Բրատիսլավայի «առճակատումը»

31 ր.   |  2019-12-16

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետքերով

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրեր»[1]:

Հանդիպման կարևոր արդյունքներից էր նաև ՀՀ արտգործնախարարի կողմից հերթական անգամ բանակցային գործընթացին Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտության հարցի բարձրացումը՝ հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: Նշվում էր, որ նաև քննարկվել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության շրջանակներում լրագրողների վերջին փոխայցը, ինչպես նաև լրագրողների և հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը:

Բրատիսալավայի հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, ինչի մասին վկայում են նաև հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները: Պատճառը, մասնավորապես, հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ-ի միջոցով Ադրբեջանի շրջանառած հուշագիրն էր, որը սուր քննարկումների դաշտ ստեղծեց նաև հայկական փորձագիտական շրջանակներում՝ ընդհուպ մինչև նման քայլից հետո հանդիպումից Հայաստանի հրաժարվելու վերաբերյալ հարցի բարձրացում՝ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քայլի: Ադրբեջանի շրջանառած հուշագիրն, ըստ էության, միակողմանի և անզիջում հայտարարություն էր, ինչին ի պատասխան հանդիպման հաջորդ օրը, ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի 26-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտգործնախարարն իր ելույթում բավականին կոշտ գծերով ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը[2]:

Հանդիպման ավարտին հայտարարություններ տարածեցին Ադրբեջանի արտգործնախարարությունը և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարության պետքարտուղարը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը): ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ Ադրբեջանի արտգործնախարարը՝ ըստ էության կրկնելով շրջանառված հուշագրում ներկայացված տեսակետը: Ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Է. Մամեդյարովը նշել է, որ «հայկական կողմը կտրականապես հրաժարվում է նաև համայնքների հանդիպումից»[3], ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանդիպման ժամանակ, ի պատասխան Արցախի մասնակցության վերաբերյալ հայկական կողմից բարձրացրած խնդրի, ադրբեջանական կողմը փորձել է կրկին առաջ քաշել «ադրբեջանական համայնքի» հարցը, ինչը հայկական կողմը մերժել է: Նաև ի պատասխան ադրբեջանական կողմի առաջ քաշած թեզի դեկտեմբերի 13-ին տված մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել երկհամայնքային միավոր. անգամ Խորհրդային տարիներին ԼՂ-ն եղել է հայկական ինքնավարություն, որտեղ հայերը կազմել են բացարձակ մեծամասնություն[4]:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ փորձենք անդրադառնալ և վերլուծել առաջ քաշված հիմնական խնդիրների վերաբերյալ հայտարարությունները:

Ի՞նչ է քննարկվել 3,5 ժամ տևած հանդիպման ընթացքում

Ի նչպես արդեն նշել ենք, ըստ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են հրադադարի և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հայկական կողմն ընդգծել է Արցախի ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը:


ՀՀ և ԱՀ արտգործնախարարները՝ հանդիպումից հետո: Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ Facebook-ի էջ

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են հաջորդ հանդիպումն անցկացնել 2020 թ. սկզբին[5]: Նշված հանդիպման համաձայնեցման մասին, ինչպես տեսանք, ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունում նշված չէր: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ կայքում Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները «մտադրություն» են հայտնել հանդիպել, սակայն վերջնական որոշման մասին խոսք չկա[6]:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում նաև նշվում է, որ կողմերը քննարկել են հակամարտության լուծման վերաբերյալ առկա իրավիճակը և այն ապագայում խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը մասնակցած ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հաղորդագրությունը Բրատիսլավայի քննարկման վերաբերյալ նույնպես շատ տեղեկատվություն չէր պարունակում: Բացի 2020 թ. հանդիպում անցկացնելու մտադրությունը քննարկելու հատվածից՝ հաղորդագրությունն ընդհանուր առմամբ նախորդ պայմանավորվածությունների կատարումն ապահովելու կոչեր է պարունակում: Հաղորդագրությունից կարող ենք առանձնացնել հետևյալ հիմնական դրույթները (որոշակի կրճատումներով)՝

  • ՄԽ պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում բռնության հարաբերական ցածր մակարդակը շփման գծում և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրագործել ուղիղ կապի մեխանիզմը, ինչի շուրջ համաձայնության են եկել 2019 թ. հունիսին:
  • Ողջունում են լարվածությունը նվազեցնելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ իրականացված հստակ քայլերը:
  • Խրախուսում են (ողջունում են) հումանիտար քայլերի իրականացումը, այդ թվում՝ լրագրողների փոխայցելությունը և 2019 թ. «հունիսի 28-ին բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը»:
  • «...Կոչ են անում կողմերին հստակ և անհապաղ քայլեր ձեռնարկել իրականացնելու հումանիտար և անվտանգային հարցերով ավելի վաղ կայացված պայմանավորվածությունները»:
  • Կոչ են անում կրկնապատկել ջանքերը Կարմիր Խաչի միջազգային գրասենյակին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում աջակցելու ուղղությամբ:
  • Անհրաժեշտ են համարում շարունակել քննարկումները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մշտադիտարկման խմբի կարողություններն ընդլայնելու ուղղությամբ, որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել 2016 թ.:
  • Կրկնում են, որ վերջնական և արդարացի կարգավորումը պետք է հիմնվի մասնավորապես Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների վրա, ինչպես նաև պարունակի 2009-2012 թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից առաջարկված հավելյալ տարրերը (սկզբունքների և տարրերի վերաբերյալ՝ ստորև):
  • Եվս մեկ անգամ ընդգծվում է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերին կոչ է արվում ներգրավվել «բարեխիղճ առարկայական բանակցությունների՝ առանց արհեստական ձգձգումների և պայմանների»:

Հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանի ԱԳՆ կայքը տարածել է նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Է. Մամեդյարովի ելույթից հետո շրջանառության դրված հայտարարությունը[7], որտեղ մասնավորապես նշվում է, որ հայկական կողմը հրաժարվում է «բոլորը բոլորի դիմաց գերիներին փոխանակելուց» (նշված խնդրի վերաբերյալ մանրամասն կխոսենք ստորև): Հավանաբար հանդիպման ընթացքում բավականին կոշտ քննարկում է ընթացել նաև այս հարցի շուրջ:

Բանակցային կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած հաղորդագրություններում նշված չէ հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի շուրջ անցկացված քննարկման մասին: Նշված հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում քննարկվել են կարգավորման անհրաժեշտ միջավայր ստեղծելու հարցը: Ավելի պարզ հասկանալու համար, թե ինչու բանակցությունները չեն ծավալվում որևէ փաստաթղթի կամ վերջնական կարգավորման դրույթների շուրջ, անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ հակամարտության էությանը և բանակցային ներկայիս փուլի նախադրյալներին:

Սադրանք հանդիպումից առաջ. ի՞նչ էր նշված ադրբեջանական հուշագրում

Հ անդիպումից առաջ ենթադրվում էր, որ այն անցնելու է լարված մթնոլորտում, մասնավորապես՝ հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմի շրջանառած հուշագրի պատճառով, որտեղ ներկայացվում էր «հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը»[8]:

Ադրբեջանական կողմը կրկին առաջ էր քաշել այն թեզը, որ հակամարտությունը պետք է «լուծվի փուլային ճանապարհով»: Փուլային լուծումն, ադրբեջանական կողմի պատկերացմամբ, ըստ էության ենթադրում է հայկական կողմի միակողմանի զիջումներով ադրբեջանական կողմի շահերի գերակայության ապահովում: Պետք է ընդգծել, որ սա Ադրբեջանի ղեկավարության կողմից բանակցային գործընթացին զուգահեռ արտահայտած դիրքորոշման վերաարտահայտումն է և որևէ նոր դրույթ չի պարունակում:

Ինչպես բխում է նաև Ադրբեջանի նախագահի տարբեր հայտարարություններից՝ խնդրի լուծումն այդ երկրի ղեկավարությունը փորձում է ներկայացնել «դեօկուպացիա, զորքերի դուրսբերում, տարածքների հանձնում» բանաձևի միջոցով: Փաստացի՝ ադրբեջանական կողմը խնդրի էությունը փորձում է բանաձևել վերոնշյալ պարզ թեզերի շրջանակներում՝ իբրև եզրահանգում ներկայացնելով, թե «խնդրի պատճառ դարձած օկուպացիայի վերացումը կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»:

Առաջին հերթին անհրաժեշտ է արձանագրել, որ սա հարցի միակողմանի, Ադրբեջանի կողմից որևէ զիջում չնախատեսող դիրքորոշում է: Բնական է, որ նշված հայտարարության տարածումից հետո Բրատիսլավայի բանակցությունները պետք է ընթանային բավականին կոշտ մթնոլորտում, ինչի մասին հանդիպման ավարտից հետո բարձրաձայնել էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը[9]:

ՀՀ արտգործնախարարի պատասխանը. ՀՀ դիրքորոշումը հակամարտության հարցում

Ա դրբեջանի տարածած հուշագրին ՀՀ արտգործնախարարը հանգամանորեն անդրադարձավ դեկտեմբերի 5-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ունեցած ելույթում[10]: ՀՀ արտգործնախարարի հայտարարության հայերեն տարբերակը նաև տեղադրված է ՀՀ արտգործնախարարության կայքում, ըստ այդմ, նպատակահարմար ենք համարում ոչ թե ամբողջական տեքստի՝ այլ կարևորագույն հատվածների մեջբերումը:

  • Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում.
    • «Խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը» Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքն է, և որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»:
  • Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման
    • Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թթ․ և 2016թ.-ին:
  • Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:
  • Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում
    • Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները:
  • Պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին:
  • Ադրբեջանն է խոչընդոտում բանակցային գործընթացի բովանդակային առաջընթացը:

Այսպիսով, ՀՀ արտգործնախարարն իր ելույթում հստակ նշեց, որ հիմնախնդրի լուծման հարցում հայկական կողմի «կարմիր գծերը» ենթակա չեն զիջման, և Հայաստանի համար առաջնային են Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանից դուրս, անվտանգության ապահովումը՝ այնպիսի բնագծերով, որոնք անհրաժեշտ են նշվածի իրականացման համար: Միևնույն ժամանակ հստակ ընդգծվում է, որ բանակցային գործընթացը խաթարում է Ադրբեջանը՝ տարածելով ոչ կառուցողական և քննարկումների համար դաշտ չթողնող հայտարարություններ:


ՀՀ արտգործնախարարը՝ 2019 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում: Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայք

ՀՀ արտգործնախարարի ելույթում նաև նշվում  է, որ հակամարտության լուծման համար առանցքային նշանակություն ունի հարթակների ստեղծումը և լարվածության նվազեցումը: Նշվածին սկզբունքայնորեն կողմ չէ Ադրբեջանը, ինչը բխում է նույն խորհրդաժողովի շրջանակներում այդ երկրի արտգործնախարարի հայտարարությունից:

Անդրադառնալով հումանիտար քայլերին, ինչպիսին լրագրողների փոխայցերն են, Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ պնդում է, որ այդ քայլերը չեն կարող տալ որևէ տեսանելի արդյունք, եթե քաղաքական գործընթացը մնում է արգելակված: Ըստ Է. Մամեդյարովի՝ դրանք չեն կարող փոխարինել «առարկայական բանակցային գործընթացին»:

Գործընթացն ըստ կողմերի. ո՞րն է առարկայական բանակցությունը

Ա դրբեջանական կողմը առարկայական բանակցություններ ասելիս ի նկատի ունի իրենց առաջ քաշած թեզերի շուրջ քննարկման ծավալումը, ինչը ենթադրում է ներկայիս ստատուս-քվոյի լիարժեք փոփոխություն հօգուտ Ադրբեջանի՝ հետագայում մնացած խնդիրները քննարկելու մտադրությամբ: Այլ կերպ ասած՝ «առարկայականն» ըստ ադրբեջանական կողմի հետևյալն է.

  • Բոլոր զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից,
  • Ողջ տարածքը պետք է հանձնվի Ադրբեջանին,
  • Միայն այս ամենից հետո կարող են քննարկվել այլ հարցերը:

Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայկական կողմը նշում է, որ խնդրի կարգավորման հարցում.

  • Արցախի անվտանգությունը չի զիջվելու,
  • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,
  • Այլ հարցերը ենթակա են քննարկման:

Սակայն գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների առանցքային տարբերությունն այն է, որ, եթե ադրբեջանական կողմի պնդմամբ հիմնական հարցերը կարող  են քննարկվել հրադադարի խախտումներին և ագրեսիվ հայտարարություններին զուգահեռ, ապա, ըստ հայկական կողմի, խնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց առկա լարվածության մթնոլորտի չեզոքացման, հրադադարի վերահսկման և Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական ատելության քարոզի դադարեցման կամ առնվազն նվազեցման:

Այսպիսով, դիտարկումները պարզորոշ ի ցույց են դնում, որ գործընթացի և այդ գործընթացի «առարկայականության» շուրջ բանակցային կողմերի դիրքորոշումների տարբերությունները բխում են խնդրի ներկայացման և ընկալման հարցում առկա տրամագծորեն հակառակ դիրքորոշումներից:

Խնդրի ծագման պատճառները. Արցախի ինքնորոշումը՝ իբրև հայկական բնակչության ֆիզիկական գոյության պահպանման համար անհրաժեշտ քայլ

1 991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ անցկացված համատեղ նստաշրջանում ընդունված անկախության հռչակագրում իբրև հիմք և պատճառ մասնավորապես նշվում է[11].

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման...»:

Ինչպես նշված է Արցախի անկախության հռչակագրում՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում բնակվող հայերի նկատմամբ վարվում էր ապարտեիդի, խտրականության քաղաքականություն՝ ինչը հանգեցրել է հայկական բնակչության ֆիզիկական գոյության վտանգի: Նշված խնդիրներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ առաջացել է Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով վերականգնողական անջատման (remedial secession) ճանապարհով Խորհրդային Միությունից, հետևաբար նաև Խորհրդային Ադրբեջանից անջատվելու անհրաժեշտություն, ինչն էլ իրականացվել է անհրաժեշտ իրավական ճանապարհով՝ ԽՍՀՄ համապատասխան օրենսդրական ակտերի շրջանակներում և ամրագրվել 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքներով[12]: Արդյունքում Ադրբեջանի ԽՍՀ հիմքի վրա ստեղծվել է երկու իրավահավասար սուբյեկտ՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը[13]:

Վերականգնողական անջատման (սեցեսիայի) անհրաժեշտությունը հստակ երևում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունից: Նա հիշեցրել էր Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը՝ նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար աշխատած տարիներին (1969-1982թթ.) Հ. Ալիևի «ջանքերով» Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ադրբեջանական բնակչության քանակը կրկնապատկվել է: Ի. Ալիևը նշել էր, որ եթե իր հայրը 1982 թ. Մոսկվա չգնար (1982 թ. դեկտեմբերին Հ. Ալիևը ընտրվել է ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ և նշանակվել Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ: Ծնթ.՝ հեղ.)՝ միգուցե ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների թվաքանակը հասներ 50 տոկոսի[14]: Ի. Ալիևի նշված հայտարարության ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահը «խնդրի լուծումը» պատկերացնում է Արցախում հայկական բնակչության համամասնության արհեստական կրճատմամբ և ադրբեջանական բնակչության ավելացմամբ, ինչն արդեն իսկ վկայում է հայկական բնակչության նկատմամբ եղած և պահպանվող խտրականության քաղաքականության մասին:


Ադրբեջանի նախագահի վերոնշյալ հայտարարության հատվածը՝ ԱՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հետևաբար, հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի ագրեսիվ և խտրական այլ հայտարարությունները, կարող ենք եզրակացնել, որ հակամարտության հիմնական պատճառներից մեկը՝ հայկական բնակչության նկատմամբ խտրական քաղաքականությունը և բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը, ոչ միայն պահպանվում է, այլև զարգացվում Ադրբեջանի ղեկավարության կողմից: Նաև այս կետին էր վերաբերում ՀՀ արտգործնախարարի ելույթի մի մասը, ինչի մասին արդեն խոսել ենք:

Ըստ այդմ՝ խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է հրադադարը պահպանելու, ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները կանխելու քննարկումներ, որոնք էլ կազմում են ներկայիս բանակցային գործընթացի հիմքը: Նշվածն առաջնահերթ առարկայական մոտեցումն է, առանց որի ավելի խորքային հարցերի քննարկումը որևէ արդյունք չի կարող տալ:

Այս տեսանկյունից նաև կարևոր է հանդիպմանը հաջորդած հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային կարողությունների ընդլայնման քննարկումներ վերսկսելու կոչը, ինչպես նաև անվտանգային քայլերի վերաբերյալ նշումը: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով հայտարարությունների տեսքով նշել նաև հրադադարի ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչին մանրամասն անդրադարձել ենք ավելի վաղ հրապարակված հոդվածում:

Արդյո՞ք կողմերը որևէ փաստաթղթի շուրջ բանակցում են

Հ այկական մեդիադաշտում պարբերաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք բանակցություններն ընթանում են «Մադրիդյան փաստաթղթի» հիման վրա: Նշված խնդիրն առավել մեծ կարևորություն ստացավ 2019 թ. մարտի 9-ին Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հաղորդագրության տարածումից հետո, որտեղ անդրադարձ կար[15] կարգավորման երեք սկզբունքներին և 2009-2012 թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների ներկայացրած տարրերին: Նշված սկզբունքները և տարրերը հայտնի են նաև «Մադրիդյան սկզբունքներ» անվամբ:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը և արտգործնախարարն իրենց ելույթներում քանիցս նշել են, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա[16]: Առաջին հայացքից նշված հայտարարությունները հակասում են միմյանց: Խնդրի հիմնական պատճառը հետևյալն է. «Մադրիդյան սկզբունքները» 2007 թ. Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ներկայացրած «կարգավորման փաստաթուղթը» չէ:

Վերջին տարիներին համացանցում շրջանառվում է «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող մի փաստաթղթի տարբերակ, որը հիմնված է բանակցային կողմերի համաձայնեցրած 3 սկզբունքի և հավելյալ տարրերի վրա, սակայն պարունակում է նաև իրագործման վերաբերյալ դրույթներ: Այն «Մադրիդյան» անվանումը ստացել է 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում համանախագահների կողմից ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացվելու պատճառով: Իրականում, սակայն, «Մադրիդյան փաստաթուղթը» նշված սկզբունքների հիման վրա կազմված փաստաթղթերից մեկն է միայն, որը հետագա տարիներին քանիցս թարմացվել է և ներկայացվել նոր տարբերակներով:

2006 թ. հունիսի 4-ին Բուխարեստի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում[17] նշվել է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները համաձայնության չեն եկել «հիմնարար սկզբունքների» շուրջ և դրանց արդյունքներով համաձայնագիր ստորագրել չի հաջողվել: Նույն թվականի հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում համանախագահները ներկայացրել են այն հիմնական սկզբունքները[18] (core principles), որոնք առաջարկվել էին կողմերին: Բուխարեստում, Մադրիդում, ինչպես նաև հետագայում Կազանում ներկայացված և քննարկված առաջարկների հիմքում ընկած սկզբունքներում հղում է արվում Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին՝ պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին՝ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ («երեք սկզբունք»):

2009 թ.  Իտալիայի Լ’Ակվիլա քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ արված հայտարարությամբ[19] ևս ընդգծվում էր հակամարտությունը նշված սկզբունքների շրջանակներում կարգավորելու կարևորությունը: Բացի այդ, ներկայացվում էին նաև արդեն լրամշակված և համանախագահ երկրների կողմից ավելացված 6 տարրերը.

  • Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
  • Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով,
  • ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
  • անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:

Ներկայացված Հիմնարար սկզբունքները լրատվամիջոցներում և անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մի քանի հայտարարությունում[20] անվանվում են «Մադրիդյան սկզբունքներ»: Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել՝ Մադրիդում ներկայացված փաստաթղթի հետ շփոթմունք չառաջացնելու նպատակով առավել նպատակահարմար ենք համարում դրանք կոչել հենց իրենց անվամբ՝ «Հիմնարար սկզբունքներ»:

Այսպիսով, հիմնարար սկզբունքները ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրել և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած սկզբունքների և տարրերի ընդհանրություն են, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո կողմերը կարող են անցնել խաղաղության պայմանագիր կազմելուն:

Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ կողմերը համաձայնության են եկել ներկայացված սկզբունքների և տարրերի ընդհանուր փաթեթի շուրջ, դա չի նշանակում, որ բանակցային կողմերը նույն կերպ են պատկերացնում դրանց բովանդակությունը և իրականացումը: Նշվածը բանակցային գործընթացի հիմնական խնդրահարույց կետերից մեկն է: Բանակցային կողմերը համաձայն են ընդհանուր փաթեթին այնքանով, որ այդտեղ ներառված են յուրաքանչյուրի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերը: Սակայն բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է  իր առաջնահերթությունները և սեփական մեկնաբանությամբ ներկայացնում բոլոր տարրերի իրականացումը և իրականացման հաջորդականությունը: Նշվածն, իր հերթին, կտրուկ նվազեցնում է որևէ վերջնական փաստաթղթի շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու և համաձայնության գալու հնարավորությունը:

Կարևոր է նաև ընդգծել, որ Ադրբեջանը, այդ երկրի նախագահի հայտարարությունների, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի կողմից նշված 2016 թ. ագրեսիվ հարձակողական գործողությունների միջոցով կոպտորեն խախտում է նաև երեք հիմնական սկզբունքներից մեկը. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Հատկանշական է, որ դեկտեմբերի 5-ին ադրբեջանական CBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարը նաև փորձում է լեգիտիմացնել նշված սկզբունքը խախտելու Ադրբեջանի իրավունքը: Է. Մամեդյարովը մասնավորապես քննադատում է Հայաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի շեշտադրումը՝ նշելով, թե «այն արդեն խախտվել է Հայաստանի կողմից»: Լրագրողի մեկնաբանությանն ի պատասխան, որ «ստացվում է մի կողմին կարելի է, իսկ մյուս կողմին՝ ոչ», պատասխանում է «այո»[21]: Փաստացի Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ 1994 թ. հրադադարի համաձայնագրով դադարեցված համարվող պատերազմի հանգամանքը իրենց իրավունք է տալիս ներկայումս խախտելու երեք հիմնական սկզբունքներից մեկը, ինչը նշանակում է բանակցային գործընթացի խաթարում: Այստեղ, իհարկե, հարցի մյուս կողմն է, թե պատերազմի տարիներին կողմերից որ մեկն էր խախտել նշված սկզբունքը՝ Արցախի բնակչությո՞ւնը, որը դիմել էր ինքնապաշտպանության, թե՝ Ադրբեջանը, որն անցել էր ուժի գործադրմամբ ակնհայտ ագրեսիվ գործողությունների՝ սպառնալով հայկական բնակչության ֆիզիկական գոյությանը:

Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում է մյուս երկու սկզբունքներից մեկը՝ ինքնորոշման իրավունքը, ստորադասել տարածքային ամբողջականության սկզբունքին: Է. Մամեդյարովը հետևյալ կերպ է մեկնաբանում Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքներից մեկը, որն ընկած է հակամարտության կարգավորման հիմքում. «Մարդկանց հավասար իրավունքներ և ինքնորոշում՝ տարածքային ամբողջականության պայմանով. այսինքն այն, ինչ մենք միշտ ասում ենք»: Այսպիսով, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ ինքնորոշման իրավունքը չպետք է խախտի տարածքային ամբողջականության իրավունքը: Ստորև ներկայացնում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ հոդվածի հայերեն ուղիղ թարգմանությունը, որը վերաբերում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին (ներառված չէ 3-րդ պարբերությունը):

«Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը:

Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:

Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրվել է 1975 թ.-ին, երբ Ադրբեջանը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէր և ներառված էր ԽՍՀՄ կազմում: 1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի ընդունած «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգման վերաբերյալ» սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (ԱԺՀ) իրավահաջորդ[22]: Նույն սահմանադրական ակտով անվավեր էին ճանաչվում 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը և դրանից բխող իրավական ակտերը: Ադրբեջանը հայտարարվում էր Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված: Կարևոր է ընդգծել, որ Արցախը երբեք ԱԺՀ մաս չի կազմել, և ԱԺՀ-ն նման կարգավիճակով չի ճանաչվել որևէ ինքնիշխան պետության կողմից: Այս հանգամանքն արդեն իսկ բավարար է ցույց տալու, որ «տարածքային ամբողջականություն» տերմինը այս հարցի շրջանակներում Ադրբեջանին չի կարող վերաբերել: Այն է՝ Արցախը երբեք անկախ և ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության մաս չի կազմել, հետևաբար վերջինիս նկատմամբ չի կարող տարածվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչ վերաբերում է Հելսինկիի եզրափակիչ ակտի 8-րդ հոդվածի նման մեկնաբանությանը, ապա այնտեղ նշված «...որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը» հատվածը վերաբերում է մասնակից պետություններին, այսինքն՝ որևէ 3-րդ պետությանը, որը կխառնվի մեկ այլ պետության սուբյեկտի ինքնորոշման հարցերին: Իսկ երկրորդ պարբերությունում հստակ ամրագրված է, որ «բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը»: Արցախի պարագայում 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախկին ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանն ընդունել են անկախացման համատեղ հռչակագիր, իսկ ժողովրդի կողմից այդ որոշումն ամրագրվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության մասին հանրաքվեով: Այդպիսով Խորհրդային Ադրբեջանի ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը, օգտվելով ինքնորոշման և ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակի որոշման իր իրավունքից, ընտրել է ԽՍՀՄ և ԱԽՍՀ կազմից դուրս անկախ պետաիրավական կարգավիճակ ունենալու ճանապարհը:

Ըստ այդմ, ինչպես տեսանք, մինչ հարցի վերջնական կարգավորման փուլին հասնելը կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել սկզբունքների և տարրերի մեկնաբանությունների շուրջ, ինչն ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը:

Բանակցությունների ներկայիս փուլի կարևորագույն խնդիրներից է նաև Արցախի ուղիղ ներգրավվածության հարցը, ինչն ընդգծել էր նաև ՀՀ արտգործնախարարը: Ադրբեջանական կողմն այս առնչությամբ փորձում է ակտիվացնել նախկինում ևս օգտագործված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» խաղաքարտը:

Արցախի մասնակցության հարցը և Ադրբեջանի հակաթեզերը

Դ եկտեմբերի 5-ին ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում (հեռարձակվել է դեկտեմբերի 11-ին) Է. Մամեդյարովը նաև հայտարարել է, որ «հայկական կողմը կտրականապես հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքերի շփման գաղափարից»: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ հայկական կողմը «որևէ փաստարկ չի բերում, թե ինչու»[23]: Մյուս կողմից, Ադրբեջանի ղեկավարությունը շփում ասելով հասկանում է ոչ թե պարզապես բնակիչների, հասարակական կազմակերպությունների շփումները՝ այլ «ադրբեջանական համայնքի» և Արցախի իշխանությունների հավասար դիրքերից շփումները՝ իբրև «համայնքներ»:

Իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարարը նաև հղում էր կատարել 1992թ. մարտի  24-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթին՝ նշելով, թե այդպիսով հաստատվել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը հակամարտության երկու կողմերն են, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները՝ երկու շահագրգիռ կողմերը»: Ադրբեջանական կողմը նշված թեզը մշտապես առաջ է քաշում՝ ի հակադրություն Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հայկական կողմի պահանջի:

Ադրբեջանը խեղաթյուրում է Հելսինկիի փաստաթուղթը.

1 992թ. մարտի 24-ին Հելսինկիի լրացուցիչ հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթի 9-րդ կետի համաձայն՝ հաջորդ՝ Մինսկում, կայանալիք հանդիպմանը նախատեսվել էր հրավիրվել ԼՂ ընտրված և «մյուս ներկայացուցիչներին»՝ որպես հակամարտության շահագրգիռ կողմեր, ինչը ցույց է տալիս, որ դրանք միևնույն հարթության մեջ չեն: Այնուամենայնիվ, Մինսկի հանդիպումն այդպես էլ չկայացավ, իսկ հետագա գործընթացներում Արցախը ամրագրվեց որպես հակամարտության լիարժեք կողմ, ինչը փաստացի ընդունել են նաև Ադրբեջանի իշխանությունները:

Փաստաթղթում նշված «ընտրված» ներկայացուցիչն այս հարցում անկյունաքարային նշանակություն ունի: Տվյալ հանգամանքն ընդգծում է Արցախի իշխանությունների առանձին սուբյեկտայնությունը՝ իբրև օրինական ճանապարհով ընտրված իշխանության: Իսկ «այլ ներկայացուցիչներ» հասկացության տակ կարող են հասկացվել ինչպես «ադրբեջանական համայնքը», այնպես էլ՝  օրինակ Մարտակերտի շրջանի օկուպացված մասի, Շահումյանի և Գետաշենի փախստականները:

Նշված փաստաթղթի հրապարակումից հետո՝ 1993 թ., Ադրբեջանի իշխանությունները, Հեյդար Ալիևի գլխավորությամբ և թույլտվությամբ, ուղիղ բանակցությունների մեջ են մտել ԼՂՀ իշխանությունների հետ[24]: Արդյունքում՝ հուլիս-հոկտեմբեր ամիսներին երկկողմանի պայմանավորվածությունների հիման վրա մի քանի անգամ ժամանակավոր զինադադար է կնքվել:


Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ս. Աբիևի դիմումը ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանին՝ եռօրյա ժամկետով կրակը դադարեցնելու  և այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու առաջարկով. 25.07.1993 թ.

