Անկարայի օդային վահանը

23 ր.   |  2019-07-26

 Անկարայի օդային վահանը

2 017-ի տարեվերջին Թուրքիան և Ռուսաստանը Անկարային ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային 4 համալիր մատակարարելու համաձայնագիր ստորագրեցին [1]։ Գործարքի ընդհանուր արժեքը 2.5 մլրդ ԱՄՆ դոլար է [2,3]։ Ընթացիկ տարվա հունիսին Էրդողանը հայտարարեց, որ գործարքը կայացած է և մատակարարումը կսկսվի հուլիսին [4]։

Ա լմազ-Անթեյ կոնցերնի [5,6] մեծ և միջին հեռահարության Ս-400 ցամաք-օդ դասի (Surface-to-Air Missile (SAM) զենիթահրթիռային համալիրները Ռուսաստանի զինված ուժերում են 2007-ից։ Այս համակարգը, այսպես կոչված, արգելափակման կամ պաշտպանության գոտու Anti-Access/Area Denial (A2/AD) [7,8] հայեցակարգային ռազմավարության բաղադրիչ է, և լայն կիրառություն ունի Ռուսաստանում [9,10,11], և Չինաստանում։ Ռազմավարական էությունն այն է, որ հակառակորդին հնարավորություն չի տրվում ներթափանցել կամ տեղաշարժվել պաշտպանիչ գոտում (հակահրթիռային վահան՝ Missile shield)։

Ս-400 ՀՕՊ համալիրը մինչև 400 կմ հեռավորության վրա խոցում է աերոդինամիկ թիրախներ՝ թևավոր, գեր(հիպեր)ձայնային հրթիռներ, տակտիկական և ռազմավարական, հետախուզական նշանակության ավիացիա [12]։ ԶՀՀ-ի ռադարային համակարգով թիրախը հայտնաբերվում է մինչև 600կմ շառավղով։ Որոշ տվյալներով՝ համալիրը կարողանում է որսալ երկրի մակերևույթից մինչև 0.01կմ բարձրությամբ թռչող հրթիռներ։ Stratfor կենտրոնի փորձագետների գնահատականով, Ս-400 համալիրներն ունեն արձակման 8 կայան, յուրաքանչյուրը՝ 4 հրթիռով, ինչը հնարավորություն է տալիս համազարկային կրակով թիրախավորել 32 օբյեկտ [13,14]։  

Ս-400 ԶՀՀ բաղկացած է՝  

  • 30K6E տեսակի կառավարման համակարգից (55K6E տեսակի մարտական կառավարման կետ, 91N6E տեսակի վաղ հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան/ՌԼԿ)
  • 98ZH6E տեսակի (մինչև 6 միավոր) զենիթահրթիռային համալիրներ (92N2E տեսակի բազմաֆունկցիոնալ ՌԼԿ, 5P85TE2 տեսակի արձակման կայանքներ, Ս-300PM ԶՀՀ 48N6E, 48N6E2, 48N6E3 տեսակի զենիթային հրթիռներ, 9M96E 9M96E2 և 40N6E գերհեռահար հրթիռներ),
  • Տեխնիկական ապահովման միջոցների համալիր [15]։


Աղբյուրը՝ https://geopoliticalfutures.com

Ս-400 ԶՀՀ-ի առավելություններից է շարժունակությունը. այն կարող է հաշված րոպեներում բերվել մարտական պատրաստության, կրակել և հեռանալ [16]։ Համալիրն ունի մեծ, միջին և փոքր հեռահարության կրակային համակարգերի տեղադրման ու կիրառման հնարավորություն [17]։

Ս-400 համալիրները կարող են արձակել 4 տեսակի՝ գերհեռահար 40N6E (400կմ), երկար հեռահարության 48N6 (250կմ), միջին հեռահարության 9M96E2 (120կմ) և փոքր հեռահարության 9M96E (40 կմ) հրթիռներ։ Ս-400-ի առավելություններից է տարբեր տեսակի հակաբալիստիկ հրթիռների (multiple intercept missile) արձակման հնարավորությունը [18]։ Որոշ տվյալներով, 9M96E2 տեսակի հրթիռը սլանում է 5000մ/վ արագությամբ և կարող է խոցել երկրի մակերևույթից 5մ բարձրությամբ թռչող թիրախները [19]։


9M96E2 հրթիռը, աղբյուրը՝ http://nevskii-bastion.ru

Ռազմական փորձագետները գտնում են, որ նորագույն տեխնոլոգիաներով գործող ռադարի (optional acquisition radars) շնորհիվ, Ս-400-ը կարող է որսալ դժվար հայտնաբերվող կամ քողարկման վերջին սերնդի տեխնիկական միջոցներով հագեցած ավիացիան (stealth aircraft), ինչպես օրինակ, ամերիկյան 5-րդ սենդի F-22, F-35 կործանիչ-ռմբակոծիչներն են [20] կամ օդային նախազգուշացման, վերահսկման հակամարգերը (E-3 AWACS (Sentry) Airborne Warning and Control System) [21]:


48N6E3 հրթիռը, աղբյուրը՝ http://bastion-opk.ru                                          

Stratfor-ի փորձագետների գնահատականով, Ս-400-երը նախատեսված չեն ինքնավար գործելու համար, և առավել արդյունավետ է հակաօդային պաշտպանության լայն ինտեգրված համակարգում [22,23]։

Գործարքի ռազմավարական, ռազմաքաղաքական նշանակությունը

Ռ ուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրը ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աշխարհի ամենակատարելագործված և արդյունավետ ՀՕՊ համակարգերից է [24]:

Ս-400 ԶՀՀ-երի ձեռքբերմամբ հետաքրքրված է շուրջ 13 երկիր [25], այդ թվում՝ Չինաստանը [26,27] (2014թ. պայմանագրով), Սաուդյան Արաբիան [28] (2017-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն, 2018-ին՝ ստորագրվել պայմանագիր՝ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ [29]), Քաթարը (ընթանում են բանակցություններ) [30], Հնդկաստանը [31] (մատակարարման մասին գործարքը ստորագրվեց 2016-ին՝ ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ [32]) և այլն։ Հակասական է Մինսկին ՀՕՊ համակարգերի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը։ Ըստ որոշ աղբյուրների՝ բելառուսական կողմին արդեն անհատույց մատակարարվել են, այլ տեղեկություններով՝ Մինսկն առաջիկայում մտադիր է դրանք գնել [33,34]։

2018-ի վերջին Չինաստանը հաջողությամբ փորձարկել է Ս-400 համալիրները [35]։ Ընդ որում՝ Չինաստանը Ս-400 համալիրների առաջին օտարերկրյա պատվիրատուն է։ Չնայած պայմանագրի առկայությանը՝ համալիրների մատակարարման շուրջ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև բանակցությունները դեռ շարունակվում են [36]։ Թեև համալիրների մատակարարման վերաբերյալ Հնդկաստանի հետ պայմանագիր ստորագրվել էր 2016-ին, հետագայում գործարքի արժեքի վերաբերյալ անհամաձայնություններ առաջացան։ Ենթադրում ենք, որ դա կարող էր պայմանավորված լինել նրանով, որ գործարքը ստորագրվել էր ռուսական ռուբլով [37]։ 2018-ի մայիսին կողմերը համաձայնեցրին մատակարարման պայմանները՝ ստորագրելով Մտադրությունների մասին հուշագիր, և խոսակցություններ կան 6 մլրդ ԱՄՆ դոլար արժողության գործարքի մասին [38]։ 2019 հուլիսի դրությամբ, Ս-400 համալիրները Հնդկաստանին ամբողջությամբ կմատակարարվեն 2024-2025 –ին [39,40]։

Արևմտյան որոշ փորձագետների գնահատականով, Ռուսաստանն առանձին պետություններին համալիրներ վաճառելով, փորձում է տարաձայնություններ առաջացնել ԱՄՆ-ՆԱՏՕ, ԱՄՆ-ի և այլ դաշնակիների հարաբերություններում [41]։ Հարցը դիտարկվում է առաջին հերթին Դաշինքին անդամակցող Հունաստանի ու Թուրքիայի, Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների (օրինակ՝ ԱՄԷ) պարագայում։

            Կարող ենք ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորագույն անդամ-պետություններից մեկին՝ Թուրքիային, Ս-400 համալիրների մատակարարման գործարքն ուղղակիորեն առնչվում է վերջին տարիներին ինչպես Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրական գործընթացներին։

2011-ից սկիզբ առած սիրիական ճգնաժամը համատեղեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը։ Զուգահեռաբար, մեծացավ Վաշինգտոն-Թեհրան, Թել-Ավիվ-Թեհրան լարվածությունը։ Սպիտակ Տանը մեծապես կարևորում են Արևելյան Միջերկրական ավազանի Կիպրոսի, Իսրայելի հատվածներում բնական գազի զգալի պաշարների հայտնաբերման էներգետիկ, քաղաքական նշանակությունը՝ որպես արևմտյան շուկա էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման նոր հնարավորություն։ Արդյունքում, Վաշինգտոնում, ի հակակշիռ Թուրքիայի, սկսեցին աստիճանաբար մեծ կարևորութուն տալ Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքին, ինչն, իր հերթին, բացասաբար անդրադարձավ Թուրքիայի տարածաշրջանային ու միջազգային կշռի վրա։

Սիրիական ճգնաժամը կրկին օրակարգային դարձրեց Թուրքիայի հակաօդային պաշտպանության հարցը։ Դեռ 2008-ին Թուրքիայում որոշեցին ստեղծել հայրենական արտադրության երկար հեռահարության հրթիռային օդային պաշտպանության համակարգ (long-range missile defense systems), սակայն նախագիծը հետաձգվեց՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հրթիռային պաշտպանության նախագծի պատճառով [42]։ Արդյունքում, Դաշինքին այլ բան չէր մնում, քան բավարարել Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունը կազմակերպելու հայտը։ Դաշինքի որոշմամբ, 2013-ից ՆԱՏՕ անդամ 3 պետություն՝ ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդեռլանդները, Թուրքիայում տեղակայեցին ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր (յուրաքանչյուր երկիր՝ 2-ական համակարգ) [43,44], որոնք տեղակայվեցին երկրի հարավարևելյան շրջանում՝ Գազիանթեփ (Gaziantep-5th Armored Brigade Command) և Քահրամանմարաշ (Kahramanmaraş) քաղաքներում։


Patriot համակարգը, Գազիանթեփ, փետրվարի 5, 2013

Աղբյուրը՝ https://www.nytimes.com

Հիշեցնենք, որ Թուրքիայում Patriot համակարգերի տեղակայման ՆԱՏՕ մանդատը լրանում էր 2015-ի հոկտեմբերին [45]։ 2015-ի հունիսին, Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռների սպառնալիքները Դաշինքում գնահատվեցին շատ ցածր [46]։ Արդյունքում, որոշվեց չերկարաձգել մանդատը և Թուրքիայից դուրս բերել ամերիկյան համակարգերը։  Դաշինքի գնահատականը թերահավատությամբ ընդունվեց Անկարայում [47,48]։    

Պ այմանավորված Անկարային Ս-400 ԶՀՀ-երի մատակարարման գործարքով, Վաշինգտոնում և Բրյուսելում կրկին բարձրացվեց Դաշինքի օդային պաշտպանական համակարգերով Թուրքիայի օդային տարածքը վերահսկելու հարցը։ Արդյունքում, ամերիկյան կողմը Թուրքիային կրկին առաջարկեց գնել Patriot զենիթահրիթռային համալիրներ՝ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ [49,50,51]։ Զուգահեռաբար, Անկարան բանակցություններ էր վարում նաև չինական CPMIEC ընկերության հետ [52,53]։ Թուրքական կողմը գերադասեց ավելի շահավետ պայմաններով ներկայացված ռուսական առաջարկը [54], ըստ որի համալիրների ձեռքբերման 2.5 մլրդ ԱՄՆ դոլար գումարի մի մասը Անկարան վճարելու է Մոսկվայի հատկացրած վարկով։

Ս-400 և Patriot ՀՕՊ համակարգերի ընդհանուր բնութագրերը [55,56,57,58]

Համակարգերի տեխնիկական    հնարավորությունները [59]

Ս-400

Patriot

  Աերոդինամիկ թիրախի խոցման հեռահարությունը, կմ

  +250

  160

  Բալիստիկ հրթիռների խոցման հեռահարությունը, կմ  

  60

  45

  Խոցման առավելագույն բարձրությունը, կմ

  27

  24

  Խոցման նվազագույն բարձրությունը, կմ

  0.01

  0.06

  Թիրախի հայտնաբերման շառավիղը, կմ

  600

  +150

  Թիրախի խոցման արագությունը, մ/վ

  մինչև 4800

  մինչև 2200

Որոշ փորձագետներ գտնում են, որ տեխնիկական և քաղաքական պատճառներով ռուս-թուրքական գործարքը մտահոգում է Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին [60]. նախ՝ Ս-400-ը տեխնիկապես չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ հրամանատարական, վերահսկման, կապի, հետախուզության ու ՀՕՊ համակարգերում։ Հյուսիսատլանտյան դաշինքում վտանգավոր են համարում նաև Մոսկվայի համար կազմակերպության տվյալների բազաների հասանելիության հնարավորությունը։ Կարծիք կա, որ գործարքի դեպքում Ս-400 համալիրների տեխնիկական սպասարկմանը կարող է ներգրավվել ռուսաստանյան տեխանձնակազմը [61]։ 2018-ի մայիսին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարեց. «Ենթադրվում է, որ ՆԱՏՕ համաձայնագրի շրջանակներում Թուրքիան կգնի այնպիսի սպառազինություն, որը փոխգործունակ է (խմբ.՝ interoperable) ՆԱՏՕ-ի հետ» [62]:

Կարծում ենք, հարցն անշուշտ ունի նաև ռազմավարական, անվտանգային ու քաղաքական սկզբունքային նշանակություն [63]։ Թերևս չենք սխալվի ասելով, որ 2015-ի հոկտեմբերին ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո, Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունը, փաստացի, դարձել է բավականին խոցելի [64]։  

Թուրքիայի արտգործնախարարությանն առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Center for Strategic Research-SAM) 2019-ի ապրիլին հրապարակած «On Turkey's Missile Defense Strategy: The Four Faces of the S-400 Deal Between Turkey and Russia» հետազոտությունում ասվում է, որ «աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում, հարևան երկրների կողմից հրթիռային և օդային սպառնալիքների պայմաններում, Թուրքիայի համար արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հարցն անհետաձգելի անհրաժեշտություն էր։ Երկրում առկա ՀՕՊ համակարգերը, ինչպես օրինակ, Stinger-երը, Rapier-երը, կամ Hawk-երը, սահմանափակ հեռահարության են և ոչ ժամանակակից։ Ցամաքային համակարգերի (land-based systems) փոխարեն, Թուրքիայի օդային տարածքը վերահսկում են ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումները, որոնք բաղկացած են օդ-օդ դասի հրթիռակիր F-16 տեսակի կործանիչներից, նախազգուշացման նշանակության ավիացիայից (AWACS)» [65]։


Սիրիայում Ս-300, Ս-400 համալիրների օդային պաշտպանության գոտիները,

Աղբյուրը՝ https://missilethreat.csis.org

Ելնելով Սիրիայում ռազմական գործողությունների համակարգման Մոսկվա-Անկարա (+Թեհրան)  պայմանավորվածություններից, կարող ենք ասել, որ Թուրքիայի օդային տարածքի հարավային հատվածը վերահսկում են Սիրիայի Լաթաքիա քաղաքի հարավ-արևելքում գտնվող Խմեյմիմ ավիաբազայի ռուսական Ս-400 համալիրները [66,67]։ Կարող ենք ասել, որ Ս-400 ՀՕՊ համակարգերը մասամբ ապահովագրում են Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունը Սիրիայից հնարավոր օդային հարվածներից։   


Սիրիայում Ս-400 համալիրների օդային պաշտպանության գոտին,

Աղբյուրը՝ https://1big.ru/army/

Թուրքիայի օդային տարածքի առավել խոցելի՝ հարավ-կենտրոնական հատվածը գտնվում է Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում տեղակայված և Ռուսաստանի կողմից վերահսկվող Ս-400 համալիրների հակաօդային պաշտպանության գոտում (առանձնացված է սև գունային պատկերով) և 250կմ հեռահարության 48N6DM տեսակի և 400կմ հեռահարության 40N6 տեսակի հրթիռների հավանական թիրախային գոտում է։

350 Guided Missiles Wing (Greece, PAC-3) estimated Air Defense range


Արևելյան Միջերկրական-Սև ծով Ռուսաստանի օդային պաշտպանության գոտիները:

Աբյուրը՝ https://missilethreat.csis.org

Համադրությամբ ներկայացրել ենք նաև Արևելյան Միջերկրական-Սև ծով տարածաշրջաններում Հյուսիսատլանտյան դաշինքի օդային պաշտպանության գոտիները։ Ստորև պատկերված գրաֆիկից երևում է, որ Թուրքիայի սահմանակից տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը տեղակայված են Արևելյան Միջերկրականում (Հունաստան) և Սև ծովում։ Համակարգերը մասնակի են ներառում Թուրքիայի օդային տարածքը՝ հյուսիս-արևմուտքից և հարավ-արևմուտքից։


ՆԱՏՕ օդային պաշտպանության գոտիները. Արևելյան Միջերկրական և Սև ծով - NATO Air and Missile Defense (թարմացված է՝ նոյեմբերի 29, 2018)

Աղբյուրը՝ https://missilethreat.csis.orghttps://missilethreat.csis.orghttp://rbase.new-factoria.ru

Միջերկրական-սևծովյան տարածաշրջաններում ՆԱՏՕ և ՌԴ հակաօդային պաշտպանության գոտիները

Աղբյուրը՝ https://missilethreat.csis.org

Մ ինչ համալիրների մատակարարման մեկնարկը՝ մամուլում և փորձագիտական շրջանակում շրջանառվող լուրերի համաձայն Ս-400 ԶՀՀ-երը նախապես տեղակայվելու էին Անկարայից հյուսիս-արևմուտք, 35 կմ հեռավորությամբ գտնվող Մյուրթեդ (նախկին անվանումը՝ Աքընջը) ավիաբազայում (Murted air base) [68,69]։ Հետագայում համակարգերը կարող են տեղափոխվել [70]։

ԱՄՆ Պետդեպարտամենտում ու Պենտագոնում ակտիվացել են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան զորքերի ու սպառազինության, այդ թվում՝ միջուկային զինանոցը դուրս բերելու և Հունաստան տեղափոխելու մասին խոսակցությունները [71,72,73]։


Մյուրթեդ ավիաբազա - Նախկինում՝ Akıncı Hava Üssü [74], Աքընջը ռազմաբազա, Ս-400 գոտին (թիրախի հայտնաբերման շառավիղը՝ 600կմ, թիրախի խոցման հեռահարությունը՝ 400 կմ) [75]

Աղբյուրը՝ https://earth.google.com/web/

            Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Թուրքիայում Ս-400 համալիրների տեղակայման հարցին, նշել էր. «մեզ համար անհրաժեշտություն է տեղակայել այդ համակարգը՝ պաշտպանելու մեր 82 մլն-անոց բնակչությունն ու երկիրը։ Սիրիական սահմանից Թուրքիան գտնվում էր օդային և հրթիռային հարձակումների ներքո» [76]։ Ընթացիկ տարվա ապրիլին Հ. Աքարը հայտարարեց, որ համալիրները կարող են գործարկվել Անկարայի, Ստամբուլի, Ինջիրլիք ավիաբազայի և արդյունաբերական խոշոր կենտրոնների պաշտպանության [77,78], ինչպես նաև Աքքույու ԱԷԿ-ի պաշտպանության համար։ Մայիսին նա հայտարարեց, որ Ս-400 համալիրների տեղակայման վայրի ընտրության հարցը քննարկման փուլում է։

Դեռևս 2019-ի մայիսին լուրեր էին շրջանառվում, որ Թուրքիան մտադիր է Ս-400 ԶՀՀ-երը շահագործել երկրի հարավում՝ Արևելյան Միջերկրականում իր էներգետիկ շահերը պաշտպանելու նպատակով [79,80,81,82], ինչը պայմանավորված է Թուրքիայի ու Կիպրոսի հարաբերությունների արդեն տասնամյակներ ձգվող լարվածությամբ, որին գումարվեցին Արևելյան Միջերկրականի ափամերձ հատվածում բնական գազի նորահայտ պաշարների շուրջ ծագած հակասությունները։

Ճգնաժամերի և քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Ankara Centre for Crisis and Policy Research-ANKASAM) [83] ղեկավար Մեհմեթ Սեյֆեթին Էրոլի խոսքերով, «Թուրքիան սպառնալիք է տեսնում Միջերկրականի տարածաշրջանում` պայմանավորված Կիպրոսին ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ» [84]։  

ORSAM հետազոտական կենտրոնի (Center for Middle Eastern Strategic Studies, Ankara) 2017-ի սեպտեմբերին հրապարակած «Turkey’s air defense umbrella and S-400» զեկույցի փորձագիտական գնահատականով, «Արաբական գարուն»-ը և Արևելյան Միջերկրականի էներգետիկ զարգացումները պատճառ դարձան Թուրքիայի օդային պաշտպանության ոլորտում անհրաժեշտ քայլեր նախաձեռնելու համար [85]։

The Centre for Economics and Foreign Policy Studies (EDAM, Turkey) հետազոտական կենտրոնի 2017-ի հուլիսին պատրաստած «Turkey’s S-400 dilemma» զեկույցում նշվում էր. «Թեև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական գործակցությունը դեռ մակերեսային է, Կրեմլը գրավիչ և ճկուն առաջարկով լավ հնարավորություն ունի Անկարային աստիճանաբար հեռացնելու ռազմական ոլորտում ավանդական գործընկերներից...։ Աշխարհաքաղաքական առումով Թուրքիան և Ռուսաստանը միաժամանակ և՛ մրցակցում են, և՛ համագործակցում։ Չնայած Ս-400-երի գործարքին՝ Անկարան ու Մոսկվան մի շարք հարցերում կպահպանեն իրենց տարբեր դիրքորոշումները, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունը կամ Սիրիայում Ասադի ռեժիմի ճակատագիրը» [86]։ 

Իսրայելցի անանուն աղբյուրների փորձագիտական գնահատականով, «Թուրքիայի կողմից Ս-400 համալիրները ձեռքբերումը նոր իրավիճակ է հաստատում Մերձավոր Արևելքի օդային տարածքում»։ Ըստ աղբյուրի՝ կարևորագույն հարցն է, թե որտեղ են տեղակայվելու ՀՕՊ համակարգերը. «Եթե դրանք տեղակայվեն Սիրիայի սահմանին մոտ, ապա կարող է վտանգի տակ դնել Իրաքում Իրանի կողմից վերահսկվող խմբավորումների դեմ հարձակումներում ներգրավվող ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները....։ Իսրայելի կամ ցանկացած այլ երկրի ռազմաօդային ուժերը, Իրանի կամ վերջինիս աջակցությունը վայելող խմբավորումների դեմ հնարավոր գործողությունների դեպքում, այսուհետ հարկադրված կլինեն հաղթահարել Ս-400-ի խոչընդոտը» [87]։ Իսրայելցի փորձագետների կարծիքով, «իրավիճակը կրիտիկական կդառնա, եթե Ռուսաստանը Սիրիայից դուրս բերի զորքերը. Թուրքիայում տեղակայվող Ս-400-երը կարող են հետևել Սիրիայի օդային տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ցանկացած ակտիվությունը, ինչը լիովին նոր իրավիճակ է» [88]։

Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (Institute for National Security Studies-INSS. Israel) փորձագետները նշում են, որ «Ս-400 ԶՀՀ գործարքը պայմանավորված է Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև վերջին տարիներին լարված հարաբերություններով» [89]։ Հիմնական պատճառներից նշվում էր՝

§  Սիրիայի քաղաքացիական պատերազմը և Թուրքիայի բացասական դիրքորոշումը՝ քրդերին Վաշինգտոնի աջակցության վերաբերյալ,

§  Քաղաքական դիրքերի ամրապնդմանն ուղղված Էրդողանի քայլերը, արդյունքում՝ երկրի ժողովրդավարացման գործընթացի վնասումը, Գյուլենի արտահանձնման խնդիրը,

§  Թուրքիան դատապարտեց Թրամփի վարչակազմի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները այդ երկրի անբաժանելի մաս ճանաչելու որոշումը։ Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքին Վաշինգտոնի աջակցությունը, եռակողմ հանդիպումներից մեկում ԱՄՆ Պետքարտուղար Մ. Պոմպեոյի մասնակցությունը Անկարայում ընկալվեց որպես հակաթուրքական քայլ [90]։  

Ինստիտուտի փորձագիտական գնահատականով, Ս-400-երի գործարքի հարցում Անկարայի հաստատակամությունն ամրապնդում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ դաշնակիցների այն մոտեցումը, որ Էրդողանը մտադիր է վերափոխել Թուրքիայի արևմտամետ կողմնորոշումը՝ հօգուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման կամ նվազագույնը վկայում է Արևմուտքից անկախ ուղի ընտրելու որոշման մասին ։

Որոշ փորձագետներ գտնում են, որ Թուրքիայից Patriot համակարգերը դուրս բերելուց հետո Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման գործարքն ուղղակի անհրաժեշտություն էր [92]։ Անկարայի համար Ս-400 կամ Patriot համակարգերը հարևան երկրների՝ Իրաքի, Սիրիայի, Հունաստանի, Իսրայելի նկատմամբ զսպման ու քաղաքական ազդեցության գործիք է, միաժամանակ, սեփական ուժերով երկրի օդային տարածքի զգալի մասը վերահսկելու հնարավորություն [93]։

Փորձագիտական այլ գնահատականներով, Ս-400 համալիրները Թուրքիայի օդային տարածքը չեն կարողանալու պաշտպանել բալիստիկ հրթիռներից, քանի որ համալիրները մուտք չունեն ՆԱՏՕ նախազգուշացման համակարգեր (NATO early-warning systems), ինչն ավելի շուտ կարող է թուլացնել, քան ուժեղացնել Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ մեծացնելով Ռուսաստանից Թուրքիայի կախվածությունը [94,95]։

2019-ի հուլիսի սկզբին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում, Թուրքիայի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովին կից թուրքական խմբի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը հայտարարեց, որ «Անկարան կարող է С-400 համալիրները տեղակայել ռազմավարական նշանակության կետերում, ինչպես օրինակ՝ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա» [96]։ Թուրք պատգամավորը նշում էր նաև Արևելյան Միջերկրականում նկատվող սպառնալիքների մասին՝ չբացառելով Հյուսիսային Կիպրոսի հետ սահմանում համալիրների տեղակայման հնարավորությունը։ Ընդհանրացնելով՝ նա նշել է, որ խոսքը Թուրքիայի հարավային և արևելյան սահմանները պաշտպանելու մասին է [97,98,99]։

Ինչպես նկատում են տարբեր փորձագետներ, Թուրքիայի հարավային հատվածում Ս-400 համալիրների տեղակայման դեպքում, համակարգերի օդային վերահսկողության գոտում են հայտնվում Գազան, Երուսաղեմն ու Թել-Ավիվը [100]։ Հարցն իսկապես Անկարայի համար կարևորվում է՝ Իսրայելի հետ լարված հարաբերությունների համատեքստում։ Ավելին, ԱՄՆ քաղաքական հովանու ներքո այսօր իրականություն դարձած Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքը մեծացնում է Թուրքիայում ռուսական Ս-400 ԶՀՀ-երի տեղակայման հարցի ռազմավարական, ռազմաքաղաքական նշանակությունը։

Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Ուլրիխ Քունի (Ulrich Kuhn) կարծիքով, «С-400 գործարքը կարելի է դիտել որպես շախմատային դիվանագիտական քայլ. Թրամփի վարչակազմը զայրացրել է Էրդողանի կառավարությանը՝ հրաժարվելով արտահանձնել Գյուլենին։ Բացի այդ, ԱՄՆ-ն Սիրիայում ու Իրաքում գործընկեր դարձրեց Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող քուրդ գրոհայիններին։ Ներկայում Անկարան արձագանքում է Վաշինգտոնին՝ որպես աշխարհաքաղաքական կարևոր տրանզիտային պետություն, որը կարող է պաշտպանել իր շահերը» [101]։ Նրա խոսքով, «գործարքը Թուրքիայի համար արդարացված է նաև ռազմական առումով. hամալիրները կտեղակայվեն այնտեղ, որտեղ անվտանգությունն անկայուն է, օրինակ՝ հարավային սահմանին [102]։ Անկարան կվարժվի աշխատել նոր տեխնիկայով, իսկ հետագայում կկարողանա նման համալիրներ արտադրել արդեն սեփական ռեսուրսներով» [103]։   

2018-ի նոյեմբերին Պենտագոնի՝ «Թուրքիայի Հանրապետության հետ ԱՄՆ հարաբերությունների կարգավիճակը» զեկույցում (FY19 NDAA Sec 1282 Report-Status of the U.S. Relationship with the Republic of Turkey) նշվում էր, որ Թուրքիային Ս-400 ԶՀՀ-երի մատակարարումն «անխուսափելի բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի վրա՝ ենթադրելով.

  • «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների հակազդման» մասին օրենքի 231-րդ գլխով նախատեսված հավանական պատժամիջոցները,
  • Վտանգում է Թուրքիայի մասնակցությունը F-35-երի ծրագրին (և՛ կործանիչների մատակարարումը, և՛ արդյունաբերական համագործակցությունը),
  • Վտանգում է Թուրքիային ԱՄՆ այլ մատակարարումների ապագան, ինչպես նաև երկկողմ ռազմարդյունաբերական ավելի լայն համագործակցությունն առհասարակ,
  • Սահմանափակում է ՆԱՏՕ փոխգործունակությունը,
  • Թուրքիայի ավելացող կախվածությունը Ռուսաստանից ձևավորում է խոցելիության նոր իրավիճակ...» [104]։

Վ աշինգտոնը սպառնում է Թուրքիայի նկատմամբ կիրառել 2017-ի օգոստոսին ընդունված [105] «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների հակազդման» մասին օրենքը (Countering America’s Adversaries Through Sanctions Act-CAATSA) [106], որով նոր պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Ռուսաստանի նկատմամբ։ Որոշ տվյալներով, այն կարող է Թուրքիային պատճառել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի տնտեսական կորուստ (հաշվարկում չեն ընդգրկվում անուղղակի տնտեսական վնասները) [107]։ Միացյալ Նահանգները կարող է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը, որոնց դիմաց վերջինս արդեն վճարել է։ Սպիտակ տունը սպառնում է Անկարային հանել F-35 ծրագրից Joint Strike Fighter (JSF) Program [108,109,110], որտեղ Թուրքիան ներդրել է ավելի քան 1.25 մլրդ ԱՄՆ դոլար [111,112]։

Միացյալ Նահանգներում Ս-400-երի ռուս-թուրքական գործարքը խնդրահարույց են համարում Անկարային մատակարարված F-35 կործանիչների տվյալների հասանելիության և դրանից բխող շատ ավելի լայն անվտանգային հարցերի շուրջ [113]։ Վաշինգտոնում բացահայտ հայտարարում են, որ ամերիկյան կողմը ոչ միայն Թուրքիային F-35 չի մատակարարի, այլև կարող է դադարեցնել դրանց շահագործման վերաբերյալ ԱՄՆ-Թուրքիա համաձայնագիրը, որով թուրք օդաչուները վերապատրաստվում են Լյուկ ավիաբազայում (Արիզոնա) [114]։

Արևմուտքում նաև մտահոգված են, որ եթե Անկարան գնի Ս-400 համալիրները և միաժամանակ շահագործի F-35 կործանիչները, ապա ռուսական համակարգերի ռադարներն այսուհետ կկարողանան հայտնաբերել և հետապնդել ամերիկյան կործանիչները [115]։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն չհապաղեց հայտարարել, որ «Ս-400 համալիրները ՆԱՏՕ համակարգերը որպես հակառակորդ չեն դիտարկելու, և չի նախատեսվում դրանք ինտեգրել ՆԱՏՕ համակարգերում. համալիրները ամբողջությամբ վերահսկելու է Անկարան» [116,117]։


F-35 կործանիչ-ռմբակոծիչը

Աղբյուրը՝ http://www.iarex.ru

Պաշտոնական Անկարան փորձում է Ս-400 ԶՀՀ-երի ձեռքբերման հարցում հնարավորինս կառուցողական դիրքորոշում որդեգրել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ 2019-ի մայիսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քալիչը հայտարարեց, որ «Թուրքիան ամերիկյան արտադրության F-35 կործանիչները կտեղակայի ռուսական Ս-400 համալիրների հակաօդային պաշտպանության գոտու սահմաններից դուրս։ Ս-400 համալիրները և F-35 կործանիչները տեղակայվելու են երկու հատուկ տարածքներում» [118,119]։ Դեսպանը նաև նշեց, որ թեև Վաշինգտոնի կողմից Իսրայելին մատակարարված F-35 կործանիչները կանոնավոր կերպով թռիչքներ են իրականացնում Սիրիայի օդային տարածքում, որտեղ գործում են ռուսական Ս-400-երը, սակայն դա մտահոգություն չի առաջացրել Միացյալ Նահանգներում [120]։   


https://www.lockheedmartin.com

Հիշեցնենք, որ ամերիկյան առաջին երկու F-35 տեսակի կործանիչները Թուրքիային մատակարարվեցին 2018-ի հունիսին, որից հետո Անկարան ձեռքբերեց ևս երկուսը։ Որոշ տեղեկություններով՝ նախատեսվում էր մինչև ընթացիկ տարվա նոյեմբերը կործանիչները տեղակայել Թուրքիայի Մալաթիա ավիաբազայում [121]։


Աղբյուրը՝ https://www.lockheedmartin.com

2019-ի մայիսի վերջին 100 հոգուց բաղկացած թուրք զինվորականների խումբը վերապատրաստման մեկնեց ՌԴ [122,123,124]։ 2019-ի ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ս-400 ԶՀՀ-երը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ համակարգերից որևէ մեկում [125]։ Վերջերս Անկարան առաջարկեց ստեղծել համատեղ թուրք-ամերիկյան տեխնիկական ուսումնասիրման խումբ, որ կփարատի Ս-400 ձեռքբերման հարցում Վաշինգտոնի մտահոգությունները։ Մայիսի վերջին առաջարկին դրական արձագանքեց ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը [126,127]։

2019-ի մայիսին մի խումբ սենատորներ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրեցին «Eastern Mediterranean Security and Partnership Act of 2019» [128,129] օրենքի նախագիծը, որով կոչ էր արվում աջակցել «Արևելյան Միջերկրականում ԱՄՆ գործընկերներին ու դաշնակիցներին (նկատի են առնվում Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը)՝ անվտանգության ու էներգետիկ հարցերում եռակողմ համագործակցության բարելավման նպատակով.  …(7) Երեք երկրներն էլ դիմագրավում են Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում ցանկացած գործողության, որը կարող է մարտահրավեր նետել կայունությանը, խախտել միջազգային իրավունքը կամ խաթարել հարևանների բարիդրացիական հարաբերությունները։ (9) Թուրքիայի կառավարությունը մտադիր է ձեռք բերել Ս-400 համալիրները, ինչը կարող է հանգեցնել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների հակազդման» մասին օրենքի տարածմանը»։ (10) Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից է բխում, դաշնակիցների հետ համագործակցությամբ, աջակցել, հասնել և դաշնակիցների միջև հաստատել էներգետիկ անվտանգության միջավայր» [130]: (14)՝ էներգետիկ ռեսուրսների հետազոտման ու զարգացման հարցում ԱՄՆ, Կիպրոսի և Հունաստանի միջև համագործակցությունը բխում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ Իսրայելի և Արևելյան Միջերկրականի ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրների ազգային շահերից...» [131]։ Նախագծով կոչ էր արվում նաև հանել Կիպրոսին զենք մատակարարելու 1987թ. ամերիկյան արգելքը [132,133]։ Նշենք, որ հունիսին բանաձևը հաստատեց ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը [134]։

Եթե Ս-400 զենիթահրթիռային համալիրների շուրջ ռուս-թուրքական գործարքը կյանքի կոչվի, ապա Անկարան կդառնա այդ համալիրներն ունեցող առաջին ՆԱՏՕ անդամ-պետությունը։ Ի դեպ, Դաշինքին անդամակցող երեք պետության՝ Հունաստանին, Բուլղարիային ու Սլովակիային, արդեն մատակարարվել են Ս-300 համալիրներ [135]։  

Համալիրների մատակարարման մեկնարկը թուրքական կողմը պաշտոնապես հաստատեց. հուլիսի 12-ին Մյուրթեդ ավիաբազա ուղարկվեց համալիրների սարքավորումների առաջին խմբաքանակը [136,137]։  Իսրայելական ImageSat International ընկերությունը հրապարակեց տիեզերքից արված լուսանկարներ, որոնք հաստատում էին Ռուսաստանից Թուրքիա Ս-400 ԶՀՀ-երի մաս կազմող տրանսպորտային միջոցների ժամանումը [138]։  Հուլիսի 17-ին Մյուրթեդ ավիաբազայում վայրէջք է կատարել համալիրները տեղափոխող 14-րդ ռուսական ինքնաթիռը [139]։


Աղբյուրը՝ http://www.newsru.co.il

Չհապաղեց Սպիտակ Տան արձագանքը. նախագահ Թրամփը հայտարարեց, որ դադարեցնում է Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը [140,141], ինչը հաստատվեց նաև Պենտագոնում կազմակերպված մամլո ասուլիսում [142,143,144]։ Երկար սպասեցնել չտևեց Մոսկվայի առաջարկը. Ռուսաստանը պատրաստակամություն հայտնեց Թուրքիային մատակարարել Սու-35 բազմանպատակային կործանիչներ [145]։  

Թ ուրքական կողմը հայտարարել է, որ Ս-400 համալիրների մատակարարումից հետո, կարող է մտածել Ս-400-ի հաջորդ սերնդի՝ Ս-500-ի՝ ռուսական կողմի հետ համատեղ արտադրության մասին [146]։  

2018-ի հոկտեմբերին Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդին (The Scientific and Technological Research Council of Turkey-TÜBİTAK) առընթեր Ռազմարդյունաբերության հետազոտությունների ու զարգացման ինստիտուտում (Defense Industry Research and Development Institute) ելույթի ժամանակ, նախագահ Էրդողանը մասնավորապես նշեց. «Թուրքիան արագ տեմպերով առաջ է շարժվում պաշտպանության բոլոր ասպարեզներում, այդ թվում՝ ավիացիայում ու տիեզերական տեխնոլոգիաներում։ Թուրքիան մեկնարկել է իր առաջին հայրենական արտադրության Siper տեսակի երկար հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2021-ին [147]»։    


[1] https://www.reuters.com/article

[2] https://lenta.ru/news

[3] http://sam.gov.tr/wp-content

[4] https://www.aljazeera.com

[5] 2002-ին ստեղծված Կոնցերնում ընդգրկված են տասնյակ գիտաարտադրական, գիտահետազոտական ինստիտուտներ ու ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են կարճ, միջին և երկար հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ռադիոլոկացիոն հետախուզության և կառավարման ավտոմատացված համակարգերի մշակման ու արտադրման աշխատանքներում։

[6] http://www.almaz-antey.ru/

[7] https://missiledefenseadvocacy.org

[8] https://nationalinterest.org

[9] https://foreignpolicyblogs.com

[10] https://www.foi.se/rest-api

[11] https://pulaski.pl/en

[12] http://rbase.new-factoria.ru

[13] https://worldview.stratfor.com

[14] https://www.rbc.ru/politics/

[15] https://web.archive.org/web

[16] https://www.aljazeera.com

[17] https://www.aljazeera.com/indepth

[18] https://nationalinterest.org

[19] https://nationalinterest.org

[20] https://nationalinterest.org

[21] https://www.airforce-technology.com

[22] https://worldview.stratfor.com

[23] https://www.rbc.ru/politics

[24] https://www.aljazeera.com/indepth

[25] https://www.cnbc.com

[26] https://www.ntv.ru/novosti/1392638/

[27] https://timesofindia.indiatimes.com

[28] https://www.rt.com/business

[29] https://tass.com/defense/1029463

[30] https://tass.com/defense/986809

[31] https://economictimes.indiatimes.com

[32] https://www.rbc.ru/politics

[33] https://rns.online/military

[34] https://www.youtube.com/watch

[35] https://economictimes.indiatimes.com

[36] https://www.dailysabah.com

[37] https://russian.rt.com/world

[38] https://www.rbc.ru/politics

[39] https://theprint.in/defence/india

[40] https://tass.ru/armiya-i-opk/6644367

[41] http://sam.gov.tr/wp-content

[42] http://www.bilgesam.org/Images

[43] https://www.defensenews.com

[44] http://www.bilgesam.org

[45] https://www.defensenews.com

[46] http://www.bilgesam.org/Images

[47] https://www.defensenews.com

[48] https://lenta.ru/news/2015/10/15/patriot/

[49] https://ria.ru/20190417/1552765210

[50] https://www.defensenews.com

[51] https://www.bloomberg.com/news

[52] Չինական ընկերությունն առաջարկում էր FD-2000 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր։

[53] http://sam.gov.tr/wp-content

[54] https://ria.ru/20190405/

[55] http://rbase.new-factoria.ru

[56] http://rbase.new-factoria.ru

[57] https://www.defenseworld.net

[58] https://www.nato.int/nato

[59] Հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը բավական հակասական է, ուստի ներկայացնում ենք իրականությանը հնարավորինս մոտ, տարբեր աղբյուրներից վերցված միջինացված վիճակագրություն։ Տարբերություններ նկատվում են նաև պաշտոնական, պաշտոնականին մոտ կանգնած տարբեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունում։

[60] https://www.aljazeera.com/indepth

[61] https://www.aljazeera.com/indepth

[62] http://sam.gov.tr/wp-content

[63] http://sam.gov.tr/wp-content/uploads

[64] http://sam.gov.tr/wp-content

[65] http://sam.gov.tr/wp-content/uploads

[66] https://www.youtube.com/watch

[67] https://www.youtube.com/watch

[68] https://iz.ru/858465/2019-03-20

[69] https://www.dunyabulteni.net

[70] https://iz.ru/858465/2019-03-20

[71] https://www.airforcetimes.com/news/your

[72] http://www.defenddemocracy.press

[73] https://ria.ru/20190422/1552918064

[74] Աքընջը ավիաբազան անվանափոխվեց Mürted Air Base՝ Թուրքիայում 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի արդյունքում։   

[75] Պատկերը որոշակի տարբերություն կարող է տալ, եթե հաշվարկվի Երկրագնդի կորությունը։

[76] https://www.dailysabah.com

[77] https://riafan.ru/1183107-stalo-izvestno

[78] https://www.bloombergquint.com

[79] https://riafan.ru/1183107-stalo-izvestno

[80] https://thehill.com/opinion/international

[81] https://ahvalnews.com/eastern

[82] https://www.bloombergquint.com/business

[83] https://ankasam.org/

[84] https://riafan.ru/1183107-stalo-izvestno

[85] https://www.orsam.org.tr//

[86] http://edam.org.tr/wp-content/uploads

[87] https://breakingdefense.com/2019

[88] https://breakingdefense.com/2019

[89] https://www.inss.org.il/publication

[90] https://www.inss.org.il/publication

[91] https://www.inss.org.il/publication/boiling

[92] https://carnegie.ru/commentary/79031

[93] https://carnegie.ru/commentary/79031

[94] https://www.everycrsreport.com

[95] https://www.mei.edu/sites/default/files

[96] https://ria.ru/20190702/1556102145

[97] https://iz.ru/894944/2019-07

[98] https://iz.ru/894802/elnar-bainazarov

[99] https://iz.ru/894802/elnar-bainazarov

[100] https://carnegie.ru/commentary/79031

[101] https://www.dw.com/ru/%D0%BF%D0

[102] https://www.dw.com/ru/%D0%BF

[103] https://www.dw.com/ru/%D0%BF

[104] https://fas.org/man/eprint/dod-turkey

[105] https://www.whitehouse.gov/briefings

[106] https://www.treasury.gov/resource

[107] https://www.defensenews.com

[108] https://apps.dtic.mil/dtic/tr/fulltext

[109] https://apps.dtic.mil/dtic/tr/fulltext

[110] https://fas.org/sgp/crs/weapons

[111] https://thehill.com/opinion/international

[112] https://www.defensenews.com

[113] Անկարան նախատեսում էր ձեռքբերել 100 միավոր F-35 կործանիչներ։

[114] https://lenta.ru/news/2019/05/29

[115] https://lenta.ru/news/2019/05/29

[116] https://www.dailysabah.com/defense

[117] https://lenta.ru/news/2019

[118] https://clumsy.news/world/turkey

[119] https://lenta.ru/news/2019

[120] https://clumsy.news/world/turkey

[121] https://www.dailysabah.com/defense

[122] https://www.thenational.ae

[123] https://www.dailysabah.com

[124] http://www.hurriyetdailynews.com

[125] https://sputniknews.com/middleeast/

[126] https://www.middleeasteye.net

[127] https://www.trtworld.com/turkey

[128] https://www.govinfo.gov/content

[129] https://www.aa.com.tr/en/americas

[130] https://www.govinfo.gov/content

[131] https://www.govinfo.gov/content

[132] https://ahvalnews.com/easternhttps://www.govinfo.gov/content

[133] https://www.defensenews.com

[134] https://www.aa.com.tr/en/americas

[135] https://www.dailysabah.com/defense

[136] https://www.aa.com.tr/en/science

[137] https://www.aa.com.tr/tr/turkiye

[138] http://www.newsru.co.il/mideast

[139] https://www.aa.com.tr/tr/turkiye

[140] https://thehill.com/policy/defense

[141] https://www.whitehouse.gov/briefings

[142] https://twitter.com/DeptofDefense

[143] https://twitter.com/DeptofDefense

[144] https://www.defense.gov/explore

[145] https://ria.ru/20190718/1556646649

[146] https://www.bloomberg.com/new

[147] https://www.dailysabah.com/