1994թ. հրադադարի համաձայնագիրը մինչև Մադրիդյան սկզբունքների ներդրումը

14 ր.   |  2019-10-10

1994թ. մայիսին[1] Արցախում հրադադարը հաստատվեց պատերազմում ներգրավված երկու հիմնական կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ), ինչպես նաև ԼՂՀ անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության եռակողմ համաձայնությամբ և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Հուլիսի 27-ին ստորագրվեց հրադադարի հաստատման ևս մեկ եռակողմ համաձայնագիր, այս անգամ արդեն նաև ԵԱՀԽ[2] միջնորդությամբ (տե՛ս Հավելված Ա և Բ):

Հրադադարի հաստատումից հետո օրակարգային խնդիր էր այն պահպանելու մեխանիզմների ներդրումն ու կիրառումը: Այս ուղղությամբ կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահության առաջարկով 1995թ. փետրվարին ստորագրված «ԼՂ հիմնախնդրում հրադադարի ամրապնդման» մասին համաձայնագիրը (տե՛ս Հավելված Գ)[3]:

Ինչպես մինչև 1995թ. փետրվարի 6-ը, այնպես էլ հաջորդած շրջանում՝ մինչև 2006-2009թթ. Հիմնարար սկզբունքների (առավել հայտնի՝ որպես «Մադրիդյան սկզբունքներ») ներդրումը բանակցային գործընթացի հիմքում, ներկայացվել են հրադադարի պահպանման մեխանիզմների տարբեր առաջարկներ: Սակայն, ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ընթացքը, ներկայացված առաջարկների հիման վրա ստորագրված համաձայնագրերում հրադադարի խախտման պատճառների և հանգամանքների օբյեկտիվ քննության մեխանիզմների բացակայությունը 2011-ին անհրաժեշտություն ստեղծեց Հրադադարի խախտումների քննության նոր մեխանիզմների առաջարկ ներկայացնելու համար: Նշված առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրեցին նաև 2016թ. ապրիլի մարտական գործողություններին հաջորդած Վիեննայի բանակցություններում: Հրադադարի խախտումների հետաքննության նոր մեխանիզմները բանակցային օրակարգ բերելու անհրաժեշտությունը հասկանալու նպատակով անհրաժեշտ է նախ դիտարկել մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություններով սահմանված մեխանիզմների ոչ լիարժեք գործելու պատճառները:

Հրադադարը վերահսկելու մեխանիզմների հարցը 1994-2011թթ.

1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագրի 2-րդ կետը սահմանում է. «Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին Մոսկվայում, ոչ ուշ, քան մինչև ս.թ. [1994թ.] մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ անհապաղ հանդիպում հրավիրելու՝ նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը»: Վլադիմիր Կազիմիրովը[4] «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում նշում է, որ ՌԴ, Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ վերոնշյալ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում՝ 1994թ. մայիսի 16-17-ին: Ըստ Կազիմիրովի՝ մայիսի 12-ին Մոսկվայում հանդիպումն անցկացնել հնարավոր չի եղել՝ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովի զբաղվածության պատճառով, և հանդիպման օրը տեղափոխվել է նրա առաջարկով (Վ. Կազիմիրով, «Խաղաղություն Ղարաբաղին», էջ 164):


1994թ. մայիսի 16-17-ի հանդիպումից. ՀՀ պատվիրակություն (կենտրոնում՝ պաշտպանության նախարար Ս. Սարգսյան և պետնախարար Վ. Սարգսյան), ՌԴ պատվիրակություն (ձախից. Վ. Կազմիրով, աջից՝ ՌԴ Պաշտպանության նախարար Պ. Գրաչով), Ադրբեջանի պատվիրակություն (Պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդով) և ԼՂՀ պատվիրակություն (ձախից՝ ՊԲ հրամանատար Ս. Բաբայան): Աղբյուրը՝ հանդիպման տեսանյութ:

