Իրանում կորոնավիրուսի տարածումն ու հակազդումը

16 ր.   |  2020-04-15

Իրանում կորոնավիրուսով վարակման և մահվան առաջին դեպքերի մասին հայտարարվեց փետրվարի 19-ին։ Դեպքերը գրանցվել էին կրոնական խոշոր կենտրոն Ղոմ քաղաքում, որը մայրաքաղաքից 140 կմ հեռավորության վրա է և ունի 1 մլն-ից ավելի բնակչություն։ Վարակն Իրանից տարածվեց նաև մերձավորարևելյան մի շարք երկրներում, որտեղ մինչև այդ դեպքեր չէին արձանագրվել։

Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Իրանի իշխանությունները փետրվարի 19-ից ավելի վաղ էին իմացել վիրուսի տարածման մասին, սակայն չէին հայտարարել, որպեսզի փետրվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունններին ապահովեն մարդկանց մասնակցությունը։ Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են այս լուրերը, սակայն չեն բացառել, որ վարակն ավելի վաղ է տարածվել, և հնարավոր է, որ կորոնավիրուսը գրիպի հետ շփոթած լինեն։

Առաջին շոկը և հակազդումը

Ղ ոմում վարակի տարածման մի քանի վարկած առաջ քաշվեց։ Ի սկզբանե հայտարարվեց, որ վարակվածները Չինաստան չեն այցելել և չինացիների հետ էլ շփում չեն ունեցել։ Սակայն հետագայում նշվեց, որ վարակակիրներից մեկը առևտրական է եղել և այցելել է Չինաստան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ վարակի աղբյուրը եղել են Ղոմում աշխատող չինացի բանվորներն ու ուսանողները։ Բացի այդ, դիտարակվում է նաև այն  տարբերակը, որ Ղոմից բացի, Իրանում վարակի տարածման ևս մեկ օջախ եղել է Գիլանում, որը սակայն, վերջնականապես հաստատվա չէ։

Փետրվարի 23-ին Հասան Ռոհանիի կարգադրությամբ ձևավորվեց կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբ, որի առաջին նիստը հրավիրվեց ամսի 25-ին։  Վարակի տարածմանը զուգահեռ երկրում ձեռնարկվեցին  կանխարգելիչ միջոցառումներ․

  • Դադարեցվեց դասապրոցեսը
    • Փետրվարի 20-ին դասապրոցեսը դադարեցվեց Ղոմի դպրոցներում ու համալսարաններում։ Այնուհետև դասերը դադարեցրին նաև այն նահանգներում, որտեղ վարակման դեպքեր էին հայտնաբերվել։ Փետրվարի 26-ին՝ վիրուսի մասին հայտնի դառնալուց 7 օր անց, փակվեցին երկրի բոլոր կրթական հաստատությունները։
  • Չեղարկվեցին մշակութային, սպորտային միջոցառումները
    • Մշակութային միջոցառումները չեղարկվեցին վարակման առաջին դեպքերի մասին հայտնի դառնալուց 3 օր անց։ Եվս 2 օր անց՝ փետրվարի 24-ից, չեղարկվեցին նաև սպորտային մրցումները։
  • Չեղարկվեցին ուրբաթօրյա աղոթքները
    • Փետրվարի 27-ին՝ առաջին դեպքերից 8 օր անց, ուրբաթօրյա աղոթքները չեղարկվեցին Թեհրանում և 22 նահանգային կենտրոններում, մարտի 4-ից՝ նահանգային բոլոր կենտրոններում։ Մարտի 16-ին փակվեցին մի քանի մարդաշատ սրբավայրեր՝ Ղոմի Ֆաթիմա Մասումե դամբարանը և Ջամքարանի մզկիթը, Մաշհադի Իմամ Ռեզայի դամբարանը։
  • Հետաձգվեցին Իրանի խորհրդարանի նիստերը
    • Մի քանի պատգամավորների և այլ պաշտոնյաների վարակվելուց հետո փետրվարի 28-ից հետաձգվեցին խորհրդարանի նիստերը, որոնք հին կազմով վերսկսվեցին ապրիլի 7-ին։ Նիստերը ներկայում անցկացվում են առանց Մեջլիսի նախագահի, քանի որ Ալի Լարիջանին նույնպես վարակված և մեկուսացված է։
  • Ազատ արձակվեցին բանտարկյալները
    • Քրեակատարողական հիմնարկներում վարակի տարածումից խուսափելու համար դիմեցին ժամանակավոր մեթոդի՝ 100 հազար բանտարկյալ մինչև ապրիլի 18-ը արձակուրդ ուղարկվեց։
  • Ճանապարհներին ուժեղացվեց հսկողությունը
    • Հսկողությունն առավելապես ուժեղացվեց խոշոր քաղաքների մուտքերի մոտ։ Քաղաքացիներին սկսեցին ճանապարհը շարունակելու թույլտվություն տալ միայն ջերմաչափելուց հետո։ Այս աշխատանքում ներգրավեցին նաև զինված ուժերին ու Կարմիր մահիկի կազմակերպությանը։
  • Իշխանությունը հորդորեց շրջագայությունների չմեկնել
    • Ի սկզբանե բնակչությանը հորդորեցին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ճամփորդություններ չձեռնարկել։ «Երբ որ դպրոցներում արձակուրդ է հայտարարվում, մարդիկ չպետք է ճամփորդության մեկնեն»,– հերթական անգամ կոչ էր արել առողջապահության նախարար Սաիդ Նամաքին։

Վիրուսի դեմ պայքարում ներգրավվեցին նաև զինված ուժերը, իսկ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ընկերությունները դիմակների, պաշտպանիչ հանդերձանքի և կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն սկսեցին։


Իրանի բանակն ախտահանման աշխատանքներ անելիս։ Լուսանկարը՝ Fararu լրատվական կայքից

Մարտի 12-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիին կարգադրեց համակարգել ԶՈւ գործողությունները  կորոնավիրուսի դեմ պայքարում և այդ  նպատակով հատուկ «առողջապահական   շտաբ» ստեղծել։

Խամենեին այս որոշումը պայմանավորում էր նաև այն հանգամանքով, որ ըստ իրանական կողմի՝ կորոնավիրուսը կարող էր կենսաբանական հարձակման հետևանք լինել։ Զինված ուժերի վրա դրվեց դաշտային հոսպիտալներ ստեղծելու, կառավարության ու մասնավորապես՝ առողջապահության նախարարության հետ համակարգելու գործառույթ:

Շտաբի ենթակայության տակ անցան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բանակը, ոստիկանության ուժերը։ Նոր ձևավորված շտաբի առաջին նիստում կայացվեցին հետևյալ որոշումները՝

  • 10 օրվա ընթացքում տարբեր մեթոդներով հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածներին,
  • մինչև 1000 շարժական և ոչ շարժական բուժկետ բացել երկրում,
  • դիմակներով և համազգեստով ապահովել բուժհաստատությունների անձնակազմին,
  • 24 ժամում մարդկանցից ազատել խանութները, փողոցներն ու ճանապարհները,
  • բժշկական կադրերը համալրելու համար մոբիլիզացնել կամավորներին, բժշկական կրթություն ստացողներին, թոշակի անցած և/կամ զինված ուժերում ծառայող մասնագետներին։

Այնուհետև առողջապահության նախարարության և զինված ուժերի համագործակցությամբ մեկնարկեց «Դիսպանսերացման ազգային մոբիլիզացիայի» նախագիծը, որի նպատակներն էին հնարավոր վարակակիրների հայտնաբերումն ու հիվանդանոցների բեռի թեթևացումը։

Ծրագրում ներգրավվեց շուրջ 550-600 հազար մարդ։ Նրանք զանգահարում էին  քաղաքացիներին և ճշտում՝ արդյո՞ք նրանք ունեն ախտանշաններ, և տալիս էին համապատասխան հրահանգներ։ Նույնն արվեց նաև էլեկտրոնային եղանակով՝ salamat.gov.ir կայքի և հեռախոսային հավելվածի միջոցով։ Վերջինը, սակայն, միջազգային լրատվամիջոցների կողմից քննադատության արժանացավ, քանի որ կասկածներ կային, որ հավելվածը թույլ է տալիս վերահսկել մարդկանց տեղաշարժը։ Իշխանությունների պնդմամբ՝ այս գործիքներով ապրիլի 2-ի դրությամբ 70 մլն մարդ է ստուգվել։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի բնորոշմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերն իրականացվում էին՝ հաշվի առնելով իրանա-իրաքայան պատերազմի փորձը։ ԻՀՊԿ ենթակայությամբ գործող «Բասիջ» կամավորական կազմավորման ղեկավարի խոսքով՝ վիրուսի դեմ պայքարում 2 մլն մարդ է մոբիլիզացվել։ Մի մասը ներգրավվել է ախտորոշման միջոցառումներին, մյուսները՝ տարածքների ախտահանման, դիմակների, ախտահանիչ նյութերի արտադրության և նմանատիպ այլ աշխատանքների իրականացման ծրագրերին։ Սա, փաստացի, նաև հնարավորություն էր՝ ստուգելու այս կազմավորման մոբիլիզացիոն ռեսուրսը։

«Արձակուրդն» ու ճանապարհորդությունները

Չ նայած կորոնավիրուսի տարածումից հետո Իրանի տարբեր նահանգներում կիրառվել էին կանխարգելիչ միջոցառումներ և որոշ ոլորտների գործունեությունը դադարեցվել կամ սահմանափակվել էր, սակայն համալիր և առավել խիստ միջոցառումների մասին որոշում ընդունվեց միայն մեկ ամիս անց։

Մարտի 19-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարգադրեց մինչև ապրիլի 3-ը փակել շուկաներըն ու առևտրի կենտրոնները։ Սահմանափակումները չէին վերաբերում դեղատներին, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներին։

Քաղաքացիներին կրկին հորդորեցին ճամփորդության չմեկնել։ Այս հատուկ կարգադրության պատճառն այն էր, որ Իրանում կորոնավիրուսի տարածմանը նպաստող գործոններից էին քաղաքացիների տեղաշարժը։ Վարակի տարածման հենց սկզբից Իրանի իշխանությունները կոչ էին անում քաղաքացիներին չլքել իրենց բնակավայրերը, չմեկնել շրջաններ, սակայն, իրանցիները, օգտվելով «արձակուրդից», սկսել էին ավելի շատ ճամփորդել։

Հնարավոր է, որ նաև այս պատճառով ճամփորդական հիմնական ուղղություններից Գիլան և Մազանդարան նահանգներում (Կասպից ծովի ափին են) ճգնաժամային իրադրություն առաջցավ։ Այս նահանգներում վարակակիրների թվի աճից հետո մուտք այնտեղ առանձնահատուկ սահմանափակվեց։

Այս համատեքստում Իրանի իշխանությունների համար հաջորդ խնդիրը իրանական Նոր տարվա՝ Նոուռուզի ճամփորդությունները կանխելն էր։ Չնայած դրան՝ Իրանի իշխանություններն այս ուղղությամբ այդքան էլ խիստ միջոցառումներ չձեռնարկեցին՝ բացի տանը մնալու մշտական հորդորներից։

Մամուլը հայտնեց, որ որոշ նահանագներում  խստացրել են մուտքի հսկողությունը, նահանգների զբոսաշրջային կառույցները չեն գործում, իսկ բնակիչներին էլ հրահանգվել է զբոսաշրջիկներին վարձով բնակարան չտրամադրել, այնուամենայնիվ  ճամփորդության մեկնողներ եղել էին։ Որոշ քաղաքներում անգամ տեղի բնակիչներն էին փակել ճանապարհները՝ այլ տեղերից ներհոսքը և կորոնավիրուսի ներմուծումը թույլ չտալու համար։

Մարտի 21-ին իրանական Կարմիր մահիկի ղեկավար Քյարիմ Հեմաթին այս առնչությամբ հայտարարեց

«Առողջապահության նախարարությունը հասարակությանը կոչ արեց չվտանգել սեփական առողջությունը և ճամփորդությունների չմեկնել, այնինչ, մարտի 17-20-ը վարակված նահանգներից 3 մլն մարդ է դուրս եկել, նրանցից 2400-ի մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են եղել։ Քաղաքների մուտքերը չփակվեց, բայց ակնկալվում էր, որ մարդիկ կհետևեն հորդորներին»։

Ըստ մշակույթի և զբոսաշրջության նախարարի՝ նախորդ տարվա համեմատ մարտի 15-ից մինչև մարտի 20-ը ճամփորդությունները նվազել են 51 տոկոսով։  Այն շրջաններում, որտեղ առավել շատ էին եղել ճամփորդությունները, վարակի աճ էր նկատվել։ Եվ ընդհանուր առմամբ մարտի 23-24-ից ակնհայտորեն վարակակիրների թիվը երկրում կտրուկ շատացել էր։ Այսպես՝

  • մարտի 22-ին գրանցվել է 1028 դեպք,
  • մարտի 23-ին՝ 1411 դեպք,
  • մարտի 24-ին՝ 1762 դեպք,
  • մարտի 25-ին՝ 2206 դեպք։

Հատկանշական է, որ մարտի 23-ից կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները հայտարարելիս այլևս չներկայացվեց, թե առանձին նահանգներում ինչքան վարակակիր կա։

Նոր մոտեցումը առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը բացատրեց նրանով, որ մարդիկ սկսել էին ավելի շատ այցելել այն նահանգներ, որտեղ ավելի քիչ թվով վարակման դեպքեր էին արձանագրվել։

Չկարողանալով ամբողջովին կանխել ներգնա այցերը՝ Իրանի իշխանությունները առավել խիստ միջոցառումներով փորձեցին լուծել հաջորդ խնդիրը՝ «Սիզդահ բե դար» տոնի՝ բնության օրվա նշումը։ Այն նշվում է իրանական օրացույցով նոր տարվա 13-րդ օրը, և մարդիկ այն տոնում են բնության գրկում։ Իրանի իշխանությունների խնդիրն էր՝ մարդկային կուտակումներ թույլ չտալը։ Կանխատեսվում էր, որ եթե այդ օրը քաղաքացիները նախորդ տարիների նման նշեն տոնը, ապա վարակի աննախադեպ աճ կգրանցվեր։

Մարտի 25-ին արգելվեցին նոր ճամփորդությունները, իսկ ճամփորդության մեջ գտնվողներին կոչ արվեց շտապ վերադառնալ իրենց բնակության վայրեր։ Քաղաքների մուտքերի հսկողությունը ուժեղացվեց։ Փակվեցին այգիները, զբոսայգիները, մեծ խանութները՝ բացառությամբ կենսական անհրաժեշտության ապրանքների խանութները, որոնք գործում էին շուրջօրյա։

Կառավարության խոսնակ Ալի Ռաբաեին հայտարարեց, որ մինչև ապրիլի 3-ը չեն աշխատելու նաև պետական հիմնարկները, տնտեսական գործունեության որոշ տեսակներ՝ բացառությամբ խիստ կարևորներից։ Ըստ պաշտոնյայի՝ այն ձեռնարկությունները, որոնք շարունակելու են գործել, աշխատելու են սահմանափակ ուժերով կամ հեռավար։ Աշխատավայրերում ներկա պետք է լիներ աշխատողների առավելագույնը մեկ երրորդը։

Սոցիալական հեռավորությունը

Շ արունակելով կանխարգելիչ միջոցառումները՝ մարտի 27-ից ապրիլի 3-ը Իրանում իրականացվեց սոցիալական հեռավորության պահպանման ծրագիրը, որը երկարաձգվեց մինչև ապրիլի 8-ը։ Ծրագրի շրջանակներում՝

  • Քաղաքներ մտնել թույլատրվեց միայն բնակիչներին, մյուսների մուտքն արգելվեց։ Սահմանվեց, որ այս կանոնները խախտողներին կտուգանեն 500 հազար թումանով (ապրիլի 14-ի փոխարժեքով՝ 32 դոլար), իսկ նրանց մեքենաները կառգրավեն 1 ամսով,
  • Քաղաքներից թույլատրվեց միայն այլ քաղաքների բնակիչների ելքը,
  • Շարունակվեց դպրոցների ու համալսարանների փակ մնալը,
  • Փակվեցին զվարճանքի վայրերը, հանգստի գոտիները և մնացած բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ են հավաքվում,
  • Արգելվեց բոլոր այն արարողությունները (այդ թվում՝ պետական և ոչ պետական), որոնք մարդկանց կուտակում են ենթադրում։
  • Սահմանափակվեցին ինքնաթիռներով, գնացքներով, ավտոբուսներով ուղևորափոխադրումները,
  • Բնակավայրերի ելքերի մոտ սկսվեցին ստուգումներ։

Ծրագրի շրջանակներում թույլատրվեցին գործունեության հետևյալ տեսակները․

  • Շտապ օգնության, ոստիկանության մեքենաների, բեռնատարների տեղաշարժը,
  • Կենսական անհրաժեշտության ապրանքների խանութների աշխատանքը,
  • Մսամթերքի, ձկնեղենի, ընդեղենի, բանջարեղենի, մրգի խանութների աշխատանքը,
  • Հացի փռերի գործունեությունը,
  • Սննդի առաքման ծառայությունները,
  • Բենզալցակայանների, գազալցակայնաների աշխատանքը,
  • Մեքենաների նորոգման, բնակարանների վերանորոգման և ինժեներական ծառայությունները,
  • Պետական և մասնավոր բժշկական հաստատությունների աշխատանքը,
  • Անասնաբուժարանների աշխատանքը,
  • Դեղի և սննդամթերքի արտադրությունը,
  • Դեղատների գործունեությունը։

Ծառայությունների և գործունեության տեսակների զգալի մասի վրա էլ արգելք դրվեց․ ենթադրվում էր, որ դրանք առաջնահերթ չեն։ Սահմանափակումներ կիրառվեցին հետևյալ հաստատություններում․

  • Համալսարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ,
  • Առևտրի կենտրոններ,
  • Ցուցահանդեսներ, թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ,
  • Լվացքատներ, խաղալիքների խանութներ,
  • Ինտերնետ-խաղերի ակումբներ, սրճարաններ, թեյարաններ, ճաշարաններ,
  • Հանդիսությունների սրահներ,
  • Կրոնական, հասարակական, մշակութային միջոցառումների անցկացման կենտրոններ,
  • Լողավազաններ, մարզասրահներ, այգիներ,
  • Տոնավաճառներ,
  • Տպագրատներ, թվային տպագրման ծառայություններ,
  • Լուսանկարչական, կարի սրահներ,
  • Բնակարանների, առանձնատների, անշարժ գույքի բրոքերային գրասենյակներ,
  • Կենցաղային տեխնիկայի, հրուշակեղենի, կտորեղենի վաճառք։

Սոցիալական հեռավորության ծրագրի իրականացումը Թեհրանում հաջողված համարեցին։ Եվ չնայած հետագայում վերը նշված սահմանափակումները վերացվեցին, այնուամենայնիվ, իշխանությունները քաղաքացիներին հորդորեցին, մինչև դեղամիջոցի հայտնաբերումը, շարունակել պահպանել սոցիալական հեռավորությունը։

Փակվող և բացվող դռներ

Ի րանում ի սկզբանե բարձրաձայնվող գլխավոր հարցերից մեկն էր, թե ինչու Ղոմում, ապա նաև ամբողջ երկրում կարանտին չհայտարարվեց: Երկրում մի խումբ պատգամավորներ և այլ գործիչներ խոսում էին կարանտինի անհրաժեշտության մասին։ Իշխանությունների «արդարացումն» այն էր, որ կարանտինի չինական փորձը կրկնելու համար համար Իրանը չունի Չինաստանի նման տնտեսական հնարավորություն։ Իրան-Չինաստան առևտրի պալատի ղեկավար Մաջիդ Ռեզա Հարիրին այսպես էր բնորոշել խնդիրը․

«Պետք է ընդունենք, որ Իրանի տնտեսական հնարավորությունները Չինաստանի հետ համեմատելի չեն։ Մյուս կողմից՝ մեր հասարակությունը մշակութային առումով, չինացիների հետ համեմատած, հրամաններին ավելի քիչ է ենթարկվում, և այս պատճառներով Իրանին ավելի դժվար է հասնել նման կենտրոնացվածության»։

Տնտեսական ծանր դրությունը Թեհրանը պայմանավորում էր ամերիկյան պատժամիջոցներով, ուստի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, իրանական կողմը սկսեց բարձրաձայնել ամերիկյան պատժամիջոցների վերացման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց պատճառով չի կարողանում անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ ստանալ։

Պատժամիջոցները վերացնելու կոչերով հանդես եկան ԻԻՀ նախագահը, արտգործնախարարը, տարբեր երկրներում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև առանձին երկրներ և կազմակերպություններ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, HRW իրավապաշտպան կազմակերպությունը։ Ամերիկյան կողմի պատասխանը, սակայն, բացասական էր։

Միաժամանակ, Վաշինգտոնն Իրանին իր օգնությունն առաջարկեց վիրուսի դեմ պայքարում, սակայն Թեհրանն այն որակեց քաղաքական մանիպուլյացիա, քարոզչական հնարք և հայտարարեց, որ Նահանգների օգնության կարիքը չունեն։ Նախագահ Ռոհանիի բնորոշմամբ՝ ստեղծված իրավիճակը պատժամիջոցները չեղարկելու պատմական հնարավորություն էր, սակայն դրանց առկայության պայմաններում ԱՄՆ առաջարկած օգնությունը «մեծագույն ստերից է»։

Այս պայմաններում, սակայն, Իրանին ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերեցին 30-ից ավելի երկիր և կազմակերպություն։ Եվ որ առավել հատկանշական է, մարտին առաջին գործարքն իրականացվեց INSTEX կոչվող ֆինանսական մեխանիզմով։ Մեխանիզմը ստեղծել էին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ Միացյալ Նահանգերի կողմից Միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո։

Այդ մեխանիզմով Իրանը պետք է կարողանա անհրաժեշտ դեղորայք ձեռք բերել։ INSTEX-ը գրանցվել է 2019-ի հունվարին, և այս մեկ տարվա ընթացքում չէր հաջողվում դրանով գործարք անել։ INSTEX-ի ձախողումը այն պատճառներից մեկն էր, ինչից հետո Իրանը սկսեց չկատարել Միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։

Թեհրանը ողջունեց համակարգի գործարկումը, բայց նաև ընդգծեց, որ այն բավարար չէ վիրուսի դեմ պայքարում երկրի կարիքները հոգալու համար։ Այս ճգնաժամային պայմաններում Թեհրանին հաջողվեց նաև վերացնել Լյուքսեմբուրգում 1,6 մլրդ դոլար իրանական ակտիվների արգելքը։ Թեհրանը նաև փորձում է Արժույթի միջազգային հիմնադրամից 5 մլրդ դոլարի վարկ ստանալ, ինչն առայժմ չի հաջողվում։

Կեղծիքի կանխավարկածը

Պ աշտոնական տվյալների համաձայն՝ սկզբնական շրջանում վիրուսը տարածվեց կենտրոնական նահանգներում և մայրաքաղաքում։ Առաջին վարակակիրների մասին հայտարարությունից 3 օր անց՝ փետրվարի 22-ին, վարակակիրներ կային արդեն 4 նահանգում։ Վարակման առաջին դեպքերի բացահայտումից 15 օր անց՝ մարտի 5-ի դրությամբ, վարակը տարածվել էր Իրանի բոլոր նահանգներում, սակայն մարտի 22-ից սկսած ըստ նահանգների տվյալներ այլևս չներկայացվեցին։

Իրանի իշխանությունների հայտարարած տվյալները միանաշանակ չէին ընդունվում ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս։ Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին Իրանում հայտարարեցին փետրվարի 19-ին, սակայն մինչև այդ իրանական լրատվամիջոցներում շրջանառվում էին կորոնավիրուսի առկայության մասին լուրեր, որոնք իշխանությունները հերքում էին:

«Reporters Without Borders» («Լրագրողներ առանց սահմանների») միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հետագայում մի քանի անգամ ահազանգեց, որ պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ դնող լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ Իրանում հալածանքներ և հետապնդումներ են իրականացվել։

Արդեն փետրվարի 25-ին Իրանի խորհրդարանի Ղոմից ընտրված պատգամավորը հայտարարեց, որ միայն Ղոմում 50 մարդ է մահացել։ Նա կառավարությանը մեղադրեց կորոնավիրուսի մասին հանրությանը ուշ տեղեկացնելու, զոհերի իրական թիվը թաքցնելու մեջ։ Նրա հայտարարություններն անմիջապես հերքեց առողջապահության նախարարությունը: Այնուհետև զոհերի ավելի շատ լինելու մասին հայտարարեց նաև Ռաշտի պատգամավորը, սակայն նա կոնկրետ թվեր չէր նշել։

Փետրվարի 28-ին, երբ Իրանում պաշտոնապես հաստատվել էր 43 մահվան դեպք, BBC-ն գրեց, թե զոհերն իրականում 210-ն են: Բրիտանական լրատվամիջոցը պնդում էր, որ հաշվարկն իրականացրել են տարբեր տեղական իշխանավորների հաղորդումների հիման վրա։ Իրանի իշխանություններն այս տեղեկությունը նույնպես հերքեցին՝ պնդելով, որ գործում են թափանցիկ և տվյալները ճշգրիտ են։

Մարտի 2-ին համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էին մի քանի տասնյակ դիակներ, որոնք բոլորը, ըստ հեղինակի, կորոնավիրուսից մահացածներ էին և մի քանի  օր շարունակ պահվել են այնտեղ։ Հեղինակի պնդմամբ՝ նյութում պատկերված է եղել Ղոմի դիահերձարաններից մեկը։ Այդ պահին զոհերի պաշտոնական թիվը 66 էր։ Անդրադառանալով տեսանյութին՝ Ղոմի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ դրանք այն մարդկանց դիակներն են, ում հարազատները ցանկություն են հայտնել սպասել կորոնավիրուսի թեստերի պատասխանին և պարզել՝ իրենց հարազատները կորոնավիրուսից են մահացել, թե ոչ, որպեսզի կազմակերպեն հուղարկավորությունը։

Համացանցում նաև այլ տեսանյութեր հրապարակվեցին Ղոմի գերեզմանատնից, ներկայացվեցին նոր գերեզմաններ՝ պնդումով, որ դրանք բոլորը վարակից մահացածներինն են։


Արբանյակային լուսանակրում գծանշվել է գերեզմանոցի այն հատվածը, որն ըստ Washington Post-ի, նոր է ընդլայնվել։

Մարտի 12-ին հեղինակավոր Washington Post-ը գրեց, որ մարտին գերեզմանոցն ընդլայնվել է՝ մեծաթիվ մահացածների պատճառով։ Որպես ապացույց լրատվամիջոցը հրապարակեց գերեզմանոցի արբանյակային լուսանկարները։ Իրանական կողմը կրկին հերքեց՝ հայտարարելով, որ գերեզմանոցի այդ հատվածը ընդլայնվել է 4 տարի առաջ և նախատեսված է ճգնաժամային իրավիճակների համար, որպեսզի բնական աղետի դեպքում խնդիր չառաջանա։

Հեղինակավոր Financical Times պարբերականն էլ սկզբնական շրջանում հայտարարեց, որ երկրների կորոնավիրուսային վիճակագրությունը հրապարակելիս չի հայտնում Իրանից ստացվող տվյալները՝ համարելով, որ դրանք արժանահավատ չեն։ Ավելի ուշ պարբերականն, այնուամենայնիվ, Իրանը ներառեց վիճակագրության մեջ։

Մարտի 2-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարեց, որ կազմակերպությունը փաստերի ստուգման իր մեխանիզմն ունի և Իրանի հայտարարած տվյալներում խնդիր չի տեսնում։

Մարտի 17-ին կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ Ռիք Բրեննանը, որն Իրանում էր, հայտարարեց, որ իսլամական հանրապետությունում անհայտ վարակակիրները կարող են ավելի շատ լինել։ Խնդիրը, ըստ մասնագետի, բավարար թվով թեստերի բացակայությունն է։

«Նրանք արագորեն ընդլայնում են ախտորոշման հնարավորությունը, և թվերը դեռ աճելու են», - նշել էր նա։

Իրանի իշխանությունները նույնպես բազմիցս նշել են, որ վարակման դեպքերի աճը պայմանավորված է նաև ախտորոշման հնարավորության ընդլայնումով։ Այսպես՝

  • փետրվարի 29-ին գրանցվել էր վարակման 205 դեպք,
  • մարտի 1-ին՝ 385 դեպք,
  • մարտի 2-ին՝ 523 դեպք,
  • մարտի 3-ին՝ 835 դեպք։

Դեպքերի աճի պատճառներից էր այն, որ ախտորոշիչ լաբորատորիաների թիվը այդ օրերին 2-ից հասցվել էր 15-ի, իսկ ապրիլին դրանց թիվն արդեն շուրջ 90 էր։ Բացի այդ, Իրանը նաև վիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն է սկսել։ Ըստ Թեհրանի՝ իրենք արդեն կարող են նաև արտահանել թեստերը։

Թույլ արտահայտված կայունացում

Ա շխարհի այլ երկրներում վարակի ավելի լայն տարածման ֆոնին Իրանում մարտի վերջից սկսած նվազում է նոր վարակակիրների թիվը։ Իսկ ապրիլի 14-ին օրական հաշվով գրանցվել է մահվան դեպքերի ամենափոքր թիվը 1 ամսվա ընթացքում։

Իրավիճակի կայունացումը տեսանելի է նաև գրաֆիկակական արտահայտությամբ։ Տեսանելի է, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրների բարձր կորերի ֆոնին Իրանի կորը արդեն ուղղվում է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման արագությունը նվազում է։ Սակայն, ըստ Իրանի առողջապահության նախարարի, վիրուսի տարածումն առայժմ միայն կառավարվում է, բայց չի վերահսկվում։

Այս պայմաններում ապրիլի 7-ին Իրանում սկսել են կորոնավիրուսի դեմ պայքարի երկրորդ փուլը, որի շրջանակներում նախատեսվում է ավելի շատ թեստ անել, այդ թվում՝ վարակակիրների հետ շփում ունեցածները, եթե անգամ նրանց մոտ որևէ ախտանշան չկա։ Ապրիլի 8-ին դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, Իրանում արվում է օրական 10-15 հազար թեստ, և առաջիկայում այդ թիվը հասցվելու է 20 հազարի։

Կառավարությունը մշակել է նաև սոցիալապես անապահով խավերին և կորոնավիրուսից տուժած բիզնես ոլորտներին աջակցելու ծրագիր, որի համար հատկացվել է 100 տրիլիոն թուման, որ ապրիլի 14-ի փոխարժեքով համարժեք է 6,4 միլիարդ դոլարի։

Վարակի տարածման դեպքերի կայունացման ֆոնին Իրանում վերսկսվել է նաև որոշ ոլորտների գործունեությունը։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Իրանի իշխանությունները ընդգծում են, որ պայքարի նոր փուլն ավելի բարդ է լինելու, ուստի պետք է իրականացվի հեռավորության «խելացի» պահպանում։ Այն օբյեկտները, որոնք կվերսկսեն իրենց գործունեությունը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր սանիտարական միջոցառումները։

Այսպես, վարակի տարածման տեսանկյունից քիչ ռիսկային համարվող ոլորտները գործում են ապրիլի 10-ից, միջին ռիսկայինները՝ ապրիլի 11-ից։ Պետական հիմնարակներում անհարժեշտ է աշխատողների 2/3-ի ներկայությունը, աշխատանքային ժամեր են սահմանվել 7:00-ից 14:00-ն։

Մինչև ապրիլի 18-ն Իրանում չեն գործելու առավել ռիսկային ոլորտները, օրինակ, լողավազանները, մարզասրահները, հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, գեղեցկության սրահները։ Շարունակելու են փակ մնալ կրթական հաստատությունները, սրբավայրերը, չեն անցկացվելու ուրբաթօրյա աղոթքները։ Մինչև նշված ժամանակահատվածը նահանգից նահանգ երթևեկությունը ևս կշարունակի արգելվել։ Թեհրանում տնտեսական գործունեությունը կվերսկսվի ապրիլի 18-ից։

Իսլամական հանրապետության գործողությունները ամբողջացվում են Ռոհանիի հետևյալ հայտարարության մեջ․

«Պետք է մեզ պատրաստենք այս վիրուսի հետ ապրելուն, քանի դեռ դրա վերջնական բուժման միջոցը կամ պատվաստանյութը չի հայտնաբերվել»։