Բենզինի թանկացման հետևանքներն Իրանում

11 ր.   |  2019-12-10

Իրանում ցույցերն ավարտվեցին երկրով մեկ ինտերնետի անջատումից հետո, որի որոշումն Անվտանգության խորհուրդը կայացրեց նոյեմբերի 16-ին՝ ցույցերի մեկնարկից ընդամենը մեկ օր անց։

Բենզինի գնի 50 և 200 տոկոսով թանկացում

Ց ույցերն Իրանում սկսեցին նոյեմբերի 15-ին՝ ոչ աշխատանքային օրով բենզինի գնի թանկացումից և սահմանափակում սահմանելուց ժամեր անց։ Փոխադրամիջոցների համար ամսական սահմանվել էր հետևյալ քվոտաները․

Բենզինի գինը նախկին 10․000 ռիալի[1] (8 ցենտ[2]) փոխարեն սահմանվել էր 15․000 ռիալ (12 ցենտ = 57,3 դրամ), իսկ քվոտայից դուրս՝ 30․000 ռիալ (24 ցենտ = 114,6 դրամ)։

Թանկացման որոշումն ընդունվել էր Իրանի օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների ղեկավարների համաձայնությամբ, որին աջակցություն էր հայտնել նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Իրանական հասարակությունը, սակայն, չընդունեց այն։

Անհնազանդությունն ու հարձակումները

Ա նհնազանդության գործողությունները տարածվել էին ինչպես Թեհրանում, այնպես էլ տասնյակ ուրիշ քաղաքներում. ցուցարարները փակում էին ճանապարհները, հարձակվում հասարակական ու պետական նշանակության կառույցների վրա. պաշտոնյաների բնորոշմամբ՝ նրանցից ոմանք նույնիսկ զինված էին։

Ըստ Իրանի ներքին գործերի նախարարի՝ հարձակումներ են եղել․

  • ավելի քան 50 զորամասի ու ոստիկանական բաժնի վրա,
  • շտապօգնության 34 մեքենայի վրա,
  • բանկի 731 մասնաճյուղի,
  • հասարակական նշանակության 140 օբյեկտի վրա,
  • 70 բենզալցակայանի,
  • 183 ոստիկանական մեքենայի վրա։

Հարձակման են ենթարկվել նաև հարյուրավոր այլ մեքենաներ, 500 հոգուց բաղկացած ցուցարարների մի խումբն էլ փորձել էր հարձակվել պետական հեռուստաընկերության համալիրի վրա։ Անկարգությունների ժամանակ թիրախավորել էին նաև կրոնական հաստատություններ, հնչել Իրանի պետական համակարգի դեմ ուղղված կոչեր։ Երկրում ստեղծված իրադրությունից ելնելով՝ որոշ քաղաքներում չեն գործել դպրոցներն ու այլ հասարակական հաստատություններ։


Ցուցարարները հրդեհել են բանկերից մեկի մասնաճյուղը

Զոհերի մասին իրարամերժ թվեր

Ե ղան նաև զոհեր, սակայն նրանց թվաքանակի մասին հստակ, նույնիսկ՝ պաշտոնական տվյալներ չկան։ Իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից հայտնի է դարձել 5 ուժայինի սպանության մասին (1,2,3), իսկ ցուցարարների շրջանում զոհերի մասին հակասական տվյալներ են շրջանառվում։

Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպության դեկտեմբերի 2-ի զեկույցի համաձայն՝ ցույցերի ընթացքում զոհվել է 208 մարդ։ Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ շրջանառում են նաև 366 զոհի մասին տեղեկություն։ Բացի այդ, եղել են նաև անհավանական մեծ թվով զոհերի մասին տեղեկություններ, որոնք այդպես էլ չեն հաստատվել: Հատկանշական է, որ այս առնչությամբ Իրանի խորհրդարանի պատգամավորներից Մահմուդ Սադեղին ընդգծել էր, որ  շահարկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է զոհերի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ հրապարակել:

Ցույցերի ընթացքում շատ էին նաև ձերբակալությունները։ Անհնազանդության գործողություններն ընդգծված առաջնորդներ չունեին, հետևաբար իրավապահները շատերին ձերբակալում էին, որպեսզի կարողանային ցրել հավաքները։ Մինչև օրս հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է ձերբակալվել, սակայն Իրանի իրավապահ մարմինները նույնիսկ ցույցերի ավարտից հետո պարբերաբար հայտնում են ձերբակալությունների մասին։

Այսպես, նոյեմբերի 17-ին՝ ցույցերի երրոդ օրը, հայտնի է դարձել 1000-ից ավելի մարդու ձերբակալության մասին։ Այնուհետև տարբեր օրերի նշվել է, որ Խուզիստան նահանգում ձերբակալվել է 404 մարդ, Ալբորզում՝ 150, Թեհրանում՝ 341, Թավրիզում՝ 100, Քերմանշահում՝ 240 և այլն (1,2,3,4,5,6,7,8,9,10, 11

ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներից մեկի պնդմամբ՝ ձերբակալվածների թիվը հասել է 7000-ի։ Դեկտեմբերի 3-ին ԻԻՀ դատական իշխանության մամուլի խոսնակը հայտարարել  է, որ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել: Նա նշել է, որ Թեհրանում կալանքի տակ է պահվում 300 ցուցարար:

Թե ինչ պատիժներ են սպասվում ձերբակալվածներին, դեռ պարզ չէ, սակայն հարկ է նշել, որ նրանց թվում կան մարդիկ, ովքեր մեղադրվում են օտարերկրյա ուժերի հրահանգները կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ ԿՀՎ հետ կապ ունենալու մեջ։

Սա կապված է նաև նրա հետ, որ Իրանի իշխանությունները ցույցերը հրահրելու համար մեղադրում էին հենց Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, Վաշինգտոնն էլ անթաքույց աջակցություն էր հայտնում ցուցարարներին։ Նրանց ոգևորում էր նաև Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի ընտանիքը։

Սոցիալական ցանցերում էլ ընդդիմադիր կեցվածքով հատկապես ակտիվ էին հիմնականում արտերկրում գործող և Իրանի պետական համակարգին ընդդիմադիր, Իրանում ահաբեկչական համարվող կազմակերպությունները, ինչպես «Մոջահեդին է խալղը», քրդական անջատողական կազմակերպությունները։

Ներքին ընդդիմությունը

Դ ժգոհության ֆոնին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ կառավարությունը որոշումն ընդունել է Մեջլիսի և դատական համակարգի ղեկավարների համաձայնությամբ, բայց Մեջլիսի մի խումբ պատգամավորներ հայտարարեցին, որ այն ոչ թե պետք է համաձայնեցվեր Մեջլիսի ղեկավարի հետ, այլ քննարկվեր ամբողջ Մեջլիսի կազմով։

Բարեփոխականների «Օմիդ» խմբակցությունն էլ նախագիծ մշակեց բենզինի գինը նախկինին վերադարձնելու վերաբերյալ, բացի այդ, պատգամավորները ստորագրահավաք սկսեցին Ռոհանիի և Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար։

Սակայն ամեն ինչ հանդարտվեց, երբ ԻԻՀ հոգևոր առաջնորդն իր աջակցություն հայտնեց որոշմանը՝ ընդգծելով, որ եթե իշխանության 3 ճյուղերը միաձայն են այդ հարցում, ապա նա ևս կողմ է՝ բենզինը պետք է թանկանա։

Բենզինի դեֆիցիտը

Մ ինչև 2018թ. Իրանը երկրին անհրաժեշտ բենզինի մի մասը ներկրում էր։ Վերջին տարիներին Թեհրանն աստիճանաբար սկսել էր նվազեցնել ներկրման ծավալները, իսկ 2018-ի հոկտեմբերից դադարեցրեց այն։ 2018-ի փետրվարի 18-ին[3] նախագահը հայտարարեց, որ Իրանն արդեն ինքնաբավ է դարձել բենզինի արտադրության ոլորտում:

Սակայն բենզինն Իրանում սուբսիդավորվում է, ինչը նշանակում է, որ բնակչությանը այն վաճառվում է ինքնարժեքից ցածր՝ ի հաշիվ պետական միջոցների։

Իրանում օրական արտադրվում է 110 մլն լիտր բենզին, որի 85 տոկոսը սպառվում է ներքին շուկայում, ու սպառման բարձր ցուցանիշը նաև մաքսանենգության հետևանք է․ մարդիկ էժան՝ սուբսիդավորված բենզինն են գնում Իրանում և վերավաճառում են հարևան երկրներում։

Ըստ իրանական ԶԼՄ-ների  հրապարակումների՝ օրական 20-40 մլն լիտր բենզին մաքսանենգ ճանապարհով դուրս է գալիս երկրից, ստացվում է, որ Իրանը սուբսիդավորում է արտահանվող՝ արտերկիր վաճառվող բենզինը։ Եթե ոչ գնի բարձրացման, ապա սահմանափակումների հիմնական նպատակներից մեկը, թերևս, հենց այսպիսի մաքսանենգ ճանապարհներով բենզինի արտահանումը նվազեցնելն է։

Բյուջեի դեֆիցիտը

Ի րանի բյուջեի եկամուտների շուրջ 40 տոկոսը ձևավորվում է նավթի վաճառքից, սակայն արդեն մեկ տարի է, ինչ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանը դժվարությամբ է վաճառում իր նավթը։ Այսպես եղել է նաև նախկինում, բայց հիմա Վաշինգտոնը պատժամիջոցներ է խոստանում նաև այն երկրներին, որոնք Իրանից նավթ կգնեն և այդ երկրների մի մասն էլ ընդունում է ԱՄՆ դիրքորոշումը։

Նման պայմաններում Իրանի կառարավարությունը փորձեց այլընտրանքային տարբերակ ընտրել հասարակության սոցիալական խնդիրները որոշ չափով լուծելու համար։ Ի սկզբանե հայտարարվեց, որ բենզինի գնի թանկացումից գոյացած հասույթն ամբողջովին ուղղվելու է հասարակության առավել կարիքավոր խավերին։

Ընդհանուր հաշվարկով լրացուցիչ սոցիալական աջակցությունը, գոյություն ունեցող նպաստներին զուգահեռ, տրվելու է 18 մլն ընտանիքի՝ շուրջ 60 մլն մարդու[4]: Յուրաքանյուրին ամսական տրվելու է 550 հազար ռիալ, սա տարեկան ավելի քան 3 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախս է ենթադրում։

Լրացուցիչ նպաստները չեն ստանալու, օրինակ, բավարար եկամուտ ունեցող քաղաքացիները։

Ընտանիքի կազմը

Տարեկան եկամուտը

Ամսական եկամուտը

1 մարդ

480 մլն ռիալ

40 մլն ռիալ (= 152.864 դր)

2 մարդ

600 մլն ռիալ

50 մլն ռիալ

3 մարդ

720 մլն ռիալ

60 մլն ռիալ

4 մարդ

840 մլն ռիալ

70 մլն ռիալ

5 մարդ

960 մլն ռիալ

80 մլն ռիալ


Այդ նպաստներից չեն օգտվի նաև «շքեղության» որոշակի չափանիշների համապատասխանող ընտանիքները։ Մասնավորապես, խոսքը նրանց մասին է, որոնք ունեն երկու տուն կամ որոնց ունեցած անշարժ գույքի գինը գերազանցում է 9 մլրդ ռիալը (քաղաքներում՝ 12 մլրդ ռիալը) և այլն։

Փաստացի, Իրանի իշխանությունների որոշումը հանգում է նրան, որ․

  • բենզինի բազային կամ քվոտային գինը բարձրանում է 50 տոկոսով՝ կրճատելով սուբսիդավորումը,
  • քվոտայից դուրս բենզինի գինն այնքան է բարձրանում, որ ապօրինի արտահանումը շահավետ չլինի,
  • սուբսիդավորման կրճատման արդյունքում խնայված ու արտաքվոտային բենզինի վաճառքից գոյացած եկամուտը բաժանվում է ցածր եկամուտ ունեցողներին։

Դժգոհությունը՝ անխուսափելի

Բ ենզինի քվոտաների սահմանման դեմ դժգոհությունները ցույցերի էին հանգեցրել նաև նախորդ նախագահի՝ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման օրոք՝ 2007թ. ամռանը, երբ սահմանափակումներն ավելի մեղմ էին։ Թեթև մարդատար մեքենայի համար սահմանվել էր ամսական 100 լիտր սահմանաչափ՝ ներկայիս 60 լիտրի փոխարեն, ավելին՝ նույն տարվա դեկտեմբերին այն հասցվել էր 120 լիտրի։

Բայց հենց միայն այն պատճառով, որ քվոտավորման մասին որոշումը հրապարակվել էր բուն գործընթացը սկսելուց ընդամենը 2 ժամ առաջ, առաջացրեց դժգոհություն։ Կեսգիշերից առաջ մարդիկ գնացել էին լցակայաններից պահուստային բենզին գնելու, խուճապի պատճառով այն արագ սպառվել էր, ու վարորդները վերածվել էին ցուցարարների։

Բայց նոր իշխանությունների համար նոր քվոտավորումից հետո ցույցերը որքան սպասելի, այնքան էլ անխուսափելի էին։

Դրան օժանդակում էր նաև ընդհանուր դժգոհ ֆոնը երկրի տնտեսական դրության վերաբերյալ։ Գնաճի, արժույթի տատանումների, գործազրկության և նմանատիպ այլ խնդիրները մի քանի խոշոր դժգոհության շարժումներ էին ծնել Իրանում։

  • Ոչ վաղ անցյալում՝ 2017թ․ դեկտեմբերի վերջին և 2018-ի հունվարի սկզբին, Իրանում գնաճի դեմ ցույցեր էին, որի առիթը ձվի թանկացումն էր։
  • Ցույցեր էին եղել նաև 2018-ի ամռանը, որն ընդգրկել էր հիմնականում Թեհրանի և Իրանի այլ խոշոր քաղաքների շուկաները․ խանութպանները գործադուլ էին հայտարարել և բողոքում էին ռիալի ռեկորդային արժեզրկումից։
  • Ընդհանուր առմամբ 2018թ. սոցիալական խնդիրների դեմ բողոքներով անցկացվել են մի քանի այլ ակցիաներ ևս, սակայն առավել նեղ ընդգրկմամբ:

Բենզինի գնի թանկացումը առիթ դարձավ, որ մարդիկ նորից հանրայնորեն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։


Բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր Իրանի տարբեր քաղաքներում

Շղթայական թանկացման վտանգը

Ի րանի հասարակության մյուս մտահոգությունը այն էր, որ բենզնի թանկացումը կարող է ազդել այլ ապրանքների գնի վրա։ Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի էներգետիկայի նախարարը՝ ընդգծելով, որ մինչև տարեվերջ ջրի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա։

Եվ չնայած Իրանի իշխանությունները բազմիցս շեշտեցին, որ փորձում են կանխել թանկացումը, այնուամենայիվ, որոշ ապրանքներ այս ընթացքում թանկացան։ Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Ռահիմ Զարեիի խոսքով՝ թանկացել են հետևյալ ապրանքներն ու ծառայությունները․

  • «փիքափ» բեռնատարի վարձակալություն - 100 տոկոս,
  • տաքսի - 30 տոկոս,
  • հեղուկ գազ - 40 տոկոս,
  • ներկրվող բրինձ - 25 տոկոս,
  • հավկիթ - 20 տոկոս,
  • լոլիկի - 700 տոկոս։

Ըստ Իրանի կենտրոնական բանկի նախագահի՝ բենզինի գնի թանկացումը միջինում 4 տոկոսով անուղղակիորեն բարձրացնելու է այլ ապրանքների գները։

Եզրակացություններ

Ի շխանությունները պատրաստ էին ցույցերին, որոնց մեկնարկից 1 օր անց երկրում անջատեցին ինտերնետ կապը, ինչը որոշ չափով ցուցարներին զրկեց առավել համակարգված գործելու հնարավորությունից։ Սա թերևս օգնեց Իրանի իրավապահներին ավելի արագ հանդարտեցնել դժգոհության ալիքը։

Բողոքի ակցիաների սկսվելուց 4 օր անց իշխանությունը հայտարարեց, որ երկրում իրավիճակն արդեն հանդարտվել է, և բացառությամբ որոշ կետերի, ցույցերը մարել են։ Երկրում սկսեցին անցկացվել երթեր՝ ի աջակցություն Իրանի պետական համակարգի։

Ակնհայտ է, որ իշխանությունները նախապես մշակել էին ցույցերի ալիքը հանդարտեցնելու գործողությունները, ինչն անհրաժեշտ էր նաև անդրսահմանային ուժերի միջամտությունը կանխելու համար։

Իշխանությունները ստիպված էին գնալ բենզինի քվոտավորման ճանապարհով, որպեսզի կանխեն բենզինի ապօրինի արտահանումը։ Նրանք նաև ստիպված էին կրճատել սուբսիդավորումը՝ մաքսանենգ արտահանումը ոչ շահավետ դարձնելու համար։

Բենզինի թանկացումը շղթայական թանկացումներ կարող էր հարուցել և արդեն հարուցել է, ինչն իշխանությունները, թերևս, կփորձեն մեղմել նպաստների միջոցով։ Այդ գումարներն էլ հավաքվելու են բարձր եկամուտ ունեցող խավից, որը կարող է իրեն թույլ տալ քվոտայից դուրս բենզին գնել՝ կրկնակի թանկ գնով։

Լայն սպառման ապրանքների, էլեկտրաէներգիայի և այլնի կտրուկ թանկացումից խուսափելու համար երկրում կարող են մտցվել թիրախային սուբսիդիաներ։

Այն պայմաններում, երբ ինտերնետի անջատումը թույլ տվեց արագ ցրել ցույցերը, իշխանության ներսի առաջադիմական ուժերի համար առաջիկայում ավելի ու ավելի դժվար կլինի պահպանողականներին համոզել, որ վերջիններս հրաժարվեն համացանցի սահմանափակումների ու սոցկայքերի արգելափակումների քաղաքականությունից։


[1] Իրանում ընդունված է գումարը հաշվել թումաններով, որոնք ռիալի տասնապատիկն են, սակայն հետագա շարադրանքում կօգտագործենք բացառապես պաշտոնական ձևը՝ ռիալը, թյուրընկալումներից խուսափելու համար։

[2] Արտարժութային չափերը հաշվված են 1 դոլարի դիմաց 125․000 ռիալ և 1 դոլարի դիմաց 477,7 դրամ փոխարժեքներով, որոնք դեկտեմբերի 4-ի շուկայական փոխարժեքներն են։

[3] Նույն օրը Իրանը շահագործման էր հանձնել «Պարսից ծոցի աստղ» գազախտուցքի վերամշակման գործարանի 3-րդ և վերջին բլոկը։ Ամբողջական շահագործմամբ գործարանը օրական 36 մլն լիտր բենզին է արտադրում։

[4] Իրանի ամբողջ բնակչությունը 83 միլիոն է: