Մամուլի համահայկական համաժողովը
11 ր. | 2019-07-312 019թ. հուլիսի 2-4-ը Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայ մամուլի համահայկական համաժողով, որն անցկացվեց Կաթողիկոսության կողմից 2019թ. «Հայ մամուլի տարի» հռչակելու շրջանակներում։ Համաժողովին մասնակցում էր Հայաստանից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից շուրջ 100 լրատվամիջոցի ներկայացուցիչ։
Մասնագիտական համաժողովները կարևոր նշանակություն ունեն հայության ներուժը համախմբելու, միասնական օրակարգ ձևավորելու, համագործակցության արդյունավետ ուղիներ վերհանելու տեսանկյունից։ Լրագրողների համահայկական համաժողովներն էլ այս տեսանկյունից բացառություն չեն[1]։
Մինչ այժմ հրավիրվել է հայ լրագրողների 9 համաժողով, որոնք քննարկել են բազմազան հարցեր: Անթիլիասի համաժողովն ուներ որոշ առանձնահատկություններ.
- Ի տարբերություն լրագրողների համահայկական համաժողովների, որոնք անց են կացվել Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ), այս համաժողովը անցկացվեց Սփյուռքում՝ Անթիլիասում։ Համաժողովի մասնակից Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքերով՝ «Եթէ ցայսօր Հայաստանի մթնոլորտին մէջ քննարկած էինք համահայկական հարցերը, ապա այս անգամ տեղափոխուած էինք սփիւռք»[2]։
- Եթե նախորդ համաժողովները կազմակերպվում էին հայաստանյան կառույցների (ՀՀ սփյուռքի նախարարություն, Հայաստանի ժուռնալիստների միություն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն) նախաձեռնությամբ, որտեղ վճռորոշ դերակատարություն ուներ Սփյուռքի նախարարությունը, ապա այս համաժողովն անցկացվեց Սփյուռքի համազգային կառույցներից մեկի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ[3]։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա-ն նախ հանդես եկավ ուղենիշային, ապա՝ եզրափակիչ պատգամներով, ինչպես նաև մասնակցեց համաժողովի ողջ ընթացքին։ Վարչապետ Ն. Փաշինյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ նշելով, որ հայկական լրատվամիջոցները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում։ Այդ մարտահրավերներն, իհարկե, իրենց էությամբ և բովանդակությամբ տարբեր են, բայց և այնպես, ըստ վարչապետի, դրանց քննարկումը և լուծման ուղիների որոնումը համազգային օրակարգի հարցեր են[4]։
Վերլուծության նպատակ է բովանդակային քննության ենթարկել համաժողովում հնչած դիտարկումները, զուգորդել դրանք հեղինակային որոշակի դիտարկումներով՝ շեշտադրումն առավելապես կատարելով Սփյուռքի մամուլի վրա։
Այսպես, համաժողովի ընթացքում հնչած մտքերը կարելի է դասակարգել հետևյալ խմբերի. ա) մամուլի համար ստեղծված նոր իրողությունների արժևորում, բ) հայկական մամուլի առջև ծառացած արդի մարտահրավերների վերհանում, գ) հայ մամուլի դերն ու նշանակությունը արդի իրողությունների համատեքստում, դ) տեղեկատվական ասպարեզում Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդում։ Ինչպես նշում է Ա. Գոչունյանը վերջին կետի առնչությամբ, «Հայ մամլոյ համահայկական համաժողովի ընթացքին թէեւ արծարծուեցան բազում նիւթեր, սակայն ամենաշատ եւ ամենայաճախակիօրէն հնչած բառերէն մին էր համագործակցութիւնը»[5]։
Նոր իրողություններ
Մ ամուլի վրա ազդող նոր իրողությունների թվում համաժողովի ընթացքում առանձնացվեցին.
- Գլոբալիզացիայի արդյունքում ձևավորված նոր համաշխարհային մշակույթը, որի հետևանքով առաջացած մտածելակերպն ու գործելակերպը ջնջում են որևէ «արժեհամակարգ ու արժեչափ, ցանկապատ ու ինքնութիւն»[6], և որն արդի տեխնոլոգիաների շնորհիվ թափանցել է նաև հայ կյանք ու հայ մամուլ:
- Ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման արդյունքում տեղեկատվական հոսքերի խիստ մեծ արագությունը:
- Համացանցային մեդիայի գերակշռությունը ավանդականի (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ) նկատմամբ։ Նույնիսկ համաշխարհային այնպիսի առաջատար մամուլի օրգաններ, ինչպիսիք են New York Times-ը կամ Le Monde-ը համացանցում ավելի մեծ լսարան ունեն, քան տպագիր ընթերցողների բանակն է[7]։
- Կարճ հաղորդագրությունների առավելությունը ծավալուն նյութերի նկատմամբ, որոնք հետին պլան են մղվում։ Դրան նպաստում են մեդիայից օգտվելու գործիքները. հեռուստացույցը, ռադիոն, տպագիր մամուլը, համակարգիչը որպես տեղեկատվության գործիքներ իրենց տեղը զիջել են հեռախոսներին, որոնց միջոցով մարդիկ կարճ լուրեր են կարդում։ Բացի այդ, «... մեր օրերուն մարդիկ ստիպուած են շատ աշխատիլ եւ քիչ կարդալ»[8]։
- Անհատական մամուլի ի հայտ գալը՝ պայմանավորված համացանցի և, մասնավորապես, սոցիալական ցանցերի զարգացմամբ, որն անվիճելի ներկայություն է դարձել հասարակական կյանքում և հաջողությամբ ձեռնոց է նետում ավանդական պաշտոնական և ոչ պաշտոնական մամուլին։ Ըստ համաժողովի մասնակից Գայանե Առաքելյանի՝ «եթէ անցեալին խմբագիրները կ’որոշէին մամուլի բովանդակութիւնը, ապա ներկայիս ընկերային ցանցերը կը կատարեն այդ մէկը»[9]։
Համագումարի նիստերից մեկը
Արդի մարտահրավերները
Ա նշուշտ, մեր դարաշրջանի գիտատեխնիկական զարգացումը հեռահաղորդակցության ասպարեզում տալիս է զգալի առավելություններ, ինչպիսիք են, օրինակ, հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, տեղեկատվություն ստանալու միջոցների մատչելիությունը կամ ֆինանսական և այլ խնդիրների հետևանքով Հայաստանում և այլուր սեփական թղթակիցներ չունենալու խնդրի մեղմացումը սփյուռքի լրատվամիջոցների համար։ Եթե առցանց ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել ՀՀ կառավարության, ԱԺ-ի, այլ պետական հաստատությունների աշխատանքներին, անգամ փողոցում ծավալվող իրադարձություններին, ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների ելույթներին, ուղերձներին, մամուլի ասուլիսներին և այլն, ապա սփյուռքահայ լրատվամիջոցները կարող են և Հայաստանում չունենալ իրենց սեփական թղթակիցները։
Այս առավելություններով հանդերձ գիտատեխնիկական զարգացումը տեղեկատվական ասպարեզում նաև աղբյուր է հանդիսանում որոշակի մարտահրավերների։ Որպես լրատվամիջոցների համար նոր իրողություններից բխող մարտահրավերներ համաժողովում մատնանշվեցին հետևյալները.
- Տեղեկատվության որակի անկումը ու նրա նշանակության խեղաթյուրումը։ Տեղեկատվական դաշտը լցվում է կարճ և սկանդալային նյութերով, որոնց նպատակը «հավանումների» մեծ քանակություն հավաքելն է, ինչը կարող է հանգեցնել զանգվածների մտավոր դեգրադացմանը։ Ստացվում է, որ մամուլը, բարձրորակ և արժեքավոր նյութերի հրապարակման միջոցով հասարակության մտավոր զարգացմանը նպաստելու փոխարեն, ինչը նրա կարևոր առաքելություններից մեկն է, կատարում է հակառակ գործառույթ՝ նպաստում է հասարակական դեգրադացիային՝ սկանդալային նյութերի, ապատեղեկատվության, ոչ պատշաճ բառամթերքի ու ոճի և այլ միջոցներով։
- Խոսքի ազատության խեղաթյուրված ընկալումը և մեկնաբանումը, ինչը հանգեցնում է անպատասխանատու լրատվության տարածմանը։ Դրա դրսևորումներն են բռնության քարոզը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, թշնամանքի և ատելության սերմանումը։ «Հետզհետէ դէպի համացանցային մամուլ անցում կատարող դասական լրատուամիջոցները հասանելիութեան առաւելներ գրանցելով հանդերձ, յաճախ կը հատեն անպատասխանատուութեան սահմանը՝ բացարձակ ազատութեան սկզբունքին տակ խորքին մէջ անմակարդակ լրատուութիւն տարածելով»,- ասվում է համաժողովի հայտարարության մեջ[10]։
- Տպագիր հրատարակությունների տպաքանակի, սպառման ծավալների նվազումը, որը իր հերթին հետևանք է որակյալ նյութեր կարդացող ընթերցողների բանակի նվազման և ինքն էլ իր հերթին չի նպաստում այդ բանակի ավելացմանը։ Կարծում ենք, այս խնդիրը, մարտահարավեր լինելով, միևնույն ժամանակ ունի նաև դրական կողմ՝ այն առումով, որ սահմանափակ տպաքանակ ունեցող հրատարակությունների լսարանը դառնում է ավելի նեղ և թիրախային՝ բարձրացնելով նաև հրապարակվող նյութերի որակը։ Այստեղ որոշակիորեն տեղի է ունենում նաև դերերի բաշխում. համացանցային, հատկապես սոցցանցային մամուլը դառնում է լայն սպառման մամուլ՝ ուղղված որքան հնարավոր է մեծ լսարանի, իսկ տպագիր հրատարակություններն ավելի թիրախային են՝ ուղղված բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված հանրությանը։
- Ֆինանսական և կադրային խնդիրները, որոնք պատճառ են դառնում լրատվամիջոցների փակման կամ հրատարակությունների հաճախականության նվազման (օրինակ՝ օրաթերթը դառնում է շաբաթաթերթ), հրապարակվող նյութերի կրկնությունների, արտատպումների և այլն։ Հարկ է նշել, որ այս խնդիրն ի սկզբանե կանգնած է եղել հատկապես սփյուռքահայ մամուլի առաջ և պայմանավորված չէ միայն նոր իրողություններով։ Որպես այս երևույթի ավելի հիմնարար պատճառ կարելի է մատնանշել հայ համայնքների նոսրացման և ինքնության կորստով պայմանավորված համայնքային և ազգային կյանքից բազմաթիվ տաղանդավոր անհատների հեռացումը։
- Սփյուռքահայ մամուլի նահանջը իր մարդակերտման, հայակերտման, ազգապահպանման առաքելությունից, ինչը, ըստ էության, վերոհիշյալ մյուս մարտահրավերների հանրագումարային հետևանքն է։
Հայ մամուլի դերը Սփյուռքում
Հ ակառակ նոր իրողություններին և դրանց հարուցած մարտահրավերներին, հայ մամուլի առաքելությունը Սփյուռքում շարունակում է մնալ.
- մարդակերտումը՝ վեհ գաղափարներով և արժեքային համակարգով օժտված անձի ձևավորումը,
- ազգային ինքնության պահպանումը՝ հայրենասիրական ոգու քարոզչության, հայ մարդուն իր ազգային արմատների, մշակույթի, գրի ու գրականության, ազգային կյանքի հետ ծանոթացնելու միջոցով,
- արևմտահայերենի պահպանումը և զարգացումը:
Վերջին կետի առնչությամբ նկատենք, որ Սփյուռքում ամենուրեք նկատվող լեզվական նահանջի պայմաններում, երբ գնալով նեղանում են արևմտահայերենի գործածության սահմանները, մամուլը մնում է այն հիմնական հարթակը, որի միջոցով կիրառվում և զարգանում է արևմտահայերենը՝ խուսափելով մեռած լեզուների շարքը դասվելու հեռանկարից։ Մամուլը, ըստ համաժողովի մասնակից Հրաչ Սեփեթճյանի, ընտանիքի, դպրոցի և եկեղեցու հետ միասին արևմտահայերենի կենսունակության հիմնական միջավայրն է[11]։ Թվարկված գործառույթները ի սկզբանե բնութագրական են եղել սփյուռքահայ մամուլի համար։ Հետևաբար, դրանք կարելի է դասել նրա ավանդական գործառույթների շարքին։
Մեր օրերում, սակայն, ավանդական գործառույթների կողքին հարկ է ավելացնել նաև նոր իրողություններից բխող այլ գործառույթներ։ Համաժողովում անդրադարձ եղավ թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը համակարգված և արդյունավետ դիմագրավման անհրաժեշտությանը։
Մեր կողմից ավելացնենք, որ սփյուռքահայ մամուլի նոր գործառույթներին կարելի է ավելացնել նաև ա) Հայաստանի և այլ երկրների միջև տնտեսական, քաղաքական, գիտամշակութային հարաբերությունների զարգացման խթանումը, բ) մշակութային, քաղաքակրթական արժեքների տարածման միջոցով հայկական «փափուկ ուժի» քաղաքականությանն օժանդակությունը։
Վերոնշյալ նոր գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հատկապես օտարալեզու կամ երկլեզու (հայերեն և տվյալ երկրի լեզվով) լրատվամիջոցները։ Այս տեսակետից կարևոր էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի եզրափակիչ պատգամում հնչած այն դիտարկումը, որ «Օտար լեզուով հայ մամուլին դերը սկսած է դառնալ անհրաժեշտութիւն»[12]։ Բացի այդ, կարևորագույն գործոն է նաև լրագրողական պրոֆեսիոնալիզմի պահպանման և բարձրացման խնդիրը։ Հարցը հրատապ է, քանի որ ներկայում առավել քան անհրաժեշտ են որակյալ վերլուծական նյութերը։ Փաստերի չոր շարադրանքը բավարար չէ, և տեղեկատվությունը պետք է զուգորդվի արժեքավոր մեկնաբանություններով, քանզի սփյուռքահայ անվանի մտավորական Երվանդ Ազատյանի դիտարկմամբ՝ «Բացի իրազեկելէ..., հայ լրագրողը կոչումն ունի կողմնորոշելու ընթերցողը որոշ հաւաքական նպատակներու շուրջ»[13]։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի եզրափակիչ պատգամը Հայ մամուլի համահայկական համագումարում
Սփյուռքի (նաև Հայաստանի) մամուլի համար իր ավանդական և ժամանակակից գործառույթներն արդյունավետ իրականացնելու տեսակետից կարևոր նախապայման է նաև խոսքի ազատության զուգորդումը հասարակական և ազգային պատասխանատվության բարձր գիտակցության հետ։ Այլ կերպ ասած՝ մեր օրերում առավել քան հրամայական է հայկական ազատ և պատասխանատու մամուլի գոյությունը, ինչը ենթադրում է, որ լրատվամիջոցները պետք է զերծ մնան շահադիտական և վարկաբեկիչ նյութեր հրապարակելու գայթակղությունից։
Տեղեկատվական ասպարեզում Հայաստան-Սփյուռք համագործակցություն
Տ եղեկատվական ոլորտում Հայրենք-Սփյուռք համագործակցության խորացումը ենթադրում է.
ա) Միասնական օրակարգի ձևավորում։ Այն կազմում են համազգային նշանակության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արցախյան հիմնահարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, գիտակրթական, ռազմական զարգացման խնդիրները, նրա արտաքին քաղաքականությունն ու հարաբերություններն այլ երկրների հետ, հայ ինքնության պահպանման հիմնահարցերը Սփյուռքում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Համազգային օրակարգի ձևավորման հարցում ակնարկ կար նաև վարչապետ Ն. Փաշինյանի ուղերձում, որտեղ մասնավորապես ասվում էր, որ Արցախի հարցի արդարացի լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ՀՀ, ԱՀ և ընդհանրապես հայ ժողովրդի միջազգային հեղինակության ու ինքնագնահատականի բարձրացման գործում հայկական մամուլն առանցքային դերակատարություն ունի[14]։
բ) Վերոհիշյալ օրակարգային հարցերի առնչությամբ միասնական տեղեկատվական քաղաքականության մշակում և իրականցում, որը ենթադրում է այնպիսի սկզբունքների որդեգրում, ինչպիսիք են ապատեղեկատվության բացառումը, քաղաքական շահարկումներից զերծ մնալը, ազգային արժեքների ակտիվ քարոզչությունն ու տարածումը, պետական քաղաքականության տեղեկատվական ապահովումը, տեղեկատվության փոխանակումը, անառողջ մրցակցությունից զերծ մնալը և այլն։ Այս տեսակետից ուշագրավ էր համաժողովում հնչած «Հայ մամուլի դերը պահանջատիրական պայքարի նպատակների սահմանման, հստակեցման և հանրահռչակման գործում» թեմայով զեկույցը, որի հեղինակ Արամ Շահնազարյանը, ընդունելով Հայ դատի ընկալումներում որոշակի տարբերությունները Հայաստանում և Սփյուռքում, մամուլը շատ հարմար և օգտակար հարթակ նկատեց պահանջատիրության թղթածրարի հստակեցման և այդ հարցում հասարակական և քաղաքական մակարդակներով երկխոսություն ծավալելու համար[15]։ Մեկ այլ՝ «Միասնական հայ մամուլը համահայկական խնդիրների հետապնդման ճակատում» զեկուցման հեղինակը (Արտաշես Շահբազյան) շեշտեց, որ ՀՀ-ԱՀ-Սփյուռք եռամիասնության փարոսը պետք է իր դերն ունենա նաև հայկական լրատվադաշտում[16]։
Միասնական օրակարգի շուրջ ընդհանուր տեղեկատվական քաղաքականությունը կարող է հիմք դառնալ հայ մամուլի՝ որպես համաշխարհային ցանցի ձևավորման համար, ինչը «... համաշխարհայնացած ներկայ աշխարհին մէջ, ուր համացանցը դարձած է տիրական ներկայութիւն` բոլոր բնագաւառներուն մէջ, ...աւելի քան հրամայական է»[17]։ Իսկ այդ «աշխարհատարած ցանցի» մեջ պետք է փորձել ներգրավել նաև «միջազգային մամուլի աշխատակից բազում հայ լրագրողները»[18]։
Ամփոփելով նշենք, որ միասնական օրակարգի ձևավորումը և այդ օրակարգի շուրջ Հայրենիք-Սփյուռք միասնական տեղեկատվական քաղաքականության մշակումն ու իրականացումը կարող է հիմք դառնալ մեկ այլ հեռանկարային ռազմավարական խնդրի լուծմանը, որը բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, այն է՝ բազմակարծության, ինչպես նաև ՀՀ, ԱՀ, Սփյուռք առանձնահատկությունների պահպանմամբ հանդերձ՝ համահայկական մտածելակերպի ձևավորմանը[19]։
[1] Նշենք, որ նման համաժողովները լավ առիթ են նաև հասարակական-քաղաքական բազմաթիվ շրջանակներին մի հարկի տակ համախմբելու և տարբեր հարցերի շուրջ առանձին քննարկումներ կազմակերպելու համար։ Հայ մամուլի համահայկական համաժողովը նույնպես բացառություն չէր, ինչի ապացույցն է հուլիսի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հանդիպումը Ռամկավար-ազատական կուսակցության պատվիրակության հետ և համահայկական նշանակության հարցերի քննարկումը։ Տե՛ս Արամ Ա. կաթողիկոսը ընդունեց Ռ.Ա.Կ. Գերագոյն խորհուրդի պատուիրակութիւնը, Ազգ, 12.07.2019
[2] Գօչունեան Ա., Անթիլիասի համահայկական մամլոյ համաժողովի լոյսին տակ (Ա.)
[3] Տե՛ս նույն տեղում։
[4] Դեսպանը կարդաց Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայ մամուլի համահայկական համագումարի մասնակիցներին
[5] Գօչունեան Ա., Անթիլիասի համահայկական մամլոյ համաժողովի լոյսին տակ (Բ.)
[6] Վեհափառ հայրապետին պատգամը Հայ մամուլի համահայկական համաժողովին
[7] Նույն տեղում։
[8] Արեան, Ս., Ի՞նչ տեսակի լրագրող. կամ լրագրութիւն…
[9] Հայ մամուլի համահայկական համագումարը ընթացք կ’առնէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ
[10] Մամլոյ համահայկական ժողովը շեշտեց բազմակարծութեան կարեւորութիւնը
[11] Հայ մամուլի համահայկական համագումարը կը շարունակէ իր աշխատանքները
[12] Հայ Մամուլի Համահայկական Համագումարէն Յետոյ
[13] Ազատեան Ե., Նշումներ սփիւռքահայ մամուլին մասին, Պայքար, 21.07.2019, էջ 2։
[14] Դեսպանը կարդաց Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայ մամուլի համահայկական համագումարի մասնակիցներին
[15] Հայ մամուլի համահայկական համաժողովը կ'եզրափակէ իր եռօրեայ աշխատանքները
[16] Մամլոյ Համահայկական Ժողովը Շեշտեց Բազմակարծութեան Կարեւորութիւնը
[17] Անթիլիասի Մամլոյ Համահայկական Համագումարը Պէտք Է Վերածուի Մնայուն Գործընթացի. Արամ Ա. Կաթողիկոս
[18] Գօչունեան Ա., Անթիլիասի համահայկական մամլոյ համաժողովի լոյսին տակ (Գ.)
[19] Վեհափառ հայրապետին պատգամը Հայ մամուլի համահայկական համաժողովին