Իրան. հայացք Պեկինից
11 ր. | 2020-02-10Պ եկինի տնտեսական շահերն Իրանում ունեն երկու հիմնական բաղադրիչ՝
- աշխարհատնտեսական. Իրանը ռազմավարական նշանակություն ունի «Նոր մետաքսի ճանապարհ» չինական նախաձեռնությունում։ Մեծ կարևորություն է տրվում Իրանի աշխարհագրական դիրքին ու տարանցիկ-հաղորդակցային հնարավորություններին՝ որպես Ասիան Եվրոպային կապակցող Մետաքսի ճանապարհի հանգույցներից մեկը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ-OPEC) անդամ Իրանն ունի նավթի ու բնական գազի մեծ պաշար, որի աճող պահանջարկն անչափ կարևոր է Չինաստանի համար։ Նավթի հայտնաբերված պաշարներով զբաղեցնելով աշխարհում 4-րդ[1], խոշոր նավթարտադրող երկրների թվում՝ 5-րդ տեղը[2], Իրանը Չինաստանի նավթագազային պահանջարկի լրացման հիմնական աղբյուրներից է։ Ավելի քան 1.6 տրլն ՀՆԱ-ով (գնողունակության հավասարություն-purchasing power parity) և շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար առևտրաշրջանառությամբ Իրանը խոշոր շուկա է չինական ներդրումների համար[3]։ Իրանի համար Պեկինը նաև տնտեսական ուժեղ գործընկեր է, տնտեսության ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման համար խոշոր ներդրող ու տեխնոլոգիաների մատակարար։
- աշխարհաքաղաքական. Իրանը սկզբունքային նշանակություն ունի Պեկին-Վաշինգտոն քաղաքական, տնտեսական մրցակցությունում։ Պեկինի տեսանկյունից Իրանը կարևոր ռազմավարական գործընկեր ու դաշնակից է` ընդդեմ Վաշինգտոնի։ Պեկինը կարևորում է ՆԱԵԿ-ին Իրանի անդամակցության հանգամանքը՝ որպես նավթարդյունահանման ու մատակարարման համաշխարհային միտումների վրա ներազդման գործիք։ Իրանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները դրդում են այդ երկրին զանազանեցնել տնտեսական կապերը, այդ թվում՝ չինական ուղղությամբ։ Թեհրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանի հետ երկխոսությունը, որպես հակաամերիկյան բևեռ, դիտարկում է նաև Իրանի միջուկային ծրագրի միջազգային իրավաքաղաքական գործընթացների համատեքստում։
Ն ախորդ դարի 90-ականներին երկկողմ առևտրաշրջանառությունը մի քանի մլրդ ԱՄՆ դոլար էր։ 2000-ականների սկզբից այն շեշտակի աճեց՝ 2005-ից հատելով 10 մլրդ-ը։ 2007-ին Չինաստանը դարձավ Իրանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ 2010-ին երկկողմ առևտրաշրջանառությունն արդեն 30 մլրդ էր[4]։ 1992-2018թթ. Չինաստանի և Իրանի առևտրաշրջանառության բարձրակետը 2014-ն էր՝ գերազանցելով 50 մլրդ ԱՄՆ դոլարը։
Աղբյուրը՝ https://iranprimer.usip.org/blog/2019
2017-ին Իրանից ապրանքների արտահանման չինական մասնաբաժինն ամենամեծն էր՝ 27.5%, որին հաջորդում էին Հնդկաստանը (15.1), Հարավային Կորեան (11.4), Թուրքիան (11.1)[5]։ Նույն թվականին Չինաստանն Իրանի ամենամեծ ներմուծողներից էր (12.7%)՝ զիջելով միայն ԱՄԷ-ին (29.8), ապա՝ Թուրքիան (4.4%), Հարավային Կորեան (4) ու Գերմանիան (4)։
Աղբյուրը՝ https://mirec.mgimo.ru/upload/ckeditor
Երկկողմ տնտեսական համագործակցությունն առավել արդյունավետ է տրանսպորտի, հաղորդակցության, էներգետիկ և ներդրումների բնագավառում։ 2005-ին Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Իրանին տրվեց դիտորդի կարգավիճակ[6], ինչը կարևոր ավանդ ունեցավ Պեկին-Թեհրան տնտեսական կապերի զարգացման համար։ 2011-ին էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման և համատեղ նախագծերի իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով Թեհրանում ստեղծվեց համատեղ նավթագազային հանձնաժողով։ 2011-ի մայիսի ստորագրվեց արտադրության և արդյունաբերության համագործակցության խթանման 20 մլրդ ԱՄՆ դոլարի համաձայնագրեր[7]։ Օրակարգում էր երկկողմ կարևորություն ներկայացնող 25 նախագիծ, այդ թվում՝ մեքենաշինության, երկրաբանության, մետաղների արդյունահանման, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում[8]։
Պեկին-Թեհրան տնտեսական երկխոսությունում թերևս բեկումնային կարելի է համարել 2016 թվականը։ Հունվարին Թեհրան այցելեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը 14 տարվա ընդմիջումից հետո ՉԺՀ առաջնորդի առաջին այցելությունն էր։ Երկու երկրների առաջնորդները երկկողմ հարաբերությունները բնորոշեցին որպես ռազմավարական[9] [10],[11]: Արդյունքում կողմերը հանգեցին համապարփակ համաձայնության. Պեկինը պատրաստակամություն հայտնեց առաջիկա 25 տարում Իրանի տնտեսությունում իրականացնել մինչև 400 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում, որի զգալի մասը՝ 280 մլրդ-ն, ուղղվելու է նավթագազային ու նավթաքիմիական արդյունաբերության, իսկ մնացյալ 120 մլրդ-ն՝ տրանսպորտի ու հաղորդակցության, արտադրական ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ոլորտներին[12],[13],[14]:
Գործարքի շրջանակում ստորագրվեց 17 համաձայնագիր՝ էներգետիկայի, ֆինանսների, արդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում (21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհի, Իրան-Չինաստան տնտեսական գոտու ձևավորման ու խթանման նպատակներով փոխըմբռնման մասին միջկառավարական, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագրերը և այլն)։ Այցելությունն ուշագրավ էր նաև նրանով, որ Չինաստանի ղեկավարն առաջինն էր, ով արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո այցելեց Իրան։
Աղբյուրը՝ https://www.sonar2050.org/publications
Չ ինաստանը մեծ ներդրումներ է անում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2013-2018թթ., «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր, Չինաստանն ամենաշատ ներդրում արել է ԱՄԷ-ում (22 մլրդ ԱՄՆ դոլար). Իրանը 4-րդ դիրքում է (13.68 մլրդ), իսկ 2005-2018թթ. կտրվածքով՝ 3-րդը (27 մլրդ ԱՄՆ դոլար)։
Աղբյուրը՝ https://foreignpolicy.com/2019/05/16/chinas
2005-2019թթ. Չինաստանն Իրանի տնտեսությունում իրականացրել է ընդհանուր առմամբ 26.9 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում, որից՝ 1.53 մլրդ-ն՝ քիմիական արդյունաբերությունում, 11.1-ը՝ էներգետիկայում, 4.96-ը՝ մետալուրգիական, 160 մլն՝ անշարժ գույքի շուկայում, 6.92 մլրդ՝ տրանսպորտում, 2.25 մլրդ՝ կոմունալ ծառայություններում։ 2005-2019թթ. արտերկրում Չինաստանի ընդհանուր ներդրումները գերազանցել են 2 տրլն ԱՄՆ դոլարը[15]։
Աղբյուրը՝ https://www.advis.ru/php/view_news.php
Պ եկինը մեծ նշանակություն է տալիս Իրանին Մետաքսի երկաթուղային ճանապարհային քարտեզում՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնակցություն ունենալ ճանապարհների, երկաթուղային-հաղորդակցային ոլորտի ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման ոլորտում։ Չինաստանը մասնակցում է Թեհրանի մետրոյի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում։ 1995-ին China international investment and trust corporation, Norinco ընկերությունների և Tehran urban and suburban railway-ի միջև ստորագրվեց Թեհրանի մետրոյի առաջին և երկրորդ գծերի կառուցման ֆինանսավորման համաձայնագիրը՝ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով, որն արդեն հանձնվել է շահագործման։
2018-ի հունվարին CRRC Corporation Limited դուստր China Civil Engineering Construction Corp ընկերությունն իրանական կողմի հետ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր ստորագրեց՝ Իրանի արևմուտքում 263 կմ երկարությամբ Քերմանշահ-Խոսրովի նոր երկաթգծի կառուցման համար։ Նախագծով երկաթգծի կառուցումը տևելու է 48 ամիս[16]։ 2018-ի մարտին CRRC Corporation Limited-ի մեկ այլ դուստր ընկերության՝ CRRC Nanjing Puzhen-ի և Iran’s Industrial Development and Renovation Organization-ի միջև ստորագրված համաձայնագրով իրանական կողմին հատկացվեց մետրոյի գնացքի 450 վագոն[17]։ 2018-in China National Machinery Industry Corp (Sinomach) կորպորացիան իրանական կողմի հետ ստորագրեց 845 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր՝ արևմտյան Իրանում Թեհրան-Համադան-Սանանդաջ 410 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման համար[18]։
Վերջին տարիներին չինական կողմը հետաքրքրված է Թեհրան-Կում-Սպահան 375 կմ երկարությամբ արագընթաց երկաթգծի կառուցմամբ: Նախագծի ֆինանսավորման համար Պեկինը 1.94 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային գիծ է բացել։ Իրանական կողմի հավաստիացմամբ, նախագիծը շահագործման կհանձնվի 2021-ին[19]։
2015-ին երկաթգծի կառուցման նպատակով իրանական Khatam Al-Anbia Construction ընկերությունը պայմանագիր էր ստորագրել China railway group limited շինարարական խոշոր ընկերության հետ՝ 1.8 մլրդ եվրո գործարքային արժեքով։ Երկաթգծի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2015-ի փետրվարին։
Աղբյուրը՝https://reconnectingasia.csis.org/database
Չինական կողմը մասնակցում է Թեհրան-Մեշհեդ 926 կմ երկարությամբ երկաթգծի էլեկտրաֆիկացման ներդրումային նախագծին։ 2014-ին ցանցի սպասարկման ու ապամոնտաժման մասին պայմանագիր ստորագրվեց չինական 3 ընկերություններից կազմված կոնսորցիումի և Իրանի MAPNA արդյունաբերական կորպորացիայի միջև։ 2017-ի հուլիսին երկաթգծի էլեկտրաֆիկացման ֆինանսավորման նպատակով, Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի ու Իրանի արդյունաբերության և ռեսուրսների բանկի միջև ստորագրվեց 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման համաձայնագիր։ Գծի արդիկանացումը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների արագությունը 160-ից 200կմ/ժ։ Նախագծով 2032-ին ուղևորափոխադրումը կարող է հասնել տարեկան մինչև 33 մլն-ի, բեռնափոխադրումը՝ 10 մլն տոննա։ Թեհրան-Մեշհեդ երկաթգծի արդիականացման նախագիծը մեկնարկել է 2012-ի փետրվարին, որի արժեքը 2.56 մլրդ ԱՄՆ դոլար է[20]։
Նշենք նաև, որ Թեհրան-Մեշհեդ երկաթգիծը Նոր մետաքսի երկաթուղային ճանապարհի (2300 կմ) նախագծի մի հատվածն է, որը կմիավորի չինական Ուրումչին Թեհրանին՝ Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրզղստանի, Ուզբկենստանի, Թուրքմենստանի տարածքով։
Աղբյուրը՝ https://financialtribune.com/articles/domestic
Չինաստանի և Իրանի ուշադրության կենտրոնում է մեկ այլ խոշոր՝ Չինաստան-Ղրղզստան-Տաջիկստան-Աֆղանստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման նախագիծը։ Դեռ 2010-ին Իրանն առաջարկել էր Իրան-Աֆղանստան-Տաջիկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղային ճանապարհի կառուցման գաղափարը, իսկ 2014-ին Դուշանբեում կողմերը համաձայնության եկան նախագծի շուրջ։
2018-ի տարեսկզբին Աֆղանստանը հայտարարեց, որ նախագծի կառուցման տեխնիկական ու տնտեսական փաթեթը գրեթե 50%-ով պատրաստ է։ Աֆղանստանի տարածքում նախատեսվում է կառուցել երկաթգծի շուրջ 880կմ հատվածը՝ կապելով երկրի հյուսիսը արևմտյան շրջանների հետ։ Դա հնարավորություն կտա առավել հասանելի դարձնել Աֆղանստանից դեպի Իրանի Չաբահար և Բանդար Աբբաս նավահանգիստների մուտքը[21]։
Տաջիկստանի կառավարությունը 2019-ի տարեսկզբին վավերացրեց երկաթգծի կառուցման նախագիծը։ Ներկայում Տաջիկստանի կառավարությունը նախագծի ֆինանսավորման նպատակով բանակցություններ է վարում Ասիական զարգացման բանկի հետ։ Ջալալադդին Ռումի-Ներքին Փյանջ հատվածը Չինաստան-Ղրղզստան-Տաջիկստան-Աֆղանստան-Իրան երկաթուղային ճանապարհի նախագծի բաղկացուցիչ մասն է։ Տաջիկստանի տարածքով է անցնելու ճանապարհի ավելի քան 580կմ հատվածը։ Նախնական գնահատականով, միայն Տաջիկստանի հատվածի կառուցման համար կպահանջվի ավելի քան 3.2 մլրդ ԱՄՆ դոլար։ Չինաստան-Ղրղզստան-Տաջիկստան-Աֆղանստան-Իրանի սահման երկաթգծի երկարությունը կազմելու է շուրջ 2100 կմ։
Նախագծում, սակայն, կողմերն ունեն տեխնիկական որոշ անհամաձայնություններ՝ կապված երկաթուղագծերի լայնության չափերի հետ։ 2015-ին Բիշքեկում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դրանք համապատասխանեցվելու են եվրոպական ստանդարտներին։ Նշենք, որ Տաջիկստանի ու Ղրղզստանի երկաթուղագծերի լայնությունը 1520 մմ է, Իրանի և Չինաստանի երկաթուղագծերը կառուցվել են եվրոպական ստանդարտներով՝ 1435մմ[22]։
Ի րանի նավթագազային սեկտորի ներդրումային մի շարք նախագծերում մասնակցություն ունեն Չինաստանի խոշոր էներգետիկ ընկերություններից Sinopec-ը, China National Petroleum Corporation (CNPC)-ը, China National Offshore Oil Corporation (CNOOC)-ը։ Շատ է խոսվում Իրանի Հյուսիսային և Հարավային Ազադեգան, Յադավարան նավթի հանքավայրերի շահագործման նախագծերում չինական կապիտալի մասնակցության (Հյուսիսային Ազադեգան, Phase 1` $2 մլրդ, Հարավային Ազադեգան, Phase 1՝ $2.5 մլրդ) մասին: CNPC-ի ներդումային կապիտալով Հյուսիսային և Հարավային Ազադեգան հանքավայրերի շահագործման նախագծերի մեկնարկը տրվեց 2009-ին, այնուհետև՝ հետաձգվեցին 2014-2015թթ.։
2007-ին մեկնարկեց China national offshore oil corp-ի և National Iranian oil company ընկերությունների միջև Հյուսիսային Պարս գազի հանքավայրի շահագործման նախագիծը՝ 15 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով։ 2011-ին սակայն գործարքը իրանական կողմը կասեցրեց[23]։
CNPC-ի ներդումային կապիտալով 2009-ին մեկնարկեց Հարավային Պարս գազի հանքավայրի (Phase 11) շահագործման նախագիծը՝ 4.7 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումային կապիտալով։ 2012-ին պայմանավորվածությունը չեղարկվեց։ 2017-ին CNPC-ը National Iranian oil company-ի և ֆրանսիական Total ընկերությոնների հետ համաձայնության եկան առաջիկա 20 տարիների ընթացքում Հարավային Պարս գազի հանքավայրի շահագործման շուրջ։ Գործարքում բաժնետոմսերի 30%-ն անցավ չինական ընկերությանը[24]։ 2017-ին CNPC-ի դուստր ընկերություններից PetroChian-ն իրանական կողմի հետ բանակցություններ սկսեց մեր հարևան պետության նավթաքիմիական արդյունաբերությունում սերտ համագործակցության վերաբերյալ։
Sinopec-ի կապիտալով 2007-ին մեկնարկեց Յադավարան նավթի հանքավայրի շահագործման նախագիծը (Phase 1)՝ ներդումային 2 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով, սակայն 2014-ին՝ հետաձգվեց։ Գործարքների ձախողման պատճառներից մեկը Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն են[25]։
2017-ի սեպտեմբերին China development bank-ը Central bank of Iran-ի հետ ստորագրեց 15 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ համագործակցության պայմանագիր՝ Իրանի զարգացման նախագծերի (ենթակառուցվածքներ, արտադրություն) ֆինանսավորման նպատակով[26]։
Ա ճող բնակչություն ունեցող Չինաստանի նավթի սպառման ցուցանիշը 1980-2017թթ. կայուն աճ է արձանագրել, և նավթի պահանջարկը լրացվում է նաև իրանական նավթով։
https://iranprimer.usip.org/blog/2019/sep
Պետք է նկատել, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները զգալի ազդեցություն են թողնում Իրանի տնտեսության առաջատար ճյուղերի և առաջին հերթին՝ նավթագազային սեկտորի զարգացման վրա, ինչը Պեկինի համար Իրանը դարձնում է ռիսկային և ինչ-որ առումով՝ անկանխատեսելի։ 2017-2018թթ. Իրանի նավթի արտահանման, ինչպես և նավարդյունահանման ծավալները շեշտակի նվազել են։
Աղբյուրը՝https://www.ecfr.eu/article/commentary
Աղբյուրը՝ http://www.kdppress.org/index.php/reports
2017-ին Չինաստան նավթի ներմուծման մեջ Իրանի մասնաբաժինը 7% էր. այդ տարում Չինաստանը ամենամեծ ծավալի նավթ ներմուծել է ՌԴ-ից (13%), Սաուդյան Արաբիայից (13%)։
Աղբյուրը՝ https://iranprimer.usip.org/blog/2019/sep
Պեկինի տեսանկյունից Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունն առավել արդյունավետ է տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտում՝ Նոր մետաքսե ճանապարհ նախագծի համատեքստում։ Սա, թերևս, այն ոլորտն է, որտեղ երկկողմ համագործակցությունում Չինաստանը շրջանցում է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ Այդ առումով հատկապես խոցելի է Իրանում չինական տնտեսական ու ներդրումային կապիտալը։ Չինաստանի տեսանկյունից համեմատաբար քիչ ռիսկային է իրանական նավթի մատակարարման դաշտը. Իրանի մասնաբաժինը չի հատում Չինաստանի նավթային ամբողջ պահանջարկի 10%-ը, և դինամիկայի 1-2% տեղաշարժը թերևս լարվածություն չի առաջացնի հեռավորարևելյան երկրի նավթի սպառման շուկայում։ Պատկերն այլ է Թեհրանի դեպքում, քանզի Չինաստանը իրանական նավթ ներկրող ամենախոշոր երկիրն է:
[1] https://www.worldatlas.com/articles/the-world
[2] https://www.mixerdirect.com/blogs/mixer
[3] https://www.cia.gov/library/publications/the
[4] https://www.sonar2050.org/publications
[5] https://www.cia.gov/library/publications/the
[6] https://www.uscc.gov/sites/default/files/Research
[7] https://www.rand.org/pubs/occasional_papers
[8] https://www.tehrantimes.com/print/240378/Iran
[9] https://en.irna.ir/news/81931931/Iran-China
[10] https://lenta.ru/news/2016/01/23/partnership/
[11] http://www.president.ir/EN/91435
[12] https://www.forbes.com/sites/arielcohen
[13] https://eadaily.com/ru/news/2019/09/05
[14] https://yandex.ru/turbo?text=http%3A
[15] https://www.advis.ru/php/view_news.php
[16] http://english.crcc.cn/art/2018/1/4/art_441
[17] https://www.fdd.org/wp-content/uploads
[18] https://uk.reuters.com/article/uk-china-sinomach
[19] https://news.myseldon.com/ru/news/index
[20] http://www.zdmira.com/news/kitajfinansiruete
[21] https://www.timesca.com/index.php/news
[22] https://tj.sputniknews.ru/country/20190130
[23] https://www.mei.edu/publications/defying
[24] https://www.fdd.org/wp-content/uploads/2018
[25] https://www.marketwatch.com/story/iran-says
[26] https://www.news24.com/World/News/china