Ռուսաստանի քաղաքականությունը լիբիական խնդրում

13 ր.   |  2020-03-31
Ճգնաժամի էությունը և աշխարհաքաղաքական ենթատեքստը

2 011թ. Մուամմար Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում քաոսային իրավիճակը չավարտվեց։ Տարբեր կլանների ներքին բախումներն ու անիշխանությունը շարունակվում են։ Այս պահին Լիբիայում փաստացի երկիշխանություն է։ Մեկը մայրաքաղաք Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունն է՝ վարչապետ Ֆաիզ Մուսթաֆա Սարաջի գլխավորությամբ, որը ձևավորվել է 2016թ. և վերահսկում է հիմնականում երկրի արևմտյան հատվածը։ Ներկայում նրա վերահսկողության տիրույթը խիստ սահմանափակ է։

Մյուս իշխանությունը երկրի գրեթե 95%-ը վերահսկող Լիբիական ազգային բանակն է՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որն ի սկզբանե վերահսկում էր երկրի արևելյան հատվածը։ Հաֆթարի իշխանության կենտրոնը Թոբրուկ քաղաքն է։ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի բնորոշմամբ՝ այս երկու իշխանության առաջնորդներն ի վիճակի չեն անգամ միաժամանակ լինել մեկ սենյակում։

Թեև միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ճանաչել է Ազգային համաձայնության կառավարությունը որպես Լիբիայի օրինական իշխանություն, այնուամենայնիվ, իրավիճակը միանշանակ չէ, քանի որ մարշալ Հաֆթարի ղեկավարած ռազմաքաղաքական ուժը նույնպես հակամարտության կողմ է, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է նաև վերջինիս օրինականությունը։ Իսկ գործնականում մարշալն ավելի է վայելում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների համակրանքն ու աջակցությունը, քան Տրիպոլիի կառավարությունը, որի իշխանության տարածվում է մայրաքաղաքով։

Հակամարտող կողմերի նկատմամբ միջազգային դերակատարների վերաբերմունքը փորձագիտական շրջանակներում տարբեր գնահատականների է արժանանում։ Թուրք փորձագետ, Յըլդրըմ Բեյազիթի անվան համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) ղեկավար Սալիհ Յըլմազի կարծիքով՝ Հաֆթարին աջակցում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Որպես այս պնդման ապացույց՝ փորձագետը վկայակոչում է նաև այն փաստը, որ լիբիական հակամարտության ընթացքում խփված մի ուղղաթիռի մեջ եղել է ֆրանսիացի երեք զինվորի մարմին[1]։

Ավելացնենք նաև, որ Լիբիական ազգային բանակին աջակցում է նաև Ռուսաստանը, իսկ Տրիպոլիի կառավարությանը՝ Թուրքիան, Իտալիան և Կատարը։

Ռուսական փորձագիտական շրջանակները Ֆաիզ Մուսթաֆա Սարաջի կառավարությանն աջակցող միջազգային տերությունների թվում հիշատակում են նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան[2]։

1986թ. դեկտեմբերին Չադի հետ պատերազմի ժամանակ գեներալ Խ. Հաֆթարը եղել է Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի հավատարիմ զինվորականներից մեկը և պաշտպանել Չադի նկատմամբ տարածքային հավակնությունների նրա քաղաքականութունը։ Սակայն պատերազմում լիբիական զորքի անհաջողությունից և գերեվարվելուց հետո նա մեղադրվել է դավաճանության մեջ, այնուհետև ԱՄՆ-ի միջնորդությամբ ազատ արձակվել ու տեղափոխվել ԱՄՆ՝ Վիրջինիայի ռազմական շտաբ, որտեղ էլ պատրաստություն է անցել։ 2011թ. լիբիական խռովության ժամանակ Հաֆթարն ակտիվ դերակատարություն է ունեցել Մ. Քադաֆիի տապալման գործում։ Այնուհետև դատական հետապնդումներից խուսափելու համար հեռացել է ԱՄՆ և նորից վերադարձել 2014-ին ու զինված պայքար սկսել՝ գրավելով Լիբիայի կարևոր նավթահանքերը։ Այս հանգամանքների հիման վրա էլ վերոհիշյալ թուրք փորձագետը Հաֆթարին և նրա ղեկավարած Լիբիական ազգային բանակը համարում է արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ղեկավարվող ռազմաքաղաքական ուժ[3]։

Ներկայում մարշալը ձգտում է իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունը՝ իր գործողությունները հիմնավորելով այն հանգամանքով, որ Ազգային համաձայնության կառավարությունն ի սկզբանե ձևավորվել է որպես ժամանակավոր, և նրա գործունեության ժամկետը սպառվել է։ Բացի այդ, Լիբիական ազգային բանակին պաշտպանում է դեռևս 2014թ. ընտրված խորհրդարանը, որը կառավարության հետ ունեցած սուր հակասությունների հետևանքով մայրաքաղաքից տեղափովել է Թոբրուկ։


Լիբիական ազգային բանակի հրամատանար, մարշալ Խալիֆա Հաֆթարը

Հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված կողմերի քանակը ցույց է տալիս, որ Լիբիայի ներքաղաքական պայքարը կամ, որ ավելի ճիշտ է՝ քաղաքացիական պատերազմն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչի հետևանքով երկիրը վերածվել է միջազգային պայքարի թատերաբեմի։ Գերմանիայի կանցլեր Մերկելի բնորոշմանբ՝ լիբիական հակամարտությունը միջնորդավորված, ուրիշի ձեռքերով պատերազմ է[4]։ Միջազգային դերակատարների նման մեծ հետաքրքրությունը պայմանավորված է մի քանի հիմնական գործոնով.

  • Լիբիայում և արևելյան Միջերկրականում նրան պատկանող էներգետիկ պաշարներով,
  • աշխարհագրական դիրքով, որը կարևոր հենակետ է ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Աֆրիկյան մայրցամաքում,
  • ներգաղթյալների խնդրով։

Մասնավորապես, Լիբիային պատկանող նավթահանքերի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս Արևմուտքին սահմանափակել եվրոպական երկրների կախվածությունն իրանական նավթից և այդ կերպ շարունակել ճնշման քաղաքականությունը վերջինիս նկատմամբ։ Այդ է պատճառը, որ արևմտյան երկրները հիմնականում աջակցում են երկրի նավթահանքերի մեծ մասն իր վերահսկողության տակ պահող Հաֆթարին՝ փորձելով նրա միջոցով իրենց վերահսկողության տակ պահել Լիբիայի էներգետիկ պաշարները, նրա մայրցամաքային շելֆը[5] և փոխադրել արևելյան Միջերկրականի բնական գազը դեպի Եվրոպա[6]։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև Հունաստանը, Իսրայելն ու Եգիպտոսը միաժամանակ ձգտում են կանխել երրորդ կողմի վերահսկողության հաստատումը այդ նավթագազային պաշարների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, ապա վերջիններիս միջոցով են արևմտյան տերություններն իրականացնում իրենց քաղաքականությունը Լիբիայում, օրինակ, արևմտյան զենքը հասցնում Հաֆթարի զինված ուժերին։

Թուրքիան լիբիական հարցում հետապնդում է մի քանի նպատակ.

  1. Առաջինը նորօսմանականության գաղափարախոսության վրա հիմնված նրա արտաքին քաղաքականությունն է, որը ենթադրում է վերահսկողության հաստատում նախկին Օսմանյան կայսրության տարածքներում։ Իսկ Լիբիան, ինչպես գիտենք, մինչև 1912թ. Օսմանյան կայսրության կազմում էր։
  2. Թուրքիան նույնպես անտարբեր չէ լիբիական նավթային պաշարների և Միջերկրական ծովում հայտնաբերված գազի հանքերի նկատմամբ։
  3. Թուրքիայի ակտիվությունը լիբիական հարցում բացատրվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի (նաև՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի) գերակայությունը կանխելու հրամայականով, ինչը կարող է տեղի ունենալ նրա ազդեցության հաշվին, հետևաբար, սպառնալիք է նրա ազգային անվտանգությանը։ Ներկայում Հունաստանը, ըստ Սալիհ Յըլմազի, գրավել է Լիբիայի ծովային տարածքից 39 հազ. կմ2, որով փորձ է արել իր վերահսկողության տակ պահել արևելյան Միջերկրականում Լիբիայի և հարավային Կիպրոսի միջև ընկած մայրցամաքային շելֆը և ստեղծել սեփական մայրցամաքային շելֆ ողջ Միջերկրականում[7]։ Այդ կերպ նաև կտրվում է ծովային հաղորդակցությունը Թուրքիայի և Լիբիայի միջև։ Եթե Հաֆթարը կարողանա ամբողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել Լիբիայում, ապա դա սպառնալիք կլինի Թուրքիայի ներկայությանը Միջերկրական ծովում։

Ռուսաստանի քաղաքականությունը

Լ իբիական խնդրում Ռուսաստանի հետաքրքրվածությունը ունի երկու հարթություն՝ քաղաքական և տնտեսական։ Քաղաքական առումով հյուսիսաֆրիկյան այդ երկրում ներկայության ամրապնդումը թույլ կտա Մոսկվային էլ ավելի ուժեղացնել դիրքերն ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում։ Դա էական քայլ է Ռուսաստանի՝ տարածաշրջանային տերությունից համաշխարհային մասշտաբով գերտերություն դառնալու ճանապարհին։

Ռուսաստանի ակտիվությունը Լիբիայում անհրաժեշտ է դիտարկել Մերձավոր և Միջին Արևելքում նրա քաղաքականության համատեքստում։ Մոսկվայի հաջողությունները Սիրիայում, այդ երկրի կործանման կանխումը, զարգացող հարաբերությունները տարածաշրջանային այնպիսի պետությունների հետ ինչպիսիք են Եգիպտոսը, Իրանը, Իսրայելը և այլն, մեծացրել են Ռուսաստանի հեղինակությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ արաբական աշխարհում, ինչը տեղի է ունեցել Արևմուտքի նկատմամբ մերձավորարևելյան ժողովուրդների վստահության որոշակի նվազման ֆոնին։

Այսպիսով, Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը լիբիական ճգնաժամի հաղթահարման գործում Մերձավոր և Միջին Արևելքում նրա հեղինակության ու ազդեցության աճի արդյունքն ու արտահայտությունն է։ Այս համատեքստում ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ լիբիական ճգնաժամի վաղ փուլում Ռուսաստանը գրեթե որևէ դերակատարություն չուներ. նրա դերն սկսեց աճել հատկապես վերջին տարիներին՝ 2015թ. հետո։

Արևմտյան վերլուծական որոշ շրջանակներ վտանգ են տեսնում Ռուսաստանի գործողությունների մեջ։ Խնդիրը կապված է երկու հարցի հետ՝ էներգակիրների և ներգաղթյալների։ Վերահսկողություն հաստատելով Լիբիայի նավթագազային պաշարների վրա՝ Ռուսաստանը կարող է միջազգային շուկայում նավթի գնի ձևավորման վրա ազդեցության լուրջ լծակներ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է ներգաղթյալներին, ապա խնդիրը կապված է Լիբիայի՝ անօրինական գաղթի կարևոր հանգույց լինելու հետ։ Այդ երկրից Եվրոպա են գաղթում ոչ միայն լիբիացիներ, այլև միգրանտներ Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից։ Հետևաբար, ամրապնդելով դիրքերը Լիբիայում՝ Ռուսաստանը ազդեցություն կունենա նաև Եվրոպա գաղթականության հոսքը վերահսկելու հարցում։ Երկու դեպքում էլ՝ թե՛ էներգակիրների և թե՛ միգրանտների հոսքի նկատմամբ վերահսկողությունը լուրջ հաղթաթուղթ կլինի Արևմուտքի հետ բանակցելիս՝ Ռուսաստանին հնարավորություն տալով լուրջ զիջումներ կորզել։

Այնուամենայնիվ, քանի որ միգրանտների խնդիրը բավական սուր է Եվրոպական Միության համար, ապա վերջինս, ի դեմս Ռուսաստանի, տեսնում է նաև գործընկեր Լիբիայից գաղթականների հոսքը Եվրոպա կանխելու կամ գոնե՝ կառավարելի դարձնելու համար։

Ռուսաստանի լիբիական քաղաքականությունը միտված է նաև տարածաշրջանում Թուրքիայի նորօսմանական նկրտումները չեզոքացնելուն, ինչի պատճառով էլ լիբիական խնդիրը վերածվել է ռուս-թուրքական հարաբերությունների «խութերից» մեկի։

Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է Իդլիբից ահաբեկիչների Լիբիա ներթափանցման մասին, ինչը, թերևս, քողարկված մեղադրանք է Թուրքիային՝ նկատի ունենալով, որ այդ նահանգում, համաձայն 2018թ. սեպտեմբերի 17-ի Սոչիի ռուս-թուրքական հուշագրի, վերահսկողությունը, հետևաբար՝ պատասխանատվությունը, ստանձնել է Թուրքիան։ Իսկ թուրքական կողմը հակադարձում է, որ այդ ահաբեկիչները համագործակցում են մարշալ Հաֆթարի հետ։

Ինչ վերաբերում է ռուսական տնտեսական շահերին, ապա դեռ 1960-ականների վերջից, երբ իշխանության եկավ Մ. Քադաֆին, ԽՍՀՄ-ի և Լիբիայի միջև ձևավորվել էին առևտրատնտեսական հարաբերություններ, և Լիբիան ռուսական զենքի կարևոր գնորդներից էր։ Ռազմատեխնիկականից բացի, երկու երկրների միջև իրականացվել են բազմամիլիարդանոց այլ գործարքներ[8], և նախկին ակտիվ հարաբերությունների հիշողությունը պահպանվում է։ Հետևաբար, Ռուսաստանը շահագրգռված է Քադաֆիի նման ուժեղ առաջնորդի իշխանության ներքո Լիբիայում կայունության հաստատմամբ՝ նախկին տնտեսական կապերը վերականգնելու ակնկալիքով։ Ներկայում էլ ռուսական նավթային ընկերությունները հետաքրքրված են լիբիական էներգակիրներով և պայմանագրեր ունեն Լիբիայի Ազգային նավթային ընկերության (NOC) հետ[9]։

Ելնելով ռազմավարական շահերից՝ Ռուսաստանը որդեգրել է Լիբիայում խաղաղության և կայունության աստիճանական վերականգնման քաղաքականություն, որը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում պետք է հաստատել կայուն հրադադար, երկրորդում՝ բանակցություններով ու կողմերի փոխհամաձայնությամբ պետք է վերականգնվի երկրի միասնականությունը՝ իշխանության ընդհանուր մարմիններով։

Այս քաղաքականությամբ թելադրված՝ Ռուսաստանը կապեր է պահպանում երկու հակամարտող կողմերի հետ։ Մի կողմից՝ Մոսկվան պաշտոնական հարաբերությունների մեջ է Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարության հետ, ընդհուպ մինչև 2019թ. Ռուսատան-Աֆրիկա գագաթաժողովի շրջանակներում նախագահ Վ. Պուտինի կողմից վարչապետ Ֆ. Սարաջի ընդունումը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել նաև առկա իրողության՝ Լիբիայի մեծագույն մասում Լիբիական ազգային բանակի վերակսկողության հետ և կապեր չհաստատել նաև այդ ռազմաքաղաքական ուժի հետ։ Չի բացառվում, որ հեռանկարում Ռուսաստանը նաև Հաֆթարին է տեսնում ապագա միասնական Լիբիայի առաջնորդի՝ Մ. Քադաֆիին փոխարինողի դերում, հետևաբար, ձգտում է համագործակցության վերջինիս հետ։ Այստեղ կարևոր գործոն է նաև այն, որ մարշալը ժամանակին սովորել է ԽՍՀՄ-ում և գիտի ռուսերեն ռուսերենին՝ հակառակ այն իրողությանը, որ Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆ. Սարաջն ունի իսլամիստական հայացքներ և նաև այդ պատճառով է վայելում Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությունը։

Լիբիայում իր քաղաքականությունը Ռուսաստանը, բացի դիվանագիտական և քարոզչական միջոցներից, իրականացնում է նաև ռազմական եղանակներով։ Ժամանակին մարշալ Հաֆթարը խոսել է Ռուսաստանից զենք գնելու հնարավորության մասին, սակայն ՄԱԿ-ի սահմանած էմբարգոյի պատճառով այդ մտադրությունը հնարավոր չի եղել իրականացնել։

Այնուամենայնիվ, ինչպես թուրքական կողմը, այնպես էլ արևմտյան մամուլը բազմիցս խոսել են Լիբիայում ռուսական զինուժի առկայության մասին[10]։ Համաձայն Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Լիբիայում կռվում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները, որոնց թիվը երկու հազար է[11]։ Համաձայն մեկ այլ հրապարակման՝ Ռուսաստանը մասնավոր ռազմական ընկերության քողի տակ Լիբիայում երկու ռազմաբազա է հիմնել[12]։

Պաշտոնական Մոսկվան տևական ժամանակ հերքել է Լիբիայում ռուսական զինուժի ներկայության մասին տեղեկությունները, սակայն 2020թ. «Վագներ»-ի վարձկանների մասին նախագահ Պուտինն ասաց, որ եթե Լիբիայում անգամ կան ռուս վարձկաններ, ապա նրանք չեն վճարվում պետության կողմից և չեն ներկայացնում Ռուսաստանի շահերը[13]։ Այսպիսով, ՌԴ նախագահը, ժխտելով Ռուսաստանի իշխանությունների կապը Լիբիայում գործող վարձկանների հետ, միաժամանակ չբացառեց նրանց ներկայությունը Լիբիայում։

Բեռլինյան գագաթաժողովի արդյունքները

Ռ ուսաստանի ակտիվ դերակատարությունը լիբիական ճգնաժամի հաղթահարման գործում դրսևորվեց հատկապես հակամարտության վերջին սրման և լիցքաթափման գործընթացում։ 2019թ. գարնանից Լիբիական ազատ բանակը փորձում էր գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որի կառավարությունը օգնության խնդրանքով դիմեց Թուրքիային։ Վերջինս էլ, ի դեմս նախագահ Էրդողանի, պատրաստակամությամբ ընդունեց խնդրանքը՝ պատրաստվելով զորք և զինամթերք ուղարկել, ինչն արժանացավ միջազգային այլ դերակատարների, այդ թվում՝ Ռուսաստանի[14] բացասական արձագանքին։ Այնուամենայնիվ, թուրքական որոշակի զինուժ հայտնվեցին Լիբիայում[15]։

Իրավիճակը հաջողվեց մեղմել 2020թ. հունվարի 12-ին հրադադարով, որը ձեռք բերվեց Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ։ Թեև հունվարի 13-ին Մոսկվայում չհաջողվեց հասնել հակամարտող կողմերի միջև հրադադարի պայմանագրի ստորագրման[16], այնուամենայնիվ, լարվածության թուլացման գործընթացը շարունակվեց լիբիական ճգնաժամի շուրջ հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովում։


Բեռլինյան գագաթաժողովի մասնակիցները

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ լիբիական ճգնաժամի հաղթահարումը կարող է տեղի ունենալ լիբիացիների միջոցով[17], Ռուսաստանը հասավ նրան, որ բեռլինյան գագաթաժողովին  մասնակցեն նաև հակամարտող կողմերը՝ վարչապետ Ֆ. Սարաջն ու մարշալ Հաֆթարը։ Բացի այդ, Ռուսաստանի ջանքերով ընդլայնվեց գագաթաժողովին մասնակից Լիբիայի հարևան երկրների շրջանակը, քանի որ, համաձայն ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի, նրանց շահերի ապահովումը և նրանց կարծիքների հետ հաշվի նստելը կարևոր է ցանկացած պայմանավորվածության կայուն լինելու համար[18]։

Ինչ վերաբերում է մոտ հինգ ժամ տևած գագաթաժողովին[19], ապա արդյունքներն ամփոփվեցին հինգ բաժնից բաղկացած եզրափակիչ փաստաթղթում, որտեղ ճգնաժամի հաղթահարման կոնկրետ գործողությունների հանձնարարություններ և առաջարկություններ կային։ Հինգ բաժիններից յուրաքանչյուրը վերաբերում է ճգնաժամի հաղթահարման առանձին հարթության.

  1. անվտանգային[20]
  2. քաղաքական[21]
  3. տնտեսական,
  4. մարդասիրական,
  5. միջազգային[22]

Արձանագրված հաջողությունների թվին կարելի է դասել նաև հակամարտող կողմերի հնգական ներկայացուցչից բաղկացած ռազմական խորհրդի ձևավորումը, որի նպատակն է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այն պարագայում, երբ խորը հակասությունների պատճառով կողմերը դժվարանում են անգամ շփումների մեջ մտնել միմյանց հետ, նման փոքրիկ քայլը կարելի է դիտել որպես կարևոր առաջընթաց։

Այսպիսով, լիբիական ճգնաժամի հաղթահարման ռուսական տեսլականի առաջին փուլը՝ արյունահեղության դադարեցումը, արդեն իրականություն է։ 2020թ. հունվարի 12-ից հաստատվել է հրադադար։ Այն պահպանվում է առայսօր։ Կան նախադրյալներ այդ հրադադարը կայուն ու տևական դարձնելու համար։ Չնայած երկրորդ փուլի՝ քաղաքական փոխհամաձայնության միջոցով ազգային միասնության հասնելու և միասնական իշխանության մարմինների ձևավորման հեռանկարներն այս պահին մշուշոտ են՝ պայմանավորված հակամարտող կողմերի խիստ տարբեր մոտեցումներով միջազգային դերակատարների ուղղակի և անուղղակի ներգրավվածությամբ[23], այնուամենայնիվ, տևական հրադադարի հաստատումը կհանգեցնի Լիբիայում կայունության վերահաստատմանը, ինչն էլ իր հերթին կարող է ճգնաժամի հաղթահարման քաղաքական գործընթացն առաջ մղելու հիմք դառնալ։


[1] Տե՛ս Салих Йылмаз, Политика России в Ливии. Стать мишенью своего же оружия?

[2] Տե՛ս, օրինակ, Петр Акопов, Что получит Россия от примирения в Ливии

[3] Տե՛ս Салих Йылмаз, նշվ. աշխ.։

[4] Керстен Книпп, Елена Гункель, ЧВК Вагнера на стороне Хафтара: станет ли Ливия для России второй Сирией?

[5] Շելֆ – առափնյա ծանծաղուտ կամ մայրցամաքային ծանծաղուտ, մայր ցամաքի ստորջրյա այն հարթությունը, որը հարում է ափին և երկրաբանական կառուցվածքով նրա հետ բնութագրվում է ընդհանուր հատկանիշներով։ Մանրամասն տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ. 7, Եր., 1981, էջ 207։

[6] Салих Йылмаз, նշվ. աշխ.։

[7] Նույն տեղում։

[8] Кирилл Жаров, Враги или союзники. Смогут ли Россия и Турция возглавить мирный процесс в Ливии

[9] Керстен Книпп, Елена Гункель, նշվ. աշխ.։

[10] Տե՛ս, օրինակ, Bel Trew, Russians will arm Libyan general in challenge to West

[11] Турция и Тунис выступают за стабильность в Ливии

[12] Tom Newton Dunn, Putin Troops in Libya

[13] Путин ответил на вопрос о российских наемниках в Ливии

[14] Տե՛ս Ответ официального представителя МИД России М.В.Захаровой на вопрос СМИ о подписании меморандумов между Турцией и Правительством национального согласия Ливии

[15] Տե՛ս Турция направила спецназ на помощь Сараджу в Ливии

[16] Տե՛ս Хафтар в Москве попросил «дополнительное время» ; Стороны ливийского конфликта не смогли прийти к согласию в Москве ; Глава ПНС Саррадж отказался встречаться с Хафтаром в Москве

[17] Տե՛ս Позиция России по ситуации в Ливии

[18] Заявление для СМИ и.о. Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова по итогам Международной конференции по Ливии, Берлин, 19 января 2020 года

[19] Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները նույնպես տևել էին բավական երկար՝ մոտ 4 ամիս։

[20] Վերաբերում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։

[21] Առնչվում է խաղաղ գործընթացին։

[22] Վերաբերում է ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային հանրության աջակցությանը վերոհիշյալ ուղղություններով գործընթացներին։

[23] Այս առնչությամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշել է. «Տարբեր երկրներ հարաբերություններ են պահպանում հակամարտող երկու կողմերի հետ էլ։ Եվ այդ հարաբերությունների մակարդակը տարբեր է»։ Большая пресс-конференция Владимира Путина