Հանքարդյունաբերություն

9 ր.   |  2019-11-22

Ռազմավարության մշակումն օրակարգային է 

Տ նտեսության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությունների և կոչերի տրամաբանությունը հուշում է, որ ներառական տնտեսական աճը պետք է հիմնված լինի հավելյալ արժեքի, իրական արդյունքի ստեղծման վրա։ ՀՀ տնտեսության կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ հիմնականում ակտիվ աճ են գրանցում ոչ արտահանելի ճյուղերը (շինարարություն, ծառայություններ և այլն), մինչդեռ մրցունակ տնտեսության գրավականն արտահանելի ճյուղերի զարգացումն է։ Նշված միտումը վերջին շրջանում որոշակիորեն չեզոքացվում է մշակող արդյունաբերությունում արձանագրվող աճով, որն ուղեկցվում է հանքարդյունաբերության ոլորտի նվազմամբ:

Չթերագնահատելով տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը, պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար դեռևս զգալի է։ Մասնավորապես՝ օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՕՈՒՆ) զգալի մասն ուղղվում է դեպի այս ոլորտ՝ ապահովելով աշխատատեղեր, լուծելով սոցիալական խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդգծել, որ հանքարդյունաբերությունը պետք է դիտարկել արտադրական ամբողջական շղթայի մեջ՝ հումքի արդյունահանումից մինչև վերամշակում և ավելացված արժեքի ստեղծում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018-ին ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8% կամ 166 մլրդ ՀՀ դրամ, իսկ իրական ծավալը նվազել է մոտ 14%-ով։ Օրինակ՝ Կանադայում ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը մոտ 6% է, իսկ հարևան Վրաստանում այն չի հասնում 1%-ի։ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի «Ազգային տնտեսություններում հանքարդյունաբերության դերը» զեկույցում ընդգրկված հանքարդյունահանման ինդեքսով Հայաստանը 182 երկրների շարքում առաջին 25 երկրների թվում է[1]։ Ինդեքսը ցույց է տալիս, որ աշխարհի հանքարդյունաբերական երկրներից շատերը շարունակում են ապավինել իրենց բնական ռեսուրսներին՝ որպես տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ:

Հանքարդյունաբերության ոլորտի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև այն բնապահպանական վնասները և առողջական խնդիրները, որոնք առաջանում են հանքերի շահագործման հետևանքով։ Ընդհանրապես խնդիր է նաև հանքերի, պոչամբարների ազդեցության գնահատման ուսումնասիրությունը։ Այժմ Առողջապահության նախարարությունը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ ստանալու մեթոդաբանական աջակցություն՝ ուսումնասիրություններ իրականացնելու և Հայաստանում տեղայնացնելու համար։ Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում, 2018» զեկույցի տվյալների՝ 2018-ին նախորդած հինգ տարում ոչ վարակիչ հիվանդությունների խմբում մոտ 20 տոկոսով ավելացել են չարորակ նորագոյացությունները, որոնք 2017-ին մահացության հիմնական պատճառների թվում երկրորդն էին[2]: Մահվան առաջին պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Նախորդ տարիների համեմատությամբ աճել է նաև կյանքում առաջին անգամ ախտորոշված ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների, ինչպես նաև տարեվերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թվաքանակները։ Սակայն, դժվար է հանքարդյունաբերությունը համարել նշված միտումների միակ պատճառը, քանի որ նման հետազոտություններ չկան։

Այսպես՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայր, ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակում, օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական: Հայաստանում կա օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 21 պոչամբար։ Երկրում գրանցված է 27 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություն, որոնց գործունեության համար առկա է 28 թույլտվություն[3]։

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով

Հ անքարդյունաբերության ոլորտում 2014-2018թթ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 365 մլն ԱՄՆ դոլար կամ ընդհանուր զուտ ՕՈՒՆ-ների 30%-ը։ Աշխարհագրական բաշխվածությունը հետևյալն է. Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, Ջերսի (Նորմանդական կղզիներ), Կիպրոս, Բրիտանական Վիրջինյան կղիզներ և այլն։ 2017-2018թթ. թե՛ ընդհանուր ներդրումների, թե՛ ՕՈՒՆ-ների զուտ հոսքը ոլորտում կրճատվել է։


Հանքարդյունաբերությունը խրախուսում է մարզերում ակտիվությունը և որոշակիորեն նպաստում համաչափ զարգացման ապակենտրոնացմանը։ Ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) 2016-2017թթ. զեկույցի՝ մետաղական հանքարդյունաբերությունը 2016-2017թթ. ապահովել է արդյունաբերության ոլորտում զբաղվածության համապատասխանաբար 6.2%-ը և 5.6%-ը։ 2016-2017թթ. այս ոլորտում զբաղվածների միայն 3.6% և 3.9%-ն է գտնվել Երևանում, իսկ զբաղվածների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 90%-ը, Սյունիքի և Լոռվա մարզերում են՝ 70% և 18% մասնաբաժիններով։ 2017-ին ոլորտում միջին աշխատավարձը 295 հազար 257 ՀՀ դրամ էր, ինչը 2016-ի համեմատ աճել էր 29.7%-ով։ 2018-ին 1 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 644 հազար 226 ՀՀ դրամ, իսկ 50 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպություններում՝ 711  հազար 720 ՀՀ դրամ։ 2016-2017թթ. ոլորտը ապահովել է Սյունիքի մարզի ֆորմալ աշխատատեղերի համապատասխանաբար 19% և 17%-ը՝ երկու տարիներին էլ ապահովելով մոտ 5 հազար 600 աշխատատեղ։ Այսպիսով՝ Սյունիքի և Լոռու մարզերի տեսակարար կշիռները արդյունաբերական արտադրանքի մեջ կազմում են համապատասխանաբար 16.5 և 8.9%, իսկ Երևանինը` 40.8%: Նկատելի է, որ հանքարդյունաբերությունը նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը, թեև առաջացնում է մի շարք խնդիրներ։

Եկամուտներ և շրջակա միջավայրի վրա ազդեցություն

2 018թ.-ին պետբյուջե մուտքագրված եկամուտների 72%-ը 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն են, որի ցանկում ներառված հիմնական հանքարդյունաբերական ընկերություններին բաժին է ընկնել վճարված հարկերի մոտ 10%-ը[4]։ Հանքարդյունաբերական ընկերությունները, բացի հիմնական հարկատեսակներից, վճարում են նաև ռոյալթիներ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, ինչպես նաև հարկեր են վճարում նաև տեղական բյուջեներ, ինչն էլ սոցիալական կորպորատիվ պատասխանատվության և ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում լուծում է որոշ սոցիալական, ենթակառուցվածքային խնդիրներ։

Հետաքրքիր է բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների բաշխվածությունը ըստ մարզերի։ Բնապահպանական հարկերը վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և սպառման համար վճարվող հարկերն են, որտեղ 2018թ.-ին առաջատարը Երևանն էր և Լոռին։ Բնօգտագործման վճարների ծավալով առաջատարը Արարատի՝ շուրջ 37.6%, ապա՝ Վայոց Ձորի մարզերն են, Կոտայքը, Երևանը։ 2017թ. համեմատությամբ 2018-ին Սյունիքում բնօգտագործման վճարները կրճատվել են 18%-ով, իսկ Լոռու մարզում՝ շուրջ 2.5 անգամ, իսկ բնապահպանական վճարները երկու մարզերում էլ ավելացել են[5]։ Այս վճարները գանձվում են ջրօգտագործման, ոչ մետաղական հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար։ ՎԿ տվյալներով[6]՝ ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների, մթնոլորտային արտանետումների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն շարժական աղբյուրները՝ ավելի քան 50%, հաջորդը էներգիայի արտադրության, էլեկտրա- և ջրամատակարարման հետևանքով առաջացած արտանետումներն են։ Հանքարդյունաբերության հետևանքով մթնոլորտային արտանետումներն ընդհանուրի մոտ 13%-ն են։ Գծապատկերից երևում է, որ հանքարդյունաբերության հետևանքով մթնոլորտային արտանետումները նվազում են, իսկ մշակող արդյունաբերության հետևանքով արտանետումները ավելանում են, ինչը, ենթադրաբար, պայմանավորված է ոլորտում գրանցված աճով։

Հիմնական հանքանյութերի արտահանման վիճակագրություն 

Հանքարդյունաբերությունը կարևոր է նաև արտաքին առևտրում՝ հաշվի առնելով առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն։ Արտահանման կառուցվածքում հանքանյութերի մասնաբաժինը նվազել է, սակայն հանքանյութերը շարունակում են մեծ տեղ զբաղեցնել արտահանման կառուցվածքում։ 2018թ.-ին հանքանյութեր, մետաղներ և արտադրանք, թանկարժեք քարեր և մետաղներ ապրանքախմբի մասնաբաժինն ընդհանուր արտահանման կառուցվածքի կեսից ավելին է։ Մասնավորապես՝ 2017-ի համեմատ 2018թ.-ին արտահանման կառուցվածքում հանքանյութերի մասնաբաժինը նվազել է 3%-ով՝ կազմելով 27.4%։ Ներմուծման կառուցվածքում հանքանյութերի բաժինը 14.6% է, որը ևս նվազել է մոտ 1%-ով։ 2018թ.-ին հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալը 2017թ.-ի համեմատ աճել է 11.4%-ով, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 2017-ի համեմատ կրճատվել է 4.7%-ով։

Պղնձի արդյունահանման կրճատման հետևանքով նվազել է նաև արտահանման ծավալը, ինչը պայմանավորված էր «Վալլեքս» խմբի ընկերությունների շուրջ ստեղծված վիճակով, մասնավորապես՝ «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքի դադարեցմամբ՝ պոչամբարի պատվարի բնապահպանական ցուցանիշների հայկական և միջազգային չափորոշիչներին անհամապատասխանությամբ և Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի կասեցմամբ: Սա էլ, իր հերթին, ազդեց արդյունահանման, արտահանման ծավալների և վճարված հարկերի վրա։ Այսպես՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները 2018թ.-ին 2017-ի համեմատ նվազել են մոտ 26%-ով։ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող առավել շատ մաքսային արժեք ունեցող արտահանված ապրանքների շարքում առաջատարը պղնձի խտանյութն է, որը 2018թ.-ին 2017թ.-ի համեմատ քանակապես նվազել է մոտ 13%-ով, իսկ մաքսային արժեքով անկումը 2018թ. կազմել է 10.5%։ 2017թ. արտահանված պղնձի մեկ տոննայի միջին գինը կազմել է մոտ 2000 դոլար, իսկ 2018-ին՝ 1237 դոլար։ Արտահանվող պղնձի ֆիզիկական ծավալները վերջին հինգ տարում աճել են մոտ 3 անգամ, որի արդյունքում է՛լ ավելի է մեծացել Հայաստանի տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից՝ պղնձի միջազգային գներից և խոշոր սպառողների վարքագծից։ Պղնձից պատրաստված արտադրատեսակների արտահանման ծավալը քանակային արտահայտությամբ ևս 2018թ.-ին 2017թ.-ի համեմատ կրճատվել է մոտ 31%-ով, իսկ արժեքայինով՝ 13%։

Հաջորդը ցինկի խտահանյութն է, որի արդյունահանման ծավալը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 12.3%-ով։ Արտահանման ծավալները ևս աստիճանաբար աճում են, ինչը կարող է պայմանավորված լինել դրա նկատմամբ պահանջարկի աճով։ Այսպես՝ 2018թ.-ին 2017-ի համեմատ ցինկի արտահանումն աճել է արժեքային արտահայտությամբ 2%-ով, իսկ արտահանված պղնձի քանակն աճել է 22%-ով։ Մոլիբդենի խտանյութի թողարկման ծավալը 2018թ.-ին 2017-ի համեմատ աճել է 1.4%-ով, իսկ ֆեռոմոլիբդենինը՝ 10.4%-ով։ Արդյունքում, մոլիբդենի արտահանումն անցած տարի գրեթե կրկնակի կրճատվել է, սակայն մաքսային արժեքով կրճատվել է մոտ 24%-ով։

Հանքահումքային արտադրանքը հիմնականում արտահանվում է Բուլղարիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռումինիա, Վրաստան, ՌԴ, Կանադա, Միացյալ Թագավորություն, Բելառուս, Բելգիա և այլ երկրներ։ 2018-ին ամենաշատ պղինձ արտահանվել է Բուլղարիա՝ մոտ 41%, իսկ ցինկ արտահանվել է միայն Բելգիա, մինչդեռ 2017-ին ցինկի հանքաքար և խտահանք արտահանվել է նաև Հվ. Կորեա։

Ամփոփելով վերոնշյալ ցուցանիշները, կարող ենք նշել, որ թեպետ ՀՆԱ-ում հանքարդյունաբերության բաժինը փոքր է, սակայն արտահանման կառուցվածքում էական կշիռ ունի, ինչն էլ, իր հերթին, ապահովում է երկրում արտարժույթի առաջարկը։

Ներքին սպառման մոտավոր վիճակագրությունը հասկանալու համար որպես օրինակ առանձնացվել են պղնձի խտանյութի արդյունահանման և արտահանման ծավալները։ Այսպես՝ 2018-ին արդյունահանվել է 317.4 հազար տոննա պղնձի խտանյութ։ Դիտարկվող ժամանակահատվածում պղնձի արտահանման ծավալը 424 հազար 815 տոննա է։ 2018-ին պղինձ չի ներմուծվել Հայաստան։ Ուսումնասիրելով վերջին 8 տարիների վիճակագրությունը՝ ստացվում է, որ արդյունահանված պղինձը միայն արտահանվում է հենց այստեղ էլ առաջանում է սեփական հումքի վերամշակման և օգտագործման հնարավորությունների զարգացման անհրաժեշտությունը։

Դեռևս 2017-ին Համաշխարհային բանկը ներկայացրել էր հանքարդյունաբերության վերաբերյալ զեկույց, որտեղ առանձնացվում են այս ոլորտով պայմանավորված տնտեսական աճի հեռանկարները, և առաջ է քաշվում հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։ ՀՀ Կառավարության ծրագրում հանքարդյունաբերության կայուն զարգացման ապահովման քայլերից է ոլորտի ռազմավարության և համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակումը։ Ոլորտի կարգավորման և թափանցիկ դարձնելու ուղղությամբ իրականացված քայլերից մեկը ԱՃԹՆ-ին անդամակցությունն էր (2017), որի շրջանակներում պետք է բացահայտվեն ընդերքն օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերը։ Ոչ միայն հանքարդյունաբերության, այլև ուրիշ ոլորտներում թափանցիկ և պատասխանատու գործունեություն ծավալելու կարևորությունը կապված է ներդրումային դաշտի բարելավման հետ։ Բացի այդ, մի կողմից այժմ շրջանառվում են նաև ոլորտի կարգավորմանն ուղղված որոշ նախագծեր, որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրման դադարեցմանը մինչև 2021թ․, նախկինում տրված ընդերքօգտագործման թույլտվություններին, իսկ մյուս կողմից՝ Առողջապահության նախարարությունը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ մարդկանց առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ուսումնասիրության համար։ Այսինքն՝ ոլորտի ռազմավարության մշակման ուղղված քայլերն արդեն իսկ մեկնարկել են:

Հանքարդյունաբերության ռազմավարությունը պետք է ուղղված լինի օրենսդրական և իրավական դաշտի բարելավմանը՝ նվազագույնի հասցնելով բոլոր տեսակի ռիսկերը։


[1]«Ազգային տնտեսություններում հանքարդյունաբերության դերը» զեկույց,Icmm.com

[2] ԱԱԻ, «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում, 2018» զեկույց, Nih.am

[3] Ըստ մարզերի հումքի հանքավայրերի քարտեզը հետևյալ հղումով՝ Minenergy.am

[4] Պետական եկամուտների կոմիտե պաշտոնական կայքէջ, Հարկ վճարողների տեղեկատվական ցանկեր

[5]ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներ, Armstat.am

[6] Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2018թ. և ցուցանիշների շարժընթացը 2014-2018թթ., Armstat.am