ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում

14 ր.   |  2019-04-03

ԱԶԿ-ն կորցրեց իր «ամրոցները»՝ Ստամբուլն ու  Անկարան

Մ արտի 31-ին Թուրքիայում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնց մասնակցել է 12 կուսակցություն: Սակայն հիմնական պայքարն ընթացել է երկու քաղաքական դաշինքների միջև:

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP-ԱԶԿ) գործել է Ազգայնական շարժում կուսակցության հետ (MHP-ԱՇԿ)՝ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի շրջանակներում: Իսկ ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունները՝ քեմալական Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ-CHP) և «Լավ» (Iyi Parti) կուսակցություններն էլ հանդես եկել «Ազգ» (Millet) դաշինքով։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) որևէ դաշինքի մեջ չի մտել, սակայն որոշ շրջաններում աջակցել է ՀԺԿ-ի թեկնածուներին:

Ոչ վերջնական արդյունքների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ԱԶԿ-ԱՇԿ-ի դաշինքը՝ ստանալով ձայների 51,64%-ը, իսկ ընդդիմադիր ուժերի՝ ՀԺԿ-ի և «Լավ» կուսակցության դաշինքը ստացել է ձայների 37,57%-ը, քրդամետ ԺԴԿ-ն էլ 4,2%: Չնայած, որ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթել է ընդհանուր ընտրությունները, սակայն պարտվել է Թուրքիայի այնպիսի խոշոր քաղաքներում ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան ևն:

ՏԻՄ ընտրությունների արդյունքները.

   ՏԻՄ ընտրություններ   

   Քաղաքներ   

   Նահանգներ   

   Գավառներ   

«Ժողովուրդ» դաշինք

51,64%

16

34

681

ԱԶԿ

15

24

536

ԱՇԿ

1

10

145

«Ազգ» դաշինք

37,57%

11

10

209

ՀԺԿ

11

10

191

«Լավ»

0

0

18

ԺԴԿ

4,2%

3

5

50

Այլ 6,6%

0

2

40


Եթե Անկարայում և Իզմիրում և այլ շրջաններում որոշակիորեն կանխատեսելի էր ԱԶԿ-ի պարտությունը, ապա Ստամբուլում իշխանություններն ավելի քան վստահ էին, որ հաղթելու են: Նշենք, որ ընտրությունների օրը՝ մարտի 31-ի երեկոյան, թուրքական պետական և իշխանական բոլոր լրատվամիջոցները տարածել են տեղեկություններ և ինֆոգրաֆիկաներ, որ Ստամբուլում հաղթել է ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ստանալով ձայների 48,7%-ը, իսկ նրա հիմնական մրցակից՝ ՀԺԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 48,65%-ը:

Բինալի Յըլդըրըմը նույնիսկ շտապել է հայտարարել, որ Ստամբուլում իրենք են հաղթել և շնորհավորանք է ուղղել ժողովրդին: Ավելի ուշ ընդդիմադիրները՝ ՀԺԿ-ի գլխավորությամբ սկսեցին տեղեկություններ տարածել և հայտարարել, որ Ստամբուլում առջևում է ոչ թե Յըլդըրըմը, այլ Իմամօղլուն: Հատկանշական է, որ մարտի 31-ի գիշերը նույնիսկ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալներով Է.Իմամօղլուն առաջ է անցել 20000 ձայնով, ինչից հետո Բարձրագույն ընտրական խորհուրդի պաշտոնական կայքը դարձել է անհասանելի: Այսինքն, արդեն մարտի 31-ի գիշերը պարզ էր, որ ԱԶԿ-ն կորցնում է նաև Ստամբուլը:


Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի կայքում մարտի 31-ի գիշերը դրված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ Ստամբուլում հաղթում է Իմամօղլուն:

Ապրիլի 1-ի առավոտյան Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահի Սադի Գյուվենը հայտարարել է, որ ՀԺԿ-ի թեկնածու Է. Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բ. Յըլդըրըմը 4.131.761 ձայն: Այսինքն ընդդիմադիր ՀԺԿ-ն հաղթել է նաև Ստամբուլում՝ ունենալով մոտ 20 հազար ձայնի առավելություն: Հատկանշական է, որ նույնիսկ ԲԸԽ-ի նախագահի հայտարարությունից հետո թուրքական պետական լրատվամիջոցները երկար ժամանակ չէին թարմացնում տվյալները՝ թողնելով դեռևս մարտի 31-ի գիշերվա տվյալները:


Թուրքական TRT լրատվակայքում ընտրությունների չթարմացված արդյունքները:

Այստեղ պետք է շեշտել, որ ՀԺԿ-ն կարողացավ հաղթել ամենակարևոր և ամենախոշոր քաղաքներում շնորհիվ այն հանգամանքի, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որոշեց թեկնածուներ չառաջադրել մեծ քաղաքներում՝ փոխարենը աջակցելով ՀԺԿ-ի թեկնածուներին: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ստամբուլում ՀԺԿ-ի հաղթանակին նպաստել է նաև հայ համայնքի ձայները, որոնք ճիշտ է՝ սակավաթիվ են, սակայն նման փոքր տարբերությամբ մրցապայքարում էական նշանակություն կարող են ունենալ: Մեծ քաղաքներում ԱԶԿ-ի պատրության հիմնական պատճառներից է նաև թուրքական տնտեսության վերջին տարիների անկումը և լիրայի արժեզրկումը:

Հետաքրքիր պատկեր է նաև ստեղծվել Հայաստանին սահմանակից նահանգներում և քրդաբնակ շրջաններում. Կարսում ու Իգդիրում, որոնք համարվում են թուրքական ազգայնականության «ամրոցները», հաղթել է քրդամետ ԺԴԿ-ն: Սրան զուգահեռ, ԺԴԿ-ի համար կարևոր նշանակություն ունեցող և քրդաբնակ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Աղրըն, Շրնաքը հաղթել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն: Քրդամետ ԺԴԿ-ն նաև հաղթանակ է տարել Հաքքարիում, Դիարբեքիրում, Բաթմանում, Սիիրթում, Մարդինում, ինչն էլ լրիվ սպասելի էր:

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների հավաքած ձայներն՝ ըստ նահանգների:

Հարկ է շեշտել, որ ընտրություններն անցել են բավականին լարված պայմաններում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ սպանվել է 2 մարդ, ևս 2-ը՝ նախքան ընտրությունները, վիրավորվել է 60-ից ավել մարդ, գրանցվել է 310 միջադեպ:

Թուրքիայի «Երջանկություն» (Saadet Partisi) կուսակցությունից հայտնել են, որ Մալաթիայում իրենց կուսակցության 2 անդամի վրա վեճի ժամանակ կրակել է ԱԶԿ-ի թեկնածուի զարմիկը: Սոցցանցերում և մասնավորապես Twitter-ում օգտատերերը գրել են, որ մի շարք շրջաններում ընտրախախտումներ և լցոնումներ են եղել 123: Ընդդիմադիր մի քանի լրատվամիջոցներ` Bianet.orgEvrensel.netGazete Duvar, ևս հայտնել են ընտրախախտումների մասին:

Տեղի ունեցած ուշագրավ դրվագներից է քվեախցիկում ընտրողներից մեկի գրած երկտողը, որով նա իր աջակցությունն է հայտնել նախագահ Էրդողանին. «Եթե նույնիսկ լինի ոչ թե Իմամօղլուն, Քարամալլաօղլուն կամ Քըլըչդարօղլուն, այլ հորս տղան, միևնույն է իմ ձայնը Ռեյսինն է (Ռ.Թ. Էրդողան – հեղ.):


Էրդողանին աջակցող երկտողն ու զենքը ընտրական քվեաթերթիկի հետ միասին:

Կանխատեսումներ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Թ ուրքական և միջազգային փորձագիտական շրջանակներում ու մամուլում տարածվել էր այն կարծիքը, որ ԱԶԿ-ն կարող է որոշակի դժվարություններ ունենալ հատկապես մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում։ Հարցումները ցույց էին տվել, որ Ստամբուլում և Անկարայում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ-CHP) շատ քիչ տարբերությամբ էր զիջում ԱԶԿ-ի թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմին։ Որոշ հարցումների համաձայն՝ ԱԶԿ-ն կարող էր կորցնել Անկարան և Ստամբուլը։ PİAR հետզոտությունների ընկերության մարտի 20-27-ն իրականացրած հարցումների համաձայն՝ Անկարայում ՀԺԿ-ի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշը ստանալու էր ձայների 54.7 տոսկոսը, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Մեհմեթ Օզհասեքին՝ 43.2 տոկոսը։ Ստամբուլում ևս հաղթելու էր ՀԺԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն` ստանալով ձայների 50,3 տոկոսը, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմն էլ ստանալու էր ձայների 48,2 տոկոսը: Նույն կանխատեսումներով Իզմիրում հաղթելու էր ՀԺԿ-ի թեկնածուն: SONAR հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն էլ՝ Անկարայում հաղթելու էր ՀԺԿ-ի և «Լավ» կուսակցությունների «Ազգ», իսկ Ստամբուլում՝ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի «Ժողովուրդ» դաշինքները։ Փաստորեն, կարող ենք վստահաբար պնդել, որ հարցումներն ու կանխատեսումները իրականություն դարձան:



PİAR հետազոտությունների ընկերության հարցումների արդյունքները:

Ստամբուլն ու Անկարան Թուրքիայի երկու կարևորագույն քաղաքներն են և կուսակցությունների մեջ ամենաթեժ պայքարն ընթանում էր հենց այստեղ: Ստամբուլում ձայների մեծամասնությունը ստանալը հատկապես կարևոր էր իշխող ԱԶԿ-ի համար, քանի որ 2004թ.-ից նրանք են այդ քաղաքում հաղթել: Ինչպես ընդունված է համարել «Ստամբուլում հաղթողը, հաղթում է Թուրքիայում», ինչը պարբերաբար նշում է նաև ԱԶԿ-ի վերնախավը: Ստամբուլում հաղթելը կարևոր է նաև սիմվոլիզմի տեսանկյունից, քանի որ Էրդողանի քաղաքական վերելքն ու մինչև նախագահի պաշտոնին հասնելը սկսվել է Ստամբուլի քաղաքապետ նշանակվելուց հետո՝ 1994թ. մարտին:

Քաղաքական ուժերի դասավորվածությունն ու նախընտրական լարված քարոզարշավը

Ը նտրական պայքարն ու նախընտրական քարոզարշավը ևս բավականին լարված էին։ Իշխող ԱԶԿ-ն շարունակել է 2017թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ստեղծված դաշինքը ԱՇԿ-ի հետ: Էրդողանի գլխավորած կուսակցության ներսում մտահոգություններ կային, որ ընդդիմադիր ուժերի դաշինքը կարող է լրջորեն փոխել ներքաղաքական իրավիճակը երկրում, ինչը կանխելու նպատակով ԱԶԿ-ն որոշել է ԱՇԿ-ի հետ դաշինք կազմել նաև ՏԻՄ ընտրություններում: Եթե 2018թ. հունիսի 24-ի  խորհրդարանական և նախագահական ընտրություններում ԱԶԿ-ն ԱՇԿ-ի հետ դաշինք չկազմեր, ապա կորցներ մեծամասնությունը խորհրդարանում՝ զրկվելով միանձնյա կառավարման հնարավորությունից և ստիպված կլիներ կոալիցիա կազմել խորհրդարանում ներակայացված քաղաքական ուժերից մեկի հետ: Բացի այդ, ԱՇԿ-ն նախագահական ընտրություններում թեկնածու չէր առաջադրել՝ իր աջակցությունը ցուցաբերելով Էրդողանին, ինչն էլ նպաստեց, որ Էրդողանի նախագահի վերընտրվելուն: Ինչպես ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, Թուրքիայի իշխանությունները մտահոգությունները արդարացված էին և ազգայնականների հետ դաշինք չունենալու դեպքում, ԱԶԿ-ի համար այս ընտրությունները կարող էին շատ ավելի «ցավոտ» հետևանքներ ունենալ:

Ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը՝ ՀԺԿ և «Լավ» կուսակցությունները շարունակել են նույն մարտավարությունն, ինչ 2018թ. հունիսի 24-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նրանք համագործակցել են Թուրքիայի տարբեր նահանգներում և քաղաքներում՝ ընդհանուր թեկնածուներ առաջադրելով մի շարք շրջաններում և քաղաքներում՝ այդ թվում Անկարայում և Ստամբուլում: Այս ընդդիմադիր ուժերի հիմնական նպատակն էր ընդհանուր թեկնածուներով սահմանափակել իշխող ԱԶԿ-ի և նրա դաշնակից ԱՇԿ-ի հնարավորությունները՝ հնարավորինս շատ ձայներ ստանալով:

Չնայած այս երկու կուսակցությունների գաղափարական զգալի տարբերությանը (ՀԺԿ-ն առավելապես ձախ-կենտրոնական է, իսկ «Լավ» կուսակցությունը՝ աջ-ազգայնական)՝ դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու է՝ երկրի քաղաքական գործընթացներում իրենց ներգրավվածությունը մեծացնելու տեսանկյունից:

Թեև «Լավ» կուսակցությունը ստացել է ընդամենը 7,5 տոկոս ձայն և ոչ մի խոշոր քաղաքում չի հաղթել, այնուամենայնիվ, դաշինքն իր դրական ազդեցությունն է ունեցել այդ քաղաքներում «իշխանափոխություն իրականացնելու տեսանկյունից»:

ՏԻՄ ընտրություններում, թերևս, ամենահետաքրքիր դիրքորոշումն ու մարտավորությունը որդեգրել էր ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP)։ Այս քաղաքական ուժը որոշեց թեկնածուներ չառաջադրել խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլն։ Փոխարենը, ԺԴԿ-ն իր ռեսուրսները կենտրոնացրեց Թուրքիայի արևելյան և հարավարևելյան հիմնականում քրդաբնակ շրջաններում, որտեղ հաղթելու և շատ քվե ստանալու հնարավորություն ուներ։ Միաժամանակ, քրդամետ կուսակցությունը հայտարարեց, որ մեծ քաղաքներում աջակցելու է քեմալական կուսակցության թեկնածուներին, որպեսզի կարողանան Անկարայում և Ստամբուլում նվազեցնել ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի հնարավորությունները։

Առհասարակ՝ այս ընտրություններում շատ կարևոր էր քրդերի ձայնը, քանի որ նրանց մի մասը նախընտրում է քրդամետ ԺԴԿ-ն, իսկ մյուսը՝ ԱԶԿ-ն։ Շատ քիչ քրդեր են աջակցում մյուսներին։ Քրդամետ կուսակցությունը, քաջ գիտակցելով քուրդ ընտրազանգվածի այս դիրքորոշումը, որոշեց մեծ քաղաքներում աջակցել քեմալական ՀԺԿ-ին։

ԺԴԿ-ի համանախագահ Սեզայի Թեմելին մարտի 15-ին հայտարարեց, որ, եթե Անկարայում և Ստամբուլում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածուները հաղթեն, ապա դա կլինի ԺԴԿ-ականների ձայների շնորհիվ: Նա ընդգծել էր, որ մեծ քաղաքներում թեկնածուներ չառաջադրելու ԺԴԿ-ի որոշումը հանուն ժողովրդավարության է և կոչ արել իրենց աջակիցներն ըմբռնումով են մոտեցել այս որոշմանը:

ԺԴԿ-ի ռազմավարությունն, իհարկե, անհանգստացրել էր Էրդողանին. իշխող վերնախավի ներկայացուցիչները հայտարարել էին, թե թույլ չեն տա արևելյան և հարավարևելյան շրջաններում նահանգապետ կամ քաղաքապետ ընտրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ «կապ ունեցող անձանց»։ Փետրվարի վերջին Յոզղաթում, հանրահավաքի ժամանակ Էրդողանը սպառնացել էր քուրդ ընտրողներին, որ ԺԴԿ-ի թեկնածուների ընտրվելու դեպքում նրանք անմիջապես կհեռացվեն և կփոխարինվեն վստահելի մարդկանցով (թուրք․՝ Kayyum belediyeler)։ «Եթե դուք պետության կողմից տրված հնարավորություններն ուղարկեք Քանդիլ (Իրաքի հյուսիսային այն շրջանն է, որտեղ կենտրոնացված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները – հեղ.), ապա մենք հերթական անգամ, անմիջապես, առանց սպասելու կնշանակենք մեր լիազորած անձանց»,- նշել էր Էրդողանը։

Միաժամանակ, Էրդողանը քննադատել էր քրդամետ կուսակցության հաղթանակի մասին Սեզայի Թեմելիի հայտարարությունը՝ նշելով, որ Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան չկա: Նա մեղադրել էր ԺԴԿ-ին պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող PKK-ի հետ համագործակցելու համար: «Քուրդիստանը հյուսիսային Իրաքում է, եթե այն շատ եք սիրում, կարող եք գնալ այնտեղ: Իմ երկրում Քուրդիստան անվանումով շրջան չկա: Ասա ինձ, թե ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Նրանց հետ ուս-ուսի տված քայլողը նրանց պես կլինի»,- նշել էր Էրդողանը:

Ի պատասխան՝ Թեմելին ասել էր, որ Էրդողանն ու ԱԶԿ-ն տեսնելով, որ չեն կարողանում կառավարել երկիրը, փորձում են պառակտել հասարակությունը, իրար դեմ հանել թուրքին ու քրդին, ալևիին ու սուննիին:

Հատկանշական է նաև, որ Էրդողանն ու իշխող վերնախավի ներկայացուցիչներն իրենց նախընտրական քարոզարշավներում բազմիցս մեղադրել են քեմալական ՀԺԿ-ին և «Լավ» կուսակցությանը՝ քրդամետ կուսակցության հետ գաղտնի համաձայնություն ձեռք բերելու, անգամ՝ «ահաբեկիչների» հետ դաշնակցելու համար։ Անկարան ԺԴԿ-ն համարում է PKK-ի քաղաքական թևը և քարոզարշավի ամբողջ ընթացքում ասել է, որ ԺԴԿ-ի թեկնածուները PKK-ի անդամներ են և, քրդամետ կուսակցության հետ դաշնակցելով, կուսակցություններն իրենց աջակցում են «ահաբեկիչներին»։

Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի դաշինքը անվանել էր «ստոր դաշինք» (թուրք.՝ Zillet), և թվիթերում գրել, որ այն գաղտնի գործարքների մեջ է և համագործակցում է Քանդիլի ու Փենսիլվանիայի հետ (նկատի ունի ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին — հեղ.): Այս գրառումով Էրդողանը փորձել էր ընդդիմադիր կուսակցություններին ներկայացնել որպես Թուրքիայի թշնամի:

ԺԴԿ-ի և PKK-ի նույնականացման նպատակը ազգայնականների ձայները ստանալն էր։

Միաժամանակ, ՀԺԿ-ին և «Լավ» կուսակցություններին մեղադրելով ԺԴԿ-ի հետ համագործակցելու համար, ԱԶԿ-ն փորձում էր հիմնական մրցակիցներին ներկայացնել որպես Թուրքիան մասնատել ցանկացող թշնամու դաշնակից:

Պատահական չէր նաև, որ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հիմնական գաղափար էր հայտարարել  «գոյապայքարը» և շեշտում էր, թե ՏԻՄ ընտրությունները «ներքին և արտաքին թշնամիների դեմ պայքարում Թուրքիա պետության գոյության հարցն են»: Այս թեզերը լիովին տեղավորվում են Էրդողանի «Մեկ ազգ, մեկ դրոշակ, մեկ հայրենիք, մեկ պետություն» կարգախոսի համատեքստում, որը 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո հարմարեցվել է իսլամական Ռաբիայի նշանին (բութը ծալած՝ պարզված ձեռքի չորս մատերը)։ Այն ծագել է Եգիպտոսում՝ 2013թ․-ին և խորհրդանշում է Եգիպտոսի նախկին նախագահ Մ. Մուրսիի կողմնակիցների պայքարն ընդդեմ զինվորական հեղաշրջման։ Ավելի ուշ Էրդողանը յուրացրել է այն և դարձրել թուրքական ժամանակակից իսլամական-ազգայնական գաղափարախոսության խորհրդանիշը։


«Մեկ ազգ, մեկ դրոշակ, մեկ հայրենիք, մեկ պետություն» կարգախոսը՝ հարմարեցված իսլամական Ռաբիայի նշանին:

Սիրիայում և Իրաքում քրդական ուժերի դեմ գործողությունները ԱԶԿ-ի քարոզարշավում

Ք արոզարշավի ժամանակ ԱԶԿ-ն ոչ միայն օգտագործում էր քրդական ուժերի դեմ պայքարն ու մրցակից քաղաքական ուժերին PKK-ի հետ համագործակցելու մեղադրանքը, այլև Սիրիայի և Իրաքի քրդերի դեմ գործողությունները: Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են Եփրատի արևելքում և Մանբիջում նոր գործողություններ սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ: Ըստ պաշտոնական Անկարայի՝ YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է, PKK-ի սիրիական ճյուղավորումը, որի դեմ պայքարը Թուրքիայի իշխանությունները փորձում են ներկայացնել երկրի «անվտանգության պահպանման և գոյապայքարի անհրաժեշտության» համատեքստում: Էրդողանն ու նրա թիմը պարբերաբար հայտարարում են, որ իրենք արդեն «մաքրել են ահաբեկիչներից» Սիրիայի Աֆրին շրջանը, Ջերաբլուսից-Ազազ ընկած հատվածը:

Քրդական ուժերի դեմ գործողությունների շահարկումը պայմանավորված էր նաև ազգայնական ընտրազանգվածից հնարավորինս շատ ձայն ստանալու ցանկությամբ: Պատահական չէ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի դաշինքը, քանի որ վերջինս քրդական ուժերի դեմ բանակի գործողություններն արդարացնող կուսակցություններից է: Ինչպես 2018թ. խորհրդարանական և նախագահական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում Էրդողանը հաճախակի օգտագործում էր Թուրքիայում գործող «Գորշ գայլեր» կազմակերպության «Մի գիշեր կարող ենք անսպասելի գալ» (Bir gece ansızın gelebiliriz) կարգախոսը: «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներն այդ կարգախոսն օգտագործում են իրենց թշնամիների դեմ և, սովորաբար, նման երկտողեր ուղարկում այն մարդուն, ում նկատմամբ պատրաստվում են մահափորձ կազմակերպել:

Հատկանշական է, որ 2016թ. Ստամբուլում գործող Ակօս թերթի խմբագիրներից էդվարդ Տանձիկյանը հայտարարել էր, որ Հրանտ Դինքին էլ սպանությունից առաջ «Մի գիշեր անսպասելի կարող է գանք» հաղորդագրություն են ուղարկել ու սև ծաղկեպսակ դրել Ակօսի խմբագրատան առջև։

Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները և քարոզարշավը

Ա ԶԿ-ի քարոզարշավի մաս են կազմել նաև դաշնակից ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները ու ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնման և ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումները դադարեցնելու խնդիրը:

Քարոզարշավի ելույթներում, հարցազրույցներում Էրդողանը պարբերաբար հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ստորագրվել է Ս-400 համակարգեր ձեռք բերելու պայմանագիր, և այլևս հետքայլ չի լինելու: Նա շեշտել է, որ իրենք օդային տարածքը պաշտպանելու կարիք ունեն և չեն կարող առաջնորդվել այլ կողմի՝ ԱՄՆ-ի քմահաճույքներով: Սրանով Էրդողանն ու իր թիմակիցները ցանկանում էին ցույց տալ, որ Թուրքիան արտաքին քաղաքական և ռազմական արդյունաբերության ոլորտում կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն՝ կախվածություն չունենալով ԱՄՆ-ից կամ Արևմուտքից:

Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները բազմիցս շեշտել են, որ վերջին տարիներին Թուրքիան ավելացնում է ռազմական արդյունաբերության տեղական արտադրանքի ծավալը:

Էրդողանն ու թիմակիցները քննադատում էին նաև ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցին ձեռնտու պայմաններով ՀՕՊ համակարգեր չվաճառել համար: Ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 համակարգեր ձեռք բերելու դեպքում Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան F-35 կործանիչներից և անգամ ընդգրկվել պատժամիջոցների ցուցակում: Ամերիկյան կողմի այս սպառնալիքներն անպատասխան չեն մնացել. Թուրքիան ասել է, որ չի կարող դուրս մնալ F-35 կործանիչների ծրագրից, քանի որ ներգրավված է այդ ինքնաթիռների պահեստամասերի արտադրության նախագծում, իսկ ԱՄՆ միակողմանիորեն չի կարող դադարեցնել այն: Ինչ վերբերում է պատժամիջոցներին, ապա պաշտոնական Անկարան գտել է նաև այդ խնդրի «լուծումը»՝ կոչ անելով բոյկոտել ամերիկյան արտադրանքը:

Միացյալ նահանգների հասցեին քննադատություններն այսքանով չեն սահմանափակվում. Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին՝ «ահաբեկիչներին» աջակցելու համար: Թուրքիայի նախագահն իր ելույթներում մշտապես շեշտել է, որ իրենց փոխարեն ԱՄՆ-ն Սիրիայում դաշնակցում է «ահաբեկիչների» հետ:

Քարոզարշավի վերջին օրերին թուրքական կողմից նաև քննադատական հայտարարություններ հնչեցին Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու առիթով. Էրդողանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրեցին Միացյալ Նահանգներին տարածաշրջանում ճգնաժամի նոր աղբյուրներ ստեղծելու համար  (12):

Նոր Զելանդիայի ահաբեկչությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում

Մ արտի 15-ին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած հարձակումը լայնորեն օգտագործվեց իշխող ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավում. թուրք պաշտոնյանները հայտարարեցին, թե աշխարհում աստիճանար մեծանում է իսլամաֆոբիան: (123):

Հատկանշական է, որ Էրդողանը քարոզարշավի վերջին օրերին գրեթե բոլոր հանրահավաքներում անդրադարձել է այս միջադեպին: Ահաբեկչության տեսանյութը նույնիսկ ցուցադրվել Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքներից մեկում, ինչն էլ քննադատությունների տեղիք է տվել:  

Էրդողանը կոչ էր անում պայքարել զարգացող իսլամաֆոբիայի դեմ, այնպես, ինչպես Հոլոքոստի աղետից հետո մարդիկ պայքարում էին հակասեմիտիզմի դեմ: Էրդողանը փորձում է ցույց տալ, որ Թուրքիան և անձամբ ինքը հանդես են գալիս իսլամական աշխարհի պահպանության դիրքերից: Սրա վկայությունը Էրդողանի այն հայտարարությունն է, թե մզկիթի վրա հարձակված անձը թիրախավորել է անձամբ իրեն և ամբողջ Թուրքիան։  

Ամփոփելով նշենք, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այնքան էլ հաջող ավարտ չունեցան ԱԶԿ-ի և դաշնակից ազգայնականների համար: ԱԶԿ-ն 2002-ից հետո առաջին անգամ «կորցրեց» կարևոր նշանակություն ունեցող մի քանի քաղաք՝ Ստամբուլը, Անկարան և այլն, որոնք վերջին տարիների ընտրություններում եղել են նրանց վերահսկողության տակ: Չնայած հաղթանակին ՏԻՄ ընտրություններում՝ այնուամենայնիվ, խոշոր քաղաքներում պարտությունը վկայում է, որ առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն կարող է լուրջ խնդիրների բախվել:

Պարտության հիմնական պատճառներն են տնտեսության աստիճանական վատթարացումն ու լիրայի կտրուկ արժեզրկումը: Պակաս նշանակություն չունեցավ նաև մեծ քաղաքներում քրդամետ կուսակցության թեկնածու չառաջադրելու մարտավարությունը, ինչը հաղթանակի հնարավորություն ընձեռեց ՀԺԿ-ին:

Անհաջողության պատճառների թվում կարելի է նաև նշել Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրները ԱՄՆ-ի, Եվրամիության և հարևան պետությունների հետ: Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ն պարտվել է հիմնականում այն շրջաններում, որոնք ավելի արևմտյան կողմնորոշում ունեն և կողմ են Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ ամուր հարաբերություններին: