Պետդումայի կուսակցությունները ընտրությունների նախաշեմին

13 ր.   |  2020-03-02

2021թ.-ի սեպտեմբերի 19-ին Ռուսաստանում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ. ձևավորվելու է VIII գումարման Պետդուման: Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը փորձելու է պահպանել մեծամասնությունը, այսինքն՝ 450 տեղից գոնե 301-ը, իսկ ընդդիմադիր կուսակցությունները փորձելու են հնարավորինս շատ մանդատներ ստանալ «Պուտինի կուսակցության» վարկանիշի անկման ֆոնին: Ներկայումս Պետդումայում են «Միասնական Ռուսաստան», «Արդար Ռուսաստան»,  Լիբերալ դեմոկրատական և Կոմունիստական կուսակցությունները:

Մինչ կուսակցությունների գործունեությանն անդրադառնալը՝ կարճ ներկայացնենք ՌԴ-ում քաղաքական կուսակցությունների ստեղծման նախապատմությունը:

Ռ ուսաստանում առաջին կուսակցությունները ստեղծվել են 19-րդ դարի վերջերին՝  50 տարի ավելի ուշ, քան Արևմուտքում: Առավել հայտնի է սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը, որը ստեղծումից հետո բաժանվեց երկու հոսանքի՝ մենշևիկների ու բոլշևիկների, որոնք հետագայում դարձան առանձին կուսակցությունների, իսկ ավելի ուշ՝ 1917-ի հոկտեմբերին բոլշևիկները երկրում հռչակեցին  կոմունիստական կուսակցության իշխանությունը` սկիզբ դնելով միակուսակցական համակարգին: Արդեն 1923 թ.-ին բազմակուսակցական համակարգի մնացորդները ամբողջովին լուծարվեցին: Այս ռեժիմը պահպանվեց մոտ 70 տարի:

1980-ականների վերջին կոմունիստների թուլացման արդյունքում առաջացան քաղաքական շարժումներ, որոնք նոր էջ բացեցին Ռուսաստանի քաղաքական կյանքում: Այս փուլը ընթացավ բարդ իրավական և քաղաքական գործընթացներով, որի արդյունքում հարյուրից ավելի կուսակցություններ ստեղծվեցին և լուծարվեցին:

Ռուսաստանում բազմակուսակցական համակարգը կարելի է բաժանել 3 փուլի՝

1) ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների զարգացում, նախակուսակցական կառույցներ (1986-1990թթ.),

2) կուսակցությունների ձևավորում (1990–1993թթ.),

3) 1993թ.-ի դեկտեմբերից` քաղաքական կուսակցությունների գործունեությունն ու զարգացումը:

1980-ականներին հայտնված կուսակցություններն ու շարժումները պաշտոնապես գրանցվեցին 1990թ.-ից, երբ ընդունվեց  «Հասարակական միավորումների մասին» օրենքը: Դեմոկրատական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական կուսակցություններն առաջիններից էին:  Ըստ օրենքի՝ կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ էր ունենալ 5000 անդամ, ինչի արդյունքում Պետդումայի առաջին ընտրություններին գրանցվեց և մասնակցեց 196 կուսակցություն և շարժում: Սակայն 2001թ.-ին ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով բոլոր այս կուսակցությունները ստիպված եղան նորից գրանցվել, իսկ շարժումների մասնակցությունը ընտրություններին արգելվեց:  Օրենքը պարտադրում էր ունենալ առնվազն 10 հազար անդամ, որի արդյունքում մնաց ընդամենը 46 կուսակցություն:

Ընդհանարապես, այս օրենքը տարբեր պատճառներով հաճախ է փոփոխվում՝ ազդելով կուսակցությունների վրա: Կուսակցությունների անդամների սահմանված  քանակը փոխվեց ևս 3 անգամ: 2004թ.-ին նշաձողը բարձրացավ 50 հազար անդամի, որի արդյունքում 2007թ.-ին ընտրություններին մասնակցեց 15 կուսակցություն, իսկ 2010թ.-ին անդամների թիվը հասավ 40 հազարի, և 2011-ի ընտրություններին մասնակցեց ընդամենը 7 կուսակցություն:  Սա հանգեցրեց ամբողջ Ռուսաստանում լայնամասշտաբ բողոքի ցույցերի, որոնք հայտնի են «Ճահճային հեղափոխություն» անվամբ:



Ցույցերի ֆոնին Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև, որով կոչ էր արվում «նոր ազատ և արդար ընտրություններ» անցկացնել բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գրանցումից հետո: Բանաձևում շեշտվում էր, որ ՌԴ-ում նոր կուսակցություններ գրանցելու գործող կարգը թույլ չի տալիս ընդդիմադիր մի շարք շարժումների մասնակցել ընտրություններին, ինչը քաղաքական մրցակցության և բազմակարծության լուրջ խախտում է:

Ռուսաստանում կուսակցություններ չգրանցելու հարցը հասավ նաև ՄԻԵԴ: Խստացված օրենքների պատճառով 2007թ.-ին Արդարադատության նախարարությունը հրաժարվել էր գրանցել Հանրապետական կուսակցությունը, որն էլ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ: Ըստ հայցի՝ 2011թ.-ի ապրիլին եվրոպական դատարանը մեղադրեց Ռուսաստանի իշխանություններին երկու անգամ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտելու մեջ՝ անօրինական համարելով Հանրապետական կուսակցության լուծարումը: Միջազգային կառույցների մեղադրանքներն պատճառ դարձան, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես ինքն է նշում, «քաղաքական համակարգում փոփոխություններ մտցնի»: Այս փոփոխությունների արդյունքում  կուսակցության անդամների թիվը 40 հազարից 80 անգամ նվազեց՝ դառնալով 500 մարդ: Այժմ Ռուսաստանում գրանցված է 50 կուսակցություն, որից ընդամենը 4-ն են 2016թ.-ի ընտրությունների արդյունքով հայտնվել Պետդումայում.



Խորհրդարանական ընդդիմություն

Ա յժմ Պետդումայում ընդդիմադիր կուսակցություններն են «Արդար Ռուսաստանը», որն ամենաերիտասարդ կուսակցությունն է, Լիբերալ-դեմոկրատական ու Կոմունիստական կուսակցությունները, որոնք միշտ մանդատներ են ունեցել Դաշնային ժողովի ստորին պալատում: Այժմ այս կուսակցությունները Պետդումայի 450 տեղից ունեն ընդհանուր 104-ը:

Արդար Ռուսաստան

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստեղծվել է 2006թ.-ի ռուսական երեք կուսակցությունների՝  «Հայրենիքի», «Ռուսաստանի կյանքի կուսակցության» և «Թոշակառուների ռուսաստանյան կուսակցության» միավորմամբ: Այն որդեգրել է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը՝ համարվելով ձախ ցենտրիստական կուսակցություն: «Արդար Ռուսաստան» ղեկավարում է Սերգեյ Միրոնովը, ով 2004թ.-ին մասնակցելով նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ ինքը ևս քվեարկելու է Պուտինի օգտնին:



Նրան մեղադրում էին «տեխնիկական թեկնածու» լինելու մեջ: Այս խոսակցությունները նա ինքը հաստատեց 2011թ.-ին՝ նշելով, որ նման դեր է խաղացել հանուն դեմոկրատիայի, որպեսզի թույլ չտա ընտրությունները ձախողվեն: Նրա կուսակցությունը ևս հաճախ է մեղադրվում՝ կոչվելով Պուտինի «նախագիծ», որը պլանավորվել է իշխանությունների կողմից:

Ոմանք կարծում են, որ կուսակցությունը ստեղծվել է որպես «երկրորդ իշխանական կուսակցություն»: Ըստ որոշ աղբյուրների՝ նախքան կուսակցության ստեղծումը Միրոնովը հանդիպել է նախագահ Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, որից հետո «Ռուսաստանի Կյանքի կուսակցության» ներկայացուցիչների մոտ Սուրկովը հայտարարել է, որ նոր կուսակցությունը կլինի իշխանությունների «երկրորդ ոտքը», որի վրա այն կմնա, եթե ինչ որ բան պատահի «Միասնական Ռուսաստանին»:

Կուսակցությունը հաջողություն գրանցեց Պետդումայի հենց առաջին ընտրություններում՝ ստանալով 38 տեղ: Այս ընթացքում կուսակցությունն ակնհայտ իշխանամետ էր: 2010թ.-ին Միրոնովը «Միասնական Ռուսաստանի» հետ պայմանագիր կնքեց, ըստ որի, նախագահական ընտրություններում աջակցելու է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը:

Սակայն կուսակցության վարքագիծը 2011թ.-ի ընտրություններից առաջ կտրուկ փոխվեց, երբ Միրոնովը հայտարարեց, որ խոսակցությունները, թե կուսակցությունը աջակցում է Վլադիմիր Պուտինի, արդեն ձանձրացնող ու հին են: Կուսակցությունը դեմ քվեարկեց նաև Պուտինի առաջարկած բյուջեի ծրագրին: Արմատական ընդդիմության իր դերի արդյունքում «Արդար Ռուսաստանը» 2011թ.-ին ստացավ ձայների 13%-ը՝ 68 մանդատ, որը լավագույն արդյունքն էր: Այս կուսակցությունը ակտիվ մասնակցում էր 2011թ.-ին կեղծ ընտրությունների դեմ լայնամասշտաբ ցույցերին. այն միակն էր խորհրդարանում, որ իրոք աջակցում էր ցուցարարներին:

«Արդար Ռուսաստանի» այս դիրքորոշման հետևանքով նրանից անջատվեց  «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության մի շարք հայտնի դեմքեր հեռացան:  2012թ.-ից, սակայն, կուսակցությունը թուլացրեց իշխանությունների քննադատությունը և այլևս չմասնակցեց որևէ մեծ բողոքի ակցիայի:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն

Խ որհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջին ընդդիմադիր կուսակցությունն էր Ռուսաստանում: Այն ստեղծվել է 1989թ.-ին: Ձևավորումից մինչ այժմ այն ղեկավարում է Վլադիմիր Ժիրինովսկին:



Կուսակցությունը դեմ էր ԽՍՀՄ-ի փլուզմանը, ինչի պատճառով որոշ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ կուսակցությունը համարում են ՊԱԿ-ի և ԽՄԿԿ Կենտկոմի նախագիծ՝ Խորհրդային միությունը փրկելու համար: Ժիրինովսկին այս վարկածը հերքում է՝ թյուրիմացությունը բացատրելով Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի հետ: Ըստ Ժիրինովսկու՝ քաղբյուրոյի հանդիպման ժամանակ Գորբաչովը հարցրել է ՊԱԿ-ի նախագահ Վլադիմիր Կրյուչկովից՝ արդյոք կա՞ն նոր կուսակցություններ, որի ի պատասխան Կյուրչկովը նշել է՝ այո՛, Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, իսկ Սոբչակը հասկացել է՝ այո՛, ՊԱԿ-ը նախագծել է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:

Կուսակցությունը մասնակցել  է Պետդումայի 6 ընտրություններին, միշտ տեղ է զբաղեցրել Դումայում, սակայն հաղթել է միայն 1993թ.-ի 1-ին գումարման Պետդումայի ընտրություններում՝ ստանալով ձայների 22%-ը: Այս հաջողությունը կարելի է կապել առաջին այլընտրանքը լինելու հետ, հասարակության համար այս կուսակցությունը նոր շունչ էր:  Լիբերալ-դեմոկրատների հենց անվանումն էլ շատ լավ «խայծ» էր հասարակության համար, որն, իրոք, երկար տարիներ ուներ ժողովրդավարության և ազատության պակաս: Կուսակցությունն առանձնացնում է 5 գաղափար՝ լիբերալիզմ, ժողովրդավարություն, հայրենասիրություն, արդարություն և իրավակարգ՝ կտրականապես մերժելով կոմունիստական և մարքսիստական գաղափարախոսությունը: Սակայն իր հայտարարություններով և վարած քաղաքականությամբ կուսակցությունն ավելի շատ ազգայնական կարելի է համարել: Լիբերալ-դեմոկրատները մեղադրվում են քարոզարշավներին ազգայնական տարրեր պարունակող հայտարարություններ անելու մեջ.  2011թ.-ին ԿԸՀ-ն անգամ նախազգուշացրել է՝ զերծ մնալ «այլատյացությունից և ազգայնականությունից»:

 Ազգայնական հայտարարություններ հաճախ է անում  կուսակցության ղեկավար Ժիրինովսկին. հայտնի դեպքերից է նրա առաջարկը՝ Հյուսիսային Կովկասում արգելել երկուսից ավել երեխա ունենալ, որպեսզի կանխվի ահաբեկչությունը: Այս հայտարարությունը մեծ աղմուկի պատճառ դարձավ, և երկրի ղեկավարը կոչ արեց Ժիրինովսկուն ավելի կոռեկտ լինել:

Ուսումնասիրելով կուսակցության հայտնի «Հզոր թափով՝ առաջ» 100 կետերից բաղկացած ծրագիրը՝ կարելի է ասել, որ այն նույնպես ազգայնականության տարրեր է պարոնակում: Այնտեղ առաջարկվում է Սահմանադրության մեջ «Մենք, Ռուսաստանի բազմազգ ժողովուրդը...» տողը փոխարինել «Մենք, ռուսներն և այլ ժողովուրդներ...»-ով, մաքրել ռուսաց լեզուն բոլոր օտար տերմիններից, վերադարձնել Ռուսաստանին պատկանող բոլոր տարածքները:

Կուսակցությունը նաև առաջ է քաշել «ռուսական հարցը», որտեղ խոսվում է  ռուս ազգի բազմիցս բնաջնջվելու մասին և առաջարկվում օրենքով ռուս ազգին տալ պետականաստեղծ կարգավիճակ: «Ռուսական հարցի» լուծման համար առաջարկվում է նաև 5 տարով փակել սահմանները աշխատանքային միգրանտների առջև:

Տնտեսության ոլորտում լիբերալ-դեմոկրատները կողմ են խառը տնտեսական համակարգին, իսկ երկրում կարևորում են մանր բիզնեսի զարգացումը, որի համար հաճախ է կուսակցությունը իշխանություններին քննադատում:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն

Կ ոմունիստներն իրենց համարում են ԽՄԿԿ-ի իրավահաջորդը, և, ինչպես լիբերալ-դեմոկրատները, մասնակցել են Պետդումայի բոլոր ընտրություններին և հայտնվել օրենսդիր մարմնում:



1980-ականների ավարտը կուսակցության համար անկումային շրջան էր, իսկ 1991թ.-ի օգոստոսին Բորիս Ելցինի հրամանով նրա գործունեություն դադարեցվեց: Միայն 1993թ.-ին այն վերականգնվեց և սկսեց գործել որպես Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն: Նրա ղեկավարը հիմնադրման օրվանից մինչ օրս Գենադի Զյուգանովն է:

Կուսակցության համար խնդիր էր ազատվել անցյալի «ստվերից» և նորովի ներկայանալ հասարակությանը:  1994թ.-ին կուսակցության նոր լոզունգն էր «Ճգնաժամից դեպի կայուն զարգացում, ժողովրդավարություն և սոցիալիզմ»: Կուսակցությունը 2 անգամ մեծամասնություն է կազմել Պետդումայում՝ 1995թ.-ին և 1999թ.-ին, և Բորիսի Ելցինի ամենալուրջ ընդդիմադիր կուսակցությունն էր:

Հիմնական գաղափարը նորացված սոցիալիզմն է, և պայքարում է կապիտալիզմի դեմ: Կուսակցությունն իր նպատակներին հասնելու համար  առաջարկում է 3 փուլ: Առաջին՝ հաստատել աշխատավորների իշխանությունը՝ կոմունիստների գլխավորությամբ, երկրորդ՝ քաղաքական և տնտեսական կայունության հասնելուց հետո միջոցներ ձեռնարկել՝ աշխատողների մասնակցությունը կառավարությունում առավելագույնի հասցնելու համար, և վերջին փուլում ձևավորել սոցիալական հարաբերությունները՝ ապահովելով սեփական հենքի վրա սոցիալիստական համակարգի կայուն զարգացումը:

Իշխանական կուսակցություն «Միասնական Ռուսաստանը»

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունն իր ստեղծումից ի վեր հաղթել է Պետդումայի բոլոր ընտրություններում. Ռուսաստանում ամենամեծն է և աջակցում է ՌԴ նախագահի և իշխանության քաղաքականությանը: Կուսակցության հակառակորդներն հաճախ այն համարում են Կրեմլին և նախագահ Պուտինին ենթակա, որը որպես կուսակցություն չունի քաղաքական որևէ ուժ:

 

Կուսակցությունը ստեղծվել է «Միասնություն» կուսակցության, «Հայրենիք» հասարակական-քաղաքական կազմակերպության և «Ամբողջ Ռուսաստան» շարժման միավորմամբ, որի  հիմքը կարելի է համարել 1999թ.-ին այս քաղաքական միավորումների հաջող մասնակցությունը Պետդումայի ընտրություններում: Արդյունքում՝ այդ ժամանակվա ԱԻ նախարար Սերգեյ Շոյգույի «Միասնություն»-ը և նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի «Հայրենիք - Ամբողջ Ռուսաստան» դաշինքը 2000-ին անցան Պետդումա: 2001թ.-ի ապրիլի 12-ին «Միասնությունը» և «Հայրենիք- Ամբողջ Ռուսաստանը» հայտարարեցին մեկ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, և սեպտեմբերին ստեղծվեց «Միություն և հայրենիք» համառուսական հասարակական կազմակերպությունը, որին էլ հետագայում միացավ «Ամբողջ Ռուսաստան» շարժումը: Իսկ նույն տարվա դեկտեմբերին նրանց համագումարում հիմնվեց  համառուսական քաղաքական «Միություն և հայրենիք-Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, որը 2003-ի դեկտեմբերի 24-ից կոչվեց ուղղակի «Միասնական Ռուսաստան»: Կուսակցության ստեղծումը կապվում է  նաև ռուս հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու անվան հետ, ով հետագայում իրեն համարում էր Պուտինի հիմնական ընդդիմախոսը:

 



«Միասնական Ռուսաստանի» կառուցվածքը ներառում է տարածաշրջանային, տեղական և առաջնային մասնաճյուղեր: Տարածաշրջանայինները ՌԴ-ի 85 սուբյեկտներում են, տեղականները ստեղծվում են քաղաքային թաղամասերում, իսկ առաջնայինները՝ գյուղական բնակավայրերում: Ներկայում գործում է մոտ 83 հազար առաջնային և 3 հազար տեղական մասնաճյուղ: Կուսակցությունն ընդգրկում է ավելի քան 2 միլիոն մարդ: «Միասնական Ռուսաստան»-ի կառավարման և կենտրոնական մարմիններն են համագումարը, ընդհանուր և բարձրագույն խորհուրդները, կուսակցության նախագահը, կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԸՀ) և կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովը:

Գաղափարախոսություն

«Միասնական Ռուսաստան»-ն առաջին անգամ գաղափարախոսության մասին խոսել է 2009թ.-ին՝ իրեն հռչակելով «ռուսական պահպանողականության» կրող, ինչը բացատրվում է «Պահպանել և աճեցնել Ռուսաստանը» լոզունգով: Կուսակցությունը դեմ է ցանկացած հեղափոխության: Պահպանողական արժեքները, ըստ կուսակցության ծրագրի, համարվում են պատմական հիշողությունը, պատմական պատասխանատվությունը, ամուր ընտանիքը, հայրենիքի հանդեպ սերը, եկեղեցին ու մշակույթը: Վ. Պուտինը կուսակցության գաղափարախոսության ընտրությունը բացատրում է այսպես՝ պահպանողականությունը չի խանգարում վեր բարձրանալուն, սակայն խանգարում է ներքև իջնել:

Ո՞րն էր կուսակցության պահպանողական հռչակելու նպատակը: Պատճառները տարբեր են: Նախ՝ 2008-2009թթ.-ի հարցումները, որոնց արդյունքը ցույց տվեց, որ հարցվածները առաջնային արժեք  են համարում ավանդական ռուսական արժեքները (33%-ը): Սակայն ընտրություններում նրանց հաղթանակը կապել գաղափարախոսության հետ այդքան էլ իրատեսական չէ:

Կուսակցության  պահպանողական և կենտրոնամետ դիրքորոշումը կարելի է բացատրել նրանով, որ ռուս հասարակությունը ավելի չեզոք է ընդունում պահպանողական գաղափարախոսությունը, իսկ ցենտրիզմի գլխավոր բնութագրիչը հենց չեզոքությունն է: Այս քաղաքական ուղղությունը երկու հակասական բևեռների կենտրոնում է և զերծ որևէ ծայրահեղությունից: 2015թ.-ին կուսակցության գաղափարախոսությունը, պայմանավորված տնտեսական ճգնաժամով, թեքվեց դեպի  լիբերալ-պահպանողականություն՝ պաշտպանելով ազատ շուկայական հարաբերությունները:

«Պուտինի պլան»

Կ ուսակցությունն առաջին անգամ ընտրություններին մասնակցեց «Միասնական Ռուսաստան՝ պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության կուսակցություն» կարգախոսով և հայտնելով, որ իր վրա է վերցնում կարգուկանոն հաստատելու պատասխանատվությունը: 2016թ.-ին կուսակցության կարգախոսն էր «Յուրաքանչյուրի հաջողությունը Ռուսաստանի հաջողությունն է», իսկ նախագծի հիմնական միտքը՝ «աշխատել յուրաքանչյուրի հետ երկրի բարօրության համար»: Սակայն այս նախագծերը ավելի շատ վերացական են և չունեն հստակ ուղղություններ: Ընդհանրապես, կուսակցության հիմնական խոցելի տեղը կուսակցության  հստակ նախագիծ չունենալն է,  որի համար հաճախ է քննադատվում: Կարել է ասել, որ կուսակցության 2007-ի ընտրություններին առաջարկված «Պուտինի պլան» նախագիծը միշտ բնորոշ է եղել նրա համար:


http://rossiyanavsegda.ru/read

Ինքը՝ Պուտինը, նշել է, որ այն մինչև 2007թ.-ը իր բոլոր ելույթների ընդհանրացումն է, որտեղ նա անդրադարձել է առանցքային խնդիրների և լուծումներ առաջարկել, որոնց ամբողջությունն էլ կուսակցությունն անվանել է «Պուտինի նախագիծ»: Քաղաքական այս արտահայտության որդեգրումը քարոզչական հնարք էր՝ ստանալ շատ քվե՝ օգտվելով Պուտինի բարձր վարկանիշից: Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումների՝ մարդկանց զգալի մասը (37%-ը) կարծում է, որ նախագիծը, որն առաջարկում է «Միասնական Ռուսաստանը», պետք է  իրականացնի ոչ թե կուսակցությունը, այլ՝ Պուտինը:

«Ռազմավարություն 2020»

Կ ուսակցության առավել հայտնի նախագծերից է 2008թ.-ի նոյեմբերի 17-ին ընդունված «Ռազմավարություն 2020»-ը սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման հայեցակարգը, որը փոփոխվեց 2012թ.-ին՝ համաշխարհային ճգնաժամի պատճառով: 800 էջանոց ծրագիրը նախատեսում էր, որ 2020թ.-ին տնտեսական աճը պետք է լինի տարեկան 6.4%-ից-6.5%, սակայն 2014-2018թթ. այն կազմել է 0.5%, իսկ 2019-2020թթ.-ին 1.3%-1.7%: Ըստ ծրագրի՝ 2020թ.-ին անհատի տնօրինվող եկամուտը պետք է աճեր 72%-ով, սակայն 2012թ.-ից մինչ 2019թ-ը աճել է 5%-ով:

Կուսակցությունը 2021թ.-ին ընդառաջ

«Միասնական Ռուսաստանի» վարկանիշը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ 2019թ.-ի հունվարին, իր պատմության մեջ հասավ վատագույն արդյունքին՝ 32.3 %-ի: Վարկանիշի նման անկումը պայմանավորված է 2018թ.-ի ամռանը կուսակցության կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծով, որի արդյունքում 2019 թ.-ից սկսած աստիճանաբար կենսաթոշակային տարիքի շեմը կբարձրանա: Օրենքի ընդունումից անմիջապես հետո սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք մարեցին միայն հոկտեմբերին:

Այժմ կուսակցության համար խնդիր է ոչ միայն բարձրացնել ցածր վարկանիշը, այլև 2021թ.-ին Պետդումայի ընտրություններում սահմանադրական մեծամասնություն կազմել: Բարձրագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն արդեն հայտարարել է, որ կուսակցությունը հենց դրա համար էլ պայքարելու է՝ իրատեսական համարելով կուսակցության հնարավորությունները:

«Միասնական Ռուսաստանը» բավականին լուրջ է սկսել նախընտրական պայքարը. քարոզարշավն առաջին է սկսել՝ 2019թ.-ի նոյեմբերի  23-ին՝ այդ մասին հայտարարելով կուսակցության տարեվերջյան համագումարում, որի հիմնական հարցը Պետդումայի նոր ընտրություններին պատրաստվելն էր: Որոշվեց ստեղծել կուսակցության իրավապաշտպան կազմակերպություն, որպեսզի ուժեղացվի աշխատանքները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Այս կառույցի ղեկավարներ նշանակվեցին «RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և պատգամավոր Միխայիլ Ստարշինովը:

Բացի այդ, ստեղծվելու է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որտեղ քաղտեխնոլոգները կբաշխվեն ըստ մարզերի՝ աշխատելու ընտրազանգվածի հետ: Նախկինում մարզային վարչակազմերն իրենք էին ընտրում իրենց տեխնոլոգներին, իսկ այժմ այն կենտրոնացված կլինի մեկ կառույցում: Ըստ կուսակցության՝ սա արդյունավետ միջոց կլինի պայքարելու հասարակության բացասական տրամադրվածության դեմ:

Նախընտրական 2020թ.-ը այս կուսակցությունները փորձելու են հնարավորինս լավ օգտագործել հասարակության վստահությունը շահելու համար: Լիբերալ-դեմոկրատները և կոմունիստները, ովքեր ունեն իրենց «հավատարիմ» ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ կհայտնվեն Պետդումայում, իսկ «Արդար Ռուսաստանը», որն այժմ ֆինանսական բարդ խնդիրներ ունի, հնարավոր է չկարողանա երրորդ անգամ անհրաժեշտ ձայներ հավաքել: «Միասնական Ռուսաստանի» համար էլ ավելի շատ խնդիր է լինելու, ոչ թե անցողիկ շեմը, այլ Դումայում մեծամասնություն կազմելը: