Հրեության մարդկային կապիտալը
14 ր. | 2019-05-13Հարցի կարևորությունը
Հ այաստանում ժողովրդագրական խնդիրները շարունակում են մնալ օրակարգային։ Հատկապես մտահոգիչ են արտագաղթի բարձր և բնական աճի ցածր ցուցանիշները, հայրենադարձության կազմակերպման արդյունավետությունը։ Կարծում ենք, որ այս խնդրի լուծման համար դրական և ուսանելի կարող է լինել միջազգային փորձի ուսումնասիրությունը, ուստի նպատակահարմար գտանք այս հոդվածով անդրադառնալ հայրենադարձության կազմակերպման հրեական փորձին։
Հայրենադարձության շարժառիթները
Հ րեաների հայրենադարձության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է հայրենիք վերադառնալու շարժառիթներով, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվել են: Երկհազարամյա պետականազուրկ և աշխարհացրիվ գոյապահպանման պայմաններում հրեա ժողովրդի պատմական հիշողությունում առանձնակի արժևորվեց կորուսյալ հայրենիքի խորհուրդը [1], ինչն արտացոլվում է «սփյուռք» եզրում և ստուգաբանորեն շաղկապված է հոգևոր-կրոնական, գաղափարական իմաստի հետ։ Հրեությունում «հրեական սփյուռք» եզրը հայտնի է «գալութ» անվանմամբ, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «արտաքսում» [2] և բնորոշվում է որպես հրեական պետության սահմաններից դուրս հրեա ժողովրդի հարկադիր բնակեցում։ Եբրայերենում «հրեական սփյուռք» սահմանումը հայտնի է նաև մեկ այլ՝ «թֆուցա» ձևակերպմամբ, որը թարգմանվում է որպես հարկադիր արտաքսում, սփռում [3]։ Տարբեր դարաշրջաններում «գալութ»-ը տարբեր կերպ է մեկնաբանվել. «գալութ»-ի աջակիցները թերահավատ էին հրեական պետականության վերականգնման հարցում և հրեա ժողովրդի անվտանգությունը տեսնում էին ոչ հայրենաբնակ հատվածների ուժեղացման մեջ։ Բացարձակ հակադիր էր հրեա պահպանողական ճամբարի դիրքորոշումը, որի համաձայն ժամանակի ընթացքում օտար միջավայրը դառնում է գրավիչ, առաջ է մղվում հարմարվողականության կացութաձևը՝ բացասաբար անդրադառնալով ազգային ինքնության պահպանման վրա։
Ուշ միջնադարում, լուսավորության և կրթության առաջընթացով, նոր պայմաններ ստեղծվեցին բնակության միջավայրում հրեության ինտեգրման գործընթացի դյուրացման համար։ Զուգահեռաբար, հրեության պահպանողական ճամբարի դիրքորոշումները դարձան առավել սկզբունքային և 19-րդ դարի կեսերից սփյուռքում հրեական ազգային օջախ հիմնելու կրոնա-գաղափարական, քաղաքական շարժումները դարձան թիրախային, ուրվագծվեցին հայեցակարգային տարրեր։ Արդյունքում, առաջացան կազմակերպված գաղափարական, քաղաքական շարժումներ, որոնք հետագայում նպաստեցին հրեությունում ազգային-հոգևոր վերածննդին։ Հատկապես զգալի է եղել քաղաքական սիոնիզմի գաղափարախոսության հիմնադիր, Իսրայել պետության ստեղծման գաղափարի համահեղինակ [4] Թեոդոր Հերցելի, ռևիզիոնիստական սիոնիզմի հիմնադիր Վլ. Ժաբոտինսկու ազդեցությունը։ Կարևոր է նշել, որ հրեության գոյապահպանման ու անվտանգության ապահովման նկատառումներով, հայրենադարձությամբ պետականության վերականգնման անխուսափելիության սկզբունքը գերիշխող դարձավ հատկապես Հոլոքոստից հետո։
Մասնակցություն պետականության վերականգնմանը
Պ ետականության բացակայության պայմաններում հրեության շրջանում Սիոն վերադարձի հոգևոր մղումը եղել է դեռ հնագույն ժամանակներից։ Աստվածաշնչում գրված է. «Եւ շատ ազգեր կգնան եւ կասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծոյ տունը. մեզ ցոյց կտան նրա ճանապարհը, եւ մենք կգնանք նրա շաւղով: Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից» [5] (Միքիայի մարգարեությունը 4.1-7)։
Հայրենադարձության գործընթացը՝ «ալիա»-ն նշանակում է «վերելք», «հառնում»։ Ասել է թե՝ հրեությունում հայրենադարձությունը դեպի կորուսյալ հայրենիք ասոցացվում է հրեա ժողովրդի փրկության, վերածննդի հետ, որն իր հերթին փոխկապակցված է հայրենիքի ու պետականության գաղափարաբանությանը։ Ի հակադրություն վերջինիս՝ հրեությունում և Իսրայելում հայրենիքից արտագաղթը բացասական երևույթ է համարվում։ Արտագաղթած հրեաներին նույնիսկ ընկալում են որպես քաղաքացիական դասալիքներ։ Ի դեպ, եբրայերենում «արտագաղթ» եզրը՝ «յերիդա» նշանակում է «վայրէջք»։
Հրեական պետականության, ժառանգության շարունակականության խորհուրդն ամփոփում է հրեա զինվորականությունը։ Հրեությունում և առաջին հերթին հրեա զինվորականության շրջանում մեծ տարածում են գտել «Իսրայելը չի կարող պարտվել անգամ մեկ պատերազմում», «Այլևս երբե՛ք» կարգախոսերը, որոնք բացառում են հայրենիքի կորստի, Հոլոքոստի կրկնությունը։
Պետք է նաև նշել, որ սփյուռքում բնակվող հրեա երիտասարդների շրջանում քիչ չեն հրեականությունից օտարվողները, որոնք չունեն հայրենադարձվելու մտադրություն, ինչը հրեության շրջանում հաճախ քննարկվող հարցերից է։ Հարցազրույցներից մեկում Իսրայելի նախկին արտգործնախարար Ավ. Լիբերմանը կարծիք էր հայտնել, որ «ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր երրորդ հրեան խոստովանում է, որ Իսրայելի հետ կապ չի զգում» [6]։
Հակասեմականությունը և հայրենադարձությունը
Հ նագույն ժամանակներից հրեաների հայրենադարձության շարժառիթը պայմանավորված է հրեաների արտաքսման, նրանց նկատմամբ զանգվածային բռնությունների ու հետապնդումների երևույթով։ Միջնադարում քրիստոնեական և իսլամադավան երկրներում հրեական համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց իրավունքների սահմանափակումները հրեական սփյուռքի քաղաքական ու կրոնական առաջնորդներին դրդում էր փնտրել հրեության գոյապահպանման այլընտրանքային մոդելներ։ Տարածված մոտեցումներից էր հարմարվողականությունը։ Միջնադարում հայրենադարձության հարցերը ժամանակի ընթացքում մասամբ կտրվում էին իրականությունից՝ ստանալով ավելի շուտ տեսական, առասպելական բնույթ։
Ուշ միջնադարում, պայմանավորված լուսավորության և գիտության զարգացմամբ, մասնակիորեն վերանայվեցին այլադավան փոքրամասնությունների իրավունքների նախկին սահմանափակումները, ինչը ավելի շուտ դրական, քան բացասական ազդեցություն ունեցավ հրեաների ինտեգրման գործում։ Այլ էր հրեա քաղաքական, հոգևոր վերնախավի պահպանողական թևի դիրքորոշումը, որը լուսավորությունն ընկալեց որպես հնարավորություն՝ հոգևոր-ազգային վերածննդի մեկնարկը տալու համար։ Արդյունքում, ձևավորվեցին գաղափարական-քաղաքական շարժումներ։ Պատահական չէր, որ 16-րդ դարում հրեական առաջին խոշոր համայնքները ձևավորվեցին հրեաների սրբավայրերում՝ Երուսաղեմ, Խեվրոն, Ցֆաթ և Տիբերիա քաղաքներում։ 18-րդ դարի երկրորդ կեսին Արևելյան Եվրոպայի մի ամբողջ խասիդական (հուդայականության կրոնական-միստիկ հոսանք) համայնք հայրենադարձվեց։ Ինչպես տեսնում ենք, հարկադիր հայրենադարձների թվում գերակշռող էր հոգևոր-պահպանողական թևը։ 1880-ականների սկզբին «Էրեց-Իսրայելի» (Ավետյաց երկիր) հրեա բնակչությունը, որի ճնշող մեծամասնությունը խիստ կրոնավոր էր, տատանվում էր 30-35 հազ. սահմանում։
Հ րեությունում հայրենադարձության առաջին երկու մեծ ալիքները կապված են Ռուսական կայսրությունում տեղ գտած զանգվածային բռնություններով, ինչի հետևանքով 1882-1903թթ. Օսմանյան կայսրության կազմում գտնվող Պաղեստին տեղափոխվեց շուրջ 35 հազ. հրեա։ Հայրենադարձների մեծ մասը կրկին հոգևոր պահպանողական հրեաներ էին, որոնք Խովեվեյ-Ցիոն («Սիոն սիրողներ») և Բիլու (բիլուականներ՝ պաղեստինյան առաջամարտիկներ) շարժումների հետևորդներ էին։ Շարժումների նպատակներից էր «Էրեց-Իսրայել»-ի վերաբնակեցումն ու տեղում գյուղատնտեսության զարգացումը։ Հայրենադարձության երկրորդ ալիքի (1904-1914թթ., Քիշինևյան իրադարձություններ) հետևանքով Ավետյաց երկրում բնակություն հաստատեց շուրջ 40 հազ. հրեա, որոնցից շատերը դարձյալ պատկանում էին հոգևոր ավանդական դասին։ 1909թ. նրանց հաջողվեց ստեղծել առաջին կիբուցը (հրեական գյուղատնտեսական համայնք)՝ Դգանիան, որով դրվեց Իսրայելում կիբուցային շարժման հիմքերը։
Հայրենադարձության երրորդ ալիքին նախորդել էր 1917թ. նոյեմբերի 2-ի Բալֆուրի հռչակագիրը, որով Մեծ Բրիտանիան «դրական էր գնահատում Պաղեստինում հրեական ժողովրդի ազգային օջախի ստեղծումը»։ Իսկ 1922թ. Ազգերի լիգան Մեծ Բրիտանիային հանձնեց Պաղեստինի մանդատը՝ այդ քայլը պայմանավորելով «հրեական ազգային օջախի անվտանգ ձևավորման համար երկրում քաղաքական, վարչական ու տնտեսական պայմաններ ստեղծելու» անհրաժեշտությամբ [7]։ Հայրենադարձության երրորդ ալիքն (1919-1923թթ.) «Էրեց-Իսրայել» բերեց ևս 40 հազ. հրեա, որոնց առաքելությունը տեղում գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն էր։ Պետք է նշել, որ երրորդ ալիքի հայրենադարձները Հե-խալուց և Հա-շոմեր հա-ցաիր սիոնիստական շարժումներից սերող երիտասարդ առաջամարտիկներն էին, որոնց նպատակն էր երիտասարդ հրեաների հետ նախապատրաստական աշխատանքներ տանելը՝ հայրենադարձության կազմակերպման, տեղում գյուղատնտեսական, կիբուցային և այլ աշխատանքներին ներգրավվելու համար։ Չորրորդ ալիքի (1924-1929թթ.) հետևանքով, որը պայմանավորված էր Լեհաստանում ու Հունգարիայում հակասեմականության վերելքով, հայրենադարձվեց շուրջ 82 հազ. հրեա։ Հայրենադարձության ամենախոշոր ալիքներից մեկի՝ հինգերորդ ալիքի (1933-1939թթ.) հետևանքով հիմնականում Կենտրոնական Եվրոպայից, հատկապես՝ Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Լեհաստանից ու Լիտվայից հայրենադարձվեց շուրջ 250 հազ. հրեա։ Հայրենադարձների 5-րդ ալիքն առանձնահատուկ էր նրանով, որ հայրենադարձների զգալի հատվածը չուներ խիստ կրոնական հայացքներ, գաղափական սիոնիստներ չէին։
1900-2018թթ. հայրենադարձության ամենախոշոր ծավալներն արձանագրվել են 1948-1951 և 1990-1991 թվականներին։ Առաջին խոշոր «ալիք»-ը պայմանավորված էր 1948թ. Իսրայելի անկախության հռչակմամբ և 1947-1949թթ. արաբա-իսրայելական պատերազմով։ Ոչ հայրենաբնակ հրեաներից շատերն իրենց հոգու պարտքը համարեցին անմիջական մասնակցություն ունենալու ինչպես պետականության վերականգնման, այնպես էլ նորաստեղծ պետականության պաշտպանության գործում։ 1948-1952թթ.-ին Իսրայելի հրեա բնակչությունը 600 հազարից աճեց մինչև 1.5 մլն. 1948թ. մայիսի 14-ից՝ անկախության հռչակումից մինչև տարեվերջ, Իսրայել հայրենադարձավ ավելի քան 100 հազ. մարդ։ Ընդ որում, 1900-2018թթ. հայրենադարձության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 1949թ.՝ շուրջ 240 հազ. մարդ։ 1948-1951թթ. Իսրայել հայրենադարձվեց 534 226 մարդ։
Երկրորդ խոշոր ալիքը (1990-1991թթ.) պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզումով և «խորհրդային» հրեաների հայրենադարձության հարցում ԽՍՀՄ ղեկավարության կոշտ քաղաքականության փոփոխությամբ։ Միայն 1991թ. Իսրայել հայրենադարձվեց շուրջ 200 հազ. մարդ։ 1989-2003թթ. ժամանակահատվածում հայրենադարձների ընդհանուր թվաքանակը 1157865 է, որից 951377-ը՝ նախկին խորհրդային հանրապետություններից [8]։ Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԻԿՎԲ) տվյալներով, Իսրայել պետության հիմնադրումից մինչ օրս ավելի քան 130 երկրներից հայրենադարձվել է շուրջ 3.2 մլն մարդ [9]։
Հայրենադարձության հոսքերը 1917-2018թթ.
Աղբյուրը՝ «Սոխնուտ» հրեական գործակալություն, Իսրայելի Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն
Իսրայելի հայրենադարձության ու ինտեգրման նախարարության տվյալներով, 2015թ. Իսրայել է հայրենադարձել ավելի քան 30 հազ. հրեա (2003-2015թթ.-ի ամենաբարձր ցուցանիշը) [10]։ 2015թ. տվյալով, բարձր ցուցանիշով աչքի էին ընկնում Ֆրանսիան (7900 մարդ), Ուկրաինան (7000), Ռուսաստանի Դաշնությունը (6600)։ 2016թ. հայրենադարձվեց շուրջ 27 հազ. հրեա, որից 7000-ը՝ Ռուսաստանից, 5500՝ Ուկրաինայից, 5000՝ Ֆրանսիայից և 2900՝ ԱՄՆ-ից։ 2018թ. ընթացքում հայրենադարձվել է շուրջ 32600 մարդ։
Հայրենադարձության հոսքերը 2012-2018թթ.
Աղբյուրը՝ «Սոխնուտ» հրեական գործակալություն, Իսրայելի Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն
Ա նկախ պետության հիմնադրումից հետո անհրաժեշտություն առաջացավ ձևավորել հայրենադարձության կազմակերպման օրենսդրական բազա. 1950թ. հուլիսի սկզբին Իսրայելի Քնեսեթն ընդունեց «Վերադարձի մասին» օրենքը։ Օրենքով ամրագրվում էր յուրաքանչյուր հրեայի՝ Իսրայել պետություն հայրենադառնալու իրավունքը և սահմանվում էր, որ հրեա է համարվում այն անձը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն և չի դավանում այլ կրոնի [11]։ Սակայն, հայրենադարձների թվում կային խառնամուսնություններ։
Հայրենադարձության գործընթացը համակարգելու նպատակով 1968թ. Իսրայելում ստեղծվում է Հայրենադարձության և ինտեգրման նախարարություն։ Ընդ որում, նախարարությունն իր հիմնական աշխատանքները կենտրոնացրեց հայրենադարձների ինտեգրման ապահովման ուղղությամբ։
Հրեական սփյուռքում հայրենադարձության աշխատանքներով զբաղվում է հրեական միջազգային ու տարածաշրջանային մի շարք կազմակերպություններից բաղկացած մի ողջ ցանց, ինչպես օրինակ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը [12], Սիոնիստական ֆեդերացիաներն [13] ու շարժումները, «Հանուն Իսրայելի» հրեական գործակալություն-ը, Ամերիկայի հրեական կոմիտեն և այլն։
Հայրենադարձության ու ինտեգրման նախարարությունը հրեական համայնքներում իրականացնում է «Իսրայելական տուն» նախագիծը, որի նպատակն է արտերկրում բնակվող արտագաղթած իսրայելցիների հետ կապերի պահպանումը, նրանց հնարավոր հայրենադարձության վերաբերյալ տեղեկատվության, խորհրդատվության իրականացումը [14]։ Նախագիծն իրականացվում է Իսրայելի դեսպանությունների ու հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով։ «Իսրայելական տուն» նախագիծը գործում է արտերկրի 14 գրասենյակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի, Ռուսաստանի մի շարք քաղաքներում։
Մինչ պետականության վերականգնումը, հայրենադարձության ծրագրային, քարոզչական, կազմակերպչական և այլ աշխատանքներում զգալի էր «Հանուն Իսրայելի» հրեական գործակալության ավանդը, որը հայտնի է նաև «Սոխնուտ» անունով։ 20-րդ դարի սկզբներին գործակալությունը, հայրենադարձության կազմակերպման աշխատանքներին զուգահեռ, ակտիվորեն զբաղվում էր Պաղեստինում արաբներից հողատարածքներ ձեռք բերելով։ Կազմակերպությունը գործում է մի քանի հիմնական ուղղություններով.
Կրթական-ճանաչողական ծրագրեր
-
- Հրեական համայնքներում ազգային ինքնության պահպանման տեսանկյունից առաջնակարգ նշանակություն է տրվում եբրայերենի ուսուցմանը։ Գործում են եբրայերենի ուսուցման կենտրոններ («ուլպան»), խմբակներ, ինչպես նաև լեզվի հեռահար դասավանդման ծրագրեր։
- «Masa Israel Journey» [15] կրթական նախագծի շրջանակում հրեական համայնքների 18-30 տարեկան շուրջ 130 հազ. երիտասարդ կրթություն է ստացել Իսրայելում։ Նախագիծն առաջարկում է ուսուցման ավելի քան 250 ծրագրեր, որոնք թույլ են տալիս համագործակցել երկրի բուհական, ակադեմիական հաստատությունների հետ։ Նախագծով սահմանվում է նաև կրթաթոշակ (4000-8500 ԱՄՆ դոլար)։
- «Taglit-Birthright Israel» նախագծով հիմնականում հետխորհրդային տարածքի 18-26 տարեկան երիտասարդներ 10-օրյա, անվճար ճանաչողական շրջագայություն են կատարում դեպի Իսրայել։ 1999-ից մինչ օրս շուրջ 70 երկրներից ավելի քան 400 հազ. երիտասարդ է այցելել Իսրայել։
- Na’ale. The World’s Jewish High School կրթական ծրագիրը հրեական սփյուռքի 17-21 տարիքային խմբի երիտասարդներին առաջարկում է բուհական կրթություն ստանալ Իսրայելում, կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ։ Ծրագիրը վճարովի է ($300) [16]։
- Հրեական գործակալության և Իսրայելի Կրթության նախարարության նախաձեռնած Morasha ծրագրով հրեական սփյուռքի 17-30 տարիքային խմբի երիտասարդներին առաջարկվում է կրթական շրջագայություն կատարել Իսրայել, գիտելիքներ ստանալ հուդայականության, Իսրայել պետության և եբրայերենի վերաբերյալ։
- Գործակալությունը ստեղծել է Shlichut Institute հարթակը՝ Իսրայելի ու արտերկրի հրեության կապերի ամպանդման, հրեական համայնքներում ազգային ինքնության պահպանման նպատակներով, որին մասնակցության հայտ են ուղարկում հազարավոր իսրայելցիներ։ Արդյունքում, ամեն տարի 1500-1750 «իսրայելցի էմիսարներ» (Israeli Emissaries) մեկնում են հրեական տարբեր համայնքներ՝ Իսրայելի, եբրայերենի, հուդայականության վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու [17]։ Նրանք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են դպրոցներում, սինագոգերում, համալսարաններում, երիտասարդական ճամբարներում և այլուր [18]։
«Իսրայելցի էմիսարները»: Աղբյուրը՝ «Սոխնուտ» հրեական գործակալություն, http://www.jewishagency.org
Սոցիալական, մասնագիտական ծրագրեր
- Հրեական գործակալության սոցիալական կարևոր ծրագրերից է «Հայրենիքում առաջին տունը», որը երիտասարդ հայրենադարձներին ինտեգրում է կիբուցային համայնքներում։ Շատերի համար ծրագիրը գայթակղիչ է, քանի որ ազատում է հայրենիքում ինտեգրման սոցիալական անհարմարություններից ու ֆինանսական զգալի ծախսերից։
- Գործակալության «Ինտեգրման կենտրոններ»-ն աջակցում են հայրենադարձներին հայրենիքում ինտեգրման սկզբնական փուլում կենսական առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հարցերում (բնակարանի ապահովում, լեզվի ուսուցում, սոցիալական հարցեր) [19]։
- Nefesh b'Nefesh կազմակերպությունը, համագործակցելով Հրեական գործակալության և Իսրայելի կառավարության հետ, նպաստում է ԱՄՆ և Կանադայի հրեական համայնքներում հայրենադարձության գործընթացի դյուրացմանը, ֆինանսական աջակցություն ցուցաբերում տեղի հավանական հայրենադարձներին։
-
- Gvahim կազմակերպության հետ համատեղ մշակվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս հաշվառել տարբեր ոլորտներում հրեական սփյուռքի մասնագիտական կարողությունները (գիտություն, ֆինանսներ և այլք) և վերջիններիս ապահովել աշխատանքով Իսրայելում [20]։
- Գործում են սպասարկման/հանրային ծառայություններում աշխատանքի տեղավորման մասնագիտական հայրենադարձության ծրագրեր [21]։
- «Վաուչեր» ծրագիրն աջակցում է հայրենադարձներին աշխատանքի տեղավորման, գործարարության և այլ հարցերում։ Ծրագիրը հայրենադարձներին առաջարկում է նոր ոլորտում մասնագիտացման կամ մասնագիտական որակավորման բարձրացման հնարավորություններ։
Հրեական գործակալությունում գործում է արագ արձագանքման կենտրոնը (The Global Service Center), որը տեղեկատվություն ու խորհրդատվություն է տրամադրում հայրենադարձվել ցանկացողներին։ Կենտրոնը խորհրդատվական ծառայություններ է մատուցում 6 լեզուներով, իսկ 39 երկրներից հեռախոսազանգերն անվճար են [22]։
«Սոխնուտ» հրեական գործակալությունն աշխատում է իր ենթակայության տակ գործող մի քանի տասնյակ կազմակերպությունների աջակցությամբ։
1972թ. ստեղծված Amigour իսրայելական անշարժ գույքի գործակալությունն աջակցում է հայրենադարձներին բնակարանների ապահովմանը։ 1940-ականներին ձևավորված Ben Yakir Youth Village գյուղավանը սկզբնական շրջանում լուծում էր Հոլոքոստից փրկված փախստականների բնակության հարցերը։ Հետագայում այն դարձավ գյուղատնտեսական բնակավայր։ Արդեն 1970-ականների կեսերին գյուղավանում բնակություն հաստատեցին ԽՍՀՄ-ից, իսկ ավելի ուշ՝ Եթովպիայից հայրենադարձված հրեաները։
2007թ. հիմնադրված DaromaTzafona ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Նեգևի ու Գալիելայի շրջաններում փոքր ու միջին արդյունաբերական բիզնեսի ոլորտում։
Israel Experience կրթական հարթակը ավելի քան 50 երկրների հարյուրավոր հրեական համայնքների պատանիների, ուսանողների ու մեծահասակների շրջանում կազմակերպում է կրթական-ճանաչողական շրջագայություններ Իսրայել։ Israel Tech Challenge (ITC) ընկերությունը առաջարկում է Իսրայելի ու հրեական համայնքների տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին իրենց մասնագիտական կարողությունները շարունակել Իսրայելում։
2002թ. հիմնադրված The Jewish People Policy Institute (JPPI) [23] վերլուծական կենտրոնը ֆինանսական և այլ տեսակի աջակցություն է ցուցաբերում հրեության զարգացմանն ուղղված ռազմավարական գաղափարների ու պլանավորման հարցերում։
Իսրայելում հայրենադարձների ինտեգրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեն ինչպես պետական տարբեր ինստիտուտները, այնպես էլ հասարակության լայն շերտերը, որոնց գործունեությունը համակարգում է Իսրայելի Հայրենադարձության և ինտեգրման նախարարությունը։
Ժողովրդագրական ցուցանիշներ և կանխատեսումներ
Ի սրայել պետության ղեկավարությունը նախատեսում է առաջիկա տասնամյակներին ապահովել բնակչության կայուն աճ՝ շեշտը դնելով բնական աճի խթանման և հայրենադարձության կայուն դրական միտումների ապահովման վրա։
ԻԿՎԲ տվյալներով, 2019 տարեսկզբին Իսրայելի բնակչությունը 8972000 մարդ էր։ 2018թ. ընթացքում այդ երկրի բնակչությունն աճել է 2%-ով։ Ընդ որում, այդ ցուցանիշի 81%-ը ձևավորվել է ի հաշիվ ծնելիության աճի, 19%-ը՝ հայրենադարձության և միգրացիայի շարժի հավասարակշռության։
Իսրայելում հրեաները 6668000 են՝ 74.3%, իսկ արաբները՝ 1878000՝ 20.9%։ Բնակչության 4.8%-ը ազգային փոքրամասնություններն են (426000 մարդ) [24]։ Ծնելիությունն էապես գերազանցում է մահացությանը։ 2018թ. ծնելիության-մահացության ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 184135 և 44451 մարդ։
Իսրայելի բնակչության ծնելիության-մահացության ցուցանիշները 1950-2018թթ.
Աղբյուրը՝ https://www.ined.fr/en, http://unstats.un.org
Իսրայելի բնակչության աճը` ըստ էթնիկ պատկանելիության, 2018թ.
Աղբյուրը՝ The Central Bureau of Statistics, Media release, http://www.cbs.gov
ԻԿՎԲ-ն կանխատեսումներով, Իսրայելի և հրեական սփյուռքի բնակչության ցուցանիշները գրեթե կհավասարվեն 2025-2027թթ.՝ համապատասխանաբար 7650000 և 7770000։ Հետագա տարիներին հրեա բնակչության թվաքանակը կգերազանցի 10 մլն-ը, հրեական սփյուռքի թվաքանակը կնվազի մինչև 6926000։ ՄԱԿ-ի փորձագիտական գնահատականներով, 2094թ. Իսրայելի բնակչությունը կկազմի 16797355։
Հրեության և Իսրայելի հրեա բնակչության թվաքանակները 1900-2040թթ., հազ. մարդ
Աղբյուրը՝ Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրո
[1] Հարություն Մարության. «Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում. տեսական հարցադրումներ», 2006թ.
[2] Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան, Կարեն Վերանյան. «Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ», 2017թ.
[3] Հետաքրքիր կլիներ սփյուռք բառը ստուգաբանել հայոց լեզվում։ Հայ իրականությունում «սփյուռք» եզրը զուտ լեզվաբանական իմաստով բնորոշում է հայրենիքի սահմաններից դուրս հայության սփռվածությունը, աշխարհագրական բաշխվածությունը, և հարցի լեզվանաբական տեսանկյունից, չունի գաղափարական-իմաստային ենթատեքստ։
[4] http://www.zionism-israel.com,The Jewish State. Theodor Herzl's Program for Zionism
[5] http://www.surbzoravor.am, Արարատյան հայրապետական թեմ
[6] https://hist-etnol.livejournal.com, Авигдор Либерман: «Израиль заинтересован в сильных и благополучных диаспорах»
[7] https://sourcebooks.fordham.edu, Modern History Sourcebook: League of Nations: The Mandate for Palestine, July 24, 1922
[8] Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան, Կարեն Վերանյան. «Իսրայելի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականությունը սփյուռքի նկատմամբ», 2017թ.,
[10] http://www.isrageo.com, 2015 год: итоги абсорбции
[11] https://knesset.gov, Закон о возвращении (1950 год)
[12] https://www.wzo.org.il/, World Zionsit Organization, տե՛ս նաև https://domoi.org/
[13] https://www.wzo.org, Zionist Federations
[14] http://archive.moia.gov, Министерство Алии и Абсорбции
[15] https://www.masaisrael.org/, Masa Israel Journey
[16] http://www.jewishagency.org, The Jewish agency for Israel
[17] http://www.jewishagency.org, The Jewish agency for Israel. 2019 Operating budget by strategic areas of activity. February 2019
[18] http://www.jewishagency.org, The Israeli Emissaries
[19] http://www.jewishagency.org, The Jewish agency for Israel. 2019 Operating budget by strategic areas of activity. February 2019
[20] https://gvahim.org, Gvahim
[21] http://www.jewishagency.org, The Jewish agency for Israel
[22] http://www.jewishagency.org, The Jewish agency for Israel, The Global Service Center
[23] http://jppi.org.il, The Jewish People Policy Institute
[24] https://jewish.ru, В 2018 году население Израиля приблизилось к 9 млн.