Համաեվրոպական պաշտպանական համակարգ

9 ր.   |  2019-04-16

Ֆրանսիական դեղատոմս

Ե րկրորդ աշխարհամարտից մինչ օրս Ֆրանսիան մշտապես եղել է անվտանգության և պաշտպանության ոլորտում եվրոպական ինքնուրույնության գլխավոր ջատագովը։ Տարբեր տարիների Ֆրանսիան ակտիվացրել է իր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը՝ փորձելով ամրապնդել նաև սեփական ազդեցությունը Եվրոպայում: Այսօր, սակայն, եվրոպական պաշտպանության մասով Ֆրանսիայի ձգտումները որոշակի փոփոխություն են կրել. եթե նախկինում Ֆրանսիայի առաջնային նպատակն էր ԵՄ պաշտպանական կարողությունների զարգացումը, ապա այսօր իշխանություններն առաջ են քաշել նոր հայեցակարգ, որի համաձայն` Ֆրանսիան ձգտում է զարգացնել համաեվրոպական պաշտպանական կարողությունները նաև ԵՄ սահմաններից դուրս:

Մակրոնի իշխանության գալուց հետո Ֆրանսիան աջակցություն է հայտնել արդեն գործող մի շարք ձևաչափերի, որոնցից կարելի է առանձնացնել «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը» (European Intervention Initiative (EII), «Մշտական կառուցվածքային համագործակցությունը» (PESCO) և վերջին շրջանում կրկին ակտիվացած «Իրական եվրոպական բանակի» ստեղծման գաղափարը:

Այդ նախաձեռնությունները բնույթով և խնդիրներով տարբեր են, սակայն միավորող հիմնական գաղափարը համաեվրոպական պաշտպանական համակարգի ամբողջականացումն է։

Չնայած բազմաթիվ հայտարարություններին, թե նախաձեռնությունները լրացնելու են ՆԱՏՕ-ին, դրանք միտված են պաշտպանության ոլորտում Եվրոպայի սուվերենության բարձրացմանը և ՆԱՏՕ-ի ազդեցության նվազեցմանը:

Մ ակրոնը «Եվրոպական միջամտության նախաձեռնության» մասին իր տեսլականը ներկայացրել է 2017թ. սեպտեմբերին՝ հանրահայտ «Սորբոնյան ելույթի» ժամանակ: Խոսելով ինքիշխան, միասնական և ժողովրդավարական Եվրոպայի մասին`  նա նշել է, որ այն պետք է ունենա «միջամտող ուժ», որը ռազմական ոլորտում կգործի բոլոր անդամների անունից, իսկ եվրոպական «պաշտպանություն» եզրույթը կնշանակի, որ Եվրոպան ի վիճակի է ինքնուրույն գործելու: Ըստ Մակրոնի՝ առանձին բյուջե և մանդատ ունեցող այդ ուժը պետք է ստեղծվի 3 տարվա ընթացքում՝ մինչև 2020 թվականը:

2018թ. հունիսի 25-ին եվրոպական 9 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, ստորագրել են «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը» կյանքի կոչելու փաստաթուղթը, իսկ նոյեմբերի 7-ին նրանց է միացել նաև Ֆինլանդիան՝ դառնալով նախաձեռնության տասներորդ անդամը: Կոալիցիայի անդամ երկրները նպաստելու են եվրոպական ռազմավարական մշակույթի ձևավորմանը և սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունների զարգացմանը: Գրեթե կասկած չկա, որ առաջիկայում, այս նախաձեռնությունում ներգրավված երկրների ցանկն ավելի կընդլայնվի:

2017թ. հոկտեմբերին հրապարակված Ֆրանսիայի «Պաշտպանության և ազգային անվտանգության ռազմավարական վերանայում» փաստաթղթում «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը» սահմանված է որպես առաջնահերթություն Փարիզի համար: Ֆրանսիան, ինչպես իր ազգային, այնպես էլ Եվրոպայի անվտանգության համար կարևոր մարտահրավեր է համարում հարևան հարավային տարածաշրջանը՝ Միջերկրականից մինչև Սահել-Սահարա, սակայն բավարար աջակցություն չի ստանում տարածաշրջանի պաշտպանության համար: Քանի որ Ֆրանսիայի ռազմական ներուժը և ֆինանսական հնարավորությունները բավարար չեն, և Ֆրանսիան նոր գործընկերների կարիք է զգում:

Այս նախաձեռնությունը, որը միտված է համաեվրոպական պաշտպանական համակարգի ամբողջացմանը, Ֆրանսիայի համար կարևոր խնդիրներ է լուծում. Փարիզը ցանկանում է եվրոպական գործընկերներին ներգրավել մայրցամաքի ծայրամասերում, այդ թվում՝ հարավային ուղղության ճգնաժամերի կառավարման գործողություններում:

«Եվրոպական միջամտության նախաձեռնության» անդամ երկրների Պաշտպանության նախարարների 2018թ. հունիսի 25-ին ստորագրած «Մտադրությունների մասին նամակում»  նշվում է, որ նախաձեռնության նպատակն է սերտորեն համագործակցնել եվրոպական այն երկրների հետ, որոնք պատրաստ են ճգնաժամային գոտիներում միջազգային ռազմական գործողությունների մասնակցել: Համագործակցությունն իրականացվելու է 4 ոլորտում ՝ ռազմավարական կանխատեսում և հետախուզություն, սցենարների զարգացում և պլանավորում, գործողություններին աջակցություն և հայեցակարգերի մշակում:

«Եվրոպական միջամտության նախաձեռնության» անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, հունիսի 25, 2018թ.

EII  նպատակներն իրականություն դարձնելու համար որոշվել է Փարիզում ստեղծել մշտական քարտուղարություն, որի կազմում ընդգրկվելու է հիմնականում  Ֆրանսիայի պաշտպանության նախարարության անձնակազմը: Նախաձեռնությունը բաց է եվրոպական բոլոր պետությունների համար, անդամակցության հստակ պահանջներ սահմանված չեն, սակայն կան որոշակի պայմաններ, որոնց առկայությունը ցանկալի է։

Կարելի է ասել, որ «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը», լինելով ԵՄ ու ՆԱՏՕ շրջանակներից դուրս, կարող է ավելի օպերատիվ լինել՝ դառնալով ճկուն և իրատեսական ծրագիր: Այն առանձնանում է նաև Դանիայի և Մեծ Բրիտանիայի ներգրավվածությամբ. թեև Դանիան չի միացել ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը, սակայն անդամակցել է այս նախաձեռնությանը՝ կողմ լինելով անվտանգության ոլորտում Եվրոպայի ավելի մեծ ինքնուրույնությանը: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա EII-ը հնարավորություն է տալիս Բրեքսիթից հետո շարունակել կարևոր դերակատար լինել եվրոպական անվտանգության հարցերում: Ֆրանսիայում շատ լավ հասկանում են, որ առանց Մեծ Բրիտանիայի ռազմական ներուժի EII-ը չի կարող իրականություն դառնալ:

Հարկ է նշել, որ թեև այս նախաձեռնությունը ԵՄ «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունից» (ԸԱՊՔ) դուրս է, այն նպաստելու է պաշտպանական համագործակցության ամրապնդմանը նաև ԵՄ շրջանակներում: EII անդամ երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրված «Մտադրությունների մասին նամակում»  նշված է, որ EII անդամ երկրները ձգտելու են նախաձեռնության շրջանակներում նպաստել նաև ԸԱՊՔ մաս կազմող PESCO–ի (Permanent Structured Cooperation) նպատակների կյանքի կոչմանը:

«Մշտական կառուցվածքային համագործակցություն» (PESCO)

Եվրոպական պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մյուս նախաձեռնությունը, որին հետևողականորեն աջակցում է Ֆրանսիան, «Մշտական կառուցվածքային համագործակցությունն» է՝ PESCO-ն (Permanent Structured Cooperation) է: Նրան միացել են ԵՄ բոլոր անդամները, բացի Մեծ Բրիտանիայից, Դանիայից և Մալթայից (Մալթայի անդամակցությունը PESCO-ին կարող էր հակասել սահմանադրական չեզոքությանը, ուստի որոշում է կայացվել հետևել կառույցի զարգացմանը, իսկ միանալու հարցը քննարկել ապագայում):

Ֆրանսիան և Գերմանիան PESCO-ի գլխավոր ուղղորդողներն են, թեև սկզբնական շրջանում ունեին հակասություններ. Ֆրանսիան ցանկանում էր շեշտը դնել նախաձեռնության արդյունավետության և մեծ ներուժի վրա՝ անդամակցության բարձր չափորոշիչներ սահմանելով, իսկ Գերմանիան շեշտում էր առավելագույն թվով ԵՄ անդամների ներգրավման անհրաժեշտությունը։ Ի վերջո ընդունվեց փոխզիջումային տարբերակը, որով նախաձեռնությանն անդամակցության համար բարձր ռազմական կարողությունները պարտադիր չէին, սակայն անդամ երկրները պետք է փորձեին ապահովել որոշակի մակարդակ:

PESCO-ի փաստաթղթերում ևս նշված է, որ նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով զարգացնել անդամների պաշտպանական կարողությունները:  Այն միաժամանակ ուղղված է բարձրացնելու ԵՄ կշիռը որպես միջազգային անվտանգային դերակատարի, պաշտպանելու ԵՄ քաղաքացիներին  և մեծացնելու պաշտպանական ծախսերի արդյունավետությունը:

PESCO-ն ունի երկաստիճան կառուցվածք՝ խորհուրդ (Council Level), որը պատասխանատու է ընդհանուր քաղաքականության, որոշումների կայացման համար և ծրագրերի բաժին (Projects Level), որը պատասխանատու է ծրագրերի մշակման և անդամ պետությունների կողմից դրանց մասնակցության համար (ըստ նախընտրության)։ Իսկ Եվրոպական արտաքին գործողության ծառայությունից (European External Action Service (EEAS) ձևավորվել է նաև  PESCO-ի քարտուղարությունը, որը դառնալու է  նախաձեռնության անդամ երկրների հաղորդակցման միակ կետը։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին պաշտոնական այցը Գերմանիա, մայիսի 15, 2017թ.

2018թ. մարտի 6-ին խորհուրդը հաստատել է PESCO-ի շրջանակներում իրականացվելիք 17 ծրագիր և մասնակիցների կազմը, իսկ նոյեմբերի 19-ին հաստատվել է ևս 17 ծրագիր: Ծրագրերը հիմնականում վերաբերում են պաշտպանության ոլորտում դասընթացներին, օպերատիվ պատրաստվածության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը:

Երրորդ երկրները չեն կարող անդամակցել PESCO-ին, սակայն կարող են մասնակցել դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին (Խորհուրդը պետք է սահմանի այն պայմանները, որոնց բավարարելու դեպքում միայն երրորդ երկրները կարող են մասնակցել ծրագրերին):

Այսպիսով՝ հարկ է նշել, որ PESCO-ի կյանքի կոչման իրատեսականությունը ևս մեծ չէ: Որպես ԸԱՊՔ շրջանակներում ձևավորվող և բացառապես ԵՄ անդամներից բաղկացած նախաձեռնություն՝ այն չի կարող լինել բավարար ճկուն և արդյունավետ՝ ԵՄ-ում որոշումների կայացման կոնսենսուսային սկզբունքի և գործընթացի դանդաղ բնույթի պատճառով:

«Իրական եվրոպական բանակ»

Մ ակրոնի ուշադրությանն արժանացած հաջորդ նախաձեռնությունը եվրոպական բանակի ստեղծման գաղափարն է, որը նոր չէ և տարիներ շարունակ բարձրաձայնվել է եվրոպական տարբեր գործիչների (օրինակ, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր) կողմից: Եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ քննարկումներն ակտիվացան, երբ 2018թ. նոյեմբերի 6-ին՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտերի հետքերով» իր ուղևորության ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ «Ռուսաստանը ցույց է տվել Եվրոպայի անվտանգությանն սպառնալիք դառնալու իր կարողությունը և Եվրոպան պետք է այդ սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվի»:  Այնուհետև, հարցազրույց տալով «Europe 1»  ռադիոկայանին, նա նշել է, որ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Չինաստանից եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար Եվրոպան պետք է ստեղծի «իրական եվրոպական բանակ»: Ըստ Մակրոնի՝ եվրոպացիներն այլևս չեն կարող վստահել ԱՄՆ-ին, քանզի Դոնալդ Թրամփի` «Եվրոպայում հրթիռային համակարգերի սահմանափակման 1987թ.-ի համաձայնագրից» դուրս գալու որոշումից գլխավորապես տուժել է Եվրոպայի անվտանգությունը:

Նոյեմբերի 13-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական Խորհրդարանում պաշտպանել է «իրական եվրոպական բանակ» ստեղծելու գաղափարը՝ նշելով, որ միասնական եվրոպական բանակն աշխարհին ցույց կտա, որ եվրոպական երկրների միջև այլևս պատերազմ չի կարող լինել։ Ուշագրավ է, որ ո՛չ Մերկելը և ո՛չ Մակրոնը մինչ օրս հստակորեն չեն ներկայացրել եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ իրենց տեսլականը։

Կարելի է ենթադրել, որ ԵՄ երկրները ցանկություն ունեն ուժեղացնել իրենց պաշտպանական համակարգը, սակայն նրանք պատրաստ չեն «ԵՄ բանակի» ստեղծմանը։  Այդ քայլը նրանցից շատերը դիտարկում են որպես ինքնիշխանության կորուստ և շարունակում են զգայուն վերաբերել այդ հարցին։ Բացի այդ՝ այս գաղափարի կյանքի կոչման համար առկա են որոշակի իրավական սահմանափակումներ և ֆինանսական դժվարություններ, որոնք այս պահին իրատեսական չեն դարձնում բանակի ստեղծման գաղափարը:

Մասնավորապես, դեռ 1991թ. Մաստրիխտի, իսկ հետո նաև 2007թ. Լիսաբոնի պայմանագրերը իրավականորեն անհնար են դարձնում եվրոպական բանակի ստեղծումը, միաժամանակ, հնարավոր դարձնելով ԵՄ կողմից իրականացվող ռազմական և քաղաքացիական գործողությունների իրականացումը միայն ԸԱՊՔ ներքո, որի շրջանակներում ԵՄ քաղաքացիական և մարտական խմբերը կարող են մասնակցել միայն  հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ, միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված առաքելություններին։ ԸԱՊՔ-ն ենթադրում է, որ ԵՄ կարող է վճարել միայն քաղաքացիական գործողությունների համար, իսկ ռազմական և պաշտպանական գործողությունները պետք է ֆինանսավորեն անդամները։ ԵՄ շրջանակներում ձևավորված փոքր կամ արագ արձագանքման խմբերը կարող են գործողություններ իրականացնել միայն բոլոր անդամների համաձայնությամբ, իսկ եվրոպական բանակի ստեղծման և անհրաժեշտության դեպքում կիրառման համար բոլորի համաձայնությունը ստանալը հեշտ չի լինի: Բացի վերոնշյալից՝ համաեվրոպական բանակի ստեղծումը մեծ ռեսուրսներ է պահանջելու Եվրոպայից, ինչն իր հերթին նվազեցնում է այս գաղափարի կյանքի կոչման հնարավորությունը:

ԱՄՆ-ն շարունակում է իր ռազմական ներգրավածությունն ակտիվացնել Եվրոպայում. Պենտագոնը 2018թ. Եվրոպայի համար հատկացված գումարը 789 միլիոն ԱՄՆ դոլարից դարձրել է 4.77 մլրդ և փոխհատուցում է ՆԱՏՕ-ի ծախսերի 70%-ը: Հաշվի առնելով այս տվյալները և այն փաստը, որ եվրոպական երկրները դժվար թե կարողանան սեփական պաշտպանության համար մեծ գումար հատկացնել (Մակրոնը 2017թ.-ին 1 միլիարդով կրճատել է երկրի ռազմական բյուջեն, ինչի պատճառով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Պիեր դե Վիլիեն ի նշան բողոքի հրաժարական է տվել)՝ եվրոպական բանակի ստեղծումը դառնում է դժվար իրականանալի գաղափար:

Այսպիսով, «Իրական եվրոպական բանակի» տեսլականը դեռևս հստակեցված չէ և այն շարունակում է մնալ  գաղափարական մակարդակում:

Նշենք նաև, որ այս հավակնոտ ծրագրերի կյանքի կոչման համար Մակրոնն աջակցության կարիք է զգում ինչպես երկրի ներսում, այնպես էլ ԵՄ-ում: Սակայն վերջին շրջանում սոցիալական հարցումների արդյունքները փաստում են, որ Մակրոնի հեղինակությունն այս պահին գտնվում է ամենացածր ցուցանիշի վրա՝ 24%, ինչն, անշուշտ, չի կարող չանդրադառնալ նախագահի ծրագրերի վրա:

Ինչ վերաբերում է ԱլԳ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ապա պետք է նշել, որ վերոնշյալ երեք նախաձեռնություններից հնարավոր համագործակցության և ներգրավման տեսանկյունից թերևս առավել իրատեսական է համաեվրոպական ընդգրկում ունեցող «Եվրոպական միջամտության նախաձեռնությունը»՝ հաշվի առնելով նրա ոլորտային թիրախավորումը և երրորդ երկրների անդամակցության համար բաց լինելը: