Խորջրյա մալուխները որպես աշխարհատնտեսական գործոն

10 ր.   |  2026-04-26

Մինչ համաշխարհային ուշադրությունը սևեռված է ծովային առևտրային ուղիների և էներգակիրների խողովակաշարերի վրա, կենսական նշանակություն ունեցող, բայց չերևացող մի ենթակառուցվածք՝ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների ցանցը, դարձել է ժամանակակից թվային տնտեսության հիմնասյունը: Միջազգային տվյալների հոսքի ավելի քան 95%-ն անցնում է ստորջրյա մանրաթելերով, ինչը կտրուկ մեծացնում է տարանցիկ կետերի երկրների քաղաքական կշիռը: Եգիպտոսը, Սինգապուրը և Ջիբութին լավ օրինակներ են, թե ինչպես են պետություններն օգտագործում աշխարհագրական դիրքը՝ վերածվելով համաշխարհային հաղորդակցության ցանցի անփոխարինելի հանգույցի: 

Եգիպտոսը թվային աշխարհի գլխավոր «ցամաքային կամուրջն» է, որը միավորում է Միջերկրական և Կարմիր ծովերը: Գրեթե ցանկացած մալուխ, որը Եվրոպայից ձգվում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, դուրս է գալիս Եգիպտոսում, հատում եգիպտական հողը և հակառակ ափից կրկին մտնում ծով: Այս իրողությունը Եգիպտոսին շնորհել է գրեթե մենաշնորհային դիրք արևմտյան և արևելյան կիսագնդերի միջև տվյալների տարանցման հարցում: Եվրոպան Ասիայի հետ կապող տեղեկատվական հոսքերի շուրջ 17%-ն անցնում է Եգիպտոսով։

Եգիպտոսի կառավարությունը՝ հիմնականում պետական Telecom Egypt ընկերության միջոցով, մալուխներ «ընդունողից» վերածվել է տարածաշրջանային կապի բարդ հանգույցի: Անապատով անցնող ցամաքային երթուղիների ցանց ստեղծելով՝ Եգիպտոսն ապահովում է տեղեկատվական հոսքերի անխափան աշխատանքը՝ վերածելով այն նաև տնտեսական լծակի: 2026թ. դրությամբ Եգիպտոսը համաշխարհային թվային ճարտարապետության կարևորագույն հանգույցներից է:

Արևելքում Սինգապուրն է օգտագործում իր աշխարհագրական դիրքը՝ դիրքավորվելով որպես ասիական համացանցի «կենտրոնական փոխանջատիչ»: Եթե Եգիպտոսը տարանցիկ կամուրջ է, ապա Սինգապուրը հսկայական կուտակման կետ է, որտեղ միավորվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսներից և Հարավչինական ծովից ձգվող մալուխները: Մալակկայի նեղուցի մուտքն առավել արդյունավետ հատվածն է, որտեղ միավորվում են աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանների՝ Հնդկաստանի, Չինաստանի և Հարավարևելյան Ասիայի թվային հոսքերը: Սինգապուրի ռազմավարությունը եղել է իր բնական դիրքը համադրել կարգավորող չեզոք միջավայրով՝ գրավելով բարձր թողունակությամբ համակարգեր, ինչպիսիք են Asia Direct Cable (ADC)-ն և APRICOT ցանցը: Լինելով Հարավարևելյան Ասիայի տվյալների մշակման ամենամեծ կենտրոններից մեկը՝ Սինգապուրն ապահովում է, որ տվյալները ոչ թե պարզապես անցնեն իր ջրերով, այլ փոխանակվեն, մշակվեն և պահպանվեն իր սահմաններում: 2026թ.-ին Սինգապուրն է՛լ ավելի է ամրապնդել այս դիրքը՝ երաշխավորելով, որ իր ծովային ուղիները կմնան անվտանգ և արդյունավետ ուղին տարածաշրջանով օրական հոսող տրիլիոնավոր դոլարների թվային առևտրի համար:

Աֆրիկյան եղջյուրում Ջիբութին, գտնվելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, Կարմիր ծով մտնող և դուրս եկող մալուխների հիմնական դարպասն է: Նրա աշխարհագրությունը երկիրը դարձրել է անփոխարինելի ավելի քան մեկ տասնյակ խոշոր ստորջրյա համակարգերի համար, ներառյալ 2Africa մալուխը: Ջիբութիի ազդեցությունը բացառիկ տարածաշրջանային բնույթ ունի. այն նաև թվային «բանալի» է դեպի ծով ելք չունեցող հարևանների, հատկապես՝ Եթովպիայի համար: 2026թ. փետրվարին Horizon Fiber Initiative-ի ստորագրումը նոր քայլ էր, քանի որ Ջիբութին սկսեց ցամաքային հենակետային ցանցեր կառուցել ստորջրյա մալուխները Եթովպիայի տարածքով Սուդանին միացնելու համար՝ փաստացի ստեղծելով արևելք-արևմուտք թվային միջանցք: Դիրքավորվելով որպես կայուն և էներգիայով ապահովված երկիր պատմականորեն անկայուն տարածաշրջանում՝ Ջիբութին իր ափամերձ գիծը վերածել է տվյալների հոսքի համար նպաստավոր միջավայրի:

Այս երեք պետությունների հավաքական ազդեցությունն ընդգծում է աշխարհաքաղաքականության էական տեղաշարժը: Ստորջրյա մալուխների հանգուցային կետերի վերահսկողությունը այս երկրներին շնորհում է թվային ինքնիշխանություն, որը գրեթե նույնքան հզոր է, որքան նավթամուղերի կամ նավագնացության ուղիների վերահսկողությունը: Քանի որ 2026թ.-ին արհեստական բանականության և ամպային ծառայությունների հաղթարշավը շարունակվում է, արագ և բարձր թողունակությամբ կապերի պահանջարկը գնալով մեծացնելու է Եգիպտոսի, Սինգապուրի և Ջիբութիի ռազմավարական նշանակությունը: Նրանք այն ֆիզիկական հանգույցներն են, որոնք ապահովում են համաշխարհային համացանցի ամբողջականությունը:

Ծովերի ու օվկիանոսների հատակով հաղորդակցության մալուխներ անցկացնելու գաղափարը նորություն չէ: 19-րդ դարի կեսերին, երբ հայտնագործվեց հեռագիրը, առաջացավ մայրցամաքները ստորջրյա մալուխներով միավորելու գաղափարը: 1854թ.-ին առաջին հեռագրային մալուխը հատեց Ատլանտյան օվկիանոսը` միացնելով Իռլանդիայի արևմուտքում գտնվող Վալենտիա կղզին Կանադայի Ցուլերի ծովածոցին: Ճիշտ է՝ հաղորդակցությունը շատ թույլ էր, իսկ կապի որակը բարձրացնելու փորձերի հետևանքով մալուխը շուտով շարքից դուրս եկավ, սակայն առաջին քայլն արված էր: Հետագա տասնամյակներում հեռագրական բազմաթիվ լարեր ձգվեցին օվկիանոսների ու ծովերի հատակով, որտեղ առաջնային դերակատարություն ուներ Մեծ Բրիտանիան. հեռագրական կապը կենսական նշանակություն ուներ մայրամուտը չտեսնող կայսրության հեռավոր շրջանները կառավարելու համար:

20-րդ դարի սկզբին արդեն հեռագրային կապը ստացել էր ռազմավարական նշանակություն, և առաջին անգամ մարդիկ սկսեցին մտածել հակառակորդին ռազմավարական այս առավելությունից զրկելու մասին: Հենց այդ ժամանակ էլ արձանագրվեցին մրցակիցների ստորջրյա մալուխները վնասելու կամ գաղտնալսելու առաջին փորձերը: 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիան ուներ ստորջրյա հեռագրական մալուխների ամենակատարելագործված համակարգը, որը գոտևորում էր գրեթե ողջ երկրագունդը։ 1914թ. օգոստոսին՝ Գերմանիային պատերազմ հայտարարելու հաջորդ օրը, անգլիացիները որոշում են կտրել գերմանական հեռագրական ստորջրյա մալուխը, ինչն էլ հաջողությամբ իրականացնում է «Alert» նավը։ 

Եթե սկզբնապես գերմանական մալուխները կտրվում էին հակառակորդին հաղորդակցությունից զրկելու նպատակով, ապա շուտով սկսվում է հաղորդալարերը վերաուղղորդելու և տեղեկությունը գաղտնալսելու գործընթացը: Աշխարհում ստեղծվում է նոր մասնագիտություն, որը ստանում է «գրաքննություն» (censorship) անվանումը: Բրիտանիան օգտագործում էր միջազգային հեռագրական ենթակառուցվածքներում իր գերիշխող դիրքը՝ վերահսկելով Կահիրեից մինչև Քեյփթաուն և Ջիբրալթարից մինչև Զանզիբար փռված տեղեկատվական հոսքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական տարբեր գրասենյակներում օրական 50,000 հաղորդագրություն էր անցնում գրաքննիչների ձեռքով։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում գրաքննության ենթարկվեց շուրջ 80 միլիոն հաղորդագրություն։

Հակառակորդի ստորջրյա մալուխների գաղտնալսումը հատկապես ուշագրավ զարգացումներ է ունենում Սառը պատերազմի տարիներին: Դրանցից մեկը «Այվի Բելս» (Operation Ivy Bells) հայտնի գործողությունն էր: Արևմուտքի և ԽՍՀՄ-ի տասնամյակներ ձգվող «սառը» հակամարտության տարիներին Միացյալ Նահանգները ձգտում էին տեղեկություններ ստանալ խորհրդային սուզանավերի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների և միջուկային առաջին հարվածի հնարավորության մասին։ 1970-ականների սկզբին ԱՄՆ կառավարությանը հայտնի է դառնում, որ Օխոտի ծովում տեղակայվել է ստորջրյա մալուխ: Այն կապում էր Կամչատկա թերակղզու Պետրոպավլովսկ քաղաքում գտնվող ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմի խոշորագույն ռազմաբազան Վլադիվոստոկում գտնվող նավատորմի մայրցամաքային շտաբի հետ: Այդ տարիներին արգելվում էր օտարերկրյա նավերի մուտքը Օխոտի ծով։ Բացի այդ, խորհրդային նավատորմը ծովի հատակին տեղադրել էր ձայնային հայտնաբերման սարքերի ցանց՝ ներխուժումները բացահայտելու համար։ Տարածքում պարբերաբար անցկացվում էին նաև վերջրյա և ստորջրյա զորավարժություններ։

1971թ. հոկտեմբերին ԱՄՆ USS Halibut սուզանավը մուտք է գործում Օխոտի ծով։ Ջրասուզակները մալուխը հայտնաբերում են մոտ 120 մետր խորության վրա և տեղադրում 6 մ երկարությամբ մի սարք, որն առանց թաղանթը վնասելու «գրկում էր» մալուխը և ձայնագրում էր ողջ հաղորդակցությունը։ Սարքը նախագծված էր, որ մալուխը վերանորոգման կամ այլ նպատակով ջրի երես բարձրացնելու դեպքում ինքնաբերաբար անջատվելու էր։ Գործողությունն այնքան գաղտնի էր, որ սուզանավի անձնակազմի մեծամասնությունն անգամ տեղյակ չէր իրական առաջադրանքից։ 

Քանի որ 20-րդ դարի 70-ական թվականներին դեռևս չէին կիրառվում թվային տեխնոլոգիաները, գաղտնալսվող տեղեկությունները ձայնագրվում էին ժապավենի վրա: Ամեն ամիս ջրասուզակները վերցնում էին ձայնագրությունները և նոր ժապավեններ տեղադրում։ Ստորջրյա գաղտնալսումը բացահայտվում է միայն 9 տարի անց, երբ ԱՄՆ Ազգային Անվտանգության գործակալության աշխատակից Ռոնալդ Փելթոնը դավաճանում է և սկսում համագործակցել խորհրդային ՊԱԿ-ի հետ: 

Համաշխարհային համացանցի ֆիզիկական կառուցվածքը ոչ թե եթերային ազդանշանների ապակենտրոնացված ամպ է, այլ օվկիանոսի հատակի տիղմի միջով ձգվող պողպատե մալուխների ցանց: Միջմայրցամաքային բոլոր տվյալների ավելի քան 95 տոկոսը՝ տրիլիոնավոր դոլարների հասնող առևտրային գործարքներից մինչև գաղտնի դիվանագիտական հեռագրերը, անցնում է այս խորջրյա զարկերակներով։ Հետևաբար, ստորջրյա մալուխների արդյունաբերությունը հեռահաղորդակցության նեղ ոլորտից վերածվել է 21-րդ դարի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության առաջնային գործոնի։ Քանի որ թվային տնտեսությունը դառնում է համաշխարհային տնտեսության հոմանիշը, այս մալուխների վերահսկողությունը, պաշտպանությունն ու տեղադրումը ստացել են նույնքան ռազմավարական կարևորություն, որքան 20-րդ դարի նավթամուղերը։

Օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը վերջին տասնամյակներում որոշ էական փոփոխություններ է կրել. եթե նախկինում հաղորդակցության կապուղիները հիմնականում անցկացնում էին պետական կամ կիսապետական հաղորդակցային ընկերությունները, ապա այսօր ոլորտում զգալի դերակատարություն են ստացել մասնավոր թվային «հսկաները»։ Meta-ն, Google-ը, Amazon-ը, Orange-ը և այլ ընկերություններ անցկացնում և վարձակալում են իրենց սեփական մալուխային ցանցերը՝ տնօրինելով աշխարհի ստորջրյա թվային թողունակության ավելի քան կեսը։

Վերջին 2-3 տասնամյակում համաշխարհային ենթակառուցվածքների զարգացումը քաղաքական և դիվանագիտական բառապաշարում ավելացրել է նոր հասկացություններ, ինչպես, օրինակ, «հանգուցային կետերի դիվանագիտությունը» (chokepoint diplomacy)։ Այս հայեցակարգն առավել սուր է դրսևորվում Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցներում։ Միաժամանակ, բեռների և նավթամթերքի տեղափոխմանը զուգահեռ, հանգուցային կետերում ավելանում են ստորջրյա հեռահաղորդակցային մալուխների խնդիրները, որոնք վերածվել են «թվային լծակների»։ Բաբ էլ-Մանդեբում՝ Եմենի և Ջիբութիի միջև ընդամենը 29 կիլոմետր լայնություն ունեցող նեղուցում, մալուխները կուտակված են ծովի հատակի նեղ հատվածում, ինչը խոցելի է դարձնում ինչպես պատահական վնասների, այնպես էլ միտումնավոր դիվերսիաների դեպքում։ 2024-2025թթ. Կարմիր ծովում մի քանի խափանումներ եղան, որոնցից ամենահայտնին «Rubymar» նավի դեպքն էր։ 2024թ. փետրվարին նավը Արաբական Միացյալ Էմիրություններից պարարտանյութ էր տեղափոխում Բուլղարիա, երբ հրթիռային հարձակման է ենթարկվում Եմենի հութիների կողմից։ Անձնակազմը տարհանվում է, սակայն խարիսխը գցած նավը շուրջ 70 կմ լողում է առանձ ղեկավարման։ Այդ ընթացքում էլ նավի խարիսխը վնասում է անդրծովյա մի շարք մալուխներ, այդ թվում՝ AAE-1-ը և Seacom-ը։ Արդյունքում նվազում է համացանցի արագությունը ողջ Արևելյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում՝ մեկ անգամ ևս գործնականորեն ապացուցելով, որ ծովային հանգուցային կետում ընթացող հակամարտությունը կարող է խաթարել հազարավոր մղոններ հեռու գտնվող երկրների կապը։

Այստեղ արդեն կարելի է անդրադառնալ քաղաքական հերթական նոր հասկացությանը, որը պայմանականորեն կոչվում է «շրջանցման աշխարհաքաղաքականություն» (bypass geopolitics): Պետություններն ու վերպետական կազմակերպություններն այժմ միլիարդավոր դոլարներ են ծախսում պահուստային երթուղիներ ստեղծելու համար, որի լավ օրինակներից է Blue-Raman մալուխային համակարգը: Այս երթուղին, Եվրոպայից ձգվում է մինչև Իսրայելը, ապա՝ Արաբական թերակղզով՝ Հնդկական օվկիանոս՝ շրջանցելով Բաբ էլ-Մանդեբի և Հորմուզի նեղուցները: Չինաստանն, իր հերթին, «Թվային մետաքսի ճանապարհ» նախագծով ձգտում է ստեղծել ցամաքային և ստորջրյա ցանց, որը կկապի Ասիան, Աֆրիկան և Եվրոպան: Հաղորդակցության ուղիների գերիշխանության այս մրցակցությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում չի լինելու մեկ միասնական համաշխարհային ցանց, այլ կլինեն մասնատված ցանցերի խմբեր, որոնք սահմանափակված կլինեն միացնող ֆիզիկական մալուխներով:

Ինչպես արդեն նշեցինք, ստորջրյա մալուխների խափանումները սովորական երևույթ էին։ Վերջին տարիներին, սակայն, ի հայտ եկան մալուխները վնասելու նոր տեսակներ: 2023-2026թթ. տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, որոնց արդյունքում որոշ մալուխներ միաժամանակ կտրվել են: Այս խափանումները միայն տեխնիկական անհարմարություններ չեն. դրանք, այսպես կոչված, «գորշ գոտու» հարձակումներ են, որոնց նպատակ է ստուգել մրցակից կամ հակառակորդ երկրների անվտանգության համակարգերը, նվազեցնել ստորջրյա և վերջրյա նավարկության վերահսկողությունը, ստանալ օպերատիվ-տակտիկական առավելություններ։ Ինչպես հայտնի է, ժամանակակից ստորջրյա մալուխներն ունեն նաև որոշակի հետախուզական գործառույթներ. օրինակ՝ կարող են արձանագրել ձայնային տատանումները և վերահսկել սուզանավերի և սովորական նավերի երթուղիներն ու տեխնիկական հնարավորությունները։ Հենց այս նպատակով էլ երբեմն փորձ է արվում որոշ «գորշ» հատվածներում խափանել կամ վնասել ստորջրյա մալուխները։

2024թ. սկզբին Նորվեգիայի մոտակայքում վնասվում է մայրցամաքը Շպիցբերգենի (Svalbard) արշիպելագին և Յան Մայեն հետազոտական կայանին միացնող ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը: Ուսումնասիրությունները պարզում են, որ մալուխի վնասված հատվածում խարիսխ էր գցել ռուսական «Յանտար» հետազոտական նավը, որը հայտնի է իր խորջրյա հատուկ սարքավորումներով։ Նմանատիպ դեպք եղել էր նաև 2022թ.-ին, որը վերագրվել էր ձկնորսական նավին:

Շպիցբերգենում է տեղակայված աշխարհի խոշորագույն արբանյակային կայաններից մեկը (SvalSat), որը կենսական նշանակություն ունի բևեռային ուղեծրով շարժվող արբանյակների տվյալների ուսումնասիրության համար: Չնայած ուղղակի ապացույցների բացակայությանը՝ մասնագետներից շատերը ենթադրում են, որ մալուխների կտրելու նպատակը Արևմուտքի արբանյակային հետախուզական հնարավորությունները նվազեցնելն էր:

2023թ. հոկտեմբերին վնասվել էր Balticconnector գազամուղը և Ֆինլանդիան ու Էստոնիան միացնող հարակից տվյալների մալուխը: Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող NewNew Polar Bear նավը ծովի հատակով ավելի քան 100 կիլոմետր քարշ էր տվել խարիսխը՝ վնասելով թե՛ խողովակաշարը, թե՛ մալուխը: 

Այս դեպքերը ցույց են տալիս, որ ստորջրյա մալուխները կարող են վնասել նաև սովորական առևտրային նավերը, ինչը գրեթե բացառում է մրցակից երկրին որևէ պաշտոնական մեղադրանք կամ պահանջ ներկայացնելու հնարավորությունը:

Նշված և բազմաթիվ այլ միջադեպերի պատճառով մալուխների անվտանգությանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում։ Նախևառաջ՝ ուժեղացվում է դրանց արտաքին երեսպատումը, որպեսզի պատահական արտաքին միջամտությունից չվնասվի։ Մալուխները, պայմանավորված ջրի խորությունից, ունենում են պաշտպանիչ տարբեր շերտեր և անցկացման միջոցներ։ Տարածված թյուր պատկերացում կա, թե բոլոր ստորջրյա մալուխները հսկայական զրահապատ խողովակներ են։ Իրականում դրանց հաստությունը պայմանավորված է տեղադրման խորությամբ. 2000մ և ավելի խորության ջրերում տեղակայվող մալուխներն ունեն մոտ 3սմ հաստություն, քանի որ այդ խորության վրա մարդկային միջամտության հավանականությունը ձգտում է զրոյի։ Ավելի ծանծաղ ջրերում՝ մինչև 1000մ, մալուխներն ունենում են բազմաշերտ մետաղապատ պաշտպանություն, որի հաստությունը հասնում է 7-10 սմ-ի։

Ծովափնյա ծանծաղ շրջաններում մալուխները պաշտպանելու համար փորվում են մինչև 3 մ խորությամբ խրամուղիներ, ինչն իրականացնում են հատուկ մասնագիտացված նավերը։ Ծովի հատակի քարքարոտ մասերում օգտագործում են հեռակառավարվող հատուկ մեքենաներ, որոնք բարձր ճնշման ջրի շիթով փորում են խրամուղիները։ Բացի այդ, ֆիզիկական պաշտպանությունից զատ, օգտագործվում է տեղեկությունների տեղափոխման նոր մեթոդներ, որոնք անխափան կապ են ապահովում անգամ մալուխների վնասվելու դեպքում։

Ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխները ժամանակակից աշխարհի անտեսանելի հիմքերն են, որոնց կենտրոնացումը հանգուցային կետերում այնպիսի կետերում, ինչպիսիք են Սուեզը, Բաբ էլ-Մանդեբը, Հորմուզը և այլն, ստեղծել է համաշխարհային նոր ռիսկեր: Մեծ տերությունների միջև մրցակցության սրմանը զուգընթաց՝ պայքարը ծովի հատակի համար միայն թեժանալու է: Այն պետությունները, որոնք կհաջողեն բազմազանեցնել իրենց երթուղիները, ապահովել ափամերձ կայանների անվտանգությունը, նորարարական տեխնոլոգիաներով հագեցնել ստորջրյա մալուխների պաշտպանությունը, կտնօրինեն թվային ապագան: