Թուրքիան սպառնում է ԵՄ-ին

2 ր.   |  2019-10-14

Ս իրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին զուգահեռ, Անկարան ձգտում է նախահարձակ լինել նաև քաղաքական ու դիվանագիտական ճամբարում։ Խնդիրը բնավ այն չէ, որ Էրդողանը փորձում է իրավական հիմնավորումներ տալ այդ ռազմական գործողություններին, որի անհրաժեշտությունն, ըստ էության, չկա էլ՝ միջազգային խաղացողները իրենց լուռ համաձայնությունն են տալիս այսօրվա սիրիական զարգացումներին։ Տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում ձևավորվել է որոշակի համաձայնություն։ Իրականում, Էրդողանը մտադիր է միջազգային հանրությունից ստանալ ավելին, քան թուրք-սիրիական սահմանին զուտ անվտանգության գոտու ստեղծումն է։

Անկարայի ակնկալիքները մեծ են ինչպես Վաշինգտոնից, այնպես էլ Բրյուսելից։ Սիրիայում ռազմական գործողությունների հարցում ԵՄ դատապարտող դիրքորոշմանն ի պատասխան, չուշացավ Էրդողանի սպառնալիքը՝ բացել սահմանները դեպի Եվրոպա Սիրիայից միլիոնավոր փախստականների հոսքի համար[1],[2]։

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը հայտարարեց, որ դադարեցնում է Թուրքիային բոլոր տեսակի սպառազինությունների մատակարարումը[3]։ Նույն օրը Թուրքիային սպառազինությունների մատակարարման դադարեցման մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը[4]։ Հոկտեմբերի 13-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած Էրդողան-Մերկել հեռախոսազրույցում Գերմանիայի կանցլերը կոչ արեց Անկարային անհապաղ դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները[5]։

ԵՄ արտգործնախարարների մակարդակով քննարկվում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը[6]։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-ին, Թուրքիա էր ժամանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, և հանդիպել նախագահ Էրդողանի հետ[7]։


Աղբյուրը՝ https://www.nato.int/cps/en/natohq/news

Ստոլտենբերգ-Չավուշօղլու հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դաշինքի գլխավոր քարտուղարը նշեց. «Լուրջ մտահոգություն եմ հայտնում տարածաշրջանի հետագա ապակայունացման ռիսկի հետ կապված...։ Թեև Թուրքիան իրավասու է ապահովել իր անվտանգությունը, մենք կոչ ենք անում Անկարային զսպվածություն ցուցաբերել գործողություններում»[8]։

Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին թերևս խորհրդանշական պետք է համարել Դաշինքի գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա, որով Դաշինքը, կարծես թե, իր աջակցությունն է հայտնում Անկարային։


[1] https://www.youtube.com/watch?v=4NCX1r1GBaA

[2] https://www.telegraph.co.uk/news/2019/10/10/

[3] https://www.reuters.com/article/us-syria

[4] https://www.dw.com/en/german-government

[5] https://www.bloomberg.com/news/articles

[6] https://www.youtube.com/watch?v=ho9YOfrzR4I

[7] https://www.nato.int/cps/en/natohq/news_169576.htm

[8] https://www.youtube.com/watch?v=zrbIMzv3ny8