Վրաստանի նավահանգիստները. Կուլևի նավթային տերմինալը

9 ր.   |  2019-11-25

Կ ուլևի նավթային տերմինալը (ԿՆՏ, Kulevi Oil Terminal) Վրաստանի Խոբի շրջանի ափեզրին, Ցիվա և Խոբիստցխալի գետերի սևծովյան դելտայում է, «Փոթի» նավահանգստից մոտ 7 կմ հյուսիս, ռուսական կայսերական «Սևծովյան ամրությունների գծի» 4-րդ հատվածի «Ռեդուտ Կալե» (Редут-Кале) պատմական ամրակայանի տարածքում (նկ. 3):


Նկար 3. Կուլեվի Նավթային տերմինալը: Աղբյուրները՝ Google EarthSOCAR Black Sea Terminal Ltd.

ԿՆՏ շինարարությունը մեկնարկել է 2000-ին՝ «Վրացական Երկաթուղի» և ավստրիական Argomar Oil Ltd մասնավոր ընկերությունների համատեղ «Terminal 2000 Ltd.» ձեռնարկության ջանքերով: Ֆինանսավորման պակասի և բնապահպանական խնդիրների հետևանքով 2002-ին շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 2004թ. սեպտեմբերին՝ հայտնի օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի կողմից գլխավորած միջազգային ներդրողների կոնսորցիումի ջանքերով: 2004-2006թթ. ընթացքում ԿՆՏ կոնսորցիումի (միջազգային 15 բանկ և «Societe Generale» վարկային կազմակերպություն) միջոցով Ադբեջանի պետական նավթային SOCAR ընկերության համար նա հավաքեց  $301 մլն սինդիկացված վարկ (մարման ժամկետը՝ 2009թ.): 2006թ. վերջին Բ.Պատարկացիշվիլին ԿՆՏ-ի իր ողջ մասնաբաժինը չբացահայտված գումարով վաճառեց ադրբեջանական SOCAR-ին: ԿՆՏ շինարարությունը ավրատվեց 2007թ. նոյեմբերին, պաշտոնապես այն շահագործման հանձնվեց 2008թ. մայիսի 16-ին՝ վրաց-Օսական 6-օրյա պատերազմից 2.5 ամիս առաջ և Բ. Պատարկացիշվիլիի հանկարծակի մահվանից 3 ամիս անց[1]:

Տերմինալի նավահանգիստը սպասարկում է երկու հիմնական և մեկ օժանդակ կառան՝ տեղակայված Խոբիստցխալի գետի դելտայում, (նկ. 3): Ըստ տերմինալի օպերատորի, No1 կառանն (նկ. 3) ունակ է ընդունել 100-120 հազ. տ տարողունակությամբ (deadweight) AFRAMAX դասի տանկերներ, 250 մ առավելագույն երկարությամբ և 12.5մ առավելագույն թույլատրելի սուզումով, No 2-ը` մինչև 40 հազ. տ տարողունակությամբ տանկերներ, 195մ երկարությամբ և 8.5մ թույլատրելի սուզումով: Տերմինալի երրորդ կառանը նախատեսված է մինչև 6մ սուզումով և մինչև 20մ երկարությամբ օժանդակ նավերի, քարշակների ու լաստանավերի համար:


Նկար 4. Կուլ
ևի նավթային տերմինալի հիդրոգաֆիական քարտեզը, խորությունները՝ մետրերով:

Նկար 4-ում բերում ենք հատված Կուլևի նավթային տերմինալի հիդրոգրաֆիական քարտեզից, ուր նշված են դեպի կառան նավերի մուտքի կոները (створ входа): Խորությունները նշված են մետրերով: Առանձին լուսամուտներում բերում ենք տերմինալի կառանային հատվածի հիդրոգրաֆիական քարտեզը (աջից), և նավթի ու նավթամթերքի լցման երեք թևերի լուսանկարը (ձախից), սլաքով նշվում է No 1 կառանում դրանց տեղակայման վայրը: 

Ծրագրի իրականացման առաջին փուլում ԿՆՏ նախագծային նոմինալ տարեկան թողունակությունը պետք է կազմեր մոտ 10 մլն տ հում նավթ և նավթամթերք, իսկ պահեստային տանկերի ծավալը 2008-ին կազմում էր 320 հազ. մ3: Ծրագրի 2-րդ փուլում նախատեսվում էր տերմինալի թողունակությունը հասցնել մինչև 15-20 մլն տ[2], իսկ պահեստային ռեզերվուարների (տանկերի) գումարային ծավալը՝ մինչև 380 հազ. խ.մ.: Թողարկման պահին ԿՆՏ պահեստային տանկերի գումարային ծավալը կազմում էր մոտ 120-160 հազ. մ3 (նկ. 5, ձախից)։ Ըստ ԿՆՏ պաշտոնական կայքի, այն այսօր կազմում է 402 հազ. մ3, և կազմված է 27[3] պահեստային տանկերից (նկ. 5, աջից)։ Տերմինալի հիմնական նավթաբազան կազմված է 320 հազ. մ3 ընդհանուր ծավալով պահեստային 16 տանկերից (նկ. 5, աջից), որոնք նախատեսնված են հում նավթի պահեստավորման համար։ 


Նկար 5. Կուլևի նավթային տերմինալի պահեստային տանկերը 2007թ. փետրվարին (ձախից) և 2018թ. փետրվարին (աջից)։ Աղբյուրները՝ NASAGoogle Earth

ԿՆՏ տարածքում ՊՀ 5 և 6 հարթակները ադրբեջանական SOCAR-ը կառուցեց 2015-16 թվականներին։ ՊՀ 5-ը հարթակում գտնվում են 6 պահեստային տանկ՝ 60 հազ. մ3 գումարային ծավալով, որոնք նախատեսված են գազոյլի, նավթայի, դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի պահեստավորման համար (նկ. 5)։ ՊՀ 6-ը հարթակում գտնվում են 5 պահեստային տանկ՝ 12 հազ. խ.մ. գումարային ծավալով (2 հատ՝ յուրաքանչյուրը 3 հազ. մ3 և 3 հատ՝ յուրաքանչյուրը 2 հազ. մ3), որոնք նախատեսված են պիրոլիզով ստացված նավթամթերքների, իզոպրոպիլային սպիրտի և արդյունաբերական յուղերի պահեստավորման համար (նկ. 5)։

Հում նավթը և այլ նավթամթերքները ԿՆՏ տարածք են հասցվում Ադրբեջանի «Սանգաչալ» տերմինալից (տե՛ս այստեղ, էջ 49), նախ՝ Բաքու-Թբիլիսի-Փոթի մայրուղային երկաթգծով, այնուհետև՝ 14 կմ երկարությամբ Փոթի-Կուլևի մասնավոր երկաթգծով։ Անմիջականորեն ԿՆՏ տարածք է մտնում քառուղի երկաթգծային շարը, ինչը հնարավորություն է տալիս ԿՆՏ տարածքում գտնվող երկու ծածկված երկաթուղային կառամատույցներում ունենալ 4 երկաթուղային կազմ՝ յուրաքանչյուրը 60տ տարողությամբ 42 ցիստերներով (ընդհանուր տարողունակությունը՝ մոտ 10 հազ. տ նավթ և նավթամթերք, նկ. 6)։


Նկար 6. Կուլևի նավթային տերմինալի երկու ծածկված երկաթուղային կառամատույցները: Ընդհանուր տեսքը՝ հյուսիսից: Աղբյուրը՝ SOCAR

ԿՆՏ տարածքի (22 հա) և ակվատորիայի սեփականության իրավունքը պատկանում է Վրաստանի Հանրապետությանը, իսկ տերմինալի լիիրավ օպերատորի կարգավիճակը պատկանում է Ադրբեջանի պետական SOCAR ընկերությանը: Ըստ Համաշխարհային Բանկի 2008թ. տվյալների [1], ԿՆՏ օպերատորի` «Black Sea Terminal Ltd.»[4] ընկերության մասնաբաժնի 51%-ը 2008-ին պատկանում էր ադրբեջանական SOCAR-ին, 34%` «Middle East Petroleum» ընկերությանը և 15%` վրացական մասնավոր ինվեստորներին: Վրացական այս 15% մասնաբաժինը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Փոթի-Կուլևի մասնավոր երկաթգծի շահագործումով և այլ պայմանավորվածություններով:

Հավանաբար 2016թ. վերջին SOCAR-ը գնել է «Middle East Petroleum» ընկերության մասնաբաժինը, հասցնելով «SOCAR Energy Georgi LLC» ընկերությունում[5] իր մասնաբաժինը 76%-ի: Նկար 7-ում բերված է հատվածներ Ադրբեջանական SOCAR պետական ընկերության 2016թ. և 2018թ. պաշտոնական ֆինանսական հաշվետվություններից, ուր թվարկված են այն ընկերություննները, որոնցում SOCAR-ը ունի 49%-ից ավելին մասնաբաժին (ներկայացվում է հատվածական): Ինչպես տեսնում ենք, սկսած 2017-ից SOCAR-ի մասնաբաժինը «SOCAR Energy Georgi LLC» ընկերությունում նշված է 76%, մինչդեռ 2016թ. հաշվետվությունում այն կազմում էր 51%:


Նկար 7. Հատվածներ SOCAR ընկերության 2018թ. (վերևում) և 2016թ. (ներքևում) ֆինանսական հաշվետվություններից: Աղբյուրը՝ SOCAR FR 2018, SOCAR FR 2016.

ԿՆՏ փաստագրական գործունեության մասին պաշտոնական տեղեկատվությունը բաց հանրային դաշտում գրեթե բացակայում է։ Ո՛չ տերմինալի օպերատորի և ո՛չ էլ «SOCAR Energy Georgi LLC» ընկերության պաշտոնական կայքերում չեն բերվում տերմինալի աշխատանքի ընդհանրական և վիճակագրական տվյալներ։ Միջնորդված տեղեկատվություն կարելի է ստանալ միայն ադրբեջանական SOCAR ընկերության կայքէջում տեղակայված ֆինանսական հաշվետվություննհերից։ Որոշ օգտակար տեղեկատվություն կարելի է ստանալ Համաշխարհային Բանկի (WB, [1]) և «Բրիթիշ Փեթրոլիումի» (BP) հաշվետվություններից, ՌԴ, Վրաստանի և Ադրբեջանի մասնագիտական մամուլից։

Ի մի բերելով հասանելի տեղեկատվությունը՝ կարելի է եզրակացնել, որ Կուլևի նավթային տերմինալն իր թողարկման պահից մինչ օրս այդպես էլ չի հասել նախագծի առաջին փուլով պլանավորվող 10 մլն տ նավթ և նավթամթերք թողունակության ցուցանիշին: Այսպես, 2013թ. մայիսի 16-ին, ԿՏՆ շահագործման հնգամյա տարելիցին, ԿՆՏ օպերատորի պաշտոնական հրապարակումը չի բերում տերմինալի գործունեությունը բնութագրող որևէ թիվ։ Թվական տվյալները առկա են միայն 2011թ. հոկտեմբերի 17-ի հրապարակման մեջ, ուր նշվում է, որ «մեկնարկից ի վեր և մինչև 2011թ. այս օրը տերմինալում գրանցվել է 10 մլն նավթ և նավթամթերքի տեղափոխում»։

Հիշեցնենք, որ ԿՆՏ պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2008թ. մայիսին, իսկ ծրագրի առաջին փուլի նոմինալ տարեկան թողունակությունը պետք է կազմեր 10 մլն նավթի և նավթամթերքի տեղափոխում (որից 2 մլն տ` հում նավթ): Այլ խոսքերով, 3.5 տարի շահագործման ընթացքում իր նոմինալ թողունակությամբ ԿՆՏ-ն պետք է տեղափոխեր 35 մլն տ նավթ և նավթամթերք (որից 7 մլն տ` հում նավթ)։ Հետևաբար, իր շահագործման առաջին 3.5 տարվա ընթացքում ԿՆՏ-ն իրականում աշխատել է էականորեն թերբեռնված, իր նոմինալ թողունակության ընդամենը 28.6% չափով։

Տերմինալի թերբեռնվածությունը շարունակվել է և հաջորդ տարիներին, և այդպիսին է նաև այսօր: Իրոք, համաձայն մի շարք ադրբեջանական գործակալությունների, մեկնարկի պահից և մինչև 2015թ. վերջ, ԿՆՏ միջոցով տեղափոխվել էր 18 մլն տ նավթ և նավթամթերք: Այսինքն, այս 7.5 տարի ժամանակահատվածում ԿՆՏ-ն աշխատել է իր նոմինալ թողունակության արդեն ընդամենը 24%-ով։ Վերջապես, համաձայն նույն աղբյուրների, 2016թ. ընթացքում ԿՆՏ-ն տեղափոխել է ընդամենը մոտ 15 հազ. տ հում նավթ, այսինքն իր նոմինալ՝ 2.0 մլն տ ցուցանիշի ընդամենը 0.75%:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, տերմինալի այս թերբեռնված աշխատանքն է, որ ստիպեց SOCAR ընկերությանը ԿՆՏ տարածքում 2015-16թթ. կառուցել 72 հազ մ3 գումարային ծավալով պահեստային նոր ռեզեռվուարներ (նկ. 5, աջից)՝ նախատեսնված բացառապես նավթամթերքների, այլ ոչ թե հում նավթի համար: Բանն այն է, որ ԿՆՏ թերբեռնվածությունը հետևանք է առաջին հերթին ադրբեջանական հում նավթի առուքմների պակասի, որն էլ իր հերթին հետևանք է ԱՉԳ նավթադաշտի յուրացման BP ընկերության եռափուլ ծրագրի խափանմանը (տե՛ս այստեղ, Գլ. 2): Հում նավթի արդյունահանման պակասի պայմաններում Ադրբեջանը վերջին 5 տարիներին ջանում է առաջին հերթին կատարել իր պարտավորությունները BP/IOC կոնսորցիումի հանդեպ և առաջնահերթ «լցնել» Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարը: Այսպես, 2016-ին, երբ ԿՆՏ միջոցով առաքվել էր ընդամենը 16 հազ տ հում նավթ, Սուպսա նավահանգստով առաքվել էր 2.21 մլն տ., ռուսական Նովորոսիյսկ նավահանգստով՝ 1.13 մլն տ., իսկ ԲԹՋ նավթատարով դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ՝ 15.5 մլն տ. ադրբեջանական հում նավթ[6]:

Առերեսվելով հում նավթի արդյունահանման պակասի հետ, SOCAR-ը ջանում է լրացնել այս բացը նավթամթերքի արտադրությամբ և արտահանումով, ինչի համար և կառուցել է նշված 72 հազ մ3 ծավալով պահեստային նոր ծավալները, որոնք նախատեսված են բացառապես նավթամթերքի համար, և պիտանի չեն հում նավթի պահեստավորման համար։ Խնդիրը հասկանում են նաև Վրաստանում։

Այսպես, դեռ 2017-ի նոյեմբերին հայտարարվեց, որ «Phasis Oil» ընկերությունը և նրա ղեկավար Գ.Շավդիային (Gia Shavdia) մտադիր են ԿՆՏ-ում կառուցել նավթավերամշակման արդի գործարան, ինչի համար «եվրոպական նավթային հսկա ընկերության հետ արդեն պայմանագիր է ստորագրվել»։ Ըստ աղբյուրի՝ Գ.Շավդիային հրաժարվել էր նշել այդ ընկերության անունը։ Այս թեմայով հետագա հրապարակումներում նշվում էր իսպանական «Technicas Reunidas» ընկերությունը, ամերիկյան «DuPont»-ը և «RPM W.L.L.» ներդրումային կոնսորցիումի անունը Բահրեյնից։

Դատելով որոշ հրապարակումներից, «Phasis Oil» ընկերությունը ԿՆՏ տարածքում 2019թ. գարնանից մտադիր էր սկսել նավթավերամշակման գործարանի շինարարությունը, որն ունակ կլինի արտադրել Euro 5 դասի բենզին և դիզելային վառելիք։ Աղբյուրը ցիտում է Գ.Շավդիայի հետևյալ խոսքերը՝ «ներդրումային ծրագրի շրջանակներում «SOCAR Georgia Investment» ընկերությանը հատկացվել էր 60 հեկտար տարածք։ Մենք այն գնել ենք, և սկսել ենք 4.2 մլն տ տարեկան նվազագույն արտադրողականությամբ արդի նավթավերամշակման գործարանի կառուցման աշխատանքները»[7]։ Հոդվածի պարտրաստման պահին նավթավերամշակման գործարանի շինարարության մեկնարկի մասին տեղեկություններ չէին հրապարակվել։


[1] Բորիս Բերեզովսկու մտերիմ գործընկեր, վրացական «Իմեդի» մեդիա-հոլդինգի հիմնադիր Բ.Պատարկացիշվիլին, 2005-ին Բերեզովսկուց գնեց վերջինիս բիզնես ակտիվները, այդ թվում՝ «Կոմերսանտ» հրատարակչական տունը: Նույն տարում նա իր թեկնածությունն առաջադրեց Վրաստանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ հանդես գալով որպես Մ.Սահակաշվիլու քննադատ: Վրաստանի գլխավոր դատախազության կողմից նրա հադեպ հայտարարվեց հետախուզում, պետական հեղաշրջման և պետական գործչի հադեպ մահափորձի կազմակերպման մեղադրանքներով: 2008թ. փետրվարի 12-ին Բ.Պատարկացիշվիլու դին հայտնաբերվեց Լոնդոնում, իր տանից ոչ հեռու: Մահվան հավանական պատճառը՝ սրտի կաթված: 2018թ. հոկտեմբերի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Բ.Պատարկացիշվիլու սպանությունը (թունավորումը) արտոնել էր նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին:

[2] Ըստ որոշ տվյալների՝ 30-35 մլն տ. նավթ և նավթամթերք։

[3] Portseurope.com կայքում 2018 դեկտեմբերի 19-ի հոդվածում ԿՆՏ պահեստային տանկերի քանակը նշված է 21, ինչը հակասում է արբանյակային լուսանկարներին, տե՛ս նկ. 3 և նկ. 5, վերևում՝ աջից:

[4] Ուշագրավ է, որ Վրաստանի պետռեգիստրում այն գրանցվել էր դեռ 1996թ. մայիսի 11-ն:

[5] Այս ընկերությանն է պատկանում “Black Sea Terminal Ltd.”, այլ խոսքերով՝ ԿՆՏ-ի,  100% մասնաբաժինը:

[6] Ինչպես նշել էինք վերը, իրավիճակը միանգամայն նույնն է և Բաթումի նավահանգստի դեպքում:

[7] Հում նավթով թերբեռնվածության պատճառով համանման ծրագիր առաջարկվել էր նաև Սուպսա նավթային տերմինալի համար։