Ղազախստանի և Չինաստանի ենթակառուցվածքային համագործակցությունը

11 ր.   |  2020-03-18

Կ Վերջին տարիներին Ղազախստան-Չինաստան տնտեսական համագործակցությունն ընթանում է 2013-ին մեկնարկած չինական «Նոր մետաքսե ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության և Ղազախստանի «Լուսավոր ճանապարհ» («Нурли жол») 2015-2019թթ. ենթակառուցվածքների զարգացման ազգային ծրագրի[1] տրամաբանության համատեքստում։ 2019-ի դեկտեմբերին հաստատվեց «Нурли жол» 2020-2025թթ. ենթակառուցվածքների զարգացման ազգային ծրագիրը[2]։ Պեկինը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի այդ հանրապետության ինչպես տարանցիկ-հաղորդակցական, լոգիստիկ հնարավորություններին, այնպես էլ ղազախական շուկայում չինական ներդրումային կապիտալի ներգրավման հարցերին։     

2005-2019թթ. Կենտրոնական Ասիայի 5 հանրապետություններում Չինաստանն իրականացրել է ընդհանուր առմամբ $54.53 մլրդի օտարերկրյա ուղիղ ներդրում (ՕՈւՆ) և գործարք։ Պեկինի ՕՈւՆ-ի մեծ մասն ($35.16մլրդ) ուղղվել է Ղազախստանին, ինչն անհամեմատ գերազանցում էր մնացյալ հանրապետությունների համապատասխան ցուցանիշը։ Համեմատաբար բարձր է Թուրքմենստանում ($6.8մլրդ) և Ուզբեկստանում ($5.69մլրդ) չինական ՕՈւՆ-ի ու գործարքների ֆինանսական ծավալը։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տաջիկստանում՝ $2.5մլրդ։    

Աղբյուրը՝ https://www.aei.org/china-global-investment

Ընդ որում, նշյալ ժամանակահատվածում 5 հանրապետություններում Չինաստանի ներդրումները գլխավորապես ուղղվել են էներգետիկ ոլորտին, բարձր է նաև տրանսպորտի ոլորտը։ Բացառություն է Ուզբեկստանը, որտեղ էներգետիկային հաջորդում է անշարժ գույքի շուկան։ Ինչպես պատկերված է գրաֆիկում, Ղազախստանի էներգետիկ հատվածում Չինաստանի ՕՈւն-երի ու գործարքների ֆինանսական ծավալներն անհամադրելի են մյուս հանրապետությունների համապատասխան ցուցանիշների հետ։

Աղբյուրը՝ https://www.aei.org/china-global-investment-tracker/

Որոշ տվյալներով, 1993-2018թթ. Ղազախստանում ներգրավվել է շուրջ $320 մլրդ ՕՈւՆ-եր՝ ավելի քան 120 երկրից. Պեկինի մասնաբաժինը շուրջ 5% է[3],[4]։ Այդ ցուցանիշում հաշվարկված են միայն ներդրումները և երկկողմ գործարքները ներառված չեն։  2005-2019թթ. էներգետիկ ոլորտը կազմել է Ղազախստանում Չինաստանի ՕՈւՆ-երի ու գործարքների մեծ մասը՝ $24.42 մլրդ., համեմատաբար բարձր են քիմիական արդյունաբերության ($3.91) և տրանսպորտի ($3.54 մլրդ) ցուցանիշները։   

Աղբյուրը՝ https://www.aei.org/china-global-investment-tracker/

Վ իճակագրությունը ցույց է տալիս, որ 2014-2018թթ. Ղազախստանից Չինաստան արտահանումը գերազանցել է ներկրումը՝ 2018-ին կազմելով $6.3 մլրդ, իսկ ներկրումը՝ $5.3 մլրդ։  


Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection

2014-2016թթ. երկկողմ առևտրաշրջանառությունը կայուն նվազել է, , իսկ 2016-ից սկսած առևտրաշրջանառությունը սկսել է կայուն աճ ապահովել։ 2014-2018թթ. երկկողմ առևտրաշրջանառության ամենաբարձր արդյունքը գրանցվել է 2014-ին՝ $17 մլրդ։ 2018-ին Ղազախստանի հիմնական գործընկերների ցուցակում Չինաստանը 3-րդն է՝ Ռուսաստանից ու Իտալիայից հետո։


Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection

Արտահանման-ներկրման ցուցանիշներով Ղազախստանի հիմնական առևտրային գործընկերների շարքում Չինաստանը 2-րդն է։


Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection


Աղբյուրը՝ https://stat.gov.kz/edition/publication/collection

2015-ին Ղազախստանի և Չինաստանի միջև ստորագրվեց արդյունաբերության և ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման միջկառավարական շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով տրվեց Ղազախստանում 55 համատեղ նախագծերի մեկնարկը՝ $27.6 մլրդ ընդհանուր ծավալով։ Նախագծերն ուղղված են լեռնահանքարդյունաբերության, էներգետիկ-նավթագազային, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտի և այլ ոլորտներին։ Արդյունքում կստեղծվի շուրջ 20 հազ. նոր աշխատատեղ[5]։


Աղբյուրը՝ https://invest.gov.kz/ru/media-center/press

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախագծերի 27%-ն իրականացվում է էներգետիկ ոլորտում, բարձր է նաև նավթագազային և քիմիական արդյունաբերության մասնաբաժինը։ Միևնույն ժամանակ նկատենք, որ նշյալ 55 նախագծերում, ըստ ներդրումային միջոցների, մեծ մասն ուղղվել է նավթագազային ու քիմիական արդյունաբերության ոլորտին, որտեղ իրականացվում է 12 նախագիծ՝ $13.909 մլրդ ներդրումային ընդհանուր ծավալով։


Աղբյուրը՝ https://invest.gov.kz/ru/media-center/press

2018-ի առաջին 9 ամիսների հաշվարկով Ղազախստանի ամենախոշոր օտարերկրյա ներդրողը Նիդեռլանդներն է՝ ՕՈւՆ-երի 27.4%-ը։ 2-րդ դիրքում ԱՄՆ-ն է (22.8%)։ Միայն Նիդեռլանդների ու Միացյալ Նահանգների մասնաբաժինը կազմել է Ղազախստանում իրականացված ՕՈւՆ-երի ողջ ծավալի կեսից ավելին՝ 50.2%-ը։ Հաջորդաբար բարձր են եղել Շվեյցարիայի (13%), Ռուսաստանի (6.8%) և Չինաստանի (6.7%) արդյունքները։  


Աղբյուրը՝ https://invest.gov.kz/upload/iblock/54a

2017-ին Ղազախստանի Կոստանայի շրջանում շահագործման հանձնվեց JAC բրենդային ավտոմեքենաների արտադրության հիմնադրման նախագիծը, որտեղ ղազախական կողմը (Сарыаркаавтопром/Saryarka AvtoProm) համագործակցում էր չինական երկու խոշոր ընկերությունների՝ Anhui Jianghuai Automobile Co., Ltd (JAC) և China Vehicles Import-Export Co. (CMC)-ի հետ։ Նախագծի իրականացման շուրջ կողմերը պայմանագիր էին ստորագրել դեռ 2015-ին[6]։

2018-ին Ղազախստանի հայրենական արտադրության СарыаркаАвтоПром ընկերությունը և չինական CMC-ն ներդրումային համաձայնագիր ստորագրեցին, որով չինական կողմը ձեռքբերեց СарыаркаАвтоПром-ի բաժնետոմսերի 51%-ը։ Նախագծում ընդհանուր ներդրումները գնահատվում են $1.1 մլրդ։ Չինական գործընկերոջ հետ համատեղ, 2019-2021թթ. արտադրության զարգացման ռազմավարության շրջանակում, նախատեսվում է իրականացնել ավտոմեքենաների արտադրություն JAC, ANKAI, HOWO, HANTENG բրենդների ներքո[7]։

2017-ի մայիսին Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակում  KTZE-Khorgos Gateway ընկերությունը չինական COSCO Shipping Lines Co. Ltd կորպորացիայի և Lianyungang Port Holding Group Co. Ltd. ընկերության հետ ստորագրեց ներդրումային համաձայնագիր՝ Ղազախստանի «Խորգոս-Արևելյան դարպասներ» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) համատեղ զարգացման վերաբերյալ։ Համաձայնագրով չինական ներդրող ընկերությունները համատեղությամբ ձեռք բերեցին ԱՏԳ-ի տարածքում գործող չոր բեռների նավահանգստի (Dry Port) բաժնետոմսերի 49%-ը։

Համաձայնագիրը հնարավորություն կտա «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ն վերածել Ասիայի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների կուտակման ու բաշխման միջազգային տարանցիկ միջանցքի[8]։ Հիշեցնենք, որ ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ նախագծով ծրագրվում էր կառուցել սահմանային համագործակցության կենտրոն, չոր բեռների նավահանգիստ, լոգիստիկ և արդյունաբերական պարկ։ ԱՏԳ-ի տարածքը 4 591.5 հա է և ներառում է 3 գոտի՝ լոգիստիկ, արդյունաբերական, ինչպես նաև «չոր բեռների նավահանգստի» տրանսպորտային-լոգիստիկ համալիրը։


Աղբյուրը՝ http://www.sezkhorgos.kz/photos/2

Ղազախական Кэлишэн, Сахаман, TEA Company և չինական Yichang KELISON Industrial Co., Ltd ընկերությունների միջև ստորագրված մեկ այլ համաձայնագրով մինչև 2025թ. նախատեսվում է տեխնոպարկ կառուցել «Խորգոս-Արևելյան դարպասներ» ԱՏԳ-ի տարածքում[9]։


Աղբյուրը՝ https://qz.com/1720196/who-visits-khorgos

2018-ի կեսերին КазАзот (KazAzot), Cathay Industrial Biotech, Ltd. և CITIC Construction Co., Ltd. ընկերությունները Պեկինում ստորագրեցին Ղազախստանում բիոքիմիկան կլաստեր  ստեղծելու համաձայնագիր։ Նախագիծը գնահատվում է $2.5 մլրդ, որով նախատեսվում է ներդնել հացահատիկի խորը վերամշակման նորարարական-տեխնոլոգիական լուծումով հոսքագիծ՝ պոլիամիդ նյութերի ատադրության նպատակով. այն կիրառվելու է արհեստական թելերի, պլաստիկների ու պոլիմերների ծածկույթների արտադրության համար։ Արտադրությունն ամբողջությամբ արտահանվելու է։ Տարեկան վերամշակվելու է 2.5 մլն տոննա հացահատիկ։ Նախագիծն ավարտվում է 2023-ին։ Նշենք, որ ղազախական КазАзот ընկերությունը մասնագիտացած է ամոնիակի արտադրության և արտահանման ուղղությամբ[10]։  


Աղբյուրը՝ https://kapital.kz/economic/69799/kitayskaya

2015-ի սեպտեմբերին ղազախական Tenir-Logistic ընկերության և չինական China Machinery Engineering Corporation կորպորացիայի միջև ստորագրվեց փոխըմռնման շրջանակային համաձայնագիր՝ Ղազախստանի Պավլոդար և Ժամբիլի շրջանների ԱՏԳ-ի տարածքում  լեռնաքիմիական-մետալուրգիական համալիրի կառուցման նախագծի շուրջ։ Tenir-Logistic-ը ծրագրում է կառուցել տիտանի, սիլիցիումի և հատուկ պողպատների երկօքսիդի արտադրություն համալիր։ 2016-ին նախագծում ներդրումների ներգրավման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Ferro Mining HK CAG, Youbang Innovative Investment Limited, China Metallurgical Group Corporation, Xinjiang Zhongtai (Group) Co. ընկերությունների հետ։ Նախագիծը կավարտվի 2025-ին։   

2019-ին ղազախական KAZ Minerals և չինական China Nonferrous Metal Industry՛s Foreign Engineering and Construction Company Ltd (NFC) ընկերությունները ստորագրեցին համաձայնագիր, որով չինական ընկերությունը $70 մլն արժեքով ձեռք բերեց Ղազախստանի Koksay պղնձի հանքավայրի (Ալմաթիից 230կմ հեռավորության վրա) շահագործման նախագծի բաժնետոմսերի 19.4%-ը։ Հանքավայրի պաշարները գնահատվում են շուրջ 700 մլն տոննա՝ միջինը պղնձի 0.42% պարունակությամբ։ Նախագիծը շահագործման կհանձնվի 2023-ին[11]։

2005-ին Eurasian Resources Group (ERG)-ի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում China Nonferrous Metal Industry"s Foreign Engineering and Construction Company Ltd (NFC) ընկերությունը Ղազախստանի Պավլոդար քաղաքում հիմնեց առաջնային այլումինի արտադրություն (Ղազախստանի էլեկտրոլիզի գործարան, 2006-2010թթ.)[12],[13]։    

Երկկողմ խոշոր նախագծերից է Ղազախստան-Չինաստան նավթատարի կառուցումը, որի հիմնադիրներն են KazTransOil բաժնետիրական ընկերությունը (50% բաժնեմաս), CNODC  (China National Oil and Gas Exploration and Development Corporation) ընկերությունը (50% բաժնեմաս)։ Kazakhstan-China Pipeline ընկերությունը երկկողմ նավթատարի սեփականատերն է և իրականացնում է նավթի մատակարարումները Ատասու-Ալաշանկոու և Կենկիյակ-Կումկոլ խողովակներով։ Ընկերությունը ստեղծվել է 2004-ի հունիսին՝ Ղազախստանի և Չինաստանի միջև 2004-ի մայիսին ստորագրված նավթի ու գազի ոլորտում բազմակողմանի համագործակցության զարգացման մասին շրջանակային համաձայնագրով[14]։ Ղազախստան-Չինաստան նավթատարի նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ էր ապահովել Ղազախստանի արևտմյան շրջաններից ու Ակտոբե շրջանից նավթի մատակարարումը դեպի չինական շուկա։

2007-ի դեկտեմբերին տեղի ունեցավ Կենկիյակ-Կումկոլ նավթատարի կառուցման նախագծի շնորհանդեսը. շինարարությունն ավարտվեց 2009-ի սեպտեմբերին։ Կենկիյակ-Կումկոլ նավթատարի թողունակությունը նախնական փուլում կազմում էր տարեկան 10 մլն տոննա նավթ՝ ունենալով մինչև 20 մլն տարեկան հզորության ընդլայնման հնարավորություն։ Նավթատարի երկարությունը 794.2 կմ է, խողովակի տրամագիծը՝ 813 մմ։ Կենկիյակ-Կումկոլ նավթատարի ներդրումային արժեքը $850մլն է։

2005-ի դեկտեմբերին գործարկվեց Ատասու-Ալաշանկոու նավթատարը (10 մլն տոննա նավթ տարեկան թողունակությամբ, 2013-ից՝ մինչև տարեկան 20 մլն)։  Նավթատարի երկարությունը 965.1 կմ է, որից 2.2 կմը՝ Չինաստանի տարածքում, խողովակի տրամագիծը՝ 813մմ։ Ատասու-Ալաշանկոու նավթատարի ներդրումային արժեքը $726 մլն է։

2018-ին Ատասու-Ալաշանկոու նավթատարով մատակարարվեց 11.4 մլն, 2019-ի 6 ամիսներին՝ 5.5 մլն տոննա նավթ։ 2018-ին Կենկիյակ-Կումկոլ խողովակաշարով նավթի մատակարարումները կազմել են 4.9 մլն, 2019-ի 6 ամիսներին 2.7 մլն տոննա նավթ։  


Աղբյուրը՝ http://www.kcp.kz/company/map

2009-ի դեկտեմբերին տեղի ունեցավ Թուրքմենստան-Չինաստան գազամուղի բացման արարողությունը, որով թուրքմենական գազը Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքով մատակարարվում է չինական շուկա։ Գազատարի երկարությունը շուրջ 7 հազ. կմ է, որից Թուրքմենստանի տարածքում՝ 188կմ, Ուզբեկստանում՝ 525կմ, Ղազախստանում՝ ավելի քան 1300կմ, Չինաստանում՝ 4800կմ[15]։ Գազամուղի նախագծային թողունակությունը տարեկան 40 մլրդ մ3 գազ է[16], նախագծի արժեքը՝ ավելի քան 6.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Գազատարի կառուցման աշխատանքները սկսվել են 2007-ին։

2019-ին Չինաստանն ավելացրեց Թուրքմենստան-Չինաստան գազատարով գազի  ներկրման ծավալները 0.9%-ով՝ հասցնելով այն մինչև տարեկան 47.9 մլրդ մ3 ։ Ներկայում Պեկինը գազատարով ստանում է գազի սպառման ավելի քան 15%-ը։  

Գազամուղի ղազախական հատվածը կրում է Ղազախստան-Չինաստան (Բեյնեու-Բոզոյ-Շիմքենտ) գազամուղ անվանումը։  Գազամուղի թողունակությունը տարեկան 10 մլրդ մ3 գազ է։ Այն միավորեց Ղազախստանում գործող գազի խողովակները գազամատակարարման միասնական ներքին ցանցով, ինչը թույլ տվեց առաջին անգամ ղազախական գազը մատակարարել երկրի հարավային շրջաններ։ Շահագործման է հանձնվել 2015-ի նոյեմբերին[17]։

2018-ի հոկտեմբերին КазТрансГаз և PetroChina International Company Limited ընկերությունները Պեկինում ստորագրեցին հնգամյա պայմանագիր՝ 2019-ից ղազախական գազի արտահանման ծավալը տարեկան մինչև 10 մլրդ մ3 դարձնելու մասին։ Նախատեսվում է շահագործման հանձնել 3 բարձրտեխնոլոգիական կոմպրեսորային կայան, ինչը թույլ կտա Բեյնեու-Բոզոյ-Շիմքենտ գազամուղի թողունակությունը ավելացնել տարեկան ևս 5 մլրդ մ3 գազով։


Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի գազամատակարարման ցանցը

Աղբյուրը՝ https://www.kaztransgas.kz/index.php/ru

Երկկողմ տնտեսական-ներդրումային խոշոր նախագծերից է «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային միջանցքի (ավտոմայրուղի) կառուցումը[18]։ Շուրջ 8.5 հազ. կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքը մեկնարկում է Հյուսիսային Եվրոպայում (Սանկտ-Պետերբուրգ), ձգվելով մինչև Արևմտյան Չինաստան (վերջնակետը չինական Լյանյունգանն է)։ Սանկտ-Պետերբուրգ-Ալմաթի-Լյանյունգան ավտոմայրուղով անցնող տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը 8445կմ է, որից 2233կմ-ն անցնում է ՌԴ-ի, 2787կմ-ը՝ Ղազախստանի, 3425կմ-ը՝ Չինաստանի տարածքով։

Նախագիծը մեկնարկել է 2008-ին, երբ Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրեցին «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» տրանսպորտային միջանցքի զարգացման մասին հուշագիր[19]։

Ի սկզբանե նախատեսվում էր մայրուղին շահագործման հանձնել 2016-ին, սակայն այն հետաձգվեց հիմնականում միջանցքի ռուսական հատվածի մայրուղու բացակայության հետևանքով։ 2018-ի հոկտեմբերին ՌԴ կառավարությունը հրապարակեց «Մագիստրալ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման համալիր ծրագիրը» 2018-2024թթ., որտեղ հստակեցվում էին «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ռուսաստանյան հատվածների կառուցման ժամկետներն ու պայմանները[20]։ Ծրագրով նախատեսվում է մինչև 2024թ. կառուցել Մոկսվա-Նիժնի Նովգորոդ-Կազան արագընթաց մայրուղին, Վոլգա գետի վրայով անցնող կամուրջը՝ շրջանցելով Տոլյատի քաղաքը, Մերիդիան մայրուղու ռուսական հատվածը։ Նշենք, որ ավտոմայրուղու չինական հատվածը կառուցվել է դեռևս 2016-ին։

«Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի ֆինանսավորման նպատակով վարկերի տրամադրման շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել Համաշխարհային բանկի ($2.125 մլրդ), Ասիական զարգացման բանկի ($700 մլն), Իսլամական զարգացման բանկի ($398 մլն), Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ($180 մլն) հետ[21]։ Նախագիծը նախատեսվում է շահագործման հանձնել ոչ շուտ քան 2024թ.։

Տ րանպորտային հաղորդակցության ոլորտում երկկողմ գործակցության կարևոր նախագծերից առանձնացնենք Չինաստան-Ղազախստան երկաթուղային հաղորդակցական միջանցքի կառուցումը։ Ղազասխտանի և Չինաստանի պետական երկաթուղային ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2017-ի հունիսին շահագործման հանձնվեց Աստանա-Ալմաթի-Ուրումչի երկաթգիծը (մարդատար)[22]։  

2015-ի օգոստոսից սկսեց գործել Լեհաստան-Չինաստան կոնտեյներների փոխադրման երկաթուղային հաղորդակցության նախագիծը։ 9.8 հազ. կմ երկարությամբ երկաթգիծը Չինաստանի Չենդու քաղաքից հասնում է Լեհաստանի Լոձ քաղաք։ Նախագծում չինական կողմի օպերատորը Chengdu International Railway Port-ն է, Լեհաստանում՝ Rail Transportation Service Broker (RTSB) ընկերությունը։ 2019-ի սեպտեմբերից երկաթգիծը հասավ մինչև լեհական Վրոցլավ քաղաք։


Աղբյուրը՝ https://trans.info/lt/gruzyi-iz-chendu-vpervyie

2014-ի դեկտեմբերին շահագործման հանձնվեց Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջազգային երկաթուղային ճանապարհի կառուցման նախագիծը (Հյուսիս-Հարավ միջանցք) [23]։ Ի դեպ, այդ նախագծի հիման վրա սկսեց գործել Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգիծը, որի ընդհանուր երկարությունը շուրջ 10 հազ. կմ է։ Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային ճանապարհը հնարավորություն է տալիս Չինաստանի արևելյան շրջաններից արագ լոգիստիկ լուծով բեռնափոխադրումները հասցնել Պարսից ծոցի շուկաներ։

Ղ ազախստանն ուրույն տեղ է զբաղեցնում Նոր մետաքսե ճանապարհի` Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային-հաղորդակցային միջանցքում։ $170 մլրդ ՀՆԱ-ով Ղազախստանը չինական ապրանքների սպառման ու ներդրումային հոսքի ապահովման խոշոր շուկաներից է։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում տնտեսական համագործակցությունը երկուստեք կարևորվում է Ղազախստանի տնտեսությունում արևմտյան, ռուսաստանյան տնտեսական-ներդրումային կապիտալի, ինչպես նաև հանրապետության տրանսպորտային-հաղորդակցական ուղիների դիվերսիֆիկացման առումներով։


[1] http://www.mfa.kz/ru/tashkent/content-view/nurly-zol

[2] https://www.baiterek.gov.kz/ru/programma-nurly-zhol

[3] https://invest.gov.kz/ru/media-center/press-releases

[4] https://invest.gov.kz/upload/iblock/54a/54

[5] https://invest.gov.kz/ru/media-center/press

[6] http://sap.com.kz/index.php/novosty/198-kazakhstan

[7] https://inbusiness.kz/ru/last/kitajskaya-sms-voshla

[8] https://www.nur.kz/1493173-cosco-shipping

[9] https://inbusiness.kz/ru/news/opublikovana-chast

[10] https://kapital.kz/economic/69799/kitayskaya-kompaniya

[11] https://kursiv.kz/news/kompanii/2019-07/kitayskaya

[12] http://metalmininginfo.kz/archives/2188

[13] https://nfc.com.kz/proekt-kazahstanskij-elektroliznyj-zavod

[14] http://www.kcp.kz/company/about?language=ru

[15] http://www.agp.com.kz/?page_id=677

[16] https://news.un.org/ru/story/2010/01/1157081

[17] https://neftegaz.ru/news/transport-and-storage/225537

[18] http://eurasian-studies.org/archives/980

[19] http://dorinfo.ru/99_detail.php?ELEMENT_ID=73640

[20] http://dorinfo.ru/star_detail.php?ELEMENT_ID=68495

[21] https://europe-china.kz/info/69

[22] https://www.inform.kz/ru/zapuschen-poezd-soobscheniem

[23] https://trans.info/de/uzbekistan-prisoedinilsya-k-koridoru