Քաղաքական նորեկների ֆենոմենը

9 ր.   |  2019-05-20

Ինչո՞ւ են մարդիկ նախապատվություն տալիս անփորձներին


2019թ․ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում կրկին օրակարգային են դարձրել քաղաքական իշխանության, վերնախավի, քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրության մոտեցումների փոփոխության քննարկումը։ Քաղաքականության մեջ նորեկ, երբեմն՝ անփորձ, գործիչներին նախընտրելու միջազգային միտումը մեր օրերում ուղիղ համեմատական է այդ երկրներում գործող վարչակարգերի դեմ հանրային դժգոհությանը։

Ա պրիլի 21-ին տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքով հայտնի կատակերգու, դերասան Վլադիմիր Զելենսկին ստացավ ուկրաինացի ընտրողների ավելի քան 73%-ի վստահությունը։ Նման բարձր ցուցանիշը Ուկրաինայի ընտրությունների պատմության մեջ աննախադեպ էր՝ բացառությամբ 2014թ. հետմայդանյան ընտրությունների, երբ Պյոտր Պորոշենկոն ձայների 54․7%-ով առաջին փուլում նախագահ ընտրվեց։

Կարևոր է ընդգծել, որ քաղաքական փորձառություն չունեցող Զելենսկին առաջին փուլի առաջատարն էր, ստացել էր ընտրողների ձայների 30%-ից ավելին՝ գրեթե կրկնակի գերազանցելով գործող նախագահ Պորոշենկոյին և Ուկրաինայի քաղաքականության «վետերան» Յուլյա Տիմոշենկոյին ու նախագահի պաշտոնի համար առաջադրված մյուս 36 թեկնածուներին։

Այս արդյունքը կանխատեսելի էր. նախընտրական շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Զելենսկին հավակնում է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը։

Եթե տարբեր ժամանակահատվածներում Պորոշենկոյի և Տիմոշենկոյի վարկանիշերը տատանվում էին երկրորդ և երրորդ հորիզոնականներում, ապա Զելենսկին նախընտրական պայքարի ողջ շրջանում հիմնականում առաջատարն էր [1]։

Ինչո՞վ էր պայմանավորված նման բարձր վստահությունը քաղաքականության մեջ անփորձ գործչի հանդեպ։

Անվստահություն Պորոշենկոյին

Ձ այների մեծ տարբերությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ուկրաինացիների ընտրությունը եղել է գիտակցված և արտահայտել է նախագահ Պորոշենկոյի նկատմամբ հանրության շրջանում կուտակված անվստահությունը։ Մինչև նախագահ դառնալը նա զբաղեցրել էր տարբեր քաղաքական պաշտոններ և հաջողակ գործարար էր: Պորոշենկոն իշխանության եկավ 2014թ․ հեղափոխության արդյունքում՝ ստանալով հանրային լայն աջակցություն։

«Ապրել նորովի» կարգախոսի, պատերազմի ավարտի, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու, ռազմական ոլորտի բարեփոխումների, կառավարման ապակենտրոնացման և այլ խոստումների հետ մեկտեղ Պորոշենկոն խոստանում էր որպես քաղաքական գործիչ վաճառել իր բոլոր ընկերությունները՝ բացի «Հինգերորդ ալիք»-ից։ Սակայն, հետմայդանյան բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը ուկրաինացիների համար չապահովեցին ցանկալի արդյունքներ, իսկ նախընտրական խոստումների իրականացման մակարդակը հանրությանը չբավարարեց, և նախագահի վարկանիշը սկսեց նվազել։

Պորոշենկոյի վարկանիշի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև նախքան քարոզարշավը տեղի ունեցած իրադարձությունները՝ Կիևի թեմի դուրսբերումը Մոսկվայի պատրիարքարանի իրավասությունից, Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած բախումը, ընտրությունների նախօրեին երկրում ռազմական դրության հայտարարումը և այլն։ Պորոշենկոյի նախընտրական արշավը կառուցված էր ազգայնական մոտեցումների վրա (օգտագործում էր «Բանակ, լեզու, կրոն» կարգախոսը)՝ հանրային լայն շրջանակների աջակցությունը ստանալու ակնկալիքով: Դրա վառ օրինակներից էր լեզվի խնդիրը հանրային օրակարգ վերադարձնելը: Գործնականում սակայն, այս ամենն ունեցավ հակառակ արդյունք:

Ուկրաինացիներն իրենց ձայնը տվեցին Զելենսկուն, ով դեմ էր ուկրաինական հեռուստատեսությունում լեզվական սահմանափակումներին, և առհասարակ սկզբունքորեն դեմ չէր ռուսերենի կիրառմանը Ուկրաինայում:

Պորոշենկոն հանրությանը ներկայանում էր որպես Արևմուտքի լիակատար աջակցությունը վայելող թեկնածու։ Նրա հանդիպումները Գերմանիայի կանցլեր Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի (ով ընդունել էր նաև Զելենսկուն), ԵՄ բարձրագույն պաշտոնյաների հետ հանրությանը մատուցվում էր որպես ԵՄ աջակցության վկայություն, որոնք, սակայն աջակցության չափազանցված էին: Ավելին՝ ԵՄ-ում Պորոշենկոյից որոշակի հիասթափություն կար. Ուկրաինայում ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ցածր մակարդակը (https://www.golos-ameriki.ru/a/corruption-report-paints-bleak-picture-for-russia-eastern-europe/4763189.html) չէին կարող չանհանգստացնել Եվրոպային։ Միաժամանակ, Ուկրաինայի և Ռուսաստանի հակասությունները «ստիպում են» Եվրամիությանը արձագանքել, ինչը ԵՄ-ում առկա խնդիրների ֆոնին այնքան էլ ցանկալի չէ։ Ուստի չի կարելի միանշանակ պնդել, որ Պորոշենկոն վայելում էր Արևմուտքի անվերապահ աջակցությունը։ Ընտրությունների արդյունքները բավարարել են Արևմուտքին, և Եվրոպան ու ԱՄՆ-ն դրական են արձագանքել Զելենսկու հաղթանակին, հատկապես, երբ Ուկրաինայի նոր նախագահը քաղաքական կուրսի փոփոխության հարց չի բարձրացրել։

Ընտրություն հնի ու նորի միջև

Ու կրաինայում նախընտրական քարոզարշավի հիմքում ընկած էր Զելենսկու հակադրությունը Պորոշենկոյին և գործող համակարգին։ Զելենսկին, ով չէր առնչվում հեղինակազրկված քաղաքական համակարգին, անմիջապես գրավեց հանրության ուշադրությունը։ Նա հանդես էր գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչ, խոսում ժողովրդին հասկանալի լեզվով, բարձրաձայնում մարդկանց հուզող համակարգային խնդիրները և առաջարկում ոչ ստանդարտ լուծումներ։ Իր խոստումներում Զելենսկին ավելի իրատես էր, ընդունում էր, որ Ուկրաինայի խնդիրների լուծման համար մեծ կամք, ջանքեր և ժամանակ կպահանջվի։ Զելենսկին բարձրաձայնում էր պատերազմի, կոռուպցիայի, աղքատություն և այլ ցավոտ հարցեր, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին։

Ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին՝ թեկնածուների հրապարակային բանավեճից հետո ավելի ընդգծվեց Պորոշենկոյի և Զելենսկու տարբերությունը։

Պորոշենկոն հանրության աչքում շարունակում էր ընկալվել որպես օլիգարխիայի հետ կապված պաշտոնյա: Զելենսկու հաղթանակը ցույց տվեց, որ մարդիկ հոգնել են հին համակարգից ու քաղաքական վերնախավից և նախընտրում են իշխանության ղեկին տեսնել թեկուզ անփորձ, սակայն հասարակ մարդկանց խնդիրները հասկացող գործչի։

Անփորձության թեզը, որն ակտիվորեն շրջանառվում էր Պորոշենկոյի թիմի կողմից, որևէ կերպ չանդրադարձավ Զելենսկու վարկանիշի վրա և, ըստ էության, հակառակ ազդեցություն ունեցավ։

Կարևոր է նշել նաև, որ Զելենսկու հակառակորդները նրա գործելաոճը ներկայացնում են որպես պոպուլիզմ՝ համեմատելով նրան արևմտյան մի շարք առաջնորդների հետ, ովքեր նույնպես «մեղադրվում էին» ամբոխահաճո գործունեության համար։

Ըստ մասնագիտական դիտարկումների՝ ուկրաինական պետության հանդեպ քաղաքացիների զանգվածային անվստահությունը Արևմուտքի երկրներում ժողովրդավարական ինստիտուտների մասնակի ճգնաժամի հետ համեմատելը հիմնավորված չէ, և օբյեկտիվ խնդիրներ բարձրաձայնող Զելենսկուն չի կարելի համարել պոպուլիստ։ Իր գործելաոճով Զելենսկին փորձել է ստանալ ընտրազանգվածի վստահությունը և իր շուրջը համախմբել ժողովրդին։ Մյուս կողմից, նման մոտեցումների կիրառումը կարող է իշխող էլիտայի համար ազդանշան լինել՝ վերանայելու սեփական գործելաոճը և ընդառաջ գնալու ժողովրդին:

Նախընտրական տեխնոլոգիաների տարբերություն

«Ժողովրդի ծառայի» կերպարը Վլադիմիր Զելենսկին դարձրեց իրականություն։

Ն ախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ Զելենսկու թիմի կիրառած նորարարական տեխնոլոգիաները քաղաքականությամբ հետաքրքվողներին անտարբեր չեն թողնի։ Առավել ուշագրավ էր 2015թ. ցուցադրվող «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը, որի կարգախոսն էր «Հաջորդ նախագահի պատմությունը»։ Երեք եթերաշրջան ունեցող սերիալը, որտեղ Զելենսկին մարմնավորում էր Ուկրաինայի նախագահի դերը, մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմում ներկայացվող քաղաքական համակարգը բավականին նման էր Ուկրաինականին, երկրում առկա խնդիրները վերցված էին իրական կյանքից, իսկ պատմության հասարակ ուսուցիչը՝ ազնիվ, հայրենասեր և իր աշխատանքին նվիրյալ Զելենսկին, ում ժողովուրդը նախագահ է ընտրում, ստիպված է լինում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, պայքարել կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ։ Զելենսկին քարոզարշավի ընթացքում ակտիվորեն օգտագործել էր իր հերոսի կերպարը, որին հանրությունը ոչ միշտ էր տարբերում «իրական» Զելենսկուց։ Օրինակ, ֆիլմից մի կադր, որտեղ նախագահը պատկերված է իր պորտֆելով,  օգտագործվում էր Զելենսկու նախընտրական պաստառների վրա։

Հետաքրքական է, որ 2015թ․ աշնանը հեռուստադիտողի դատին հանձնված հեռուստասերիալը ցուցադրվել է նաև նախընտրական շրջանում, իսկ սերիալի երրորդ եթերաշրջանը ցուցադրվել է ընտրությունների առաջին փուլի նախօրեին։ Թեև դեռևս գնահատված չէ ֆիլմի ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքի վրա, սակայն սոցիոլոգները վստահ են, որ հեռուստասերիալն օգնել է Զելենսկուն, սակայն վճռորոշ դեր չի ունեցել․ Զելենսկուն, ըստ սոցիոլոգների, այն բերել է իր հավաքած ձայների ընդամենը 6%-ը։

Ի դեպ, միայն «Ժողովրդի ծառա» սերիալը չէ, որ ճանաչում է բերել Զելենսկուն։ Այն բոլոր հումորային նախագծերը, ֆիլմերը, ծրագրերը, որոնց մասնակցել է Զելենսկին, մեծ դեր են ունեցել նրա ժողովրդականության համար։ Առանձնահատուկ դեր է ունեցել քաղաքական երգիծանքը, որով Զելենսկու թիմը ծաղրել է Ուկրաինայի քաղաքական համակարգը, և հանրության շրջանում տպավորություն էր ստեղծվել, թե Զելենսկին տիրապետում է Ուկրաինայի քաղաքական ողջ անցուդարձին, դեմ է գործող համակարգին, և փոխելու է քաղաքական կյանքի բացասական երևույթները։

Իր նախընտրական ծրագիրը կազմելիս Զելենսկին ներգրավել էր քաղաքացիներին, ինչը յուրօրինակ ու արդյունավետ քայլ էր, քանի որ մի կողմից թեկնածուն ընկալվում էր որպես ժողովրդի ներկայացուցիչ, մյուս կողմից՝ ժողովուրդը մասնակցում էր իր թեկնածուի «կերտմանը»։ Այս տեխնոլոգիան օգտագործվել է աշխարհի մոտ 20 երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Պերուում, Վրաստանում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում։

Նախընտրական պայքարում Զելենսկու թիմի կիրառած նորարարական գաղափարները թիրախավորում էին նաև երիտասարդ և «ժամանակակից» ընտրողներին։ Սոցիալական ցանցերում տեսաուղերձների տեղադրումը, ուղիղ եթերի, հաշթեգերի, ֆլեշմոբերի, մարտահրավերների (challenge) կազմակերպումը, տարբեր իրերի և կպչուն թղթերի թողարկումը և տարածումը երիտասարդության շրջանում նախընտրական քարոզչության բավական հետաքրքիր միջոցներ են։     

Զելենսկու մեկ այլ կարևոր առավելությունը անձնական խարիզման է, ինչը ևս բավականին լավ օգտագործվեց նախընտրական քարոզչության ընթացքում։ Այն արտահայտվում էր դերասանական տաղանդով, հումորով, լսարանի ուշադրությունը գրավելու կարողությամբ և այլն։ Զելենսկու թիմը, ըստ էության, նրա քաղաքական իմիջը ձևավորելիս ընտրել է խարիզմատիկ լիդերի «առաջնորդ-սպասավոր» տեսակը, ով փորձում է ներկայացնել իր համակիրների շահերը, առաջնորդվում է նրանց հավատով ու կարիքներով, ներկայանում է որպես խմբի, տվյալ դեպքում՝ ժողովրդի անունից հանդես եկող անձ:

Իգոր Կոլոմոյսկու գործոնը

Արդյո՞ք Զելենսկին Կոլոմոյսկու հովանավորյալն է։

Ն ախընտրական շրջանում Զելենսկին ընտրապայքարի տարբեր ուժերի կողմից ասոցացվում էր Ուկրաինացի օլիգարխ, գործարար, հասարակական-քաղաքական գործիչ, Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական-ֆինանսական «Պրիվատ» խմբի հիմնադիր, Ուկրաինայի Միացյալ հրեական համայնքի նախագահ Իգոր Կոլոմոյսկու հետ։ Այլ կերպ ասած՝ շատերը Զելենսկուն համարում են հայտնի օլիգարխի «դրածո», ուստի, ըստ հնչող կարծիքների, Զելենսկին «ոչ թե ժողովրդի, այլ Կոլոմոյսկու ծառան է»։ Նման «մեղադրանքներ» Ուկրաինայի նորընտիր նախագահի հասցեին հնչում էին հիմնականում Պյոտր Պորոշենկոյի շրջապատից։ Ինչպես հայտնի է, դեռ 2015թ. Պորոշենկոյի հետ ունեցած հակասությունների հետևանքով Կոլոմոյսկին ազատվեց Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի պաշտոնից, իսկ «Պրիվատբանկը», որի սեփականատերերից մեկը Կոլոմոյսկին էր, 2016թ. պետականացվեց: Այժմ գործարարն, ըստ լուրերի, ապրում է Իսրայելում և այդ երկրի քաղաքացի է։

Ըստ «մեղադրանքների»՝ Զելենսկին Իգոր Կոլոմոյսկուց ֆինանսական, տեղեկատվական, քաղաքագիտական-մասնագիտական աջակցություն է ստացել և իշխանությունը ստանձնելուց հետո պետք է գործի հայտնի օլիգարխի «թելադրանքով»։ Հայտնի է նաև, որ Զելենսկու թիմում կան մասնագետներ, որոնք աշխատում են նաև Կոլոմոյսկու հետ, օրինակ՝ վերջինիս իրավաբան Անդրեյ Բոգդանը։ Բացի այդ, Կոլոմոյսկուն պատկանող «1+1» մեդիա հոլդինգը լայնորեն լուսաբանել է Զելենսկու նախընտրական արշավը։ «1+1» հեռուստաալիքով էր ցուցադրվում «Ժողովրդի ծառան» և Զելենսկու հումորային հաղորդումներն ու ֆիլմերը։ Ավելին՝ այդ հեռուստաալիքը 2019թ․ Ամանորի գիշերը նախագահ Պորոշենկոյի ուղերձի փոխարեն հեռարձակել էր Զելենսկու ուղերձը, որտեղ նա հայտարարել էր նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին։

Ուկրաինայի նորընտիր նախագահը բազմիցս հերքել է Կոլոմոյսկու հետ կապը։ Ինչ վերաբերում է Կոլոմոյսկուն, ապա նա, չնայած նախընտրական շրջանում իր աջակցությունն էր հայտնել Զելենսկուն, նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու լուրերն ամբողջապես հերքում է։ Նա հայտարարել է, որ ոչինչ չի ակնկալում Զելենսկուց, փոխարենը կարող է երբեմն խորհուրդներ տալ նրան։ Հատկանշական է, որ Կոլոմոյսկին վերադարձել է Ուկրաինա և լրագրողների հետ զրույցներում ներկայացնում է, թե ում է տեսնում երկրի առանցքային պաշտոններում՝ (վարչապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր դատախազի, Ազգային բանկի ղեկավար

Թեև չի կարելի բացառել Կոլոմոյսկու հնարավոր աջակցությունը Զելենսկուն, Ուկրաինայում շարունակում է քննարկվել հայտնի օլիգարխի հնարավոր ազդեցությունը նորընտիր նախագահի որոշումների վրա։

* * *

Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում երկիշխանություն է. եթե խորհրդարանը չլուծարվի և արտահերթ ընտրություններ չանցկացվեն, ապա մինչև հաջորդ ընտրությունները (2019թ. հոկտեմբեր) Զելենսկին կարող է լուրջ հակազդեցության հանդիպել Պորոշենկոյի վերահսկողության տակ գտնվող Գերագույն Ռադայի կողմից:

Ուկրաինայի կառավարման համակարգը բավական սահմանափակ լիազորություններ է նախատեսում երկրի նախագահի համար, ուստի առանց խորհրդարանի աջակցության նախագահը չի կարող ազատ գործել, ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման, օրենսդրական և այլ բարեփոխումների վրա: Այդ իսկ պատճառով Զելենսկու համար օրակարգային խնդիր է քաղաքական այնպիսի ուժի ձևավորումը (արդեն իսկ գրանցվել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունը), որն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկարողանա ստանալ պատգամավորական մանդատների մեծ մասը:

Ամփոփելով նշենք, որ չնայած փորձառության պակասին, նորընտիր նախագահի թիմի նախընտրական աշխատանքը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս ունի բավական լուրջ ներուժ։ Ուստի իշխանությունը ստանձնելուց հետո Զելենսկու թիվ մեկ խնդիրը պետք է լինի խորհրդարանական ընտրություններում հաղթելը և մեծամասնություն կամ առնվազն մեծաքանակ խմբակցություն ունենալը։


[1] Ռազումկովի անվան կենտրոն (ՌԿ),

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտ (ԿՍՄԻ),

«Greenberg Quinlan Rosner Reseach» (GQRR) ընկերություն,

«Blue Dawn Monitoring» (BDM)

Ուկրաինայի ազգային մանկավարժական համալսարան (ՈւԱՄՀ)

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտ (ԿՍՄԻ)