Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության քաղաքական և տնտեսական նշանակությունը
17 ր. | 2019-06-07Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս անց Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվեց միջուկային համաձայնագիրը, որը բացի քաղաքական նշանակությունից, Իրանի առջև Արևմուտքի հետ տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ էր բացում:
Այդ շրջանում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը թերահավատորեն վերաբերվող փորձագետներն իրենց կարծիքը հիմնավորելիս նշում էին, թե միջուկային համաձայնությունից հետո Իրանի և Արևմուտքի միջև նոր սկսված տնտեսական համագործակցության պայմաններում Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ, այնինչ՝ Իրանի ազգային ռազմավարության սկզբունքներից մեկն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Հետևաբար, Իրանը ոչ միայն չթերագնահատեց ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը, այլև ակտիվ բանակցություններ սկսեց նորաստեղծ կառույցի հետ:
Իրանի նպաստավոր աշխարհագրական դիրքը, ռազմավարական և տարանցիկ նշանակության ավտոմայրուղիները, երկաթուղային հանգույցներն ու նավահանգիստները հնարավորություն են ընձեռում արևելքը կապել արևմուտքին, հյուսիսը՝ հարավին:
Իրանն արտաքին առևտուրն իրականացնելիս հավասարապես կարևորում է և՛ ցամաքային, և՛ երկաթուղային, և՛ ծովային երթուղիների զարգացումը, և Եվրոպային, Ռուսաստանին, Հարավային Կովկասին, Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջաններին միանալու նպատակով դիտարկում է հետևյալ միջանցքները. [1]
Միջանցքի անվանումը |
Ուղղությունը |
«Հյուսիս-հարավ» |
Բանդար Աբբաս ⮀ Ասթարա ⮀ Ադրբեջան |
«Պարսից ծոց - Սև ծով» |
Իրան ⮀ Հայաստան ⮀ Վրաստան ⮀ Բուլղարիա ⮀ Հունաստան |
«Բանդար Աբբաս – Ալմաթի» |
Թուրքմենստան (Սարախսի ուղղությամբ) ⮀ Ուզբեկստան ⮀ Ղազախստան |
«Ստամբուլ-Ալմաթի» |
Թուրքիա ⮀ Իրան ⮀ Թուրքմենստան ⮀ Ուզբեկստան ⮀ Ղազախստան |
«Չաբահար - Թուրքմենստան» |
Չաբահարի նավահանգիստ (Սիստան և Բելուջիստան, Օմանի ծոց) ⮀ Զահեդան ⮀ Մաշհադ ⮀ Սարախս ⮀ Թուրքմենստան |
«Չինաստան-Միջերկրական |
Չինաստան ⮀ Ղազախստան ⮀ Թուրքմենստան ⮀ ⮀ Իրան ⮀ Իրաք ⮀ Սիրիա ⮀ Միջերկրական ծով |
Իրանի երկաթուղային ցանցը շուրջ 10 հազար կմ է, և նպատակ կա այն հասցնել 25 հազար կմ-ի, ներկայում ընթացքի մեջ է շուրջ 750 կմ շինարարությունը [2]:
Նկար 1: Իրանի երկաթուղային ցանցը
Կենտրոնական և Արևելյան Ասիայի երկրների հետ տնտեսական կապերի խորացումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Քաղաքական և անվտանգության տեսանկյունից ԻԻՀ համար առաջնային նշանակություն ունի Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ): Վերջին տարիներին Իրանն այդ կազմակերպությանն անդամակցելու առանձնահատուկ ջանքեր է գործադրում:
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցում Իրանի համար, բնականաբար, կարևոր է տնտեսական բաղադրիչը, միաժամանակ Իրանն առաջիկայում կփորձի լիարժեք անդամի կարգավիճակով մուտք գործել նաև Շանհայի համագործակցության կազմակերպություն, որի անդամների մի մասը նաև ԵԱՏՄ անդամ են: Այս առումով Իրանը հատկապես ակնկալում է ՌԴ աջակցությունը:
Չնայած Իրանը ԵԱՏՄ անդամներից Հայաստանի և Ռուսաստանի հետ ունի ցամաքային և ծովային սահման, իսկ Ղազախստանի հետ կապված է երկաթգծով (Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2014թ.) [3], այնուամենայնիվ, նշված երկրների միջև տնտեսական համագործակցությունը բավականին թույլ է, որն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:
Մասնավորապես, Իրանը տեղական արտադրողին աջակցելու նպատակով որոշ ապրանքատեսակների համար բարձր մաքսատուրքեր է սահմանում: Ամեն տարի Նովրուզին ԻԻՀ հոգևոր առաջնորդն, ի թիվս այլ հանձնարարականների, գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին հանձնարարում է «դիմադրողական տնտեսության» ծրագրի շրջանակներում այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կաջակցեն ներքին արտադրողին, իրանական ապրանքների արտադրությանը և կխթանեն առևտուրը: Օրինակ՝ 2018թ. Իրանի կառավարությունն արգելեց պետական հաստատությունների կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկում ընդգրկել օտարերկրյա ապրանքներ [4]: Միաժամանակ, չնայած սահմանափակումներին, խրախուսվում է արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ ներմուծումը:
Այս առումով ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունը ճկուն քաղաքականություն է վարում. երբ երկրում աճում է որևէ ապրանքի պահանջարկը, կառավարությունը ժամանակավորապես թույլատրում է ներկրումը: Հակառակ գործընթացը ևս տեղի է ունենում. երբ Իրանում արտադրվող որևէ ապրանք լայն սպառում է ունենում, դրա արտահանումը ժամանակավորապես արգելվում է: Օրինակ՝ 2019թ. հունվարի 1-ից Իրանից ձվի, թղթի, մեկ օրական ճտի, մետաքսի և մի շարք այլ ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես արգելվել է, իսկ հունվարի 10-ից փետրվարի 19-ը հանվել է լոլիկի և տոմատի մածուկի արտահանման արգելքը [5]:
Ըստ այդմ, երբ որ խոսում ենք Իրանի՝ այս կամ այն ապրանքի ներմուծումն արգելելու մասին, պետք է նկատի ունենալ, որ դրանք պարբերաբար վերանայվում են, հետևաբար, Իրանի հետ առևտուր անող կազմակերպությունները պետք է հետևեն կառավարության որոշումներին և պահանջարկի դեպքում կարող են արագ սպառել իրենց ապրանքն Իրանում:
Չնայած սահմանափակումներին՝ Իրանը Թուրքիայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Կուբայի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի հետ առևտրի արտոնյալ պայմաններ է սահմանել:
2018թ. մայիսի 17-ին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից և մասնակից երկրների խորհրդարանների վավերացումից հետո Իրանը Բելառուսի և Ղրղզստանի հետ համագործակցությունը կշարունակի նշված համաձայնագրի շրջանակներում [6]:
Կարծում ենք՝ ԵԱՏՄ-ի անդամների համար օրինակելի կլինի Իրանի և Թուրքիայի միջև առկա տնտեսական արդյունավետ համագործակցությունը: Ըստ կողմերի միջև ստորագրված «Արտոնյալ առևտրային ռեժիմի մասին» համաձայնագրի՝ Թուրքիան հնարավորություն ունի 125 անուն ապրանք արտահանել, իսկ Իրանը՝ 140: Վերջին տարիներին իրանական կողմի նախաձեռնությամբ Իրանն ու Թուրքիան բանակցում են, որպեսզի ապրանքների ցանկը վերանայվի [7]:
Իրանի արտաքին առևտրի ընդհանուր նկարագիրը և ապրանքային կառուցվածքը
Ը ստ իրանական օրացույցի՝ տարին սկսվում է մարտի 21-ից, և հիմա Իրանում 1398 թվականն է: 2019թ. ապրիլին Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարությունը, ամփոփելով տնտեսական տարին, հրապարակել է իրանական 1397թ. (2017թ. մարտից 2018թ. մարտ) առևտրի ցուցանիշները, այդ տրամաբանությամբ՝ 2020թ. մարտին կհրապարակվեն 2018թ. մարտից 2019թ. մարտն ընկած ժամանակահատվածի ցուցանիշները:
Իրանական 1397թ. (այսուհետ՝ 2017-2018թթ.) Իրանի արտահանումը կազմել է 44 մլրդ. 310 մլն. ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 5,7 տոկոսով նվազել է: Նույն ժամանակահատվածում ներկրումը կազմել է 42 մլրդ. 612 մլն. դոլար, որը նախորդ տարվա համեմատ 21.7 տոկոսով նվազել է:
Արտահանում
Ի րանն ունենալով նավթի և գազի հարուստ պաշարներ՝ բյուջեի ծախսերի զգալի մասն իրականացնում է նավթից ստացված եկամուտների հաշվին: Եթե 2018թ. նավթից բյուջեի կախվածությունը 40 տոկոս էր, ապա 2019թ. բյուջեում այն նախատեսվում է շուրջ 67 տոկոս [8]:
Թեև ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին իր նախագահության առաջին շրջանում աստիճանաբար նվազեցնում էր բյուջեից նավթի կախվածությունը, սակայն ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո Ռուհանիի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց լիակատար իրագործել այն ծրագրերը, որոնք նպատակ ունեին առավել մրցունակ դարձնել տնտեսությունը և խթանել իրանական ապրանքների արտահանմանը:
Ապրանքային կառուցվածքում առաջին հինգ արտահանվող ոչ նավթային ապրանքատեսակներն են՝
Ապրանքի անվանումը |
Արժեքը (ԱՄՆ դոլար ) |
Գազային կոնդենսատ |
4 մլրդ. 953 մլն. |
Բնական գազ |
1 մլրդ. 924 մլն. |
Պրոպան |
1 մլրդ. 710 մլն. |
Յուղեր |
1 մլրդ. 456 մլն. |
Մեթանոլ |
1 մլրդ. 350 մլն. |
Արտահանման առաջին 10 առաջնային շուկաներն են՝
Երկիրը |
Արտահանման ցուցանիշը |
Չինաստան |
9 մլրդ. 218 մլն. |
Իրաք |
8 մլրդ. 961 մլն. |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
5 մլրդ. 955 մլն. |
Աֆղանստան |
2 մլրդ. 927 մլն. |
Հարավային Կորեա |
2 մլրդ. 568 մլն. |
Թուրքիա |
2 մլրդ. 369 մլն. |
Հնդկաստան |
2 մլրդ. 43 մլն. |
Պակիստան |
1 մլրդ. 247 մլն. |
Ինդոնեզիա |
787 մլն. |
Օման |
729 մլն. |
Հետաքրքրական է, որ առաջին 5 շուկաների մասնաբաժինն Իրանի արտաքին առևտրում (արտահանում) կազմում է 67 տոկոս: ԵԱՏՄ անդամ երկրներից առաջին 20 երկրների ցանկում միայն Ռուսաստանն է ընդգրկված՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը՝ 281 մլն. դոլար ցուցանիշով: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանը 411 մլն. ցուցանիշով զբաղեցնում է 12-րդ, իսկ Թուրքմենստանը՝ 400 մլն. դոլար ցուցանիշով՝ 13-րդ հորիզոնականը:
Արտահանման ցուցանիշները՝ ըստ երկրների խմբերի
Երկրների խումբը |
Արտահանման ցուցանիշը |
Իսլամական համագործակցության |
54 մլրդ. 619 մլն. |
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ (PGCC) |
20 մլրդ. 920 մլն. |
Տնտեսական համագործակցության |
17 մլրդ. 879 մլն. |
Հարավարևելյան Ասիայի պետությունների |
4 մլրդ. 864 մլն. |
Անկախ պետությունների համագործակցություն (CIS) |
4 մլրդ. 188 մլն. |
Եվրոպական միություն (EU) |
1 մլրդ. 161 մլն. |
Նկար 2: Իրանի արտաքին առևտրի կառուցվածքը: Ոչ նավթային ապրանքների արտահանում և ներմուծում:
Ներմուծում
Ապրանքային կառուցվածքում առաջին հինգ ներմուծվող ապրանքատեսակներն են
Ապրանքի անվանումը |
Արժեքը (ԱՄՆ դոլար) |
Անասնակեր (եգիպտացորեն) |
2 մլրդ. 90 մլն. |
Բրինձ |
1 մլրդ. 608 մլն. |
Մարդատար ավտոմեքենաների արտադրության համար նախատեսված ավտոմասեր |
1 մլրդ. 380 մլն. |
Սոյա |
1 մլրդ. 161 մլն. |
Սոյայի քուսպ |
651 մլն. |
Ներմուծման տեսանկյունից Իրանի արտաքին առևտրում առաջին տասնյակում զբաղեցնում են հետևյալ երկրները
Երկիր |
Արժեք / դոլար |
Չինաստան |
10 մլրդ. 315 մլն. |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
6 մլրդ. 567 մլն. |
Թուրքիա |
2 մլրդ. 617 մլն. |
Հնդկաստան |
2 մլրդ. 595 մլն. |
Գերմանիա |
2 մլրդ. 472 մլն. |
Շվեյցարիա |
2 մլրդ. 105 մլն. |
Հարավային Կորեա |
2 մլրդ. 50 մլն. |
Ռուսաստան |
1 մլրդ. 343 մլն. |
Հոլանդիա |
1 մլրդ. 159 մլն. |
Իտալիա |
1 մլրդ. 145 մլն. |
2018թ. ներմուծման ցուցանիշներն՝ ըստ երկրների խմբերի
Երկրների խումբը |
Արտահանման ցուցանիշը |
Եվրոպական միություն (EU) |
9 մլրդ. 85 մլն. |
Իսլամական համագործակցության |
6 մլրդ. 696 մլն. |
Պարսից ծոցի համագործակցության |
5 մլրդ. 921 մլն. |
Տնտեսական համագործակցության |
3 մլրդ. 72 մլն. |
Անկախ պետությունների համագործակցություն |
1 մլրդ. 721 մլն. |
Հարավարևելյան Ասիայի պետությունների |
1 մլրդ. 674 մլն. |
2013թ. Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ ընտրվեց Հասան Ռուհանին, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումն ու տնտեսական կապերի խորացումը հայտարարվեց որպես ԻԻՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն: Վերջին տարիներին հաջողվել է ակտիվացնել հարևան երկրների հետ տնտեսական կապերը:
Իրանի և հարևան երկրների միջև արտաքին առևտրում հետևյալ ցուցանիշն է արձանագրվել (2017թ. մարտից 2018թ. մարտ)
Երկիր |
Արտահանում / դոլար |
Ներմուծում / դոլար |
Ընդհանուր |
Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) |
5 մլրդ. 955 մլն. |
6 մլրդ. 567 մլն. |
12 մլրդ. 522 մլն. |
Իրաք |
8 մլրդ. 961 մլն. |
59 մլն. |
9 մլրդ. 20 մլն. |
Թուրքիա |
2 մլրդ. 369 մլն. |
2 մլրդ. 617 մլն. |
4 մլրդ. 986 մլն. |
Աֆղանստան |
2 մլրդ. 927 մլն. |
11 մլն. |
2 մլրդ. 938 մլն. |
Ռուսաստան |
281 մլն. |
1 մլրդ. 343 մլն. |
1 մլրդ. 624 մլն. |
Պակիստան |
1 մլրդ. 247 մլն. |
330 մլն. |
1 մլրդ. 578 մլն. |
Օման |
729 մլն. |
433 մլն. |
1 մլրդ. 161 մլն. |
Ադրբեջան |
411 մլն. |
21 մլն. |
431 մլն. |
Թուրքմենստան |
100 մլն. |
9 մլն. |
410 մլն. |
Քուվեյթ |
253 մլն. |
12 մլն. |
265 մլն. |
Կատար |
225 մլն. |
10 մլն. |
235 մլն. |
Ղազախստան |
131 մլն. |
87 մլն. |
218 մլն. |
Հայաստան |
159 մլն. |
23 մլն. |
182 մլն. |
Բահրեյն |
12 մլն. |
1 մլն. |
13 մլն. |
Սաուդյան Արաբիա |
0,1 մլն |
0,3 մլն. |
0,4 մլն. |
ԱրտահանումՈւսումնասիրելով Իրանի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև 2018թ. արձանագրված առևտրաշրջանառությունը՝ նկատում ենք, որ այն գտնվում է բավական ցածր մակարդակի վրա. Իրանն ավելի շատ ներմուծում, քան արտահանում է Եվրասիական տարածաշրջան:ԵԱՏՄ-ի անդամ երկրների մասնաբաժինն Իրանի արտաքին առևտրում
Երկիր |
Արժեք / դոլար |
Ռուսաստան |
264 մլն. |
Հայաստան |
143 մլն. |
Ղազախստան |
121 մլն. |
Ղրղզստան |
28 մլն. |
Բելառուս |
2 մլն. |
Ներմուծում
Երկիր |
Արժեք / դոլար |
Ռուսաստան |
1 մլրդ. 139 մլն. |
Ղազախստան |
79 մլն. |
Հայաստան |
22 մլն. |
Բելառուս |
21 մլն. |
Ղրղզստան |
7 մլն. |
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն Իրանի համար ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակություն: Նախ նշենք, որ ԵԱՏՄ-ն առաջին միջազգային կազմակերպությունն է, որի հետ Իրանը համաձայնագիր է ստորագրում: Սա հատկապես կարևոր է Թեհրանի համար, որը մինչ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցելը, ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը դիտարկում է որպես նմանատիպ մոդելի փորձարկում:
Երբ ԻԻՀ Մեջլիսում քննարկվում էր ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցը, Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել Եվրասիական տնտեսական միության հետ երեք տարի ժամկետով փորձնական համագործակցություն ծավալելուն, որից հետո բանակցությունների արդյունքում Իրանը կարող է մշտական անդամ դառնալ:
Իրականում փորձաշրջանն անհրաժեշտ է ինչպես Իրանին, այնպես ԵԱՏՄ հիմնական կազմին, քանի որ երբ կողմերը բանակցում էին, Միացյալ Նահանգները դեռ միջուկային համաձայնությունից դուրս չէր եկել, ԻԻՀ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չէին վերականգնվել, Իրանն էլ պատասխան քայլերով չէր կասեցրել միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունների մի մասը:
Անդրադառնալով տնտեսական գործոնին՝ նշենք, որ իրանական ապրանքները մրցունակության խնդիր ունեն. անկախ այն հանգամանքից, թե ինչ ճակատագիր կունենար միջուկային համաձայնությունը, Իրանը լուրջ խնդիրներ կարող էր ունենալ Եվրոպա արտահանելիս, որովհետև իրանական ապրանքատեսակների մեծ մասը թե՛ որակով, թե՛ գնով մրցունակ չեն՝ օրինակ, թուրքական ապրանքների հետ համեմատությամբ: Հետևաբար ԵԱՏՄ-ի շուկան Իրանի համար արտահանման և ներդրումներ գրավելու լավ հնարավորություններ է ընձեռում:
Իրանը, լինելով նավթ և գազ արտահանող երկիր, ԵԱՏՄ-ին հետաքրքիր է նաև այդ տեսանկյունից: Հատկապես, Իրանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում նավթի վաճառքի հետ կապված հնարավոր է տարատեսակ մեխանիզմներ առաջարկել:
ԵԱՏՄ անդամ երկրներում նավթի արտադրությունը տարեկան 634 մլն. տոննա է՝ համաշխարհային ցուցանիշի 14.5 տոկոսը: ԵԱՏՄ-ում գազի արտադրությունը 745 մլն. խմ. է: Գազի արտադրության համաշխարհային ցուցանիշով այն 2-րդ տեղում է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությամբ ԵԱՏՄ-ն աշխարհում 4-րդն է, որտեղ տարեկան արտադրվում է 1 մլրդ. 255 մլն կՎտ էլեկտրաէներգիա, ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշը 123.9 մլրդ. դոլար է, որը համաշխարհային ցուցանիշի 5,5 տոկոսն է [9]:
Ինչ վերաբերում է Իրան-ԵԱՏՄ համագործակցության քաղաքական բաղադրիչին, ապա այն Իրանին հնարավորություն կտա առավել խորացնել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ փոխգործակցությունը: ՇՀԿ-ին անդամակցությունը վերջին մեկ տասնամյակում Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:
Միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո թեև Իրանը և Եվրոպան պայմանավորվել էին շարունակել տնտեսական համագործակցությունը, սակայն Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ իրականացված վերջին գործողություններից հետո եվրոպական ընկերություններն աստիճանաբար դուրս եկան Իրանից:
Նոր իրողության պայմաններում Իրանի համար մեծացավ ԵԱՏՄ-ի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական նշանակությունը:
Իրանի հետ համագործակցության հեռանկարը ԵԱՏՄ-ի անդամների համար որոշ մտավախություն առաջացրեց, սակայն մյուս կողմից, ինչպես 2019թ. ապրիլին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում համոզմունք հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ «Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ԵԱՏՄ անդամների, մասնավորապես Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում» [10]:
Ի նչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակներում Իրան-Հայաստան համագործակցությանը, ապա Երևանում անցկացված համաժողովի օրերին ուշագրավ ուղերձ հնչեց իրանական կողմից: Մասնավորապես, ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին, անդրադառնալով Իրանի հյուսիսային նահանգներն տարածաշրջանային տնտեսական նախագծերին ինտեգրելուն, կարևորել էր Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ ավտոմայրուղու գործարկումից հետո Թավրիզից ՀՀ սահման հնարավոր կլինի հասնել ընդամեն 1 ժամում [11]:
Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը փաստացի չկարողացավ իր տեղը գրավել իրանական շուկայում: Այլ հարց է, որ միջուկային համաձայնությունը շատ արագ կորցրեց իր նշանակությունը, սակայն եթե հիշենք, թե 2015թ. ինչպիսի ակտիվ շփումներ էին տեղի ունենում իրանական և եվրոպական ընկերությունների միջև, ապա կարձանագրենք, որ նույնիսկ Վրաստանը, որն ուղիղ ցամաքային սահման չունենալով Իրանի հետ, իր նախաձեռնողականությամբ բավական առաջ էր անցել Հայաստանից և կարճ ժամանակահատվածում տնտեսական շոշափելի արդյունքներ արձանագրել:
Եթե ենթակառուցվածքների տեսանկյունից ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը և Ղազախստանն ավելի շահեկան դիրքում են, ապա Հայաստանի դեպքում առավելությունն Իրանի հետ ցամաքային սահման ունենալն է: Հետևաբար՝ պետք է արագացնել քայլերը, արդիականացնել Իրանին կապող ենթակառուցվածքները, թարմացնել «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև պայմանավորվածությունները, ակտիվ աշխատել Իրանի պետական և մասնավոր հատվածի հետ, հայ և իրանցի գործարարներին ծանոթացնել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հնարավորություններին, օրենսդրությանը և այլն:
[2] https://www.radiofarda.com
[6] http://www.eurasiancommission.org
[10] http://www.primeminister.am
[11] https://www.tasnimnews.com/