Թուրքիայի տնտեսական ներկայությունը Ղազախստանում
9 ր. | 2020-03-23Անկարայի համար Ղազախստանը կարևոր նշանակություն ունի նախևառաջ թյուրքական աշխարհի հետ համերաշխության համատեքստում։ Ղազախստանը կարևոր գործընկեր է հետխորհրդային տարածքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում՝ ի հակակշիռ Մոսկվայի։ Թուրքիայում զգալի ուշադրություն են դարձնում Ղազախստանի դերակատարմանը՝ Ռուսաստանին շրջանցող Արևելք-Արևմուտք տրանսպորտային-հաղորդակցական միջանցքում։
2 010-2019թթ. Թուրքիայի արտահանումները թյուրքական աշխարհի երկրներ կազմել են $50.9 մլրդ։ Այդ ցուցանիշով առաջատարը Ադրբեջանն է՝ $19.6 մլրդ, որին հաջորդում են Թուրքմենստանը՝ $13.5 մլրդ, Ղազախստանը՝ $8.4 մլրդ։ Միայն 2019-ին թյուրքական աշխարհ Թուրքիայի արտահանումները կազմել են 4.7 մլրդ ԱՄՆ դոլար։
Աղբյուրը՝https://www.aa.com.tr/ru/экономика/экспорт-турции-в-страны
Նկատենք, որ Թուրքիան ներառված չէ Ղազախստանի ինչպես առևտրային հիմնական գործընկերների, այնպես էլ օտարերկրյա առաջատար ներդրող երկրների ցուցակում։ Այսպես, 2018-ին Թուրքիան ընդգրկված չէ Ղազախստանի առևտրային 10 առաջատար գործընկերների ցուցակում։ Ղազախստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որին հաջորդում են Իտալիան ու Չինաստանը։
Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection
2018-ի առաջին 9 ամիսներին Ղազախստանի ամենախոշոր օտարերկրյա ներդրողը Նիդեռլանդներն է՝ օտարերկյա ուղիղ ներդրումների (ՕՈւՆ) 27.4%-ով, իսկ 2-րդ դիրքում ԱՄՆ-ն է (22.8%)։ Նիդեռլանդների ու Միացյալ Նահանգների մասնաբաժինը Ղազախստանում իրականացված ՕՈւՆ-երի ընդհանուր ծավալի ավելի քան կեսն է՝ 50.2%-ը։
Աղբյուրը՝ https://invest.gov.kz/upload/iblock/54a/54acc80
Ղազախստանի ԱԳՆ ներդրումների հանձնաժողովի տվյալներով, 2019-ի առաջին կիսամյակում Ղազախստանում ամենախոշոր օտաերկրյա ներդրողը կրկին Նիդեռլանդներն է՝ $3․4 մլրդ։ Հաջորդաբար բարձր են եղել ԱՄՆ-ի ($2.9 մլրդ), Շվեյցարիայի ($1 մլրդ), Չինաստանի ($922 մլն) ու ՌԴ ($632 մլն) ներդրումային ցուցանիշները։ Թուրքիան զբաղեցրել է ցուցակի 9-րդ դիրքը՝ $275 մլն։ Առաջատար ներդրողների ցանկը ավարտվում է Ճապոնիայով՝ $214 մլն։
Ղազախստանի անկախացումից ի վեր Ղազախստանի տնտեսությունում Թուրքիայի ՕՈւՆ-երը կազմում են շուրջ $4 մլրդ։ 2005-2017թթ․ ընկած ժամանակահատվածում Ղազախստանում իրականացված թուրքական ուղիղ ներդրումների դինամիկան առանձնացել է որոշ տատանումներով։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2007 և 2013-ին՝ համապատասխանաբար $347 և $271 մլն։ Այդ ժամանակահատվածում, որպես կանոն, Թուրքիայի մասնաբաժինը չի գերազանցում Ղազախստանում իրականացված ողջ ՕՈւՆ-երի 2%-ը[1]։ 2017-ին Ղազախստանում իրականացվել է ընդհանուր առմամբ $20․7 մլրդ ծավալի ներդրում, որից Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 1․24%։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2440405.html
2019-ի առաջին կիսամյակում Թուրքիան Ղազախստանում իրականացրել է $275 մլն ներդրում, 2018-ի առաջին կիսամյակում՝ $148 մլն։
2005-2012թթ․ Ղազախստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը կայուն աճել է, 2012-2015թթ․՝ կայուն նվազել․ 2015-ից կրկին նկատվել է ծավալների որոշակի աճ։ 2005-2019թթ․ հանրապետությանն ուղղված ՕՈւՆ-երի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2012-ին՝ $28․8 մլրդ։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2440405.html,
https://eadaily.com/ru/news/2019/06/21/v-2018,
https://strategy2050.kz/ru/news/v-kazakhstane
2014-2019թթ. Ղազախստան-Թուրքիա առևտրաշրջանառությունում ամենաբարձր ցուցանիշը 2014-ին է՝ $3.2 մլրդ։ 2014-2016թթ. երկկողմ առևտրաշրջանառությունը կայուն նվազել է, 2016-ից նկատվել է աճ։ 2019-ին երկկողմ առևտրաշրջանառությունը $3.1 մլրդ էր։
Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection
2014-2018թթ. Ղազախստանից Թուրքիա արտահանումը, որպես կանոն, գերազանցել է Թուրքիայից ներմուծմանը․ քանակական տարբերությունն առավել ակնհայտ է հատկապես 2014-ին։ 2018-ին Ղազախստանը Թուրքիա է արտահանել $1.2 մլրդ ապրանք, ներկրել՝ գրեթե կրկնակի քիչ՝ $655մլն։
Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection
2018-ին Ղազախստանից Թուրքիա արտահանման մեջ բարձր են եղել հում նավթն ու նավթամթերքը ($463 մլն), զտված պղինձը, պղնձե չմշակված համաձուլվածքները ($274.4 մլն), չմշակված ալյումինը ($189.4 մլն), ցորենը ($58.8 մլն), չմշակված ցինկը ($56.6 մլն)։ Ղազախստանը Թուրքիայից ներկրել է տեքստիլ ապրանք ($149.2 մլն), սև մետաղ ($51.9 մլն), վերգետնյա տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ ($37.2 մլն), պլաստմասսա ($29.6 մլն)։
Ղազախստանը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի էներգետիկ պահանջարկի ապահովման, ինչպես նաև Ռուսաստանից ու Իրանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու առումով։ Անկարան կարևորում է Ղազախստանի դերը Թուրքիայի տարածքով դեպի եվրոպական և այլ շուկաներ էներգակիրների արտահանման հարցում[2]։ 2018-ի տվյալներով, Ղազախստանի նավթի հայտնաբերված պաշարը շուրջ 30 մլրդ բարել է` կազմելով համաշխարհային պաշարի շուրջ 1․8%-ը։ Երկրի բնական գազի հայտնաբերված պաշարները գնահատվում են 1.9 տրլն մ3 կամ համաշխարհային պաշարի 1%-ը։
2014-2018թթ. Ղազախստանից Թուրքիա արտահանված հում նավթի ու նավթամթերքի ցուցանիշներում ամենաբարձրը արձանագրվել է 2014-ին՝ 1.2 մլն տոննա։ Ընդ որում, 2014-2017թթ. նկատվել է այս ապրանքախմբի արտահանման կայուն նվազում. 2018-ին այն կրկին աճել է՝ 817 հազ. տոննա։ 2016-ին Թուրքիա ներկրված հում նավթի ընդհանուր ծավալում Ղազախստանի ցուցանիշը կազմել է 3%։
Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection
2017-ին Թուրքիան ներկրել է 25.7 մլն տոննա հում նավթ։ Այդ ծավալում ամենամեծ մասնաբաժինը ներկրվել է Իրանից (44.6%)․ բարձր են եղել Իրաքի (27.3%), Ռուսաստանի (7.7%) մասնաբաժինները։ Ղազախստանի մասնաբաժինը 1.8% է[3]։
Թուրքիան կարևորում է Բաքու-Թբիլիս-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարով ղազախական նավթի՝ Թուրքիայի տարածքով այլ շուկաներ մատակարարման հարցը։ Դեռևս 2002-ին Ղազախստանի Kazmunaigaz նավթային ընկերությունը և ադրբեջանական SOCAR-ը բանակցություններ սկսեցին ԲԹՋ նախագծում Ղազախստանի հնարավոր մասնակցության շուրջ։ 2006-ին Ղազախստանն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին՝ Կասպյան ծովի և Ադրբեջանի տարածքով ԲԹՋ նավթատարով Ղազախստանից դեպի միջազգային շուկաներ նավթի փոխադրումների կազմակերպման շուրջ։ 2008-ին Ղազախստանը սկսեց ԲԹՋ-ով նավթի առաջին խմբաքանակի մատակարարումը արտաքին շուկաներ։ Որոշ տվյալներով, ԲԹՋ նավթատարով նավթի մատակարարման ծավալում Ղազախստանի մասնաբաժինը շուրջ 10% է[4]։
Անկարան ակնկալիքներ ունի Անդրկասպյան գազատարի կառուցման նախագծի իրականացման դեպքում դիտարկելու նաև Ղազախստանի Ատիրաու շրջանի Թենգիզ նավթագազային հանքավայրից գազի մատակարարման հարցը։
2 017-ին Ղազախստանն ու Թուրքիան ստորագրեցին «Նոր սիներգիա» 2017-2020թթ. համատեղ տնտեսական ծրագրի համաձայնագիրը (New Synergy Joint Economic Program)։ Այն ուղղված է երկկողմ առևտրաշրջանառության խթանմանը, համատեղ ներդրումային կապիտալի աշխուժացմանը։ Ծրագրում կարևոր տեղ է հատկացվում համատեղ արդյունաբերական գոտիների ձևավորման հարցերին։
Փաստաթուղթը ներառում է 26 ներդրումային նախագիծ՝ շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով[5]։ Նախագծերն ուղղված են տնտեսության տարբեր ոլորտներին՝ շինարարական նյութերի արտադրություն, մեքենաշինություն, քիմիական և լեռնահանքային արդյունաբերություն, գյուղատնտեսական արդյունաբերություն, էներգետիկա, ենթակառուցվածքների զարգացում և այլն։
Հիշեցնենք, որ կողմերի միջև «Նոր սիներգիա» համատեղ տնտեսական ծրագիր ստորագրվել էր նաև 2012-ին[6]։ Ծրագրի շրջանակում իրականացվել է 23 համատեղ նախագիծ՝ $800 մլն ներդրումային ծավալով, ստեղծվել 3 հազ․ աշխատատեղ։
2 016-ի կեսերին Աստանայում թուրքական Ipek Kagit խոշոր ընկերությունը հիմնեց հիգիենիկ թղթի արտադրության գործարան։ Նախագծի արժեքը $14 մլն է։ Գործարանի ընդհանուր մակերեսը 50 հազ. մ2 է՝ տարեկան 17 հազ. տոննա արտադրական հզորությամբ։ Գործարանը հիմնվել է «Աստանա-նոր քաղաք» հատուկ տնտեսական գոտում (ՀՏԳ)։ Արտադրանքը նախատեսված է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար։ Հիշեցնենք, որ 2006-ին թուրքական Ipek Kagit ընկերությունը Ալմաթի քաղաքում հիմնել էր թղթե արտադրության առաջին ձեռնարկությունը[7]։
2018-ի սեպտեմբերին Անկարայում կայացած Ղազախստան-Թուրքիա ներդրումային ֆորումին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Kazakh Invest և Eksen Group-ի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ կյանքի կոչելու Ալմաթի քաղաքում Downtown Almaty ֆինանսական, սոցիալական ու գործարար կենտրոնի կառուցման նախագիծը։ Նախագծի ներդրումային արժեքը $300 մլն է։
Թուրքեստանի շրջանի ղեկավարությունը համաձայնագիր ստորագրեց DAL Holding investment company-ի հետ՝ Ակտոբե շրջանում ջերմոցային համալիրի կառուցման նախագծի շուրջ։ Նախագծի արժեքը $200 մլն է, ստեղծվելու է 700 աշխատատեղ։ Հիշեցնենք, որ Kazakh Invest nation company և DAL Holding investment company-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ղազախստանում ներդրումային նախագծերի զարգացման հարցում՝ մեքենաշինության, հանքարդյունաբերության, ՏՏ, ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում[8]։ Ֆորումին Çalık Enerji և Zorlu Enerji թուրքական ընկերությունները պատրաստակամություն հայտնեցին ներդրումներ իրականացնել Թուրքեստանի շրջանում 50 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման նախագծում, որի արժեքը $120 մլն է։
Համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախաձեռնություններից առանձնացնենք Ալմաթի քաղաքի 66 կմ երկարությամբ ավտոմայրուղու (Большая Алматинская Кольцевая Автомобильная Дорога-БАКАД) կառուցման նախագիծը՝ $543 մլն ներդրումային արժեքով։ Նախագիծը «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» տրասպորտային միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այն իրականացնում է Alsim Alarko, Makyol Insaat, SK Engineering & Construction Co. և Korea Expressway Corporation ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ Նախագիծը մեկնարկել է 2015-ին[9]։ Ավտոճանապարհի կառուցումը ծրագրվում է ավարտել 2021-ին։
Հիշեցնենք, որ տրանսպորտային միջանցքը սկսվում է Հյուսիսային Եվրոպայում Սանկտ-Պետերբուրգից՝ ձգվելով մինչև Արևմտյան Չինաստան (վերջնակետը՝ Լյանյունգան)։ Սանկտ-Պետերբուրգ-Ալմաթի-Լյանյունգան ավտոմայրուղով անցնող տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը 8445կմ է, որից 2233կմ-ն անցնում է ՌԴ-ի, 2787կմ-ը՝ Ղազախստանի, 3425կմ-ը՝ Չինաստանի տարածքով[10]։
Ավտոմայրուղու կառուցման նախագծի մեկնարկը։ Աղբյուրը՝ https://informburo.kz/novosti/v-almatinskoy-oblasti
Խոշոր ենթակառուցվածքային նախագծերից է նաև Թուրքեստանում 70 մլն դոլար արժողությամբ ժամանակակից միջազգային օդանավակայանի կառուցումը։ Ներդրումներն իրականացնելու է թուրքական YDA Holding ընկերությունը։ 2019-ի տարեսկզբից ընթանում են օդանավակայանի կառուցման աշխատանքները։ Ծրագրով օդանավակայանը շահագործման կհանձնվի 2020-ի տարեվերջին[11]։ Տերմինալի թողունակությունը տարեկան կկազմի 3 մլն ուղևոր։
Թուրքական Sembol Construction ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվում է Կասպից ծովի ափին (Ակտաու) Aktau Resort Hotel 5 աստղանի բազմաֆունկցիոնալ հյուրանոցի կառուցման նախագիծը, $170 մլն ներդրումային արժեքով։ 2019-ի մայիսին արդեն մեկնարկել են համալիրի շինաշխատանքները, որոնք կավարտվեն 2020-ի կեսերին[12]։
Աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=73r
2019-ի տարեվերջին Ստամբուլում կայացած Ղազախստան-Թուրքիա գործարար ֆորումին ստորագրվեց $1.5 մլրդ ծավալի 18 պայմանագիր՝ թեթև ու քիմիական արդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, մեքենաշինության, առողջապահության, զբոսաշրջության, ֆինանսական շուկայի զարգացման, առողջապահության, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում։
Ղազախստանի կառավարության և Çalık Dijital ve Bilişim Hizmetleri ընկերության միջև առողջապահության ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով կյանքի կկոչվի Ակտաու, Ատիրաու և Ակտոբե քաղաքներում հիվանդանոցային համալիրների կառուցման նախագիծը:
Թուրքեստանի շրջանի ղեկավարության և թուրքական Sembol Construction ընկերության միջև ստորագրված համաձայնագրով իրականացվում է «Караван-сарай» բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի կառուցման նախագիծը[13]։ Նախագծով նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, արևելյան շուկա, ռեստորաններ, արհեստական լիճ և այլն։ Համալիրի շինաշխատանքները մեկնարկել են 2019-ի տարեվերջին։
Աղբյուրը՝https://otyrar.kz/2019/12/v-turkestane-vozvedut
Թուրքական Kastro Kablo ընկերության հետ ստորագրվեց հուշագիր, որով ծրագրվում է Թուրքեստանի շրջանում իրականացնել ցածր լարման մալուխների արտադրության ներդրումային նախագիծը[14]։ Ղազախական QazIndustry և թուրքական Betek Boya Kimya ve Sanayi A.Ş․ ընկերությունները ստորագրեցին Կարագանդայի շրջանում լաքերի արտադրության հիմնման նախագծի շուրջ համագործակցության հուշագիր։ Նախագծի ներդրումային արժեքը $30 մլն է[15]։
2019-ի կեսերին թուրքական YDA Holding company-ը պայմանավորվածություն է ձեռք բերել Ղազախստանի Պետրոպավլովսկ և Թուրքեստան քաղաքներում 2 բժշկական համալիրների կառուցման ու կահավորման շուրջ։ Նախագծի արժեքը շուրջ $290 մլն է և ավարտվելու է 2022-ին[16]։
2019-ի տարեվերջին Թուրքիան և Ղազախստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել արբանյակների արտադրության, Ղազախստանի Բայկանուր տիեզերակայանից թուրքական արբանյակների գործարկման, ինչպես նաև արբանյակների մասերի հավաքման և այլ հարցերի շուրջ։
Անկարայում և Նուրսուլթանում հաճախ են ընդգծում երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերային բնույթը։ Համագործակցության այդ մակարդակը թերևս համարժեք արտահայտվում է գլխավորապես քաղաքական վեկտորում և ի հակակշիռ Մոսկվայի։ Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա Ղազախստանի տնտեսությունում ու ներդրումային շուկայում Անկարան առայժմ հարկադրված է զիջել դիրքերն արևմտյան, ռուսաստանյան և չինական տնտեսական կապիտալի հետ մրցակցությունում։
[1] https://regnum.ru/news/polit/2440405.html
[2] http://www.sesric.org/pdf.php?file=ART17102401-2.pdf
[3] https://www.sigmaturkey.com/the-impacts-of-the-us-iran
[4] http://www.sesric.org/pdf.php?file=ART17102401-2.pdf
[5] https://inbusiness.kz/ru/news/novaya-sinergiya-dlya
[6] http://adilet.zan.kz/rus/docs/P1200000659
[7] https://kursiv.kz/news/kompanii/2016-06/v-astane
[8] http://www.dalholding.com.tr/kazakh-invest-partnership
[9] http://bakadepc.com/?page_id=17&lang=ru
[10] https://orbeli.am/hy/post/397/2020-03-18/Ղազախստան
[11] https://www.youtube.com/watch?v=dE2cCbxgZL8
[12] https://www.youtube.com/watch?v=73rMwHDPfY
[13] https://primeminister.kz/ru/a-mamin-dal-start-novym
[14] http://www.mfa.gov.kz/ru/london/content-view/18
[15] https://kapital.kz/business/82579/v-s-ez-sary-arka
[16] https://kihe.kz/en/press-center/news/21-press-tsent