Եվրախորհրդարանի ընտրությունները

7 ր.   |  2019-05-24

Ի՞նչ վերադասավորումներ են սպասվում

2019թ. մայիսի 23-26-ը ԵՄ օրենսդիր մարմնի՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններն են, որոնք կարող են որոշիչ լինել Եվրամիության հետագա քաղաքականության համար։

Ընտրությունների կարգը

Ե վրոպական խորհրդարանը ԵՄ միակ ուղիղ ընտրվող մարմինն է, որն ընտրելու է ԵՄ գործադիր թևի ղեկավարությանը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահին [1] և անդամներին։ Եվրոպական խորհրդարանի 751 պատգամավորները ներկայացնում են 28 երկրի ավելի քան 512 մլն. բնակչությանը: Անդամ-երկրներն ունեն համամասնության սկզբունքով սահմանված մանդատներ պայմանավորված տվյալ երկրի բնակչության թվով։ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցում են ազգային քաղաքական կուսակցությունները, սակայն խորհրդարան անցնելուց հետո նրանց մեծ մասը միանում է վերազգային քաղաքական խմբերին (transnational political groups) (կամ եվրոպական քաղաքական կուսակցություններ` European political parties): Առավել շատ մանդատներ ստացած եվրոպական կուսակցությունը ստանում է Եվրահանձնաժողովի քաղաքականության մշակման վրա ազդեցություն ունենալու ամենամեծ հնարավորությունը:

Բրեքսիթի գործոնը

2 018թ. փետրվարին Եվրախորհրդարանը քվեարկել էր պատգամավորների թիվը 751-ից մինչև 705 կրճատելու օգտին, եթե Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գար մինչև 2019թ. մարտի 29-ը։ Սակայն Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը հետաձգվել է մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիան ևս մասնակցելու է ընտրություններին։

Թեև Եվրոպական խորհրդարանում ներկայացված կլինեն նաև բրիտանացի պատգամավորներ, սակայն հարցը, թե որքան ժամանակ նրանք կօգտվեն իրենց լիազորություններից և ԵՄ քաղաքականության իրականացման ժամանակ ինչպես կդիրքավորվեն, դեռևս հայտնի չէ։ Ինչ վերաբերում է Բրեքսիթի ավարտից հետո Եվրոպական խորհրդարանում մանդատները վայր դնելուն, ապա սա նույնպես խորհրդարանում ուժերի վերադասավորման պատճառ կդառնա։

Կանխատեսումներ

«Politico» միջազգային գործակալությունը ներկայացրել է ԵՄ անդամ երկրներում իրականացված հարցումների արդյունքները, որոնք ներկայացված են Գծապատկեր 1-ում:

Գծապատկեր 1

Հիմնվելով վերոնշյալ աղյուսակի վրա՝ ներկայացնենք մրցակցող հիմնական ուժերի գաղափարական ուղղվածությունը և «Politico»-ի կողմից նրանց համար կանխատեսվող մանդատների քանակը՝

Կենտրոնամետ աջակողմյան Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), որը մշտապես հավատարիմ է եղել «ուժեղ Եվրոպայի» գաղափարին և ԵՄ ինտեգրացիայի խորացմանը, ըստ կանխատեսումների, ձեռք է բերելու 168 մանդատ՝ նախորդ գումարման խորհրդարանում ստացած 221-ի փոխարեն։ EPP-ն ներառում է այնպիսի խոշոր կենտրոնամետ աջակողմյան կուսակցություններ, ինչպիսիք են Գերմանիայի «ՔԴՄ/ՔՍՄ», Ֆրանսիայի «Հանրապետական», Բելգիայի «Քրիստոնյա դեմոկրատներ (CD&V)», Չեխիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն–Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցություն (KDU-ČSL)», Իռլանդիայի «Fine Gael», Հունաստանի «Նոր դեմոկրատիա», Իտալիայի «Առաջ Իտալիա», Իսպանիայի «Ժողովրդական», Պորտուգալիայի «Սոցիալ-դեմոկրատական», Լեհաստանի «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունները և այլն։

Կենտրոնամետ ձախակողմյան Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը (S&D), որը պայքարում է առավել ուժեղ և առավել ժողովրդավարական Եվրոպայում սոցիալական արդարության, աշխատատեղերի աճի, սպառողների իրավունքների, կայուն զարգացման, ֆինանսական շուկայի բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության համար, այս ընտրությունների արդյունքում կարող է խորհրդարանում 146 մանդատ ձեռք բերել՝ նախկին 191-ի փոխարեն։ S&D-ի կազմում մեծ թվով մանդատներ են պատկանում Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական», Ֆրանսիայի «Սոցիալիստական», Իտալիայի «Դեմոկրատական», Ռումինիայի «Սոցիալ-դեմոկրատական», Մեծ Բրիտանիայի «Լեյբորիստական» կուսակցություններին։

Լիբերալ կենտրոնամետ Լիբերալների և դեմոկրատների դաշինք Եվրոպայի համար (ALDE)  կուսակցությունը, որը պայքարում է լիբերալ սկզբունքների վրա հիմնված «ուժեղ Եվրոպայի» համար, այս գումարման խորհրդարանում կարող է 105 պատգամավոր ունենալ, ինչը զգալի առաջընթաց կլինի կուսակցության համար, եթե հաշվի առնենք նախորդ գումարման խորհրդարանում ունեցած 67 մանդատը։ ALDE-ն բաղկացած է հիմնականում լիբերալ կուսակցություններից, օրինակ՝ Գերմանիայի «Ազատ դեմոկրատական» կուսակցությունը, Բուլղարիայի «Իրավունքների և ազատությունների համար շարժումը», Նիդերլանդների «Դեմոկրատներ 66» կուսակցությունը և այլն։ Կանխատեսվում է, որ այս խմբավորմանը կմիանա նաև Ֆրանսիայի «Առաջ հանրապետություն» շարժումը։

Աջակողմյան պոպուլիստական Սալվինիի՝ Ժողովուրդների և ազգերի եվրոպական դաշինք (նախկինում՝ Ժողովուրդների և ազատության Եվրոպա) կուսակցությունը, որը հանդես է գալիս առավել խիստ միգրացիոն քաղաքականության և սահմանային խստացումների օգտին և պաշտպանում է ԵՄ երկրների անկախության առավել բարձր աստիճանը, հավակնում է 75 մանդատի: Այս քաղաքական խմբավորման խոշորագույն ուժերն են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և Իտալիայի «Հյուսիսային լիգա» կուսակցությունը:

Պահպանողական եվրոսկեպտիկ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը (ECR), որի գլխավոր նպատակը ապակենտրոնացման, թափանցիկության և տնտեսական աճով ԵՄ-ն բարեփոխելն է, այս խորհրդարանում կարող է ստանալ 57 մանդատ՝ նախկին 70-ի փոխարեն։ Խմբավորման գլխավոր ուժերն են Մեծ Բրիտանիայի «Պահպանողական» կուսակցությունը և Լեհաստանի «Օրենք ու արդարություն» կուսակցությունը։

Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք քաղաքական խմբավորումը, որը բաղկացած է Կանաչներից, պետականություն չունեցող ազգեր ու փոքրամասնություններ ներկայացնող կուսակցությունների անդամներից և անկուսակցականներից, հավակնում է 55 մանդատի։ Դաշինքի նպատակն է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, շրջակա միջավայրը, կրթության, առողջության, մշակույթի և բարձրորակ կյանք ունենալու իրավունքը, ինքնորոշման իրավունքը և այլն։ Դաշինքը ձգտում է նաև բարեփոխել ԵՄ-ն, որն անտեսում է սոցիալական, մշակութային և բնապահպանական արժեքները։ Դաշինքում համեմատաբար շատ մանդատներ ունեն Գերմանիայի «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցությունը, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի «Կանաչներ» կուսակցությունները և այլն։

Ձախակողմյան Եվրոպական միացյալ ձախերի/Հյուսիսային կանաչ ձախերի միությունը, որը կազմված է կոմունիստական և սոցիալիստական կուսակցություններից, ամենայն հավանականությամբ կկարողանա պահպանել նախորդ գումարման խորհրդարանում ունեցած 52 մանդատը։ Կուսակցությունը պայքարում է ԵՄ ներկայիս ղեկավարության դեմ, սակայն պաշտպանում է սոցիալական հավասարության և անվտանգության վրա հիմնված ինտեգրացիայի գաղափարը։ Խմբավորման մեջ մանդատներ ունեն Գերմանիայի «Ձախեր», Իսպանիայի «Պոդեմոս» և այլ կուսակցություններ։

Հինգ աստղ շարժում նորաստեղծ քաղաքական խմբավորումը, որը չի ընդունում աջ կամ ձախ բաժանումները և պայքարում է Եվրոպան պահպանելու և բարեփոխելու համար, ընտրությունների արդյունքում կարող է ձեռք բերել 49 մանդատ։ Այս կուսակցությունը ձևավորվել է նախկին «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» խմբավորման հենքով, որը նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցրել է 48 տեղ։ Հինգ աստղ շարժումը ձգտում է այնպիսի Եվրոպայի, որտեղ կհարգվի ազգային ինքնությունը, կբարեփոխվեն եվրոպական ինստիտուտները, կբարելավվի կյանքի որակը, կպաշտպանվեն մարդկանց հիմնարար իրավունքները։ Այս նորաստեղծ խմբավորման կազմում են Իտալիայի «Հինգ աստղ» շարժումը, Ֆինլանդիայի «Հիմա» շարժումը, Խորվաթիայի «Zivi Zid» կուսակցությունը, Լեհաստանի «Kukiz'15» քաղաքական շարժումը, Հունաստանի «Գյուղատնտեսական» կուսակցությունը։ Նրանց է միացել նաև Նիգել Ֆարաժի՝ «Մեծ Բրիտանիայի Անկախություն կուսակցության» հիմքով ստեղծված «Բրեքսիթ» կուսակցությունը։

www.spectator.co հունվարի 5, 2019թ.

Ամբողջացնելով հարցումների արդյունքում ձևավորված պատկերը՝ կարող ենք նշել, որ նախընտրական շրջանում նկատվող միտումները վկայում են ԵՄ ինտեգրման խորացման, «ուժեղ Եվրոպա» գաղափարի պաշտպանությամբ հանդես եկող եվրոպական ավանդական կուսակցությունների նկատմամբ աջակցության նվազման և եվրոպական ինտեգրացիան, Բրյուսելի գործելաոճը քննադատող ու ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության բարձր աստիճան ունենալու գաղափարը պաշտպանող պոպուլիստական ուժերի նկատմամբ վստահության աճի մասին։

Պոպուլիստների դիրքերի ամրապնդում

Պ ոպուլիստների նկատմամբ աջակցությունը վերջին 20 տարում Եվրոպայում եռապատկվել է, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է իշխանության գալ եվրոպական 11 երկրներում և կարևոր գործոն դառնալ ԵՄ քաղաքական համակարգում։ Եթե 1998թ. պոպուլիստները համարվում էին լուսանցքային ուժ և կարողանում էին միայն 7% ձայն ստանալ, ապա այժմ եվրոպացիների 25-28%-ը պատրաստ է քվեարկել նրանց օգտին։ Եվրոպայում պոպուլիստների ազդեցության աճը բացատրվում է մի քանի հանգամանքով. նախ՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը հանգեցրել է քաղաքական ու տնտեսական վերնախավից հիասթափության և նպաստել պոպուլիստների նկատմամբ քաղաքացիների վստահության աճի։ Երկրորդ՝ պոպուլիստներին հաջողվել է լսարանին համոզել, որ իրենք գործող քաղաքական համակարգի և ավանդական վերնախավի մաս չեն, որն այլևս ի վիճակի չէ լուծել եվրոպական երկրների առջև ծառացած խնդիրները։

Այսօր նույնպես ԵՄ գործող ղեկավարության և նրանց կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության վերաբերյալ քննադատությունը նպաստում է պոպուլիստներին աջակցության աճին։ Նրանք հանդես են գալիս առավել կոշտ միգրացիոն քաղաքականության, սահմանային խստացումների, Դուբլինյան կարգավորման համակարգը վերանայելու դիրքերից, ինչն էլ նպաստում է նրանց հանդեպ վստահության մեծացմանը։

Պոպուլիստների համար շարունակում է խնդիր լինել տարբեր երկրներում ուժերի համախմբումը. Հյուսիսային Լիգայի առաջնորդ Մատեո Սալվինին ակտիվ ջանքեր է գործադրում Եվրոպայի ազգայնական և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների միավորման համար։ Նրան արդեն հաջողվել է իր շուրջը համախմբել մի քանի եվրոպական երկրների աջ պոպուլիստների (գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար», դանիական «Ժողովրդական կուսակցություն», ֆիննական «Իսկական ֆիններ կուսակցություն» և այլն), ինչի շնորհիվ պոպուլիստները կարող են առավել միասնական հանդես գալ եվրոպական խորհրդարանում։

Սա անհանգստության առիթ կարող է դառնալ եվրոպական հիմնական քաղաքական ուժերի համար. հաջողության հասնելու դեպքում պոպուլիստները կարող են էական ազդեցություն ունենալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի ընտրության, հանձնաժողովի գործունեության վրա, ինչպես նաև մեծացնել ճնշումը ԵՄ ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ։ Բացի այդ, «հակաեվրոպական» այս ուժերը կարող են խոչընդոտել կամ դանդաղեցնել կարևոր օրենսդրական գործընթացները, ԵՄ բյուջեի հաստատումը կամ երկարաժամկետ ծախսերի պլանավորումը։

Այսպիսով, եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում ԵՄ-ում քաղաքական ուժերի դասավորվածությունը կարող է էական փոփոխություններ կրել։ Եթե եվրոսկեպտիկ պոպուլիստական ուժերին հաջողվի միասնաբար հանդես գալ խորհրդարանում, ապա նրանք կարող են լուրջ գործոն դառնալ ԵՄ հետագա քաղաքականության արդյունավետ իրականացման կամ խաթարման համար։ 


[1] Յուրաքանչյուր եվրոպական կուսակցություն ներկայացնում է Եվրահանձնաժողովի նախագահի իր թեկնածուն: Այս կարգը սահմանվել է 2014թ.։ Ժան Կլոդ Յունկերը դարձել է Եվրոպական Հանձնաժողովի նախագահ, երբ նրան աջակցող ԵԺԿ-ն 2014թ. ընտրություններում ստացել էր առավելագույն թվով ձայներ։