Սահմանադրական հանրաքվեները Հայաստանում

7 ր.   |  2020-02-24

2003թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի ընտրություններին զուգահեռ անցկացվեց Սահմանադրական փոփոխությունների առաջին հանրաքվեն: Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծը մշակվել էր 1999թ.-ից՝ ՀՀ նախագահին կից կազմված հանձնաժողովի կողմից: 

Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առաջին փորձը տապալվեց: «Այո»-ն ստացել էր 559687, իսկ «Ոչ»-ը՝  552257 ձայն: 2003-ի «Հանրաքվեի մասին» օրենքի կարգավորումներով՝ նախագիծը համարվում էր ընդունված, եթե կողմ էր քվեարկել ձայնի իրավունք ունեցողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:

Սահմանադրական փոփոխության հանրաքվեի հաջորդ փորձը 2005թ. նոյեմբերին էր: 2003-ի ձախողման փորձը նկատի ունենալով, իշխանության կողմից այս անգամ որդեգրվել էր ակտիվ քարոզչության քաղաքականություն: Ձևավորվեց «Այո»-ի ճամբարը, քարոզարշավի մեջ ընդգրկվեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը: Հանրաքվեի քարոզարշավում ակտիվորեն ներգրավված էր նաև «Ոչ»-ի ճամբարը, որը գլխավորեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը: «Ոչ»-ի ճամբարում, սակայն, առկա էին ներքին տարաձայնություններ, մասնավորապես՝ ԱԺՄ-ն կողմ էր բոյկոտի մարտավարությանը, ՀԺԿ-ն ընդհակառակը՝ ակտիվ «Ոչ»-ի կողմնակից էր:

Հանրաքվեն կայացավ 2005թ. նոյեմբերի 27-ին, պաշտոնական արդյուքներով «Այո»-ն ստացել էր 1 միլիոն 411 հազար 711  (94.5%):

Սահմանադրական հաջորդ փոփոխությունը նախաձեռնեց արդեն Սերժ Սարգսյանը՝ 2015-ին: Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին՝ ըստ պաշտոնական արդյունքների դրական ելքով. «Այո»-ն ստացել էր 825 521 (63.37%), «Ոչ»-ը՝ 421568 (32.36%) քվե: 2015թ. սահմանադրական հանրաքվեն անցավ ակտիվ քարոզարշավի իրականացման պայմաններում. հստակ ձևավորված էին «Այո»-ի (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ) և «Ոչ»-ի (ՀԱԿ, Ժառանգություն, ՕԵԿ) ճամբարները:

Քարոզարշավների առանձնահատկությունները

2003թ.

Ս ահմանադրական փոփոխությունների առաջին հանրաքվեի քարոզարշավի գլխավոր առանձնահատկությունը քարոզարշավի բացակայությունն էր: Այս հանրաքվեում դասական իմաստով «Այո»-ի  և «Ոչ»-ի ճամբարներ չձևավորվեցին: «Այո»-ն ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը. ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճամբարին, ապա վերջինս այդպես էլ հստակ չձևավորվեց: 2003թ. խորհրդարանական ուժերից միայն ՀԺԿ-ն, որը «Միասնություն» դաշինքի մի թևն էր, հանդես եկավ հանրաքվեն բոյկոտելու հայտարարությամբ: «Օրինաց երկիր», «ՀՅԴ», «Ազգային միաբանություն» կուսակցությունները հստակ դիրքորոշմամբ հանդես չեկան: Սահմանադրական փոփոխություներին բացասաբար էին տրամադրված Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն և Կոմունիստական կուսակցությունը: Ընդ որում, պետք է շեշտել, որ վերջին երկու քաղաքական ուժերն ակտիվ հակադրության մեջ չմտան սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության հետ և, ըստ ամենայնի, բացասական վերաբերմունքը պայմանավորված էր ոչ թե այդ փոփոխության բովանդակությամբ, այլ գլխավորապես ընդդիմադիր դիրքերում գտնվելու փաստով:

Սահմանադրական այս հանրաքվեին առավել հատկանշական էր, որ չկար որևէ հանրային իրազեկում, փոփոխությունների նախագիծը հրապարակվել էր հանրաքվեի օրվանից ընդամենը 10 օր առաջ, օրվա մամուլի մեկնաբանությամբ՝ զուտ «ծանոթացման համար»: Հանրաքվեի շուրջ ստեղծված այս իրավիճակը պայմանավորված էր  առավելապես նույն օրն անցկացվող խորհրդարանական ընտրություններով: Հասկանալի է, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գրեթե ուշադրության չէր արժանանում, բանավեճն ընթանում էր մրցակից քաղաքական ուժերի միջև և շրջանցում էր սահմանադրական փոփոխությունը: Այս պայմաններում էլ 2003թ. սահմանադրական փոփոխության նախագիծը բավարար թվով քվե չստացավ:

2005թ.

Ի տարբերություն 2003 թվականի՝ 2005-ի նոյեմբերի հանրաքվեի քարոզարշավն անցավ ակտիվ մրցակցության պայմաններում: Նախորդ փորձից ելնելով՝ փոփոխությունները նախաձեռնած Ռոբերտ Քոչարյանը (նախագծի տակ Հրայր Թովմսյանի և Վարդան Պողոսյանի ստորագրություններն էին) ձևավորեց «Այո»-ի ճամբարը, որտեղ ընդգրկվեցին կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Հետաքրքրական էր, որ այս անգամ իշխանության կողմից մոբիլիզացվեցին նաև մշակութային  տարբեր գործիչներ, որոնք զբաղված էին «Այո»-ի քարոզչությամբ: Սրանով իշխանությունը նպատակ ուներ ստանալ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հանրային պահանջի պատկեր: Ի դեպ, այս փորձառությունը հետագա ընտրական գործընթացների քարոզարշավներում բավական լայն տարածում ստացավ:

«Ոչ»-ի ճամբարը նույնպես այս քարոզարշավում ակտիվ մասնակցություն ունեցավ: «Ոչ»-ի շտաբ ստեղծելու մասին հայտարարեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը (ՀԺԿ, ԱԺՄ, ՍԻՄ, ՀԴԿ, ԱԺԴԿ, ԱԺԿ, «Հանրապետություն»): Շտաբի համակարգողն էր Վիկտոր Դալլաքյանը: «Ոչ»-ի շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում էր.

«Ոչ ասելով, այսպես կոչված, սահմանադրական փոփոխություններին, դուք «ոչ» եք ասում այն վարչախմբին, որը պատասխանատու է 1999թ. հոկտեմբերի 27-ին կազմակերպված քաղաքական ահաբեկչության համար, կեղծել է 1998 եւ 2003թթ. նախագահական եւ 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, 2004թ. ապրիլի 13-ին խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացրել է վայրագություններ, գործելաոճ է դարձրել զանգվածային բռնությունները եւ մարդու իրավունքների ոտնահարումը»:

Սակայն, չնայած այս հայտարարությանը, նշենք նաև, որ «Ոչ»-ի ճամբարում առկա էին մարտավարական որոշ տարաձայնություններ: Մասնավորապես, Վազգեն Մանուկյանը գտնում էր, որ պետք է բոյկոտել հանրաքվեն և չգնալ քվերակության:

Այս հայտարությունն, ըստ էության, ներկայացնում էր «Ոչ»-ի ճամբարի քարոզարշավի հիմնական թեզը, որոնց շուրջ էլ այն ընթացավ: Ընդհանուր առմամբ, հանրաքվեի քարոզարշավում սահմանադրության փոփոխությունների բովանդակությունը երկու ճամբարների կողմից լայն քննարկման ու բանավեճի թեմա չդարձան: Առավել ուշադրության էր արժանանում այն հարցը, թե արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը չի բերելու Ռոբերտ Քոչարյանի երրորդ նախագահական ժամկետին գնալուն: Սա այն հարցն էր,  որի շուրջ էլ կառուցվեց երկու կողմերի քարոզարշավը՝ ընդդիմությունը շեշտում էր, որ հանրաքվեն անցկացվում է Ռոբերտ Քոչարյանին երրորդ ժամկետում ընտրելու համար, իսկ «Այո»-ի ճամբարը (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ) քարոզում էր նման վտանգի բացառումը:

Հանրաքվեն օրվա մամուլում ստացավ «ուրվականների հանրաքվե» անվանումը. պատճառը զանգավածային կեղծիքներն ու լցոնումներն էին, ինչն արտահայտվեց նաև միջազգային կառույցների գնահատականներում.«Ծայրահեղ ցածր մասնակցությունը քվեարկությանը չի համապատասխանել ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակված բարձր ցուցանիշներին». ասվում էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի տեղական դիտորդական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի՝ 14 հոգուց բաղկացած պատվիրակության համատեղ հայտարարությունում»: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր հերթին ափսոսանք հայտնեց, որ հանրաքվեն չանցավ այնպես, ինչպես ինքը սպասում էր, իհարկե, արձանագրելով այն որպես կայացած փաստ, որն ավելի է Հայաստանին մոտեցնում Եվրոպային:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ երրորդ անգամ հանդես եկավ Սերժ Սարգսյանը: 2015թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանը լիովին անցում էր կատարում պառլամենտական կառավարման համակարգի: Այս հանրաքվեի քարոզարշավում «Ոչ»-ի և «Այո»-ի ճամբարներն առավել քան հստակ էին: «Ոչ»-ի ճամբարը ձևավորեցին ՀԱԿ և ՀԺԿ կուսակցությունները, «Այո»-ն ներկայացնում էին խորհրդարանական ուժերը՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: 2015թ. հանրաքվեի քարոզարշավը լայնորեն լուսաբանվեց քաղաքական «ռեալիթի շոուով»՝ երկու ճամբարների այցելությունները հանրապետության բնակավայրեր և հանդիպում-քննարկումները քաղաքացիների հետ, որոնք հեռարձակվում էր ուղիղ եթերով: Ընդհանուր առմամբ, այս հանրաքվեի քարոզարշավն առանձնանում էր մասշտաբային իրազեկմամբ: «Այո»-ի ճամբարի ներկայացուցիչների հիմնական քարոզչական թեզը հիմնված էր կառավարման համակարգի փոփոխության վրա: Այլ կերպ ասած՝ քարոզարշվում առանցքային տեղ էր հատկացված փաստաթղթի ընդհանրական քաղաքական բովանդակությանը, ինչն էլ ըստ էության, հիմնական լուսաբանման արժանացավ ԶԼՄ-ների կողմից: «Ոչ»-ի ճամբարը և «Չեք անցկացնելու» քաղաքացիական նախաձեռնությունը քարոզարշավում հիմնական շեշտադրում էին կատարում այն փաստի վրա, որ այս փոփոխությամբ Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում շարունակել իր իշխանությունն արդեն երկրի վարչապետի պաշտոնում: Թերևս հարկ է նշել, որ այս երկու քարոզչական թեզերի շուրջ ձևավորված բանավեճն ու քարոզչությունը հնարավորություն չստեղծեցին սահմանադրության առանձին դրույթների և բովանդակային քննախոսության համար:

2015թ. սահմանադրական հանրաքվեի նկատմամբ առանձնահատուկ դիրքավորում հանդես բերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հանրաքվեն հայտարարեց «կեղծ օրակարգ»: Հարկ է նշել, որ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախօրեին տարբեր քաղաքական հարթակներ հանդես են գալիս առաջիկա հանրաքվեի «կեղծ օրակարգ» լինելու մասին հայտարարություններով՝ հիշատակելով նաև 2015թ. «ՔՊ» դիրքորոշումը: Սակայն անհրաժեշտ է փաստել, որ 2015 և 2020 թթ. քաղաքական իրողություններն անհամեմատելի են: Բացի այս, արձանագրենք, որ 2015-ին «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական հանրաքվեն հայտարարելով կեղծ օրակարգ, հանդես չեկավ այն բոյկոտելու կամ անտեսելու կոչով, այլ դիրքորոշում հայտնեց գործընթացի վերաբերյալ որպես քաղաքական ուժ, որը չի մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին: Այս համեմատականն ի ցույց է դնում առանցքային տարբերությունները, քանի որ առկա իրավիճակում հանրաքվեի բոյկոտի կամ անետեսելու կոչը, անկախ նրանից քաղաքական ուժը մասնակցում է քարոզարշավին թե ոչ, հստակ քաղաքական դիրքորոշում է: Այլ կերպ ասած՝ եթե նկատի ունենանք հանրաքվեի դրական արդյունքի համար նախատեսված կարգավորումները և անհրաժեշտ դրական ձայների նվազագույն շեմը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեի բոյկոտի կոչը անուղղակի «Ոչ»-ի քարոզչություն է:

Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեների քարոզարաշավները գրեթե միագիծ ընթացել են իշխանության և ընդդիմության առճակատման պայմաններում, որտեղ փոփոխությունների բովանդակային կողմը հաճախ երկրորդական պլան է մղվել: Քաղաքական ընդդիմության կողմից սահմանադրական փոփոխություններն ընկալվել և ներկայացվել են որպես օրվա իշխանության կողմից սեփական դիրքերն ամրապնդելու և իշխանության շարունակական պահպանման փորձեր: Որպես կանոն, փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես եկող իշխանությունը և նրա աջակից քաղաքական ուժերը հիմնականում փորձել են հակադարձել ընդդիմության այս պնդումներին: Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ քաղաքական ուժերի այս դիրքավորումներն էլ հանգեցրել են այն  մտայնությանը, որ Սահմանադրությունը կարող է օգտագործվել որպես քաղաքական ուժի կամ խմբակի կողմից սեփական իշխանության ապահովագրության գործիք, և այս մոտեցումը հաճախ նաև համապատասխանել է իրականությանը: Նման պայմաններում առաջիկա հանրաքվեին ընդառաջ քաղաքական իշխանության առաջնային խնդիրներից է դառնում ոչ միայն բուն հանրաքվեի գործընթացի կազմակերպումը, այլ վերոնշյալ հանրային մտայնության բացառումը: