Իդլիբի խնդիրը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
17 ր. | 2020-03-13Վ երջին տասնամյակներին ռուս-թուրքական համագործակցության ակտիվ զարգացումը էներգետիկայի, առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության և ռազմատեխնիկական ոլորտներում տպավորություն է ստեղծում, որ այդ երկու պետությունների միջև գործընկերությունը բարձրանում է ռազմավարական մակարդակի։ Էներգետիկայի ասպարեզում իրականացվել և իրականացվում են այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են «Երկնագույն հոսք»[1] և «Թուրքական հոսք»[2] գազատարերը, «Աքքույու» ատոմակայանը[3]։ Առևտրատնտեսական ոլորտում ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը 2019թ. կազմել է $21.7 մլրդ.՝ աճելով 2.5%-ով[4]։ Երկու երկրների փոխադարձ ներդրումների ընդհանուր ծավալն այդ տարի եղել է մոտ $10 մլրդ.։ Ռազմատեխնիկական ոլորտում ռուս-թուրքական ամենախոշոր գործարքը հակաօդային պաշտպանության ռուսական С-400[5] զենիթահրթիռային համակարգերի վաճառքն է Թուրքիային[6], որն իրականացվեց հակառակ ՆԱՏՕ-ի, մասնավորապես, ԱՄՆ-ի կտրուկ և սուր հակազդեցությամբ[7]։ Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա համաձայն Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության տվյալների՝ 2018 և 2019 թվականներին Թուրքիա ժամանած ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակը եղել է համապատասխանաբար 7 և 8 մլն.[8]։
Ռազմավարական թվացող ռուս-թուրքական հարաբերություններում, այնուամենայնիվ, կան որոշ «խութեր», որոնք ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս։ Դրանք այն խնդիրներն են, որոնք երկկողմ համագործակցության ետնապատկերին անտեսվում են կամ մղվում երկրորդական պլան, սակայն մնալով չլուծված՝ պարբերաբար հանգեցնում են ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը՝ մեղմ ասած ստվեր նետելով դրանց ռազմավարական բնույթի վրա։ Այդպիսի «խութերից» է սիրիական ճգնաժամը՝ լայն առումով, և ներկա պահին Իդլիբի խնդիրը՝ նեղ, մասնավոր առումով։
Ճգնաժամի էությունը
2 015թ. սեպտեմբերի 30-ից սիրիական ճգնաժամին ռուսական ռազմական միջամտության[9] արդյունքում Սիրիայի տարածքի մեծ մասն ազատագրվել է ահաբեկիչներից։ Որպես ահաբեկչության վերջին օջախ կամ միջնաբերդ մնացել է Իդլիբ քաղաքն իր հարակից բնակավայրերով (Իդլիբ նահանգը), որտեղ կենտրոնացած են Հայաթ Թահրիր աշ Շամ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները։ Սիրիական կառավարական բանակը ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ 2018թ. սեպտեմբերին պատրաստվում էր իրականացնել Իդլիբի ազատագրման ռազմական գործողությունը[10], որով կվերացվեր ահաբեկչության վերջին օջախը երկրում։ Այդ գործողությանը դեմ արտահայտվեց Թուրքիան՝ փաստարկելով, որ այն կհանգեցնի մասշտաբային հումանիտար աղետի և Սիրիայից մեծաքանակ փախստականների հերթական հոսքի դեպի Թուրքիա։
Ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում 2018թ. սեպտեմբերի 17-ին հուշագրի[11] տեսքով համաձայնություն ձեռք բերվեց Իդլիբի խնդրի շուրջ, որը ենթադրում էր այնտեղ ապաէսկալացիոն գոտու ստեղծման նպատակով երկու երկրների փոխգործակցություն և համակարգված աշխատանք։
ՌԴ և ԹՀ նախագահներ Վ. Պուտինը և Ռ. Էրդողանը 2018թ. սեպտեմբերի 17-ին՝ Սոչիի բանակցություններից հետո
Հուշագրի հիմնական դրույթներն են.
- Թուրքիայի հետ համագործակցող զինված ընդդիմության սահմանազատում ահաբեկիչներից,
- Իդլիբի ապաէսկալացիոն գոտու ներսում՝ ողջ երկայնքով, 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված շերտի ստեղծում, որտեղ չպետք է լինեն ո՛չ գրոհայիններ, ո՛չ ծանր և այլ տիպի զենք[12],
- Հալեպը Լաթաքիայի և Դամասկոսի հետ կապող M4 և M5 ավտոմայրուղիների անվտանգության ապահովում։
Այս պայմանավորվածությունների իրականացման պատասխանատվությունը ստանձնում էր Թուրքիան՝ որպես Իդլիբում գտնվող զինված խմբավորումների վրա ազդեցություն ունեցող և նրանց հետ համագործակցող ուժ։
Թվում էր, թե առաջանում է ռուս-թուրքական համագործակցության ևս մեկ կարևոր ասպարեզ, որն իր հերթին կնպաստեր երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մակարդակի առավել բարձրացմանը։ Սակայն հուշագրի դրույթների իրականացման փոխարեն կողմերը միմյանց մեղադրում են ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ։
Վերոհիշյալ դրույթներից առաջինը, մասնավորապես՝ «զինված ընդդիմություն» եզրը քաղաքագիտական և իրավագիտական առումով անհեթեթություն է (նոնսենս), քանի որ ընդդիմությունը քաղաքական համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է[13]։ Ընդդիմության կարևոր հատկանիշներից մեկը օրինական գործունեություն ծավալելն է՝ երկրի սահմանադրության և օրենսդրության համաձայն։ Մինչդեռ զինված պայքար մղելը որևէ կերպ չի տեղավորվում քաղաքական ուժի, այդ թվում՝ ընդդիմության կողմից ծավալվող օրինական գործունեության մեջ։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը զինված գործունեություն չի կարող ծավալել։ Հետևաբար, միայն զինված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է այդ ուժերին որպես ընդդիմություն որակելուց զերծ մնալու համար։ Զուտ քաղաքագիտական առումով ավելի ճիշտ է նրանց բնորոշելիս կիրառել ոչ թե ընդդիմություն, այլ ապստամբներ հասկացությունը։
Այս քաղաքագիտական և իրավագիտական անհեթեթությունն արդեն իսկ հուշում է, որ փաստաթղթում ամրագրված սահմանազատումը չէր իրականանալու, և «զինված ընդդիմության» անվան տակ Թուրքիան իրականում պաշտպանելու և հովանավորելու էր ահաբեկչական կառույցներին, ինչն էլ, իր հերթին, գործողությունների ազատություն էր տալու վերջիններիս։
Հետևաբար, Ռուսաստանի կողմից ժամանակին նման պայմանավորվածության գնալը մեծ զիջում էր Թուրքիային, որից չէր վարանելու օգտվել վերջինս։ Եվ պատահական չէ, որ, չնայած ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի այն հայտարարությանը, որ «ահաբեկիչները, համաձայն Իդլիբի շուրջ պայմանավորվածության, որևէ կերպ չեն կարող կրակի դադարեցման ռեժիմի, մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի մաս լինել»[14], կանխատեսելի էր, որ ռուսական և սիրիական զինված ուժերի կողմից որևէ գործողություն՝ ուղղված ահաբեկչական խմբավորումների դեմ, Թուրքիան հռչակվելու էր ոտնձգություն, այսպես կոչված, «զինված ընդդիմության» կամ «չափավոր ընդդիմության» դեմ, և Ռուսաստանին մեղադրվելու էր 2018թ. սեպտեմբերի 17-ի ռուս-թուրքական հուշագրի դրույթները խախտելու մեջ։
Ինչ վերաբերում է ապառազմականացված շերտ ստեղծելուն, ապա, հակառակ նախատեսված ժամկետների (2018թ. հոկտեմբերի 10 և հոկտեմբերի 15), այն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Չիրականացվեց նաև հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների երրորդ՝ կարևորագույն դրույթը՝ M4 և M5 ավտոճանապարհների անվտանգության ապահովումը։
Սիրիայի և Իրանի հետ միասին Ռուսաստանը մեղադրում էր Թուրքիային Իդլիբի ապաէսկալացիոն գոտուց գրոհայինների հարվածների, քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության, խաղաղ բնակչության զոհերի և վիրավորների, Հմեյմիմի ռուսական ավիաբազային հարվածելու համար։ Իսկ Թուրքիան քննադատում էր ռուսական և սիրիական կողմերին ահաբեկիչներին հարվածելու համար՝ որակելով դրանք իբրև հրադադարի ռեժիմի խախտում։
Ակնհայտ է, որ Թուրքիան կամայականորեն էր մեկնաբանում 2018թ. սեպտեմբերի 17-ի հուշագրում արտացոլված պայմանավորվածությունները՝ իրեն իրավունք վերապահելով չկատարել դրանք և միաժամանակ՝ մյուս կողմին մեղադրել պայմանավորվածությունները խախտելու համար։ Թուրքական կողմի հիշյալ մեղադրանքներին լավագույնս պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը՝ նշելով, որ չպետք է խեղաթյուրել ձեռք բերված պայմանավորվածությունների բովանդակությունը, Ռուսաստանը և Թուրքիան չեն պայմանավորվել «պարզապես «սառեցնել» այնտեղ (Իդլիբում – Վ.Հ.) իրավիճակը, ձեռք չտալ ահաբեկիչներին և թույլ տալ նրանց անել այն, ինչ ուզում են»[15]։
Հակամարտության թեժացումը դիվանագիտական և ռազմական ճակատներում
Փ ոխադարձ մեղադրանքները աննախադեպ ավելացան 2020թ. սկզբին։ Մասնավորապես, հունվարի 8-ին Ստամբուլում ՌԴ և Թուրքիայի Հանրապետության նախագահներ Վ. Պուտինի և Ռ. Թ. Էրդողանի համատեղ հայտարարության[16] մեջ սիրիական ճգնաժամի մասին դրույթներից կարելի է առանձնացնել հատկապես այն, որ կողմերը՝
- հաստատում են իրենց «հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը»,
- շեշտում են իրենց «վճռականությունը պայքարելու ահաբեկչության բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ և Սիրիայում հակազդելու անջատողական օրակարգերին», այս առնչությամբ հաստատում են «2018թ. սեպտեմբերի 17-ի հուշագրի[17] և 2019թ. հոկտեմբերի 22-ի հուշագրի[18] լիարժեք իրականացման կարևորությունը»,
- ընդգծում են «Իդլիբի ապաէսկալացիոն գոտում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ Իդլիբի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ճանապարհով»[19]։
Իդլիբի շուրջ լարվածությունը հասավ այն աստիճանի, որ 2020թ. փետրվարի 19-ին նախագահ Էրդողանը ԹԱՄԺ-ում[20] իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բավարարված չէ Մոսկվայի հետ բանակցություններով, և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունը Իդլիբում ժամանակի հարց է[21]։
Միաժամանակ Թուրքիայի նախագահը չէր խորշում սիրիական իշխանությունների հետ համագործակցող ուժերի մասին կիրառել «ռեժիմի զինակիցներ» արտահայտությունը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով առաջին հերթին ռուսական զինուժը։ Իհարկե, Բաշար ալ Ասադին աջակցության հարցում երկրորդական չէ նաև իրանական գործոնը, այնուամենայնիվ, «առաջին ջութակը» Ռուսաստանն է։ Ստացվում է, որ Թուրքիան սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում իր դաշնակից երկրներին՝ Ռուսաստանին և Իրանին[22] մեղադրում է «ռեժիմին» աջակցության մեջ, ինչը, թերևս, անակնկալ չէ՝ հաշվի առնելով, որ ճգնաժամի առաջացումից ի վեր այդ երկիրը որդեգրել է կոշտ հակաասադական դիրքորոշում։
Թուրքիայի նախագահի հայտարարությանը նույն օրն արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ նշելով, որ անհամաձայնությունը այն հարցում է, թե ինչպես իրականացնել երկու երկրների նախագահների միջև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ որևէ նոր պահանջ Ռուսաստանը չի ներկայացրել։ ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ ընդգծեց, որ «անհրաժեշտ է իրականացնել այն ամենն, ինչի շուրջ պայմանավորվել են մեր առաջնորդները»[23]։
Ս. Լավրովի խոսքից հետևում է, որ վերոհիշյալ հուշագրով ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածություններն ի սկզբանե ունեցել են մի կարևոր թերությունը. եթե հստակ է եղել «ի՞նչ անել» հարցը, ապա անորոշ է եղել «ինչպե՞ս անելը», որը, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալով և հակասությունների ասպարեզ ստեղծելով, վիժեցնում է առհասարակ ձեռքբերված համաձայնությունների իրականացումը։ Այս հանգամանքը հիմնավորում է Սոչիում 2017թ. սեպտեմբերի 17-ին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունների անկատարության մասին վերը հիշատակված դրույթները։
Իդլիբի հարցում ռուս-թուրքական փոխադարձ մեղադրանքների թեժացումը զուգորդվում էր ռազմական դրության թեժացմամբ[24]։ Ավելին, դիվանագիտական հարթությունում լարվածությունը ռազմական հարթության մեջ իրավիճակի սրման հետևանք էր։ Ռազմական բախումները սաստկացան 2020թ. փետրվարի 3-րդ շաբաթվանից. նախ՝ սիրիական կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրեցին Հալեպ քաղաքն ու նահանգը, որոնք ներթափանցել էին Իդլիբից։ Այս գործողությունները դուրս էին Իդլիբի ապաէսկալացիոն գոտուց։ Բացի այդ, սիրիական կառավարական ուժերին հաջողվեց լիովին վերահսկել և անվտանգ դարձնել M4 և M5 մայրուղիները, ինչը պարտավորվել էր անել Թուրքիան։
Ի պատասխան՝ Թուրքիան, օգտվելով Իդլիբի ապաէսկալացիոն գոտում դիտակետեր ունենալու իրավունքից, սկսեց կանոնավոր բանակի ստորաբաժանումներ կենտրոնացնել՝ 5 գումարտակ (4000-5000 զինվոր և սպա) և մեծաթիվ սպառազինություն՝ մոտ 100 տանկ, 200 զրահամեքենա, հրետանի, շարժական զենիթային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Մինչ օրս Թուրքիան շարունակում է համալրել Իդլիբի իր զինված ուժերը սպառազինությունների նոր խմբաքանակներով։ Նշենք, որ Թուրքիան փորձել է Սիրիայի տարածքում նաև ռազմական ինքնաթիռներ կիրառել, ինչը կանխվել է ռուսական զինուժի կողմից։
Թուրքական բանակի շարասյուն
Թուրքիայի այս քայլերը ակնհայտ ցույց են տալիս, որ վերջինիս գործողություններն ուղղված էին ոչ թե վերոհիշյալ հուշագրով իր ստանձնած պարտավորությունների իրականացմանը, այլ Իդլիբում հաստատված ահաբեկչական խմբավորումների՝ Հայաթ Թահրիր աշ Շամի ապակառուցողական գործողությունների աջակցությանը։ Ռազմավարական առումով Թուրքիան նպատակ էր ուներ վերջնականապես հաստատվել Իդլիբում և դրանով ևս մեկ քայլ կատարել նորօսմանականության, համաիսլամության և համաթյուրքականության գաղափարախոսությունների եռամիասնության վրա հիմնված քաղաքականության իրականացման ճանապարհին, որի կարևորագուն բաղադրիչներից մեկն էլ Օսմանյան կայսրության նախկին՝ մերձավորարևելյան տարածքներում գերիշխանության հաստատումն է։
Թուրքական բանակի կողմից իրականացված հիշյալ գործողությունների հետևանքով Իդլիբում գտնվող ահաբեկչական խմբավորումները կարողացան որոշակի հաջողություններ արձանագրել սիրիական կառավարական ուժերի դեմ մարտերում։ Մասնավորապես, խոցվեց երեք ռազմական ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, բազմաթիվ զրահամեքենաներ։ Սիրիական բանակը կրեց զգալի մարդկային կորուստ։ Թուրքական հրետանային հարվածները բարենպաստ պայմաններ ստեղծեցին Իդլիբում գտնվող ահաբեկիչների հարձակողական գործողությունների համար, որոնք անգամ կարողացան ճեղքել սիրիական կառավարական ուժերի շրջափակման օղակը։ Ստիպված գործին միջամտեցին ռուսական օդատիեզերական ուժերը, որոնց հարվածներից Իդլիբում տեղակայված թուրքական ռազմական միավորումներն ու ահաբեկչական ուժերը էական վնաս կրեցին։ Մասնավորապես, փետրվարի 27-ին օդային հարվածի հետևանքով զոհվեց ավելի քան 30 թուրք զինվորական։ Արդյունքում սիրիական կառավարական բանակին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը։ Այս մարտական գործողությունների ընթացքում Իդլիբում գտնվող ուժերի կողմից փորձ է արվել անգամ զենիթային համակարգով խոցել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռը, ինչը ձախողվել է օդաչուի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Դրանով կանխվեց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն այն աստիճանի, ինչն առկա էր 2015թ. նոյեմբերին՝ ռուսական կործանիչի խոցումից հետո։
Այսպիսով, Իդլիբում թուրքական զինված ուժերը կողք-կողքի կռվում էին Հայաթ Թահրիր աշ Շամ ահաբեկչական կազմակերպության խմբավորումների հետ։ Նրանց գործողություններն այն աստիճանի էին համակարգված, որ առանց վարանելու կարելի է պնդել միասնական ռազմուժի գոյության և գործունեության մասին։ Արդյունքում հիբրիդային պատերազմը, թեկուզ ոչ այնքան մասշտաբային, այնուամենայնիվ, վերածվել էր դասական պատերազմի, երբ անմիջականորեն միմյանց դեմ ռազմական գործողություններ են իրականացնում Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը։ Առայժմ զերծ ենք մնում Իդլիբում ռուս-թուրքական պատերազմի մասին պնդումներց, թեև այն այնքան էլ հեռու չէր իրականությունից։
Ներկա պահին թուրքական բանակն իր սպառազինությամբ և մարտունակությամբ գերազանցում է սիրիականին։ Սակայն, շնորհիվ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ երկնքում առավելությունը ռուսական և սիրիական կողմերի օգտին է, ինչն ընդհանուր առավելություն է տալիս ռուս-սիրիական զինուժին։ «Այս պահուն մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք կրնար օգտուիլ օդային տարածքէն»,- խոստովանել է նախագահ Ռ. Էրդողանը[25]։ Նախքան մարտի 6-ի հրադադարը, փորձագիտական գնահատականի համաձայն, սիրիական և ռուսական կողմերի մոտ նկատվում էր վճռականություն՝ շարունակելու պայքարը մինչև Իդլիբի վերջնական ազատագրումը[26]։
Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները
Մ արտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի հանդիպումը, որի նպատակն էր Իդլիբի հարցում հասնել լիցքաթափման։ Ավելի քան 6 ժամ տևած բանակցությունների արդյունքում, թեև հաջողվեց հասնել որոշակի համաձայնության, այնուամենայնիվ, մամուլի համար արված հայտարարությունները ցույց տվեցին, որ երկու երկրների միջև հակասությունները սկզբունքային հարցում պահպանվում են։
Այս առումով ուշագրավ էր ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքը, որտեղ ուղղակիորեն ասվում էր այդ մասին. «Մենք միշտ չէ, որ համաձայն ենք մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցողի վերաբերյալ մեր գնահատականներում»[27]։ Իսկ բովանդակային առումով երկու երկրների հակասությունները դրսևորվեցին նախագահների խոսքերում։ Եթե Վ. Պուտինը, օրինակ, մեղադրում էր գրոհայիններին Հմեյմիմի ավիաբազայի վրա համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հրետակոծելու համար, ապա Ռ. Էրդողանը իրավիճակի սրման պատասխանատվությունը դնում էր «ռեժիմի ուժերի» վրա՝ մեղադրելով վերջիններիս նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մեջ և հավելելով, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում «իր ուժերով պատասխանել ռեժիմի ցանկացած հարձակման»[28]։
Ինչևէ, բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել նոր պայմանավորվածությունների, որոնք իրենց ձևակերպումը ստացան 2018թ. սեպտեմբերի 17-ի հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ.
- Մարտի 6-ից՝ ժամը 00:01-ից դադարեցնել բոլոր տեսակի մարտական գործողությունները Իդլիբի նահանգում՝ շփման գծի ողջ երկայնքով։
- M4 ճանապարհի համար ստեղծել անվտանգության միջանցք 6-ական կմ հյուսիս և հարավ լայնությամբ, անվտանգության միջանցքի գործառնության կոնկրետ պարամետրերը պետք է համաձայնեցվեն երկու երկրների պաշտպանության նախարարությունների կողմից 7-օրյա ժամկետում։
- Մարտի 15-ից իրականացնել համատեղ պարեկային ծառայություն M4 ավտոմայրուղու երկայնքով՝ Սերաքիբից 2 կմ արևմուտք գտնվող Տրումբա բնակավայրից մինչև Այն էլ Հաբ բնակավայր[29]։
M4 ավտոմայրուղու շուրջ ձևավորվելիք անվտանգության միջանցքը
Փորձագիտական շրջանակներում քննարկվող գլխավոր հարցը ոչ այնքան ձեռք բերված նոր պայմանավորվածություններն են, որքան դրանց իրականացումը և այն, թե որքան կտևի նոր զինադադարը։ Այսինքն՝ մասնագիտական շրջանակները կասկածանքով են վերաբերվում Իդլիբում կայուն խաղաղության հաստատման հեռանկարին՝ ստեղծված դրությունը համարելով խնդրի ժամանակավոր սառեցում, այլ ոչ թե լուծում։
Իսկ նման մոտեցման համար կան առարկայական հիմքեր։ Նախ՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, դեռևս չի հաջողվել հասնել լիակատար հրադադարի։ Համաձայն ռուսական կողմի՝ թեև ոչ մասշտաբային, այնուամենայնիվ, բախումներ տեղի ունենում են, չնայած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հակառակ պնդումներին[30]։ Խնդիրը բարդանում է, քանի որ Իդլիբում ամրակայված գրոհայինները չեն ընդունում Մոսկվայի պայմանավորվածությունները։ Իսկ որքան ցանկություն և հնարավորություններ ունի Անկարան ազդելու վերջիններիս վրա, դժվար է ասել։
Ինչ վերաբերում է վերոնշյալ պայմանավորվածությունների երկրորդ և երրորդ կետերին, M4 ավտոճանապարհի երկայնքով անվտանգության միջանցքի ձևավորմանը և այնտեղ համատեղ պարեկային ծառայության իրականացմանը, ապա, թեև սահմանված ժամկետները մոտենում են ավարտին, սակայն այդ ուղղությամբ անելիքներ դեռ կան[31]։
Ասվածին ավելացնենք, որ մարտի 8-ին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը, քննադատելով Ռուսաստանին, միաժամանակ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկատարի Սիրիայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա Թուրքիան ձեռնամուխ կլինի «Խաղաղության վահան» գործողության նպատակների իրականացմանը[32]։ Այսինքն՝ կրկնում է նախկինում բազմիցս կիրառված սցենարը, երբ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո կողմերը սկսում են միմյանց մեղադրել դրանք չկատարելու մեջ։
Վերջապես, կասկածների տեղիք են տալիս նախադեպերը. նախկինում նույնպես հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, սակայն դրանք կամ չեն իրականացվել, կամ իրականացումն ունեցել է կարճատև բնույթ։
Զարգացման սցենարներ
2 018թ. դրությամբ Իդլիբի ազատագրումը շատ ավելի դյուրին էր, քան այսօր, քանի որ այն ժամանակ չկային թուրքական զինված ուժեր և ռազմական տեխնիկա։ Իսկ այս ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը Թուրքիան օգտագործել է իր դիրքերն ուժեղացնելու, ահաբեկչական կազմավորումներին հովանավորելու, երկրամասն ահաբեկչության միջնաբերդի վերածելու և իր հետագա առաջխաղացման համար հենակետ դարձնելու նպատակով։ Հետևաբար, 2018թ. Թուրքիայի հետ համաձայնության գալը և Իդլիբի ազատագրումը հետաձգելը կարելի է համարել վրիպում, քանի որ դրանով էապես բարդացել է սիրիական կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից նահանգի ազատագրումը։
Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ ամեն ինչ կորած չէ, քանի որ Ռուսաստանն օդային գերակայություն ունի, ինչը վճռորոշ է պատերազմում։ Հիշյալ հանգամանքներում ռուսական կողմից պահանջվում է ծայրահեղ աչալրջություն, որպեսզի Թուրքիան չկարողանա հրադադարն օգտագործել որպես ժամանակ շահելու և իր ու գրոհայինների դիրքերն Իդլիբում էլ ավելի ամրապնդելու միջոց։ Մասնավորապես, անհրաժեշտ է չեզոքացնել Ռուսաստանի հետ օդային հավասարակշռության հասնելու թուրքական ցանկացած նկրտում։ Իսկ նոր սադրանքի և ռազմական դրության սրման պարագայում անհրաժեշտ է օգտվել առկա ռազմական առավելությունից և լուծել Իդլիբի խնդիրը՝ այն մաքրելով ինչպես ահաբեկչական խմբավորումներից, այնպես էլ թուրքական զինուժից։
Հակառակ դեպքում Թուրքիայի կողմից օդային հավասարակշռության կամ գերակայության հաստատմամբ կչեզոքացվի Ռուսաստանի ռազմական առավելությունը, ինչը, թերևս, վերջնականապես կփակի Իդլիբի ազատագրման հարցը։ Իսկ դա լավագույն դեպքում կլինի Սիրիայի տարածքի հերթական մասնատումը, իսկ վատագույն դեպքում՝ Իդլիբի վերածումը թուրքական զինուժի և ահաբեկչական կազմակերպությունների ամուր հետակետի, որտեղից նրանք կծավալվեն Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների խորքերը։ Չմոռանանք, որ Իդլիբի նահանգով են անցնում Հալեպը Դամասկոսին և Լաթաքիային[33] կապող ռազմավարական նշանակության M4 և M5 ավտոմայրուղիները, իսկ Հմեյմիմի ռուսական ավիաբազան բավական մոտ է։ Այլ խոսքով՝ Իդլիբում դիրքերի հետագա ամրապնդումը Թուրքիայի համար կարևոր քայլ կինի տարածաշրջանում գերակայության հասնելու իր ծրագրերի[34] իրականացման ճանապարհին՝ մեծացնելով նրա ախորժակը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում[35]։
Միաժամանակ, նման սցենարը որոշակի հարված կլինի նաև Ռուսաստանի միջազգային հեղինակությանը։ Իսկ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն միտքը, որ Սիրիայում կռվող ռուս զինվորները պաշտպանում են նաև իրենց հայրենի տունը[36], դա սպառնալիք կլինի ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանի, այլև հենց Ռուսաստանի համար։
[1] https://energybase.ru/pipeline/blue-stream
[2] Հովյան Վ., «Թուրքական հոսք»
[3] Սիմավորյան Ա., Թուրքիայի Աքքույու ատոմակայանի նախագիծը
[4] Товарооборот России и Турции в 2019 году вырос до $21,7 млрд
[5] Характеристики зенитной ракетной системы С-400
[6] Տե՛ս В Турции объяснили покупку российских С-400
[7] Տե՛ս նույն տեղում։
[8] 2019 թուականին քանի՞ ռուս զբօսաշրջիկ մահացաւ Թուրքիոյ մէջ, Նոր Մարմարա, 08.02.2020
[9] Основные этапы российской операции в Сирии
[10] Вести недели с Дмитрием Киселевым от 23.02.20
[11] Россия и Турция подписали меморандум о стабилизации обстановки в Идлибе
[12] Նման համաձայնության նպատակը գրոհայինների կողմից հրաձգության կանխումն էր Իդլիբի դէեսկալացիոն գոտու սահմաններից դուրս։
[13] Թեմայից չշեղվելու նպատակով չենք կենտրոնանում քաղաքական համակարգում ընդդիմության գործառույթների ու դերակատարության վրա։
[14] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел и по делам эмигрантов Иорданского Хашимитского Королевства А.Сафади, Москва, 19 февраля 2020 года
[15] Նույն տեղում։
[16] Այս համատեղ հայտարարությունն արվել է «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական բացման արարողության նպատակով ՌԴ նախագահ Վ. Պուտինի Թուրքիա այցի շրջանակներում։ Տե՛ս Церемония ввода в эксплуатацию газопровода «Турецкий поток»
[17] Заявления для прессы по итогам российско-турецких переговоров
[18] Меморандум о взаимопонимании между Российской Федерацией и Турецкой Республикой
[19] Совместное заявление президентов Российской Федерации и Турецкой Республики
[20] Թուրքիայի խորհրդարանը կոչվում է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով (ԹԱՄԺ)։
[21] Erdoğan says Syria talks with Russia unsatisfactory, operation 'matter of time'
[22] Սիրիական ճգնաժամի հաղթահարման շուրջ ռուս-թուրք-իրանական համագործակցությանը հաստատութենական (ինստիտուցիոնալ) մակարդակով սկիզբ է դրվել Աստանայում 2017թ. հունվարին, որի արդյունքում էլ հաշտեցման գործընթացը կոչվում է Աստանայի գործընթաց։ Այս գործընթացում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ունեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր երկրի կարգավիճակ։ Տե՛ս https://www.kazembassy.ru/rus/mnogostoronnee
[23] Выступление и ответы на вопросы СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел и по делам эмигрантов Иорданского Хашимитского Королевства А.Сафади, Москва, 19 февраля 2020 года
[24] Выступление и ответ на вопрос СМИ Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова в ходе совместной пресс-конференции по итогам переговоров с Министром иностранных дел Республики Таджикистан С.Мухриддином, Москва, 24 февраля 2020 года
[25] Նախագահ Էրտողան.- «Իտլիպի համար մեր տուած վերջնաժամկէտը կը սպառի», Նոր Մարմարա, 27.02.2020
[26] Սիրիայում ծավալվողը Թուրքիայի շահերից է բխում. Վարդան Ոսկանյան
[27] Заявления для прессы по итогам российско-турецких переговоров
[28] Նույն տեղում։
[29] Նույն տեղում։
[30] Իտլիպի հարցով վերջին զարգացումները, Նոր Մարմարա, 09.03.2020։
[31] Вести недели с Дмитрием Киселевым от 08.03.20
[32] Իտլիպի հարցով վերջին զարգացումները, Նոր Մարմարա, 09.03.2020։
[33] Դամասկոսը Սիրիայի մայրաքաղաքն է, Հալեպը նրա արդյունաբերական ամենախոշոր կենտրոնը, իսկ Լաթաքիան կարևորագույն նավահանգիստ Միջերկրական ծովի ափին։
[34] Սիրիայում ծավալվողը Թուրքիայի շահերից է բխում. Վարդան Ոսկանյան
[35] Հարավային Կովկասը, փոխկապակցված լինելով Մերձավոր Արևելքի հետ և անմիջականորեն իր վրա կրելով այնտեղ տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը, ժամանակակից աշխարհաքաղաքական խոսույթում գնալով ավելի ու ավելի է ընկալվում որպես այդ տարածաշրջանի մաս։
[36] Владимир Путин: российские военные в Сирии защищают, в том числе, и свой дом - Россия 24