Եվրոպայի թուրքական սփյուռքը
22 ր. | 2019-10-09Թ ուրքական սփյուռքի ձևավորումը Եվրոպայում վերագրվում է 20-րդ դարի 50-60-ական թվականներին, երբ, պայմանավորված հետպատերազմյան Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Բելգիայում և Շվեդիայում աշխատուժի պակասով, մեծ թվով աշխատանքային միգրանտներ ժամանեցին Թուրքիայից[1]։ Ժամանակի ընթացքում նրանք Եվրոպա տեղափոխեցին նաև իրենց ընտանիքները, ինչը նշանակում էր, որ աշխատանքային միգրանտների մի զգալի հատվածը հաստատվել էր Եվրոպայում և չէր վերադառնալու Թուրքիա։ Ժամանակի ընթացքում նրանք ձեռք բերեցին նաև եվրոպական երկրների քաղաքացիություն՝ աստիճանաբար ինտեգրվելով այդ երկրների հասարակությունների մեջ: Այդ կերպ ձևավորվեց Եվրոպայի թուրքական սփյուռքը։
Թվաքանակը և սփռվածությունը
Ե վրոպայում թուրքական սփյուռքի թվաքանակի վերաբերյալ տարբեր աղբյուրներ կան. համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի[2]՝ Գերմանիայում թուրքական քաղաքացիություն ունեցողները մոտ 2 մլն. են, Ֆրանսիայում՝ մոտ 700 հազ., Հոլանդիայում՝ 500 հազ., Ավստրիայում՝ 250 հազ., Բելգիայում՝ 240 հազ., Շվեյցարիայում՝ 130 հազ. և Դանիայում՝ 75 հազար[3]։
Համաձայն ՄԱԿ-ի Գաղթականների հարցերով գործակալության 2019թ. հունիսին հրապարակած տվյալների[4]՝ թուրք գաղթականների թիվն աշխարհում 3 մլն. 108 հազ. է, որոնք բնակվում են 185 երկրում։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը՝ 2 մլն. 851 հազ.-ն ունի փախստականի կարգավիճակ։ Եվրոպայում թուրք գաղթականների սփռվածությունն ունի հետևյալ պատկերը. առաջին տեղում Գերմանիան է, որտեղ նրանց թիվը հասնում է 1 մլն. 544 հազ.-ի։ Երկրորդ տեղում է Ֆրանսիան (մոտ 260 հազ.), այնուհետև՝ Հոլանդիան (203 հազ.), Ավստրիան (165 հազ.), Շվեյցարիան (83 հազ.), Մեծ Բրիտանիան (82 հազ.), Մակեդոնիան (72 հազ.)[5]։
Աղյուսակ 1. Եվրոպայում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների թվաքանակը՝ ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի Գաղթականների հարցով գործակալության տվյալների
Երկիր |
Ըստ Թուրքիայի ԱԳՆ տվյալների |
Ըստ ՄԱԿ-ի Գաղթականների հարցով գործակալության տվյալների |
Գերմանիա |
2 մլն. |
1 մլն 544 հազ. |
Ֆրանսիա |
700 հազ. |
260 հազ. |
Հոլանդիա |
500 հազ. |
203 հազ. |
Ավստրիա |
250 հազ. |
165 հազ. |
Բելգիա |
240 հազ. |
---- |
Շվեյցարիա |
130 հազ. |
83 հազ. |
Դանիա |
75 հազ. |
---- |
Մեծ Բրիտանիա |
---- |
82 հազ. |
Մակեդոնիա |
---- |
72 հազ. |
Համեմատությունը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի Գաղթականների հարցով գործակալության տվյալները ավելի փոքր թիվ են մատնանշում եվրոպական երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ, քան այդ երկրի ԱԳՆ-ն։ Ամենամեծ տարբերությունը Ֆրանսիայի դեպքում է, որտեղ, ըստ ԱԳՆ-ի՝ բնակվում է մոտ 700 հազ. թուրքահպատակ, իսկ, ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության՝ 260 հազ.։
Դժվար է միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված այս էական տարբերությունը։ Թուրքական վիճակագրությունը թերևս, տուրք տալով արտերկրում թուրքական ազդեցության վերաբերյալ որոշակի քարոզչական նկատառումների, ուռճացրել է արտասահմանում բնակվող թուրքահպատակների քանակը։
Այնուամենայնիվ, վերոհիշյալ վիճակագրական տվյալները չեն արտացոլում թուրքական սփյուռքի ճշգրիտ թիվը, քանի որ դրանցում ներկայացված են միայն թուրքահպատակները, այսինքն՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցողները, ինչը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս.
