ԵՄ նոր ղեկավարները
9 ր. | 2019-07-312019թ. մայիսի 23-26-ը տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին հաջորդեց ԵՄ առանցքային պաշտոններում ներկայացուցիչների առաջադրումն ու ընտրությունը. Եվրոպական խորհուրդը, հունիսի 30-ից հուլիսի 2-ը կայացած հատուկ գագաթնաժողովում, առաջադրել է ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի թեկնածուին, ընտրել է Եվրոպական խորհրդի նախագահին։ Եվրոպական խորհրդարանը հուլիսի 3-ին արդեն ընտրել է Եվրախորհրդարանի նախագահին, իսկ հուլիսի 16-ին հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին։
ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները
Ե վրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ԵՄ առանցքային պաշտոններում թեկնածուների առաջադրման ուղղությամբ առաջին քննարկումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարների առաջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որից հետո եվրոպական երկրների ղեկավարները հանդիպել են հունիսի 21-22-ը՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում, սակայն չեն կարողացել համաձայնության գալ թեկնածուների առաջադրման հարցում, ինչի արդյունքում որոշվել է բանակցությունները շարունակել մինչև հունիսի 30-ը։ Համաձայնությունը կայացվել է հունիսի 30-ից հուլիսի 2-ը Բրյուսելում կայացած հատուկ գագաթնաժողովի ժամանակ։
Եվրոպական խորհրդի նախագահ
Ե վրոպական խորհրդի նախագահն ընտրվում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ ձայների որակյալ մեծամասնությամբ և պաշտոնավարում է երկուսուկես տարի՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։ Եվրոպական խորհրդի հունիսի 30-ից հուլիսի 2-ը կայացած հատուկ գագաթնաժողովում նոր նախագահ է ընտրվել Շառլ Միշելը, ով իր լիազորությունները ստանձնելու է 2019թ. դեկտմեբերի 1-ից մինչև 2022թ. մայիսի 31-ը։
Բելգիացի լիբերալ քաղաքական գործիչ Շառլ Միշելը 2014թ.-ից Բելգիայի վարչապետն է։ Նա հանդես է գալիս ԵՄ այնպիսի արժեքների պահպանման օգտին, որպիսիք են «համերաշխությունը, ազատությունը և հարգանքը»։ Շառլ Միշելը համարվում է արդյունավետ բանակցող և «հաշտեցնող», ով 2018թ. դեկտեմբերին կարողացել է հաղթահարել Բելգիայում սկսված ներքաղաքական ճգնաժամը և կայունացնել իրավիճակը:
2015թ. հունիսի 18-ին վարչապետ Շառլ Միշելը Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և շեշտել, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ցեղասպանություն որակվեն։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Ե վրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրում է Եվրոպական խորհուրդը, ապա՝ հաստատվում Եվրոպական խորհրդարանի կողմից՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Եվրոպական խորհրդի գագաթաժողովում Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով հուլիսի 16-ին 383 կողմ ձայնով հաստատվել է Եվրոպական խորհրդարանի կողմից։ Այս պաշտոնում առաջին կին գործիչ Լայենը փոխարինելու է Ժան Կլոդ Յունկերին։
Առաջին մասնագիտությամբ բժիշկ ֆոն դեր Լայենը 1990թ. միացել է Քրիտոնեա-դեմոկրատական կուսակցությանը և տարբեր պաշտոններ զբաղեցրել՝ մինչև 2005թ.-ին Անգելա Մերկելի կաբինետում Ընտանիքի, կանանց, երիտասարդների հարցերով նախարարի պաշտոնը։ 2009թ. ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր և նշանակվել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար։ 2013թ. ֆոն դեր Լայենը դարձել է Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ Բրեքսիթի գործընթացը մեծ կորուստ է բոլորի համար, սակայն գործարքից հետո ոչինչ չի ավարտվելու, և ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան ամուր հարաբերություններ են կառուցելու, ինչի համար էլ առանց գործարքի բրեքսիթը ոչ մի կողմին ձեռնտու չէ։ Նա անգամ պատրաստակամություն է հայտնում երկարաձգել բրեքսիթի գործընթացն ավարտին հասցնելու ժամկետը։ Լայենը նաև հանդես է գալիս բնապահպանական խնդիրների լուծման և այնպիսի բարեփոխումների օգտին, որոնք կնպաստեն գենդերային հավասարության աստիճանի մեծացմանը և աշխատավարձի բարձրացմանը։ Ֆոն դեր Լայենն ակտիվորեն պաշտպանում է «Եվրոպայի Միացյալ Նահանգների» գաղափարը և կոչ է անում միգրացիոն քաղաքականության հարցում «բեռի» հավասար բաշխում իրականացնել անդամ երկրների միջև։
2016թ. Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ նշելով, որ սեփական անցյալի քննադատական և բաց հայացքն օգնում է Գերմանիայում ձևավորել ուժեղ ավանդույթներ:
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ
Ե վրոպական կենտրոնական բանկը պատասխանատու է եվրոյի գոտու ԵՄ 19 անդամ երկրների դրամային քաղաքականության համար և ԵՄ ֆինանսական ինստիտուտների գլխավոր համակարգողն է։ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Եվրոպական խորհրդի ձայների որակյալ մեծամասնությամբ։
Հուլիսի 2-ին Եվրոպական խորհուրդը համաձայնության է եկել Եվրոպական կենտրոնական բանկի նոր նախագահի նշանակման հարցի շուրջ, և այդ պաշտոնը զբաղեցնելու է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայիս տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, ով այս պաշտոնում առաջին կին գործիչն է լինելու։
Ֆրանսիացի իրավաբան և պահպանողական քաղաքական գործիչ Քրիստին Լագարդը եղել է Ֆրանսիայի ֆինանսների առաջին կին նախարարը (2007-2011թթ), իսկ 2011թ-ից մինչ օրս Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչն է։ 2018թ. դեկտեմբերի 4-ին Forbes-ի հրապարակման համաձայն՝ Լագարդը աշխարհի ուժեղագույն կանանց ցուցակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից և ՄԲ վարչապետ Թերեզա Մեյից հետո։
Քրիստին Լագարդն ԱՄՀ շրջանակներում առանցքային դերակատարում է ունեցել «փլուզման» շեմին գտնվող այնպիսի պետություններին աջակցության գործում, որպիսիք են Հունաստանն ու Ուկրաինան։ Հունաստանի ֆինանսական ճգնաժամի ժամանակ Լագարդն ակտիվորեն կոչ էր անում Եվրոպային ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հունաստանին, քանի որ երկիրը միայնակ չէր կարող հաղթահարել ճգնաժամը։ Հենց այդ նպատակով էլ ԱՄՀ կողմից մեծ թվով վարկեր են տրամադրվել Հունաստանին։ Քրիստին Լագարդի ջանքերով 2015թ. ԱՄՀ-ն Ուկրաինային 40 մլրդ դոլար է տրամադրել՝ տնտեսության կայունացմանը նպաստելու համար։
Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ա րտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պետք է ձևավորի և ղեկավարի ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականությունը և ուղղորդի ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունները։ ԵՄ լիդերներն այս պաշտոնում թեկնածու են ընտրում ձայների որակյալ մեծամասնությամբ, որին պետք է հաստատի Եվրոպական Հանձնաժողովի նախագահը։ ԵՄ անդամ երկրների հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի ունեցած հատուկ գագաթաժողովի արդյունքում այս պաշտոնում առաջադրվել է իսպանացի սոցիալիստ քաղաքական գործիչ Ջոզեֆ Բորելը։ Իսպանիայի սոցիալիստական-աշխատավորական կուսակցության անդամ Ջոզեֆ Բորելը 2004-2007թթ. եղել է Եվրոպական խորհրդարանի նախագահը, իսկ այժմ զբաղեցնում է Իսպանիայի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Բորելը 2000թ. Իսպանիայի նախագահական ընտրություններում եղել է Սոցիալիստական կուսակցության թեկնածուն, սակայն ֆինանսական սկանդալների պատճառով հանել է իր թեկնածությունը։ 2015թ. նա կրկին ֆինանսական սկանդալի կիզակետում է եղել, որի հետ կապված 2018թ. 30.000 եվրո տուգանքի է ենթարկվել։
Բորելը Ռուսաստանի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, և նրան համարում է «հին թշնամի ու սպառնալիք»։ Իրանամետ գործիչ համարվող Բորելը հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությամբ, իսկ ԱՄՆ անկախությունը համարում է «հեշտ ձեռք բերված», ինչին նրանք հասել են «մի քանի հնդկացի սպանելով»։ Ծնունդով Կատալոնիայից Բորելը միշտ հանդես է եկել Կատալոնիայի անկախացման դեմ և քննադատել է 2017թ. հոկտեմբերին Կատալոնիայի անկախացման անհաջող փորձը։ Բորելը քննադատում է Իսրայելին և ճանաչում է Պաղեստին պետության անկախությունը։ Նա թշնամի է համարում նաև Չինաստանին։
Եվրոպական խորհրդարանի նախագահ
Ե վրոպական խոհրդարանի նախագահը համակարգում է խորհրդարանի ընթացիկ աշխատանքները, վերահսկում է խորհրդարանական բանավեճերը։ Պաշտոնավարման ժամկետը 2.5 տարի է՝ մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ։ Խորհրդարանի նախագահն ընտրվում է խորհրդարանականների կողմից՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Հուլիսի 3-ին եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Սոցիալիստների և դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Դավիթ-Մարիա Սասոլին, ով փոխարինելու է Անտոնիա Տայանին: Իտալացի քաղաքական գործիչ Սասոլին իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես լրագրող։ Նրա քաղաքական կարիերան մեկնարկել է Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ստեղծմանը զուգահեռ, որի կազմում էլ 2009թ. ընտրվել է պատգամավոր։ 2014թ. Սասոլին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին և այնուհետև զբաղեցրել է եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։
Սասոլին հանդես է գալիս ԵՄ-ում քաղաքացիների և ինստիտուտների միջև «տարածությունը կրճատելու օգտին» և նշում է, որ ԵՄ-ն կարևոր բարեփոխումների կարիք ունի։ Նա նաև պաշտպանում է կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետը։
Որո՞նք են նկատվող հիմնական միտումները
Ե վրոպական խորհրդարանի ընտրություններից հետո մեկնարկած գործընթացների և ԵՄ առանցքային պաշտոններում կատարված նշանակումների արդյունքում նկատելի են որոշակի միտումներ։ Ստորև անդրադառնանք դրանցից ուշագրավներին.
- Առանքային պաշտոնների նշանակումներից պարզ դարձավ, որ դրանցում չառաջադրվեցին Կանաչներն ու եվրոսկեպտիկներն, ինչպես նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներից ներկայացուցիչներ, ինչը նրանց շրջանում դժգոհության առիթ է դարձել և կարող է անդրադառնալ խորհրդարանում կարևոր հարցերի քվեարկության վրա։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների ղեկավար շրջանակներ, սակայն, ակնկալում են, որ կստանան փոխնախագահների կամ Եվրոպական հանձնաժողովի անդամների պաշտոնները։ Հատկանշական է, որ առանցքային պաշտոններում նշանակումների ժամանակ պահպանվել է գենդերային հավասարությունն ապահովելու սկզբունքը։
- Եվրոպական խորհրդարանում ընդգծված մեծամասնության բացակայության պարագայում քվեարկությունն առավել անկանխատեսելի է դարձել։ Երբեմնի ազդեցիկ քաղաքական խմբավորումները (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը) փորձում են մեծ շեշտադրում անել փոքր ուժերի (Կանաչներ, Պահպանողականներ և այլն) հետ համագործակցության վրա։ Սա աստիճանաբար հանգեցնում է խորհրդարան անցած փոքր ուժերի կշռի մեծացմանը, որոնք արդյունավետ աշխատանքի դեպքում մեծ հնարավորություն կունենան առաջ քաշելու սեփական քաղաքական օրակարգի առաջնահերթությունները։ Հատկանշական է, որ ներկայիս խորհրդարանում որոշումների կայացման վրա կարող է էական լինել լիբերալների ազդեցությունը, իսկ ազգային պատգամավորներից, թերևս, ամենաազդեցիկը գերմանացի պատգամավորներն են։
- Եվրոպական հանձնաժողովի նախագահի ընտրությունը ցույց տվեց, որ տապալվեց Հանձնաժողովի նախագահի ընտրության հիմքում դրված առաջնորդող թեկնածուի մեխանիզմը, որի պատճառը ԵՄ որոշ երկրների ղեկավարների մոտ սկզբունքային անհամաձայնությունն ու իրենց համար առավել շահավետ տարբերակների առաջքաշումն էր։ Առաջնորդող թեկնածուի մեխանիզմը միգուցե կպահպանվի նաև Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունների ժամանակ, սակայն տապալման հավանականությունը կարող է նվազեցնել մեխանիզմի կիրառմանն առաջնային տեղ տալու հնարավորությունը։
- Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածության առաջադրումը և հետո արդեն վերջինիս ընտրությունը խորհրդարանի կողմից նպաստում են ԵՄ քաղաքական նոր շրջափուլում Ֆրանսիա-Գերմանիա տանդեմի ամրապնդմանը, ինչը կարող է նպաստել եվրոպական քաղաքականության մեջ նրանց կշռի առավել մեծացմանը և սեփական քաղաքական օրակարգի գերակա հարցերի առաջքաշմանը։ Կարելի է ենթադրել, որ նրանց համագործակցությունը հատկապես ծավալվելու է բնապահպանական, սոցիալական, միգրացիոն հարցերի շուրջ։ Այս առումով հատկանշական է նաև պաշտպանության ոլորտում նրանց հետագա համագործակցությունը, եթե հաշվի առնենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից եվրոպական բանակի գաղափարին ակտիվ աջակցությունը և Էմանուել Մակրոնի՝ համաեվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու ձգտումները։
- ԵՄ գլխավոր պաշտոններում նոր գործիչների նշանակումը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում նոր վարչապետի ընտրությունը թույլ են տալիս ենթադրել, որ որոշակի առաջընթաց կգրանցվի նաև Բրեքսիթի գործընթացում և կհաջողվի այն հասցնել իր տրամաբանական ավարտին։
- ԵՄ առանցքային պաշտոններում նշանակումներն, ինչպես նաև Հայաստանում ԵՄ նոր դեսպանի նշանակումը հնարավորություններ են ստեղծում նոր լիցք հաղորդելու Հայաստան-ԵՄ համագործակցությանը։ Պաշտոններից շատերում արդեն իսկ նշանակվել են Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող գործիչներ, ինչը կարող է իր նպաստը բերել հարաբերություններում առկա դրական ֆոնն ամրապնդելու հարցում։ Այս փուլում, սակայն, մեզ համար կարևոր է հետևողական աշխատանք տանել համագործակցության ոլորտները ոչ միայն պահպանելու, այլև առավել ընդլայնելու համար, հատկապես՝ ՀԸԳԸ իրականացման տեմպերը խթանելու գործում։