Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները
10 ր. | 2019-05-31Խ որհրդային Միության անկումից հետո հայ-ռուսական հարաբերությունները կառուցվեցին ռազմավարական դաշնակցային սկզբունքի վրա։ Այն, ի թիվս այլ բաղադրիչների՝ ռազմատեխնիկական, գիտական, կրթական, մշակութային և այլն, ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Վերջինիս ամենավառ դրսևորումը ռուսական կապիտալի ներգրավվածությունն է Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև երկու երկրների առևտրաշրջանառությունը։
Ներդրումներ
Ա նկախությունից ի վեր Ռուսաստանը եղել է ամենախոշոր տնտեսական ներդրողը Հայաստանում։ Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում 2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է $5.2 մլդ., որից ուղղակի ներդրումները՝ $3.9 մլդ.։ Այս ցուցանիշով ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված օտարերկրյա կապիտալում առաջին տեղում է։ Ռուսական ներդրումները կազմում են Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների 35.7%-ը [1]։ Ընդհանուր առմամբ Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 1400-ի [2]։
Ենթակառուցվածքների զարգացման գործում ներգրավված ռուսական խոշոր ընկերություններն են Գազպրոմ Արմենիան, Հարավկովկասյան երկաթուղիները, Viva Cell MTS-ը, Ռոստելեկոմը, ՎիմպելՔոմը և այլն։ Ռուսական կապիտալը ներգրավված է նաև լեռնամետալուրգիական («Գեոփրոմայնինգ», «Գեոփրոմայնինգ Գոլդ», «Նևա-Ռուս» և այլն), բանկային («ВТБ Հայաստան», «Ամերիաբանկ», «Գազպրոմբանկ») և այլ ոլորտներում։
«Գազպրոմ Արմենիան», օրինակ, 2016-2018թթ. ներդրումային ծրագրով նախատեսում էր իրականացնել 46.115 մլդ. դրամի ներդրում [3]։ Ընկերությունը 2019-2021թթ. ներդրումային ծրագրով նախատեսում է իրականացնել ևս 29.5 մլդ. դրամի ներդրում [4]։ Դրա բազմաթիվ արդյունքներից մեկն էլ այն է, որ հանրապետության գազաֆիկացումը հասել է շուրջ 95%-ի [5]։
Հարավկովկասյան երկաթուղիները, որը «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է և 2008թ.-ից 30 տարով կառավարելու է Հայաստանի երկաթուղային համակարգը, վերջին 10 տարիներին արել է ավելի քան $230 մլն. ներդրում՝ երկու երրորդը այն ներդրումների, որ նախատեսված էր իրականացնել 30 տարում [6]։ Նշված գումարը ուղղվել է ինչպես ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ շարժակազմի նորոգմանը։ Արդյունքում, օրինակ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, գնացքների միջին արագությունը 25 կմ/ժ-ից ավելացել է մինչև 60 կմ/ժ, որոշ դեպքերում էլ մինչև 100 կմ/ժ, աշխատանքի արտադրողականությունն ավելացել է 46%-ով, աշխատավարձերը՝ 75%-ով [7]։ 2018թ. շահագործման է հանձնվել ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքը, որը սպասարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղին [8]։ Ընկերությունն ունի ավելի քան 3000 աշխատող։
2019թ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը «Վրացական երկաթուղիներ» ընկերության հետ միասին 52%-ով նվազեցրել է Փոթիի նավահանգստից Հայաստան ներմուծվող ցորենի և շրոտի սակագինը [9]:
Մեկ այլ՝ փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» ընկերությանը, որը «Ռուսալ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2000-2015թթ. իրականացրել է $130 մլն. ներդրում [10]։ Հետագա տարիների նույնպես ընկերության կողմից իրականացվել են տարբեր չափերի ներդրումներ [11]։
Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարվող հարկերին, ապա «Գազպրոմ Արմենիան» երկար տարիներ առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ 2018թ. 40 մլդ. դրամ ցուցանիշով այն երրորդ տեղում էր՝ զիջելով միայն «Գրանդ Տոբակոյին» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» [12]։
Այլ ընկերություններից «Գեոփրոմայնինգ Գոլդը» 2018թ. վճարել է մոտ 17 մլդ. դրամ հարկ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 12 մլդ. դրամ, «Viva Cell MTS»-ը՝ մոտ 9 մլդ. դրամ, «Ամերիաբանկը» և «ВТБ Հայաստանը»՝ համապատասխանաբար 6 մլդ. և 4 մլդ. դրամ, իսկ Հարավկովկասյան երկաթուղիները՝ 3.5 մլդ. դրամ։
Առևտրաշրջանառության դինամիկան (1995-2018թթ.)
Հ Հ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների շտեմարանը [13] թույլ է տալիս 1995-ից ի վեր դիտարկել Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը, որը դիտարկում ենք երեք հարթության մեջ՝ արտահանում, ներմուծում և ընդհանուր առևտրաշրջանառություն։
Այսպես, եթե 1995թ. Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընդամենը $90.8 մլն. էր, ապա 2018թ.՝ $666.5 մլն.։ Ընդ որում, կտրուկ աճ գրանցվել է հատկապես 2016-2018թթ.։ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է շուրջ $137.8 մլն.։
Գծապատկեր 1. Հայաստանից Ռուսաստան արտահանման դինամիկան (1995-2018թթ.)
Ռուսաստանից ներմուծումը եթե 1995թ. կազմել է ավելի քան $135 մլն., ապա 2018թ.՝ $1.4 մլդ.։ Ներմուծման պարագայում ևս կտրուկ աճ գրանցվել է 2016-2018թթ.։ 2019թ. առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է մոտ $346 մլն.։
Գծապատկեր 2. Ռուսաստանից Հայաստան ներկրման դինամիկան (1995-2018թթ.)
Ինչ վերաբերում է ընդհանուր առևտրաշրջանառությանը, ապա 1995թ. այն կազմել է մոտ $226 մլն., իսկ 2018թ.՝ ավելի քան $2 մլդ.։ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան $483.5 մլն.:
Գծապատկեր 3. Հայ-ռուսական առևտրաշրջանառության դինամիկան (1995-2018թթ.)
Ամփոփելով հայ-ռուսական առևտրաշրջանառության դինամիկայի վերլուծությունը՝ կարող ենք ասել.
- Դիտարկումը ցույց է տալիս, որ առևտրաշրջանառության անկման փուլերը ժամանակագրորեն համընկնում են երկու երկրներում տեղի ունեցած տնտեսական և քաղաքական այնպիսի ցնցումների հետ, ինչպիսիք են 1998թ. ռուսաստանյան ֆինանսական ճգնաժամը, 1999թ. չեչենական երկրորդ պատերազմը, 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին հաջորդեց տնտեսական անկման որոշակի շրջան, 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը, 2014-2015թթ. միջազգային լարվածությամբ (ռուս-ուկրաինական ճգնաժամ) պայմանավորված Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները։
- Վերջին երեք տարիներին՝ 2016-2018թթ., առևտրաշրջանառության ծավալների աննախադեպ աճը ժամանակագրորեն համընկնում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ և բացատրվում է առաջին հերթին հենց այդ հանգամանքով։
- Հայ-ռուսական առևտրաշրջանառության մեջ ներմուծումը մշտապես գերակշռել և գերակշռում է արտահանմանը։
Գծապատկեր 4. Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը (1995-2018թթ.)
Բացի ԵԱՏՄ շրջանակներում առկա բազմակողմ իրավապայմանագրային հիմքից, հայ-ռուսական տնտեսական համագործակցության խթանմանն են միտված նաև երկկողմ փաստաթղթերը, որոնցից է դեռևս 2012թ. ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը [14]։
Ներմուծման և արտահանման կառուցվածքը
Հ այաստանից Ռուսաստան արտահանման և Ռուսաստանից Հայաստան ներմուծման կառուցվածքները զգալիորեն տարբերվում են։ 2018թ. Ռուսաստանից Հայաստան ներկրվող ապրանքների մեջ տեսակարար կշռի առումով առաջին տեղը զբաղեցնում է հանքամթերքը (առաջին հերթին՝ էներգակիրները)՝ 34.44% ցուցանիշով։ 2019թ. առաջին եռամսյակում Գազպրոմ Արմենիա ընկերությունը Ռուսաստանից Հայաստան է ներմուծել 644 մլն. խ/մ գազ։ Երկրորդ տեղում են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները (19.05%), երրորդում՝ սպառողական ապրանքներն ու գյուղմթերքը (16.38%), չորրորդում՝ մետաղները և մետաղական իրերը (11.03%), հինգերորդում՝ քիմիական արդյունաբերական արտադրանքը (7.55%)։ Այնուհետև հաջորդում են փայտանյութը և ցելյուլոզային-թղթային իրերը՝ 2.82% ցուցանիշով, տեքստիլը և կոշիկը՝ 0.81% ցուցանիշով և թանկարժեք մետաղներն ու քարերը՝ 0.78% ցուցանիշով [15]։
Գծապատկեր 5. Ռուսաստանից Հայաստան ներմուծման կառուցվածքը
Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շարքում առաջին տեղը զբաղեցնում են սպառողական ապրանքները և գյուղմթերքը, որոնք կազմում են ընդհանուր արտահանման գրեթե կեսը՝ 49.94%-ը։ Երկրորդ տեղում են տեքստիլը և կոշիկը (20.99%), երրորդում՝ թանկարժեք մետաղներն ու քարերը (15.08%)։ Այնուհետև հաջորդում են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները՝ 4.81%, քիմիական արդյունաբերական արտադրանքը՝ 3.04%, հանքամթերքը՝ 1.14%, մետաղները և մետաղե իրերը՝ 0.88% [16]։
Գծապատկեր 6. Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքը
Խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին՝ անհնար է չանդրադառնալ աշխատանքային միգրանտների խնդրին։ Հայաստանից աշխատանքային միգրանտների 85% գործունեություն է ծավալում ԵԱՏՄ երկրներում, որոնց մեծամասնությունը՝ Ռուսաստանում։ Վերջիններիս կողմից ամեն տարի դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները կազմում են $1.2 մլդ., ինչը հանրապետության ՀՆԱ-ի 12-15%։ Բացի այդ, ամեն տարի Հայաստան այցելող 1.8 մլն․ զբոսաշրջիկների 40%-ը նույնպես Ռուսաստանից է [17]։
Այս հսկայական փոխանցումները կարևոր են ոչ միայն բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, այլև տնտեսական զարգացման տեսակետից, քանի որ դրանք են ձևավորում հանրապետությունում գնողունակ պահանջարկի մի նշանակալի մասը։
Առկա խնդիրների լուծման հեռանկարները
Հ այ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում կարևոր խնդիրներից է գազի գինը։ Ռուսական գազը Հայաստանին («Գազպրոմ Արմենիային») սահմանի վրա վաճառվում է ցածր գնով։ Մինչև 2018թ. այն վաճառվել է $150 1000 խ/մ-ի դիմաց, 2019թ. այն բարձրացվել է $165 [18]։ Սակայն սպառողներին այն մատակարարվում է միջազգային գներով՝ 139000 ՀՀ դրամ (շուրջ $290) 1000 խ/մ-ի դիմաց [19]։
Ընկերությունը խնդիրը բացատրում է իրականացված մեծ ծավալի գազաֆիկացման աշխատանքներով, որի արդյունքում ստեղծվել է հսկայական ենթակառուցվածք։ Մինչդեռ սպառողները քիչ են, որոնք էլ ստիպված են իրենց վրա վերցնել այդ ենթակառուցվածքի սպասարկման ու պահպանության ծախսերը։
Խնդրի լուծումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ժողովրդագրական և տնտեսական։ Առաջինը ենթադրում է հանրապետության բնակչության ավելացման միջոցով գազի բաժանորդների թվի ավելացում, որի արդյունքում ստեղծված ենթակառուցվածքի շահագործման ծախսերը կընկնեն համեմատաբար ավելի մեծ քանակով բաժանորդների վրա։
Երկրորդը տնտեսական զարգացումն է, որը պետք է հանգեցնի արդյունաբերական նպատակով գազի սպառման ծավալի մեծացմանը։ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում իրացվել է 613 մլն. մ/խ գազ, որի մեծ մասը՝ 285.5 մլն. մ/խ, մատակարարվել է բնակչությանը։ Այսինքն, կենցաղային նպատակով գազի սպառումը ընդհանուր սպառման կառուցվածքում առաջին տեղում է։ Երկրորդ տեղում է ավտոմեքենաների լիցքավորումը՝ 132.1 մլն. մ/խ։ Այլ սպառողներին վաճառված գազի ծավալը 120.7 մլն. մ/խ է։ Եվ վերջապես, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ծախսվող գազի ծավալը կազմել է համապատասխանաբար՝ 43 մլն. մ/խ և 31.2 մլն. մ/խ [20]։
Բնական գազի սպառման կառուցվածքը Հայաստանում 2019թ. առաջին եռամսյակում (հունվար-մարտ ամիսներին)
Եթե էներգիայի արտադրությունը նույնպես համարենք արդյունաբերության առանձին ճյուղ, ապա կտեսնենք, որ արդյունաբերական ու էներգետիկ նպատակներով սպառված գազի ծավալները կազմում են ընդամենը 74.2 մլն. մ/խ։ Այս ցուցանիշը կրկին միայն վերջին տեղն է ապահովում Հայաստանի բնական գազի սպառման ընդհանուր կառուցվածքում։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ երկու ոլորտներում միասին վերցրած բնական գազի սպառումը 3.8 անգամ զիջում է կենցաղային նպատակներով և 8.2 անգամ՝ ընդհանուր սպառմանը։
Տնտեսական զարգացման արդյունքում գազի սպառման կառուցվածքի փոփոխությունը, որտեղ առաջինը կլինի արդյունաբերական սպառումը, կհանգեցնի ենթակառուցվածքի պահպանման և շահագործման ծախսերի բաշխմանը արդյունաբերական ձեռնարկությունների վրա՝ զգալիորեն թեթևացնելով բնակչության բեռը։
Բնական գազի սպառման կառուցվածքի դինամիկան ներկա պահին մտահոգիչ է։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 2019թ. հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական նպատակով գազի սպառումը նվազել է 6.1%-ով։ Առավել մտահոգիչ է ցուցանիշը էներգետիկ նպատակներով սպառման ասպարեզում, որտեղ անկումը 79.5% է։ Փոխարենը ավելացել են գազի իրացման ծավալները կենցաղային նպատակներով (38.4%), այլ սպառողների կողմից (27%) և ավտոմեքենաների շարժիչների լիցքավորման նպատակով (19.4%) [21]։
Հաջորդ խնդիրը կապված է ԵԱՏՄ շրջանակներում որոշ ապրանքատեսակների նկատմամբ ազատ տեղաշարժի ռեժիմի դեռևս չկիրառման հետ։ Դրանք են ալկոհոլային խմիչքները, գազը, նավթը, նավթամթերքը և թանկարժեք մետաղները։
ԵԱՏՄ շրջանակներում առևտրի հետագա ազատականացումն իր լրացուցիչ նպաստը կբերի հայ-ռուսական առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Նախատեսվում է մինչև 2019թ. ավարտը ստեղծել էլեկտրաէներգիայի, իսկ մինչև 2025թ.՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկա [22]։
Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում կարևորագույն խնդիրներից մեկն էլ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացակայությունն է՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմամբ և Աբխազական երկաթուղու [23] փակ լինելով, որի լուծումը հնարավոր է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ երկաթուղային հաղորդակցության համակարգի ստեղծման միջոցով։
[1] Российско-армянские отношения
[2] Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցում են 4,5 միլիարդ դոլարը
[4] ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին
[5] http://www.minenergy.am/page/540
[6] За десять лет инвестиции в железнодорожную сферу Армении превысили $230 млн – замглавы РЖД
[7] 2018 թ.-ին պետական բյուջե է վճարվել 4 մլրդ դրամից ավելի գումար. ՀԿԵ–ի պատասխանը ՔԿ–ին
[8] Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ
[9] Ցորեն ու շրոտ փոխադրելու գները կրկնակի նվազել են. ի՞նչ կտա սակագինը հայաստանցի մատակարարին
[10] 15 տարում «Ռուսալը» Հայաստանում ավելի քան 130 մլն դոլարի ներդրում է արել
[11] Տե՛ս Նոր ներդրումային ծրագիր, աշխատատեղեր, լրացուցիչ արտադրանք «Ռուսալ Արմենալ»-ում, Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին
[12] Տե՛ս http://www.petekamutner.am
[15] Մանրամասն տե՛ս Товарооборот России с Арменией
[16] Մանրամասն տե՛ս նույն տեղում։
[17] Ресурс ЕАЭС поможет Армении стать быстро развивающейся страной — Сафарян
[18] Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կկազմի 165 ԱՄՆ դոլար` 1000 խմ-ի համար
[19] Սպառողների համար գործող բնական գազի սակագները
[20] Հայաստանի ավտոպարկի 80%-ը որպես շարժիչային վառելիք օգտագործում է բնական գազը։
[21] 2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 644 մլն խ.մ բնական գազ
[22] В ЕАЭС напрочь отсутствует политический компонент — представитель ЕЭК
[23] Վրաստանի միջոցով Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածը, որը փակ է 1992թ.-ից։