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի կողմ լինելու մասին են վկայում 1995 թ. մարտի 31-ի ԵԱՀԿ գործող նախագահի Պրահայի ռեզյումեն[25]1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում կոնսենսուսի հիման վրա ընդունված որոշումը[26] (ԼՂՀ ԱԳՆ[27]): Որպես հավելում նշենք, որ 1998 թ. հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության[28] համաձայն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել են «սեպտեմբերին հակամարտության գոտի այցելության և երեք Կողմերի ղեկավարության (the leadership of the three Parties) հետ հանդիպման մասին»:

1998 թ. հոկտեմբերի հաղորդագրությունն ըստ էության վերջին նման հայտարարությունն է, հետագայում Արցախը դուրս է մնացել ուղիղ բանակցություններից և իբրև բանակցային կողմ մնացել են Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, սակայն Արցախը շարունակում է մնալ հակամարտության կողմ, իսկ ՀՀ-ն՝ Արցախի անվտանգության երաշխավորը:

Այսպես կոչված՝ «ԼՂ ադրբեջանական համայնքը», որը 2006 թ. Ադրբեջանում գրանցված հասարակական կազմակերպություն է, երբեք հակամարտության կամ բանակցությունների կողմ չի եղել և առանձին սուբյեկտ չի կարող լինել:

Եթե խոսք է գնում շփումների մասին, ապա նախկին ԼՂԻՄ բնակիչները կարող են շփվել բացառապես Արցախի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև ԼՂԻՄ-ի հետ անկախության համատեղ հռչակագիր ընդունած և ներկայումս նույնպես Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանի բնակիչների հետ՝ ինչպես Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է շփվել Արցախի և ՀՀ ցանկացած քաղաքացու հետ: Սակայն ադրբեջանցի փախստականների կարգավիճակը երբեք չի կարող հավասարեցվել Արցախի ընտրված իշխանությունների կարգավիճակին, առավել ևս, ինչպես արդեն նշել ենք, նրանք չեն կարող լինել հակամարտության կամ բանակցային կողմ: Իրականում ադրբեջանական կողմը շփում ասելով հենց կարգավիճակների արհեստական հավասարեցումն ի նկատի ունի, ինչին, բնականաբար, դեմ է հայկական կողմը, որի ապացույցն է նաև հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարի տված հարցազրույցը: Դեկտեմբերի 13-ի մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Ա. Նաղդալյանը, անդրադառնալով «համայնքների» թեմային, նշել էր. «Միջհամայնքային հանդիպումների թեմայի վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին, և դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների՝ խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցին[29]»: Ա. Նաղդալյանը նույնպես հղում էր արել 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին՝ ընդգծելով, որ այնտեղ ամրագրված է բանակցային եռակողմ ձևաչափը:

Կարևոր է նաև ընդգծել, որ 2019 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ այցի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ չի կարող վիճել ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ ցանկացած պայմանավորվածություն «պետք է հաշվի առնի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի շահերը»: ՌԴ արտգործնախարարը նաև նշել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չի լինի որևէ համաձայնագիր ձևակերպել[30]՝ մեկ անգամ ևս ընդգծելով Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Կարծում ենք, որ ՀՀ վարչապետի նմանատիպ հայտարարությունների հիմնական նպատակը ևս ընդգծելն է, որ առանց Արցախի շահերը հաշվի առնելու և Արցախի ուղիղ մասնակցության որևէ որոշում չի կարող կայացվել:


ՌԴ և ՀՀ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը Երևանում. 11.11.2019թ.: Աղբյուրը՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալություն

Ադրբեջանի արտգործնախարարի բարձրաձայնած մյուս խնդիրը «գերիների փոխանակումն է»: Ըստ նրա՝ Բրատիսլավայի հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է «բոլորը բոլորի դիմաց փոխանակելու» առաջարկից:

Գերինե՞ր թե հանցագործներ. ինչո՞ւ հնարավոր չէ հավասար փոխանակումը

2019 թ. դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում պատանդ են պահվում հետևյալ անձինք.

  • Արցախի քաղաքացի
    • Արսեն Բաղդասարյան
  • ՀՀ քաղաքացիներ.
    • Արայիկ Ղազարյան
    • Կարեն Ղազարյան

Արսեն Բաղդասարյանի ձերբակալման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 2014 թ. դեկտեմբերի 27-ին: Ըստ ադրբեջանական կողմի պնդումների՝ Ա. Բաղդասարյանը «դիվերսիոն խմբի» անդամ է եղել: Հետագայում ադրբեջանական կողմի հայտարարություններում պարբերաբար որոշակի փոփոխություններ են արվել: Ա. Բաղդասարյանի՝ «դիվերսիոն խմբի անդամ լինելու» և այլ մեղադրանքները հաստատող որևէ ապացույց ադրբեջանական կողմը չի ներկայացրել: Ա. Բաղդասարյանն Ադրբեջանում փակ դատավարության շրջանակներում 2015 թ. դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ազատազրկումից հետո Ադրբեջանը Ա. Բաղդասարյանին բազմիցս օգտագործել է քարոզչական նպատակներով՝ վերջինիս մասնակցությամբ տեսանյութեր նկարահանելով և տարածելով: Ըստ Արցախի ՊԲ տարածած հաղորդագրության՝ ձերբակալման պահին Ա. Բաղդասարյանը գործող զինծառայող չի եղել:

Կարեն Ղազարյանի գերեվարման մասին ադրբեջանական կողմը հայտնել է 2018 թ. հուլիսի 15-ին: Վերջինս նույնպես մեղադրվել է «դիվերսիոն խմբի անդամ» լինելու համար, սակայն առ այսօր որևէ փաստ չի ներկայացվել: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ «ապացուցելու» նպատակով անգամ դիմել են ապատեղեկատվության՝ տարածելով ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ ՀՀ զինված ուժերին չպատկանող զինվորական համազգեստով լուսանկար[31] [32]:


Էկրանային պատկերը ադրբեջանական Vzglyad.az կայքի նյութից է: Լուսանկարում՝ ձախից Կ. Ղազարյանը, աջից՝ իբրև Կ. Ղազարյան ներկայացվող, սակայն իրականում ՀՀ քաղաքացի Վ. Ազիբեկյանը:

Կ. Ղազարյանի գերեվարումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ վերջինս Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ է և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Ավելին՝ նշվել է, որ Կ. Ղազարյանը ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում[33]: Չնայած ապացուցողական բազայի բացակայությանը՝ 2019թ. փետրվարի 27-ին ավարտվել է Կ. Ղազարյանի նկատմամբ դատական գործը և նա շինծու մեղադրանքներով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»:

Ինչ վերաբերում է Արայիկ Ղազարյանին, ապա, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, 2019 թ. օգոստոսի 12-ին նա ինքնակամ լքել է զորամասը և հանձնվել ադրբեջանական կողմին: Ամենևին իբրև հիմք չընդունելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը՝ ամեն դեպքում անհրաժեշտ է նշել, որ անգամ Ադրբեջանի ՊՆ-ն Ա. Ղազարյանին չի մեղադրում որևէ հանցանքի համար:

Ադրբեջանցի դիվերսանտները

Հ Հ տարածքում Ադրբեջանի քաղաքացի պատանդ կամ գերի չի պահվում: Արցախի տարածքում իրենց պատիժն են կրում 2014 թ. ամռանը ձերբակալված դիվերսանտներ Դիլգամ Ասկերովը և և Շահբազ Գուլիևը:

Դիլգամ Ասկերովը ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է ցմահ, իսկ Շ. Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Ապացուցվել է, որ ԼՂՀ 17-ամյա քաղաքացի Սմբատ Ցականյանին ազգային ատելության հողի վրա սպանել է Դ. Ասկերովը: Դիվերսանտները, այդ թվում՝ խմբի երրորդ անդամ Հասան Հասանովը, որը սպանվել է նրանց վնասազերծման գործողության ժամանակ՝ զինված դիմադրություն ցույց տալու պահին, Արցախի սահմանը հատել են ապօրինի՝ իրենց հետ ունենալով զենք-զինամթերք: Դիվերսիոն խմբի անդամներն իրականացրել են լրտեսական գործունեություն՝ տեսանկարահանելով Արցախի զորամասերը, ռազմավարական նշանակության ճանապարհները՝ հետագայում այն ադրբեջանական հատուկ ծառայություններին հանձնելու նպատակով: Այս ամենը հստակ ապացուցվում է դիվերսանտների մոտից առգրավված տեսանյութերով, որոնց մի մասը հրապարակվել է: Նույն տեսանյութում երևում է նաև Ս․ Ցականյանը, ով հետագայում սպանվել է, իսկ Դ. Ասկերովը խոստովանում է, որ նրան պատանդ են վերցրել ու նշում, որ չեն պատրաստվում ազատ արձակել[34]։ Ապացուցված է նաև, որ դիվերսիոն խմբի 3-րդ անդամը՝ Հ. Հասանովը, եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների սպա:

Դիվերսիոն խմբի անդամներ Շ. Գուլիևը և Դ. Ասկերովը նախկինում ևս զինված հատել են Արցախի սահմանը, որը հստակ ապացուցվում է Դ. Ասկերովի նկարահանած մեկ այլ տեսանյութում[35]:


Դ. Ասկերովի կողմից 2007 թ. սեպտեմբերին նկարահանված տեսանյութից՝ Արցախի Շահումյանի շրջանի տարածքում: Էկրանային պատկերում երևում է դիվերսիոն խմբին պատկանող «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև զինվորական քողարկանախշերով վրանը:

Այսպիսով, ի տարբերություն Ադրբեջանում պահվող ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների, Արցախում բանտարկված Ադրբեջանի քաղաքացիներից առնվազն մեկի դեպքում ապացուցվել է ԼՂՀ քաղաքացի, անչափահաս Ս. Ցականյանին դիտավորությամբ սպանելու փաստը, հստակ է, որ նրանք լրտեսություն են արել, եղել են զինված և հրահանգավորված: Ըստ այդմ, նշված անձանց միջև հավասարության նշան չի կարող դրվել, առավել ևս՝ Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը չեն կարող համարվել «ռազմագերիներ», ինչը բխում է նաև «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի դրույթներից: Հետևաբար, նշված անձանց փոխանակել հնարավոր չէ: Առնվազն Դ. Ասկերովի դեպքում չի կարող հաշվի չառնվել նաև Ս. Ցականյանի իրավահաջորդների կարծիքը և արդարացի վրդովմունքը:

Ա յսպիսով, կարելի է ենթադրել, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլավայի հանդիպումը հիմնականում ընթացել է նշված խնդիրների քննարկման շուրջ, որոնք կարևոր նշանակություն ունեն և 3.5 ժամը լիովին տրամաբանական է այսպիսի խնդիրների շուրջ մտքերի փոխանակման համար: Հանդիպման ընթացքում, անկասկած, կարևոր տեղ է զբաղեցրել նաև Ադրբեջանի տարածած հուշագրի քննարկումը, որտեղ, կարծում ենք, որ ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է հայկական կողմի դժգոհությունը և նշված հուշագրի՝ բանակցային գործընթացը խաթարելուն միտված լինելու հանգամանքը: Դատելով կողմերի հայտարարություններից՝ քննարկման թեմաներից են եղել նաև Արցախի մասնակցության հարցը, հումանիտար քայլերի իրականացումը, հրադադարի ամրապնդման մեխանիզմների հարցերը, որոնց շուրջ բանակցային կողմերը դեռևս հեռու են ընդհանուր հայտարարի գալուց՝ մասնավորապես Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Հանդիպումը չէր կարող ընթանալ կարգավորման որևէ փաստաթղթի կամ նախագծի շուրջ՝ քանի որ առայժմ պարզաբանված և համաձայնեցված չեն առնվազն հետևյալ հարցերը.

  • Ինչպես պետք է վերահսկվի հրադադարը. արդյո՞ք հրադադարի խախտումներին զուգընթաց հնարավոր է համաձայնության գալ, թե ոչ: Ադրբեջանական կողմն այս հարցում, ինչպես տեսանք, այլ դիրքորոշում ունի: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունների՝ հրադադարի խախտումները չեն խաթարում բանակցային գործընթացը, ինչին կտրականապես համաձայն չեն ՀՀ-ն և Արցախը:
  • Ո՞ր սկզբունքները կամ տարրերն են առաջնային, ի՞նչ հերթականությամբ պետք է իրականացվեն:
  • Կան ակնհայտ հակասություններ տարրերի շուրջ. Արցախի կարգավիճակը, անվտանգության ապահովումը և այլն:
  • Սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից:
  • Շարունակում են մնալ Արցախի հայկական բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող հանգամանքները, որոնք հաստատվում են Ադրբեջանական կողմի գործողությունների, այդ երկրի նախագահի հայտարարությունների մակարդակով:
  • Ադրբեջանը փորձում է հումանիտար քայլերի իրականացումը ներկայացնել իբրև երկրորդական խնդիր, իսկ հայկական կողմը նշում է, որ առանց դրանց գործընթացը չի կարող առաջ գնալ:
  • Հումանիտար քայլերի անվան տակ Ադրբեջանը փորձում է պատանդներին փոխանակել Արցախում ազատազրկված դիվերսանտների հետ, ինչին կտրականապես դեմ են ՀՀ-ն և Արցախը:

Այս պարագայում կարևոր էր հանդիպմանը ՀՀ արտգործնախարարի մասնակցությունը, ինչը հնարավորություն տվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ առաջ քաշել մեզ հուզող խնդիրները: Բացի այդ, հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի ելույթը փաստացի ամփոփեց ստեղծված իրավիճակը՝ ի ցույց դնելով, որ հակամարտության բանակցային գործընթացը խաթարողը և ոչ կառուցողական մոտեցում ունեցողն ադրբեջանական կողմն է:

Կարևոր ենք համարում նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների կողմից հստակ գնահատականների հնչեցումը, ինչի բացակայությունը կարող է լրացուցիչ խրախուսող դեր կատարել Ադրբեջանի համար՝ շարունակելու իր որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը:


[1] ՀՀ ԱԳՆ կայք, 04.12.2019, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

[2] «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին», ՀՀ ԱԳՆ Youtube-ի ալիք, 05.12.2019

[3]  Громкое интервью Эльмара Мамедъярова CBC. Неожиданные откровения касательно карабахского конфликта, CBC.az, 11.12.2019

[4] ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ, ՀՀ ԱԳՆ կայք, 13.12.2019թ.

[5]No:388/19, Azərbaycan Respublikasının Xarici İşlər Nazirliyinin Mətbuat xidməti idarəsinin məlumatı [Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը], 05.12.2019

[6] Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair countries, 05.12.2019

[7] No:389/19, Azərbaycan Respublikasının Xarici İşlər naziri cənab Elmar Məmmədyarovun ATƏT-in 26-cı Nazirlər Şurasının iclasında çıxışı [ԵԱՀԿ նախարարների խորհրդաժողովի նիստում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Էլմար Մամեդյարովի ելույթը], 05.12.2019

[8] Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատան էջ, 03.12.2019

[9] #OSCEMC19 First Plenary Session: Azerbaijan, 05.12.2019

[10] «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին», ՀՀ ԱԳՆ Youtube-ի ալիք, 05.12.2019

[11] ՀՌՉԱԿԱԳԻՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ, 02.09.2019

[12]Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն, ԼՂՀ ԱԳՆ կայք

[13] Պետությունների իրավասուբյեկտայնության շուրջ կան մի շարք տեսություններ, որոնցից մասնավորապես դեկլարատիվ տեսության կողմնակիցները նշում են, որ պետության չճանացված լինելը չի նշանակում, որ այն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ. ճանաչումը միայն փաստի արձանագրումն է: Այս մասին տես՝ Ա. Հայկյանց, ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ (միջազգային մասնավոր-իրավական հիմնախնդիրներ), Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2019 № 1 (28), էջք 27-39:

[14] İlham Əliyev Sumqayıtın 70 illiyinə həsr olunmuş tədbirdə iştirak edib (Իլհամ Ալիևը մասնակցել է Սումգայիթի 70-ամյակին նվիրված միջոցառմանը), 21.11.2019թ.

[15] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group on the Upcoming Meeting of President Aliyev and Prime Minister Pashinyan

[16] Տե՛ս 2019 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունն՝ ի պատասխան պատգամավոր Ա. Բաբաջանյանի հարցի

[17] OSCE Minsk Group Co-Chairs say peaceful resolution to conflict over Nagorno-Karabakh is 'imperative and achievable

[18] STATEMENT BY THE MINSK GROUP CO-CHAIRS TO THE OSCE PERMANENT COUNCIL Vienna, June 22, 2006 

[19] Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries

[20] OSCE Minsk Group Co-Chairs issue statement,

OSCE Minsk Group Co-Chairs issue statement,

OSCE Minsk Group Co-Chairs issue statement,

OSCE Minsk Group Co-Chairs issue statement,

[21]  Громкое интервью Эльмара Мамедъярова CBC. Неожиданные откровения касательно карабахского конфликта, CBC.az, 11.12.2019

[22] КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ от 18 октября 1991 года №222-XII «О восстановлении государственной независимости Азербайджанской Республики»

[23] Громкое интервью Эльмара Мамедъярова CBC. Неожиданные откровения касательно карабахского конфликта, CBC.az, 11.12.2019

[24] 1993 թ. սեպտեմբերի 3-ով թվագրված և Հ. Ալիևի կողմից ստորագրված լիազորագիր, որով Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը լիազորվել է բանակցել Ադրրեջանի և ԼՂՀ-ի (НКР) ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցի շուրջ:

http://www.nkr.am/sites/default/files/1993 

[25] http://www.nkr.am/sites/default/files/osce

[26] CSCE BUDAPEST DOCUMENT 1994, TOWARDS A GENUINE PARTNERSHIP IN A NEW ERA

[27] Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Ռեգնում» գործակալությանը, Արցախի Հանրապետության ԱԳՆ կայք

[28] OSCE Chairman-in-Office meets with OSCE Minsk Group, 8.10.1998

[29] ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ, ՀՀ ԱԳՆ կայք, 13.12.2019թ.

[30] Без народа Нагорного Карабаха невозможно будет сформулировать какое-либо соглашение: Сергей Лавров, 11.11.2019

[31] Տես օրինակ այս նյութը. В соцсетях появились фотографии плененного армянского диверсанта - ФОТО, 18.07.2018 : Պատկերված լուսանկարում ձախից Կ. Ղազարյանն է, իսկ աջից՝ ՀՀ քաղաքացի Վ. Ազիբեկյանը, որը որևէ կապ չունի միջադեպի հետ:

[32] Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից, «Սպուտնիկ Արմենիա», 19.07.2018թ.

[33] Տես ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գրառումը՝ առ 15.07.2018թ.

[34] Հայկական Հանրային Հեռուստաընկերություն, 1 տարի առաջ հայկական սահմանն անցնողները դիվերսանտ-մարդասպաններ են. բացառիկ կադրեր, 12.07.2015թ.

[35] Kelbecer 1, 8.04.2010