Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

4 ր.   |  2019-10-11

Ս իրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հոկտեմբերի 7-ի Թրամփի հայտարարությունից[1],[2] երկու օր անց՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիան ձեռնարկեց «Խաղաղության ակունք» անվանով ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում[3],[4]։ Հիշեցնենք, որ նախկինում ևս նախագահ Թրամփը հանդես էր եկել նման հայտարարություններով, սակայն խոշոր գործնական քայլեր չէին հաջորդել։ Ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այս անգամ ԱՄՆ Սիրիայից դուրս է բերել զորքի ու զրահատեխնիկայի մի մասը[5]։

Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել թուրք-սիրիական սահմանին՝ Եփրատ գետից դեպի Արևելք անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ, սակայն կողմերը չկարողացան գալ համաձայնության գոտու վերահսկողության հաստատման հարցում։ Ամերիկյան կողմի պնդմամբ, անվտանգության գոտին պետք է համատեղ վերահսկվի, իսկ թուրքական կողմը ձգտում է հաստատել միանձնյա վերահսկողություն։

Հոկտեմբերի 1-ին Էրդողանը նախ հայտարարեց, որ անվտանգության գոտու ստեղծման հարցում ինքուրույն գործելու, ապա՝ հոկտեմբերի 5-ին, Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայվող քրդերի՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին։ Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի խոսքերով՝ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Սիրիայի քրդերին, այն դեպքում, երբ Թուրքիան պայքարում է վերջիններիս ու ահաբեկչական խմբերի դեմ[6]։   

Թեև միջազգային հանրությունն արագ արձագանքեց Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին, այդուհանդերձ, դրանք հիմնականում քննադատական հայտարարություններից այն կողմ չանցան։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությամբ հանդես եկավ Եվրահանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերը[7]։ Նախագահ Թրամփը գործողությունները որակեց որպես վատ գաղափար[8]։

ՌԴ ԱԳՆ Լավրովը հայտարարեց, որ անհրաժեշտ է անհապաղ հանգստացնել իրադրությունը Սիրիայում՝ ընդգծելով այդ երկրի սուվերենության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը[9]։ Հոկտեմբերի 9-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, որտեղ ՌԴ նախագահը կոչ արեց թուրք գործընկերոջը մանրամասն գնահատել իրավիճակը, որպեսզի վնաս չհասվի սիրիական ճգնաժամի կարգավորման համատեղ ջանքերին։ Երկու կողմերն էլ կարևորեցին Սիրիայի միասնականության և տարածքային ամբողջականության պահպանման հարցը[10]։

Հոկտեմբերի 8-ին Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում էր, որ թուրքական զինված ուժերի մուտքը կարող է հանգեցնել նյութական ու հումանիտար մեծ վնասների, և Սիրիայի սուվերենության ու անվտանգության դեմ գործողությունները Թուրքիային օգուտ չեն բերի[11]։ Հոկտեմբերի 10-ին Իրանի ԱԳՆ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և Սիրիայի տարածքից Թուրքիայի զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին[12]։

Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարությունը. «Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին»[13]։ 

Կարող ենք ասել, որ ըստ էության, միջազգային խաղացողները կանաչ լույս վառեցին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար. կարծես թե կնճռոտ հարցերի շուրջ Վաշինգտոն-Անկարա բանակցություններում կան տեղաշարժեր[14],[15]։ Պատահական չէր Թրամփի հայտարարությունը, թե ամերիկյան կողմը դուրս է բերում զորքերը Սիրիայից՝ նշելով, որ Երկրորդ աշխարհամարտում քրդերը չեն աջակցել ԱՄՆ-ին[16]։

Նշենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունների թիրախում են հայաշատ Կամիշլին, Ռաս Ալ Այնը, Թել Աբյադը և Դերիկը: ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանի խոսքերով, Թել Աբյադից առնվազն 13 հայ ընտանիք և Ռաս ալ-Այնում մնացած մի քանի հայեր տեղափոխվել են անվտանգ շրջաններ, իսկ ոմանք հրաժարվել են տեղափոխվել[17]:


[1] https://www.reuters.com/article/us-syria

[2] https://edition.cnn.com/2019/10/07

[3] https://twitter.com/RTErdogan/status/

[4] https://edition.cnn.com/middleeast/

[5] http://newsru.co.il/mideast/11oct2019/cha_603.html

[6] http://newsru.co.il/mideast/11oct2019/cha_603.html

[7] https://www.euronews.com/2019/10/09/turkey

[8] https://www.standard.co.uk/news/world/donald

[9] http://newsru.co.il/mideast/10oct

[10] http://kremlin.ru/events/president/news/61755

[11] https://ria.ru/20191008/1559533825.html

[12] https://ria.ru/20191010/1559617572.html

[13] https://www.mfa.am/hy/interviews-articles

[14] https://nationalinterest.org/blog/middle

[15] https://www.dailysabah.com/defense

[16] https://www.theguardian.com/us-news

[17] https://www.tert.am/am/news/