Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներ
4 ր. | 2019-10-18Միջազգային կառույցները լավատես են
Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային կանխատեսումները բարելավվել են
Միջազգային ֆինանսատնտեսական կառույցներն էականորեն բարելավել են Հայաստանում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Եթե տարեսկզբին 2019թ. համար Հայաստանում կանխատեսվում էր միջինը 4-4.5 տոկոս տնտեսական աճ, ապա այժմ այդ կանխատեսումները տատանվում են 6 տոկոսի շրջակայքում: Հատկանշական է, որ միջազգային կառույցները, ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանի մյուս երկրների համար զգալիորեն նվազեցրել են կանխատեսվող աճը:
Միջազգային կազմակերպությունները նաև կանխատեսում են, որ տնտեսական աճին զուգահեռ Հայաստանում առաջիկա երկու տարում կարձանագրվի աղքատության՝ 4%-ով և գործազրկության գրեթե 1% նվազում:
Համաշխարհային բանկ
Հ ամաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է 2019թ. հոկտեմբեր ամսվա «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» զեկույցը, որտեղ բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվող մակարդակը: Մասնավորապես՝ 2019-ի հունիս ամսվա զեկույցում կանխատեսվող 4.2% տնտեսական աճը բարձրացվել է մինչև 5.5%: Միաժամանակ, բարելավվել են նաև 2020 և 2021թթ. աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար 5.1% և 5.2%։
Տնտեսական աճի արագացմանը զուգահեռ Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Հայաստանում աղքատության մակարդակը կշարունակի նվազել և 2021-ին կկազմի 7% (2017-ին 12.3% էր):
Ըստ ՀԲ կանխատեսումների՝ պետբյուջեի սպասվող փոքր պակասուրդն առաջիկայում հնարավորություն կտա նվազեցնել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը 2021-ին կնվազի մինչև 50.6%` 2018-ի 55.8%-ի փոխարեն: Միևնույն ժամանակ ապրանքների արտահանման ակնկալվող աճի և տուրիզմի զարգացման արդյունքում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը, այսինքն՝ ապրանքների արտահանման և ներմուծման տարբերությունը, ըստ կանխատեսման, 2021-ին կնվազի մինչև -6.3%՝ 2018թ. -9.4%-ի փոխարեն:
ՀԲ-ն Հայաստանում կանխատեսել է օտարերկրյա ներդրումների աճ: Զեկույցի համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ծավալն առաջիկա տարիներին կավելանա և 2019թ. կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը` նախորդ տարվա 2%-ի փոխարեն:
Չնայած Հայաստանի վերաբերյալ դրական կանխատեսումներին՝ Համաշխարհային բանկը Հարավային Կովկասի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) համար 2019-21թթ. կանխատեսվող ընդհանուր աճը նվազեցրել է: Հունիսին հրապարակված զեկույցում Ադրբեջանում կանխատեսվող 3.3% աճի փոխարեն այժմ ՀԲ-ն 2019-ի համար կանխատեսում է 2.8% աճ: Ադրբեջանի համար վատացել են նաև 2020 և 2021թթ. կանխատեսումները՝ համապատասխանաբար՝ -1.2 և -1.6 տոկոսային կետով: Տնտեսական աճի կանխատեսումները վատացել են նաև Վրաստանի համար՝ 2019-ին -0.2 տոկոսային կետով և հաջորդ երկու տարիների համար՝ -0.5 տոկոսային կետով:
Արժույթի Միջազգային հիմնադրամ
Ա րժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. 2019» հոկտեմբերի զեկույցում Հայաստանի համար 2019-ի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 6%` ապրիլի զեկույցի համեմատ բարելավվելով 1.4 տոկոսային կետով։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանի համար բարելավվել է նաև 2020թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ 4.5%-ից մինչև 4.8%:
ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2019 և 2020թթ. տնտեսական աճի արդյունքով Հայաստանում գործազրկությունը կնվազի մինչև 17.5%` 2018-ին արձանագրված 18.2%-ի դիմաց: Միջազգային ֆինանսական կառույցը Հայաստանի համար կանխատեսում է նաև սպառողական գների կայուն չափավոր աճ՝ 2019-ի համար 1.7%, իսկ 2020-ի համար՝ 2.5%: ԱՄՀ-ն նաև կանխատեսում է Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բացասական մնացորդի նվազում՝ 2018-ին գրանցված -9.4% ցուցանիշի համեմատ (հաշվարկված ՀՆԱ նկատմամբ)՝ մինչև -7.4%:
Տարածաշրջանում Հայաստանի հարևան երկրների մասով ԱՄՀ-ն ևս տնտեսական աճի կանխատեսումները նվազեցրել է: Մասնավորապես, Ադրբեջանի համար նախկինում նշված 3.4% աճի փոխարեն նոր զեկույցում ընթացիկ տարվա աճը նվազել է մինչև 2.7%: Նվազեցվել է նաև 2020թ.-ի կանխատեսվող աճը՝ 3.1%-ից մինչև 2.1%: Վրաստանի համար 2019թ. կանխատեսումները մնացել են նույնը՝ 4.6%, սակայն 2020-ի 5%-ի փոխարեն սպասվում է 4.8% աճ:
Այլ կառույցներ
Ա վելի վաղ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացրել էր նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 2019-ին ակնկալվող 4.3%-ի փոխարեն կանխատեսելով 4.8% աճ: ԱԶԲ-ն Հայաստանի մասով իր կանխատեսումների բարելավումը հիմնավորում է ծառայությունների և մասնավոր սպառման էական աճով: 2020թ.-ի համար ԱԶԲ-ն կանխատեսումներն անփոփոխ է թողել՝ 5.5% աճ:
Օգոստոս ամսվա վերջին Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից բարձրացնելով մինչև Ba3, կանխատեսել էր, որ տնտեսության իրական աճը միջնաժամկետ հեռանկարում կմնա բարձր՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում գտնվելով 5,5-6 տոկոսի շրջանում:
ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսում
Հայաստանի Կենտրոնական բանկը 2019թ. համար կանխատեսում է 6.9% տնտեսական աճ:
Տնտեսական միտումները և ցուցանիշները Հայաստանում 2019թ. հունվար-օգոստոսին
Ն երկայում Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշները հիմնականում գերազանցում են միջազգային կանխատեսումները: Տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով: Հատկանշական է, որ 2015-2019թթ. այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի 7.7% ցուցանիշից, ինչը նշանակում է, որ արձանագրված տեմպերի պահպանման դեպքում տարեկան արդյունքներով հնարավոր կլինի ակնկալել մինչև 7 տոկոս տնտեսական աճ:
Տնտեսության ամենամեծ աճ արձանագրած ճյուղերն են ծառայությունների ոլորտը (15.5%) և արդյունաբերությունը (9.5%): Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր տեղաշարժերից է մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրված 10.4% աճը և կացության ու հանրային սննդի կազմակերպման 31.6% աճը: Վերջինս հիմնականում զբոսաշրջության ակտիվացման ուղղակի ազդեցությունն է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի վրա: