Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում
4 ր. | 2019-10-11Ս իրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հոկտեմբերի 7-ի Թրամփի հայտարարությունից[1],[2] երկու օր անց՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիան ձեռնարկեց «Խաղաղության ակունք» անվանով ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում[3],[4]։ Հիշեցնենք, որ նախկինում ևս նախագահ Թրամփը հանդես էր եկել նման հայտարարություններով, սակայն խոշոր գործնական քայլեր չէին հաջորդել։ Ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այս անգամ ԱՄՆ Սիրիայից դուրս է բերել զորքի ու զրահատեխնիկայի մի մասը[5]։
Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել թուրք-սիրիական սահմանին՝ Եփրատ գետից դեպի Արևելք անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, սակայն կողմերը չկարողացան գալ համաձայնության գոտու վերահսկողության հաստատման հարցում։ Ամերիկյան կողմի պնդմամբ, անվտանգության գոտին պետք է համատեղ վերահսկվի, իսկ թուրքական կողմը ձգտում է հաստատել միանձնյա վերահսկողություն։
Հոկտեմբերի 1-ին Էրդողանը նախ հայտարարեց, որ անվտանգության գոտու ստեղծման հարցում ինքուրույն գործելու, ապա՝ հոկտեմբերի 5-ին, Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայվող քրդերի՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին։ Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Սիրիայի քրդերին, այն դեպքում, երբ Թուրքիան պայքարում է վերջիններիս ու ահաբեկչական խմբերի դեմ[6]։
The Turkish Armed Forces, together with the Syrian National Army, just launched #OperationPeaceSpring against PKK/YPG and Daesh terrorists in northern Syria. Our mission is to prevent the creation of a terror corridor across our southern border, and to bring peace to the area.
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) 9 октября 2019 г.
Թեև միջազգային հանրությունն արագ արձագանքեց Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին, այդուհանդերձ, դրանք հիմնականում քննադատական հայտարարություններից այն կողմ չանցան։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությամբ հանդես եկավ Եվրահանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերը[7]։ Նախագահ Թրամփը գործողությունները որակեց որպես վատ գաղափար[8]։
ՌԴ ԱԳՆ Լավրովը հայտարարեց, որ անհրաժեշտ է անհապաղ հանգստացնել իրադրությունը Սիրիայում՝ ընդգծելով այդ երկրի սուվերենության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը[9]։ Հոկտեմբերի 9-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որտեղ ՌԴ նախագահը կոչ արեց թուրք գործընկերոջը մանրամասն գնահատել իրավիճակը, որպեսզի վնաս չհասվի սիրիական ճգնաժամի կարգավորման համատեղ ջանքերին։ Երկու կողմերն էլ կարևորեցին Սիրիայի միասնականության և տարածքային ամբողջականության պահպանման հարցը[10]։
Հոկտեմբերի 8-ին Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում էր, որ թուրքական զինված ուժերի մուտքը կարող է հանգեցնել նյութական ու հումանիտար մեծ վնասների, և Սիրիայի սուվերենության ու անվտանգության դեմ գործողությունները Թուրքիային օգուտ չեն բերի[11]։ Հոկտեմբերի 10-ին Իրանի ԱԳՆ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և Սիրիայի տարածքից Թուրքիայի զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին[12]։
Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը. «Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»[13]։
Կարող ենք ասել, որ ըստ էության, միջազգային խաղացողները կանաչ լույս վառեցին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար. կարծես թե կնճռոտ հարցերի շուրջ Վաշինգտոն-Անկարա բանակցություններում կան տեղաշարժեր[14],[15]։ Պատահական չէր Թրամփի հայտարարությունը, թե ամերիկյան կողմը դուրս է բերում զորքերը Սիրիայից՝ նշելով, որ Երկրորդ աշխարհամարտում քրդերը չեն աջակցել ԱՄՆ-ին[16]։
Նշենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունների թիրախում են հայաշատ Կամիշլին, Ռաս Ալ Այնը, Թել Աբյադը և Դերիկը: ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի խոսքերով, Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայեր տեղափոխվել են անվտանգ շրջաններ, իսկ ոմանք հրաժարվել են տեղափոխվել[17]:
[1] https://www.reuters.com/article/us-syria
[2] https://edition.cnn.com/2019/10/07
[3] https://twitter.com/RTErdogan/status/
[4] https://edition.cnn.com/middleeast/
[5] http://newsru.co.il/mideast/11oct2019/cha_603.html
[6] http://newsru.co.il/mideast/11oct2019/cha_603.html
[7] https://www.euronews.com/2019/10/09/turkey
[8] https://www.standard.co.uk/news/world/donald
[9] http://newsru.co.il/mideast/10oct
[10] http://kremlin.ru/events/president/news/61755
[11] https://ria.ru/20191008/1559533825.html
[12] https://ria.ru/20191010/1559617572.html
[13] https://www.mfa.am/hy/interviews-articles
[14] https://nationalinterest.org/blog/middle
[15] https://www.dailysabah.com/defense
[16] https://www.theguardian.com/us-news
[17] https://www.tert.am/am/news/