Հայաստանցի միգրանտների խնդիրը Թուրքիայում
9 ր. | 2019-08-01Հ այաստանի անկախացումից հետո մեծ թվով աշխատանքային միգրանտներ հայտնվեցին Թուրքիայում, որոնք այդ երկրի հայության համեմատաբար խոցելի խումբն են՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով.
ա) նրանց կեցությունն ու աշխատանքային գործունեությունը Թուրքիայում հաճախ անօրինական է,
բ) Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետական խողովակներով չի կարողանում անհրաժեշտության դեպքում օգնել, նպաստել նրանց տարատեսակ խնդիրների լուծմանը կամ պաշտպանել ոտնձգություններից։
Հիշյալ հանգամանքների պատճառով հայաստանցի միգրանտները դառնում են ինչպես քաղաքական մեքենայությունների (մանիպուլյացիա) գործիք թուրքական իշխանությունների և քաղաքական շրջանակների ձեռքում, այնպես էլ ոտնձգությունների թիրախ՝ պետության և հասարակական հետադեմ ուժերի համար։
Թվաքանակը
Թ ուրքիայում հայաստանցի միգրանտների թվի մասին ճշգրիտ վիճակագրություն չկա: Թեև իշխանությունները հաճախ խոսում են 100 հազարի մասին, սակայն, համաձայն հայկական տվյալների, այն խիստ ուռճացված է։
Հարյուր հազար ասելով՝ թուրքական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն երկրի ողջ հայությունը՝ ինչպես Թուրքիայի քաղաքացի հայերին (պայմանական[1] ասած՝ հայ համայնքի ներկայացուցիչներին), այնպես էլ հայաստանցի աշխատանքային միգրանտներին։
Եթե հայ համայնքի թիվը, համաձայն Հայոց պատրիարքության տվյալների, մոտ 70 հազար է, ապա մնացյալ 30 հազարը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի քաղաքացիներն են։ «Հրանտ Դինք» հիմնադրամի և Ստամբուլի Բիլգի համալսարանի Գաղթականության ուսումնասիրության կենտրոնի 2019թ. հունիսին հրապարակած տեղեկագիրը հայ միգրանտների ավելի սահմանափակ թիվ է նշում՝ 15-20 հազար[2]։ Հայ գաղթականների քանակի վերաբերյալ նման գնահատական է տվել նաև թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը[3]։
Թուրքական իշխանությունների կողմից հայ գաղթականների թվի արհեստական ուռճացումը հետապնդում է հետևյալ նպատակները.
- Թուրքիայի համար հանդուրժողական, ժողովրդավար, հյուրընկալ և գրավիչ երկրի կերպարի ձևավորում և քարոզչություն,
- Ցեղասպանության քողարկված ժխտում՝ այն տրամաբանությամբ, որ եթե Թուրքիան ցեղասպան երկիր է, ապա ինչո՞ւ են այդքան մեծ թվով հայեր հաստատվել այնտեղ,
- Արտաքսման սպառնալիքի ազդեցիկության մեծացում:
Խոցելիության դրսևորումները
Լ ինելով խոցելի խումբ՝ հայաստանցի միգրանտները պարբերաբար հայտնվում են թուրքական ցասման թիրախում։ Ամեն անգամ, երբ միջազգային ասպարեզում արծարծվում է Հայոց ցեղասպանության խնդիրը, թուրքական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հիշելու նրանց՝ մի կողմից շեշտելով նրանց ապօրինի կեցությունը Թուրքիայում, մյուս կողմից՝ վտարելու հնարավորությունը։
Հայ գաղթականներին արտաքսելու թեման թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում օրակարգային է եղել դեռևս 1990-ական թթ. կեսից։ Առաջին անգամ այդ մասին հիշատակել է վարչապետ Թանսու Չիլլերը[4]։
Թեման առավել ակտիվ շոշափվում է հատկապես վերջին տասնամյակում. 2010թ. հայերին արտաքսելու սպառնալիք հնչեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից[5]։ Հետագայում նույնպես համանման սպառնալիքները պարբերաբար կրկնվեցին ինչպես բարձրագույն իշխանությունների[6], այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։
Հերթական դեպքը տեղի ունեցավ այս տարվա փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի ելույթից հետո։ Նա հայտարարել էր, որ ապրիլի 24-ն առաջիկայում Ֆրանսիայում կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր[7], ինչն ի կատար ածվեց ապրիլի 10-ին՝ նախագահի հրամանագրով[8]։
Այս հայտարարությունը բուռն արձագանքի ստացավ Թուրքիայում. կուսակցություններից մեկի` Մեծ միության կուսակցության (Բյույուք Բիրլիք Փարթիսի) նախագահ Մուստաֆա Դեսթիջին, խիստ քննադատելով Ֆրանսիային և նրա նախագահին, ասել էր. «Այսօր Թուրքիայում որպես փախստական գտնվող հարյուր հազար հայաստանցի հայ կա։ Ես ասում եմ, որ մենք էլ սրանց Թուրքիայի սահմաններից դուրս վտարենք։ Նրանք մի կողմից հակաթուրքական լոբբի են կազմում, մյուս կողմից էլ մենք են նրանց սնուցում»[9]։
Բացի քանակի հարցում անճշտությունից, այս հայտարարության մեջ առկա է քաղաքական մեքենայության ևս մեկ ակնհայտ դրսևորում. հայ գաղթականներին վերագրվում է Թուրքիայի դեմ գործունեություն ծավալելու մեղադրանք։ Իրականում հայտնի չէ որևէ փաստ, որ հայաստանցիները Թուրքիայում զբաղվում են լոբբիստական գործունեությամբ։ Նրանք ընդամենը աշխատանքային միգրանտներ են, ովքեր, ելնելով կյանքի ծանր պայմաններից, իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել։ Մեծ ցանկության դեպքում անգամ նրանք չեն կարող զբաղվել հակաթուրքական լոբբինգով, քանի որ դրա համար չունեն ո՛չ իրավական, ո՛չ կազմակերպչական, ո՛չ նյութական-ֆինանսական և ո՛չ էլ այլ ռեսուրսներ։ Ստացվում է, որ հայ միգրանտների թվի արհեստական ուռճացումը թուրքական հասարակական-քաղաքական որոշ շրջանակների համար ծառայում է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր նպատակի՝ հակահայկական քարոզչությանը։
2019թ. հուլիսին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Արդարություն և զարգացում կուսակցության անդամ Սուլեյման Յոզգարաասլանը սոցիալական ցանցերում հանդես է եկել սիրիացի փախստականների և այլ ներգաղթյալների հետ միասին «Թուրքիոյ մէջ ապօրէն կերպով բնակող 100 հազար հայաստանցիները» արտաքսելու վերաբերյալ հարց-առաջարկությամբ։ Հայաստանցի միգրանտներին արտաքսելու թեման այնքան սովորական է դարձել Թուրքիայի քաղաքական խոսույթում (դիսկուրս), որ Նոր Մարմարա թերթի բնորոշմամբ «... երբ քաղաքական օրակարգը պարապ է, եւ հարց մը չկայ մէջտեղը, հայաստանցիները երկրէն արտաքսելու թէման միշտ «պատրաստ» վիճակի մէջ կը հանուի քաղաքական դարաններու մէջէն ու յանկարծ կը դրուի օրակարգի վրայ»[10]։
Ինչ վերաբերում է հասարակության հետադեմ տարրերի կողմից իրականացվող ոտնձգություններին, ապա վերջին դրսևորումներն են Արթուր անունով 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությունը» հեռուստաեթերով 2019թ. մայիսին[11], ինչպես նաև մայիսի 31-ին Արփինե Թումանյանի դանակահարությունը՝ հետագայում նմանատիպ գործողությունները հայաստանցի միգրանտների նկատմամբ կրկնելու «սա դեռ սկիզբն է» սպառնալիքով[12]։
Այն, որ հիշյալ հանցագործությունը սոսկ դիպված չէ և վկայում է ընդհանուր մթնոլորտի մասին, հիմնավորվում է ոչ միայն նշված սպառնալիքով («սա դեռ սկիզբն է»), այլև նրանով, որ, ըստ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Հյուդա Գայայի, Կ. Պոլսում (Սամաթիայում) ապրող շատ հայերի տների արտաքին պատերի վրա հատուկ նշաններ են արված[13]։
Անհանդուրժողականության նման դրսևորումներն ի վերջո ստիպում են Թուրքիայում հաստատված հայաստանցի միգրանտներին մտածել այդ երկրից հեռանալու մասին։ Դանակահարված Արփինե Թումանյանի ընտանիքը (ամուսիններ և երկու երեխա) հանցագործությունից հետո նախ ապահովության նկատառումներով տեղափոխվեց այլ բնակարան, ապա, կնոջ ապաքինումից հետո, վերադարձավ Հայաստան։ Այս միտմանը նպաստում է նաև ոտնձգությունների նկատմամբ թուրքական պետության կրավորական վերաբերմունքը. հանցագործությունը մինչ օրս բացահատված չէ՝ հակառակ հայկական համայնքային կառույցների, պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի առաջադեմ այլ ուժերի (Կ. Փայլանի կուսակցական գործընկերների)[14] գործադրած ջանքերին՝ իրավապահ մարմինների կողմից հանցագործության բացահայտման ուղղությամբ։
Հարաբերություններն ավանդական հայ համայնքի հետ
Ա յնուամենայնիվ, չի կարելի պնդել, թե հայաստանցի գաղթականները Թուրքիայում լիովին անպաշտպան են, քանի որ նրանց շահերի ու իրավունքների պաշտպանությունը մասամբ իրենց վրա են վերցնում այլ կառույցներ և անհատներ, որոնց թվում են հայկական եկեղեցական հաստատությունները՝ Հայ Առաքելական Եկեղեցու Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները։ Օրինակ՝ վերապատվելի Գրիգոր Ազաբալօղլուի ջանքերով դեռևս 2003թ. հիմնվել է «Հրանտ Դինք» վարժարանը՝ հայաստանցի մանուկների հայեցի կրթությունն ապահովելու նպատակով։
«Հրանտ Դինք» վարժարանի սաները ծնողների, մանկավարժների և հաստատության ղեկավարների հետ
Ծևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում որոշակիորեն իրականացնում է Թուրքիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործառույթներ։ Բացի այդ, հայաստանցի աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցում նախանձախնդրություն է ցուցաբերում նաև Թուրքիայի հայկական մամուլը՝ օպերատիվ և քննադատաբար արձագանքելով ոտնձգություններին:
Ինչ վերաբերում է անհատներին, ապա նրանցից ամենաակնառու գործիչը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից) Կարո Փայլանն է, ով այդ երկրի օրենսդիր մարմնում և դրանից դուրս հայության բազմաթիվ խնդիրների հետ միասին բարձրաձայնում է նաև Թուրքիայում հաստատված հայ գաղթականների խնդիրները։
Ինչպես 13-ամյա հայաստանցի տղայի «կրոնափոխությունը», այնպես էլ Արփինե Թումանյանի դանակահարությունը դատապարտվել են Կարո Փայլանի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքության կողմից։
Ուղիղ եթերում 13-ամյա Արթուրի «կրոնափոխությունից» հետո Կ. Պոլսի Հայոց պատրիարքի (արդեն նախկին) ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը։ Սրբազանը բողոք է ներկայացրել հայ պատանուն «կրոնափոխած» իսլամական քարոզիչ Նիհաթ Հափիթօղլուի դեմ[15], իսկ Կարո Փայլանը սոցիալական ցանցերում երևույթը համարել է անչափահասների շահագործում և հայտարարել, թե պատրաստվում է պաշտոնապես բողոք ներկայացնել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ ընդդեմ այդ հեռուստահաղորդման[16]։
Հայաստանցի կնոջ վրա հարձակումից հետո Պոլսո Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապ է հաստատել Ստամբուլի Ապահովության տնօրինության հետ՝ հանցագործությունը բացահայտելու խնդրանքով։ Վերջինս նաև այցելել է դաշունահարված կնոջը՝ օրհնելով և լիակատար ապաքինում մաղթելով նրան[17]։ Կարո Փայլանը, ինչպես և իր կուսակից Հյուդա Գայան, հանցագործության մասին հարցում է արել ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուին։ Հայազգի պատգամավորը ևս այցելել է հարձակման ենթարկված ընտանիքին[18]։
Հայաստանցի միգրանտների նկատմամբ ոտնձգությունները դատապարտվել են ոչ միայն Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլև իշխանական առողջ շրջանակների կողմից։ Սուլեյման Յոզգարաասլանի թվիթերյան գրառումը բողոքի ալիք է բարձրացրել անգամ Արդարություն և զարգացում կուսակցության շրջանակներում և ներկայացվել վերջինիս կարգապահական խորհրդի քննարկմանը[19]։
Չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանցի միգրանտների երեխաների կրթական խնդիրների նկատմամբ հոգածությունը, նրանց անվտանգութան ապահովման նպատակով քայլերի ձեռնարկումը և առհասարակ՝ նրանց խնդիրների լուծմանն աջակցությունը հայկական համայնքային կառույցների և տեղի անհատ հայերի կողմից վկայում է ոչ միայն Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում համայնքային հաստատությունների կողմից պետության գործառույթները որոշակիորեն իրենց վրա վերցնելու հանգամանքի, այլև տեղի ավանդական հայ համայնքի մեջ աշխատանքային միգրանտների համարկման (ինտեգրման) մասին։ Թուրքիայի հայ համայնքն ու հայաստանցի գաղթականները, պահպանելով իրենց յուրահատկությունները, մեկ ամբողջության երկու շերտերն են։
Միևնույն ժամանակ, չնայած հայաստանցի գաղթականների զանգվածային արտաքսման սպառնալիքը մինչ օրս տեսականորեն է շրջանառվում Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախագահ Էրդողանի գործողությունների անկանխատեսելիությունը և վերելք ապրող ազգայնամոլությունը՝ այդ հեռանկարի կյանքի կոչման հավանականությունը գնալով մեծանում է[20]։
[1] Պայմանական՝ քանի որ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում նույնպես պահպանվում են հայության բեկորներ (ինչպես նաև Ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված հայերի սերունդներ), որոնց համայնք անվանելը ճիշտ չէ՝ հաշվի առնելով, որ նրանք բնակվում են իրենց պատմական հայրենիքում։
[2] Հայաստանցի գաղթականներու հարցի շուրջ քննարկում՝ Պիլկի համալսարանին մէջ, Նոր Մարմարա, 14.06.2019
[3] Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել
[4] Նույն տեղում։
[5] Տե՛ս Էրդողանը սպառնում է արտաքսել հազարավոր հայերի. Հայաստանը դատապարտում է
[6] Տե՛ս, օրինակ, Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին,
Էրդողանը կրկին սպառնացել է արտաքսել հայերին Թուրքիայից
[7] Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
[8] Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու հրամանագիրը
[9] ՊՊՓ-ի կուսակցապետ Տէսթիճիի պատասխանը նախագահ Մաքրոնի, Նոր Մարմարա, 08.02.2019
[10] Անտեղի առաջարկ մը՝ Ա-Գէ-Փէցի երեսփոխանէն. «Երկրէն արտաքսենք ապօրէն կերպով ապրող հայաստանցիները», Նոր Մարմարա, 12.07.2019
[11] Տե՛ս Թուրքիայում հայ տղայի «կրոնափոխությունն» ու դրան հաջորդած արձագանքները
[12] «Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին
[13] Հէ-Տէ-Փէցի Հիւտա Գայա հայաստանցի դաշունահարուած կնոջ հարցը օրակարգի բերաւ խորհրդարանի մէջ, Նոր Մարմարա, 12.06.2019
[14] Խոսքը, մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավոր Հյուդա Գայայի մասին է, ով բարձրացրել է այդ հարցը Թուրքիայի խորհրդարանում։ Տե՛ս նույն տեղում։
[15] Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը բողոք է ներկայացրել հայ տղային կրոնափոխած հաղորդավարի դեմ
[16] Կարո Փայլանը բողոք կներկայացնի դատախազություն հայ տղայի կրոնափոխության հարցով, Իսլամ ընդունած տղայի դեպքը Փայլանը որակում է երեխայի շահագործում. նա բողոք կներկայացնի
[17] Արամ արք. Աթէշեան այցելեց դաշունահարուած հայաստանցիին, Նոր Մարմարա, 10.06.2019
[18] Փայլանի գրառումը՝ հայաստանցի ընտանիքի մասին, Նոր Մարմարա, 13.06.2019
[19] Բողոքի ձայներ «Հայաստանցիները վտարենք» ըսող քաղաքագէտին դէմ, Նոր Մարմարա, 27.07.2019
[20] Հայաստանցիներին կարտաքսե՞ն Թուրքիայից. երկրում խաղի կանոններ են փոխվել