Թուրքիայի նախագահական ընտրությունների շուրջ քաղաքական դինամիկան
9 ր. | 2026-02-25Թուրքիայի քաղաքական համակարգը վերջին տարիներին գտնվում է խորքային վերաձևավորման փուլում։ Թեև նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, ներքաղաքական զարգացումները՝ հատկապես ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացները, արտահերթ ընտրությունների հնարավորությունը վերածել են ոչ միայն տեսական քննարկման, այլև գործնական քաղաքական օրակարգի մասի։ Այս պահին քննարկումների առանցքում շարունակում է մնալ անազատության մեջ գտնվող Ստամբուլի ընդդիմադիր նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատական գործը, նրա իրավական կարգավիճակը և դրա ազդեցությունը Թուրքիայի ընդդիմադիր շարժման ապագայի վրա։ Միաժամանակ, իշխանության հնարավոր փոխանցման, սահմանադրական սահմանափակումների և գործող նախագահի ապագայի շուրջ հարցադրումները ավելի լայն համատեքստ են հաղորդում այս գործընթացներին։
Համաձայն Թուրքիայի օրենսդրության, նախագահի թեկնածու կարող է լինել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող և խորհրդարանի պատգամավոր ընտրվելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացին։ Թեև սա իրավական պահանջ է, սակայն ներկայիս իրավիճակում այն ստացել է քաղաքական էական նշանակություն։
2025թ. մարտի 18-ին Ստամբուլի համալսարանը անվավեր էր ճանաչել Իմամօղլուի բակալավրիական, իսկ հուլիսի 24-ին՝ մագիստրոսական դիպլոմները: Այս որոշումների հետևանքով ստեղծվել է իրավական խոչընդոտ, որը Իմամօղլուին զրկում է նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, որ նրա դեմ հարուցված այլ գործերը դեռևս դատական ընթացքի մեջ են։
Իմամօղլուն դեռևս նախորդ տարիներին հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ պահից սկսած նրա քաղաքական ակտիվությունը, հանրային աջակցությունը և ընտրական հաջողությունները նրան վերածեցին գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առավել մրցունակ հակառակորդներից մեկի։
Ընդդիմադիր շրջանակներում տարածված է այն ընկալումը, որ Իմամօղլուի դիպլոմների չեղարկումը, կոռուպցիոն մեղադրանքները և ահաբեկչական կառույցների հետ առնչության վերաբերյալ պնդումները նպատակ ունեն նվազեցնելու նրա հանրային վստահությունը և սահմանափակելու վերջինիս ընտրվելու հեռանկարները։ Այլ կերպ ասած՝ գործի է դրվել իրավական-վարչական գործիքակազմ, որը միտված է ծառայելու մրցակցային դաշտի վերահսկմանը։
Իմամօղլուի շուրջ ձևավորված իրավիճակը կարելի է դիտարկել երեք հարթության մեջ՝
- Քաղաքական մրցակցություն – Նա համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը։ Նրա ընտրական հաղթանակները խոշոր քաղաքներում ցույց տվեցին, որ իշխող ուժը կարող է պարտություն կրել նույնիսկ իր ավանդական ազդեցության գոտիներում։
- Հանրային զանգվածների վրա ազդելու կարողություն/ հանրային հաղորդակցության հմտություններ – Ինչպես Էրդողանն, այնպես էլ Իմամօղլուն տիրապետում են հռետորության արվեստին և նրանց հաջողվել է հասարակական լայն շերտերի վրա իրենց ազդեցությունը թողնել՝ ստանալով զանգվածային աջակցություն:
- Կանխարգելիչ ազդակ – Նրա կալանավորումը և իրավական ճնշումները ընկալվում են որպես ուղերձ մյուս ընդդիմադիր գործիչներին, որոնք կարող են հավակնել նախագահական մրցապայքարին։
Այսպիսով, իրավական գործընթացը վերածվել է քաղաքական խորհրդանիշի․ ընդդիմության համար Իմամօղլուն դարձել է մրցակցային համակարգի սահմանափակման օրինակ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), հայտնվել է բարդ իրավիճակում։ Կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը անցյալ տարվա դեկտեմբերին թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց «A-ից Z պլանը» շարունակում է մնալ Իմամօղլուն։ Միաժամանակ, քաղաքական դաշտում տարածված է այն կարծիքը, որ եթե ընտրությունները կայանան ներկայիս իրավական պայմաններում, Իմամօղլուն չի կարող առաջադրվել՝ դիպլոմի իրավական խնդրի պատճառով։ Սա ԺՀԿ-ի համար ստեղծում է գործնական խնդիր՝ նոր թեկնածուի ընտրության հարցում։
Հնարավոր թեկնածուների շարքում առաջին հերթին հիշատակվում է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը հանրային հարցումներում հաճախ գրանցում է բարձր արդյունքներ և կարող է գրավել նաև պահպանողական ընտրազանգվածի մի հատվածի աջակցությունը։ Սակայն կան նաև մտավախություններ, որ նրա նկատմամբ նույնպես կարող են կիրառվել ճնշումներ։
Քննարկվում են նաև Ադանայի քաղաքապետ Զեյդան Քարալարի և Մերսինի քաղաքապետ Վահափ Սեչերի անունները, սակայն նրանց քաղաքական ազդեցությունը համեմատաբար սահմանափակ է։
MAK խորհրդատվական հանրային կարծիքի հետազոտության ընկերության ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթը հայտնել է, որ հնարավոր է ԺՀԿ-ի վերջնական թեկնածուն լինի հենց Օզգյուր Օզելը։ Այնուամենայնիվ, այս սցենարը պաշտոնապես չի հաստատվել, ինչը վկայում է ընդդիմադիր դաշտում առկա անորոշության մասին։ Չի բացառվում նաև, որ գլխավոր ընդդիմադիր ուժը միտումնավոր է իր թեկնածուի շուրջ անորոշություն պահում:
Ավելի վաղ շրջանառվել էր նաև նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անունը՝ որպես հնարավոր «կոնսենսուսային» թեկնածու, սակայն վերջինս հրապարակայնորեն հերքեց նման հավակնությունները։
Էրդողանի ապագան և սահմանադրական սցենարները
Էրդողանը Թուրքիայի ամենից երկար պաշտոնավարող առաջնորդն է՝ իշխանության ղեկին լինելով 2003 թվականից։ Նա գերազանցել է անգամ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի պաշտոնավարման ժամկետը։
Թուրքական մեդիադաշտում պարբերաբար լուրեր են տարածվում Էրդողանի առողջական վատ վիճակի մասին, թեև պաշտոնական հաստատում չկա։ 2023 թվականի ընտրարշավի ընթացքում նրա ինքնազգացողության վատացումը նոր թափ հաղորդեց այս թեմային։ 2024 թվականի մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարեց, որ դրանք իր «վերջին ընտրություններն» են։ Սակայն 2018-ից գործող սահմանադրական կարգավորումները, որոնք սահմանում են առավելագույնը երկու նախագահական պաշտոնավարման ժամկետ, միաժամանակ նախատեսում են մեխանիզմներ, որոնք կարող են բացել նախագահական երրորդ ժամկետի ճանապարհը։
Չնայած 2025 թ.-ին նա հայտարարեց, որ չի հետաքրքրվում կրկին առաջադրվելով, նախկինում նշել էր, որ կարող է դա անել, եթե «ժողովուրդը ցանկանա»։
Սահմանադրական առումով գոյություն ունի մի քանի մեխանիզմ, որոնք կարող են տեսականորեն հնարավորություն տալ Էրդողանի իշխանության երկարաձգմանը՝
- սահմանադրական փոփոխություն՝ ժամկետային սահմանափակման վերանայմամբ,
- խորհրդարանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում,
- իրավական մեկնաբանությունների միջոցով ընտրական գործընթացի ձգձգում,
- արտակարգ դրության ռեժիմի կիրառում ազգային ճգնաժամի պայմաններում։
Նշենք, որ վերջին երկու տարբերակները քիչ հավանական են։
Սահմանադրական փոփոխություն կատարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել 360-400 պատգամավորի աջակցությունը, ինչը ներկայիս իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur Ittifakı) համար դժվար է իրականացնել՝ հաշվի առնելով խորհրդարանում նրանց 337 մանդատը։ Թուրքիայի սահմանադրության 116-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահի երկրորդ ժամկետում խորհրդարանի որոշմամբ հայտարարել արտահերթ ընտրություններ, ինչը Էրդողանին կարող է տրամադրել երրորդ ժամկետում առաջադրման հնարավորություն։
Ըստ վերջին պաշտոնական հայտարարությունների և աղբյուրների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ցանկանում է խորհրդարանից ստանալ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշում, որպեսզի Էրդողանը կարողանա 2027 թ. նոյեմբերին կրկին առաջադրվել նախագահական պաշտոնում, ինչը մոտավորապես 6 ամիս առաջ է նախատեսված 2028 թվականի հունիսի ընտրություններից։ Քվորում ապահովելու համար իշխանական դաշինքը կկիրառի որոշ մեխանիզմներ՝ ներգրավելու անկախ պատգամավորների ձայները։ Այդ սցենարը նաև ենթադրում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԺՀԺ-DEM) հնարավոր աջակցությունը: Նշենք, որ քրդամետ այս ուժը մեջլիսում ունի 56 մանդատ: Այս դեպքում ԺՀԺ-ի աջակցությունը կլինի միայն քաղաքական առևտրի պայմաններում, այն է՝ այժմ բանտում գտնվող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակումը:
Թուրքիայի իշխանական կուլիսներում շրջանառվում է ևս մեկ սցենար. նշվում է, որ Էրդողանը կփորձի մինչև 2027 թ. հոկտեմբերը հարմար պահի արտահերթ ընտրություններ կազմակերպելու հնարավորություն փնտրել։ Ըստ պնդումների՝ Էրդողանը կորոշի ընտրության օրը այն ժամանակ, երբ համոզված լինի, որ առավելությունն իր կողմն է: Այնուամենայնիվ, եթե իր հորդորով իրականացվող հարցումները և սեփական վերլուծությունները ցույց տան, որ ընտրություններում կպարտվի, ապա 2027 թ. հոկտեմբերին նա կառավարությանը սահմանադրության մեջ փոփոխություն անելու պահանջ կներկայացնի, որպեսզի վերադառնան խորհրդարանական համակարգին։
ԱԶԿ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ն նախագահի թեկնածու կառաջադրի Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։ Եթե ԺՀԿ-ն հաղթանակ տանի, ապա այս պահին անազատության մեջ գտնվող նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին կառաջարկի վարչապետի պաշտոնը։
Նշենք, որ եթե նախագահի պաշտոնը թափուր դառնա մինչև 2028 թ., սահմանադրությամբ նախատեսվում է 45 օրվա ընթացքում նոր ընտրությունների անցկացում։ Սակայն իշխող ԱԶԿ-ի ներսում իրավահաջորդության մեխանիզմը հստակ համակարգված չէ։ Հնարավոր իրավահաջորդների թվում հիշատակվում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարի և Էրդողանի որդի Բիլալ Էրդողանի անունները, ինչը վկայում է իշխանական էլիտայի ներսում հնարավոր մրցակցության մասին։
Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը պահանջում է խորհրդարանական որոշում և քաղաքական կոնսենսուս, որը ներկայիս ուժային հարաբերակցության պայմաններում դժվար հասանելի է առանց իշխանական բլոկից դուրս ձայների։ Բացի այդ, գործող նախագահը կարող է կրկին առաջադրվել միայն որոշակի սահմանադրական փոփոխությունների կամ 101-րդ հոդվածի վերանայման դեպքում (Այս հոդվածով նախատեսվում է նախագահի առավելագույնը երկու պաշտոնավարման ժամկետ)։ Նշենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջն առաջ է քաշվել հենց ընդդիմության կողմից: Գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ են խորհրդարանում ամեն պահի կողմ քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացման որոշմանը: Ուստի արտահերթ ընտրությունների հարցը ոչ միայն ընդդիմության պահանջ է, այլև սահմանադրական բարդությունների և քաղաքական հաշվարկների ամբողջություն։
Հարկ է նշել, որ արտահերթ ընտրությունների ժամանակագրության քննարկումները նաև կապվում են այդ երկրում տնտեսական կայունացման սպասումներով (2026–2027 թվականներին)։
Թուրքիայում ստեղծված քաղաքական այս վիճակով պայմանավորված և՛ իշխանամերձ, և՛ ընդդիմությանը հարող, և՛ անկախ հետազոտական մի շարք ընկերություններ պարբերաբար սոցհարցումներ են իրականացնում՝ ստուգելու հանրության քաղաքական կողմնորոշումները:
Իշխանամերձ «Genar» հետազոտական ընկերության՝ «Եթե այսօր լինեն ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք» հարցին, մասնակիցների 34,8 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա իշխող ԱԶԿ-ին, 31,5 տոկոսը գլխավոր ընդդիմադիր ուժ ԺՀԿ-ին, 9,3 տոկոսը՝ ընդդիմադիր քրդամետ ԺՀԺ-ին, 8 տոկոսը՝ Գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP) և 4.7 տոկոս՝ ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցությանը (İYİ):
Իսկ ընդդիմադիր «Gündemar» հետազոտական ընկերության հարցման տվյալներով, առաջատարը ԺՀԿ-ն է (33,33 տոկոս): Հարցվածների 28.56 տոկոսն է հայտնել, որ կքվեարկի իշխող ուժի օգտին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի մրցակցության դեպքում ու՞մ կընտրեիք» հարցին մասնակիցների պատասխանները բաշխվել են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.
Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 40.8 տոկոս
Մանսուր Յավաշ՝ 49 տոկոս:
Մեկ այլ հետազոտական կազմակերպության՝ «ASAL»-ի կողմից իրականացված սոցհարցման տվյալներով՝ մասնակիցների 54,4 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, իսկ 38 տոկոսը՝ դեմ:
Թուրքական իշխանամերձ լրատավականներում լայնորեն լուսաբանվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի՝ Բիլալ Էրդողանի քաղաքական և հասարակական գործունեության վերաբերյալ զանազան լուրեր, որոնք միտված են բարձրացնելու վերջինիս քաղաքական իմիջը: Մամուլում նրա մասին հրապարակումների թիվն 2026թ. սկզբին աճել է 400%-ով ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Նա պաշտոնապես քաղաքական կարիերայի նպատակ չի հայտարարել, բայց գործում է որպես Թուրքիայի ապագա քաղաքական ղեկավարության հնարավոր թեկնածու՝ իր ազդեցությունն ունենալով միլիոնավոր դոլարների բյուջե ունեցող բարեգործական և կրթական հիմնադրամների վրա: Հասարակական գործունեության և մեդիաոլորտում ունեցած ակտիվության միջոցով, համաժողովրդական ճանաչելիությամբ ու վարչական կապերով նա կարող է հստակ դիրքավորվել որպես Էրդողանի «իրավահաջորդ»:
Թուրքիայի քաղաքական համակարգը այսօր գտնվում է փոփոխության փուլում, որտեղ իրավական և քաղաքական գործիքները միմյանց հետ խառնելով ազդում են իշխանության և ընդդիմության հարաբերությունների վրա։ Էքրեմ Իմամօղլուի շուրջ ստեղծված իրավիճակը( նրա դիպլոմների չեղարկումը և դատական հետապնդումները) ցույց է տալիս, թե ինչպիսի իրավական գործընթացներ են կիրառվում քաղաքական մրցակցությունը վերահսկելու և ինչպիսի գործիքակազմ՝ ընդդիմության հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։
Ընդդիմության համար այս հանգամանքը ստեղծում է մարտահրավերներ՝ նոր թեկնածու գտնելու և ռազմավարությունը վերանայելու համար։ Միաժամանակ, քաղաքական իրական իրավիճակը ցույց է տալիս, որ ավելի շատ հավանական է դառնում արտահերթ ընտրությունների անցկացումը, քան վերոհիշյալ մյուս սցենարները:
Ընդհանուր առմամբ, այս զարգացումները փաստում են, որ Թուրքիայի ներքաղաքական դաշտը բարդ և ճկուն է, որտեղ իրավական, վարչական և հասարակական գործոնները միասին որոշում են քաղաքական ընթացքը։ Իմամօղլուի գործը և ընդդիմադիր թեկնածուների շուրջ քննարկումները հանդիսանում են այս համակարգային սահմանափակումների և քաղաքական խաղերի ուղիղ օրինակ, որոնք կարող են ձևավորել երկրի քաղաքական ապագան, հատկապես արտահերթ ընտրությունների միջոցով։