Լիբանանի հայ համայնքի գիտական հաստատությունները

8 ր.   |  2019-04-15

Մ եր դիտարկումները թույլ են տալիս առանձնացնել Լիբանանում գործող 5 հայկական գիտական հաստատություն։ Դրանք են.

  1. Բեյրութի Հայկազյան համալսարանը
  2. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը
  3. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնը
  4. Ջբեյլի (Բիբլոս) Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարանը
  5. Զմմառի Հայ Կաթողիկե Պատրիարքության դպրեվանքը

Վերոհիշյալ գիտակրթական հաստատություններից ոչ մեկը ինքնուրույն կառույց չէ, այլ մաս է կազմում Սփյուռքում գործող երեք հայկական եկեղեցիներին (Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներ)։ Բեյրութի Հայկազյան համալսարանը Հայ Ավետարանական եկեղեցու տնօրինության տակ է և ֆինանսավորվում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից։ Ներկայում համալսարանի նախագահն է (ռեկտոր) վերապատվելի Փոլ Հայտոսթյանը (2002թ.-ից)։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ունի իր դպրեվանքը՝ որպես գիտակրթական հաստատություն։ Կաթողիկոսությանն են պատկանում նաև «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնը և Ջբեյլ քաղաքում 2015թ. հիմնված Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարանը։ Զմմառի Հայ Կաթողիկե Պատրիարքությունը նույնպես ունի իր դպրեվանքը։

Բեյրութի Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955թ. Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ որպես ազատ արվեստից քոլեջ՝ նպաստելու ուսուցիչների և հոգևոր հովիվների պատրաստմանը՝ տարիների ընթացքում վերածվելով բուհի։ 1996թ. Լիբանանի Մշակույթի և բարձրագույն կրթության նախարարության կողմից նրան շնորհվել է համալսարանի կարգավիճակ[1]։

Ներկայում բուհի ուսանողների թիվը մոտ 700 է։ Այնտեղ ուսանում են հայ և այլազգի ուսանողներ ոչ միայն Լիբանանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից։ Այս հանգամանքը համալսարանին, տալիս է նաև միջազգային բուհի կարգավիճակ։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը նույնպես աչքի է ընկնում ազգային բազմազանությամբ[2]։

Նախկինում, երբ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքները բավական մեծաթիվ էին, համալսարանի ուսանողների գերակշիռ մասը հայեր էին։ Հետագայում, երբ հայերի թիվը էապես նվազեց, բուհի ուսանողների էթնիկ կազմը նույնպես փոխվեց։ Ներկայում հայը ուսանողները մոտ 40 տոկոսն են։ 2018թ. համալսարանը ունեցել է բակալավրիատի և մագիստրատուրայի 121 շրջանավարտ, որոնցից 51-ը՝ հայ[3]։

Համալսարանն ունի չորս ֆակուլտետ՝ ա) բիզնեսի կառավարման և տնտեսագիտության (Faculty of Business Administration and Economics), բ) գիտությունների (Faculty of Sciences), որն իր հերթին ունի բնական (Division of Natural Sciences) և մաթեմատիկական գիտությունների (Division of Mathematical Sciences) բաժիններ, գ) հասարակական և վարքաբանական գիտությունների (Faculty of Social and Behavioral Sciences) և դ) հումանիտար գիտությունների (Faculty of Humanities)։ Բակալավրիատում ուսանողները սովորում են այս չորս ֆակուլտետներում[4], իսկ մագիստրատուրայում՝ բիզնեսի կառավարման ու տնտեսագիտության և հասարակական ու վարքաբանական ֆակուլտետներում[5]։ Բուհի կառուցվածքում գործում է երկու հայագիտական ստորաբաժանում՝ հայագիտական ամբիոնը և հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը։

Առաջինում դասավանդում են հայոց լեզու, պատմություն, քաղաքականություն և մշակույթ[6]։ Ամբիոնի շրջանավարտները դառնում են հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչ կամ խորանում հայագիտության բնագավառում։

Երկրորդը Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնն է, որը հիմնվել է 2012 թ.։ Տնօրենն է Անդրանիկ Դաքեսյանը։ Կենտրոնը կազմակերպում է նաև Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներին նվիրված ամենամյա միջազգային գիտաժողովներ։ Մինչ այժմ անցկացված գիտաժողովները նվիրված են եղել Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի և տարածաշրջանային այլ երկրների հայ համայնքներին։ 2018թ. կենտրոնի կազմակերպած միջազգային գիտաժողովը նվիրված էր Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայությանը։ 2019թ. նախատեսվում է Հունաստանի և Կիպրոսի հայ համայնքների խնդիրների վերաբերյալ գիտաժողով հրավիրել: Ի տարբերություն Հայագիտական ամբիոնի՝ Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը առանձին ստորաբաժանում է[7]։


Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը (ձախից) Հայկազյան համալսարանում, աջից՝ համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայտոսթյան

Համալսարանը 1970թ.-ից հրատարակվում է «Հայկազյան հայագիտական հանդեսը», որը Սփյուռքի ամենահայտնի և ամենահեղինակավոր գիտական պարբերականներից է: Հանդեսում տպագրվում են ոչ միայն լիբանանահայ, այլև Սփյուռքի այլ համայնքների և Հայաստանի գիտնականների ու հետազոտողների աշխատանքները։ Հանդեսը բաց է նաև այլազգի հեղինակների համար, լինեն նրանք Լիբանանից, թե աշխարհի որևէ այլ երկրից՝ պայմանով, որ տպագրվող նյութը լինի հայագիտական։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքը Լիբանանի և Սփյուռքի ամենահին բարձրագույն կրթական և գիտահետազոտական հաստատություններից է. հիմնադրվել է 1930թ., երբ կաթողիկոսությունը հաստատվեց Անթիլիասում[8]։ Թեև դպրեվանքը ստեղծվել է Հայ եկեղեցու համար հոգևորականներ պատրաստելու նպատակով, սակայն նրա շրջանավարտները դառնում են նաև աշխարհիկ գործիչներ՝ մշակույթի, կրթության (կրոնի և հայոց լեզվի ուսուցիչներ) և այլ ոլորտներում։

Գիտակրթական հաստատությունն ապահովում է երկաստիճան կրթություն։ Առաջին աստիճանն ապահովող բաժինը կոչվում է Ժառանգավորաց։ Այն հավասարազոր է երկրորդական վարժարանին։ Երկրորդ աստիճանն ապահովող բաժինը կոչվում է Ընծայարան։ Այն իր հերթին ունի երկու բաժիններ՝ աստվածաբանական և հայագիտական։ Յուրաքանչյուր բաժնում կրթությունը քառամյա է։

Դպրեվանքում ուսուցանվող առարկաները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի.

  • Հայագիտական առարկաներ՝ հայոց լեզու (գրաբար, աշխարհաբար), հայ գրականություն, հայոց պատմություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ մշակույթի պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, շարական
  • Կրոնագիտական առարկաներ՝ աստվածաշնչյան և ծիսական նյութեր, Հին և Նոր Կտակարանների ներածություն, Սուրբ Գրոց ժամանակների պատմություն, մեկնաբանություն, տեսական աստվածաբանություն, հովվական աստվածաբանութուն, հայրաբանություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, կրոնների պատմություն, միջեկեղեցական շարժումի (էկումենիզմ) պատմություն, ծիսագիտություն, կանոնագիտություն
  • Հասարակագիտական այլ առարկաներ՝ ընդհանուր պատմություն, իմաստասիրություն (փիլիսոփայություն), բարոյագիտություն, հոգեբանություն, ընկերաբանություն (սոցիոլոգիա), մանկավարժություն, մատենագրություն
  • Օտար լեզուներ՝ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն
  • Բնագիտական առարկաներ՝ ընդհանուր աշխարհագրություն, թվաբանություն, երկրաչափություն, ֆիզիկա, տարրաբանություն (քիմիա)
  • Արվեստ՝ երաժշտություն, նկարչություն:

Դպրեվանքն ունի շուրջ 25 ուսուցիչ, որոնց շարքում կան ինչպես հոգևորականներ, այնպես էլ աշխարհիկ մասնագետներ։ Ուսուցչական անձնակազմը գլխավորում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը (Արամ Ա)։ Յուրաքանչյուր տարեշրջանում Դպրեվանքն ունենում է 60 ուսանող։ 1957թ.-ից հրատարակվում է «Գլաձոր» տարեգիրքը, որի խմբագրական աշխատանքերն իրականացնում է ուսանողներից բաղկացած խումբը։

Դպրեվանքն անդամակցում է Միջին Արևելքի Աստվածաբանական դպրոցների միությանը[9], ինչը նրա միջազգային մակարդակի և հեղինակության մասին է վկայող փաստը է։

«Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնը հիմնվել է 1987թ.՝ հայկական կրթական հաստատությունների համար կադրեր ապահովելու նպատակով։ Այն պատրաստում է մանկավարժներ մանկապարտեզի, նախակրթարանի և երկրորդական դասարանների համար։ Կենտրոնի շրջանավարտները իրենց աշխատանքային գործունեությունը ծավալում են ոչ միայն Լիբանանում, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության այլ թեմերում։ Ուսուցումը երեք տարի է, որի ընթացքում ուսանողներին, բացի դպրոցական առարկաներից (հայոց լեզու, պատմություն, կրոն), ուսուցանվում են նաև հոգեբանություն, մանկավարժական հմտություններ, դասավանդման մեթոդաբանություն։ Ուսանողները ստանում են նաև ուսուցչական փորձառություն (պրակտիկա)։ Կենտրոնն իր շրջանավարտներին տրամադրում է Լիբանանի BT և TS վկայականներ, որոնք 2003 թվականից ճանաչվում են երկրի Կրթության նախարարության կողմից[10]։

Ջբեյլ քաղաքում գործող Հայոց ցեղասպանության  որբերի «Արամ Բեզիքյան» թանգարանը նույնպես գիտական հաստատություն է և համեմատելի է Երևանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հետ։


Հայոց ցեղասանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարանը

Թ անգարանը հիմնվել է 2015թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Ունի երեք բաժին՝ հայ կյանքը նախացեղասպանական շրջանում և ցեղասպանության տարիներին, հայ որբերի կյանքը Միջին Արևելքի երկրներում և նրանց հետագա կյանքը[11]։ Թանգարանը հիմնվել է «Թռչնոց բույն» որբանոցի տարածքում, որը ժամանակին հիմնել էին արևմտյան միսիոներները՝ Հայոց ցեղասպանության որբերին ապաստան տալու նպատակով։

Զմմառի հայ կաթողիկե պատրիարքության դպրեվանքը նույնպես Հայ Կաթողիկե եկեղեցու համար հոգևորականներ (քահանաներ, միաբաններ) կրթելու դարբնոց է, և բաղկացած է փոքր դպրեվանքից, որ կոչվում է «Ս. Միքայէլ» և մեծ դպրեվանք, որ կոչվում է «Իգնատիոս Մալոյեան»։

Այստեղ ուսուցանվող առարկաները հիմնականում համընկնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքում դասավանդվող առարկաներին, սակայն օտար լեզուների ուսումնասիրության ծրագրերում որոշ տարբերություն կա. ուսուցանվում է լատիներեն, իտալերեն, արաբերեն և թուրքերեն։ Այս հանգամանքը պայմանավորված է կրթօջախի կաթողիկե կառույց լինելով։ Լատիներենի և իտալերենի իմացությունը կարևոր է որպես Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ծիսական լեզու, քանի որ Հայ Կաթողիկե եկեղեցին, չնայած հայածես է, այնուամենայնիվ, մաս է կազմում տիեզերական (համաշխարհային) կաթոլիկ եկեղեցուն, որի գերագույն հոգևոր առաջնորդը Հռոմի պապն է։

Ոչ վաղ անցյալում գործող գիտական հաստատություններ

Լ իբանանի հայ համայնքի գիտական հաստատությունների մեջ իր ուրույն տեղն է ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայագիտական բարձրագույն հիմնարկը։ Այս դեպքում, փաստորեն, գործ ունենք երկաստիճան պատկանելության կետ։ Հիմնարկը պատկանում էր մի կառույցի, որն էլ իր հերթին պատկանում է ավելի մեծ հաստատության (ՀՅԴ)։

Հիմնվելով 1974թ.՝ Հայագիտական բարձրագույն հիմնարկն իր գործունեությունը որոշակի ընդհատումով (1975-79թթ.)[12] շարունակել է մինչև 2005թ.։ Նրա նպատակն է եղել հայագիտական առարկաների գծով (հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն) մանկավարժական կադրերի պատրաստումը հայկական կրթական հաստատությունների համար։ Սկզբնական շրջանում տալով սահմանափակ թվով (մոտ երկու տասնյակ) շրջանավարտներ՝ հիմնարկն այնուհետև հետզհետե ընդլայնել է իր ուսանողների քանակը։ Վերջին տարիներին նրա շրջանավարտների թիվը կազմում էր մոտ 150։ Հիմնարկի շրջանավարտներն իրենց գործունեությունը ծավալել են որպես ուսուցիչներ, խմբագիրներ, համայնքային գործիչներ, ազգային հաստատությունների ղեկավարներ ոչ միայն Լիբանանի, այլև Սփյուռքի այլ համայնքներում։ Այնտեղ առավելապես դասավանդել են լիբանանահայ համայնքի նշանավոր հայ մտավորականները։ Նյութական դժվարությունների պատճառով Հայագիտական բարձրագույն հիմնարկը 2005թ.-ից դադարեցրել է գործունեությունը[13]։

Գիտական հաստատությունների թվին կարելի է դասել նաև Զմմառի Հայ Կաթողիկե Պատրիարքության Դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակը, որ 2010-2012թթ. հրատարակում էր «Հայ մանկավարժ» ուսումնագիտական և մանկավարժական հանդեսը[14]։

Ամփոփում

  1. Լ իբանանի հայկական գիտական հաստատությունների օրինակը փաստում է, որ Սփյուռքի համազգային կառույցները՝ երեք եկեղեցիները (Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական), երեք կուսակցությունները (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) և ՀԲԸՄ-ն, զուտ հասարակական-քաղաքական, կրոնական և բարեգործական հաստատություններ չեն։ Նրանք ունեն գիտական, կրթական, մշակութային, մարզական, տեղեկատվական, բարեգործական և այլ հաստատություններ։
  2. Լիբանանի հայկական գիտակրթական հաստատությունները, չնայած բազմազանությանը, այնուամենայնիվ, հիմնականում ունեն հայագիտական և կրոնագիտական ուղղվածություն։
  3. Տևական ժամանակ տիրապետող է եղել այն կարծիքը, որ Հայկազյան համալսարանը Սփյուռքի միակ բուհն է։ Իրականում կան նաև այլ հաստատություններ, որոնք բարձրակարգ կրթություն և գիտական հետազոտություններ են իրականացնում։ Տարբերությունը թերևս այն է, որ Հայկազյան համալսարանը ավելի շատ միջազգային բուհ է, որտեղ կրթություն են ստանում նաև այլ ազգի ներկայացուցիչները։
  4. Ինչպես Հայկազյան համալսարանի, այնպես էլ Լիբանանի մյուս հայկական գիտակրթական հաստատությունների գործունեությունն ու ազդեցությունը դուրս է գալիս երկրի սահմաններից և ընդգրում ինչպես Մերձավոր և Միջին Արևելքը, այնպես էլ ողջ աշխարհի հայությունը։ Սա է այն հիմնական պատճառը, որով Լիբանանի հայ համայնքը, չնայած վերջին տասնամյակների լուրջ կորուստներին ու թվաքանակի նվազմանը, շարունակում է պահպանել Սփյուռքի մայր գաղութի կարգավիճակը։
  5. Լիբանանի հայկական գիտակրթական հաստատությունների շրջանավարտների առավելությունը տարբեր օտար լեզուների խորը իմացությունն է։

    [1] http://www.haigazian.edu.lb/about-haigazian

    [2] Տե՛ս http://www.haigazian.edu.lb/academics/hu-faculty/

    [3] Տե՛ս Haigazian University, The Fifty-Eighth Commencement Exercises, Beirut, 2018.

    [4] Տե՛ս http://www.haigazian.edu.lb/academics/undergraduate-programs/

    [5] Տե՛ս http://www.haigazian.edu.lb/academics/graduate-programs/

    [6] http://www.haigazian.edu.lb/wp-content

    [7] Մանրամասն տե՛ս http://www.haigazian.edu.lb/research/armenian-diaspora-rc/

    [8] http://www.armenianorthodoxchurch.org/tbrevank

    [9] http://www.armenianorthodoxchurch.org/tbrevank

    [10] http://www.armenianorthodoxchurch.org

    [11] Գրքույկ՝ Armenian Genocide Orphans' “Aram Bezikian” Museum

    [12] Ընդհատումը պայմանավորված էր Լիբանանյան քաղաքացիական պատերազմով (1975-1990թթ)։

    [13] https://www.hamazkayin.com/մեր-մասին

    [14] Տե՛ս http://www.armeniancatholic.org/publications/hay-mangavarj/