Բրեքսիթ. հնգամյա քաղաքական դրամա
19 ր. | 2020-02-12Եվրոպական Միության վերջին տարիների ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ Բրեքսիթը, ավարտվեց 2020թ. հունվարի 31-ին։ Չնայած Միացյալ Թագավորությունը պաշտոնապես արդեն դուրս է եկել Եվրամիությունից, գործընթացը դեռևս, այսպես կոչված, «անցումային շրջանում է», որը սկսվել է 2020թ. փետրվարի 1-ին և, ըստ առկա պայմանավորվածությունների, կավարտվի 2020թ․ դեկտեմբերի 31-ին։ Նախատեսվում է, որ մինչ այդ կղզու և մայրցամաքի հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն։
Գործընթացի սկիզբը․ Դեվիդ Քեմերոն
Բ րիտանիան իր պատմության ողջ ընթացքում հնարավորինս խուսափել է մայրցամաքային Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումից, ինչն արտահայտվել է նաև Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացում։ Բրիտանիայում մշտապես վերապահումով են մոտեցել միացյալ Եվրոպայի գաղափարին և պարբերաբար դեմ արտահայտվել քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ հարցերում ավելի խորը ինտեգրմանը, ինչպես օրինակ՝ Բրիտանիայի հրաժարվելը «եվրագոտուն» կամ «Շենգեն գոտուն» միանալուց։ 2008թ․ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչպես նաև 2015թ․Եվրոպայում սկսված միգրացիոն խնդիրը և արտաքին քաղաքականության հարցերում Բրյուսելի հետ անհամաձայնությունն առիթ դարձան, որ կրկին հանրային հնչեղություն ստանա ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության արդարացվածության հարցը։ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով մինչև 2015թ․ խորհրդարանական ընտրությունները դեմ էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացմանը, ընտրություններից հետո խորհրդարան ներկայացրեց «Եվրոպական Միության հանրաքվեի ակտ 2015» օրինագիծը։ Քեմերոնն անձամբ կողմ էր, որ Բրիտանիան մնա «բարեփոխված» Եվրամիության կազմում՝ առաջ քաշելով մի քանի կարևոր պայման, որոնցից առաջնայինը Բրիտանիայի հրաժարվելն էր ԵՄ շրջանակներում քաղաքական առավել սերտ ինտեգրումից։ Միացյալ Թագավորության վարչապետը հնարավոր հանրաքվեի անցկացման փաստը փորձում էր օգտագործել իր առաջադրած պայմանների շուրջ ընթացող բանակցություններում Բրյուսելի նկատմամբ ճնշում գործադրելու և անհրաժեշտ զիջումներ կորզելու նպատակով՝ համարելով, որ անգամ հանրաքվեի արդյունքներով Բրիտանիան կմնա ԵՄ կազմում։
https://www.politicshome.com/news
Բանակցություններում էական արդյունքի չհասնելով՝ վարչապետ Քեմերոնը նշանակեց հանրաքվեի օրը։ 2016թ․ հունիսի 23-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ն լքելու կողմնակիցներն առաջ անցան չնչին առավելությամբ՝ 51․9%-ը 48․1%-ի դիմաց։ Առավել հետաքրքական է, որ Անգլիան (53.4%) և Ուելսը (52.5%) կողմ արտահայտվեցին Եվրամիությունից դուրս գալուն, իսկ Շոտլանդիան (62.0%) և Հյուսիսային Իռլանդիան (55.8%)՝ դեմ։ Վարչապետ Քեմերոնը, սխալվելով քաղաքական հաշվարկում, հրաժարական տվեց, իսկ նոր սկսվող գործընթացը, որը ստացավ «Բրեքսիթ» անունը (BrExit = British + exit), պետք է առաջնորդեր նոր վարչապետ Թերեզա Մեյը։
Ճանաչելով հանրաքվեի արդյունքը՝ երկրի կառավարությունը 2017թ. մարտի 29-ին կիրառեց «Եվրոպական միության մասին պայմանագրի» 50-րդ հոդվածը (լրամշակված Լիսաբոնի պայմանագրով, 13 դեկտեմբերի, 2007թ․)՝ պարտավորվելով լքել կառույցը 50-րդ հոդվածի կիրառումից հետո 2 տարվա ընթացքում՝ մինչև 2019թ մարտի 29-ը:
Բանակցային սկզբնական փուլերը․ Թերեզա Մեյ
Բ րեքսիթի շուրջ բարդագույն բանակցությունների նախօրեին երկրի օրենսդիրի աջակցությունն ապահովելու և բանակցային դիրքերն ամրապնդելու նպատակով վարչապետ Թերեզա Մեյը ցրեց Համայնքների պալատն ու նշանակեց նոր ընտրություններ (2017թ․ հունիսի 8), որոնցից անմիջապես հետո՝ 2017թ. հունիսի 19-ին, Բրյուսելում տրվեց Բրեքսիթի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը։ Մեյի համար շատ կարևոր էր գործընթացի հստակ ժամանակացույցի սահմանումն ու իրագործումը: Կողմերը վերջնական համաձայնության հասնելու վերջնաժամկետ սահմանեցին 2018թ․ աշունը։ Խնդիրն այն է, որ եթե կողմերին հաջողվեր մինչ այդ հասնել համաձայնության, ապա Բրիտանիայում, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում պետք է լիներ ազգային օրենսդրությանը համապատասխան վավերացման գործընթաց։ Ուստի անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել նաև վավերացման համար (քանի որ Բրիտանիան պարտավորվել էր մինչև 2019թ․ մարտի 29-ը պաշտոնապես լքել Եվրամիությունը)։
Քննարկումների առանցքային հարցերից էին ԵՄ-ի և Բրիտանիայի միջև առևտրի ռեժիմը, մաքսային սահմանի հարցը, Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակը, Բրիտանիայի ֆինանսական պարտավորության խնդիրը, Բրիտանիայի և ԵՄ քաղաքացիների ապագա իրավունքները և այլն։
Վեց ամիս տևած լարված քննարկումների արդյունքում Բրեքսիթի գործընթացի բանակցային առաջին փուլն ավարտվեց 2017թ․ դեկտեմբերի 8-ի՝ Եվրոպական Միության և Միացյալ Թագավորության կառավարության համատեղ զեկույցի հրապարակմամբ, որով ուրվագծվում էին ԵՄ-ում Բրիտանիայի քաղաքացիների և Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, Իռլանդիայի հետ «փափուկ սահմանի» (soft border), ֆինանսական կարևորագույն հարցերի վերաբերյալ (divorce bill) հիմնական մոտեցումներն ու այլ հարցեր։ Սահմանվում էր, որ Բրիտանիան պետք է շարունակի վճարել ԵՄ բյուջե 2019թ․ և 2020թ․, ինչպես նաև ֆինանսական այլ պարտավորություններ։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային, ապա, ըստ զեկույցի, այն Բրիտանիայի հետ միասին պետք է լքեր ԵՄ մաքսային միությունը, սակայն Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև «կոշտ սահման» (hard border) չէր կարող լինել։ Այն հարցը, թե ինչպիսին կլինի այդ սահմանի իրավական կարգավիճակը, շարունակում էր մնալ բանակցային սեղանին։
https://www.businessinsider.com/theresa
Բանակցությունների առաջին փուլում որոշակի հաջողությունների արձանագրումը կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հաջորդ փուլին, որը միտված էր կարգավորելու նաև ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո կողմերի միջև ավելի երկարաժամկետ հարաբերությունները։ Առաջնային էին այսպես կոչված երկու տարվա «անցումային շրջանի» (transition period) վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման խնդիրները։ Բանակցային երկրորդ փուլի արդյունքում 2018թ․ մարտի 22-23-ը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում հաստատվեց Բրեքսիթի ժամանակացույցը․ բանակցությունների ավարտը սահմանվեց 2018թ․ հոկտեմբերի 31-ը, որից հետո ձեռք բերված համաձայնությունը պետք է վավերացվեր թե՛ Եվրոպական խորհրդարանի կողմից (ըստ Լիսաբոնի համաձայնագրի), թե՛ Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների կողմից։ Վավերացման գործընթացը պետք է ավարտված լիներ մինչև 2019թ․ մարտի 29-ը, երբ Բրիտանիան պաշտոնապես կդադարեր լինել ԵՄ անդամ։ Նույն օրը կմեկնարկեր «անցումային շրջանը», որի ընթացքում առևտրային համաձայնագրերը ԵՄ շրջանակներում կշարունակեն գործել։ Այս ժամանակահատվածում Բրիտանիան պետք է կարգավորեր առևտրատնտեսական և ֆինանսական հարաբերությունները, ինչպես Եվրոպական Միության անդամների, այնպես էլ երրորդ երկրների հետ՝ արդեն որպես անկախ տնտեսական գործընկեր։ Այդ ընթացքում Իռլանդիայի հետ ցամաքային սահմանը կշարունակեր մնալ թափանցիկ։ «Անցումային շրջանի» ավարտը սահմանվեց 2020թ․ դեկտեմբերի 31-ը, երբ կողմերի միջև բոլոր տեսակի հարաբերությունները պետք է կարգավորված լինեն։
«Անցումային շրջանի» շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվեց բանակցային գործընթացի ամենավճռորոշ, միաժամանակ՝ ամենաբարդ փուլը։ Եթե նախորդ երկու փուլի ընթացքը համեմատաբար սահուն էր, իսկ արդյունքները՝ մասամբ գոհացուցիչ, ապա երրորդ փուլում ի հայտ եկան Բրիտանիայի և ԵՄ-ի միջև առկա իրական տարաձայնությունները։ Բացի այդ, Բրեքսիթի վերաբերյալ Բրիտանիայի ներսում ևս առկա էին բավական սուր հակասություններ։
Թերեզա Մեյի գործարքը
Բրեքսիթի ժամանակցույցը. 2015-2020: Ինֆոգրաֆիկա
Կողմերին հաջողվեց փոքրացնել վիճելի հարցերի շրջանակը, երբ Բրիտանիայի վարչապետ Մեյը համաձայնեց Բրեքսիթի գործարքի համար վճարել 35-39 մլրդ ֆունտ սթերլինգ (Եվրամիությանը վճարել նախատեսվող ողջ գումարի շրջանակը), ինչը Բրիտանիայում ընկալվեց որպես հսկայական զիջում Եվրամիությանը։ Մեյը մեղադրվեց անվճռականության, ինչպես նաև Բրեքսիթից հետո Բրիտանիայի հնարավորությունները թերագնահատելու մեջ։ Ուստի վարչապետն ամիսներ շարունակ ստիպված էր բանակցել ոչ միայն Եվրամիության, այլև սեփական կառավարության և խորհրդարանի հետ՝ համաձայնեցնելու Բրեքսիթի շուրջ Միացյալ Թագավորության դիրքորոշումը։ Այդ բանակցություններում առաջընթաց գրանցվեց 2018թ․ հուլիսի 6-ին, երբ կառավարությանը հաջողվեց մասամբ համաձայնության հասնել ԵՄ-ի հետ բանակցության փաթեթի շուրջ (Chequers Plan կամ White Paper)։ Չնայած դրան՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Բորիս Ջոնսոնը և Բրեքսիթի հարցերով նախարար Դևիդ Դեյվիսը, դեմ արտահայտվելով առաջարկությունների փաթեթին, անմիջապես հրաժարական ներկայացրին։ Կարևոր է նշել այն հանգամանքը, որ Բրիտանիայում նման զարգացումը դրական ընկալվեց Եվրամիությունում. ԵՄ-ն ակնկալում էր, որ երկու ազդեցիկ նախարարների հրաժարականից հետո Մեյի մոտեցումները չեն փոխվի և առնվազն կնվազեցնեն նոր տարաձայնությունների ի հայտ գալու ռիսկերը։
Միացյալ Թագավորության կառավարության կողմից ընդունված առաջարկների փաթեթը նախատեսում էր, որ
- Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ միասնական շուկայից և մաքսային միությունից, ԵՄ-ի հետ պետք է համաձայնեցվեր ազատ առևտրի պայմանագիրը, իսկ երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամբողջովին պետք կարգավորվեին երկկողմ համաձայնություններով։
- «Անցումային շրջանում» ԵՄ քաղաքացիներին կթույլատրվեր այցելել Բրիտանիա կրթության, աշխատանքի և զբոսաշրջության նպատակով։ Այդ ընթացքում բանակցելու էին միգրացիոն քաղաքականության մյուս մանրամասները, սակայն վերջնական համաձայնության արդյունքում քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակվելու էր։
- Բրիտանիան դուրս չէր գա ԵՄ ոստիկանական ծառայությունից և կշարունակեր ԵՄ-ի հետ տեղեկատվության փոխանակումը,
- Արտաքին և պաշտպանական քաղաքականության համակարգումը ԵՄ-ի հետ կշարունակվեր, և այլն։
Սա, ըստ էության, «փափուկ Բրեքսիթի» (soft Brexit) բրիտանական տարբերակն էր, որը դիմադրության արժանացավ անգամ Պահպանողական կուսակցության ներսում, որը ներկայացնում էր վարչապետ Մեյը։ Չնայած արտաքին գործերի և Բրեքսիթի հարցերով նոր նախարարներ Ջերեմի Հանթը և Դոմինիկ Ռաբը համաձայն էին առաջ տանել Մեյի տեսակետը՝ նրա կուսակիցները խորհրդարանում միակարծիք չէին։ Խորհրդարանականների մի մասի կարծիքով՝ փաթեթը ոչ բավարար չափով էր նվազեցնում ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակը։ Առնվազն 80 խորհրդարանական միայն պահպանողական կուսակցությունից դեմ էր փաթեթին, իսկ լեյբորիստներն առհասարակ վստահություն չէին հայտնում Թերեզա Մեյի բանակցություններին։ Ուստի Բրիտանիայի վարչապետը հայտնվել էր բավական բարդ իրավիճակում․ նա ԵՄ-ի հետ բանակցում էր իր ներկայացրած առաջարկների փաթեթի շուրջ՝ չունենալով լիարժեք աջակցություն անգամ սեփական կուսակցության ներսում։
2018թ․ նոյեմբերի 25-ին Թերեզա Մեյը ԵՄ-ի հետ համաձայնեցրեց «Բրեքսիթի գործարքը» (Withdrawal Agreement)։ Մոտ 600 էջից բաղկացած փաստաթղթի երեք հիմնական սկզբունքներն էին․
- Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-ի հետ համաձայնեցված ֆինանսական պարտավորությունների կատարում,
- Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների իրավունքների և ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքների կարգավորում,
- Իռլանդիայի հետ «կոշտ սահմանի» կանխարգելման մեխանիզմի ներդրում (backstop)։
Եվրամիությունում գործարքը համընդհանուր հավանության արժանացավ, իսկ Բրիտանիայում՝ ընդհակառակը․ ակտիվորեն քննադատվեց ինչպես ընդդիմադիր լեյբորիստների կողմից, այնպես էլ լուրջ տարաձայնություններ սկսվեցին թե՛ խորհրդարան-կառավարություն հարաբերություններում, թե՛ Պահպանողական կուսակցության ներսում։ Դեկտեմբերին Համայնքների պալատում Պահպանողական պատգամավորներն անգամ խմբակցության շրջանակներում քվեարկեցին վարչապետ Մեյին կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռացնելու օգտին, սակայն վերջինիս հաջողվեց պահպանել կուսակցության ղեկավարի և ըստ այդմ՝ երկրի վարչապետի պաշտոնը։
2019թ․ հունվար-մարտ ամիսներին Մեյը շարունակեց առաջ մղել համաձայնեցված գործարքը Համայնքների պալատում, բայց ապարդյուն. խորհրդարանականները երեք անգամ՝ հունվարի 15-ին, մարտի 12-ին և մարտի 29-ին մերժեցին։ Քանի որ այլևս հնարավոր չէր «փրկել» Բրեքսիթի ժամանակացույցը, ԵՄ-ն ու Բրիտանիան մարտի 21-ին գործարքի վավերացման վերջնաժամկետը տեղափոխել էին ապրիլ։ Սակայն ակնհայտ էր, որ մոտ ապագայում հնարավոր չի լինելու վավերացնել այն Համայնքների պալատում, ուստի շարունակում էր կախված մնալ «կոշտ Բրեքսիթի» վտանգը, որին, ինչպես ցույց տվեց նաև բանակցությունների հետագա ընթացքը, հակված չէին ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ ԵՄ-ն։ Ապրիլի 10-ին կողմերը համաձայնեցին հետաձգել Բերքսիթը մինչև 2019թ․ հոկտեմբերի 31-ը՝ Մեյին հնարավորություն տալով շարունակել գործարքի վավերացման գործընթացը։
https://www.washingtonpost.com/world
Եվրամիությունն, իհարկե, սա ներկայացնում էր որպես զիջում՝ հետագա բանակցություններում հանդես գալով ավելի կոշտ դիրքերից, իսկ Թերեզա Մեյն իր հերթին հույս ուներ որոշակի զիջում ստանալ ԵՄ-ից՝ փաստաթղթի վավերացումը Համայնքների պալատում ապահովելու համար։ Սակայն Բրիտանիայի վարչապետին չհաջողվեց համոզել ո՛չ լեյբորիստներին, ո՛չ էլ պահպանողականներին, և հունիսին Մեյը հրաժարական տվեց, իսկ «Թորիների» առաջնորդի պաշտոնում ընտրվեց և, հետևաբար, վարչապետի պաշտոնում Մեյին փոխարինեց Ֆորին Օֆիսի նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը։
Բորիս Ջոնսոն․ թարմացված գործարքը և Հյուսիսային Իռլանդիայի հարցը
Հուլիսի 24-ին ստանձնելով Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ Բորիս Ջոնսոնը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը․ հոկտեմբերի 31-ին ցանկացած գնով դուրս բերել Բրիտանիան ԵՄ կազմից՝ չբացառելով անգամ «կոշտ Բրեքսիթի» տարբերակը։ Վարչապետի փոփոխությունը, սակայն, չվերացրեց կառավարություն-խորհրդարան հակասությունները․ դրանք տարբեր դրսևորումներ ստացան՝ հասնելով «իրավական մեխանիզմների պատերազմի»։ Բրիտանիայի կառավարությունը 2019թ․ օգոստոսի վերջին դիմեց թագուհուն՝ կասեցնելու խորհրդարանի աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը։ Թեև թագուհին հավանություն տվեց Ջոնսոնի դիմումին, Բրիտանիայի Սահմանադրական դատարանը այդ որոշումը ճանաչեց հակասահմանադրական, իսկ խորհրդարանը շարունակեց քայլերը «կոշտ Բրեքսիթը» բացառելու ուղղությամբ։ Վերջինս իր հերթին սեպտեմբերի 9-ին ընդունեց օրենք (Benn Bill), որն արգելում էր «կոշտ Բրեքսիթը» և պարտավորեցնում էր վարչապետ Ջոնսոնին դիմել ԵՄ-ին՝ Բրեքսիթը մինչև 2020թ․ հունվարի 31-ը հետաձգելու խնդրանքով, եթե մինչև հոկտեմբերի 31-ը ԵՄ-ի հետ Բրեքսիթի պայմանների շուրջ հստակ համաձայնություն ձեռք չբերվեր։ Հոկտեմբերին սկսվեցին Բրիտանիա-ԵՄ բանակցությունները՝ առկա գործարքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։ Փոփոխությունների հիմնական հատվածը վերաբերելու էր Հյուսիսային Իռլանդիայի հարցին, քանի որ սա, թերևս, կողմերի համար ամենախոցելի հարցն էր։ ԵՄ-ն սկզբում մերժեց բանակցությունների առաջարկը, և դրանք շարունակվեցին միայն Ջոնսոնի և Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարիի հանդիպումից հետո՝ երբ համաձայնեցրին Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ մի քանի առանցքային հարցեր։ Հոկտեմբերի 17-ին Բրիտանիան ու Եվրամիությունը կարողացան ի վերջո համաձայնեցնել գործարքի վերջնական տարբերակը։
Բորիս Ջոնսոնի գործարքի հիմնական դրույթները.
- 2020թ. հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան կկորցնի ներկայացվածությունն ու ձայնի իրավունքը ԵՄ-ի իշխանության մարմիններում, բայց մինչև 2020թ. վերջը կմնա միասնական տնտեսական տարածքում: Այս 11 ամսում Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պետք է համաձայնության գան առևտրի և համագործակցության նոր պայմանների շուրջ։
- Մինչև 2020-ի վերջը Մեծ Բրիտանիան շարունակելու է գործել ԵՄ օրենքներով և, հնարավոր է, ավելի երկար՝ բիզնեսին հարմարվելու հնարավորություն տալու համար:
- Մեծ Բրիտանիան կվճարի ԵՄ-ից դուրս գալու «հրաժարագին»՝ 33 մլրդ ֆունտ սթեռլինգի չափով։
- Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների և ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետք է երաշխավորված լինի։
- Բեքսթոփի վիճահարույց ծրագիրը չեղյալ է հայտարարվել։ Փոխարենը Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի ու մաքսային միության կազմում կմնա «անցումային շրջանի» ավարտից հետո առնվազն չորս տարի:
- Հյուսիսային Իռլանդիան կընդգրկվի ԵՄ միասնական շուկայում:
- Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև չի գործելու միասնական մաքսային տարածք, փոխարենը Հյուսիսային Իռլանդիան մնալու է Մեծ Բրիտանիայի մաքսային տարածքում և ընդգրկվելու է Բրեքսիթից հետո Բրիտանիայի կողմից կնքված ցանկացած ապագա առևտրային գործարքում:
- Հյուսիսային Իռլանդիան նաև կմնա ԵՄ մաքսային գոտի մուտք գործելու «դարպաս»: Մեծ Բրիտանիան չի սահմանի Հյուսիսային Իռլանդիա ներմուծվող ապրանքների մաքսատուրք, եթե դրանք նախատեսված չեն սահմանով հետագա տեղափոխման համար։
- ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների համատեղ հանձնաժողովը կորոշի, թե որ ապրանքները կարող են մուտք գործել ընդհանուր շուկա։
- Հյուսիսիռլանդական ասամբլեան (Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմինը) առևտրային կանոնների շուրջ չորս տարին մեկ քվեարկություն կանցկացնի։
Գործարքի մեծ մասը հիմնականում կրկնում է Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքը։ Գլխավոր տարբերությունը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային․
Մեյի գործարք 2018թ․ նոյեմբերի 25 |
Ջոնսոնի գործարք 2019թ․ հոկտեմբերի 17 |
Իռլանդիայի հետ «կոշտ սահմանի» կանխարգելման մեխանիզմի՝ Բեքսթոփի (backstop) ներդրում։ Այն ենթադրում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի լինել ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում «անցումային շրջանի» ընթացքում՝ գործելով այնքան ժամանակ, մինչև Լոնդոնն ու Բրյուսելը իռլանդական սահմանի թափանցիկությունն ապահովող լուծում գտնեն: |
Բեքսթոփի վիճահարույց ծրագիրը չեղյալ է հայտարարվել։ Փոխարենը Հյուսիսային Իռլանդիան «անցումային շրջանի» ավարտից հետո առնվազն չորս տարի կմնա ԵՄ-ի միասնական շուկայի ու մաքսային միության կազմում: |
Գործարքը համաձայնեցնելուց հետո անհրաժեշտ էր ապահովել դրա վավերացումը Համայնքների պալատում և Եվրախորհրդարանում։ Բրիտանիայում կրկին թեժացան կրքերը վավերացման խնդրի շուրջ․ համայնքների պալատը թեպետ առաջին ընթերցմամբ հոկտեմբերի 22-ին հավանություն տվեց գործարքին, սակայն մերժեց Ջոնսոնի առաջարկած «եռօրյա արագացված ժամանակացույցը», որով պետք է համաձայնագրի վավերացումը ավարտվեր հոկտեմբերի 29-ին՝ նախանշված ժամկետում։ Բրիտանիայի վարչապետն ու Եվրամիության առաջնորդները ստիպված եղան ևս մեկ անգամ հետաձգել Բրեքսիթը՝ այս անգամ երեք ամսով՝ մինչև 2020թ․ հունվարի 31-ը։
https://www.newstatesman.com/politics
Չնայած ԵՄ-ի հետ բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժին՝ անհրաժեշտ էր երեք ամիսների ընթացքում վավերացնել գործարքը, ինչը դարձյալ որոշ խոչընդոտների հանդիպեց բրիտանական խորհրդարանում։ Ուստի Համայնքների պալատում Բրեքսիթի գործարքի վավերացումն ապահովելու նպատակով 2019թ․ դեկտեմբերի 12-ին Բրիտանիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ Պահպանողական կուսակցությունը տարավ անկանխատեսելի և պատմական հաղթանակ՝ Համայնքների պալատում 650 մանդատներից ստանալով 364 տեղ (մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր միայն 326 մանդատ)։ Տարածված այն մոտեցումը, որ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, «Բրեքսիթի հարցով երկրորդ հանրաքվե» դարձան և Բորիս Ջոնսոնի կառավարությունը ստացավ երկիրը ԵՄ կազմից դուրս բերելու մանդատը, չափազանցված է։ Եթե համեմատենք ընտրություններում ուժերի ձայների բացարձակ հարաբերակցությունը, կարող ենք փաստել, որ պահպանողականները և Բրեքսիթի կուսակցությունը միասին ստացել են ձայների 45,6%-ը, մինչդեռ պայմանականորեն եվրոպամետ համարվող լեյբորիստները, լիբերալ-դեմոկրատները, շոտլանդական ազգայնականները և կանաչները միասին ստացել են ձայների 50,4%-ը։
Ամեն դեպքում, Պահպանողական կառավարությունը՝ Ջոնսոնի գլխավորությամբ ստացավ Բրեքսիթն ավարտին հասցնելու ինստիտուցիոնալ մանդատ, ինչն ակնհայտ էր գործարքի արդեն առաջին քվեարկությունից։ Դեկտեմբերի 19-ին Համայնքների պալատն առաջին քվեարկությամբ կողմ արտահայտվեց «Եվրամիությունից դուրս գալու համաձայնագրի մասին օրենքին» (Withdrawal Agreement Bill)՝ 358 կողմ, 234 դեմ ձայներով։ Օրինագծի շուրջ Համայնքների պալատում երկրորդ քվեարկությունը տեղի ունեցավ արդեն 2020թ․ հունվարի 9-ին․ այս անգամ ևս ստորին պալատը հավանություն տվեց փաստաթղթին՝ 330 կողմ, 231 դեմ ձայներով։ Հունվարի 22-ին օրինագծին կողմ քվեարկեց նաև Լորդերի պալատը։ Թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից փաստաթղթի ստորագրումից հետո այն ստացավ օրենքի ուժ։ Հունվարի 29-ին էլ համաձայնագիրը վավերացվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։
Շոտլանդիայի հարցը
Բ րեքսիթի ընթացքում Շոտլանդիայում կրկին ակտիվացավ անկախության պահանջը։ Ի տարբերություն Հյուսիսային Իռլանդիայի, որը փորձում էր Բրեքսիթի գործարքով ստանալ առավել նպաստավոր պայմաններ (Եվրամիության կազմից դուրս գալուց հետո)` Շոտլանդիայի հիմնական պահանջը անկախության նոր հանրաքվեի անցկացումն էր:
Անկախության հանրաքվեն Շոտլանդիայում տեղի է ունեցել 2014թ․ սեպտեմբերի 18-ին: Այդ ժամանակ շոտլանդացիների 55,3%-ը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին, իսկ 44,7%-ը պաշտպանել էր անկախացումը։ Հանրաքվեի նման արդյունքը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում Շոտլանդիան հայտնվելու էր ԵՄ կազմից դուրս և ստիպված էր լինելու անցնել ԵՄ անդամակցության երկար գործընթացը։ Առաջնորդվելով նույն տրամաբանությամբ՝ 2016թ. Բրեքսիթի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուն (62%)։
Այս երկու քվեարկությունների արդյունքները, ըստ Շոտլանդիայի վարչապետ և իշխող Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթերջենի, բավարար հիմք են անկախության նոր հանրաքվե անցկացնելու համար։ Ավելին, 2019թ․ դեկտեմբերի 12-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը ձգտում է հասնել անկախության նոր հանրաքվեի անցկացմանը, հաղթանակ է տարել 59 շոտլանդական շրջաններից 48-ում՝ բրիտանական խորհրդարանում իր ներկայացվածությունն ավելացնելով 13 մանդատով։ Այդ հաղթանակը ևս կուսակցությունը ներկայացնում է որպես ԵՄ-ի կազմում մնալու՝ Շոտլանդիայի ցանկության հստակ արտահայտում։
Օգտագործելով Բրեքսիթով պայմանավորված բարդ իրավիճակը՝ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 19-ին, Շոտլանդիան պաշտոնապես դիմել էր Լոնդոնին՝ անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու հարցմամբ, սակայն Բորիս Ջոնսոնը պաշտոնապես մերժել էր այդ դիմումը։
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու նախօրեին՝ հունվարի 29-ին, Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվե անցկացնելու օգտին՝ ուժեղացնելով քաղաքական ճնշումը բրիտանական կառավարության վրա։ Այդ քվեարկությունը, սակայն, չի կարող ունենալ լուրջ իրավական ազդեցություն․ հանրաքվեի համար Շոտլանդիային անհրաժեշտ կլինի Բրիտանիայի իշխանությունների համաձայնությունը։ Իսկ Միացյալ Թագավորության կառավարության պնդմամբ՝ 2014թ․ հանրաքվեով արդեն արտահայտվել է ժողովրդի դիրքորոշումը։
Բրիտանիան Բրեքսիթից հետո
Բ րեքսիթի ժամանակացույցի համաձայն՝ 2020թ․ հունվարի 31-ին Բրիտանիան պաշտոնապես դադարեց լինել ԵՄ անդամ։ Փետրվարի 1-ից սկսվեց 11 ամիս տևողությամբ «անցումային շրջանը», որի ընթացքում Բրիտանիան ու Եվրամիությունը պետք է բանակցեն հետագա հարաբերությունների շուրջ։ Իսկ մինչ այդ, այսինքն՝ «անցումային շրջանում» Բրիտանիայի ու ԵՄ-ի հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի․ Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ միասնական շուկայի և մաքսային միության մաս, սակայն Բրիտանիան կդադարի ազդեցություն ունենալ Միության որոշումների վրա։ Ուստի 2020թ․ մարտից նախատեսվող բանակցությունների առանցքային խնդիրներից կլինի ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, ինչը կարևոր է երկու կողմերի համար, քանի որ անցումային շրջանի ավարտին Բրիտանիան դուրս կգա ԵՄ միասնական շուկայից և մաքսային միությունից։
ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու համար վերջնաժամկետը 2020թ. դեկտեմբերի 31-ն է։ Չի բացառվում, սակայն, որ «անցումային շրջանը» կարող է երկարաձգվել։ Չնայած Բորիս Ջոնսոնը պնդում է, որ անցումային շրջանը երկարաձգելու կարիք չի լինի՝ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ առկա ժամանակացույցը չափազանց բարդ է և շատ մարտահրավերներ է պարունակում: Հաշվի առնելով համաձայնեցման ենթակա հարցերի ծավալը, սպասվող բանակցությունների բարդությունը, ինչպես նաև Բրեքսիթի գործընթացի 3․5 տարիների փորձը՝ մեծ է հավանականությունը, որ անցումային շրջանը նույնպես կարող է երկարաձգվել։
Այժմ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է լքել ԵՄ միասնական շուկան և մաքսային միությունը՝ երրորդ պետությունների հետ առևտրի պայմանները ինքնուրույն համաձայնեցնելու և Եվրոպական դատարանի ընդհանուր իրավասությունը դադարեցնելու նպատակով։ Միաժամանակ, Բրիտանիան ցանկանում է հնարավորինս պահպանել առևտրատնտեսական սերտ հարաբերությունները ԵՄ-ի հետ, և առևտրային գործարքը համաձայնեցնելու դեպքում ԵՄ-ն կմնա Բրիտանիայի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։
Ներկայումս հնարավոր է կանխատեսել վերջնական Բրեքսիթի մի քանի հիմնական տարբերակ՝ «առանց համաձայնության Բրեքսիթ» (no-deal Brexit), «կոշտ Բրեքսիթ» (hard Brexit), «փափուկ Բրեքսիթ» (soft Brexit), «կոշտ Բերքսիթ+» (hard Brexit+):
Առանց համաձայնության Բրեքսիթ
Բրեքսիթի այս տարբերակը կնշանակի, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից՝ առանց որևէ համաձայնագրի, ինչը ծանր հետևանքներ է կունենա ինչպես Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ-ի համար, ուստի կողմերից որևէ մեկը շահագրգռված չէ բանակցությունների տապալմամբ։ Անգլիայի Բանկի կանխատեսմամբ՝ նման սցենարը կարող է հանգեցնել առաջին տարում Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի 8% և բնակարանների գնի 33% անկման, ինչը, կանխատեսումների համաձայն, ֆինանսական շուկաների համար մեծ ցնցում կլինի։ Մյուս կողմից՝ նոր մաքսատուրքերի սահմանումը, հարաբերությունների չկարգավորվածությունը կբերի Բրիտանիա-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի անկման։
Այս տարբերակը, թեև չի բացառվում, սակայն քիչ հնարավոր է։ Հաշվի առնելով Բրեքսիթի գործընթացի 3․5 տարվա փորձը՝ մեծ է հավանականությունը, որ համաձայնության չհասնելու դեպքում անցումային շրջանը կերկարաձգվի։
Կոշտ Բրեքսիթ
Այս դեպքում Բրիտանիան դուրս կգա ԵՄ ընդհանուր շուկայից համաձայնագրով, որը թույլ կտա առանց որևէ սահմանափակման առևտուր անել եվրոպական երկրների հետ և կապահովի աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը: Միաժամանակ, Բրիտանիան դուրս կգա մաքսային միությունից՝ սահմանելով առևտրի սեփական կանոնները և երրորդ երկրների հետ կունենա սեփական համաձայնագրերը։ Կոշտ Բրեքսիթի հիմնական խնդիրն այն է, որ առանձին առևտրային գործընկերների հետ պայմանները համաձայնեցնելը բարդ ու երկարատև գործընթաց կլինի, և կարող է հավելյալ ժամանակ պահանջել։
Փափուկ Բրեքսիթ
Առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից սա կարող է Բրիտանիայի և ԵՄ-ի համար լավագույն տարբերակը լինել։ Այս դեպքում Բրիտանիան ամբողջությամբ կամ մասնակի կմնա ԵՄ միասնական շուկայում։ Այս տարբերակը թույլ կտա նվազագույնի հասցնել առևտրային հոսքերի, մատակարարումների, ավելացված արժեքի շղթայի և ընկերությունների ընդհանուր գործունեության հնարավոր խափանումները: Այս տարբերակի հիմնական խնդիրը Բրիտանիայի համար այն է, որ միասնական շուկայի վերաբերյալ մասնակի համաձայնագրի որևէ հնարավորություն չի տա:
Կոշտ Բրեքսիթ+
Սա կնշանակի Բրիտանիայի և ԵՄ-ի միջև համապարփակ առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրում՝ արտոնությունների ավելի լայն շրջանակի փոխադարձ տրամադրմամբ, բայց առանց միասնական շուկայի կամ նոր ազատ առևտրի համաձայնագրի։ Այս տարբերակը կլինի առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման նոր մոդել։ Մնացած բոլոր մանրամասները կախված կլինեն փոխադարձ համաձայնություններից։
Բրեքսիթի քաղաքական նշանակությունը
Բ րիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից, անշուշտ, ունենալու է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևոր հետևանքներ ինչպես Մեծ Բրիտանիայի և Եվրամիության, այնպես էլ եվրոպական առանձին պետությունների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների համար։ Առանձնացնենք Բրեքսիթի մի քանի հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներ.
- Մեծ Բրիտանիան կստանա ավելի մեծ ինքնուրույնություն՝ կարգավորելու երրորդ երկրների հետ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունները։ Որպես գործնական դրսևորում կարելի է ակնկալել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական և քաղաքական հարաբերությունների էական սերտացում։
- Լոնդոնը կդադարի, այսպես ասած, «կապող օղակ» լինել Վաշինգտոնի և Բրյուսելի միջև։ Միաժամանակ, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն շահագրգռված են լինելու Բրիտանիայի հետ սերտ քաղաքական հարաբերությունների պահպանմամբ։
- ԵՄ կազմից միջուկային տերություն հանդիսացող և վետոյի իրավունք ունեցող ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Մեծ Բրիտանիայի դուրս գալը զգալիորեն կթուլացնի Եվրոպական Միության աշխարհաքաղաքական ազդեցությունը:
- Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ում կարելի է կանխատեսել Ֆրանսիայի դերակատարության զգալի աճ։ Բացի այդ, ԵՄ «հզորագույն եռյակում» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) տեղ կբացվի Լեհաստանի համար։
- Չի բացառվում Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի ջերմացման սցենար, այդ թվում՝ պատժամիջոցների որոշակի մեղմացման տեսքով։ Գաղտնիք չէ, որ ԵՄ-ում Բրիտանիան ՌԴ-ի դեմ կոշտ քաղաքականության կողմնակից էր՝ ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի։ Միևնույն ժամանակ, դժվար է կանխատեսել ջերմացում Լոնդոնի և Մոսկվայի հարաբերություններում։
- Հաշվի առնելով ԵՄ-Բրիտանիա-ԱՄՆ հարաբերություններում առկա «անցումային փուլը»՝ իրենց աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու նոր հնարավորություններ են ստեղծվում Ռուսաստանի և Չինաստանի համար, առավելապես՝ ասիական, աֆրիկյան տարածաշրջանում։
- Բրեքսիթը որոշակի բացասական ազդեցություն կունենա ԵՄ այն երկրների համար, որոնք Միությունում Մեծ Բրիտանիային խոշոր և ազդեցիկ դաշնակից էին համարում, օրինակ՝ մերձբալթյան երկրների։
- Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության դադարեցումը զգալիորեն կհարվածի նաև ԵՄ բյուջեին, որի հատկացումների շուրջ 11.8%-ն ապահովում էր Լոնդոնը: Սա մի կողմից 2021թ.-ից կհանգեցնի ԵՄ անդամների ֆինանսական պարտավորությունների փոփոխության, մյուս կողմից՝ տարբեր ծրագրային ծախսերի և արտաքին աջակցության նպատակահարմարության և արդյունավետության վերանայման:
- Բրեքսիթի գործընթացով ԵՄ-ում արդեն իսկ նկատելի են ԵՄ ներքին ընթացակարգերի կատարելագործման, ներքին ինտեգրման ամրապնդման, ԵՄ անդամակցության խստացմանն ուղղված կոչեր և պահանջներ, որոնք Եվրահանձնաժողովի նոր կազմը ստիպված կլինի հաշվի առնել
Բրեքսիթի նման բարդ և երկարատև գործընթացում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով որևէ կանխատեսում միանշանակ չէ. ամեն ինչ կախված կլինի Լոնդոնի և աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների դիրքավորումից և փոխադարձ պայմանավորվածություններից։