Անցնող տարին ԵԱՏՄ-ում. Հայաստանի նախագահությունը

10 ր.   |  2019-12-23

2019թ․ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար հոբելյանական էր լրացավ «ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի» ստորագրման հինգ և Եվրասիական ինտեգրման գաղափարի քսանհինգ տարին։ 2019թ հունվարից կառույցի մարմիններում նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին, ինչը բավական լավ հնարավորություն էր Հայաստանի հեղինակությունը կառույցում մեծացնելու, օրակարգի ձևավորման վրա ազդեցություն ունենալու, Հայաստանի անդամակցության արդյունավետությունը բարձրացնելու, առաջնահերթություններն առաջ մղելու տեսանկյունից։ Հայաստանից էլ ակնկալվում էր լինել ավելի ակտիվ և նախաձեռնող։

Հայաստան-ԵԱՏՄ

Հ այաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում համընկավ երկրում օրենսդիր և գործադիր նոր իշխանության ձևավորման հետ։ 2018թ․ դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում էին, որ երկիրը կշարունակի իր ակտիվ դերակատարությունը ԵԱՏՄ-ում։ Ընտրությունից հետո Հայաստանի մոտեցումը մնացին անփոփոխ․ 2019թ․ փետրվարի 8-ի ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ վերջինս ակտիվորեն աշխատելու է «Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը»։ Հատկանշական է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցում կա լիարժեք կոնսենսուս, և ԱԺ-ում ձևավորված Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ հանգամանքի օրինաչափ դրսևորումն է։ Հանձնաժողովը լրացուցիչ հարթակ է նաև խորհրդարանական մակարդակով ուսումնասիրելու կառույցի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես օրինակ՝ «հնգյակի» օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը։ Միաժամանակ այն ընդգծում է Միության կարևորությունը Հայաստանի համար և միջխորհրդարանական կապերը զարգացնելու պատրաստակամությունը: Այս տարվա ընթացքում հանձնաժողովն ակտիվ աշխատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի հետ, կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ։

ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության գերակայությունները

2 019թ․ հունվարի 25-ին Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային պաշտոնապես ներկայացրեց կառույցում Հայաստանի նախագահության գերակայությունները։ Հայաստանի նախագահության շրջանում փաստացի շարունակվեց ԵԱՏՄ առանցքային նպատակների և արդեն իսկ ձևավորված օրակարգի կյանքի կոչման տրամաբանությունը։ Առաջին հերթին դա վերաբերում է ԵԱՏՄ-ում չորս ազատությունների լիարժեք գործելուն՝ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճին և դրանց խոչընդոտների վերացմանը, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովմանը։ Այս առումով մշտապես կարևորվում է հատկապես տրասնպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումը ԵԱՏՄ ամբողջ տարածքում, ինչը զգալիորեն կնպաստի ոչ միայն ապրանքաշրջանառության աճին Միության անդամ երկրների միջև, այլև Միության արտադրանքի արտահանմանն արտաքին շուկաներ։ Այդ նպատակին պետք է ծառայի նաև անդամ պետությունների օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը, ինչը թույլ կտա նվազեցնել պետությունների և գործարար շրջանակների համար առկա խոչընդոտները։

Կառույցի մյուս կարևոր գերակայությունը տնտեսության թվայնացումն էր. որի ուղղությամբ 2019թ․ զգալի աշխատանք է արվել։ Հաշվի առնելով Հայաստանի զգալի ներուժը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ մեր երկիրը կարող է ապագայում ևս մեծ ներդրում ունենալ թվային օրակարգի կյանքի կոչման գործում, ինչի արդյունքում Միությունում էապես կնվազեն մաքսային և առևտրային խոչընդոտները։

ԵԱՏՄ-ի համար 2019թ․ կարևոր ուղղություններից էր միջազգային համագործակցությունը։ ԵԱՏՄ-ում ջանքեր են գործադրվում ինչպես ինտեգրացիայի խորացման, այնպես էլ ընդլայնման ուղղությամբ։ Ակտիվ փոխգործակցություն է իրականացվում երրորդ երկրների, ինչպես նաև տնտեսական այլ ինտեգրացիոն կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում տարեցտարի ընդլայնվում է ԵԱՏՄ-ի աշխարհագրությունը։

Հայաստանի համար կարևոր է նաև կառույցի ներսում վստահության մակարդակի ամրապնդումը, որը կարելի է դիտարկել երկու իմաստով. նախ՝ կառույցի անդամ պետությունների միջև հակասությունները կարող են անուղղակի վնաս հասցնել կառույցի գործունեությանը։ Մյուս կողմից՝ ԵԱՏՄ մարմինների աշխատանքներում կարևոր է համերաշխության և փոխվստահության մթնոլորտը։

ԵԱՏՄ Երևանի գագաթնաժողովը և Միության հաջողությունները 2019թ․

Կ առույցի այս գերակայությունները կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները շարունակվեցին 2019թ․։ Տարվա ընթացքում տեղի են ունեցել Բարձրագույն խորհրդի (մայիսին՝ Նուր Սուլթանում, հոկտեմբերին՝ Երևանում և դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում) և Միջկառավարական խորհրդի (ապրիլին՝ Երևանում, սեպտեմբերին՝ Չոլպոն-Ատայում և հոկտեմբերին՝ Մոսկվայում) երեքական նիստ։

Հատկանշական էր հատկապես հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած՝ ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովը, որը կարևոր էր ինչպես ԵԱՏՄ աշխատանքների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվության, կառույցում Հայաստանի հեղինակության բարձրացման տեսանկյունից։ ԵԱՏՄ-ի համար նիստն աչքի ընկավ գործնական լուրջ ձեռքբերումներով, առանձնահատկություններով և նորամուծություններով։

ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի գլխավոր նորամուծությունը «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի անցկացումն էր, որին բացի ԵԱՏՄ պաշտոնատար անձանցից, փորձագիտական և գործարար շրջանակներից՝ մասնակցել են նաև գագաթնաժողովին ներկա պետությունների ղեկավարները: Համաժողովը գլխավորապես ուղղված էր միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանը, տարանցիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում կարևոր է հաշվի առնել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը, որը կարող է զուգակցվել եվրասիական նոր նախաձեռնություններին՝ «Մեծ Եվրասիայի» գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին։ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում նման միջոցառում անցկացվում էր առաջին անգամ։ Անդամ պետությունների ղեկավարները համաժողովի անցկացումն արդյունավետ են համարել, որոշել են համաժողովն ամենամյա դարձնել և անցկացնել ԵԱՏՄ-ում նախագահող երկրում:

Գագաթնաժողովում հաստատվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը կառույցի օրակարգային հարցերից է: 2019թ․ շարունակվել են նաև նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման գործընթացը, ինչը ևս ԵԱՏՄ հիմնական առաջնահերթություններից է: Երևանյան նիստին Բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման կարգադրության նախագծին: Գազի և նավթի գնի հարցը ԵԱՏՄ անդամ երկրների միջև շարունակում է մնալ բավական կնճռոտ խնդիր և պարբերաբար հակասությունների առիթ է դառնում «հնգյակի» միջև։ Ընդհանուր շուկաների ձևավորումը թույլ կտա կանխատեսելի և երկարաժամկետ դարձնել էներգակիրների գնագոյացումը և կնվազեցնի այս հարցում ԵԱՏՄ երկրների տարաձայնությունները։

Երևանյան գագաթնաժողովի գլխավոր առանձնահատկություններից մեկը վերջին տարիներին աննախադեպ թվով երկրների ղեկավարների ներկայությունն էր։ Բացի «հնգյակի» ղեկավարներից՝ Երևանում էին նաև Իրանի և Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը, ինչը կառույցի աշխատանքների նկատմամբ միջազգային հետաքրքրության բարձրացման հստակ ցուցանիշ է։ Նիստի հիմնական ձեռքբերումը Սինգապուրի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որի նախապատրաստման գործում դրական ներդրում է ունեցել Հայաստանը։ Դեռ այս տարվա հուլիսին Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար, երկկողմ հարաբերություններից զատ քննարկել է նաև ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության հարցերը։

Ընդհանուր առմամբ 2019թ․ ԵԱՏՄ-ն մեծ առաջընթաց է գրանցել հենց միջազգային համագործակցության տեսանկյունից։ Ազատ առևտրի գոտու մասին հաջորդ համաձայնագիրը ստորագրվել է Սերբիայի հետ հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում՝ Միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Պետք է նշել, որ Սերբիան ազատ առևտրի ռեժիմ արդեն ուներ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ, ուստի համաձայնագիրը մեծ կարևորություն կունենա Հայաստանի ու Ղրղըզստանի համար՝ ավելի հասանելի դարձնելով սերբական շուկան։ Հայաստանի դեպքում արտահանման ապրանքների թվում կարող են լինել ալկոհոլը, ծխախոտը, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքը։

Հոկտեմբերին ուժի մեջ մտան նաև Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման մասին ժամանակավոր և Չինաստանի հետ Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։ Իրանի և ԵԱՏՄ-ի տնտեսական հարաբերություններում դրական դինամիկան նկատելի էր արդեն վերջին տարիներին։ Ըստ ԵՏՀ-ի տվյալների՝  2018թ. Իրանից արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են 27%-ով, իսկ 2019թ․ հունվար-օգոստոս ամիսներին ԵԱՏՄ-ից Իրան արտահանումն աճել է ավելի քան 17%-ով։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը նոր խթան է Իրան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառության համար, հատկապես՝ Իրան արտահանելու մասով. ինչպես հայտնի է, Իրանն ավանդաբար ներմուծման բարձր մաքս է սահմանում, ինչի հետևանքով օտարերկրյա ապրանքներն անմրցունակ են։ Այժմ մոտ 500 անուն ապրանքատեսակի համար մաքսային արտոնություններ կտրամադրվեն ԵԱՏՄ անդամ երկրներին, և ԵԱՏՄ արտադրանքը կարող է մրցունակ դառնալ իրանական շուկայում։ Արտոնություններ ստացած ապրանքների ցանկը ներառում է այն հիմնական ապրանքատեսակները, որոնք ԵԱՏՄ-ն արտահանում է՝ հիմնականում գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանք։ ԵԱՏՄ-ի մուտքը իրանական շուկա հնարավորություն կստեղծի նաև հետագայում Մերձավոր Արևելքի շուկաներ մտնելու համար։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը նպաստավոր կլինի հատկապես Հայաստանի համար։ Պատահական չէ, որ Իրանի հետ բանակցությունները վստահվել է եղել հենց Հայաստանին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը Իրանի հետ ընդհանուր սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության հարուստ փորձը։ Բացի առևտրի ծավալի մեծացումից՝ Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ապրանքափոխադրման հարցում։ Այս առումով կարևոր է, որ Հայաստանը մեծ ուշադրություն դարձնի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը։ Մյուս կողմից, Հայաստանը պետք է դիտարկել որպես իրանական արտադրանքի վերամշակման և ԵԱՏՄ, ԵՄ երկրներ արտահանելու հարթակ։

Ինչ վերաբերում է Չինաստանի հետ համաձայնագրին, ապա այն  չի նախատեսում մաքսատուրքի նվազեցում, այլ առևտրային ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության մակարդակի բարձրացում, բազմակողմ կապերի զարգացում։ Չինաստանը և ԵԱՏՄ-ն ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։ Նախատեսվում է այդ ներուժը զարգացնել մոտակա տարիներին։

2019թ․ շարունակվել է համագործակցության զարգացումը նաև այլ ուղղություններով՝ ընդգրկելով ինչպես եվրոպական և ասիական, այնպես էլ լատինաամերիկյան և աֆրիկյան երկրներ։ Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա վերջինիս հետ տարվում է տեխնիկական երկխոսություն։ Հատկանշական է, որ եվրոպական առանձին պետություններ ևս շահագրգռված են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Հունգարիայի, Նիդերլանդների, Իտալիայի և այլ երկրների արդյունաբերական և գործարար շրջանակները 2019թ․ ակտիվ աշխատել են ԵՏՀ-ի հետ՝ ծանոթանալով տնտեսական համագործակցության հնարավորություններին։ ԵՄ-ին անդամակցող կամ կառույցի հետ սերտ համագործակցություն ունեցող հատկապես սլավոնական երկրները կարող են կապող օղակ դառնալ երկու ինտեգրացիաների միջև, քանի դեռ միությունների միջև բացակայում է ուղիղ տնտեսական գործակցությունը։ 

2019թ․ ԵԱՏՄ վերջին միջոցառումը Բարձրագույն խորհրդի նիստն էր, որն անցկացվեց դեկտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի առանցքում էին մինչև 2025թ․ եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունների սկզբունքային հարցերը։

2020թ. կնախագահի Բելառուսը

2 020թ․ ԵԱՏՄ-ում նախագահությունը կստանձնի Բելառուսը, իսկ ԵՏՀ-ի կոլեգիայի նախագահի պաշտոնը կանցնի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչին։ Ուստի 2020թ․ ԵԱՏՄ-ում ավելի մեծ են լինելու ակնկալիքները հենց Բելառուսից, հատկապես, երբ 2019թ․ կառույցի զարգացման, ինտեգրման խորացման և միջազգային համագործակցության առումով նոր ուղենիշներ են հստակեցվել։

Միջազգային համագործակցության տեսանկյունից նոր տարում ևս սպասելիքները շատ են։ Այս տարի ակտիվ բանակցություններ են ընթացել Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ։ Ըստ ԵԱՏՄ պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ այս երեք երկրների հետ 2020թ․ կստորագրվեն ազատ առևտրի գոտու համաձայնագրեր։ Ի դեպ, կարևոր է ընդգծել, որ ինչպես Իրանի, այնպես էլ Եգիպտոսի դեպքում բանակցությունների հիմնական պատասխանատուն Հայաստանն է։

Չնայած ԵԱՏՄ-ն դեռևս «հինգ տարեկան» է և ընդհանուր շուկաների ձևավորման փուլում է, ունի բազմաթիվ չկարգավորված հարցեր, որոնց շուրջ կողմերի միջև բանակցությունները ոչ միշտ են հարթ ընթանում, Միությունում իրականացվում են քայլեր՝ «հնգյակի» քաղաքացիների համար կառույցն ավելի հասանելի ու գրավիչ, իսկ կառույցի գործունեությունն ավելի տեսանելի և ընդգրկուն դարձնելու համար։ Ամրապնդելով տնտեսական համագործակցությունը՝ հիմք է ստեղծվում նաև սոցիալական և հումանիտար ոլորտներում համագործակցության համար, որը պետք է շահավետ լինի ոչ միայն գործարար շրջանակների, այլև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար։ Օրինակ, արդեն սկսվել են ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգի գինը նվազեցնելու բանակցությունները, ապագայում նախատեսվում է, որ ռոումինգն առհասարակ պետք է վերացնել: ԵՄ-ում այդ գործընթացը տևել է 10 տարի։ Ռոումինգի վերացման ճանապարհին առաջին քայլը կարող է լինել նման ծառայությունների համար միասնական սակագնային տարածքի ստեղծման մասին համաձայնագրի կնքումը:

Մեկ այլ կարևոր ուղղություն, որի շուրջ աշխատանքները 2020թ․ պետք է շարունակվեն, եվրասիական ընկերությունների ստեղծումն է, որն արդեն կիրառել են Ռուսաստանն ու Բելառուսը։ Ծրագրվում է այս պրակտիկան տարածել նաև ԵԱՏՄ այլ անդամների շրջանում։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև եվրասիական բրենդերի ստեղծումը։ Օրինակ՝ Հայաստանի դեպքում այն կարող է լինել ոսկերչական բրենդը։Պատահական չէ, որ Հայաստանն այս տարի հանդես եկավ նախաձեռնությամբ՝ «հնգյակի» երկրներից յուրաքանչյուրին վստահել խոշոր ինտեգրացիոն նախագծերից մեկի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել Եվրասիական միության ոսկերչական բրենդի ձևավորման ծրագրի իրականացումը։

Նոր նախաձեռնություն է լինելու նաև «Աշխատանք առանց սահմանների» թափուր աշխատատեղերի որոնման համակարգը, որը հնարավորություն կտա «հնգյակի» քաղաքացիներին աշխատանք փնտրել ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։ ԵՏՀ-ն առաջարկել է ձևավորել նաև ընդհանուր եվրասիական սոցիալական տարածք, ինչը դյուրացնելու է քաղաքացիների տեղաշարժը, աշխատանքային, առողջապահական, կենսաթոշակային ապահովության այլ հարցեր։ Այս իմաստով կարևոր էր այս տարի «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի» ստորագրումը, ինչն էական քայլ է աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն ուղղված կարևոր քայլ էր։ Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքային միգրանտները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում աշխատելու ժամանակահատվածների, այլև ԵԱՏՄ այլ պետություններում աշխատելու ժամանակահատվածների համար:

2020թ․, իհարկե, կշարունակվեն էներգակիրների ընդհանուր շուկաների ստեղծման շուրջ աշխատանքները։ Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստին հաստատվել է այն միջոցառումների ծրագիրը, որոնք անհրաժեշտ է իրականացնել մինչև ԵԱՏՄ էներգետիկ ընդհանուր շուկայի աշխատանքի սկսվելը։

Հ այաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում 2019թ․ բավական արդյունավետ և հաջողված էր, ինչը բազմիցս են նշել ԵԱՏՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները։ Անցնող տարում զգալի առաջընթաց է եղել միջազգային համագործակցության, ինտեգրացիոն ծրագրերի խորացման, կառույցում փոխվստահության ամրապնդման տեսանկյունից։ Որպես նախագահող երկիր՝ Հայաստանը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով և նախաձեռնություններով, որոնք ընդունվել են ԵԱՏՄ մյուս անդամների կողմից։ Տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում զգալի աշխատանք է իրականցվել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, թվային օրակարգի կյանքի կոչման, նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ։ Այս առումով պետք է ընդգծել, որ Հայաստանը կարողացել է իրականացնել տարվա սկզբին նախանշված գերակայությունները։ 2019թ․ ավարտվում է նաև Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում։ Նրա աշխատանքը ԵԱՏՄ-ի ամրապնդման և զարգացման գործում ևս բարձր է գնահատվել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից, իսկ ՌԴ նախագահը Սարգսյանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշան ինչպես ԵԱՏՄ-ի զարգացման, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար։

2019թ․ նաև կարևոր էր ԵԱՏՄ-ի գոյության հինգ տարիներն ամփոփելու տեսանկյունից։ Այս ընթացքում Միությունը հասցրել է ապահովել ամուր ինստիտուցիոնալ հիմք, իսկ ինտեգրացիոն գործընթացները կայուն զարգանում են։