- Մի կողմից, դա նշանակում է, որ համապատասխան երկրներում փաստացի բնակվող թուրքերի քանակն ավելի մեծ է, քանի որ, բացի Թուրքիայի քաղաքացիներից, այդ երկրներում բնակվում են նաև ոչ թուրքահպատակ թուրքեր, մասնավորապես, նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել իրենց բնակության երկրների քաղաքացիություն։
- Մյուս կողմից, սակայն, թուրքահպատակ լինելը կամ Թուրքիայի քաղաքացիություն ունենալը դեռևս չի նշանակում ազգությամբ թուրք լինել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք ասել, որ իրականությունից հեռու չեն տարբեր աղբյուրներում հանդիպող այն քանակական ցուցանիշները, որոնք թուրքական սփյուռքին և, մասնավորապես, Եվրոպայի թուրքական համայնքներին ավելի խոշոր թվեր են վերագրում։ Օրինակ՝ համաձայն Վաշինգթոն Փոսթ թերթի 2018թ. մարտի 26-ին հրապարակված հոդվածի՝ թուրքական սփյուռքը ավելի քան 6 մլն. է, որից 5.5 մլն-ը՝ Արևմտյան Եվրոպայում[6]։ Ինչ վերաբերում է Եվրոպայի և ընդհանրապես՝ աշխարհի ամենախոշոր թուրքական սփյուռքին՝ Գերմանիայի թուրքական համայնքին, ապա այս հարցում էլ գնահատականները տարբեր են. աղբյուրներից մեկում, օրինակ, խոսք կա այնտեղ բնակվող 2.5-4 մլն. թուրքերի մասին[7]։
Տասնամյակներ շարունակ բնակվելով եվրոպական երկրներում՝ թուրքերը, չնայած առկա խնդիրներին ու խոչընդոտներին (քրիստոնեական և իսլամական մշակույթների տարբերությունները, եվրոպական հասարակությունների զգուշավոր վերաբերմունքը թուրքերի՝ որպես ամենամեծ մուսուլմանական սփյուռքի նկատմամբ և այլն), այնուամենայնիվ, կարողացել են համարկվել եվրոպական երկրների հասարակությունների մեջ՝ տարբեր ասպարեզներում նշանավոր դիրքերի հասնելով։ Մեծ թվով թուրքեր կարողացել են ընդգրկվել նաև եվրոպական երկրների քաղաքական ընտրանիներում։ Բելգիայի թուրքական համայնքի մասին, օրինակ, «Ազգ» թերթի հոդվածագիրը (Բրյուսելից) գրում է. «Բելգիական հասարակության մեջ թուրքական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկապես քաղաքական բոլոր կուսակցություններում ծագումով թուրք բելգիացիներն աշխույժ են, հասարակական բարձր դիրքեր եւ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում»[8]։
Թուրքերի կողմից եվրոպական երկրների քաղաքական ընտրանիների մեջ ընդգրկվելու հարցում ամենամեծ ձեռքբերումները գրանցվել են Գերմանիայում, ինչն օրինաչափ է՝ հաշվի առնելով, որ եվրոպական երկրների շարքում այդ երկրի թուրքական համայնքը ամենաստվարաթիվն է։ 2013թ. առաջին անգամ ազգությամբ թուրք քաղաքական գործիչը՝ Այդան Օզոգուզը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից), նշանակվեց Միգրացիայի, փախստականների և ինտեգրման հարցերով դաշնային նախարար[9]։ 2013թ. խորհրդարանական ընտրություններում Բունդեսթագի պատգամավոր է ընտրվել ծագումով թուրք 11 քաղաքական գործիչ[10], իսկ 2017թ. ընտրություններում՝ 14[11]։ 2019թ. Եվրոպական խորհրդարանի ընտրություններում ընտրվեցին 5 թուրք պատգամավորներ, որոնցից երեքը Գերմանիայից, մեկական՝ Ֆրանսիայից և Կիպրոսից[12]։
Թուրքիայի պետական քաղաքականությունը
Թ եև արտերկրում բնակվող թուրքերի խնդիրը միշտ էլ եղել է թուրքական իշխանությունների օրակարգում[13], այնուամենայնիվ, այն առավել մեծ նշանակություն ստացավ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո, ինչի վառ ապացույցը սփյուռքի խնդիրներով զբաղվող հատուկ կառույցի՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր արտասահմանի թուրքերի և ազգակից հանրույթների վարչության (Yurtdışı Türkler ve Akraba Topluluklar Başkanlığı/YTB) հիմնում էր 2010թ.[14]։ Ինչպես հուշում է հաստատության անվանումը, այն աշխատելու է ոչ միայն արտերկրում բնակվող բուն թուրքերի, այլև ազգակից կամ «քույր» հանրույթների հետ, ինչպիսիք են թյուրքական (թյուրքախոս) մյուս ժողովուրդները, ինչպես նաև՝ իսլամական աշխարհը կազմող ընդհանրությունները։ Այս հանգամանքը բխում է արդի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներից, որոնց դրսևորման ձևերն են պանթյուրքիզմը (առաջնորդության ձգտումը թյուրքախոս աշխարհում) և պանիսլամիզմը (առաջնորդության ձգտումը իսլամական աշխարհում)։
Որո՞նք են Թուրքիայի ակնկալիքներն իր սփյուռքից, հարցի պատասխանը կարելի է գտնել վերոհիշյալ Թուրքիայի կառավարությանն առընթեր արտասահմանի թուրքերի և ազգակից հանրույթների վարչության ստեղծման հիմնավորումից, որտեղ շեշտվում է թուրքական դիրքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ ի հակակշիռ հայկականի, հունականի և այլն։ Այդ առումով Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը նկատել է. «Երկար տարիներ Թուրքիան բախվում էր հայկական, հունական և այլ լոբբիստական կազմակերպությունների, և այժմ եկել է ժամանակը ստեղծելու հզոր թուրքական լոբբի։ Սփյուռքի նախարարությունը կնպաստի այդ գործընթացին։ Ներկայում 220 մլն. թուրքերի կողքին արտասահմանում բնակվում է մոտ 5 մլն. թուրք, և մենք չենք կարող անտարբեր լինել նրանց խնդիրների ու կենսակերպի նկատմամբ։ Մեր կառավարությունը կօգնի նրանց լուծելու իրենց խնդիրները»[15]։ Գերմանիայի թուրքական համայնքի առնչությամբ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն այս առումով նույնպես ուղենշային են։ Նրա կարծիքով՝ թուրքերը պետք է անեն ամեն ինչ գերմանական հասարակության մեջ համարկվելու, այդ հասարակության մասը դառնալու համար և ապագայում իրականացնեն իրենց «հին» հայրենիքի շահերի լոբբինգը ինչպես Գերմանիայում, այնպես էլ ԵՄ կառույցներում[16]։
Ս տացվում է, որ սփյուռքի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը խարսխված է երկու ռազմավարական նպատակների վրա. ա) նրա ներուժի օգտագործում, հատկապես, լոբբինգի ասպարեզում և բ) աջակցություն նրա խնդիրների լուծմանը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են այն առումով, որ սփյուռքի խնդիրների լուծմանը նպաստելով՝ Թուրքիան հզորացնում է վերջինիս ներուժը, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է Թուրքիայի շահերին ի նպաստ լոբբիստական գործունեության հնարավորությունները։ Պատահական չէ, որ Էրդողանը Գերմանիայի թուրքական սփյուռքի գլխավոր խնդիրն է համարում լեզվի, մշակույթի և առհասարակ՝ ինքնության պահպանումը[17], քանի որ միայն ինքնության պահպանմամբ սփյուռքը կարող է օգտակար լինել Թուրքիային՝ սպասարկելով վերջինիս շահերը տարբեր ոլորտներում։
Ընդհանուր առմամբ Թուրքիայի ակնկալիքները սփյուռքից կարելի է բաժանել երկու մասի՝ արտաքին և ներքին։ Արտաքին ակնկալիքները հանգում են լոբբինգի միջոցով արտերկրում Թուրքիայի շահերը առաջ մղելուն, կամ, այլ կերպ ասած, Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նպաստելուն։ Այդ խնդիրներն են աջակցությունը Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը, պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, քրդական խնդրում ի նպաստ Թուրքիայի գործունեությունը, հակազդեցությունը հայկական, հունական, ասորական, քրդական լոբբիստական գործունեությանը, տեղեկատվական պայքարը նրանց դեմ և այլն։
Բողոքի ակցիա Փարիզում
Օրինակ՝ 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագրի ստորագրումը բուռն արձագանք առաջացրեց այդ երկրի թուրքական շրջանակներում, որոնցից ամենախիստը «COJEP France» կազմակերպության արձագանքն էր, որի նախագահ Քադիր Գյուզլեն դատապարտել էր հրամանագրի ստորագրումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելով «ենթադրյալ»[18]։
Ներքին ակնկալիքներն իրենց հերթին կարելի է բաժանել երկու մասի՝ քաղաքական և տնտեսական։ Թուրքական իշխանություններն օգտագործում են սփյուռքը ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով, և սփյուռքը դիտվում է որպես ընտրազանգված, որը կարևոր դեր ունի։ Այդ նպատակով էլ 2014թ. Թուրքիայում ընտրական (ընտրելու՝ քվեարկությանը մասնակցելու) իրավունք շնորհվեց արտերկրում բնակվող թուրքերին։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ արտերկրում բնակվող թուրք ընտրողների թվաքանակը կազմում է մոտ 2.9 մլն[19]։ Հաշվի առնելով, որ հատկապես վերջին ընտրությունները և հանրաքվեն Թուրքիայում անցել են թեժ մրցակցության պայմաններում և դրանց ելքը որոշվել է ձայների չնչին տարբերությամբ, կարելի է ասել, որ սփյուռքի հայրենակիցների ձայները Թուրքիայի ընտրական գործընթացներում ամենևին էլ երկրորդական չեն։
Այսպես, 2014թ.-ից ի վեր Թուրքիայում տեղի է ունեցել չորս համապետական ընտրություն (2014թ. նախագահական, 2015թ. երկու խորհրդարանական և 2018թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ) և 2017թ. սահմանադրական հանրաքվեն։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ընտրությունից ընտրություն աճում է թուրքական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը։ Եթե 2014թ. նախագահական ընտրություններին մասնակցեց արտասահմանյան թուրքերի ընդամենը 12.02%-ը, ապա 2015թ. խորհրդարանական ընտրություններին՝ արդեն 32.5%-ը, նույն թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններին՝ 40.01%-ը[20]։ 2018թ. նախագահական և խորհրդարանական միաժամանակյա ընտրություններին սփյուռքից քվերակողների քանակը մոտ 1.5 մլն էր[21], որը սփյուռքի ընտրազանգվածի կեսից ավելին է։
2017թ. տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով Թուրքիան անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի, դրական ելք ունեցավ խիստ փոքր առավելությամբ (մոտ 51.4%)[22]։ Թերևս չափազանցության չի լինի, եթե ասենք, որ Եվրոպայի թուրքական համայնքների ներկայացուցիչների ձայները՝ մոտ 1.4 մլն, որոնք գերակշռաբար (59%)[23] կողմ էին քվեարկել սահմանադրական փոփոխություններին, էական են եղել։ Հատկապես կարևոր էին առավել ստվար թուրքական բնակչություն ունեցող երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների թուրք ընտրողների ձայները։
Աղյուսակ 2. 2017թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եվրոպացի թուրքերի մասնակցության և կողմ քվեարկության տվյալները՝ ըստ երկրների[24]
Երկիրը |
Մասնակիցների թվաքանակը |
Կողմ քվեարկողների քանակը (%) |
Գերմանիա |
653 502 |
63,07% |
Ֆրանսիա |
140 741 |
64,85% |
Նիդերլանդներ |
116 543 |
70,94% |
Բելգիա |
72 127 |
74,98% |
Ավստրիա |
52 187 |
73,23% |
Դանիա |
10 892 |
60,63% |
Նորվեգիա |
3 837 |
57,20% |
Իհարկե, եղել են նաև այնպիսի եվրոպական երկրներ, որտեղ բնակվող թուրքերը դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին, սակայն այդ երկրների թուրքական համայնքները համեմատաբար փոքրաթիվ են։
Աղյուսակ 3. 2017թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եվրոպացի թուրքերի մասնակցության և դեմ քվեարկության տվյալները՝ ըստ երկրների[25]
Երկիրը |
Մասնակիցների թվաքանակը |
Դեմ քվեարկողների քանակը (%) |
Շվեյցարիա |
50 374 |
61,92% |
Մեծ Բրիտանիա |
35 424 |
79,74% |
Շվեդիա |
9 274 |
52,91% |
Իտալիա |
5 627 |
62,06% |
Իսպանիա |
1 291 |
86,68% |
2018թ. նախագահական ընտրություններում Ռ. Էրդողանն ընտրվեց ձայների փոքր առավելությամբ՝ 52.6%[26]։ Այս ընտրություններում ևս սփյուռքի 1.5 մլն ձայները չէին կարող կարևոր չլինել։ 2014թ. Էրդողանի առավելությունն ավելի փոքր էր՝ 51.79%[27]։
Եվրոպայի սփյուռքը կարևոր է Թուրքիայի համար նաև տնտեսական առումով։ Բացի դրամական փոխանցումներից, ներդրումներից, այն էական դերակատարում ունի զբոսաշրջության համար։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ եվրոպաբնակ թուրքերի գրեթե կեսը՝ 47%-ը, ամառային արձակուրդներն անցկացնում է Թուրքիայում, որի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը ծախսում է միջինը 1175 եվրո, ինչը երկու անգամ ավելին է, քան գերմանացի զբոսաշրջիկների ծախսած գումարը։ Թուրք զբոսաշրջիկների այցելության առումով առաջին տեղում է Գերմանիան։ 2018թ. Թուրքիա է եկել 2.8 մլն թուրք զբոսաշրջիկ, որից 1.9 մլն-ը՝ Գերմանիայից[28]։
Խոցելի կողմերը
Ե վրոպայի թուրքական համայնքները նաև բախվում են որոշակի խնդիրների։ Դրանցից մի քանիսի մասին, ինչպիսիք են թույլ համարկումը տեղի հասարակություններին, որոշակի «գետտոյացումը», մշակութային տարբերություններն ընդունող հասարակությունների և թուրք գաղթականների միջև, եվրոպական հասարակությունների զգուշավոր, երբեմն էլ՝ խտրական վերաբերմունքը նրանց նկատմամբ և այլն, արդեն հիշատակվեց։ Այս բոլոր հանգամանքները խոչընդոտ են, որպեսզի թուրքական սփյուռքը լավագույնս ծառայեցվի Թուրքիայի շահերին։
Թուրքական իշխանությունների ակնկալիքը, որ եվրոպական երկրների քաղաքական ընտրանիների կազմում հայտնված թուրք գործիչները պետք է զբաղվեն թուրքամետ լոբբինգով, հաճախ ոչ միայն չի իրականանում, այլև տեղի է ունենում հակառակը. նրանք գործում են Թուրքիայի իշխանությունների դեմ։
Երևույթն առավել ցայտուն երևում է Գերմանիայի օրինակով։ Եվրոպա-Թուրքիա (Գերմանիա-Թուրքիա) հարաբերություններում նկատվող լարվածության ու հակասությունների պայմաններում նրանք ավելի շատ հանդես են գալիս իրենց երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի շահերի պաշտպանության դիրքերից՝ քննադատելով թուրքական իշխանություններին և ավելի շատ իրենց զորակցությունն արտահայտելով ընդդիմադիր ուժերին։ Օրինակ՝ Այդան Օզոգուզը հակադարձել է երեխաներին առաջինը թուրքերեն սովորեցնելու Գերմանիայի թուրքերին ուղղված Ռ. Էրդողանի 2011թ. կոչին, քննադատել թուրքական իշխանություններին 2013թ. Գեզի պուրակի դեպքերի կապակցությամբ[29]։
Գերմանիայի Բունդեսթագի 2016թ. ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակը ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն է (Կանաչների կուսակցությունից), ինչն արտահայտում է Գերմանիայի քաղաքական ընտրանիում ընդգրկված թուրքերի վերաբերմունքը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։
Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը
2019թ. օգոստոսին Վանի, Դիարբեքիրի և Մարդինի ազգությամբ քուրդ քաղաքապետերի պաշտոնանկությունը[30] դատապարտողներից մեկն էլ Գերմանիայի Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր Գյոքայ Աքբուլութն էր, ով կոչ էր արել Գերմանիայի իշխանություններին աջակցել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը և դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ[31]։
Համաձայն փորձագիտական գնահատականի՝ թուրքական ծագումով քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը Արդարություն և զարգացում կուսակցության և անձամբ՝ Էրդողանի հակառակորդն է[32]։ Այս տեսակետից հետաքրքիր է Ջեմ Օզդեմիրի թևավոր դարձած արտահայտությունը. «Իմ երեխաների խնդիրները լուծում է ոչ թե Անկարան, այլ Բեռլինը»[33]։
2019թ. Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Օզլեմ Ալև Դեմիրելը (Գերմանիայից) հայտնի է քրդերի իրավունքների պաշտպանությամբ, իսկ մեկ այլ թուրք գործիչ՝ Այհան Թոնչան (Նիդերլանդներից), որի քաղաքական ուժը քննադատվում է Էրդողանի հետ ունեցած կապերի համար, չընտրվեց[34]։
Կարծում ենք, վերոհիշյալ երևույթը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի քաղաքական համակարգն ու մշակույթն այնպիսին են, որ ընտրանիները կլանում կամ մուտքի հնարավորություն են ընձեռում այն գործիչներին (անկախ ազգությունից), որոնք պատրաստ են անձնվիրաբար ծառայելու տվյալ երկրի (կամ առաջին հերթին՝ տվյալ երկրի) շահերին։
Այստեղ չմոռանանք այն հանգամանքը, որ բազմաթիվ թուրք գործիչներ էլ Եվրոպակայում հայտնվել են՝ խուսափելով թուրքական իշխանությունների հալածանքներից կամ արտաքսվելով երկրից։ Նրանցից մեկը 1992թ.-ից Քյոլնում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլին է (ծնվել է Թուրքիայում, 1957թ.), ով իր ստեղծագործություններում Հայոց ցեղասպանության թեման արծարծելու համար բանտարկվել ու հալածվել է։ Նա ամեն տարի մասնակցում է գերմանահայության կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2019թ. Հայաստանի առաջարկով նա Գյոթե ինստիտուտի կողմից արժանացել է գերմանացի մեծ գրողի շքանշանի[35]։
Ստացվում է, որ Եվրոպայի թուրքական սփյուռքն այդ երկրի համար ունի երկակի նշանակություն։ Մինչ լայն զանգվածները՝ ժողովրդական հատվածը նպաստում է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ ընտրությունների, զբոսաշրջության, ցույցերին և այլ զանգվածային միջոցառումներին ակտիվ մասնակցելու և այլ եղանակներով, քաղաքական ընտրանիում հայտնված էթնիկ թուրք գործիչներն ավելի շատ հանդես են գալիս «հինգերորդ շարասյան» դերում։
Խնդիրը հայկական դիտանկյունից
Թ ուրքական համայնքների գոյությունն ու զարգացումը Եվրոպայում որոշակի մարտահրավեր է տեղի հայկական սփյուռքի համար։ Խնդիրն ունի երկու հարթություն։ Առաջինը մրցակցության գործոնն է։ Տարեցտարի թուրքական համայնքները ավելի ու ավելի լուրջ մրցակից են դառնում հայ համայնքների համար՝ իշխանական օղակներում, քաղաքական ընտրանիների մեջ ընդգրկվելու, ազդեցության և այլ տեսանկյունից։ Դա երևում է, օրինակ, Ֆրանսիայի վերջին՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից, որում հայ համայնքից առաջադրվել էր 4 թեկնածու։ Նրանցից երեքը՝ Ժակ Մարիլոսյանը, Գիյոմ Կասպարյանը և Դանիել Կազարյանը, ընտրվել էին։ Երեք հայազգի պատգամավորներն էլ նախագահ Էմանուել Մակրոնի իշխող «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից են[36]։
Թուրքական համայնքից առաջադրվել էր 50 թեկնածու, սակայն նրանցից որևէ մեկը չէր ընտրվել։ Առաջին հայացքից սա կարող է դիտվել որպես հայ համայնքի համոզիչ հաղթանակ թուրքականի նկատմամբ, սակայն վերջինիս առաջադրած 50 թեկնածուի փաստն արդեն իսկ մտահոգիչ է։ Դա խոսում է թուրքական համայնքի կարողության և հավակնությունների մասին։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում, թեև թուրքական հավակնությունները ձախողվեցին, այնուամենայնիվ, չի կարելի ակնկալել, որ նույնը կլինի նաև հաջորդ ընտրություններում, քանի որ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Ֆրանսիայի թուրքական համայնքը հետագայում հրաժարվելու է իր նպատակներից։
Հետևաբար, հետագա ընտրություններում հայ համայնքին սպասվում է ավելի թեժ մրցակցություն, ինչին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է համախմբվել։ Բացի այդ, կարևոր է նաև դաշնակից համայնքների (հունական, ասորական, քրդական, եզդիական և այլն) հետ սերտ համագործակցությունը։
Երկրորդ հարթությունը թուրքական համայնքների հակահայկական գործունեությունն է, ինչը նկատելի է, մասնավորապես, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում։ Նրանք կարողանում են արդյունավետ հակազդել այն ճանաչող և դատապարտող, ժխտողականությունը արգելող օրինագծերի ընդունմանը։ Բացի լոբբիստական և քարոզչական աշխատանքից, որը թուրքական կառույցները ծավալում են Թուրքիայի հովանավորությամբ և ուղղորդմամբ, եվրոպական տարբեր երկրների ստվարաթիվ թուրքական համայնքներն ընտրազանգվածի մի զգալի մասն են, որոնց անհնար է անտեսել։
Կարծում ենք, Շվեդիայի կառավարության խուսափողականությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, չնայած երկրի խորհրդարանը երկու տարի առաջ (2017թ.) ընդունել է այն ճանաչող բանաձևը, պայմանավորված է ոչ միայն թուրք-շվեդական հարաբերություններով, այլև Եվրոպայում (այդ թվում՝ Շվեդիայում) առկա մուսուլմանական համայնքի գործոնով, որտեղ իրենց կարևոր տեղն ունեն նաև թուրքերը։ Այդ ենթադրության համար հիմք է տալիս այն փաստը, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարկո Վոլշթրյոմը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գտնում է, որ «Մեծ պատասխանատվութիւն է պետութիւն մը ցեղասպան երկիր հռչակել անցեալի մէջ պատահած դեպքերու հետեւանքով», Ռամազանի շրջանում Դանիայում մասնակցել է Իֆթարի ճաշկերույթին[37]։ Ճիշտ է՝ օրեր անց մամուլում հրապարակվեց նախարարի մամուլի ասուլիսի պատճենը, որտեղ ձևակերպումներն ավելի նրբանկատ են[38], այնուամենայնիվ, խնդրի էությունը դրանից չի փոխվում։ Չմոռանանք, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձգտում է որպես ազդեցության լծակ օգտագործել ոչ միայն թուրքական սփյուռքը, այլև ընդհանրապես իսլամական աշխարհը:
2019թ. ապրիլի 25-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով արգելվում են ցեղասպանությունները ժխտող ելույթներն այդ երկրում։ Սակայն, չնայած, որ Բելգիան երեք մակարդակներով՝ Սենատի, Ներկայացուցիչների պալատի և վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն ընդգրկված չէր օրինագծում։ Այնտեղ ընդգրկված էին միայն Ռուանդայի և Սերեբրենիցայի (նախկին Հարավսլավիա) ցեղասպանությունները, որոնք ճանաչվել են միջազգային դատարանի կողմից։ Եվ չնայած այդ հանգամանքը մեծ աղմուկ բարձրացրեց Բելգիայի հայ, ասորի, արամեացի, հույն համայնքներում, և վերջիններս ակտիվ ջանքեր գործադրեցին Օսմանյան կայսրությունում այդ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունները նույնպես օրինագծում ընդգրկելու համար, այնուամենայնիվ, օրինագիծը մնաց անփոփոխ։ Միակ փոփոխությունն այն էր, որ ընդունվեց ապրիլի 25-ին՝ ապրիլի 24-ի փոխարեն։ Բելգիայի խորհրդարանի կողմից հայերի, Պոնտոսի հույների, ասորիների և արամեացիների ցեղասպանության շրջանցումը «Ազգ» թերթի հոդվածագիրը (Բրյուսելից) պայմանավորում է երկրում առկա մոտ 300 հազարանոց թուրքական համայնքի գործոնով, որոնց ձայները կարևոր էին առաջիկա՝ մայիսի 26-ի ընտրություններում։ «Մայիսի 26-ին Բելգիայում կայանալու են խորհրդարանական նոր ընտրություններ: Հետեւաբար նախընտրական քարոզչության շրջանում գտնվող պատգամավորների համար մեծամասնություն կազմող թուրք համայնքից ձայներ ապահովելու հույսերն առավել գերադասելի համարվեցին։ ...Նրանք գերադասել են առաջիկա նախընտրական քարոզարշավում թուրքական համայնքից ձայներ կորզելով խորհրդարանում հայտնվելու նոր մանդատը»,- գրում է հոդվածագիրը[39]։
Թուրք-ադրբեջանական սփյուռքի հակահայ գործունեությունը նշանավորվում է մեկ այլ հանգամանքով ևս. նրանք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար կիրառում են ոչ միայն օրինական (լոբբինգ, քարոզչություն, քվեարկություն և այլն), այլև անօրինական միջոցներ (բռնություն, ահաբեկումներ և այլն)։
Դեռևս 2007թ. Բրյուսելում թուրքերի կողմից հարձակում է իրականացվել հայի սրճարանի վրա, պատճառվել են մեծ վնասներ, որի համար, սակայն, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել[40]։
Գերմանիայում, ինչպես նաև այլ եվրոպական երկրներում թուրքերի ցասման թիրախում են հայտնվում հայկական (և ընդհանրապես՝ քրիստոնեական) այն եկեղեցիները, որոնք ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ըստ Ավստրիայում (Վիեննա) գտնվող մի կառույցի հայտարարության, որը զբաղվում է Եվրոպայում քրիստոնյաների նկատմամբ անհանդուրժողականության և անջատականության խնդիրներով, Գերմանիայում ութ եկեղեցի 2019թ. ապրիլից ի վեր ենթարկվել է հարձակման։ Համանման դեպքեր են արձանագրվել նաև Շվեդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Ավստրիայում, իսկ մի քանի եկեղեցիներ Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում չեղյալ են հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը՝ թուրքական հարձակումներից խուսափելու նպատակով[41]։
Միայն Փարիզի (Սևր) Սամուել Մուրադյան վարժարանը 2019թ. երկու անգամ՝ հունվարի 2-ին[42] և փետրվարի 22-ին[43], ենթարկվել է հարձակման։
Ամփոփում
Վ երոգրյալը թույլ է տալիս անել հետևյալ եզրահանգումները.
- Եվրոպայի թուրքական սփյուռքի վերաբերյալ հրապարակված պաշտոնական թվերը չեն արտացոլում նրա իրական քանակական պատկերը, քանի որ դրանք վերաբերում են գաղթականներին և չեն ներառում եվրոպական երկրների ազգությամբ թուրք քաղաքացիներին։
- Թուրք գաղթականներ հասկացությունն այստեղ պայմանական է, քանի որ ներկայացվող թվերը վերաբերում են Թուրքիայի տարածքից գաղթածներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։
- Ներկայում տեղի է ունենում թուրքական սփյուռքի քանակական մեծացման ինտենսիվ գործընթաց։
- Գաղթի ուղղությունների դիտարկումը ցույց է տալիս, որ այն ընթանում է հիմնականում դեպի Եվրոպա, մասնավորապես, վերջինիս առանցքը կազմող Գերմանիա և Ֆրանսիա։
- Օսմանյան կայսրության վերջալույսին Եվրոպայից գրեթե վերջնականապես դուրս մղվելուց հետո այսօր Թուրքիան ակտիվորեն վերադառնում և վերահաստատվում է այնտեղ առայժմ ոչ թե զենքի, այլ ժողովրդագրական էքսպանսիայի և դրա արդյունքում՝ իր քաղաքական ազդեցության մեծացման միջոցով։ Այս տեսակետից ուշագրավ է 5 երեխա ունենալու Ռ. Էրդողանի կոչը Եվրոպայում բնակվող թուրքերին, որում նախագահը միաժամանակ նրանց համարում էր Եվրոպայի ապագան[44]։
- Վերոհիշյալը լուրջ սպառնալիք է Եվրոպայի անվտանգությանը, քանի որ, չնայած եվրոպական երկրների քաղաքական ընտրանիներում ընդգրկված ազգությամբ թուրք գործիչները հիմնականում հավատարմություն են ցուցաբերում այդ երկրների նկատմամբ՝ հաճախ հակադրվելով թուրքական իշխանություններին, այնուամենայնիվ, օրըստօրե մեծացող թուրքական սփյուռքի թիկունքին կանգնած է և նրան ուղղորդում է գնալով հզորացող և օսմանյան շրջանի աշխարհակալական փառքը վերականգնել ձգտող (նեոօսմանիզմի գաղափարախոսություն) Թուրքիան, որտեղ Արդարություն և Զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո նկատվում է նաև (քաղաքական) իսլամի վերելք, ինչը նույնպես նեոօսմանականության կյանքի կոչման դրսևորում է. ժամանակին Օսմանյան կայսրությունը կրոնապետությունն էր, սուլթանն էլ ուներ խալիֆի կարգավիճակ։ Այս առումով պատահական չէ արևմտյան որոշ հեղինակների կողմից Գերմանիայի թուրքական համայնքների դիտարկումը այդ երկրի համար պոտենցիալ սպառնալիքի տեսանկյունից՝ «...որպես ծայրահեղականության և անջատականության օջախներ»[45]։
- Թուրքական սփյուռքի հզորացումը և ակտիվացումը որոշակի սպառնալիք է նաև Եվրոպայի հայ համայնքների համար, ինչպես մրցակցության թեժացման, այնպես էլ հակահայկականության դրսևորումների իմաստով, քանի որ նրա գործունեությունն ուղղված է նաև հայության դեմ, իսկ միջոցների առջև խտրություն չի դրվում։
[1] Տե՛ս Սիմավորյան Ա., Հովյան Վ., Վերանյան Կ., Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2017թ., էջ 170։
[2] Արտասահմանի մէջ 5 միլիոն թուրք կը բնակի, Նոր Մարմարա, 07.02.2019
[3] Համաձայն նույն աղբյուրի՝ ԱՄՆ-ում թուրքահպատակների թիվը 300 հազ. է, Կանադայում՝ 70 հազ., Ավստրալիայում՝ 150 հազ.։ Նույն տեղում։
[4] ՄԱԿ տուեալներ հրապարակեց թուրք գաղթականներու մասին, Նոր Մարմարա, 15.06.2019
[5] Այլ երկրներում, համաձայն նույն աղբյուրի, թուրք գաղթականների թիվն ունի հետևյալ պատկերը՝ ԱՄՆ (107 հազ.), Սաուդյան Արաբիա (101 հազ.), Ղազախստան (85 հազ.)։ Մնացած երկրներում այն ավելի փոքր է։ Նույն տեղում։
[6] Ayca Arkilic, How Turkey’s outreach to its diaspora is inflaming tensions with Europe
[7] Чулковская Е.Е., Турецкая диаспора Германии: успехи в немецкой политике
[8] Սաֆարյան Ա., Արդարություն, թե՞ աչքակապություն, Ազգ, 03.05.2019
[9] Чулковская Е.Е., Турецкая диаспора Германии: успехи в немецкой политике
[10] Նույն տեղում։
[11] Turks underrepresented in new German parliament
[12] 5 Turks to hold office in new European Parliament
[13] Տե՛ս Սիմավորյան Ա., Հովյան Վ., Վերանյան Կ., Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ, «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2017թ., էջ 171-174։
[14] https://www.ytb.gov.tr/en
[15] Çiçek: Kimse hukukun üstünde olamaz, Timeturk, 21.12.2009, հղումը՝ ըստ Габриелян Айк, Отношения Турции с турецкой диаспорой в Европе
[16] Чулковская Е.Е., Турецкая диаспора Германии: успехи в немецкой политике
[17] Նույն տեղում։
[18] «ԱՐԱՄ» ընկերակցութիւնը ներքին գործոց նախարարէն կը պահանջէ լուծել թրքական «COJEP France» ընկերակցութիւնը, Նոր Յառաջ, 18.04.2019։
[19] Տե՛ս Габриелян Айк, Отношения Турции с турецкой диаспорой в Европе
[20] Նույն տեղում։
[21] Спокойно и при высокой явке. Как в Турции прошли выборы
[22] Турецкая диаспора в Европе поддержала переход на президентскую систему
[23] Նույն տեղում։
[24] Տվյալները՝ նույն տեղում։
[25] Տվյալները՝ նույն տեղում։
[26] Թուրքիայի ընտրությունների արդյունքները. Էրդողանյան սուլթանիզմի դիրքերը սասանվում են
[27] Նույն տեղում։
[28] Կարճ տողերով, Նոր Մարմարա, 27.08.2019
[29] Տե՛ս Чулковская Е.Е., Турецкая диаспора Германии: успехи в немецкой политике
[30] Տե՛ս Նոր Փոթորիկ՝ Թուրքիոյ ներքին-քաղաքական կեանքէն ներս, Նոր Մարմարա, 20.08.2019
[31] Տե՛ս «Միջազգային ներումը»ը՝ պաշտօնանկ եղած Հէ-Տէ-Փէցի քաղաքապետներու մասին, Նոր Մարմարա, 21.08.2019
[32] Чулковская Е.Е., Турецкая диаспора Германии: успехи в немецкой политике
[33] Նույն տեղում։
[34] 5 Turks to hold office in new European Parliament
[35] Հովսեփյան Ա., «Գյոթե» մրցանակ Դողան Աքհանլիին, «Ազգ», 30.08.2019
[36] Three Armenians elected to French National Assembly
[37] Շուէտի արտաքին նախարարի յայտարարութիւնը «հայոց ցեղասպանութեան» մասին. «Առանց ուժեղ փաստեր ունենալու դժուար է պետութիւն մը ցեղասպան երկիր հռչակել», Նոր Մարմարա, 06.07.2019
[38] Տե՛ս Լուսաբանութիւն՝ Շուէտի արտաքին նախարարի յայտարարութիւններու առընչութեամբ, Նոր Մարմարա, 09.07.2019
[39] Սաֆարյան Ա., Արդարություն, թե՞ աչքակապություն, Ազգ, 03.05.2019
[40] Սաֆարյան Ա., Բրյուսելը շրջանցում է Հայոց ցեղասպանությունը, Ազգ, 19.04.2019
[41] Գերմանիոյ եկեղեցիները վտանգի տակ են, Նոր Մարմարա, 16.05.2019
[42] Անհայտ անձինք հարձակվել են Ֆրանսիայի «Սամուել Մուրադյան» վարժարանի վրա
[43] Դարձեալ Յարձակում Ֆրանսայի Սամուէլ Մուրատեան Վարժարանին Վրայ
[44] Տե՛ս Three children not enough, have five: Erdoğan to Turks in EU
[45] Слободенюк В., Турецкая диаспора в Германии: социально-экономическое, политическое и культурное положение во второй половине XX - начале XXI вв.: диссертация ... кандидата исторических наук (Место защиты: Кубан. гос. ун-т), Краснодар, 2011, Введение к работе