Իրանի կառավարման համակարգի վերափոխման շուրջ դիսկուրսը

9 ր.   |  2020-02-12
Իրանի կառավարման համակարգի վերափոխման շուրջ դիսկուրսը

Ի րանի սահմանադրության համաձայն հոգևոր առաջնորդը, լինելով երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի հետ խորհրդակցելուց հետո սահմանում և վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր պետական քաղաքականությունը: Նախագահը, որպես գործադիր իշխանության ղեկավար և հոգևոր առաջնորդից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյա, արտաքին գործերի նախարարության միջոցով իրականացնում է հոգևոր առաջնորդի նախանշած արտաքին քաղաքականությունը:

Թվում է, թե սահմանադրությունը հստակ տարանջատել է ինստիտուտների գործառույթները և արտաքին քաղաքականությունն իրականացնելիս որևէ խոչընդոտ չպետք է առաջանար, սակայն, իրականում, Իրանի վերջին երեք նախագահներն ընդգծել են իրենց լիազորությունները մեծացնելու անհրաժեշտությունը:

Ո՞րն է պատճառը, որ գործադիր իշխանության ղեկավարները բախվել են բավարար չափով լիազորություններ չունենալու խնդրին: Հոգևոր առաջնորդի կարգադրությամբ նախագահներին հանձնարարվում է նախանշված սկզբունքների համաձայն իրականացնել երկրի արտաքին քաղաքականությունը, սակայն գործնականում, նախագահները չեն ունենում կամ ավելի ճիշտ՝ նրանց չեն տրվում այն գործիքներն ու լծակները, որոնցով հնարավոր կլինի ամբողջությամբ ու արդյունավետ կատարել կառավարության առջև դրված խնդիրները: Արդյունքում ստացվում է, որ նախագահը չի կարողացել կատարել հոգևոր առաջնորդի կարգադրությունը, հետևաբար նախագահի և նրա ղեկավարած կառավարության գործունեությունը բացասական է գնահատվում՝ դառնալով քաղաքական ընդդիմախոսների քննադատության առարկա:

Հոգևոր առաջնորդի և նախագահի ինստիտուտների վերաբերյալ գնահատականներն ու ընկալումները տարբեր են. մասնավորապես՝ Իրանից դուրս գործող ընդդիմադիր գործիչներն այդ կառույցների միջև առկա հակասությունների շուրջ դիսկուրսն արհեստական են համարում՝ պնդելով, թե այն միտված է համակարգի պահպանմանը: Նրանց կարծիքով այդ կերպ նախագահը փորձում է խուսափել քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունից՝ փորձելով հիմնավորել, որ կառավարությունն իր խոստումները չի կատարել, որովհետև նախագահն անհրաժեշտ լիազորություններ չի ունեցել[1]:

Իրանի պետական կառավարման բարդ համակարգը[2] քաղաքական որոշակի կոնյունկտուրայում հնարավորություն տալիս է պետական ինստիտուտների միջև հակասությունները խաղարկելով խուսափել երկրի և իշխանությունների համար խնդրահարույց միջազգային պայմանագրերը վավերացնելուց, սակայն Հասան Ռոհանիի նախագահության ընթացքում տեղի ունեցող գործընթացները հերքում են միջինստիտուցիոնալ հակասությունների ամբողջությամբ արհեստական լինելու թեզը:

Սահմանադրությամբ ամրագրված և փաստացի հոգևոր առաջնորդին ու նախագահին վերապահված գործառույթների միջև առաջացող հակասությունները եթե Իրանի քաղաքական դաշտի համար հասկանալի գործընթացներ են, ապա հատկապես Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրության պայմաններում նմանատիպ իրավիճակը երկրից դուրս ընկալվում է որպես երկբևեռ իշխանության դրսևորում՝ դառնալով շահարկումների առիթ:

«Միացյալ Նահանգների հետ բանակցություններ», «միջուկային ծրագիր», «ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիա CFT»՝ սրանք հիմնական այն քննարկումներն են, որոնք առավել տեսանելի են դարձնում հոգևոր առաջնորդի և նախագահի, ինչպես նաև նախագահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջև առաջացող տարաձայնությունները: Պետք է հստակեցնել, որ խոսքն ավելի շատ վերաբերում է ինստիտուտներին, այլ ոչ թե անձերին:

Հասան Ռոհանին նախագահության երկրորդ շրջանում մի քանի անգամ անդրադարձել է նախագահի ունեցած ոչ բավարար լիազորություններին՝ չպայմանավորելով այն միայն արտաքին քաղաքական խնդիրների շուրջ մոտեցումների տարբերությամբ: Ռոհանին հարցը դիտարկում է ավելի լայն համատեքստում. երբ նա վկայակոչում է սահմանադրության 59-րդ հոդվածը, այն է՝ «Տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կարևորագույն խնդիրները լուծվում են հանրաքվեի միջոցով՝ ժողովրդի կամքին ուղղակի դիմելու ճանապարհով», մի կողմից փորձում է միջուկային համաձայնության ձախողումից հետո կրկին հույս ներշնչել քաղաքացիներին, որ ժողովուրդն ավելի ակտիվ մասնակցի քաղաքական գործընթացներին, իսկ մյուս կողմից փորձում է լուծել այն հիմնախնդիրները, որոնց առջև կարևոր որոշումներ ընդունելու պահին կանգնում է իր թիմը:

Ավելին՝ Հասան Ռոհանին նաև իրեն համակարգը թուլացնելու մեջ չմեղադրելու նպատակով հատուկ շեշտում է, որ հանրաքվեն ավելի կամրապնդի «Jomhouriat» (հանրապետություն) հասկացությունը, քանի որ ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսլամական համակարգը ձևավորվել է հենց հանրաքվեի արդյունքում:

2019թ. փետրվարին, երբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական տվեց, իրանցի փորձագետների մի մասն այն բացատրեց արտաքին հիմնախնդիրներով, իսկ մյուս մասը պայմանավորեց ներքաղաքական զարգացումներով:

Թվում էր՝ թե նախագահի՝ ԱԳ նախարարի հրաժարականը չընդունելուց հետո քաղաքական իրադրությունը հանդարտվեց, սակայն ընդամենը մի քանի ամիս անց, երբ Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կրկին լարվեցին և արտգործնախարարից չափազանց մեծ ջանքեր էին պահանջվում՝ հաղթահարելու Իրանի առջև ծառացած մարտահրավերները, երկրի ներսում արտգործնախարար Զարիֆի դեմ արշավ սկսվեց: Իրանի պետական հեռուստատեսությունը, որի ղեկավար նշանակում է հոգևոր առաջնորդը, սկսեց հեռարձակել փաստավավերագրական մի հեռուստասերիալ, որտեղ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ներկայացվում էր որպես «անգործունակ» և «անկարող» գործիչ:


Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմումը ներկայացնելուց երկու օր անց: Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը «Սաադաբադ» պալատում մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությանը, 27 փետրվարի, 2019թ.:

Իսկ ո՞րն էր արտգործնախարարի դեմ նման արշավ սկսելու շարժառիթը: Զարիֆի դեմ նման գործընթաց սկսվեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահագները միակողմանի դուրս էր եկել միջուկային համաձայնությունից և վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները[3], իսկ նախարարն այդպիսի պայմաններում իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «եթե այսօր էլ առիթ ընձեռվեր, ապա ես կրկին կստորագրեի միջուկային համաձայնությունը»[4]:

Ովքեր ծանոթ են Իրանի պետական համակարգի առանձնահատկություններին, գիտեն, որ իրանցի որևէ պաշտոնյա, առավել ևս արտգործնախարարը չէր կարող այնպիսի հայտարարություն անել, որը կհակասեր բարձրագույն իշխանության որդեգրած սկզբունքներին: Դա նշանակում է, որ Իրանի հասարակության համար կարևորագույն խնդրիների վերաբերյալ քաղաքական ինստիտուտների միջև համաձայնություն չկա, և յուրաքանչյուր լարված իրավիճակում հակասություններն անմիջապես դրսևորվում են:

Ինչպես պաշտոնական հայտարարություններն ու իրական գործընթացներն են փաստում՝ Իրանի համար գերլարված ժամանակաշրջանում սկզբունքային հարցերի լուծման եղանակների շուրջ քաղաքական իշխանության և ԻՀՊԿ-ի, այսինքն՝ հոգևոր առաջնորդի միջև որոշ տարաձայնություններ, այնուամենայնիվ, առաջանում են՝ կապված թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հետ:

Օրինակ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը նախագահին հնարավորություն չի տալիս ուղիղ եթերում խոսել քաղաքացիների հետ կամ համակողմանի չի լուսաբանում կառավարության նիստերն ու համակարգում բարեփոխումներ անելու նախագահի առաջարկությունները և այլն[5]:

Մեկ այլ դեպքում, երբ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը ներկա է լինում ոչ թե երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյան, այլ նրա փոխարեն հանդիպմանը ներկա էր ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին (Սպանվել է 2020թ. հունվարին): Կամ Ասադի այցի վերաբերյալ նախագահի աշխատակազմը տեղեկացվում է վերջին պահին[6]:


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անակնկալ այցը Թեհրան,
25 փետրվարի 2019թ.
Ասադի՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի և նախագահի հետ հանդիպմանը ներկա էր նաև ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

Հենց այդ սկզբունքային հարցերի պատճառով էր, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում նախագահին և արտգործնախարարին անվստահություն հայտնելու գործընթացներ տեղի ունեցան, իսկ արտգործնախարար Զարիֆը մեկ տարվա ընթացքում մեկ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մեկ անգամ հոգևոր առաջնորդին գրած նամակում նշեց իր նկատմամբ տեղի ունեցող գործողությունների պայմաններում պաշտոնավարման աննպատակահարմարության մասին[7]:

Ուշագրավ է, որ նման իրողությունները զուտ ներիրանական չեն, դրանք ազդում են նաև արտաքին քաղաքականության վրա. դրանցից օգտվում են Միացյալ Նահանգներն ու տարածաշրջանում Իրանի հետ հակասություններ ունեցող երկրները: Եվ եթե կառավարություն-ԻՀՊԿ, կամ նախագահ-հոգևոր առաջնորդ հակասությունները մեծ հաշվով ներքաղաքական զարգացումների տեսանկյունից հասկանալի են, ապա դրսից դրանք այլ կերպ են ընկալվում և, բնականաբար Իրանի նկատմամբ քաղաքականությունը մշակվում է՝ համաձայն այդ իրողությունների, ինչի վերաբերյալ Զարիֆը բազմիցս բարձրաձայնել է[8]:

Այն ժամանակ, երբ Իրանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվող ֆիլմում Զարիֆը ներկայացվում էր որպես անգործունակ, Միացյալ Նահանգները հայտարարում էր, որ իմաստ չունի Զարիֆի հետ բանակցել, քանի որ նա որևէ ազդեցություն չունի Իրանում: Այդ համատեքստում անտրամաբանական է, որ Իրանի ներսում պետական ինստիտուտների միջև առաջացած հակասությունների պայմաններում արտգործնախարար Զարիֆն արտերկրում իր հանդիպումների ժամանակ հաճախ ստիպված լինի ընդգծել, թե ինքը լիազորված է խոսել ԻԻՀ անունից, այն դեպքում, որ հենց դա է իր լիազորությունը:  


Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դերակատարը՝ «Gando» սերիալում

Կամ մեկ այլ իրավիճակում, երբ Իրանի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի միապետություններին առաջարկում էր տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցություններ վարել, այսպիսի մի ուշագրավ հայտարարություն է արել. «Ես Սաուդյան Արաբիային առաջարկել եմ, եթե իմ խոսքերին չեք վստահում, կարող եք Ղասեմ Սոլեյմանիի հետ բանակցել»[9]:

Իրանում, այսպես կոչված, երկիշխանության մասին քննարկումները կրկին ակտիվացան, երբ Իրանի արտգործնախարարը գերմանական «Spiegel» թերթին տված հարցազրույցում խոսեց Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորության մասին՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է բանակցության, եթե Միացյալ Նահանգները փոխի իր դիրքորոշումը և վերադառնա բանակցային սեղանի շուրջ[10]:

Իհարկե, Զարիֆի խոսքերը Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանում ձևավորված իրադրության պայմաններում շոկ առաջացրին` խիստ քննադատության արժանանալով արմատական խմբերի կողմից[11]: Այդ ժամանակ Զարիֆը կրկին մեղադրվեց Իրանի պաշտոնական դիրքորոշմանը հակասող գործունեություն իրականացնելու մեջ, որոնց ի պատասխան՝ նախագահի թիմին սատարող քաղաքական գործիչները հետևյալ հարցադրումն արեցին իրենց ընդդիմախոսներին. «Նախագահին և ԱԳ նախարարին քննադատողներն ի՞նչ ծրագիր ունեն, որը կչեզոքացնի պատժամիջոցների և Իրանը մեկուսացնելու ԱՄՆ-ի  քաղաքականությունը, ի՞նչ առաջարկություն ունեն նրանք և որո՞նք են լինելու նրանց գործողությունները»[12]: «Spiegel»-ին տված հարցազրույցից հետո ԱԳՆ մամուլի խոսնակ Աբաս Մուսավին ստիպված եղավ հերքել, թե կառավարման համակարգում առկա են տարաձայնություններ՝ վստահեցնելով, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն իշխանության դիրքորոշումը»[13]:

Այդ միջադեպից հետո Իրանում կրկին ակտիվացան հանրաքվե անցկացնելու և հանրության համար խնդրահարույց հարցերը հանրաքվեի միջոցով լուծելու անհրաժեշտության մասին քննարկումները, որի վերաբերյալ Հասան Ռոհանին խոսեց հունվարի 27-ին՝ նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ[14]:


Իրանի տպագիր մամուլի անդրադարձը՝ Հասան Ռոհանիի՝ հանրաքվե անցկացնելու առաջարկությանը

Վերլուծելով ներկայումս Իրանում տեղի ունեցող զարգացումները՝ նկատում ենք, որ թեև դրանք տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ, սակայն իրականում մենք գործ ունենք բազմաշերտ մի գործընթացի հետ: Հաշվի առնելով ներկայումս Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ երկու պետական ինստիտուտների միջև տարաձայնությունները գնալով խորանալու հակում ունեն, ինչը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել:

Հասան Ռոհանին իր նախագահության շրջանում փորձել է մեծացնել ԱԳ նախարարության դերը, ինչը ենթադրում է հոգևոր առաջնորդի գրասենյակից և ԻՀՊԿ-ից ավելի անկախ գործելու հնարավորություն: Երբ 2013թ. նախագահական ընտրություններից հետո միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների լիազորություններն Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարից անցան ԱԳ նախարարին, արտգործնախարարի գործունեությունը թիրախավորվեց և ընկալվեց որպես հոգևոր առաջնորդի հետ չհամաձայնեցված ինքնագործունեություն:

ԱԳՆ-ի, մասնավորապես՝ Զարիֆի դեմ արշավներն ավելի շատ նպատակ ունեն արտաքին քաղաքական գերատեսչությանը զրկել ԱՄՆ-ի հետ որևէ ձևաչափով բանակցություններ իրականացնելու հնարավորությունից, որովհետև ներկայումս պահպանողական-բարեփոխական ավանդական բանավեճին ավելացել է մի նոր բաղադրիչ, որը վերաբերում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին: Քաղաքական դաշտում, կարծես թե, նոր խմբեր են ձևավորվում՝ «ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու կողմնակիցներ» և «ԱՄՆ-ի հետ ցանկացած ձևաչափով հարաբերությունները մերժողներ»:

Ինչպես ցույց տվեց միջուկային համաձայնությունը՝ քանի դեռ Իրանի քաղաքական դաշտն իր համար հստակ չի որոշել, թե ԱՄՆ-ի հետ ի՞նչ ձևաչափով պետք է փոխհարաբերություններ ունենալ, որտե՞ղ են հատվում «կարմիր գծերը», ո՞ր սահմանից հետո են վտանգվում Իրանի ինքնիշխանությունն ու պետական շահերը, Իրանի ցանկացած կառավարություն աշխարհի հետ հարաբերվելիս ունենալու է այն նույն խնդիրները, որոնց առնչվում է Իրանի ներկայիս կառավարությունը:   

Մյուս կողմից հոգևոր առաջնորդի և նախագահի ինստիտուտների միջև առկա հակասությունները, որքան էլ դրանք տեղավորվեն ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ և ներիրանական օրակարգի մաս կազմեն, այդպիսի իրավիճակը կարող են շահարկել ոչ միայն Իրանի հակառակորդ երկրները, այլև այդ իրողությունը կարող է անհասկանալի լինել նաև գործընկեր երկրների համար:


[1] https://bit.ly/3bhCSac

[2] Տե՛ս Իրանը չորս տասնամյակ անց https://bit.ly/392nTPe

[3] https://rasanews.ir/fa/news/614656/

[4] https://bit.ly/2S6gCbP

[5] https://bit.ly/2Snp70X

[6] https://www.isna.ir/news/97122714356/

[7] https://www.irna.ir/news/83415748/

[8] https://www.youtube.com/watch?v=Yl4P4TQmGoI

[9] https://aftabnews.ir/fa/news/605933/

[10] https://www.spiegel.de/international/world/it

[11] https://etemadonline.com/content/381167/

[12] https://etemadonline.com/content/380639/

[13] https://twitter.com/khabaronlinee/status

[14] https://president.ir/fa/113548