոչ թե կենդանի քաղաքական գործընթացն ինքն իրենից ձևավորում է իր քաղաքական գաղափարները՝ իր փորձին և իր նպատակներին համապատասխան, այլ գաղափարները դրսից պարտադրվում են կենդանի քաղաքական շարժմանը՝ որպես դրանց իմաստ և գիտակցություն: Ավելի պարզ ասած, միամիտ ժողովուրդն ինքը չի հասկանում և չի կարող ձևակերպել, թե ինչի համար է պայքարում, բայց նրա պայքարը կարող է իմաստավորվել նախապես սահմանված իդեոլոգիական դոգմաների կողմից:
Սա զուտ տեսական խնդիր չէ: Բազմաթիվ հզոր ժողովրդական շարժումներ զոհ են գնացել «իդեոլոգիզացիային»: Հենց հայկական առավել հզոր ժողովրդական և իր էությամբ՝ ազգային-դեմոկրատական 1988-ի շարժումը, ինչ-որ պահից զոհ գնաց կեղծ գիտակցության, երբ ինքն իրեն հռչակեց և գիտակցեց որպես լիբերալ, ինչը կապ չուներ շարժման բուն ժողովրդական տարերքի հետ, սակայն, միջազգային էտալոնային համարվող միտում էր:
Նույն վտանգն այսօր սպառնում է 2018-ի հեղափոխությանը, որն իր էությամբ նույն ազգային-ժողովրդավարական հայկական շարժումն է, սակայն, միտում կա նրան ևս վերագրել կեղծ փոխառյալ ինքնագիտակցություն՝ որպես լիբերալիզմի երկրորդ ալիք Հայաստանում և այլն:
Հարցն այստեղ լիբերալիզմը չէ. դրա փոխարեն կարող էր լիներ, ասենք, սոցիալիզմ կամ անարխիզմ կամ նացիոնալ-ֆաշիզմ, էականը դա չէ, այլ վերագրումը, գիտակցության փոխառումը, որի արդյունքում կենդանի քաղաքական ժողովրդական շարժումը հերթական անգամ զրկվում է սեփական ինքնագիտակցությունը և ինքնակազմակերպությունը իր իսկ փորձից կառուցելու հնարավորությունից:
Եվ կարևոր է հասկանալ, որ սա ոչ թե սովորական վերագրում է, ոչ թե սոսկ վերլուծական սխալ, ոչ թե ակադեմիական բանավեճի հարց, այլ վերահսկողության հաստատման, գերիշխանության ձգտման խնդիր: Վերագրելով ժողովրդական շարժմանը կեղծ՝ արտաքինից փոխառած և արտաքինում սահմանված գիտակցություն՝ փորձ է արվում դրա նկատմամբ վերահսկողություն հաստատել:
Ժողովրդական շարժումներին կեղծ իդեոլոգիական գիտակցության վերագրման փորձերը՝ լինեն դրանք ակամա, միամիտ վերագրումներ հենց շարժման մասնակիցների կողմից (քանի որ սեփական, այլ ոչ թե փոխառյալ ինքնագիտակցության հասնելը բարդ խնդիր է այն դեպքում, երբ կան բազմաթիվ պատրաստի և իրենց ագրեսիվորեն պարտադրող գիտակցության ձևեր), թե՛ նպատակադրված գործողություններ գերիշխանության ձգտող փոքրամասնական խմբերի կողմից, ժողովրդի իշխանության ուզուրպացիայի առավել նուրբ, բայց և առավել գործուն և տարածված կերպերից են:
Վերջապես, պետք է հաշվի առնենք, որ իդեոլոգիաները դեռ 20-րդ դարի ընթացքում վերածվել են աշխարհաքաղաքական մեծ կենտրոնների ազդեցության տարածման գործիքների: Եթե իդեոլոգիկ քաղաքականության դասական շրջանում՝ 19-րդ դարում և մասամբ 20-րդ դ.-ի սկզբում քաղաքական իդեոլոգիաները դեռ համեմատաբար ինքնավար, ինքնարժեք էին, թեև կարող էին որոշակի աշխարհաքաղաքական կապեր ունենալ, ապա 20-րդ դարի ընթացքում՝ Սովետական Միության կայացմամբ, և հատկապես Երկրորդ Համաշխարհայինի ու նրան հետևած Սառը Պատերազմի ընթացքում իդեոլոգիկ կողմնորոշումները նույնացվեցին աշխարհաքաղաքականներին և ստորադասվեցին վերջիններիս՝ վերածվելով ընդհուպ մինչև պարզ քարոզչական հնարների և կլիշեների: Այդ իրավիճակը շարունակվում է ցայսօր:
Իդեոլոգիկ քաղաքականությունն արդեն միայն այդքանով ուզուրպացիոն վտանգ է, քանի որ աշխարհաքաղաքական մեծ կենտրոնների ազդեցության տարածման և ներքին քաղաքականությունն ըստ արտաքին կողմնորոշումների կառուցելու միտման գործիքներից է: Տեսականորեն, իհարկե, ճիշտ է, որ կարող է լինել, օրինակ ոչ արևմտամետ լիբերալ կամ ոչ ռուսամետ «պահպանողական», և նման դեպքեր անհատական մակարդակում կան նաև գործնականում, սակայն, փաստացի այսօրվա իրավիճակում սրանք միայն բացառություններ են, իսկ իդեոլոգիկ դիրքավորումը արտաքին կողմնորոշման այլ անվանում է դառնում:
Քաղաքացիական հասարակության ուզուրպացիան
Ու զուրպացիոն մյուս վտանգը, որից քիչ է խոսվում կամ ընդհանրապես չի խոսվում՝ քաղաքացիական հասարակություն եզրի փոխակերպումն է. քաղաքացիական հասարակություն հասկացությունն ամբողջովին նույնացվում է, այսպես կոչված, ՀԿ սեկտորի հետ: Խնդիրն այն չէ, որ ՀԿ սեկտորն ինքնին բացասական երևույթ է, այլ այն պարզ իրողությունն է, որ ՀԿ սեկտորը չի կարող նույնացվել քաղաքացիական հասարակության հետ ոչ տեսության մեջ, ոչ էլ գործնական կյանքում, և եթե նման նույնացում տեղի է ունենում, ապա դա լուրջ մարտահրավեր է ժողովրդական ինքնիշխանության նկատմամբ:
Ըստ դասական սահմանման քաղաքացիական հասարակությունն այն միջակայքն է, որն ընկած է պետության (պետական ապարատի, պետական հաստատությունների, «թագավորության» և այլն) և անձնականի ու ընտանեկանի միջև: Սա հանրային կյանքի առավել բազմանդամ, բազմաձև և ինչ-որ իմաստով անհանգիստ տարրերքն է: Նեղ իմաստով հանրայինը, հանրությունը հենց այս ոլորտն է: Այստեղ են դասվում այնպիսի տարբեր կառույցներ և հոսանքներ ինչպիսիք են կրոնական համայնքները, եկեղեցիները, արհեստակացական, մասնագիտական, հայրենակցական և այլ տիպի միությունները, բիզնեսները, կրթական հաստատությունները, ակումբները, պրոֆեսիոնալ և սիրողական սպորտը և այլն՝ շարք, որը գրեթե անվերջ կարելի է շարունակել, քանի որ ոլորտն, իր էությամբ, գրեթե անվերջ բազմազան է: Ինքնին պարզ է, որ սա հանրային կյանքի առավել, այսպես ասած, ալեկոծ, ստեղծագործ, ինքնաբուխ հատվածն է, հանրության բուն կյանքը:
Ի դեպ, այս շարքի մեջ են ի վերջո նաև քաղաքական կուսակցություններն այնքանով, որքանով դրանք բուն պետությունը չեն, և տեսականորեն կոչված են միավորելու հանրային այս կամ այն շերտը և/կամ ներկայացնելու դրանց շահերը: Այլ բան է, որ հատկապես ի դեմս պառլամենտական հանրապետության՝ հավակնելով վերջնականապես փոխարինել պետությունը և փաստացի յուրացնել իշխանությունը, կուսակցականությունը իրեն տեսնում է քաղաքացիական հասարակությունից դուրս և վեր: Բայց իր բուն իմաստով կուսակցականությունը ոչ այնքան քաղաքական, որքան հենց քաղաքացիական է, քանզի քաղաքականն ավելի վերաբերում է հանրության միասնության բևեռին՝ ժողովրդին, ժողովրդական իշխանությանը, պետության, քան հատվածականին, որն է քաղաքացական հասարակության տարերքը: Կուսակցությունները, սակայն, ոչ միայն հավակնում են լինել հենց քաղաքական, այլև նույնիսկ քաղաքականը հենց նույնացվում է կուսակցականի հետ:
Եվ ահա այս կենդանի ստեղծագործ ու ինքնաբավ բազմազանությունը փոխարինվում է շատ նեղ մի իմաստի, որը հազիվ էլ ծածկի հանրության մեկ-երկու տոկոսը՝ քանակապես և որակապես: Քաղաքացիական հասարակությունը նույնացվում է, այսպես կոչված, ՀԿ սեկտորի հետ, որի գերակշիռ մասն էլ արտաքին ֆինանսավորում ունեցող, ըստ էության՝ փոքրիկ կամ միջին բիզնեսներն են, իսկ մի հատվածն էլ՝ այս կամ այն չափով քողարկված քաղաքական հոսանքներ՝ իշխանության համար պայքարի մեջ ներգրավված, քաղաքական ազդեցության ձգտող, սակայն պաշտնապես քաղաքական կուսակցություններ չկոչվող կազմակերպություններ: Խոսքն այստեղ, բնականաբար, տրիվիալ «գրանտակերության» մասին չէ, ոչ էլ «սորոսականության»՝ դրանք թեմայի կոմիքսային մեկնաբանություներն են, որոնք անլրջացնում են չափից ավելի կարևոր և լուրջ թեման:
Կարևոր է հասկանալ, որ քաղաքացիական հասարակության հետ կապված լուրջ խնդիրը նոր երևույթ չէ Հայաստանի համար, այլ իր արմատներն ունի, ինչպես և մեր խնդիրների մեծ մասը, սովետական ժառանգությունում: Պետք է նախ հասկանալ, որ քաղաքացիական հասարակությունը միայն նոր ժամանակներին բնորոշ ինչ-որ պարտադիր առաջադեմ ու «զարգացած» երևույթ չէ, այլ ինչպես դժվար չէ կռահել, վերոբերյալ ցանկից մարդկային պատմության առավել հին, կայուն, ավանդական երևույթներից մեկը, գուցե նույնիսկ ասենք՝ առավել հին, քան պետությունը կամ նույնիսկ ընտանիքը (հնագույն ընտանիքները, համենայն դեպս, շատ ավելի մեծ էին ու ավելի ներգրավված համայնքային կյանքի մեջ, հետևաբար զգալիորեն տարբեր այսօրվանից): Հայկական միջավայրին բնորոշ ՔՀ ավանդական կառույցները գրեթե ի սպառ անհետացան սովետական արդիականացման շրջանում (որոշները թուլացել էին դեռևս նախասովետական փուլում, ինչպես, օրինակ, գյուղական համայքնները կամ քաղաքներին բնորոշ համքարությունները), իսկ նորերը, որոնք պետք է գային փոխարինելու ավանդական կառույցերին, ինչպես արհմիությունները, կուսակցությունները և այլն, հասկանալի պատճառներով նույնպես չկայացան և սովետական շրջանում միայն անվանական գոյություն ունեցան: Պարզ է, որ տոտալիտար սովետական համակարգը, որը պետության ազդեցությունը որոշ չափով փորձում էր տարածել նույնիսկ անհատական և ընտանեկան մակարդակում, չէր կարող հանդուրժել պետության և անհատի միջև տեղավորվող մի այնպիսի ոլորտ, ինչպիսին է ՔՀ՝ բացի սոսկ անվանական գոյությունից:
Մեկ անգամ քանդվելով՝ նման համակարգերը շատ դժվար են վերականգնվում: Հետսովետական Հայաստանում վերականգնման բարդ գործընթացի փոխարեն տեղի ունեցավ պարզ և արագ փոխակերպում՝ քաղաքացիական հասարակություն անունը սեփականաշնորհվեց մարդկանց նեղ խմբի կողմից: ՀԿ սեկտորի կողմից քաղաքացիական հասարակություն անվան և գործառույթի սեփականացումն այլ բան չէ, քան ուզուրպացիայի ևս մի տեսակ, քանի որ քաղաքացիական հասարակությունը ժողովրդական կյանքի և ինքնադրսևորման կարևորագույն առանցքն է: Ինչպես քաղաքականն ուզուրպացվում է կուսակցությունների կողմից, այնպես էլ ՔՀ-ն, այսինքն՝ հանրային, ոչ պետական ոլորտը փորձ է արվում ուզուրպացնել ՀԿ-ների կողմից:
Հարցը միայն անունը չէ, ոչ էլ նույնիսկ միայն այս ընդհանուր դրսևորումը: Բազմաթիվ մասնավոր և գործնական խնդիրներ են բխում այստեղից: Օրինակ հանրության անունից խոսելու խնդիրը, որպես հանրություն, քաղաքացիական հասարակություն ներկայանալու մենաշնորհի խնդիրը:
Քաղաքացիական հասարակության վերականգնման բարդ խնդիրը հետսովետական Հայաստանում կարող էր և պետք է լուծվեր ժողովորդական հզոր շարժումների հիմամբ: Ժողովրդական հզոր շարժումներն, ինչպիսիք էին 1988, 2008, 2018-ի շարժումները, զարգանալով, իրենք իրենց միջից պետք է բխեցնեին ինքնաբուխ քաղաքացիական հասարակության բազմազանությունը, սակայն, դա ամեն անգամ տեղի չի ունենում հենց այն պատճառով, որ ժողովրդական շարժումները յուրացնում են փոխառյալ, իդեոլոգիկ ինքնագիտակցություններ:
Որքան էլ չարաշահված, բայց անտեսելի չէ նաև արտաքին ազդեցության տարածման խնդիրը: Ինքնին որևէ բացասական բան չկա, որ ՀԿ-ների մեծ մասը գործում են դրսից եկած գումարով: Սա առարկայական իրականություն է, որն ունի նաև դրական կողմեր: Ի վերջո արևմտյան ազդեցությունը ՀԿ սեկտորում հակակշռում է այլ ոլորտներում ռուսական ազդեցությունը: Սակայն այլ բան է, երբ արտաքին ազդեցությունը մենաշնորհում է հանրայինի, քաղաքացիականի անունից խոսելու իրավունքը, ներկայացնում է հանրայինը, դա, անշուշտ ուզուրպացիայի և ինքնիշխանության խնդիր է:
Մյուս կարևոր խնդիրն աշխարհայացքային մենաշնորհն է: Քաղաքացիական հասարակությունը, ըստ սահմանման, պետք է լինի առավել բազմազան, բազմատեսակետ, նույնիսկ՝ խառնաշփոթ միջավայրը, ուր մրցում են և միահյուսվում են ամենատաբեր տեսակետներն ու դիրքերը: Մինչդեռ ուզուրպացված ՔՀ-ն, փաստացի գրեթե միակերպ մտածող, առանձնահատուկ աշխարհայացքի կրող մարդկանց և խմբերի միություն է, հոսանք: Ավելին՝ որոշակի աշխարհայացքն ու քաղաքացիականն ու քաղաքացիական հասարակությունը նույնիսկ նույնացվում են, ինչը քաղաքացիական հասարակություն հասկացության ծայրահեղ հակադիրն է՝ հասկացության փոխակերպումն այստեղ հասնում է 180 աստիճանի՝ կատարյալ նենգափոխման և ինչ-որ տեղ՝ ծաղրի:
Ուզուրպացիայի վտանգներն այսքանով չեն սպառվում: Կան բազմաթիվ այլ կարևորագույն խնդիրներ, որոնց մասին խոսելը պահանջում է առանձին մանրամասն շարադրանք: Դրանք են՝ պետության, պետական ապարատի օտարման հիմնարար, կառավարման գերկենտրոնացման խնդիրները և այլն: Մենք, սակայն, կսահմանափակվենք առայժմ այսքանով՝ մտքում պահելով հաջորդ անգամ տալ այս խնդիրների լուծման որոշ ուրվագծեր, ուղղություններ:
-
VKE2020-05-06
Տարօրինակ է, որ հեղինակը համարում է Թրամփի դեմ ծավալված մեդիա-արշավը էլիտաների պայքար ժողովրդի դեմ՝ նշելով, որ <<ԱՄՆ-ում՝ մինչ ամերիկացի ժողովրդի մեծամասնությունը նախագահ է ընտրել Դոնալդ Թրամփին>>։ Իրականում Թրամփը ժողովրդի մեծամասնության ձայները երբեք չի ստացել։ 2016-ին Դ․ Թրամփը հավաքել էր մոտ 63մլն․ ձայն կամ 46%, Հ․ Քլինթոնը՝ մոտ 66մլն կամ 48%, այսինքն՝ Թրամփը հավաքել էր 3մլն-ով (Հայաստանի բնակչության չափ) քիչ ձայն։
-
VKE2020-05-06
Սենատում միայն մի ձայնի տարբերությամբ էր, որ նրան չհաջողվեց չեղարկել Օբամայի առողջապահակն ռեֆորմը, որի շնորհիվ բուժապահովագրություն ստացավ 26մլն ամերկացի։ Բայց անցկացրեց հարկային ռեֆորմ, որով երկու անգամ կրճատեց կորպորացիաների շահութահարկը։
-
VKE2020-05-06
Սենատում միայն մի ձայնի տարբերությամբ էր, որ նրան չհաջողվեց չեղարկել Օբամայի առողջապահակն ռեֆորմը, որի շնորհիվ բուժապահովագրություն ստացավ 26մլն ամերկացի։ Բայց անցկացրեց հարկային ռեֆորմ, որով երկու անգամ կրճատեց կորպորացիաների շահութահարկը։
-
VKE2020-05-06
Սենատում միայն մի ձայնի տարբերությամբ էր, որ նրան չհաջողվեց չեղարկել Օբամայի առողջապահակն ռեֆորմը, որի շնորհիվ բուժապահովագրություն ստացավ 26մլն ամերկացի։ Բայց անցկացրեց հարկային ռեֆորմ, որով երկու անգամ կրճատեց կորպորացիաների շահութահարկը։