Հայ-իսրայելական հարաբերություններ

7 ր.   |  2019-04-05

Նոր հնարավորություններ

Վ երջին շրջանում Հայաստան-Իսրայել փոխհարաբերությունների զարգացման հարցը քննարկվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ փորձագիտական հարթակներում: Հայաստանի և Իսրայելի միջև գործակցության զարգացման հարցում ողջունելի է հայկական կողմի նախաձեռնողականությունը, որն առանձնանում է քաղաքական և դիվանագիտական պրագմատիզմով:

2018թ.  օգոստոսի 21-ին ՀՀ  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին[1]: Հանդիպման ընթացքում Մնացականյանը նշել էր, որ վերջին շրջանում ընդլայնվել է հայ-իսրայելական հարաբերությունների քաղաքական երկխոսությունն ու համագործակցության օրակարգը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել խորացնելու հայկական կողմի հետաքրքրությունը: Կողմերը կարևորել էին երկու երկրների միջև առևտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ալեքսանդր Բեն Ցվիին ընդունել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իսրայելական կողմը կարևորել էր փորձի փոխանակումը, մասնավորապես՝ «սթարթափ»-ների մասով: Նշենք, որ վերջին տարիներին Իսրայելն աշխարհում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող «startup»-ների թվով երկրորդ տեղում է և ստացել է «Startup-Nation» բրենդ-անվանումը։ 2014թ. իսրայելական «startup» ընկերությունները ապահովել են շուրջ 3,4 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը 46%-ով գերազանցում է 2013թ. համապատասխան արդյունքը։ Իսկ 2015թ. այդ ցուցանիշն աճեց ևս 30%-ով և կազմեց $4,43 մլրդ (գործարքների ընդհանուր քանակը՝ 708)[2]։  

2018թ. սեպտեմբերի 27-ին արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների համագործակցության հեռանկարներին[3]։

Նշենք, որ վերջին տարիներին ձևավորվել է Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքը, որով կողմերը համագործակցում են քաղաքական, տնտեսական-էներգետիկ հարցերի շուրջ: Առանցքը ենթադրում է նաև կողմերի միջև երկխոսություն այդ երկրների սփյուռքի համայնքների միջև[4]: Խոսվում էր նաև եռակողմ առանցքում ռազմական համագործակցության հնարավորությունների մասին[5]: Սա լավ հնարավորություն է հայկական կողմի համար այս ձևաչափում գործակցության եզրեր գտնելու համար, ինչը թույլ կտա ընդլայնել տարբեր երկրների հայկական և հրեական համայնքների միջև երկխոսության դաշտը:

2019թ. հունվարին իսրայելական The Jerusalem post պարբերականին տված հարցազրույցում Զ. Մնացականյանը լավատեսորեն գնահատեց առաջիկայում երկու երկրներում դեսպանություններ բացելու հնարավորության հարցը, ինչը «նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին»[6]: Մարտի սկզբին նույն պարբերականին հարցազրույց տվեց նաև ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը[7]: Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակի»: Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, «Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում»: Հարցազրույցում շեշտադրվել էր, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կարևոր դեր խաղալ Իսրայել-ԵԱՏՄ երկխոսությունում: Հիշեցնենք, որ Իսրայել-ԵԱՏՄ համագործակցության հաստատման բանակցությունները սկսվել են 2018թ. ապրիլից, և նախատեսվում է ստորագրել մաքսային համագործակցության համաձայնագիր[8]:

Ի դեպ, փոխարտգործնախարար Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը վերջերս այցելել էր Իսրայել, որտեղ անդրադարձ է եղել նաև ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և արտգործնախարար Զ. Մնացականյանի հնարավոր այցելությանը:


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվին, 21 օգոստոսի, 2018թ.: Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Վերջին շրջանում հայ-իսրայելական երկխոսության ակտիվացման միտումների վերաբերյալ փորձագիտական դաշտում առկա արձագանքներն ընդհանուր առմամբ կարելի է որակել սպասողական, իսկ իսրայելական փորձագիտական շրջանակների գնահատականները [9]՝ մասամբ դրական։ Մեծ չէ հնչեղությունը ադրբեջանական փորձագիտական հանրությունում. մասնակի մտահոգություն է նկատվում, որ վարչապետ Փաշինյանի հնարավոր այցը և Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակումը կարող է ազդել Ադրբեջան-Իսրայել համագործակցության վրա։

Հայկական մեդիադաշտն առանձնանում է հիմնականում Իրանի կողմից հնարավոր բացասական արձագանքների մտահոգություններով։ Նշենք, որ մինչ օրս իրանական կողմը պաշտոնապես չի արձագանքել ո՛չ հայ-իսրայելական երկխոսության վերջին իրողությանը, ո՛չ վարչապետ Փաշինյանի հնարավոր այցին։ Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործների նախկին նախարար Էդ. Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցելության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԻԻՀ ԱԳՆ մամուլի-խոսնակ Բահրամ Քասեմին[10]։

Ա նհրաժեշտ է նշել, որ առհասարակ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հարցը պայմանավորվում է մի քանի հիմնական գործոններով[11].

  • Իսրայել-Ադրբեջան ռազմավարական համագործակցություն և Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարում,
  • Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարց,
  • իրանական գործոն:

Հայկական կողմի համար, անշուշտ, մտահոգում է ցանկացած պետության, այդ թվում՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների մատակարարումների հարցը:

Սակայն, երբ հայ-իսրայելական հարաբերությունները պայմանավորում են միայն Ադրբեջանին իսրայելական արտադրության սպառազինության մատակարարումով, ապա սահմանափակվում են նախ՝ հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, երկրորդ՝ մատակարարումների շուրջ հայ-իսրայելական քննարկումները:

Հայ-իսրայելական հարաբերությունների քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից է Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը: Ներհայկական որոշ շրջանակներ այս խնդիրը դիտարկում են որպես երկու երկրների միջև երկխոսության կայացման համար անհրաժեշտ պայման:

Նկատենք նաև, որ թեև տարբեր ամբիոններից դատապարտող հայտարարություններ հնչել են, սակայն հայկական կողմը պաշտոնապես դեռ չի ճանաչել Հոլոքոստը: Կարծում ենք, որ այս հիմնահարցերը կարող են կարգավորվել, եթե հայ-իսրայելական հարաբերությունները լինեն որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի:

Կարծիք կա նաև, որ հայկական կողմին մտահոգում է Թեհրանի հնարավոր դժգոհությունը: Անշուշտ, իրանական կողմի համար ցանկալի չէ հարավկովկասյան ուղղությամբ Իսրայելի ակտիվության ցանկացած դրսևորում, սակայն Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հարաբերությունները որևէ երկրի հետ չի կառուցում այլ երկրների հաշվին[12]: Կուզենայինք նաև նշել, որ Թեհրանը, թերևս, մտահոգության անհամեմատ ավելի շատ հիմքեր պետք է ունենա Ադրբեջան-Իսրայել հարաբերություններից, որոնք վաղուց արդեն որակվում են որպես ռազմավարական:

Հավելենք, որ Իսրայելը Բաքվում նշանակել է ռեզիդենտ դեսպան[13], սակայն Ադրբեջանն առայսօր Իսրայելում չի բացել դեսպանություն, ինչը կարող է պայմանավորված լինել մահմեդական աշխարհի՝ առաջին հերթին Թեհրանի հետ Բաքվի քաղաքականությամբ[14]։ Ինչպես տեսնում ենք, դեսպանության բացակայությունը չի խոչընդոտել Ադրբեջան-Իսրայել ռազմավարական համագործակցությանը: Իհարկե, այստեղ անհրաժեշտ է ընդգծել փոխադարձ շահերը. Ադրբեջանն Իսրայելի համար կարևորվում է Իսրայել-Իրան դիմակայության համատեքստում (առաջին հերթին՝ աշխարհագրական դիրքով), երկրորդ՝ Ադրբեջանն իսրայելական սպառազինության հիմնական շուկաներից է, և երրորդ՝ Իսրայելը ադրբեջանական նավթի խոշոր ներկրողներից է:

Առևտրատնտեսական կապեր

Հ այաստանի և Իսրայելի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հեռանկար, նախևառաջ՝ ՏՏ և նորարարության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։

Իսրայելի հետ ՀՀ արտահանում-ներմուծումը, (աղբյուրը՝ armstat.am, 2018թ. Տարեգիրք[15])

ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքի հրապարակումներում Հայաստանի առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ առանձին ապրանքախմբերով ներկայացված չէ, այդ պատճառով օգտվել ենք նաև այլ աղբյուրներից։

2016-ին Հայաստանից Իսրայել արտահանումների 76%-ը բաժին է ընկել բնական և արհեստական մարգարիտներ ու քարեր ապրանքախմբին, ապա՝ մեծ է եղել ալկոհոլային ըմպելիքների մասնաբաժինը (5.73%): Հայաստանից Իսրայել արտահանվել են նաև ժամացույցներ, ալյումին, դեղեր ու դեղամիջոցները: Իսրայելից ներմուծվում են բնական  և արհեստական մարգարիտ ու քարեր (25.68%), հյութեր (8.44%), օրթոպետիկ սարքավորումներ և լսողական սարքեր (8.43), դեղեր ու դեղամիջոցներ (8.07%)[16]:


[1] Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալին

[2] Իսրայելի կրիտիկական ենթակառուցվածքները. գիտատեխնոլոգիական ոլորտ

[3] Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

[4] Իսրայել-Կիպրոս- Հունաստան համագործակցություն ընդդեմ Թուրքիայի՞

[5] Հունաստանը Իսրայելի ու Կիպրոսի հետ կարող է զորավարժություններ անցկացնել Միջերկրականում

[6] Are Israeli-Armenian relations warming up?

[7] Unhappy with Azeri arms sales, Armenia still keen on Israel ties

[8] Израиль подключается к Евразийскому экономическому союзу

[9] Делая шаг в направлении Израиля, Армения, однозначно, ничего не теряет, а приобретает Авигдор Эскин: «В Армении ошибочно считают, что между Израилем и Азербайджаном тесные политические узы»

[10] Иран советует Еревану быть внимательнее в отношениях с Израилем.

[11] Կարևոր է նշել, որ ժամանակին հայ-իսրայելական գործակցային ցածր մակարդակը պայմանավորում էին Թուրքիա-Իսրայել ռազմավարական դաշինքով և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած մեկուսացման քաղաքականության տրամաբանությամբ: Սակայն, վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերությունները հարթ չեն, ինչը որոշ փորձագետներ պայմանավորում են 2010թ. թուրքական նավի վրա իսրայելական հարձակումով, ոմանք էլ գտնում են, որ այդ միջադեպը խորացող հակասությունների դրսևորում էր:

[12] Are Israeli-Armenian relations warming-up?

[13] Ադրբեջանում Իսրայելը դեսպանություն բացել է 1993թ.: (Министерство иностранных дел Израиля,):

[14] Посольство Азербайджана в Израиле пока не «созрело».

[15] ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2019թ. տարեգիրքը, որտեղ տվյալները վերաբերում են 2018թ.ին, կոմիտեի կայքում դեռ չի հրապարակվել։

[16] http://atlas.cid.harvard.edu