Վերոնշյալ հանդիպման տեսագրությունը պահպանվել է. 1994թ. մայիսի 16-ի քննարկման ժամանակ Վլադիմիր Կազիմիրովը նշել է[5]. «Կարգավորման ռուսական մոտեցումը 3 փուլից է բաղկացած. Առաջինը՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև դրանց ամրապնդում: Երկրորդ փուլ՝ զինված հակամարտության հետևանքների վերացում, վերացման սկիզբ, այն տարածքների ազատում, որոնք ռազմական գործողությունների արդյունքում գրավել է այս կամ այն կողմը, հաղորդակցության միջոցների գործարկման վերականգնում, գերիների և մյուս պահվող անձանց փոխանակում: Եվ Երրորդ փուլը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում»: Նույն տեսանյութում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը նշում է. «Նրանք [կողմերը] դեռևս չեն իրականացրել առաջին փուլը: Մենք այստեղ հավաքվել ենք հենց այդ նպատակով, որ ավարտենք առաջին փուլը, այսինքն՝ հրադադարը: Սա չի նշանակում, որ եթե և՛ նրանք [Ադրբեջան], և՛ նրանք [Լեռնային Ղարաբաղ], և՛ նրանք [Հայաստան] «կանգնի՛ր» հրամանն են տվել, ուրեմն դա կլինի […], ո՛չ: Առաջին փուլը ենթադրում է. առաջինը՝ որոշել շփման բնագծերը, որևէ պահից սկսած հրադադարի հրաման տալ, որոշել դիտակետերի քանակը և անձնակազմը, ես համաձայն եմ նաև, եթե ԵԱՀԽ-ն է ցանկանում միանալ, թո՛ղ միանա»: Պ. Գրաչովը որպես առաջին փուլի բաղկացուցիչ մաս քննարկման է ներկայացրել դիտորդական կետերի քանակի (առաջարկվել է 49 դիտակետ), տեղակայվող [խաղաղապահ] ուժերի կազմի և միջոցների հստակեցման, զորքերի նոր բնագծերում («բաժանարար գծեր») վերատեղակայման, բանակցությունների արդյունքում հստակեցված բնագծեր ծանր տեխնիկայի հետքաշման հարցերը: Որպես 7-րդ կետ Պ. Գրաչովն առաջ է քաշել զորքերի և զինտեխնիկայի վերատեղակայման, հրադադարի պահպանումը վերահսկելու համար տեղակայվող ուժերի պահուստային ղեկավարման կետերի որոշման հարցը, որտեղից միջնորդական և կառավարման օղակները պետք է իրականացնեին 1-ին փուլի խնդիրները:

Վ. Կազիմիրովը «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում նշել է, որ հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը գնացել է Բաքու և մայիսի 18-ին հանդիպել Հեյդար Ալիևին, որը վերջինիս հրահանգել է չստորագրել առաջարկվող «Մոսկվայի փաստաթուղթը»: Նա մասնավորապես նշել է. «Երբ մայիսի 19-ին մենք Մամեդովի հետ միասին կրկին վերադարձանք Մոսկվա, ադրբեջանցի նախարարը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Գ. Գ. Կոնդրատևի հետ հանդիպման ժամանակ (Պ. Գրաչովը չցանկացավ ընդունել նրան) նոր պայմաններ սկսեց առաջ քաշել, որ չստորագրի մայիսի 16-ին կազմված փաստաթուղթը: Նա փորձեց զորքերի վերատեղակայումը [հետքաշումը դեպի բաժանարար գծեր] կապել զբաղեցրած տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հետ.  չնայած սա արդեն ոչ այնքան ռազմատեխնիկական, որքան ռազմաքաղաքական հարց է, որը պետք էր լուծել «մեծ քաղաքական համաձայնագրում»[6]:

Այնուհետև Վ. Կազիմիրովն ավելացնում է[7]. «Այն, որ Ադրբեջանը խուսափեց հրադադարի ամրապնդման միջոցառումներից, հնարավորություն չտվեց ռազմատեխնիկական առումով հիմնովին ամրացնել համաձայնագիրը: Արդյունքում հրադադարը ո՛չ Ռուսաստանից և ո՛չ Արևմուտքից արժանի ամրապնդում չստացավ և օբյեկտիվորեն մնաց փխրուն»:

Ռուսական կողմը փաստորեն առաջարկում էր հրադադարի ամրապնդման նպատակով խաղաղապահ ուժեր տեղակայել հակամարտող զորքերի միջև: Այս առաջարկը, ինչպես տեսանք, առաջին հերթին չի իրագործվել Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Ինչպես հակամարտության կարգավորման այս փուլում, այնպես էլ՝ հետագա տարիներին, ադրբեջանական կողմը հետին պլան է մղել հրադադարի պահպանման հարցը՝ բոլոր առաջարկների հիմքում դնելով «հարցի վերջնական կարգավորմանն» ուղղված նախապայմաններ:

Ի տարբերություն 1994թ. մայիսի հրադադարի համաձայնագրի՝ 1994թ. հուլիսի 26-27-ին ստորագրված հրադադարի վերահաստատման համաձայնագիրը կողմերը ստորագրել են արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահության միջնորդությամբ. «Հակամարտող կողմերը պարտավորվում են համաձայնեցված ժամկետներում հաստատել իրենց վրա վերցրած հրադադարի և հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները, մինչև մեծ քաղաքական Համաձայնագրի (որը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում) կնքումը»:


1994 թ. հուլիսի 27-ի՝ հրադադարի հաստատման պարտավորությունների ստանձնման վերահաստատման մասին համաձայնագրի տեքստը

1995թ. փետրվարի 6-ից ուժի մեջ է մտել եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) «ԼՂ հիմնախնդրում հրադադարի ամրապնդման» մասին ԵԱՀԿ Մինսկի համաժողովի առաջարկի հիման վրա կազմված համաձայնագիրը[8] (տե՛ս Հավելված Գ), որը ենթադրում է միջադեպերի ուսումնասիրության և էսկալացիայի վերահսկման մեխանիզմների ներդրում: ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անունից «1994թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման» և «խաղաղ գործընթացի առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով» առաջարկ է ուղարկվել հակամարտող կողմերին[9], որը հաստատվել է հենց հաջորդ օրը և այն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտել 1995թ. փետրվարի 6-ից: Կողմերը համաձայնել են իրենց վրա վերցնել մասնավորապես հետևյալ պարտավորությունները (համաձայնագրի տեքստն ամբողջությամբ՝ Հավելված Գ)՝

  • Հրադադարին սպառնացող միջադեպերի ի հայտ գալու դեպքում ֆաքսի կամ Կառավարական միջքաղաքային կապի միջոցով (Правительственная междугородная связь (ПМ) մյուս Կողմին (և կրկնօրինակով՝ Միջնորդին) անհապաղ գրավոր տեղեկացնել միջադեպի (տեղի, ժամի և ձևի ճշգրիտ նշումով) և հետևանքների մասին: Մյուս կողմին տեղեկացնել, որ միջոցներ են ձեռնարկվում թույլ չտալու պատասխան գործողություններ, որոնք կարող են հանգեցնել միջադեպի խորացմանը. համապատասխանաբար մյուս կողմից ակնկալվում է անհրաժեշտ գործողությունների իրականացում: Եթե հնարավոր է, տեղեկացնում են նաև հրատապ միջոցառումներ իրականացնելու առաջարկներ՝ միջադեպն արագորեն հաղթահարելու և ստատուս քվո անտեն (նախքան միջադեպը եղած իրավիճակը) վերականգնելու նպատակով: ...Մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալուց հետո անհետաձգելիորեն իրականացնել փաստերի ստուգում և գրավոր պատասխան ուղարկել ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում (կրկնօրինակով՝ Միջնորդին):
  • Վստահելի, ուղիղ, անհետաձգելի կապ տեղադրելու նպատակով յուրաքանչյուր կողմ հատկացնում է Կառավարական միջքաղաքային կապի սարքավորում և ապահովում պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շուրջօրյա հերթապահություն: ...Կողմերի միջև անհետաձգելի հաղորդագրությունները ֆաքսով ուղարկելու անհնարինության դեպքում համապատասխան տեքստը թելադրվում է Կառավարական միջքաղաքային կապով:
  • Կողմերը համաձայն են, որ Միջնորդը քննության է առնելու Կողմերի [ներկայացրած] այն դիմումները, որոնցում հաստատված է, որ տվյալ հարցը [ներկայացնող կողմը] արդեն իսկ բարձրացրել է մյուս կողմի առջև
  • Անհրաժեշտության դեպքում, Կողմերից մեկի խնդրագրով և մյուս Կողմի համաձայնությամբ տեղում իրավիճակը ուսումնասիրելու նպատակով կարող է ուղարկվել խառը քննիչների խումբ, որը Կողմերի խնդրանքով, ներառում է Միջնորդի ներկայացուցչին:
  • Միջադեպի քննության ավարտին չսպասելով՝ Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել թույլ չտալու ստատուս քվո անտեն վերականգնելուն ուղղված էսկալացիա՝ այդ ընթացքում առավելագույնս հաշվի առնելով միջնորդի հնարավոր խորհուրդները:
  • Կողմերը պարտավորվում են զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի:


Ադրբեջանի Պաշտպանության նախարարի ստորագրությամբ պատասխան նամակը, որով Ադրբեջանը համաձայնում է ստանձնել համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:

Ինչպես տեսանք, ի տարբերություն 1994թ. մայիսի 16-17-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկված տարբերակի, 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագիրը ենթադրում էր հրադադարի ամրապնդում ոչ թե խաղաղապահ ուժերի տեղակայման, այլ կողմերի միջև ուղիղ կապի հաստատման և միջնորդ երկրների ներգրավմամբ միջադեպերի քննության իրականացման միջոցով: Հարկ է նշել, որ համաձայնագրի կատարման պարտավորությունը ևս ստանձնել են հակամարտության երկու կողմերը և Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր:

ԼՂՀ (Արցախի Հանրապետության) արտգործնախարարության բնորոշմամբ՝ 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագիրը մինչև 2016թ. ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ մարտական գործողությունները եղել է «միակ իրական ձեռքբերումը», որը պայմաններ է ստեղծել միջնորդների գործունեության համար: ԼՂՀ ԱԳՆ-ն այն բնութագրել է իբրև «ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման և կայունացման միջոցների ամբողջական համալիր պարունակող» համաձայնագիր[10]:

2016թ. ապրիլի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված համաձայնագիրը հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները պարզելու չեզոք (ԵԱՀԿ Մինկի խմբի կողմից վերահսկվող) մեխանիզմներ չի պարունակում:

Ի հավելումն հարկ է նշել, որ համաձայն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի 2019թ. մայիսի հայտարարության՝ «հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի վաղ ահազանգման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը 1994 և 1995թթ. համաձայնագրերի իրագործման լուրջ խոչընդոտ է[11]»:

Առ այսօր գործող երեք հիմնական փաստաթուղթ կա, որոնք ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի հաստատման համաձայնագիրը, 1994թ. հուլիսի 27-ին ստորագրված հրադադարի ռեժիմի վերահաստատման համաձայնագիրը և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման համաձայնագիրը:

2014-2016թթ. Արցախում իրավիճակի լարումները ցույց տվեցին, որ նշված համաձայնագրերը շատ փխրուն են և ամրապնդված չեն օբյեկտիվ վերահսկման մեխանիզմներով, ինչի վկայությունը 2014թ. օգոստոսի, 2015թ. սեպտեմբերի, 2016թ. ապրիլի մարտական գործողություններն են և Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման տարբեր փորձերը: Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները[12] չեն տիրապետում որևէ գործող չեզոք մեխանիզմի, ինչը թույլ կտար պարզելու, թե որ կողմն է պատասխանատվություն կրում հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցնում է անորոշության և վերը նշված համաձայնագրերի կատարման պարտավորության հստակ մեխանիզմների բացակայության: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը՝ 2016թ. ապրիլի մարտական գործողություններից 5 տարի առաջ՝ 2011թ. մարտին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սոչիի հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարությունում նշվել էր ԵԱՀԿ հովանու ներքո հրադադարի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը[13]: Հաջորդող շրջանում այս գաղափարի իրագործումն անհրաժեշտություն են համարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները[14]: Ի տարբերություն 1995թ. փետրվարյան համաձայնագրի, նոր մեխանիզմը ենթադրում է շփման գծում կրակի աղբյուրն ու ժամանակն արձանագրող սարքերի տեղադրում, ինչն անհամեմատ ավելի ստույգ և չեզոք մեխանիզմ է:

Հավելված Ա
1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիր
(ոչ պաշտոնական թարգմանություն)

ՌԴ Պաշտպանության նախարարություն
Պ. Ս. Գրաչովին

ՌԴ Արտաքին գործերի նախարարություն
Ա. Վ. Կոզիրևին
Վ. Ն. Կազիմիրովին

Արձագանքելով 1994թ. մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի շուրջ.

  1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Ոչ ուշ, քան մինչև 1994թ. մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի վերաբերյալ հրամանների տեքստերը` հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:
  2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին` Մոսկվայում, ոչ ուշ, քան մինչև ս.թ. [1994թ.] մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանարար գծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:
  3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև՝ ոչ ուշ, քան ս.թ. [1994թ.] մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին Համաձայնագիր կնքելու համար:
  4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից, երբ Միջնորդը տեղեկացնի, որ ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Հավելված Բ 
1994թ. հուլիսի 26-27-ի հրադադարի եռակողմ համաձայնագիր
(ոչ պաշտոնական թարգմանություն)

Ռուսաստանի Դաշնության
Պաշտպանության նախարարություն
Պ. Ս. Գրաչովին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ
Ա. Վ. Կոզիրևին
Վ. Ն. Կազիմիրովին 

Լեռնային Ղարաբաղի հարցով
ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ
Յ. Էլիասոնին

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով պայմանավորվածության համաձայն ռուսաստանյան միջնորդությամբ ս.թ. [1994թ.] մայիսի 9-11-ը ձևակերպված և 1994թ. մայիսի 12-ից [ուժի մեջ մտած] հրադադարի համաձայնության պահպանումը, արձագանքելով Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցչի և ԵԱՀԽ Մինսկի համաժողովի՝ ս.թ. [1994թ.] հունիս 23-ի կոչին՝

Հակամարտող կողմերը հաստատում են.

  • իրենց հաստատակամ վճռականությունը՝ հետագայում նույնպես շարունակելու կատարել հրադադարի վերաբերյալ պարտավորությունները, մասնավորապես՝ նկատի ունենալով այսպիսով պահպանել պայմաններ՝ մեծ քաղաքական Համաձայնագիր ստորագրելու և հակամարտության գոտում միջազգային դիտորդներ տեղակայելու համար:
  • իրենց ձգտումը արդյունավետ դարձնելու մեծ քաղաքական Պայմանագրի ստորագրումը 30 օրվա ընթացքում՝ 1994թ. օգոստոսին, որում մշակվելու են նաև ռազմատեխնիկական հարցեր, ներառյալ՝ անվտանգության միջազգային ուժերի և ԵԱՀԽ-ի դիտորդական խմբի փոխհարաբերությունները:

Հակամարտող կողմերը պարտավորվում են համաձայնեցված ժամկետներում հաստատել հրադադարի և հրադադարի ռեժիմի պահպանման ստանձնած պարտավորությունները մինչև մեծ քաղաքական Համաձայնագրի (որը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում) կնքումը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Հավելված Գ
1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ամրապնդման համաձայնագիր
(ոչ պաշտոնական թարգմանություն, հատված)

1995թ. ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահության անունից «1994թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման» և «խաղաղ գործընթացի առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով» առաջարկ է ուղարկվել հակամարտող կողմերին[15], որը հաստատվել է հենց հաջորդ օրը և այն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտել 1995թ. փետրվարի 6-ից: Կողմերը համաձայնել են իրենց վրա վերցնել հետևյալ պարտավորությունները՝

  • Հրադադարին սպառնացող միջադեպերի ի հայտ գալու դեպքում ֆաքսի կամ Կառավարական միջքաղաքային կապի միջոցով (Правительственная междугородная связь (ПМ) անհապաղ գրավոր տեղեկացնել մյուս Կողմին (և կրկնօրինակով՝ Միջնորդին) միջադեպի (տեղի, ժամի և ձևի ճշգրիտ նշումով) և հետևանքների մասին: Մյուս կողմին տեղեկացվում է, որ միջոցներ են ձեռնարկվում պատասխան գործողություններ թույլ չտալու համար, որոնք կարող են հանգեցնել միջադեպի աճին. համապատասխանաբար մյուս կողմից ակնկալվում է անհրաժեշտ գործողությունների իրականացում: Եթե հնարավոր է, տեղեկացվում են նաև արագ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկ՝ տվյալ միջադեպն արագորեն հաղթահարելու և ստատուս քվո անտեն վերականգնելու նպատակով:
  • Մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալուց հետո անհետաձգելիորեն իրականացնել փաստերի ստուգում և գրավոր պատասխան ուղարկել ոչ ուշ, քան 6 ժամում (կրկնօրինակով՝ Միջնորդին):
  • Կողմերը համաձայնում են, որ պաշտոնական աղբյուրները միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն ԶԼՄ-ների միջոցով փոխանցելու են միայն մյուս Կողմի պատասխանը ստանալուց հետո, իսկ եթե պատասխան ստանալը ձգձգվում է, ապա՝ նշված հարցի վերաբերյալ մյուս Կողմին նախնական ծանուցումից ոչ շուտ, քան 7 ժամ անց:
  • Վստահելի, ուղիղ, հրատապ կապ տեղադրելու նպատակով՝ յուրաքանչյուր կողմ հատկացնում է Կառավարական միջքաղաքային կապի սարքավորում և ապահովում պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շուրջօրյա հերթապահություն: Կառավարական միջքաղաքային կապի սարքավորումների համապատասխան համարները Միջնորդի միջոցով պետք է փոխանցվեն ոչ ուշ, քան 1995թ. փետրվարի 6-ը:
    Կողմերի միջև անհետաձգելի հաղորդագրություններ ֆաքսով ուղարկելու անհնարինության դեպքում համապատասխան տեքստերը թելադրվում են Կառավարական միջքաղաքային կապով:
  • Կողմերը համաձայն են, որ Միջնորդը քննության է առնելու Կողմերի [ներկայացրած] այն դիմումները, որոնցում հաստատված է, որ տվյալ հարցը [ներակայացնող կողմն] արդեն իսկ բարձրացրել է մյուս կողմի առջև:
  • Հատուկ դեպքերում Կողմերը կարող են խնդրել Միջնորդին իրականացնել անհետաձգելի հանդիպում իրենց ներկայացուցիչների հետ՝ միջադեպի և ստեղծված իրավիճակի քննության նպատակով:
  • Անհրաժեշտության դեպքում, Կողմերից մեկի խնդրագրով և մյուս Կողմի համաձայնությամբ տեղում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով կարող է ուղարկվել խառը քննիչների խումբ, որն իր մեջ ներառում է Միջնորդի ներկայացուցչին, եթե այդ մասին խնդրում են Կողմերը:
  • Միջադեպի քննության ավարտին չսպասելով՝ Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել ստատուս քվո անտեն վերականգնելուն միտված էսկալացիա թույլ չտալու համար, դրա հետ մեկտեղ առավելագույնս հաշվի առնելով միջնորդի հնարավոր հանձնարարությունները:
  • Իրավիճակը, կախված իր ծանրությունից, Միջնորդի կողմից կարող է ներկայացվել ԵԱՀԿ ՄԽ նիստի ժամանակ կամ ԵԱՀԿ Մշտական հանձնաժողովի քննությանը:
  • Կողմերը պարտավորվում են զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիային:

[1] 1994թ. մայիսի 12-ի հրադադարի եռակողմ համաձայնագիր

[2] 1995թ. հունվարի մեկից Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) վերանվանվել է ԵԱՀԿ-ի՝ «Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն»:

[3] Предложения посредника по укреплению прекращения огня в нагорно-карабахском конфликте

[4] Վլադիմիր Կազիմիրովը 1992թ. նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994թ.՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ 1994-1996թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

[5] Бишкекский протокол по Карабаху Май 1994 года, https://youtu.be/mxeaseRhG78

[6] В.Н.Казимиров, Мир Карабаху, 2009г, стр. 165

[7] В.Н.Казимиров, նույն տեղում:

[8] Договоренность об урегулировании инцидентов

[9] 1995թ. փետրվարի 4-ին նշված առաջարկը հաստատող պատասխան է ստացվել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդրեֆի Մամեդովից, Հայաստանի Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանից:

[10] ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն, 12.05.2016

[11] Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթին, 13.05.2019

[12] 1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում սահմանվել է եռանախագահության ինստիտուտը. մինչ օրս բանակցային գործընթացում միջնորդի առաքելությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

[13] Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию

[14] Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group

[15] 1995թ. փետրվարի 4-ին նշված առաջարկը հաստատող պատասխան է ստացվել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամադրեֆի Մամեդովից, Հայաստանի Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանից: