Նավթի գների կտրուկ անկումը համաշխարհային շուկայում
8 ր. | 2020-04-14Մարտ ամսին նավթի համաշխարհային գները վերջին 20 տարում հասան ռեկորդային ցածր մակարդակի՝ Brent տեսակի նավթը՝ 23.1$-ի, ռուսական Urals-ը՝ 13$-ի, իսկ ամերիկյան WTI-ը՝ 20$-ի։ Այս իրավիճակի հիմնական պատճառը մարտի 5-ին ՕՊԵԿ+-ի շրջանակում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ նավթ արտահանող ամենախոշոր երկրների նավթի արտահանման սահմանափակումների վերաբերյալ անհամաձայնություններն էին։
Կարծիքներ կային, որ ՕՊԵԿ+-ը սպառել է իրեն, և նոր համաձայնագիր չի կնքնվի, սակայն կողմերը ապրիլի 9-ին՝ մեկ ամսվա բարդ քննարկումներից հետո, որոշեցին զիջումների գնալ։
Աղյուսակ 1. Brent տեսակի նավթի գնի տատանումը մարտ-ապրիլ ամիսներին
ՕՊԵԿ+-ի եռամյա համագործակցությունը
Օ ՊԵԿ (Organization of the Petroleum Exporting Countries) միջազգային կառույցը այս տարի կնշի իր 60-ամյակը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հիմնական նպատակն է համակարգել և միավորել անդամ երկրների նավթային քաղաքականությունը, ապահովել նավթային շուկաների կայունացումը: Նրա ստեղծման հիմնական նպատակն էր հակազդել «Յոթ քույրերին»՝ «British Petroleum», «Exxon», «Gulf Oil», «Mobil», «Royal Dutch Shell», «Chevron» և «Texaco» արևմտյան կազմակերպություններին, որոնք 1940-70թթ-ին իրենց ձեռքն էին վերցրել նավթի արտահանման մեծ մասը։
ՕՊԵԿ հիմնադիր 5 պետությունները՝ Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան փորձում էին նվազեցնել կախվածությունը արևմտյան նավթագազային ընկերություններից և ընդհանրապես Արևմուտքից։ Այժմ ՕՊԵԿ-ն ունի 13 անդամ. հիմնադիր երկրներին միացել են Ալժիրը, Անգոլան, Կոնգոն, Գաբոնը, Էկվադորը, Գվինեան, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն։ Նրանց է պատկանում աշխարհում բացահայտված նավթի հանքի մոտ 81.5%-ը, սակայն նրանք արտահանում են տարեկան ընդամենը նավթի 35-44%-ը։ Սրա հիմնական պատճառը Արևմտյան երկրների և Ռուսաստանի համեմատ տեխնիկապես ոչ բավարար զարգացածությունն է։ 1982թ.-ից սկսած ՕՊԵԿ-ը պաշտոնապես ներդրել է անդամ երկրների համար նավթի արդյունահանման սահմաչափ (քվոտա), որի հավասարակշռումը վստահված էր Սաուդյան Արաբիային:
ՕՊԵԿ-ն, ունենալով նավթի հսկայական պաշար, մեծ ազդեցություն ունի միջազգային շուկայի գնագոյացման վրա։ Կազմակերպությունը սկզբից ևեթ փորձել է հարաբերություններ ստեղծել անդամ չհանդիսացող, սակայն նավթ արտահանող խոշոր պետությունների հետ, որպեսզի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահպանի։ ՕՊԵԿ+-ը դրա ապացույցներից է։
ՕՊԵԿ+-ը ՕՊԵԿ անդամների և ոչ անդամ 11 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի միավորումն էր նավթի արտահանման ծավալների շուրջ, որը երբեմն ոչ պաշտոնապես կոչվում է նաև Վիեննայի համաձայնագիր։ Այն կնքվել է 2016թ.-ի դեկտեմբերի 10-ին, որի հիմնական պատճառը 2014թ.-ից սկսած նավթի գնի անկումն էր, երբ 2016թ.-ին հասավ 30$-ի։ Երկար բանակցություններից հետո ստեղծվեց ՕՊԵԿ+-ը, որի անդամ երկրները պարտավորվեցին կրճատել նավթի արտահանումը։
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամմադ բեն Սալեհ ալ-Սադանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհի հանդիպումը Վիեննայում
Ըստ առաջին պայմանավորվածության՝ ՕՊԵԿ+-ը իր օրական արտահանումը կրճատվելու էր 1.7-1.8 միլոն բարելով, որից 1.2 մլն-ը՝ ՕՊԵԿ անդամ երկրները, իսկ 558 մլն՝ մյուսները։ Ռուսաստանը պարտավորվում էր կրճատել նավթի արտահանումը 300 հազար բարելով։ Այս որոշումը ուժի մեջ մտավ 2017թ.-ին, հաջորդ կրճատումը եղավ 2018թ.-ի դեկտեմբերին, երբ որոշվեց կրճատել արտահանումը 1.2 մլն բարելով, որից ՕՊԵԿ-ը՝ 800 հազար, իսկ ոչ անդամ երկրները՝ 400 հազար բարել։ Ռուսաստանը պարտավորվեց արտահանվող 11.4 մլն բարել նավթից կրճատել 228 հազարը։ Վերջին նման որոշումը կայացվեց 2019թ.-ին, երբ որոշվեց մինչև 2020թ.-ի առաջին կիսամյակը նավթի արտահանումը կրճատել 1.7 մլն բարելով։
Սակայն 2020թ.-ի մարտի 6-ի հանդիպման գլխավոր դերակատարները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը տարբեր դիրքորոշում ունեին։ Մոսկվան պատրաստ չէր արտահանման կրճատման, այն դեպքում, երբ Էր-Ռիադն առաջարկում էր կրճատել ծավալները ևս 1.5 մլն բարելով՝ պայմանավորված COVID19-ի համաշխարհային համաճարակի պատճառով նավթի պահանջարկի նվազմամբ։ Ի դեպ, թեև Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մարտին արդեն կրճատել էր Չինաստան հասնող նավթի 30%-ը, սակայն չհամաձայնեց կրճատման։ Պաշտոնական Ռուսաստանը նման սցենար չեր նախատեսել, և հանդիպման նպատակն ընդամենը համաձայնագիրը նույն պայմաններով երկարաձգելն էր։ Ռուսական կողմն առաջարկում էր փոփոխություն մտցնել արտահանման մեջ միայն երկրորդ կիսամյակում, երբ ավելի հստակ կլինի, թե ինչ ազդեցություն կունենա կորոնավիրուսի համաճարակը համաշխարհային տնտեսությունը վրա։ Երկու կողմերի անհամաձայնության հետևանքով ՕՊԵԿ+-ի պայմանավորվածությունը անժամանակ դադարեց։ Սաուդյան Արաբիան, որն այդ ժամանակ արտահանում էր 9.7 մլն բարել նավթ, նույնպես զիջումների չգնաց, ավելին՝ ձախողված բանակցություններից հետո Էր-Ռիադը սկսեց գնային պատերազմ. նավթի արտահանման ծավալը հասցնելով 12.5 մլն բարելի, որը վաճառեց 20 տարվա ընթացքում առավելագույն զեղչով։ Արդյունքում՝ արդեն մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը իջավ 30%-ով՝ դառնալով 31$։ Սկսվեցին մի շարք քննարկումներ, որպեսզի փրկեն ՕՊԵԿ+-ը, որն արդեն 3 տարի է ինչ կայունություն էր մտցրել նավթային շուկայում։ Մարտ ամսին ձախողվեցին բոլոր փորձերը, զուգահեռաբար նավթի գինը հասան մոտ 20$-ի։
ԱՄՆ-ի պատասխանը
Տ րամանաբանական է, որ ՕՊԵԿ+-ի մեկամսյա ճգնաժամը ռուս-ամերկյան նավթային պատերազմի դրսևորման հետևանք էր, քանի որ Ռուսաստանը, կրճատելով նավթի ծավալը, հնարավորություն կտար ԱՄՆ-ին ավելի շատ նավթ արտահանել։ Իզուր չէ, որ ի սկզբանե նախագահ Պուտինը և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էին, որ նավթային շուկան պահանջում է համատեղ գործողություններ, որոնց պատրաստ են գնալ Ռուսաստանի նավթային ընկերությունները, սակայն միայն ՕՊԵԿ+-ի և նավթի այնպիսի խոշոր արտադրողների հետ, ինչպիսին ԱՄՆ է:
Ռուսաստանը ակնկալում էր, որ այն երկրները, որոնք օրական ընդհանուր առմամբ 70 միլիոն բարել նավթ են արտահանում, կմիանան ՕՊԵԿ+-ի նոր համաձայնագրին: Դրանց թվում են Բրազիլիան, Նորվեգիան, Կանադան, ԱՄՆ-ն։ Սակայն ԱՄՆ-ն սկզբից ևեթ ոչ միայն չհամաձայնեց միանալ ՕՊԵԿ+-ին, այլ մեղադրեց կողմերին ստեղծված իրավիճակի համար։ Դոնալդ Թրամփը սպառնաց Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային կիրառել իր լծակները, սակայն այժմ փորձում է դեռ «միջին մի բան գտնել»: Լծակներ ասելով նախագահն առաջին հերթին նկատի ուներ պատժամիջոցները, որոնք վերջին տարիներին դարձել են նրա հիմնական զսպման գործիքը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Խոսակցություններ կային, որ եթե Մոսկվան և Էր-Ռիադը չկարողանան նոր համաձայնության գալ, ապա ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Սաուդյան Արաբիային և նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ։
Ակնհայտ է, որ նավթի գինը ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին, որը 2007թ.-ից մինչև 2013թ.-ին իր թերթաքարային նավթի արտահանումը 5 անգամ ավելացրել է` նավթ արտահանող երկրների ցուցակում դառնալով 3-րդը։ 2019թ.-ին ԱՄՆ-ն արտահանել է 543 մլն տոննա նավթ, իսկ Ռուսաստանը` 554մլն տոննա։
Թերթաքարային նավթի կազմակերպություն ԱՄՆ-ում
Որոշ փորձագետներ գտնում էին, որ 2020թ.ին ԱՄՆ-ն արտահանման ծավալով կանցնի ՌԴ-ին, սակայն այս տարի, նավթի գների անկումից առաջ, ամերիկյան նավթային ընկերությունները խնդիրներ ունեին, իսկ փոքր ընկերություններն ընդհանրապես սննակացել էին՝ չափից դուրս վարկավորվելու պատճառով։ Ուստի գնանկումը կարող է այս ընկերներություններին վերջնականապես սննակացնել։ Սա ևս չստիպեց Դոնալդ Թրամփին վրա վրա վերցնել ՕՊԵԿ+-ի սահմանափակումները՝ նշելով, որ ամերիկյան ընկերություններն ավտոմատ կրճատել են նավթի արտահանումը, իսկ ՕՊԵԿ-ը համարեց ոչ օրինական մոնոպոլիա է, որը կործանում է ինքն իրեն։
Սակայն այս հայտարարություններին զուգահեռ ապրիլի 1-ից սկսվեցին Թրամփի՝ նախագահ Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաիդի միջև հեռախոսազանգերը, որից հետո նավթի գինը բարձրացավ 30$-ից։ Իսկ արդեն 10-ին ՕՊԵԿ+-ը և մի շարք երկրներ համաձայնության եկան։
«Նոր» ՕՊԵԿ+-ը
Մ եկ ամիս տևող բանակցությունները, ինչպես նաև կողմերի մեղադրանքներն ու պահանջներն ապրիլի 10-ին հասան վերջնարդյունքի։ ՕՊԵԿ+-ի երկները հեռահար բանակցության արդյունքում ապրիլի 10-ին համաձայնվեցին նոր պայմանների՝ մեկ ամսվա դադարից հետո վերագործարկելով ՕՊԵԿ+-ը։
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սանուսի Բարկինդոյի և ՕՊԵԿ-ի և ոչ ՕՊԵԿ-ի նախարարների հետ վիրտուալ հանդիպումը
Նոր պայմանավորվածության արդյունքում ՕՊԵԿ+-ը պարտավորվեց կրճատել արտահանումը օրական 10 մլն բարելով, որը համաշխարհային շուկա մատակարավող նավթի 10%-ն է, իսկ 5 մլն բարել այն երկրները, որոնք կօգնեն հաղթահարելու ճգնաժամը՝ դրանց թվում նաև ԱՄՆ-ն։ Այս պայմանները կգօրծեն 2 տարի. հաջորդ կես տարում նավթի արտահանման ծավալը կկրճատվի 8 մլն բարելով, իսկ 2021թ.-ին՝ 6 մլն բարելով։ Ռուսաստանը կկրճատի արտահանվող նավթը օրական 2.5մլն բարելով, որն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի մեկից և կավարտվի 2020թ.-ի ապրիլի 30-ին։
ՕՊԵԿ+-ի միակ երկիրը, որը հրաժարվել է կրճատել նավթի ծավալները սահմանված չափով Մեքսիկան է, որը պայմանավորված 350 հազարի բարելի փոխարեն հայտարարեց, որ կրճատելու է 100 հազար բարել, սակայն Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է կրճատել ևս 250 հազար բարել նավթ՝ ի աջակցություն Մեքսիկայի։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած G20-ի համաժողովը նույնպես նվիրված էր նավթի գների կարգավորմանը։ Այս հանդիպմանը որոշվեց, որ կստեղծվի մոնիթորինգային խումբ, որ նավթային շուկան կարգավորելու միջոցառումներ կիրականացնի, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերին։
Ակնհայտ է, որ նոր պայմանավորվածության արդյունքում նավթի գները այլևս չեն իջնի, սակայն միանգամից ակնկալել, որ դրանք կհասնեն 40-60$-ի՝ անիմաստ է։ Նավթի շուկայի վերականգնումը, հավանաբար, կլինի տարվա երկրորդ կեսին,
Ակնկալվող հետևանքները
Ի նչքանո՞վ կազդեր Ռուսաստանի տնտեսության վրա եղած գինը, եթե կողմերը չկարողանային «փրկել» ՕՊԵԿ+-ի համաձայնագիրը, որի շնորհիվ նավթի գինը 30$-ից 2016թ.-ին վերջին հասավ 45$-ի, իսկ 2018թ.-ին՝ 70$-ի։
ՕՊԵԿ+-ի գոյության 3 տարում Ռուսաստանի բյուջեի եկամուտներն ավելացել է 6.2 տրիլիոն ռուբլիով։ Ընդ որում, դրանց շուրջ 45 %-ը ձևավորվորվում է նավթի վաճառքի հասույթից։ Ընդդիմությունը, և ընդհանրապես՝ Արևմուտքը, հաճախ են շեշտում, որ Ռուսաստանի տնտեսությունը «նստած է նավթային ասեղի վրա»։ Ուստի ռուսաստանյան իշխանությունները փորձում են նվազեցնել երկրի բյուջեի կախվածությունը նավթից՝ զանազանեցնելով այն։ 2019թ.-ին նավթից ստացված հասույթը նվազել է 4 %-ով՝ հասնելով 40.8%-ի։ Փորձ է արվում 2020թ.-ին այն հասցնել 35%-ի։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ գների նման մակարդակի դեպքում ՌԴ բյուջեն կկրճատվի մոտ 2 տրիլիոն ռուբլով։ Նախարարը նշել է, որ էներգայի գնի ներկայիս մակարդակի չփոփոխվելու դեպքում, ՀՆԱ-ի նախատեսված 0.8% հավելաճի փոխարեն կունենան 1% անկում։ Բացի այդ, շեշտվում է, որ Ռուսաստանն ունի 570 մլրդ դոլար արժողությամբ միջազգային պահուստներ, սակայն քիչ հավանական է, որ այն կօգտագործվի։ Ըստ Ռուսական բանկի 2019թ-ին առաջարկած սթրես-սցենարի, եթե 2020-ին նավթի գինը հասներ 20$-ի, ապա ՀՆԱ-ն կնվազի 1.5-2%-ով։ Որոշ մասնագետների հաշվարկներով Ռուսաստանը կդիմանար այս գներին առնվազն 18 ամիս, սակայն ՕՊԵԿ+-ի հաջող բականցությունները թույլ չտվեցին նման սցենարի իրականացումը։